Առաջին հիշողություններս գրաքննությունից կինեմատոգրաֆիկ բնույթի են․ էկրանային համբույրներ, որ դաժանորեն կտրվել են խստահայաց մկրատներով՝ շփման իրական պահերը աղավաղելով։ (Կարճ ասած՝ մինչ կփորձեի հասկանալ՝ արդյոք այն, ինչ կատարվեց, համբույր էր, մի տհաճ մոտեցում, իսկ հետո՝ հնդկահավի հանկարծակի թռիչք։) Իմաստը սովորաբար մի տեսակ զավեշտալի էր, և գրաքննությունը ժամանակակից Պակիստանում մինչ այժմ պահպանում է իր երգիծական ուժեղ շերտը։ Երբ պակիստանցի գրաքննիչները պարզեցին, որ «Էլ Սիդ» ֆիլմն ավարտվում է Չառլթոն Հեսթոնի մահով, որը քրիստոնյաներին առաջնորդում է հաղթանակի մուսուլմանների նկատմամբ, նրանք համարյա արգելեցին այն, մինչև չեկան այն մտքին, որ ուղղակի կտրեն ամբողջ կուլմինացիոն պահը․ այսպիսով՝ ֆիլմում ցուցադրվեց մահացու վիրավոր Էլ Սիդը, Էլ Սիդը՝ ազնվորեն մեռնող, և ավարտ։ Մուսուլմաններ – 1, քրիստոնյաներ – 0։
Կատակերգությունը երբեմն սև է։ Տխրահռչակ է Հնդկաստանում տիկին Գանդիի արտակարգ կառավարման ժամանակ «Կիսսա կուրսի կա» (Աթոռի հեքիաթը) ֆիլմի այրումը, իսկ Պակիստանում՝ ընթերցողի նամակը «Pakistan Times»-ին՝ ի պաշտպանություն «Գանդի» ֆիլմի արգելման, քանի որ այնտեղ անհեթեթորեն է մարմնավորված Մ․ Ա․ Ջիննան[1]։ Նա քննադատել էր «որոշակի լիբերալ» տարրերի, քանի որ նրանք համարձակվել էին առաջարկել թողարկել ֆիլմ, որպեսզի պակիստանցիները կարողանան կարծիք կազմել այդ հարցի շուրջ։ Նամակի հեղինակն այն մտքին էր, թե ավելի նեղ հայացքներ ունենալու դեպքում նրանք Պակիստանի շատ ավելի լավ քաղաքացիներ կլինեին։
Գրաքննության հետ առաջին անմիջական բախումս տեղի է ունեցել 1968-ին, երբ քսանմեկ տարեկան էի՝ նոր-նոր ավարտած Քեմբրիջը և լցված այդ հայտնի տարվա արմատական խանդավառությամբ[2]։ Վերադարձա Կարաչի, որտեղ ոչ մեծ մի ամսագիր ինձ պատվիրեց գրել հոդված տունդարձի տպավորություններիս մասին։ Քիչ բան եմ հիշում այդ հոդվածից (ողորմածաբար, հիշողությունը նույնպես գրաքննիչ է)՝ բացառությամբ, որ այն ամբողջովին քաղաքական չէր։ Կարծում եմ՝ այն մելոդրամատիկ կերպով ավելի շատ հարում էր մեռնող ձիերի պատկերներին, որոնց ակնաբբերին՝ ճանճեր։ Կարող եք արդեն պատկերացնել։
Համենայն դեպս, ես ներկայացրի իմ հոդվածը, և մեկ-երկու շաբաթ անց խմբագիրն ասաց, որ Մամուլի խորհուրդը, ազգային գրաքննիչները ամբողջությամբ արգելել են այն: Դե, այնպես ստացվեց, որ հորեղբայրս Մամուլի խորհրդում էր, և բավական անտրամաբանորեն ու անհեռատեսորեն մտածեցի ուղղակի գնալ ու տեսնել նրան, և ամեն ինչ կլուծվի։ Նա հոգնած տեսք ուներ, երբ դիմեցի իրեն։ Քարացած ասաց․ «Հրապարակումը քեզ ձեռնտու չի լինի»։ Երբեք չեմ հասկացել, թե ինչու։
Հաջորդիվ «Կարաչի» հեռուստաընկերությանը համոզեցի հեղինակել և խաղալ Էդուարդ Օլբիի «Պատմություն կենդանաբանական այգում»-ում, ինչը նրանց դուր եկավ, քանի որ տևողությունը քառասունհինգ րոպե էր, դերասանական կազմը բաղկացած էր երկու հոգուց, իսկ դեկորացիաների համար ընդամենը այգու նստարան էր պահանջվում։ Այնուհետև ստիպված եղա անցնել գրաքննության արտասովոր փուլերով։ Իմ մարմնավորած կերպարը երկար մենախոսություն ուներ, որում նկարագրում էր տանտիրուհու շան շարունակական հարձակումները իր վրա: Շան հետ մտերմանալու նպատակով նա կես տասնյակ համբուրգեր էր գնել։ Շունը հրաժարվել էր համբուրգերից՝ նորեն հարձակվելով նրա վրա։ Ես պետք է ասեի․ «Նեղացել եմ։ Վեց ընտիր համբուրգեր, որոնց մեջ խոզի միս այդքան էլ չկար, որպեսզի զզվելի լիներ»։ «Խոզի միսը,- հանդիսավոր կերպով ասաց հեռուստատեսության ղեկավարներից մեկը,- չորս տառից բաղկացած բառ է[3]»։ Նա նույնը ասել էր «սեքս» և «հոմոսեքսուալ» բառերի մասին, բայց այս անգամ ես հակադարձեցի: Ասացի, որ տեքստում խոզի մսին մասին ճիշտն է ասված։ Ըստ Օլբիի՝ խոզի միսը համբուրգերն այնքան նողկալի էր դարձնում, որ անգամ շներն էին հրաժարվում դրանցից։ Սա խոզի մսի դեմ հիանալի պրոպագանդա էր։ Այն պետք է մնա։ «Չես հասկանում,- ասաց ղեկավարը՝ այն նույն հոգնածությամբ, որով հորեղբայրս էր,- «խոզի միս» բառը չպետք է արտասանել Պակիստանի հեռուստատեսությամբ»։ Ահա և վերջ։ Ես նաև ստիպված էի հանել կիմոնո հագնող և հոնքերը հանող Աստծո՝ ներկված թագուհի լինելու հատվածը։
Իմ ասածն այն չէ, որ գրաքննությունը զվարճանքի աղբյուր է, ինչը բնավ այդպես չէ, իսկ Պակիստանում այն ամենուր է, անխուսափելի, բողոքարկումն էլ՝ անհնար։ Հնդկաստանում իշխանությունները վերահսկում են կարևոր ԶԼՄ-ները (ռադիո և հեռուստատեսություն) և որոշակի ազատություն են տալիս մամուլին՝ մխիթարվելով երկրի գրագիտության ցածր մակարդակի վերաբերյալ իրենց գիտելիքներով: Նրանք շատ ավելի առաջ են գնացել Պակիստանում․ ոչ միայն մամուլն են վերահսկում, այլ նաև լրագրողներին։ Վերջերս Նյու Դելիում կայացած «Չմիավորման շարժման» համաժողովում Պակիստանի լրատվականները աչքի ընկավ իր հուզական լարվածությամբ: Յուրաքանչյուր անդամ անհանգստանում էր, որ, երբ վերադառնան, մյուսներից մեկը կարող է տեղեկացնել իր մասին․ խմել, հինդուների հետ շատ սերտ շփվել կամ այլ ոչ հայրենասիրական գործողություններ կատարել: Հնդիկ լրագրողները խորապես ընկճված էին՝ տեսնելով, որ իրենց կոլեգաները մի պահ իրենց պահում են վախեցած նապաստակների նման, մեկ էլ ՝ քվիսլինգների:
Որո՞նք են համատարած գրաքննության հետևանքները: Բնականաբար, տեղեկատվության բացակայությունը և ստի առկայությունը։ Բելուջիստանում պարոն Բհուտոյի[4] կողմից ցեղասպանության ժամանակ լրատվամիջոցները լռում էին։ Պաշտոնապես Բելուջիստանում խաղաղություն էր։ Մեռնողները ոչ պաշտոնական մահով էին մահացել։ Հավանաբար նրանց մխիթարել է այն միտքը, որ Պաշտոնական ճշմարտությունը նրանց բոլորին ողջ է համարել։ Մեկ այլ օրինակ՝ չեք գտնի Պակիստանի ռազմական կառավարիչների ներգրավվածությունը հերոինի՝ վերելք ապրող արդյունաբերության մեջ, ինչը շատ քննարկվում է երկրի լրատվականներում: Սակայն հենց դա է ընկած գեներալ Զիայի՝ աֆղան փախստականների մեծ մասի նկատմամբ տածած մտահոգության հիմքում։ Աֆղան ձեռներեցները օգնում են Պակիստանին՝ վարելու հերոինի բիզնեսը և նրանք այնքան խելամիտ են, որպեսզի իրենցից ոչ պակաս հարստանա նաև բանակը։ Ինչպիսի՜ երջանկություն, որ Ղուրանում ոչինչ հիշատակված չէ հերոինի գործածության մասին։
Բայց գրաքննության ամենավատ, ստորագույն ազդեցությունն այն է, որ, ի վերջո, այն կարող է մեռցնել մարդկանց երևակայությունը: Որտեղ չկա բանավեճ, դժվար է ամեն օր շարունակ հիշել, որ յուրաքանչյուր փաստարկի մեջ կա ճնշված կողմ: Գրեթե անհնար է դառնում պատկերացնել, թե ինչ կարող են լինել ճնշված երևույթները: Հեշտ է մտածել, որ ճնշվածը, ամեն դեպքում, անարժեք էր կամ այնքան վտանգավոր, որ հարկավոր էր ճնշել: Եվ արդյունքում գրաքննիչի հաղթանակը համատարած է։ Գանդիի դեմ գրված նամակի հեղինակը, որը նեղ մտածողությունը համարեց ազգային առաքինություն, գրաքննության այդպիսի զոհերից է․ նա հավանաբար սիրում է Մեծ եղբորը կամ Բուրրա Բհայիին։
Հիմա կարծես գեներալ Զիայի օրերը հաշված են։ Ես չեմ հավատում, որ ներկա անկարգությունները վերջինն են, բայց դրանք վերջի սկիզբն են, քանի որ դրանք ցույց են տալիս, որ մարդիկ կորցրել են իրենց վախը նրա դաժան վարչակարգի նկատմամբ, իսկ եթե ժողովուրդը դադարում է վախենալ, ուրեմն նրա վերջը եկել է։ Բայց Պակիստանի մեծ փորձությունը տեղի կունենա բռնապետության ավարտից հետո՝ քաղաքացիական իշխանության վերականգնումից և ազատ ընտրություններից հետո․ մեկ, երկու կամ գուցե հինգ տարի անց, քանի որ, եթե այդ ժամանակ չհայտնվեն առաջնորդներ, որոնք պատրաստ կլինե վերացնել գրաքննությունը, թույլ տալ այլախոհություն, հավատալ և ցույց տալ, որ ընդդիմությունը ժողովրդավարության հիմքն է, ապա, վախենամ, վերջին հնարավորությունը կկորսվի: Այս պահի դրությամբ, սակայն, կարելի է հուսալ:
1983 թվական
«Երևակայական հայրենիքներ» գրքից
Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի
[1] Մուհամմեդ Ալի Ջիննա – Հնդկաստանի և Պակիստանի քաղաքական գործիչ։
[2] 1968-ին են տեղի ունեցել համաշխարհային պատմության նոր շրջանի մի շարք կարևորագույն դեպքեր։ «Պրահայի գարունը» (հունվարի 5), Վիետնամական պատերազմի թեժ տարիները, Մարտին Լյութեր Քինգի սպանությունը (ապրիլի 4), ամբողջ աշխարհով մեկ բռնկված ուսանողական ցույցերը՝ ապրիլ-մայիս ամիսներին, Ռոբերտ Քենեդու սպանությունը (հունիսի 5), Օլիմպիական ցույցերը (հոկտեմբերի 16) և այլն։
[3] Նկատի ունի անգլերենի «pork» բառը։
[4] Զուլֆիքար Ալի Բհուտո (1928-1979) – եղել է Պակիստանի քաղաքական գործիչ, դարձել վարչապետ, նախագահ։ Երբ 1977 թվականին հայր Բհուտոն գահընկեց է արվել, Պակիստան է վերադարձել նրա դուստրը՝ Բենազիր Բհուտոն՝ վերցնելով երկրի ղեկը։