Աշոտ Ավդալյան | Ինքնադիմանկար

Աշոտ ԱվդալյանՇարքը կազմել և վերնագրել է բանաստեղծի կինը՝ Սուսաննա Պողոսյանը

 

Ես պետք է երգեմ իմ սիրո համար ու իմ ծնունդի,
Որ հազար օրվա իմ տառապանքը լինի ամենուր,
Որ իմ հեքիաթի մեջ բոցավառվեն աչքերը մարդու,
Եվ ծունկի իջած դաշտերը երգեն երգը ծնունդի։
Հազար աշտանակ թող կանգնեն իբրև զոհաբերող աչք,
Եվ հազար մանուկ հազար ճառագայթ դնեն սեղանին,
Եվ իմ արթնացման սկիզբը դառնա իբրև արձագանք,
Եվ իմ ծնունդը դառնա աստղերի հմայող ոգին։
Եվ իմ սերը թող կնքահայր դառնա իմ իսկ ծնունդին,
Եվ երգեր երգեմ, որոնք վաղուց են դարձել առօրյա,
Թող փառաբանվեն աստղեր ու երկինք, սիրտ ու ճանապարհ
Եվ նրանք, որոնք ունեն սեր, աստված, վայելք ու գինի։
Եվ թող իմ սերը լինի սկիզբը ծաղկող բնության,
Եվ թռչունները հիշեն պապերիս խոսքերը զվարթ,
Ես լվանում եմ վշտի խոսուն թաթիկները բարկ,
Եվ տառապանքի չոր փայտ եմ դնում մոխիրների տակ։
Եվ շռայլում եմ օրերի վարձը, տալիս դաշտերին,
Որ մեր երազի համբերությունը դառնա փրկություն,
Եվ մեր նախահոր շիրիմը բախվի Նոյի տապանին,
Եվ փառքով լցվի շիրիմ ու տապան, կարոտ ու ողկույզ։
Հազար աշտանակ թող կանգնեն իբրև զոհաբերող աչք,
Քառասուն մայրեր երգեն արթնացող լույսի խորանում,
Ես պետք է երգեմ իմ սիրո համար ու իմ ծնունդի,
Որ հազար օրվա իմ տառապանքը լինի ամենուր։

 

… ՈՒ ԵՐԵԽԱՆ

Կար երեխա, ու կար մարմին,
ու կար հիացք բազմության մեջ,
թե հրաշք է մանկան հոգին,
իսկ մարմինը՝ լույսերի ծես:

Թե նա եկավ իբրև շնորհ,
առանձնացավ իբրև անուն,
ու դաջված էր դեմքին կրակ
ու մատներին հանդգնություն:

Թե նա իր մեջ ուներ ծաղիկ,
չնաշխարհիկ ու մոգական,
թե նա նայեց անցավորին
աչքը հոգնեց դալկացավ:

Ու երբ քնքուշ եզրակարեց
ու մոտեցավ տաք ամպերին,
համերգողին երկինք հղեց
ու ձայն տվեց մեռյալներին:

Թե արթնացման ծաղիկ եմ ես,
գույնս փոքրիկ հովանավոր,
աչք բացելիս հնազանդվեք,
ու խմբերգեք դաշտի եզրով:

 

***
Եվ հազար օրեր կանցնեն, կգնան,
Եվ հազար օրից մեկն է մնալու,
Որն ինձ կտանի դաշտերի միջով
Լեռների դեմքին ձյուներ մաղելով:
Եվ ես կգնամ
Ինչպես որ հազար անցող ու դարձող,
Հայացքներն իրենց
Աստղերի պես երկինք մեխվելով,
Հայտնվեցին դաշտերի մեջ՝
Այս սուրբ հացի կիսված պատառը ծամելով:
Եվ ես կգնամ,
Որ այգաբացի խոնարհ մոգությամբ
Հասկերի շուրջը պտտվեմ ու լամ:
Ես այդ դաշտերում կթողնեմ ոգիս.
Ես այդ դաշտերի մեջ եմ մնալու:

 

***
Ես եմ ծնվել, ես կլինեմ այս աշխարհից հեռացողը,
Թեև կյանքը հեռացումն է մեր մտքերի կշտամբանքից,
Բայց մարդկային լեզուն նաև խրատներ է ուզում հողից,
Մինչև այսօր հավատալով, որ դեռ կգա հասկացողը։

Անիրական արցունքի պես թափառում ենք գիշեր ու զօր`
Հավատալով, որ չի մեռնի մեր աչքերի գուրգուրածը,
Թռչունները հագնում են սև, իսկ դաշտերը կարմիր հագած,
Սպասում են կարոտի մեջ, որ հագնվի այգաբացը։

ՈՒ շվարած ես էլ անցա իմ դաշտերին հավատալով,
Ծիածանի առողջությամբ մրափելով կապույտի մեջ,
Որոնելով այն երկինքը, որ քնում է կալերի մոտ։

Եվ ինձ կարծես հավատալով շրթունքներս պաշարվեցին,
Եվ լեռների հոգնած շղթան հարմարեցրի պարանոցիս,
Մատնելով իմ տագնապները ինքնամեծար վերջալույսին։

 

***
Օ˜, ոչ, թող լռեն այն աղմուկները, որոնք ինձ տեսան,
Թող արեգակը իմ ճառագայթի մերկությամբ ապրի,
Երկու տարեկան երեխայի մեջ ես հասունացա,
Մի՞թե մեր ձայնն էլ անձրևի նման պիտի թափառի։

Դատարկ երազով չես հարատևի, կմնաս անդեմ,
Եվ ինչ փույթ, հայրդ հեռացավ ծեգին.
Եվ ես լավ գիտեմ, որ մանկությունից վիշտ եմ ունեցել,
Եվ հիմա արդեն ընկերները քո իրենց ծնողին հանձնում են հողին։

Փոշոտ մտքերով արեգակն հիմա ծախվող երկնքին պիտի շենացնի,
Եվ թող աստղերը հարսնաքավորի նման թափառեն,
Ես մոտենում եմ, որ ինձ էլ հանձնեք հոգնած հասկերի ոսկե տարերքին,
Որ հետո ես էլ իմ արծաթները քամուն տամ, հետո վիճեմ քամու հետ։

Եվ իմ գինարբուքի սեղանի վրա մնացին երկու չորացած ձկներ,
Երկու լռություն, որ էլ չի հասնի ոչ ծովին և ոչ ցեղակիցներին,
Եվ հիմա ձայնս թողնելով հեռվում` ուզում եմ գտնել ծարավս վերջին,
Իմ արծաթները քամուն տվեցի, հիմա փորձում եմ վիճել ծառի հետ։

 

***
Ժամն է հիմա,
ու դաշտից հեռանում է թուխ տղան
իր հոգնությամբ զարդարուն, ու արևով գինովցած,
քամին նրա ծնկներից բաժանվել է իբրև քույր-
նրա քիմքից դուրս թռած մենանվագ է տղան։

Նա գնում է , ու հոգին ծաղկող դաշտի է նման
նա գնում է, երկնքից զրնգացող ձայն է գալիս,
Ձայնը` փոքրիկ թագավոր – տերունական աղոթքից-
ուշացել է, ու հիմա, տեսիլքի մեջ է տղան։

Եվ թիթեռներ , որ ունեն գույների տաք բազմություն,
ու արևից ոսկեկար մաշիկներ են թռցրել.
ոսկեզօծված է օրը, թևաբախում է շուրջը,
և օրերի զարթոնքից –
հիացքի մեջ է տղան։

Տղան անցնում է զուգված, ճառագայթները ձեռքին,
ու երկվության շղարշե քողը գցած ձախ ուսին
նա տանում է դափնիներ` առանձնացած շնորհից,
ու հեռացող լույսերից-
ցնորքի մեջ է տղան։

 

***
Ես իմ վիշտն ունեմ, իմ արբեցումը,
Կարմիր տքնությամբ արևին հառած,
Ինձ ոգևորեց իմ մանկությունը,
Ի՞նչ հավաքեցի՝ կարեկցանք ու հաց:

Ու հազար աստված հավաքել գլխիս,
Խորհուրդ եմ անում, լսում բոլորին,
Ու հազար ձայներ, քառասուն տեսիլք
Խմբվում են շուրջս, պարում մոլեգին:

Քառասուն աղջիկ թվում է կգան,
Քառասուն անգամ կհամբուրեն ինձ,
Եվ ես շուրթերս արևին կտամ,
Մաքուր, մենավոր կնստեմ իմ ձին:

Եվ ես կնստեմ իմ տան բարկ շեմին,
Հանդարտ, ինչպես ձյուն հավաքող դաշտեր,
Իմ տրտմությունը՝ հաց մենավորին,
Իմ մանկությունը՝ զորավոր տեսիլք:

 

***
Օ˜, ինչքան մեծ է ապրելու ուժը երակներիս մեջ,
Հիմա գետերը հեղեղ կդառնան իմ վարարումից,
Լճերը կելնեն ու ծովերի պես ալիքներ կտան,
Աստվածուհիներ կգան ինչպես նոր հավատի զոհեր։

Ահա պոկվում են ինձանից այնքան կրակներ,
Որ հեթանոսը կարող էր հազար զոհեր խորովել,
Եվ ունեմ, ունեմ հիմա այս պահին աստծո թևեր,
Զոհորը բերեք, հարություն կտամ կնվիրեմ ձեզ։

Ներշնչանքներիս թափը ձեզ համար հավատ կարարի,
Որ ոչ տառապեք, ոչ զոհաբերվեք առավոտ ծեգին,
Եվ կարող եմ ես մի երգ արարել, որը ձեզ կայրի
‎Ավելին, քան թե տաք արեգակը վառվող կեսօրին։

Ուրեմն բացեք, բացեք սիրտը ձեր, հրաշք եմ, հեղեղ,
Որ պիտի թափվեմ, թափվեմ նորանամ ու երկրպագեմ,
Եվ եթե ունեք կորուստներ անթիվ, անմեղ կորուստներ,
Ինձ մի մոռացեք, հարություն կտամ, կնվիրեմ ձեզ։

 

***
Հիմա,
այս պաղ իրիկնային զավեշտի մեջ
երբ երկնքով անցնում ես դու,
երբ երկրով անցնում եմ ես`
փոշի ցանող տագնապահար ամպի նման,
ինձ թվում է-
ցավի փոքրիկ զարդանկար կա իմ ձեռքում,
և այն պարզած
շրջանցում եմ դեմք ու արկած,
ու գնում եմ, որ ճաշակեմ մի պատմություն`
թե երկնքով գնում ես դու,
թե երկրով գնում եմ ես։
Ու շաղվում եմ հեշտանքների պարող ամպով,
ու գնում եմ ցնորքի զույգ մատանիներ,
որ գեթ մի պահ զանազանվենք
դու` երկնքից, ես` երկրից
հնազանդվենք այն ձայներին,
որ երգեցիկ ձայնով պիտի ծլարձակվեն։

 

***
Անձրև է, և
օրերը տանում են ինձ ոտաբոբիկ,
տանում են զույգ հրեշտակներ թևերիս տակ,
տանում են ծույլ հիշողության թևը բռնած։
Եվ ո՞վ է ինձ իբրև պատրանք հայտագրել,
և ո՞վ է ինձ դրել ծաղկող տերևի մեջ,
ո՞վ է տանում, ոչ ձայն ունեմ ու ոչ զանգակ,
անփառունակ, անհիշատակ տանում է ինձ։
Իսկ ես կքված նայում եմ պաղ հողի դեմքին,
ոչ զարդ ունի, ոչ երփնագիր, ոչ հիշատակ,
ու երկնքի փոքրիկ մաղով մաղում է ինձ
ու անցքերում հիշատակում որմնանկար;
Անձրև է , և
դուրս է հոսում իրիկնային ծաղկափոշին,
զրույցների համար նշխար,
իսկ սեղանին վարդ է բերում,
և կորուստներ հիշատակող ամեն մի ծառ
ունի դեմքը հիշողության ու զարթոնքի։

 

ԻՆՁ ՃԱՆԱՉՈՂԸ

Ահա երկրում մեկն ինձ ճանաչեց, և ես մերկացա,
նա ինձ մոտեցավ փրկողի ձեռքով, ու դեմքին յուղ էր,
նա ինձ հագցրեց վարդե շապիկներ, գլխին պսակ էր,
քանի որ շատ բառեր կար ներսում, շուրթերն էր ներկել։

Ախ նա վեր կացավ, նա ինձ մոտեցավ, նա ինձ ճանաչեց,
նա ինձ հագցրեց փայտե կոշիկներ ու դեմքիս նայեց,
ախ, իմ թևերից կախեց ստվերներ ու շագանակներ,
ախ, իմ թևերը ծերացան շոգից, գլուխը բաց էր։

Եվ առաջնորդեց, ինձ տարավ այնտեղ, ուր չեն երկմտում,
այնտեղ այսօրը ցավեր է բուժում, անցյալը` ոչինչ,
այնտեղ ինձ տվեց ձիթենու մի ճյուղ ու հիշողություն,
և հիշողության քառասուն ծաղիկ ընձյուղվեց ինձնից:

Ծաղկեցին, ինչպես լույսն է ծաղկում, իր մեջ ամփոփվում։
ու հուներ բացում գետերի համար ու առավոտի,
այսպես ծաղկելով, շառագունելով կանգնել էի հեռվում-
և գույն էր վառվում, այդ զգեստներն էին ինձ ճանաչողի:

 

***
Օրը բացվեց ու եղավ
Գույների տաք պատարագ,
ձանձրույթի քողը նետեմ,
որ ինձ որսա շարունակ:
Որ ինձ տանի, շրջանցեմ
դափնու ճյուղը օրորվող,
ու համբույրի գիշերվա
աստիճանները հյուսեմ:
Հանձնվեմ տաք ցնորքին,
ուշատափվեմ մի վայրկյան,
մարգարտահյուս օրերին
մղվեմ իբրև նահատակ:
ու երիցս հռչակված
զանազանվեմ խավարից,
ու երիցս կրկնված
դուրս հոսեմ իմ պատյանից՝
իբրև ցնցող, ծանր գուժ,
իբրև ծանոթ մի պատկեր՝
ետկեսօրյա մղումով
ու ցանկությամբ ետճաշյա:
Որ երբ մեղմեմ իմ հոգին
ու ազատվեմ նրա մեջ
հասունացող պատրանքից-

 

***
Կանգնած եմ նորից օրերի դիմաց,
ոչ հունձք կա հույսի,
ոչ ավետումի ծաղկող ճանապարհ,
հիշողության մեջ
հպատակություն փնտրող ձայները
նորից վարձկան են ու վտարանդի։
Ախ, լիներ մի ձայն
կիրակնամուտի զգեստներ հագին
ազդագրերը փակցներ սրտիս
ու գնար օրը մտաբերելեու։
Օ˜, ձայն վերընթաց
օ˜, լույս կորստի
հիշողությունը ծաղիկ է դարձել,
հիշողությունը հրդեհում է ինձ,
այրվում եմ, ծուխս չի ելնում երկինք.
ձայնս դառնում է հիշատակարան։

 

***
Հազար տարուց էլ ես խորն եմ քնած,
հազար հեքիաթից ավելի բարի,
և մշուշները աղբյուրներից շատ,
խշշոցն են լսում տաք առուների:

Ես դատարկված եմ նախահոր ձեռքով,
ես իմ նախահոր ձեռքում ավարտված,
ապրում եմ հիմա տաք հնչյուններով,
պաղ առուների վրայով անցած:

Գնում են հիմա մեկ ուրիշ երկիր,
որտեղ ծաղկում է հիացք ու քամի,
ու հավատում եմ մեկ ուրիշ երգի,
մեկ ուրիշ երկինք փռելով հողին:

Գնում է հիմա քնքշանքն ապրած,
ապրած աստղերի կարեկցանքը հին,
և ինձ չի լքի ո´չ կարոտ, ո´չ հաց,
էլ ինձ չի տանի ուրշների ձին:

Եվ ինձ մի փնտրեք ձեր շուրջը, չկամ,
չկամ, չեմ եղել, բամբասանք է սուտ,
ես դատարկած եմ իմ նախահոր ձեռքով,
ես իմ նախահոր ձեռքում ավարտված:

 

***
Արդար առավոտ,
նորից եմ հերկվում ճառագայթներդ փետրազարդելով,
և զրույցների ակն է զուլալվում,
ու մաքրվում է հեշտանքի աղով,
ու կրակներ եմ հայցում, որ այրվեմ
ու կենդանանամ թմրության դողից։
Որ մեկնությունս տեսիլք չմնա,
որ ջուրը ցողեմ իբրև զորություն
և հանգանակող օրերի համար ջրերին նայեմ
և հույսը նետեմ աջհամբույրի պես։
Իմն ես առավոտ,
քո մարմինն իմն է,
ու ճաշակումի համար եմ կանգնել,
որ հրամցնեմ ջրերին ոգի,
որ երբ ծիծաղեմ – դառնամ ճանապարհ,
որ երբ լաց լինեմ – կապեմ կամարներ,
որ երբ լույս դառնամ – իղձերս քամեմ,
ծաղիկներ քաղեմ կապույտ երկնքից
ու կանգնեմ շեմիս,
իբրև արդարը առավոտվա մոտ։

 

***
Տուր վաղնջական գիշերների ծուխ.
տուր հեքիաթները դարմանող ոգի,
տուր ինձ հրաշք, որ զանազանեմ
այն երեսփոխան օրը այսօրից:
Հպատակության գիշեր ընծայի,
թող որ ընկղմվեմ խավարիկ ձորում,
թող անմահները ինձ շտապեցնեն,
որ զգեստներս փնտրեմ եդեմում:
Ո՞վ է իմ արյան շուրջպարաը հյուսել,
որ օրը դառնա թռչնագիրն հողի,
ո՞ւր է մոգության ջահերով տղան
և ո՞ւր է մահը զուգորդող քամին:
շանթարգելներ է ծաղկեցնում հոգիս,
վարդերը խոնարհ զրույց են անում,
մեկը տալիս է ծիսական գոտի,
մեկը վերձնում է ծաղկեփունջն արյան:
Ու գլորվում են հեշտանքն ու քամին,
ու մտրակվում է օրը լուսավոր,
մեղավորներին չես կանգնեցնում տեր,
ու արդարների դուռը չես բացում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *