Պապիս, հորս ու իմ հիշատակին…
Ինձնից գոհ բացեցի լուսամուտն իբր եղանակը որոշելու ու անմիջապես հետ քաշվեցի չոր, սառն ապտակից շփոթահար: Առաջին փորձից տնից դուրս գալու մտադրությունս վերահաստատել չհաջողվեց: Քսան րոպե աննպատակ դեսուդեն քայլեցի տան մեջ, ականջի ծերով մի քանի լուր լսեցի, 3 սիգարետ ծխեցի, մի բաժակ էլ սուրճ խմեցի կարծես այդ ընթացքում կտրուկ պիտի բարձրանար օդի ջերմաստիճանը, հալչեր մեկ ամսական քարացած սառույցն իմ պատուհանի տակ ու առվակները հոսելով հարևան բակերով, պիտի թափվեին Զանգուն: Իզուր ձգում էի: Արագ հագա վերարկուս ու իմ էշ խելքը հայհոյելով, որ միանգամից, առանց լուսամուտից նայելու դուրս չեկա, նետվեցի փողոց:
Երեկ չէ առաջին օրը, երեկոյան զանգեց, ասեց վաղն արի, ուզում եմ տեսնել քեզ… Խոստացա, որ կգնամ, բայց չգնացի ու հիմա չէի ուզում մի անգամ էլ խաբել: Արդեն 5 տարի է Հայելեկտրո գործարանի մոտ մի փոքրիկ սենյակում է ապրում: Օրերը մթնեցնում է միայնության մեջ, համարյա բոլորից ու ամեն ինչից կտրված: Երբեմն ընկերներն են այցելում, մեկումեջ էլ ես:
Մտածեցի 30 համարով Դավիթաշենից կհասնեմ մետրոյի Բարեկամություն կայարան, հետո ճանապարհս կշարունակեմ մետրոյով: Ցրտին ոչ մի կերպ չէի հարմարվում, բայց համ էլ ներքին ինչ-որ անբացատրելի ցանկություն ունեի երկարաձգելու ճանապարհս, ասես հեռացնելու համար մեր հանդիպումը: 30 համարն ուշանում էր, իսկ ձորի բերանով անցնող ճանապարհին սառը քամին անպակաս էր: Երրորդ մասի համեմատ Դավիթաշենը մի քանի աստիճան ցուրտ է ու հարյուր տարի էլ անցնի ես այդ ցրտին ու քամուն սովորողը չեմ: Տունը պապս էր ստացել ու հենց Երրորդ մասից տեղափոխվեցինք նոր տուն, հոգին ավանդեց: 1991-ի դեկտեմբերին էր: Չնայած ինձ մինչև հիմա թվում է, թե պապս մեռավ հենց իմացավ, որ հայրս արդեն վաղուց չի մուծում իր կուսվճարը: Երբեմն նույնիսկ մտածում եմ, թե ավելի արդարացի կլիներ, եթե պապս չտեսներ սովետի կործանումը: 1941-ին, ռազմաճակատում ընդունվել էր կուսակցության շարքերն ու երբեք, ոչ մի վայրկյան չէր կասկածել, որ կոմունիզմ է կառուցում, նույնիսկ այն ժամանակ երբ սովետի ճակատագիրն այլևս կանխորոշված էր, երբ հանրապետություններն իրար հետևից անկախություն էին հռչակում: Նա հրաժարվում էր հավատալ դրան: Երբ հայրս որդիական վրեժխնդրությունից դրդված բարձրաձայն քննարկում էր ասենք որևէ հռչակագիր կամ սովետ երևույթին հասցված հերթական հարվածը, ինձ թվում էր պապս այդ պահերին ատում է հորս, նաև ինձ, որ լկտիաբար հրճվում էի հորս բերած փաստարկներից. ախր, այ հեր, հինգ տարի կռվեցիր, հիսուն տարի էլ համարյա ձրի աշխատեցիր էդ պոռնիկ երկրի համար ու ի՞նչ… Ի՞նչ ունես հիմա, որ էդքան սիրտդ ցավում ա էդ երկրի համար… և իհարկե անպայման վերջում ավելացնում էր` ռսի երկրի համար, մի մոռացի, ոչ քո երկրի համար… Պապս պատասխանում էր, թե էն ժամանակ ինչ-որ բան ունենալու մասին չեն մտածել, հայրս շարունակում էր` ասում էիր էն խեղճ Բագրատը Սալոնիկից հայրենադարձվեց Հայաստան, բայց ընտանյոք հանդերձ զարթնեցին Ալթայում… Բա Սիբիրն ո՞վ պիտի բնակեցներ, իհարկե Բագրատը… Պապս շփոթված հակադարձում էր թե, էդ ամեն ինչից ռուսն էլ պակաս չի տուժել, որին ի պատասխան հայրս ասում էր` գիտես ինչի՞, այ հեր… Որովհետև ռուսը ռսին էլ խեռի տեղ չի դնում, նպատակին հասնելու համար էն թքած ունի ռուս ա մատաղ անում, հայ, վրացի թե ուզբեկ… Էն որ իր ազգը չի գնահատում, մեզ ինչի՞ պիտի շան տեղ դնի… Ռսի համար մարդու կյանքը երբեք 10 կոպեկի արժեք չի ունեցել, երբեք… Հետո պապս լռում էր, երկար… Լռում էր նաև հայրս, բայց ամեն անգամ ասես չդիմանալով լռության ճնշող ծանրությանն ինձ ինչ-որ բան էր հանձնարարում, ասենք վեր մի հատ կոֆե աղա, կոֆե խմենք, կամ գնա Գուգոյին կանչի մի քանի պարտիա շախմատ խաղանք… Հորս մտքով չէր անցնում, որ ընդամենը մի տասը տարի հետո ստիպված էր լինելու պաշտպանվել իմ որդիական վրեժխնդիր հարձակումներից… Իսկ պապս ամենայն հավանականությամբ գլխի էր ընկնում, ուստիև լռում էր…
Հազիվ հասցրել էի կարգին տաքանալ երթուղայինի մեջ, բայց արդեն իջնելու ժամանակն էր: Կանգառից մետրոյի գետնանցումը հեռու չէր, չհասցրեցի նույնիսկ սիգարետս մինչև վերջ ծխել: Գետնանցումի ծանր օդը` մոտակա բիստրոյից բարձրացող գոլորշիով, շաուրմայի ու ձեթի հոտերով հագեցած անմիջապես խցանեց շնչուղիներս, գերի վերցնելով հոտառությունս: Քայլերս արագացրի ու ներս մտա մետրոյի դռներից: Տոմսարկղի մոտ ինձանից առաջ երեք հոգի կային ու մինչ գրպաններս փորփրելով փորձում էի մանր գտնել, նրանցից առաջինը, որ մի աղջիկ էր` ուսապարկով, ականջակալներով ու ձմեռային գլխարկի վրա մի հսկայական նարնջագույն փումփուլիկով, վերցրեց իր ժետոնն ու քայլեց դեպի շարժասանդուղքը: Հայացքս ինքնաբերաբար սահեց նրա հետևից: Հերթս հասել էր: Շտապողականությամբ գրպանիցս հանեցի ողջ պարունակությունը: Մանրադրամների արանքում իսկույն աչքիս ընկավ չգիտես երբվանից մնացած մի ժետոն: Մեջքիս զգում էի ինձնից հետո գոյացած հերթի ծանր շնչառությունը, ուստի առանց հապաղելու 50 դրամանոցը մեկնեցի անցքից ներս: Հիմա արդեն երկու ժետոն ունեի և այդ իրականում չնչին փաստը հանկարծ այնքան տհաճ ու ճնշող թվաց: Կարծես երկրորդ ժետոնը միայն իր առկայությամբ, նախօրոք, իմ փոխարեն պայմանավորում է նաև վերադարձիս երթուղին, սահմանափակում է հնարավոր անհայտության սահմանները: Շարժասանդուղքով իջնելիս նույնիսկ ինձ համար աննկատ երկրորդ ժետոնը բաց թողեցի մատներիս արանքից: Գլխարկի վրա մեծ, նարնջագույն փումփուլիկով աղջիկը ևս մի քանի անգամ առկայծեց իմ տեսադաշտում ու գնացքի գալով վերջնականապես անհետացավ, ասես իր հետ տանելով արևը:
Տաշքենդում էինք, երբ շարժումը սկսեց: Հայրս այնքան էր ատում Սովետը, որ տասը րոպե չէր աշխատել այդ երկրի համար, բայց գարբաչովյան պերեստրոյկայի ընձեռած որոշ տնտեսական ազատություններից օգտվելով, ընկերոջ հետ արտադրամաս էին հիմնել Տաշքենդում: Այդ տարիներին Միջին Ասիայի արևը ծայրահեղ բարեհաճ էր հայերի համար: Մեղրածոր մետրանոց սեխերի ու հսկայական քաղցրահամ ձմերուկների սարերը Ֆերգանայի հովտից Տաշքենդի լայնարձակ շուկաներում ու քաղաքի խաչմերուկներում, կանաչ թեյի հոտն ամենուր, մեջտեղում կակաչի ու քնջութի սերմերով համեղ հացը, որ միայն ձեռքով էին կտրում, ջրանցքի մյուս կողմում գտնվող Հին քաղաքի կավաշեն, խարխուլ խրճիթներն իրենց վանող ազդեցությամբ, որ սակայն ոտքդ դռնից ներս դնելուն պես վերածվում էին հյուընկալ օջախների արևելյան բարիքներից պայթող սեղաններով ու նախշազարդ գորգերով ծածկված թախտերով, իմ ծանծաղ հիշողության մեջ անջնջելիորեն տպավորեցին այդ տարիների Տաշքենդը: 1966 թվականի երկրաշարժից հետո սովետական մյուս հանրապետությունների կողմից հատված առ հատված վերակառուցված Նոր քաղաքը, մշակույթների մի ճարտարապետական խճանկար էր հիշեցնում, որի հատկապես սովետական Հայաստանի կողմից կառուցված շենքերը հայրս սռանձնահատուկ հպարտությամբ էր մատնանշում, երբ երեկոյան դուրս էինք գալիս զբոսնելու Նովոյի պողոտայի վրա գտնվող մեր հյուրանոցից… Եվ իհարկե, Այսելը` ղազախ աղջկը, որ Ալմա-Աթայից գործուղման մեջ գտնվող իր ծնողների հետ ապրում էր հարևան համարում: Մերոնք ուրախ էին, որ շփվում էի Այսելի հետ, քանի որ նախ մենք տարեկիցներ էինք, հետո Այսելով տարված ես այլևս հորս արտադրամաս չէի գնում և որպես ցանկալի հետևանք, հեռու էի մնում ծայրահեղ վատ ազդեցություններից: Վատ ազդեցություններն անուններ ունեին` Լյովիկ ու Ցիգ: Նրանք աշխատում էին հորս ապակու արտադրամասում: Չգիտեմ որքանով էր չափազանցված ծնողներիս մտավախությունները: Թերևս ուշացած էին: Իսկ Այսելը սիրուն էր, Այսելը տարբեր էր, Այսելը հետաքրքիր էր, ուստի հուլիսից մինչև օգոստոս Այսելը մրցակից չուներ: Ես 12 տարեկան սիրահարված դամբուլ էի, որ առավոտից երեկո առիթ էր փնտրում նրան հանդիպելու համար: Մենք ամեն երեկո Պախտակոր կայարանից մետրո էինք նստում լունապարկ հասնելու համար, պաղպաղակ էինք ուտում, թափառելով Նովոյի պողոտայում, այդ տարիներին Տաշքենդում ամեն քայլափոխի հանդիպող ապարատներից երեք կոպեկանոց գազավորված ջուր էինք խմում և միմյանց պատմում` ես Երևանից, նա Ալմա-Աթայից: Ես անվերջ նայում էի նրա աչքերին ու ինձ զարմացնում էր, թե որքան անճանաչելի ու անհասկանալի է մեր սովետական հայրենիքը, չնայած կարծես նման անհեթեթ զարմանքի համար լուրջ պատճառներ չկային: Միատարր Երևանից Միջին Ասիայում հայտնված պատանուն Այսելն անիրական էր թվում… Ցերեկները, երբ շոգն անտանելի էր դառնում, իսկ Այսելի ծնողներն աշխատանքի էին, նրանց հյուրանոցային համարը միակ վայրն էր, ուր ինձ կարելի էր գտնել: Եվ մի անգամ էլ, երբ հայրս անսպասելի եկավ իմ հետևից, գտավ մեզ ամբողջովին մերկ, պատանեկան անզուսպ հետաքրքրությամբ միմյանց անմեղորեն զննելիս` սանտիմետր առ սանտիմետր, ինչպես միայն երեխաները կարող են ուսումնասիրել որևէ անծանոթ բան: Հնարավոր չէ նկարագրել այն անսահման ամոթը, որ ինձ զրկեց հորս աչքերի մեջ ուղիղ նայելու կամ ընդհանրապես նրա հետ միևնույն վայրում գտնվելու համարձակությունից, որ ամիսներով բզկտեց իմ տասներկուամյա խղճուկ հոգին:
Խայտաբղետ, թմրեցուցիչ, դառնաքաղցրավուն բույրերով ողողված, մանկամարդ աղջկա մաշկի թարմ ջերմությամբ հոգիդ դանդաղ, ծոլորեն մաշող, հիշողությունդ առավելագույնս թանձրացնող, միտքդ հասուն պտղից ծորացող կպչուն, քաղցր մրգահյութի պես տարածող, անապատի մեջ անհոգ փռված քաղաք էր Տաշքենդը, որը մենք պատրաստվում էինք լքել, որքան հնարավոր էր շուտ: Հայաստանից բաստուրմայի ու կոնյակի հետ ժամանակ առ ժամանակ Տաշքենդ հասնող լուրերը ծվեն-ծվեն պոկոտում, մաշում էին տեղի հայերի ծույլ կենսուրախություը: Հայրս, որ երբեք էլ առանձնապես աչքի չէր ընկել սեփականատիրական մղումներով, առանց ափսոսանքի ընդունեց Երևան վերադառնալու որոշումը, ինչը չէր կարելի ասել Լյովիկի ու Ցիգի մասին: Նրանց համար Տաշքենդը դրախտ էր: 88-ին երկուսն էլ կլինեին մոտ 25 տարեկան, երկուսն էլ ունեին նույն հետաքրքրությունները, աղջիկներ ու պլան: Միայն թե աղջիկների գծով ավելի Լյովիկն էր մասնագիտացած, պլանի գծով Ցիգը, և եթե Լյովիկի համար կյանքը ծույլ, անվերջանալի գինարբուքների ու սեռական ակտերի շարան էր, մի տեսակ անիմաստ խրախճանք, որն անխուսափելիորեն պիտի վերջանար լյարդի ցիռոզով, ապա Ցիգի համար նույնպես ծույլ ու անվերջանալի, բայց տառապանք էր, որի անիմաստությունը կոտրելու միակ հնարավորությունը Ֆերգանայի պլանն էր: Սակայն ի տարբերություն մշտապես զվարթ Լյովիկի, Ցիգն ինքնամփոփ էր, կարծես ինչ-որ ծանր մտքերի տակ ճկռած ու անվերջ կրկնում էր` նույնիսկ հերթական ծտին շինելը պիտի իմաստավորված լինի, չի կարելի Լյովիկի նման անիմաստ ու աննպատակ սեքս անել, քանի որ եթե էներգիայի այդ պարպումը, որը մենք մեզ ժամանակ առ ժամանակ թույլ ենք տալիս գաղափարականացված ու իմաստավորված չի, ուրեմն կարող ես հաշվել, որ այդ ակտը չի եղել… Անկեղծ ասած՝ հիմա չեմ հիշում ինչ մտքեր էին Ցիգին այդպես տանջում ու հատկապես ի՞նչ գաղափարախոսություն էր դավանում, բայց հստակորեն հիշում եմ, որ երբ ուզբեկները Ֆերգանայից սկսեցին քշել մեսխեթցի թուրքերին ու նրանց մեջ նաև Ցիգին պարբերաբար պլան բերող թուրք Սաիդին, նա ամենայն լրջությամբ հայտարարեց` եթե քարավանները չեն անցնում, ուրեմն կայսրությունն այլևս գոյություն չունի, իմաստ չունի էլ Տաշքենդում մնալը: Ցիգն ուռած ժամանակ մարգարե էր, անչափ բարեհոգի մի մտածող, իսկ սթափ ժամանակ մի անտանելի ագրեսիվ փորձանք: Երևի դա էր պատճառը, որ Լյովիկն սկսում էր անհանգստանալ, հենց Ցիգի պլանը վերջանալու վրա էր: Երևան վերադառնալուց մի քանի ամիս անց, իրենց շենքի դալանում դանակի չորս հարվածով Ցիգին սպանեցին, իսկ Լյովիկն ընտանիքով մեկնեց Իսրայել, քանի որ երրորդմասցի հրեա էր, սակայն իմ հիշողության մեջ այդ երկուսն ասես մի ամբողջություն էին:
Անսպասելի վագոնում իրարանցում սկսեվեց: Ապտակի ձայնն էպիկենտրոնից դեպի վագոնի ծայրերն ալիքվելով իր վրա հրավիրեց մինչ այդ ինքնամփոփ, ցրտից կուչ եկած ուղևորների ուշադրությունը: Հրմշտոց, հայհոյանքներով համեմված կանացի ճղճղոց… ձգվեցի ոտքերիս ծայրերի վրա, հասկանալու համար` ինչ է կատարվում: Գնացքը մտավ Գործարանային կոչվող վերգետնյա կայարան: Հեռու կանգնածներիս ակաջին հասավ կանացի զսպված լացի ձայն: Դռներից մեկը բացվեց ուղիղ իմ դիմաց և միայն այդ ժամանակ տեսա գործող անձանց: Վագոնից դուրս եկան երկու միջին տարիքի տղամարդ, աջից ու ձախից մի երիտասարդի թևերը մտած ու քայլեցին դեպի շարժասանդուղքը: Երկու կողմերից քայլող տղամարդիկ լարված, խիստ կենտրոնացած նայում էին ուղիղ իրենց դիմաց, իսկ երիտասարդը գլխահակ էր ու չէր ընդդիմանում: Ոստիկանի դերում հայտնված տղամարդկանց հայացքներում տագնապ էր նկատվում, կարծես կվազեին, եթե միայն ինչ-որ անհասկանալի բան չխանգարեր: Նրանցից մեկն ակնթարթային հայացք նետեց հետ, ապա կրկին ուղիղ դիմացը նայելով ինչ-որ բան խոսեց: Ինձ թվաց, թե երիտասարդի դեմքին ժպիտ խաղաց: Դռները փակվեցին ու գնացքը շարժվեց: Ընթացքից, մինչ նրանք կանհետանային իմ տեսադաշտից, հասցրեցի տեսնել, որ երիտասարդն այլևս գլխահակ չէր, իսկ շարժասանդուղքին չհասած ընդհանրապես ազատ թողեցին թևերն ու վերջինս առաջ քայլեց բավականին ինքնավստահ կեցվածքով:
– Ջեբկիր էր…- ուղիղ ականջիս տակ լսվեց ինչ-որ մեկի խռպոտ, ցածր ձայնը: Տարիքն առած տղամարդ էր, թխամաշկ ու կնճռոտ,- ասա տանում եք, մեծահարուստներից տարեք, ի՞նչ եք մտել խեղճուկրակների ջեբերը…- Գործիմաց տոնով շարունակեց անծանոթը: Ակամա ժպտացի ու անմիջապես էլ կենտրոնացա վագոնի մյուս ծայրում դեռևս մղկտացող կնոջ վրա, որը շարունակ օդում թափահարում էր իր պատռված մանուշակագույն պայուսակը:
-Բրիտվով կամ լանցետով են կտրել…- շարունակեց հարևանս, դեմքին ինչ-որ անհասկանալի ժպիտ խաղացնելով: Այս անգամ ավելի մանրակրկիտ զննեցի ինքնակոչ զրուցակցիս ու անմիջապես ուշադրությունս գրավեց նրա աջ ձեռքը, որով բռնել էր ձողից: Բութ մատը չկար: Տղամարդը նկատելով իմ սևեռուն հայացքը, բաց թողեց ձողն ու անմատ ձեռքն անշտապ թաքցրեց գրպանում, ողջ ընթացքում շարունակելով ավելի եռանդուն ժպտալ ուղիղ աչքերիս մեջ: Ակամա շոշոփեցի շալվարիս հետևի գրպանը, դրամապանակիս առկայությունն ստուգելու համար: Մինչ փորձում էի մարդկանց հրմշտելով տեղս փոխել, ականջիս մոտ կրկին լսեցի տղամարդու ձայնը.
– Ֆ1-ի զապալն ա ձեռիս մեջ տրաքել… Ղարաբաղում…
Առանց բառ ասելու անցա վագոնի խորքը:
Երևանը եռում էր: Փողոցներում սովետական զորքերի հայտնվելու հետ ամեն բան փոխվեց: Փոխվեց անվերադարձ ու հիմնովին: Ստորաբաժանումներից մեկը տեղակայվեց մեր շենքից երևի մի կես կիլոմետր հեռու, Արաքս մարզադաշտում: Ամեն օր, դասերից հետո պարտաճանաչ կերպով գնում էինք ստադիոն ռազմական տեխնիկան ու զինվորներին նայելու: Ռազմական տեխնիկան կայանված էր հենց ստադիոնի մեջ, որտեղ ժամանակ առ ժամանակ նույնիսկ ուղղաթիռներ էին վայրէջք կատարում, իսկ զինվորների համար զորանոց էր ծառայում կից սպորտային ակումբի շենքը: Սովետական պատերազմական կինոների վրա մեծացած իմ սերնդին անհավանական էր թվում մարտական տեխնիկայի, զինվորների առատ ներկայությունն այդքան մոտ հարևանությամբ և սկզբում մեզ այնտեղ տանող հիմնական դրդապատճառը սովորական հետաքրքրասիրությունն էր: Հիշում եմ, որ հասցրել էինք նույնիսկ մտերմանալ մի վրացի զինվորի հետ: Քանի որ զինվորներին խստիվ արգելված էր դուրս գալ իրենց զորանոցի տարածքից, նրանք համարյա միշտ սիգարետի կարիք ունեին: Վրացի զինվորը մեզ մի քանի ռուբլի էր տալիս և մենք սիգարետ էինք բերում խանութից, փոխարենը նա մեզ տարբեր տրամաչափի կրակված փամփուշտների պարկուճներ էր տալիս: Բայց շուտով զինվորների նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվեց: Այդ օրերին Երևանում ամեն բան չափազանց արագ էր փոխվում: Եթե մինչ այդ մենք միայն չարագուշակ լուրեր էինք լսել սովետական զինվորների կողմից մարդկանց սպանությունների մասին, բայց այնուամենայնիվ չէինք կարողացել կամ գուցե չէինք ցանկացել հաղթահարել մեր պատանեկան հետաքրքրասիրությունը, մեր լսածը համարելով ինչ-որ հեռավոր, մեզ չվերաբերող բան, ապա ինչ-որ մի պահից սկսած սովետական զորքի առկայությունը սկսեց նեղություն պատճառել արդեն հենց մեզ: Առաջին իրական դեպքը, որ պատահեց, հիմա տարիների հեռվից փոքր-ինչ զավեշտալի է թվում, բայց այն ժամանակ դա ուղղակի աններևակայելի մի բան էր մեզ համար: Հարևաններից ձյաձ Գեորգին երեկոյան հողաթափերով ու տնային հագուստով դուրս էր եկել աղբը շենքի մոտ` աղբարկղի մեջ թափելու ու անհետացել էր: Նույնիսկ աղբի դույլը չէին գտել: Միայն հաջորդ օրը կեսօրին լուր եկավ, որ ձյաձ Գեորգիին տարել են սովետական զինվորները պարետային ժամը խախտելու համար: Մի գիշեր էլ սովետական զինվորները օդանավակայանի ճանապարհին կրակեցին ու պայթեցրեցին մեր Խալի հոր` օդաչու Վազգենի ԳԱԶ 21-ը: Վերջինս հրաշքով կենդանի մնաց: Այս ամենին գումարվեց մեծահասակների ժամ առ ժամ աճող ատելությունը սովետ կոչվող երևույթի նկատմամբ, որն իհարկե չէր կարող իր ազդեցությունը չունենալ մեզ վրա: Ղուշբաս Ռաֆոն, օրինակ, չգիտես որտեղից սովետական առաջնորդների Անդրոպով, Բրեժնև, Չերնենկո ու էլի չեմ հիշում ում քրքրված նկարներն էր գտել ու փռել էր իր շան բնում` հատակին, այդպես արտահայտելով իր զայրույթը: Մեր չորս-հինգ հոգանոց ընկերախումբը, որը գուցե մինչ այդ զինվորների կողմից դիտվում էր որպես տեղաբնիկ թեմուրականների ինչ-որ պատրաստակամ խմբակ, որ կրծքանշանի կամ դատարկ պարկուճի համար պատրաստ է վազել մոտակա խանութ սիգարետի, շատ արագ վերածվեց ծայրահեղ լկտի, անսահման չարացած երեխաների մի հրոսակախմբի: Մի խոսքով, հաջորդ օրերին նույնպես շարունակում էինք գնալ ստադիոն, բայց արդեն միայն ու միայն վրեժխնդիր լինելու համար: Զինվորներն այլևս թշնամի էին, ու մենք չորս-հինգ հոգով շարվում էինք Հայէլեկտրո գործարան տանող ճանապարհին, Արաքս ակումբի ապակեպատ դռների մոտ ու սկսում էինք հայհոյել, գործածելով ռուսերեն հայհոյանքների մեր խղճուկ բառապաշարը, իսկ որ պահին խեղճանում էինք, անցնում էինք հայերեն հայհոյանքների անսպառ շտեմարանին, որ որպես ժառանգություն սերնդեսերունդ փոխանցվում էր Երրորդ մասի փողոցներում: Մեր բակային խաղերը, որ մինչ այդ մեր առօրյայի անբաժան մասն էին, անվերադարձ անհետացան մեր մանկությունից, այլևս ոչ մի ոռ դաղոցի, ոչ մի ճտ-թիզ, ոչ մի չլիկ դաստա, հավալա կամ էշ-մլիցա… Թերևս վերջինն իզուր…
Երևանը լռեց: Հիմա ոչ մի կերպ չեմ կարող մտաբերել, թե պատերազմը հատկապես երբ ու ինչպես ներխուժեց մեր տուն: Ռադիոն ամեն օր պատմում էր Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական տեղաշարժերի մասին և ձեռքից ձեռք անցնող գյուղերի ու բնակավայրերի անունները, որ մինչ այդ երբեք չէի լսել, հիմա անվերջ պտտվում էին իմ պատանի ուղեղում: Քարտեզները դարձան միակ հետաքրքրությունս: Երևակայությանս մեջ գյուղից գյուղ անցնելով, հետևում էի հորս:
«Գարեգին Նժդեհի հրապարակ: Վերջին կայարանն է»: Վագոնից դուրս եկա, բայց մյուսների նման չշտապեցի դեպի շարժասանդուղքը: Ոտքս կախ գցեցի, հետո նստեցի կայարանի նստարաններից մեկին: Գետնի տակ տաք էր: Մտածեցի ճանապարհս մի փոքր կերկարացնեմ, բայց կքայլեմ մանկությանս բակերով: Կարոտախտն իր բաժին տուրքն էր ուզում ու ես պատրաստ էի վճարել այն: Պատկերացրեցի, որ հիմա մետրոյից դուրս կգամ Նժդեհի հրապարակում, որտեղ դեռևս Սպանդարյանն է տեր-տիրական, որպես չստացված հանրապետության ամենախորհրդանիշ, ապա դուրս կգամ նաև գետնանցումից` ուղիղ Ապտեկի շենքի մոտ, որտեղ դեղատան փոխարեն հիմա HSBC բանկն է, կանցնեմ դալանով, Չորրորդ շենքի անկյունից կթեքվեմ ձախ ու երբեք անուն չունեցած փողոցով կիջնեմ ուղիղ Կուլտուրայի պալատ, որտեղ հիմա եկեղեցապատկան հեռուստաընկերության գրասենյակ է: Գուցե միջանցիկ մուտքերից մեկով մտնեմ Առաջին շենքի բակ, որը հիմա 25 շենքն է ու ընդամենը մի քանի րոպեով վերադարձնեմ մանկությունս: Ջուր խմեմ ղումարբազ Դրչոյի պուլպուլակից, որպես վերջին տարբերակ մի քանի րոպե նստեմ ջրավազանի պատին ու նայեմ մեր պատշգամբին, իսկ եթե բախտս բերի կարող եմ նույնիսկ հանդիպել հին բնակիչներից որևէ մեկին, ասենք ղուշբաս Ռաֆոյին… Հետո մեր մուտքից հանկարծ կհայտնվի հայրս, ես դուրս կգամ ջրից ու թաց-թաց կվազեմ նրան ընդառաջ, ինչպես վազել եմ, հայրս զուսպ թևը կգցի ուսիս, ինչպես գցել է, ապա կզգուշացնի, որ ոչ մի դեպքում զենքին ձեռք չտամ, քանի որ այն տարին մեկ անգամ ինքն իրեն կրակում է, ես գլխով կանեմ ու հետ կվազեմ դեպի ջրավազանը… Հետո մենք կվիճենք, ինչպես վիճել ենք: Ես որդիական անմեղ վրեժխնդրությամբ կասեմ, որ ամեն ինչ թողեցիր, գնացիր, հիմա ի՞նչ ունես… Նա կասի` անկախ պետություն… Ես թունոտ կժպտամ, ինչպես ժպտացել եմ ու կասեմ` ո՞ւմ համար, մե՞զ ինչ, որ պարտքերի տակ ճկռում ենք, որ էդ ընթացքում մարդիկ փող էին շինում, որ իրանց ջոկատի Հովոն զենքի փողով երեք հարկանի տուն սարքեց, որ Ղևոնդը ալամ աշխարհին, մեզ էլ հետը խաբեց թռավ Ամերիկա, որ… Նա կհակադարձի, ինչպես հակադարձել է` հիմա ի՞նչ ա, քո ասածը, ես էլ խաբեի՞… Իմ համար եմ գնացել… Ես կշարունակեմ, ինչպես շարունակել եմ` բա դու ասում էիր մեր սեփական անկախ երկրում ամեն ինչ ուրիշ կլինի, երեք միլիոն մարդն ի՞նչ ա որ, լավ չապրենք… Մի քաղաք մարդ… Նա չոր կավելացնի, որ ոչ մի վայրկյան չի փոշմանել ու եթե կրկնելու հնարավորություն ունենար, կկրկներ նույնությամբ… Ես նենգորեն կնետեմ, ինչպես նետել եմ` հղփացած լրբի տղերքի համար տասը րոպե էլ չեմ կռվի… Հետո նա թերահավատ քմծիծաղ կտա, ինչպես թերահավատ քմծիծաղ է տվել ու կլռի… Ես այլևս չեմ շարունակի, ինչպես չեմ շարունակել ու կատաղած, որ նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան ինքս ինձ, դուրս կնետվեմ փողոց ու կարծես հորիցս վրեժ լուծելու համար, կխմեմ մինչև զարկերակիս կորուստը, կուռեմ մինչև գիտակցությանս մթագնելը, խուժանություն կանեմ մինչև ոստիկանները բռնեն, ինչպես որ խմել, ուռել, խուժանություն եմ արել… Ու կթաղեմ ջահելությունս առողջությանս հետ Երևանի փողոցներում, որպեսզի երբ ժամանակը գա, վերջին ու միակ ունեցածս մի դատարկ, քոսոտ կյանք լինի և այն տալու համար երկար-բարակ չմտածեմ… Որպեսզի ոչինչ չունենամ տալու ավելի, քան չեմ կարող չտալ… Որպեսզի հորս ու պապիս լուռ, թերահավատ քմծիծաղը ճիշտ դուրս գա…
Առաջին շենք չմտա, մետրոյից դուրս եկա և ուղիղ քայլեցի հորս տուն: Դուռը բաց էր: Շուրջը հավաքված ընկերներն ինձ դիմավորեցին լուռ արհամարհանքով: Գիշերը չէր լուսացրել: Չէր ցանկացել…