Նոնա Պողոսյան | Այս սառույցների մեջ ես ծերացա երեկ

***
Մի օր, մի ցուրտ օր,
Մի անասելի մութ գիշերի միջով,
Մի անհարմար ու սայթաքուն ոտնամաններով,
Մի աննկարագրելի խաղաղ ու երազախառն ջրերի վրայով,
Մի անբացատրելի խռովք պահած իր հոգու կարմիր մոլորակում`
Հեռացավ կարոտը, որ աշունը դառնա տանիքներից կախված չարագույժ լռություն…

 

***
Իմ աշունները երկարել են…
Քո ստվերները նորից ձգվում են իմ ու իմ միջև…
Ջրափոսերին ճոճվող կարոտում ես փշրվել եմ…

Իմ աշունները անվերջացել են…
Այս ձմեռների փեշերի տակ, ասա՛, այդ ի՞նչ ես պահել,
Որ էլ չեմ գտնում…

…Հիմա սանրում եմ ծամերն առավոտի
Ու հյուսում բարակ հիշողությունը,
Որ ցրտե մի օր տանեմ, հագցնեմ ձմռան բառերին…

Իմ աշունների ետնաբեմերում
Ափսոսանքների պարահանդես է…
Ու դու ես այնտեղ արքայազնը միակ,
Իսկ ես ձմռան կոշիկներով տիկնիկ մի սառցե…

Իմ աշունները երկարել են…
Քո ստվերները նորից ձգվում իմ ու իմ միջև…
Մեր հովիտներում ձյունը ծաղկել է…

 

***
Նոյեմբերյան գիշերները նման են բվի
անթարթ հայացքին…
Այնտեղ փշրել եմ սպասումներից
լուսահեղձ աչքերս,
Որ ճշմարտանամ հույսերին թառած
Իմ առավոտին…

Նոյեմբերյան գիշերները մտել են
քաղաքի ծակ գրպաները
Գողանալու երջանկության
Մանրադրամն այն,
Որ սխալմամբ ժամանակն
Ինձ չի վերադարձրել…

Նոյեմբերյան գիշերները նման են
հույսի թալիսմանների…
Թե հանկարծ կորցնեմ`
Էլ ոչ մի անգամ քաղաքն ինձ սերը
Լրիվ չի կպատմի…

 

***
Աշուն,
Տխրությունս դարձրիր վավերական
մինչ ձյունն առաջին…
Սպասումներս կապեցիր քամու
Բարալիկ կոնքին
Ու խշխշացնելով թռցրիր-տարար…
Որ քեզանից բացի ոչ ոք չիմանա,
Թե երբ են տողերս ծաղկելու կրկին…
…Չհասցրեցի սանրել դեղին գանգուրներդ,
Գլուխս չդրեցի անձրևներիդ կրծքին…
Միայն բացեցի հին ճամպրուկներդ
Ու հագա հոգսերդ `տեղը`տեղին…

Աշուն, երջանկությունս վավերական չէ
Արդեն ե՜րբվանից…
Ու թե ես մի օր քամահար բախտիս
հին լուսամուտից
քեզ սիրահետեմ`
Չհավատա՜ս ինձ…

 

***
Չկարդա´ս հեքիաթը…
…Որովհետև տարածությունը
Չի մայրացել ինձնով,
Ու հոսում են դեռ սպասումները
Ծեր հորիզոնի աչքերի միջով…
Որովհետև որբացել է լռությունը,
Որին դեռ երեկ գուրգուրում էինք…
Ու լերդացել են այն ապրումները
Որ մեր երակներում երանաբույր էին …

Չկարդա´ս հեքիաթը…
…Որովհետև կիրճերը
Անդունդների ողորմությունն են,
Գետերը`զարմանքը երկնքի,
Որովհետև հովիտները
Ծովերի որբությունն են,
Ու խոտերն անտառներ են`
Առանց կրքի…
Չկարդաս հեքիաթը…
Որովհետև տարածությունը
Չի մայրացել ինձնով…

 

***
Ես քո աչքերի երջանկությունը
Փշրեցի գիշերվա երակների մեջ
Ու շրջիկ բախտի հետ երկար քայլեցի
Մինչ կգտնեի խաղալիքե տունդ…
…Հետո առավոտվա մշուշե լաթով
Սրբեցի կյանքը իմ պատուհանից
Ու գնացի նորից հանգիստ ապրելու`
Քանի դեռ չէի հանդիպել մոլորումին…

 

***
Այս սառույցներում ջրեր են ծաղկում`
Զուլալ ու տաք ջրեր…
Այս սառույցների մեջ ես ծերացա երեկ…
Այսօր բախտ եմ փնտրում…
Երանի նրան, ով կգտնի ինձ վաղվա
անփշալար մարգագետիններում…

 

***
Հիմա, երբ հնչում է
Գիշերային լռության շեփորականչը,
Ու ես մոտենում եմ`
Ընդունելու վախերի շքահանդեսը,
Երբ հավասարակշռում եմ
Վաղվա օրն ապրելու ներքին բնազդը`
Չծռելով մեջքս, որ ժամանակն այս
Հաղթել կարողանամ…
Հանկարծ լռության պարիսպներից այն կողմ`
Երջանկության հին զոհասեղանին,
Տեսնում եմ շորթված երազներն իմ հազար,
Որ սին խոստումների հոլովույթից պոկվել
Եկել, սպասում են դատաստանի…

…է՜յ, ով կա այդտեղ`կանգնեցրե՛ք նրանց,
Խաբվածներն արդեն վերադառնում են…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *