Յորղոս Սեֆերիս /Γιώργος Σεφέρης/
(1900-1971թթ.)Յորղոս Սեֆերիսը ծնվել է Զմյուռնիայում, որտեղից թուրքական 1922 թ. ջարդերից հետո տեղափոխվել է Աթենք, ապա հեռացել երկրից և մինչև 1950 թ. ապրել արտերկրում (Աֆրիկա, Միջին Ասիա, Եվրոպա): Իրավաբանություն է ուսումնասիրել Սորբոնի համալսարանում: 1957-1962 թթ. Հունաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում:
Մի շարք ժողովածուների հեղինակ է. «Շրջադարձ» (1931), «Վարժությունների տետր» (1940), «Տախտակամածի օրագիր» Ա, Բ, Գ (1940, 1944, 1955), «Վերջին կայարան» (1947) «Կիպրոսն ինձ բացվեց» (1955) և այլն: Երկու վեպի` «Վեց գիշեր Ակրոպոլիսում» և «Բառնաբաս Ծաղկեպսակյալ» և թարգմանությունների հեղինակ է: Հայտնի են նրա` Թոմաս Էլիոթի պոեզիայի թարգմանությունները հունարեն: 1963 թ. արժանացել է գրականության նոբելյան մրցանակի:«Հեղինե» պոեմը «Կիպրոսն ինձ բացվեց» շարքից է, որ տպագրվել է 1955 թ.: Ամբողջ շարքը նվիրված է Կիպրոսին՝ հեղինակի ամենասիրելի վայրին: Շարքը հրատարակվել է Կիպրոսի՝ անգլիական տիրապետությունից ազատարագրման համար մղվող պայքարի օրերին:
Պոեմում իրացվում են երկու հայտնի առասպելներ` Տևկրոսի և Հեղինեի: Տևկրոսը Սալամինայի արքայորդին էր, Այաքսի եղբայրը: Տրոյական պատերազմից հետո Տևկրոսը վերադառնում է հայրենիք, սակայն հայրը նրան չի ընդունում, որովհետև նա չէր օգնել եղբորը հաղթելու Ոդիսևսին` Աքիլլեսի զենքի համար մղվող պայքարում: Տևկրոսը Ապոլոնի պատգամախոսի թելադրանքով գնում է Կիպրոս և հիմնում նոր Սալամինան: Ըստ ավանդության մինչև Կիպրոս հասնելը`Եգեպիտոսում, հերոսը հանդիպում է Հեղինեին:
Հեղինեն Մենելաոսի կինն էր, ում սիրահարվեց և Տրոյա փախցրեց Պարիսը՝ Տրոյայի արքայորդին: Հենց այս առասպելն է ընկած Հոմերոսի «Իլիական» պոեմի հիմքում: Յորղոս Սեֆերիսի համանուն պոեմի հիմքում առասպելի ոչ այնքան հայտնի տարբերակն է, ըստ որի Հեղինեն երբեք Տրոյա չի հասել: Հերան, Պարիսի վրա բարկացած լինելով, (որովհետև իրեն չէր տվել Գեղեցկության խնձորը), Հեղինեի տեսքով մի կուռք է ստեղծել և տվել է Պարիսին: Իրական Հեղինեին ի պահ է տվել Եգիպտոսի արքա Պրոտեասին: Այդպիսով Տրոյա հասել է Հեղինեի արձանը, իսկ իրական Հեղինեն Եգիպտոսում սպասել է Մենելաոսին: Առասպելի այս տարբերակը տարբերվում է Հոմերոսի «Իլիական» պոեմի ավանդական պատումից և ներկայացվում է Էվրիպիդեսի «Հեղինե» ողբերգության մեջ:
«Հեղինեի» առասպելի էվրիպիդեսյան ընթերցումը հոգեհարազատ է Սեֆերիսին, քանի որ արձագանքում է բանաստեղծի պատերազմների անիմաստության, հույն ժողովրդի տեղահանությունների ու ողբերգությունների մասին խոհերին:
Հեղինե
«Սոխակները քնել չեն թողնում Պլատրեսում» [1]:
Ամաչկո՛տ սոխակ, տերևների շնչառության արանքում
նվիրում ես անտառի սոսափյունի երաժշտությունը
իրարից անդարձ բաժանված մարմիններին ու հոգիներին,
նրանց, ովքեր գիտեն, որ էլ չեն վերադառնալու:
Կույր ձայն, որ խարխափում է գիշերային հուշի մեջ.
քայլեր և ժեստեր, չէի համարձակվի ասել՝ նաև համբույրներ
և դառը փոթորկումը հոգու վշտահար ստրկուհու:
«Սոխակները քնել չեն թողնում Պլատրեսում»:
Իսկ ինչպիսի՞նն է Պլատրեսը, ո՞վ գիտի այդ կղզին:
Մի կյանք ապրեցի՝ լսելով անուններ չլսված,
նորնանոր վայրեր, նորանոր խենթություններ մարդկանց
կամ աստվածների:
Իմ ճակատագիրն ալեկոծվելով
Ինչ-որ Այաքսի[2] անհետացող թրի և
ինչ-որ ուրիշ Սալամիայի[3] միջև
ինձ բերեց այստեղ՝ այս ծովափ.
Լիալուսինը
Դուրս եկավ ծովի փրփուրներից ինչպես Աֆրոդիտեն՝
ծածկելով աստղերը Աղեղնավորի, իսկ հիմա գնում է գտնի
Սիրտը Կարիճի, որ փոխի ամեն ամեն բան:
Իսկ ո՞ւր է ճշմարտությունը:
Ես էլ էի պատերազմում աղեղնավոր.
Իմ արմատը մի մարդունն է, ով կորցրել է ինքնիմաստը:
Սոխա՜կ վիպասաց,
մի այդպիսի գիշեր Պրոտեասի[4] ծովի ափին
քեզ լսեցին ստրկուհիները սպարտուհի և նկարեցին հառաչանքը հոգու.
և նրանց մեջ, ո՜վ կպատկերացներ, նաև՝ Հեղինեն:
Նա՛, հանուն որի հոգի էինք տալիս մենք երկար տարիներ Սկամանդրոսում[5]:
Այնտեղ էր նա՝ անապատի շուրթերում. դիպեցի նրան, խոսեց ինձ.
«Ճիշտ չէ՛, ճիշտ չէ՜»,- բղավեց:
«երկնասլաց նավը թշնամական ես ոտք չեմ դրել ոչ մի անգամ,
Երբեք չեմ ձգտել քաջազունների երկիր Տրոյա գնալ»:
Խորը բացվածքով պիրկ կրծքակապով,
արևը վարսերի մեջ ոսկեծածան, և այդ
հասակովն իր գեղանի
զեփյուռներ և ժպիտներ մարմնին ամենուր՝
ուսերին կոնքերին ծնկներին,
շնչող մաշկին և աչքերին
երկարաթարթիչ…
այնտեղ էր, Դելտայի[6] ափին.
իսկ Տրոյայո՞ւմ:
Իսկ Տրոյայում՝ ոչինչ. մի ստվեր, մի կուռք անմարմին ու անհոգի
Աստվածներն այդպես ցանկացին:
Եվ Պարիսը մի ստվեր սահող՝ ասես արարած
հողածին:
Իսկ մենք մորթվեցինք տասը տարի հանուն Հեղինեի:
Մեծ ցավ է բաժին հասել Էլլադային:
Այդքան մարմիններ թափված
Ժանիքներում ծովի, ժանիքներում հողի,
այդքան հոգիներ՝
երկանքին տրված ինչպես ցորենը:
Եվ գետերը փքված արյան ճահիճներից՝
հանուն ինչ-որ ճերմակ ալիքման, հանուն ինչ-որ ամպի
հանուն ինչ-որ թիթեռի ինչ-որ ճախրանքի, հանուն ինչ-որ կարապի փետուրի
հանուն ինչ-որ շապիկի դատարկ, հանուն ինչ-որ Հեղինեի:
Եվ ի՞նչ, իմ եղբա՛յր,
սոխա՛կ, սոխա՛կ, սոխա՜կ,
Ի՞նչ է Աստված, ի՞նչ՝ չաստված. և ի՞նչ է նրանց արանքում:
«Սոխակները քնել չեն թողնում Պլատրեսում»:
Լալկան թռչնակ,
Կիպրոսում ծովահամբույր
որ ցավեցնելու աստիճան հայրենիքս է հիշեցնում,
նետվեցի միայնակ այս հեքիաթի մեջ,
եթե իհարկե ճշմարիտ է, որ սա հեքիաթ է,
եթե ճշմարիտ է, որ մարդիկ այլևս չեն ընկնի նորից
հին խաբեության մեջ հին աստվածների.
եթե ճշմարիտ է,
որ մեկ այլ Տեւկրոս տարիներ հետո,
կամ ինչ-որ Այաքս, կամ Պրիամոս[7], կամ Հեկուբա[8],
կամ ինչ-որ անծանոթ, անանուն, որը չնայած
տեսել էր ոնց է Սկամանդրոնը դիակները համբուրում, ապա ափ թքում,
բայց ճակատին չկա գրված, որ լսելու է
սուրհանդակներին, որ գալիս են ասելու,
որ այսքան ցավը այսքան կորսված կյանքերի
անդունդն է գնացել
հանուն ինչ-որ դատարկ շապիկի, հանուն ինչ-որ Հեղինեի:
Հունարենից թարգմանությունը` Շուշան Կարապետյանի
[1] Գյուղ Կիպրոսում:
[2] Այաքս (Αίαντας)-տրոյական պատերազմի կենտրոնական դեմքերից, Սալամինայի արքայորդի, Տևկրոսի եղբայրն ու Սոֆոկլեսի համանուն ողբերգության հերոս:
[3] Սալամիա- անտիկ քաղաք պետություն Կիպրոսում, որն ըստ ավանդության հիմնում է Տևկրոսը:
[4] Պրոտեաս-ծովային աստված. Պոսեյդոնի որդին, որ անդադար փոխում էր իր տեսքը: Ըստ Էվրիպիդեսի՝ Եգիպտոսի արքան, ում մոտ էր պահվում Հեղինեն:
[5] Սկամանդրոս(Σκάμαντρος)- գետ Տրոյայում:
[6] Դելտա-Նեղոսի ակունքը:
[7]Պրիամուս( Πρίαμος)- Տրոյայի վեցերորդ և վերջին արքան:
[8] Հեկուբա(Ἑκάβη )- Պրիամոս արքայի երկրորդ կինը. կանացի և մայրական վշտի խորհրդանիշ: