Սերգեյ Դովլաթով | Ավելորդը

Ալեքսանդր Գրոսսին`
անկասելի ռուս դեգրադանտին,
ավելորդ մարդուն ու խաղաղության խռովարարին:

Ինչպես միշտ` խմիչքը քչություն արեց, և ինչպես միշտ` ես դա կանխատեսել էի: Այ ուտելիքի հարցում խնդիր չկար: Եվ ինչպե՞ս կարող էր լինել: Ի՞նչ խնդիրներ կարող են լինել, եթե Սևաստյանովին հաջողվում էր սովորական խնձորը բաժանել վաթսունչորս շերտի…
Հիշում եմ` երկու անգամ գնացինք «ստրելեցկի» բերելու: Հետո ինչ-որ աղջիկներ հայտնվեցին` սառցաբալետից: Շաբլինսկին մի գլուխ նայում էր աղջիկներին ու կրկնում.
– Մենք կհալացնե՜նք էդ սառույցը… Մենք կհալացնե՜նք էդ սառույցը…
Վերջապես օղու գնալու իմ հերթը հասավ: Շաբլինսկին միացավ ինձ: Երբ վերադարձանք, աղջիկներն արդեն չկային:
Շաբլինսկին ասաց.
– Կնանիք իմ կարծածից խելոք են: Կերան, խմեցին, թռան…
– Ավելի լավ,- ասաց Սևաստյանովը,- էկեք կարտոլ խաշեմ ձեր համար:
– Գուցե շիլա է՞լ առաջարկես,- ասաց Շաբլինսկին:
Խմեցինք ու ծխեցինք: Ալկոհոլն արդյունավետ չէր ազդում: Ախր կարգին խմելն էլ արվեստ է:
Նման վիճակներում աղջիկներին զանգելն անիմաստ է: Եթե հարբեցողությունը չի կայացել, ուրեմն` վերջ: Նշանակում է քեզ համատարած նվաստացումներ են սպասում: Պետք է փոխել իրադրությունը: Գլխավորը իրադրությունն է:
Հիշում եմ` Թոֆիկ Ալիևը պատմում էր.
– Տանը ռոյալ ունեմ, մահճախորշ, արծաթե գդալներ… Նկարները` համարյա Վերածննդի դարաշրջանի… Ու` ոչ մի սեքս: Իսկ գարաժում ամեն կարգի հնոտի է, մաշված անիվներ, բրեզենտե ծածկոց … Հենց էդ ծածկոցի վրա էլ պարի ուսումնարանի ուղիղ կեսին դրել եմ: Շատերը համոզում էին` գնանք գարաժ: Էնտեղ, իբր, իրադրությունը համահունչ է…
Շաբլինսկին վեր կացավու ասում է.
– Գնանք Տալլին:
– Գնացինք,- ասում եմ:
Իմ համար մեկ էր, մանավանդ, որ աղջիկներն անհետացել էին:
Շաբլինսկին աշխատում էր «Սովետական Էստոնիա» թերթում: Մի շաբաթ հյուրընկալվել էր Լենինգրադում: Ու հիմա համընթաց մեքենայով տուն էր վերադառնում:
Սևաստյանովը ծույլ-ծույլ առաջարկեց չցրվել: Մենք հրաժեշտ տվինք ու դուրս եկանք: Մտանք խանութ: Շշերից մեր գրպաններն ուռել էին: Ես ամառային շապիկով ու մարզակոշիկներով էի: Նույնիսկ անձնագիր չկար:
Տասը րոպեից մի «Վոլգա» մոտեցավ: Ղեկին մի մռայլ մարդ էր, ում Շաբլինսկին Գրիշանյա էր ասում:
Գրիշանյան ամբողջ ճանապարհին լուռ էր: Օղի չխմեց: Ինձ նույնիսկ թվաց` Շաբլինսկին նրան առաջին անգամն էր տեսնում:
Արագ անցանք Լենինգրադի հյուսիս-արևմտյան գորշ արվարձանները: Հետևեցին միանման ավանները, աղքատիկ բուսականությունն ու դանդաղահոս գետակները: Ուղանցի մոտ Գրիշանյան արգելակեց, բացեց դուռն ու գնաց թփերի կողմը: Ընթացքում շալվարի կոճակներն էր արձակում` պայմանականություններն անտեսող մարդու վճռականությամբ:
– Ինչի՞ է էդպես մռայլ,- հարցնում եմ:
Շաբլինսկին պատասխանեց.
– Մռայլ չի: Քննության տակ է: Եթե չեմ սխալվում` կաշառքի գործով:
– Ինչ-որ մեկին կաշա՞ռք է տվել:
– Մի սրբացրու Գրիշային: Չի տվել, վերցրել է: Ընդ որում, անսահմանափակ քանակությամբ: Ու հիմա քննության տակ է: Արդեն չբացակայելու մասին ստորագրություն են վերցրել:
– Բա ո՞նց է դուրս եկել:
– Որտեղի՞ց:
– Լենինգրադից:
– Ստորագրությունը Տալլինում է տվել:
– Բա Տալլինի՞ց ոնց է հեռացել:
– Շատ պարզ: Նստել է մեքենան ու քշել: Գրիշան արդեն կորցնելու բան չունի: Շուտով կալանքի կառնեն:
– Ե՞րբ,- հարցս ավելորդ էր:
– Հենց որ հայտնվի Տալլինում:
Այստեղ Գրիշանյան դուրս եկավ թփուտից: Ընթացքում կենտրոնացած կոճկում էր շալվարը: Ուժեղ դաստակներին ինչ-որ բան պսպղաց:
«Ձեռնաշղթանե՞ր են»,- մտածեցի ես:
Հետո մի զույգ ժամացույց տեսա` մետաղյա ապարանջաններով:
Շարժվեցինք առաջ:
Նարվայից այն կողմ բնապատկերը փոխվեց: Բնությունը պակաս անկանոն էր թվում: Տները ավելի կոկիկ ու խստաշունչ էին:
Շաբլինսկին խմել ու ննջում էր: Իսկ ես անընդհատ մտածում էի` ինչո՞ւ: Ո՞ւր և ինչո՞ւ եմ գնում: Ի՞նչ է ինձ սպասում: Եվ ինչքա՜ն հիմար դասավորվեց կյանքը…
Վերջապես հասանք Տալլին: Անցանք անդեմ աղյուսաշեն արվարձանները: Հետո ինչ-որ տեղ առկայծեց-անցավ գոթիկան: Եվ ահա Ռատուշայի հրապարակում ենք:
Նստիքի տակ շիշ զնգաց: Գրիշանյան արգելակեց: Շաբլինսկին արթնացավ:
– Ահա և տանն ենք,- ասաց նա:
Ես դուրս եկա մեքենայից: Սալահատակն անդրադարձնում էր տարտամ նեոնային տառերը: Հարթ ճակտոնները խստադեմ դուրս էին լողում խավարից: Բնապատկերը Անդերսենի նկարազարդումներն էր հիշեցնում:
Շաբլինսկին ինձ պարզեց ձեռքը.
– Կզանգե՛ս:
Չհասկացա:
Այդ ժամանակ նա ասաց.
– Նելկան անհանգստանում է:
Այստեղ իսկապես շփոթվեցի: Հուսահատությունից նույնիսկ հարցրի.
– Ի՞նչ Նելկա:
– Կինս,- ասում է Շաբլինսկին:- Մոռացա՞ր: Առաջինը դու չանջատվեցի՞ր հարսանիքին..
Շաբլինսկին վաղուց էր աշխատում կուսակցական թերթում: Պաշտոնական դիրքը նրան այնքան էլ չէր նեղում: Մեջը նույնիսկ ինչ-որ հմայք էր մնացել:
Ընդհանրապես նկատել եմ, որ մարդկային հմայքը սպանելը բավական դժվար է: Շատ ավելի դժվար, քան` բանականությունը, սկզբունքները կամ համոզմունքները: Երբեմն անզոր են կուսակցական աշխատանքի տասնամյակներն անգամ: Պատահում է` պատիվը լիովին կորսված է, բայց հմայքը պահպանվել է: Նույնիսկ, պատկերացրեք, մի հմայիչ բանտապետի գիտեի Մորդովիայում…
Կարճ ասած, Շաբլինսկին նորմալ մարդ էր: Եթե ստորություններ անում էլ էր, ապա առանց ավելորդ ոգևորության: Համարյա ընկերներ էինք: Եվ ահա.
– Զանգի՛,- կրկնեց նա…
Տալլինում առաջ էլ էի եղել: Բայց ծառայողական գործուղումներ էին: Այսինքն` անհրաժեշտ թղթերով, փողով ու հյուրանոցով: Եվ գլխավորը` ճղճիմ, բայց բանական նպատակի զգացողությամբ:
Իսկ հիմա՞ ինչի եմ եկել: Խմբագրությունից ինձ հեռացրին: Գրպանումս` տասնվեց ռուբլի: Միակ ծանոթս շտապում է կնոջ մոտ: Նույնիսկ Գրիշանյան կալանավորվելու շեմին է:
Այստեղ Շաբլինսկին մտքի մեջ ընկավ ու ասում է.
– Մի գաղափար ունեմ: Գնա Բուշի մոտ: Կասես` ես եմ ուղարկել: Բուշը քեզ հաճույքով օթևան կտա:
– Ո՞վ է էդ Բուշը:
– Բուշը ֆանտաստիկ երևույթ է: Ինքդ կտեսնես: Կարծում եմ` քեզ դուր կգա: Հեռախոսը` չորս, երկու զրո, տասնմեկ:
Հրաժեշտ տվինք իրար: Գրիշանյան նստած էր մեքենայի մեջ: Շաբլինսկին ձեռքով արեց ու արագ չքացավ անկյունադարձին: Հենց այդպես էլ լքեց ինձ անծանոթ քաղաքում: Զարմանալի է, բայց մի շաբաթից մենք կաշխատենք նույն թերթում ու համարյա ընկերություն կանենք:
Այստեղ դանդաղ իջավ մեքենայի պատուհանի ապակին, ու Գրիշանյան դուրս նայեց:
– Գուցե քեզ փո՞ղ է պետք,- հարցրեց:
Փող պետք էր: Ավելին` անհրաժեշտ էր: Բայցևայնպես պատասխանեցի.
– Շնորհակալ եմ: Փող կա:
Առաջին անգամ տեսա Գրիշանյայի դեմքը: Ջրասուզակի էր նման: Նույնքան միայնակ ու անթափանց:
Ուզում էի որևէ հաճելի բան ասել: Ինձ ապշեցրեց նրա վեհանձնությունը: Փող առաջարկել կալանքից առաջ. ի՞նչը կարող է գեղեցիկ լինել ճակատագրի այդպիսի կտրական ժխտումից…
– Հաջողությո՛ւն,- ասացի ես:
– Չա՛ո,- կարճ պատասխանեց Գրիշանյան:

Աշխատանքից ինձ ազատեցին հոկտեմբերի սկզբին: Կոնկրետ պատճառ չկար: Ազատեցին, ինչպես ասում են, «միագումարով»: Ըստ երևույթին, չափից դուրս շատ ավելորդություններ էի արել:
Ժուռնալիստիկայում յուրաքանչյուրին միայն մեկ բան է թույլատրվում: Միայն մի կետում կարելի է խախտել սոցիալիստական բարոյականության սկզբունքները: Այսինքն` մեկին թույլատրվում է խմել: Մյուսին` խուլիգանություն անել: Երրորդին` քաղաքական անեկդոտներ պատմել: Չորրորդին` հրեա լինել: Հինգերորդին` անկուսակցական: Վեցերորդին` անբարոյական կյանք վարել: Եվ այսպես շարունակ: Սակայն յուրաքանչյուրին, կրկնում եմ, միայն մեկ բան է թույլատրվում: Չի կարելի միաժամանակ հրեա ու հարբեցող լինել: Խուլիգան ու անկուսակցական…
Իսկ ես աղետալիորեն բազմակողմանի էի: Այսինքն ինձ թույլ էի տալիս ամեն ինչից մի քիչ:
Խմում էի, տուրուդմփոց սարքում, քաղաքական կարճատեսություն դրսևորում: Բացի այդ, կուսակցության անդամ չէի ու նույնիսկ մասամբ հրեա էի: Վերջապես, ընտանեկան կյանքս ավելի ու ավելի էր խճճվում:
Եվ ինձ ազատեցին: Կանչեցին կուսկոմիտեի նիստին ու ասացին.
– Բավակա՛ն է: Մի մոռացեք, որ ժուռնալիստիկան գաղափարական ճակատի առաջին գիծն է: Իսկ ռազմաճակատում գլխավորը կարգապահությունն է: Հենց դա էլ չունեք: Պա՞րզ է:
– Փոքրիշատե:
– Ձեզ ուղղվելու հնարավորություն ենք տալիս: Գնացեք գործարան: Ձեզ դրսևորեք ծանր ֆիզիկական աշխատանքում: Բանթղթակից դարձեք: Ձեր թղթակցություններում արտացոլեք իսկական կյանքը…
Այստեղ չդիմացա.
– Իսկական կյանքի համար,- ասում եմ,- առանց դատուդատաստանի կգնդակահարեք:
Նիստի մասնակիցները սրտմտությամբ իրար նայեցին: Ես ազատվեցի «սեփական դիմումի համաձայն»:
Դրանից հետո այլևս չծառայեցի: Ինչ-որ գեներալական հուշեր էի խմբագրում: Փող էի սարքում ռադիոյում: Գրքույկ գրեցի` «Կոմունիստները նվաճեցին տունդրան»: Բայց նույնիսկ այստեղ քաղաքական կոպիտ սխալ թույլ տվի: Գրքույկում խոսքը Մոնչեգորսկի շինարարության մասին էր: Իրադարձությունները տեղի էին ունենում երեսունական թվականների սկզբին: Պատասխանատու աշխատողների մեջ բազմաթիվ հրեաներ կային: Հիշում եմ ոմն Շիմկուսի, Ֆելդմանի, Ռապոպորտի… Քաղկոմում ծանոթացան ու ասացին.
– Էս ի՞նչ սիոնիստական թռուցիկ է: Էս ի՜նչ առասպելական հրեաներ են տունդրայում: Անհապաղ ոչնչացնել ամբողջ տպաքանակը…
Բայց հոնորարն արդեն ստացել էի: Հետո ներքին գրախոսություններ էի գրում ամսագրերի համար: Անանուն աշխատակցում էի հեռուստատեսությանը: Կարճ ասած, վերածվեցի ազատ արվեստագետի: Եվ վերջապես քամին քշեց-տարավ Տալլին…
Հուշանվերների խանութի մոտ հեռախոսի խցիկ կար: Հիշեցի թվերը. չորս, երկու զրո, տասնմեկ:
Զանգում եմ: Պատասխանում է մի կանացի ձայն.
– Լսում եմ (Հնչում էր` «վսում եմ»):- Վսում եմ, սիվելի՛ս:
Խնդրեցի հեռախոսի մոտ կանչել Էրիկ Բուշին: Ի պատասխան.
– Տանը չի: Արդեն անհանվստանում եմ: Խովք էր տվել, որ չի ուշանա: Էնպես որ, եկեք: Հվաշալի կզվուցենք:
Կինը բավական հստակ թելադրեց հասցեն: Բացատրեց` ինչպես տեղ հասնեմ:
Պստլիկ էստոնական տրամվայն օրորվում էր շրջադարձերին: Քսան րոպեից Կադրիորգում էի: Հեշտությամբ գտա կիսավեր գերանակապ տունը:
Դուռը բացեց հիսունին մոտ, նիհար, բաց երկնագույն մազերով մի կին: Շառագույն գիշերազգեստի ժանյակները հասնում էին ոսկեգույն արաբական կիսակոշիկներին: Դեմքը` դիմափոշու թանձր շերտի տակ: Այտերին վառվում էր քիմիական վարդագույնը: Կինն ասես գավառական օպերետի հերոսուհի լիներ:
– Էրիկը տանն է,- ասաց:- Ներս եկեք:
Մենք կողք-կողքի դժվարությամբ անցանք նեղլիկ միջանցքը: Մտա սենյակ ու քար կտրեցի: Այդպիսի հրեշավոր անկարգություն տեսած չկայի:
Կեղտոտ ամանեղենը թափված էր ճաշասեղանին: Կանաչավուն պաստառների ծվենները կախկխվել` հատակին էին հասել: Քրքրված գորգի վրա հաստ շերտով թերթեր էին թափված: Սիամական կատուն թռչում էր անկյունից անկյուն: Դռան մոտ շարք էին կանգնել դատարկ շշերը:
Փոս ընկած բազմոցից վեր կացավ երեսնամյա մի տղամարդ: Ամերիկյան կինոդերասանի թուխ, առնական դեմք ուներ: Լավորակ արտասահմանյան պիջակի դարձածալը զարդարված էր մեխակով: Կիսակոշիկները փայլում էին: Հնոտիքով լցված կացարանի ֆոնին Էրիկ Բուշն ասես տիեզերական եկվոր լիներ:
Ողջունեցինք իրար: Անճարակ ու կցկտուր բացատրեցի` ինչն ինչոց է:
Բուշը ժպտաց և անսպասելիորեն խոսեց սահուն ու երգեցիկ չափածոյով.
– Ներս մտիր, հյո՛ւր իմ կեսգիշերային: Խորդանոցը քեզ` տուն ու կացարան: Եվ օջախին է սրճեփը ահա: Պահարանում` պանիրը հոլանդական: Եղբայր կդառնաս ինձ: Գալինային` ազնիվ բարեկամ: Ինչպես որ մորդ` սիրիր դու նրան: Սիրիր որդու պես: Ու թող որ շուրջը բարդակ է տիրում…
– Քավցր բուվկիներ ունենք,- միջամտեց Գալինան:
Բուշը մեղմ, բայց տիրական շարժումով ընդհատեց նրան.
– Ու թող որ շուրջը բարդակ է տիրում, ավելի ծանր փորձություններ կան: Թող որ փչում է մեր պատուհանից: Թող որ կեղտոտ է զուգարանը մեր… Դրա փոխարեն,- ինչը և փաստ է,- իշխանությունը չի՛ք սովետական: Ազատությունն է նշանաբանն իմ, պաշտամունքը իմ ու կուռքը միակ…
Ինձ այնպես էի պահում, ասես ամեն ինչ կարգին է: Ուրիշ ի՞նչ էր մնում: Գիշերվա մեկին գնա՞լ տնից: Դիմել «շտապ օգնությո՞ւն»:
Բացի այդ, խելագարությունը դեռ ամենասարսափելին չի: Տարիների ընթացքում այն ինձ համար ավելի ու ավելի էր դառնում չափ ու կարգ: Իսկ կարգը` հակաբնական մի բան:
Կարգին մարդն ինձ մեն-մենակ թողեց: Իսկ խելագարը սուրճ, բարեկամություն ու խորդանոց է առաջարկում…
Ես ջանք արեցի և արտասանեցի.
– Ձեզ հյուր լինելը խիստ հաճո է ինձ: Երախտապարտ եմ տանիքի համար: Մանավանդ, և դա թող հայտնի լինի, բոլորը վաղուց թքում են վրաս…
Հետո սուրճ խմեցինք, ջեմով բուլկի կերանք: Սիամական կատուն թռավ գլխիս: Գալինան պտտեց Օֆենբախի ձայնասկավառակը:
Բաժանվեցինք մոտ ժամը երկուսին:

Բուշի ու Գալինայի մոտ ապրեցի երեք շաբաթ: Եվ ամեն օր նրանք ինձ ավելի ու ավելի էին դուր գալիս: Չնայած երկուսն էլ անհույս շիզոֆրենիկներ էին:
Էրիկ Բուշը պատկառելի ընտանիքից էր սերում: Հայրը գիտությունների դոկտոր ու մաթեմատիկայի պրոֆեսոր էր Ռիգայում: Մայրը` գործվածքեղենի հանրապետական ինստիտուտի բաժնի վարիչ: Յոթ տարեկանում Բուշն ատեց երկուսին էլ: Ինչ-որ հրաշքով նա համարյա ծննդյան օրվանից հակասովետական ու նոնկոնֆորմիստ էր: Ծնողներին «առաջքաշվածներ» էր կոչում:
Դպրոցն ավարտելով` Բուշը լքեց Ռիգան: Տարուց ավելի աշխատեց ձկնորսանավի վրա: Հետո ինչ-որ ժամանակ լուսանկարիչ էր լողափին: Ընդունվեց Լենինգրադի մշակույթի ինստիտուտի հեռակա բաժին: Ավարտելով` լրագրող դարձավ:
Թվում էր` նրա աշխարհընկալումն ունեցող մարդուն այդպիսի գործունեությունը հակացուցված է: Չէ որ Բուշը պարզապես գոյություն ունեցող կարգերը չէր քննադատում շ: Բուշը ժխտում էր բուն պատմական իրականությունը: Մասնավորապես` հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ:
Նա պնդում էր, որ անվճար առողջապահություն գոյություն չունի: Կասկած էր հայտնում տիեզերքում մեր առաջնության վերաբերյալ: Երրորդ բաժակից գոռում էր.
– Գագարինը տիեզերք չի թռել: Տիտովն էլ չի թռել… Ու բոլոր սովետական հրթիռները կավով լի պահածոյի հսկա տուփեր են…
Թվում էր` այդպիսի մարդը տեղ չպիտի ունենար սովետական ժուռնալիստիկայում: Բայցևայնպես՝ Բուշը հենց այդ զբաղմունքն ընտրեց: Սկզբունքային նոնկոնֆորմիզմը նրա մեջ գոյակցում էր բացարձակ անսկզբունքայնության հետ: Նման բաներ պատահում են:
Բուշի ստեղծագործական ոճի վրա ազդեցություն էին ունեցել գերմանական էքսպրեսիոնիզմի դասերը: Նրա թղթակցություններից մեկը սկսվում էր այսպես.
«Եկավ խոշոր եղջերավոր անասունների աստեղային ժամը: Անասնաբույժների համագումարի մասնակիցները ձեռնամուխ եղան աշխատանքի: Կաթ ու գոմաղբ բուրող հռետորները հաջորդում են իրար»:
Բուշը սկզբում գավառական թերթում էր աշխատում: Բայց ծայրամասն արագ ձանձրացրեց: Փոքրիկ հյուսիսային քաղաքի համար նա չափազանց խոշոր անհատականություն էր:
Երկու տարի առաջ Բուշը տեղափոխվեց Տալլին: Տեղավորվեց ինչ-որ ծերացող կնոջ մոտ:
Բուշի մեջ մի բան կար, որ ճակատագրական ազդեցություն էր գործում ծերացող կանանց վրա: Այն է` աղքատությունը, գեղեցկությունը, խայթող հումորը, բայց ամենագլխավորը` բնավորության կատարյալ բացակայությունը:
Երկու տարում Բուշը գայթակղեց չորս ծերացող կանանց: Գալինա Արկադևնան հինգերորդն ու ամենասիրելին էր: Մյուսները Բուշի հանդեպ պահպանեցին երախտագիտության ու հիացմունքի զգացումը:
Չար լեզուները Բուշին ալֆոնս էին կոչում: Դա անարդար էր: Ծերացող կանանց հանդեպ սիրո մեջ նա առաջնորդվում էր այլասիրական շարժառիթներով: Բուշը նրանց բարեհաճորեն թույլ էր տալիս իր վրա հեղել դառը, ուշացած հույզերի ջրվեժները:
Բուշի մասին կամաց-կամաց սկսեցին լեգենդներ հյուսվել: Նա շարունակ պատմությունների մեջ էր ընկնում:
Մի անգամ Բուշն ուշ երեկոյան անցնում էր Կադրիորգով: Մոտեցան երեք հոգի: Նրանցից մեկը մռայլ ասաց
– Ծխելի՛ք տու:
Ի՞նչ է անում նման վիճակներում նորմալ մարդը: Համեմատաբար խելամիտ պահվածքի երեք տարբերակ կա:
Անխռով ու առանց վախի` խուլիգանին պարզել ծխախոտը:
Արագ անցնել կամ ավելի լավ է` գլխապատառ փախչել:
Եվ վերջինը` նոկաուտ անել ամենամոտ կանգնածին ու շտապ հեռանալ:
Բուշն ընտրեց ամենամահացու, ամենից անսովոր տարբերակը: Բռի պահանջին ի պատասխան քաղաքավարի հարցրեց:
– Ի՞նչ է նշանակում` տո՛ւ: Մի՞թե մենք բրուդերշաֆտ ենք խմել:
Ավելի լավ կլիներ` չափածո արտահայտվեր: Նրան կարող էին վտանգավոր խելագարի տեղ դնել: Իսկ այսպես` ծեծեցին, կիսամեռ արին: Հավանաբար խուլիգաններին կատաղացրել էր խորհրդավոր «բրուդերշաֆտ» բառը:
Գիտակցությունը կորցնելով` Բուշը շշնջում էր.
– Ցնծացե՜ք, ռամիկնե՛ր: Հայում եմ դեմքերին ձեր կոպիտ հաղթությունը նյութի…
Մի շաբաթ պառկեց հիվանդանոցում: Ջարդվել էին կողոսկրերն ու մատը դուրս էր ընկել: Ճակատին ռոմանտիկ սպի հայտնվեց…
Բուշը աշխատում էր «Սովետական Էստոնիայում»: Մեկուկես տարի արտահաստիքային թղթակից էր: Խոսում էին մշտական տեղ տալու մասին: Գլխավոր խմբագիրը ժպտալով նայում էր նրա կողմը: Աշխատակիցները լավ էին վերաբերվում: Մանավանդ` ծերացող կանայք: Բուշին տեսնելով` նրանք սկսում էին ինչ-որ բան շշնջալ ու կարմրում էին:
Հաստիքային աշխատանքը շատ բան էր նշանակում: Հատկապես` հանրապետական թերթում: Նախ` կայուն եկամուտ: Բացի այդ, բազմաթիվ ու տարատեսակ սոցիալական արտոնություններ: Վերջապես` որոշակի անձնական անպատժելիություն: Այսինքն գլխավորը, որ ռեժիմը պարգևում է իր նոմենկլատուրային:
Բուշը անհամբեր սպասում էր նշանակվնանը: Նա, կրկնում եմ, երկակի անձնավորություն էր: Խռովարարությունը հեշտությամբ գոյակցում էր սկզբունքների բացակայության հետ: Բուշն ասում էր.
– Ռեժիմը տապալելու համար ես պետք է դառնամ նրա հիմնասյուներից մեկը: Եվ այդ ժամանակ ամբողջ կառույցն արագ կխարխլվի…
Մոտենում էր Նոյեմբերի 7-ը: Խմբագիրը կանչեց Բուշին ու ասաց.
– Որոշել ենք, Էռնստ Լեոպոլդովի՛չ, ձեզ պատասխանատու հանձնարարություն տալ: Քարտուղարությունում անցաթուղթ եք վերցնում: Գնում եք քաղաքային առևտրական նավահանգիստ: Զրուցում եք մի քանի օտարերկրյա նավապետների հետ: Ընտրում եք մեկին, ով առավել չեզոք է սոցիալիզմի գաղափարների հանդեպ: Որոշ հարցեր եք տալիս: Հասնում եք փոքրիշատե ընդունելի պատասխանների: Կարճ ասած, հարցազրույց եք վերցնում: Ցանկալի է, որ ծովայինը շնորհավորի մեզ Հոկտեմբերյան հեղափոխության վաթսուներեքերորդ տարեդարձի առթիվ: Դա չի նշանակում, որ պիտի քաղաքական կարգախոսներ հռչակի: Բոլորովի՛ն: Բավական է զուսպ ու հարգալից շնորհավորանքը: Այսքա՛նը: Պա՞րզ է:
– Պարզ է,- պատասխանեց Բուշը:
– Ընդ որում, հենց արևմտյան ծովային է հարկավոր: Շվեդ, անգլիացի, նորվեգացի, կապիտալիստական համակարգի տիպիկ ներկայացուցիչ: Բայցևայնպես, սովետական իշխանության հանդեպ՝ չեզոք:
– Կգտնեմ,- հավաստիացրեց Բուշը,- նման մարդիկ պատահում են: Հիշում եմ մի անգամ Խաբարովսկում խոսքի բռնվեցի շվեյցարական թագավորական տորմիղի մի նավաստու հետ: Մեր մարդն էր, մի գլուխ Լենինից մեջբերումներ էր անում…
Խմբագիրը վեր քաշեց հոնքերը, մտքի մեջ ընկավ ու կշտամբանքով ասաց.
– Շվեյցարիում, ընկե՛ր Բուշ, ծով չկա, թագավոր չկա, հետևաբար և Շվեյցարիայի թագավորական նավատորմ չկա: Ինչ-որ բան շփոթում եք:
– Ո՞նց թե ծով չկա,- զարմացավ Բուշը:- Իսկ ի՞նչ կա ձեր կարծիքով:
– Ցամաք,- պատասխանեց խմբագիրը:
– Ահա՜ թե ինչ,- չէր հանձնվում Բուշը:- Հետաքրքիր է: Շա՜տ հետաքրքիր է… Գուցե լճեր է՞լ չկան այնտեղ: Նշանավոր շվեյցարական լճերը…
– Լճերը կան,- տխուր համաձայնեց խմբագիրը,- իսկ շվեյցարական թագավորական նավատորմ` ոչ… Կարող եք գործել,- եզրափակեց նա,- բայց լուրջ վերաբերվեք, խնդրում եմ: Ինչպես գիտեք` մենք մտածում ենք ձեզ հաստիքային աշխատանք տալու մասին: Այս առաջադրանքը չափազանց վճռորոշ է: Հաջողություն եմ մաղթում…

Տալլինի նավահանգիստը քաղաքի կենտրոնից քսան րոպեի վրա է:
Բուշը հանձնարարությունը կատարելու մեկնեց տաքսիով: Մտավ նավահանգստային բազմատիրաժի խմբագրություն: Լուսանկարիչ Լյովա Բարանովի քառասունամյակն էին նշում: Լիկյորով բաժակը տվեցին Բուշին: Հաճույքով խմեց ու ասաց.
– Ինձ չի կարելի: Հանձնարարություն եմ կատարում:
Էլի մի քիչ խմեց ու զանգեց կարգավարին: Կարգավարը խորհուրդ տվեց հանդիպել արևմտագերմանական «Էդելվեյս» առևտրանավի հրամանատարին:
Բուշը մի բաժակ էլ խմեց ու գնաց չորրորդ կառանատեղ:
Նավապետը Բուշին դիմավորեց նավասանդուղքի վրա: Իսկական ծովային գայլ էր՝ նիհար, թխամաշկ, արծվենի կիսադեմով: Անունը՝ Պաուլ Ռուդի:
Կարգավարը նավապետին զգուշացրել էր սովետական լրագրողի այցի մասին: Սա Բուշին հրավիրեց իր խցիկը:
Զրույցի բռնվեցին: Նավապետը բավական տանելի ռուսերեն էր խոսում: Նախընտրում էր ֆրանսիական կոնյակը:
– «Կորդոն-բլո» է,- ասաց:- Ձեզ դուր կգա: Շիշը` երկու հարյուր մարկ:
Գիտակցելով, որ հարբում է, Բուշը հասցրեց հարցնել.
– Ե՞րբ ես մեկնում:
– Վաղը, տասնմեկ երեսունին:
Հիմա արդեն գործին կարելի էր և չանդրադառնալ: Մեկնելու նախօրեին նավապետն ինչից ասել կարող էր խոսել: Ո՞վ էր ստուգելու:
Զրույցը անթաքույց ու բաց էր:
– Կանանց սիրո՞ւմ ես,- հարցնում էր նավապետը:
– Սիրում եմ,- ասում էր Բուշը,- իսկ դո՞ւ:
– Էն էլ ո՜նց: Բայց իմ Լուիզան գլխի չի ընկնում: Սիրում եմ կանանց, խմիչք ու փող: Դու փող սիրո՞ւմ ես:
– Արդեն մոռացել եմ, թե ինչ տեսք ունի: Էսպիսի գույնզգույն թղթիկներ են, հա՞:
– Կամ մետաղյա կլորակներ:
– Ես դրանք ֆուտբոլից շատ եմ սիրում: Ու նույնիսկ կանանցից ավելի: Բայց` զուտ պլատոնական սիրով…
Բուշը խմում էր, ու նավապետը հետ չէր մնում: Նավախցում լողում էր ամերիկյան սիգարետների ծուխը: Անտեսանելի ռադիոկետից հավայական երաժշտություն էր լսվում: Խոսակցությունն ավելի ու ավելի բաց էր դառնում:
– Եթե իմանայիր,- ասում էր ժուռնալիստը,- ոնց եմ ամեն ինչից զզվե՜լ: Պետք է փախչել էս անիծված երկրից:
– Հասկանում եմ,- համաձայնում էր ծովայինը:
– Դու ինձ չես կարող հասկանալ: Քեզ համար, Պա՛ուլ, ազատությունն օդի պես է: Չես նկատում: Ուղղակի շնչում ես: Ինձ հասկանալ կարող է միայն ափ նետված ձուկը:
– Հասկանում եմ,- ասում էր նավապետը,- ելք կա: Դու գերմանացի ես, չէ՞: Կարող ես վտարանդվել ազատ Գերմանիա:
– Տեսականորեն հնարավոր է: Գործնականում` բացառված: Հա՛, հայրիկս ռուսացած կուռլյանդական գերմանացի է: Մայրս` Լեհաստանից: Երկուսն էլ կուսակցության մեջ են երեսունվեց թվից: Երկուսն էլ առաջքաշվածներ են, ռեժիմի սպասավորներ: Համապատասխան թղթերը չեն ստորագրի:
– Հասկանում եմ,- կրկնում էր նավապետը,- ուրիշ ելք կա: Ընդունվի առևտրային նավատորմ, դառ նավաստի: Հասի նրան, որ վիզա ստանաս: Ու արևմտյան նավահանգստում հայտնվելով՝ փախի: Ապաստան խնդրի:
– Էդ էլ է պատրանք: Ես, ախր, սև ցուցակում եմ: Վիզա չեն տա: Արդեն փորձել եմ, չի ստացվել… Ավա՜ղ, ես դատապարտված եմ դանդաղ մահվան…
– Հասկանում եմ… Կարող եմ «Էդելվեյսում» թաքցնել: Բայց վտանգավոր է: Որ բռնեցին, քեզ կդատեն որպես դավաճանի…
Նավապետը սթափ էր դատում: Չափազանց սթափ: Ընդհանրապես, որպես օտարերկրացի` արտակարգ իրազեկված էր: Սթափ մարդուն դա կարող էր կասկածելի թվալ: Բայց Բուշը արդեն լրիվ հարբել էր: Բուշը ճառում էր.
– Նա չի ազատ, ով պայքարում է ռեժիմի դեմ: Եվ ոչ նա, ով հաղթահարում է վախը: Այլ նա, ով չգիտի` վախն ինչ է: Ազատությունը, Պա՛ուլ, օրգանիզմի գործառույթ է: Դու չես հասկանա: Չէ՞ որ ազատ ես ծնվել, ինչպես թռչունը:
– Հասկանում եմ,- պատասխանում էր նավապետը…
Կեսգիշերին մոտ Բուշը իջնում էր նավասանդուղքով: Ժամանակ առ ժամանակ քայլը դանդաղեցնելով` նա վեր էր պարզում բռունցքը` «ռոտ ֆրոնտ»: Հետո ցցում էր մատները, ինչը նշանակում էր` «վիկտորիա»: Հաղթանա՛կ…
Նավապետն ըմբռնումով նայում էր հետևից…
Հաջորդ օրը Բուշը հայտնվեց խմբագրությունում: Գրգռված էր, բայց` սթափ: Նրա սիգարետներն անուշ բուրում էին: Ծոցագրպանից դուրս էր նայում «Պարկեր» ինքնահոս գրիչը:
Բուշը հոդվածը հանձնեց մեքենագրուհուն: Երկար ու գեղեցիկ վերնագիր ուներ. «Ես կվերադառնամ, որ նորից ճաշակեմ տարեկանի հացը»:
Հոդվածը սկսվում էր այսպես.
«Նավապետ Պաուլ Ռուդիին գտա մեքենայական բաժանմունքում: «Էդելվեյս» առևտրական նավը պատրաստվում է նավարկության: Մաշված մեխանիզմները լրացուցիչ ստուգում են պահանջում:
– Տիրոջը միայն եկամուտն է հետաքրքրում,- տրտնջում է նավապետը:- Քսան անգան առաջարկել եմ փոխել մխոցները: Մեկ էլ տեսար բաց ծովում պայթեցին: Տերն ինքը ճամփորդում է առագաստանավով: Իսկ մենք էստեղ խաշվում ենք, ոնց որ սատանան դժոխքում…»:
Վերջն այսպես էր.
«Նավապետը խծուծով սրբեց կոշտուկապատ ձեռքերը: Մորուքը մազութից պսպղում էր: Կավե ծխափողը ցած էր քաշում քառանկյուն ծնոտը: Նա աչքով արեց ու ասաց.
– Հիշի՛ր, երիտասա՛րդ: Ազատությունն օդի պես է: Դու ազատություն ես շնչում ու չես նկատում… Սովետական մարդիկ դա չեն հասկանա: Չէ՞ որ նրանք ազատ են ծնվել, ինչպես թռչունները: Իսկ ինձ միայն ափ նետված ձուկը կհասկանա… Դրա համար էլ ես կվերադառնամ: Կվերադառնամ, որ նորից ճաշակեմ տարեկանի հացը: Ազատության, հավասարության ու եղբայրության բուրավետ հացը»:
– Վատ չէ,- ասաց խմբագիրը:- Կենդանի խոսք է, համոզիչ: Միակ բանը, որ մտահոգում է… Իսկապե՞ս նման բան է ասել…
Բուշը զարմացավ.
– Ուրիշ ի՞նչ կարող էր ասել
– Ասենք, հա, իհարկե,- նահանջեց խմբագիրը:
Հոդվածը հրապարակվեց: Հաջորդ օրը Բուշին կանչեցին խմբագրի մոտ: Աշխատասենյակում հիսունին մոտ մի անծանոթ տղամարդ կար: Դեմքը կատարյալ անտարբերություն ու միաժամանակ` ծայրահեղ սևեռում էր արտահայտում:
Խմբագիրը մի տեսակ ստվերում էր հայտնվել: Իսկ տղամարդը, անշուքությամբ հանդերձ, փռվել էր ազատ ու հիմնավոր: Իրենով լցրել էր նոմենկլատուրային առանձնասենյակի ամբողջ տարածությունը: Նույնիսկ Լենինի գիպսե կիսանդրին էր փոքրացել կարմիր կտորով պաստառած պատվանդանի վրա:
Տղամարդը նայեց Բուշին ու հազիվ լսելի ասաց.
– Պատմե՛ք:
Բուշը գրգռված հարցրեց.
– Ի՞նչ: Ո՞ւմ: Ընդհանրապես, ներեցեք, ո՞ւմ հետ գործ ունեմ:
Պատասխանը կարճ էր, ասես կետագծված.
– Հանդիպման մասին… Ինձ… Սորոկին… Գնդապետ Սորոկին…
Իր կոչումը հրապարակելով՝ գնդապետը, ասես վերջնականապես ուժասպառ, լռեց:
Ինչ-որ բան Բուշին ստիպեց ենթարկվել: Սկսեց պատմել նավապետ Ռուդիի մասին հոդվածը:
Գնդապետն անուշադիր էր լսում: Ավելի ճիշտ, համարյա քնած էր: Հիշեցնում էր ծույլ ուսանողին հարց տված պրոֆեսորի: Հարց, որի պատասխանը կանխավ հայտնի է:
Բուշը պատմում էր` հետևելով հոդվածում շարադրված փաստերին: Խոսքը հանդիսավոր ավարտեց.
– Որտե՞ղ ես, Պա՛ուլ: Ո՞ւր է քշում քեզ հեռավոր դեգերումների քամին: Որտե՞ղ ես հիմա, իմ օտարերկրյա բարեկա՛մ…
– Բանտում,- անսպասելի պատասխանեց գնդապետը:
Նա թերթով խփեց սեղանին, ասես ճանճ էր սպանում, ու հատ-հատ ասաց.
– Պաուլ Ռուդին բանտում է: Ձերբակալել ենք որպես հայրենիքի դավաճանի: Իսկական ազգանունը Ռյուտի է: Փախստակ էստոնացի է: Յոթանասուն թվին բայդարկայով փախել է Շվեդիա: Հետո հիմնավորվել է Համբուրգում: Ամուսնացել է Լուիզա Ռեյշվիցի հետ: Չորրորդ տարին է` լողում է արևմտագերմանական առևտրական նավատորմի նավերով: Վերջապես առաջին ուղերթը կատարեց Էստոնիա: Մենք նրան վաղուց էինք սպասում…
Գնդապետը դարձավ խմբագրին.
– Մեզ մենակ թողեք:
Խմբագրի համար տհաճ էր, որ դուրս են անում սեփական առանձնասենյակից: Քրթմնջաց.
– Ես հենց պատրաստվում էի ձևավորումները նայել:
Ու դուրս եկավ:
Գնդապետը դիմեց Բուշին
– Ի՞նչ կասեք:
– Ցնցված եմ: Ի՞նչ ասեմ:
– Ինչպես ասում են` սխալմունք եղավ:
Սակայն Բուշը հետևում էր նախկին վարկածին.
– Ես նկարագրեցի ամբողջը` ինչպես եղել է: Նավապետ Ռուդիի անցյալի մասին չեմ իմացել: Ընկալել եմ որպես առաջադիմական մտածողությամբ օտարերկրացու:
– Լա՛վ,- ասաց գնդապետը,- ենթադրենք: Եվ, համենայնդեպս, տհաճ դեպք է ձեզ համար: Չափազա՜նց տհաճ: Բիծ է ձեր լրագրողական հեղինակության վրա: Նույնիսկ կասեի` գաղափարախոսական վրիպում: Զգոնության կորուստ: Պետք է ինչ-որ բան անել…
– Հատկապես ի՞նչ:
– Մի գաղափար կա: Ուզո՞ւմ եք մեզ օգնել: Իսկ մենք համապատասխանաբար ձեզ կերաշխավորենք հաստիքային պաշտոնի:
– ՊԱԿ-ո՞ւմ,- հարցրեց Բուշը:
– Ինչո՞ւ ՊԱԿ-ում: «Սովետական Էստոնիա» թերթում: Հաստիքային աշխատանքի մասին վաղուց եք երազում, չէ՞: Մենք կարող ենք արագացնել: Ժամկետը ձեզնից է կախված:
Բուշը լարվեց: Գնդապետ Սորոկինը շարունակեց.
– Դուք կարող էիք մեզ հետաքրքրող ցուցմունքներ տալ:
– Այսի՞նքն:
– Նավապետ Ռուդիի վերաբերյալ… Օրինակ, որ ցանկացել է ձեզ… Մի խոսքով… Օգտագործել… Սեռական այլասերման իմաստով…
– Ի՜՞նչ,- Բուշը վեր թռավ:
– Հանգի՛ստ:
– Ինձ ինչի՞ տեղ եք դրել: Մտքովս չէր անցնի, որ ՊԱԿ-ում այդպիսի մեթոդներ են…
Գնդապետի աչքերը շողացին ածելու շեղբի պես: Նա շառագունեց ու ձգվեց.
– Խորհուրդ կտայի` առանց բարձր բառերի: Խորհուրդ կտայի մտածել: Ձեր ապագան է վճռվում:
Բայց այստեղ Բուշը բացեց թևերը: Նա դանդաղ հանեց ամերիկյան սիգարետների տուփը: Ծխախոտ կպցրեց «Ռոնսոն» այրիչով: Հետո հանգիստ ասաց.
– Ձեր առաջարկն անբարոյական է: Հակասում է իմ բարոյական սկզբունքներին: Մենակ է՜դ էր ինձ պակաս` դուր գալ համասեռամոլին: Մի խոսքով, հրաժարվո՛ւմ եմ: Սեռական այլասերվածությունն ինձ համար չի… Ուզո՞ւմ եք գրեմ, որ ինձ խմացնում էր… Ասենք, էդ էլ էնքան ազնիվ չի..
– Դե ինչ,- ասաց գնդապետը,- ամեն ինչ պարզ է: Վախենամ տանուլ տաք:
– Մի՞թե հնարավոր է հաղթել ՊԱԿ-ին,- քրքջաց Բուշը:
Սրանով զրույցն ավարտվեց: Գնդապետը մեկնեց: Արդեն դռան մոտ նա մի անսպասելի արտահայտություն արեց.
– Դուք ավելի լավն եք, քան կարծում էի:
– Գնդապե՛տ, մի՛ դավաճանեք ոճին,- պատասխանեց Բուշը:

Նրան զրկեցին արտահաստիքային աշխատանքից: Հնարավոր է` Սորոկինն էր հասել դրան: Բայց ավելի շուտ՝ խմբագիրն էր ջանադրություն ցուցաբերել: Բուշը նորից անցավ ծերացող կանանց խնամառությանը: Չնայած առաջ էլ ամեն ինչ ճիշտ այդպես էր:
Հենց այդ օրերին Բուշը ծանոթացավ Գալինայի հետ: Մինչ այդ նրան սիրում էր Մարիաննա Վիկենտևնան: Առևտրի բնագավառի խոշոր գործիչ էր: Բուշի համար վերնաշապիկներ ու փողկապներ էր գնում: Հաշիվն էր փակում ռեստորաններում: Կերակրում էր առողջ ու համեղ սնունդով: Սակայն գրպանի փող Բուշին չէր տրվում. անմիջապես սկսում էր սիրահետել ուրիշ կանանց:
Հերթական խմբագրական հոնորարը ստանալով` Բուշն անհետանում էր: Տուն էր գալիս ուշ գիշերով` սոխ ու դիմափոշի բուրելով: Մի անգամ Մարիաննան չդիմացավ ու ճչաց.
– Որտե՞ղ էիր թրև գալիս, սրիկա՛: Ինչի՞ ես գիշերվա կեսին հայտնվում:
Բուշը մեղավոր-մեղավոր պատասխանեց.
– Առավոտը կգայի, ուղղակի փողս պրծավ…
Վերջապես Մարիաննան ապստամբեց: Գլխադասի մի տարեց աշխատողի հետ մեկնեց ծովափ: Նրա կողքին ջահել ու թեթևամիտ էր երևում: Բուշին դատարկ բնակարանում թողնել Մարիաննան, բնականաբար, չցանկացավ:
Եվ այստեղ հայտնվեց Գալինա Արկադևնան: Գործնականում` ոչնչից: Գուցե՝ նյութի պահպանման օրենքով:
Բանն այն է, որ նա քաղաքացիական կարգավիճակ չուներ: Գալինան նշանավոր էստոնացի հեղափոխականի, վայ թե հենց Կինգիսեպի այրին էր: Դրա համար նրան թոշակի պես մի բան էին հատկացրել:
Բուշը նրա հետ ծանոթացավ ռոմանտիկ իրավիճակում: Այն է` արհեստական լճի ափին:
Կադրիորգի հենց կենտրոնում մի ոչ մեծ, թաքնված լճակ կա` շրջապատված լորենու ծառուղիներով: Ձեռնասուն սկյուռիկները ցատկոտում են խոտերի մեջ:
Ափին մոտ լողում են կարապները: Թե ինչպես են այնտեղ հայտնվել` հայտնի չէ: Փոխարենը` բոլորը գիտեն, որ էստոնացիները սիրում են կենդանիներին: Ինչ-որ մեկը կարապների համար փոքրիկ նրբատախտակե խցիկ է պատրաստել: Կադրիորգի հյուրերը նրանց հացի փշրանք են նետում:
Մայիսյան մի երեկո Բուշը նստել էր լճափի խոտերին: Ծխախոտը վերջացել էր: Արդեն երկրորդ օրն էր` փող չկար: Նախորդ գիշերն անցկացրել էր «Սոյուզպեչատի» լքված կրպակում: Բարեբախտաբար հատակին հին թերթեր էին թափված…
Բուշը ծամում էր խոտի դառը ցողունը: Մտքերը հեռագրի բառերի պես կտրուկ ու անհանգիստ էին.
«…Ուտելիք… Ծխախոտ… Կացարան… Մարիաննան առողջարանում է… Աշխատանք չկա… Ծնողներիս դիմելն ամոթ է, իսկ գլխավորը` անիմաստ… »:
Երբ ու որտե՞ղ էր կերել վերջին անգամ: Հիշվում էր երկու պատառ հաց` ինքնասպասարկման ճաշարանում: Հետո` թթու խնձոր` ինչ-որ մեկի այգու ցանկապատի վրա: Ճամփ եզրին գտած վանիլային չորահացը: «Սոյուզպեչատի» կրպակում հայտնաբերված կանաչ լոլիկը…
Կարապները երկու հսկա սև ծաղկեփնջի պես սահում էին ջրի երեսին: Առանց նկատելի ջանքի հայթայթում էին իրենց կերը: Փոքրիկ, քանդակեն գլուխները` ճկված պարանոցների վրա, ամեն վայրկյան կտրուկ իջնում էին ցած…
Բուշը մտածում էր ուտելիքի մասին: Մտքերն ավելի ու ավելի կարճառոտ էին դառնում.
«…Կարապ… Թռչուն… Որս…»:
Եվ այստեղ նախնիների կանչը Բուշի մեջ արձագանքեց թեթև նյարդային դողով: Աչքերում շողաց նախնադարյան խարույկների արտացոլքը: Նա քարացավ, ինչպես քաղաքային գերությունից ազատված որսաշունը ճահճում…
Ժամը տասին լրիվ կմթնի: Ինքնահավան թռչունին որսալը րոպեական գործ է: Փետրած կարապը միանգամայն կարող է սագի տեղ անցնել: Իսկ մի ամբողջ սագ ունեցող Բուշը չի կորչի: Ցանկալի հյուր՝ ուզածդ ընկերախմբում…
Բուշը կերպարանափոխվեց: Հոգու խորքում հնչում էր որսորդական եղջերափողը: Զգում էր չսափրած կզակի կարծրությունը: Նախապատմական ուժ էր արթնացել Բուշի մեջ…
Եվ այստեղ հրաշք կատարվեց: Ափին ծերացող կին հայտնվեց: Այսինքն` որսը, որ Բուշն զգում էր հսկայական տարածության վրա:
Սև կարապները երբեք չեն իմանա, թե ով փրկեց իրենց կյանքը:
Կինը բարեկազմ էր ու սքանչելի: Գլխավերևը պտտվում էին թիթեռնիկները: Երկնագույն օդեղեն զգեստը քսվում էր խոտերին: Ձեռքին գիրք կար: Աղոթողի պես սեղմել էր կրծքին:
Հեռատես Բուշը հեշտությամբ կարդաց վերնագիրը. «Ախմատովա: Բանաստեղծություններ»:
Նա դուրս թքեց խոտի ցողունը և ուժեղ ու խուլ բարիտոնով արտասանեց.

Նրանք թռչում են, ճամփին են դեռ`
Բառերը սիրո և ազատության,
Ես` աստվածային տագնապի մեջ,
Եվ համր են շուրթերն իմ սառցասառն…

Կինը դանդաղեցրեց քայլը: Ափերը սեղմեց քունքերին: Գիրքը, էջերը խշշացնելով, ընկավ խոտին:
Բուշը շարունակում էր.

Իսկ հետո` լույսը շռայլ ու շքեղ,
Իբրև շոգ, անուշ, թանձրահոս գինի…
Գիտակցությունս խանձել է արդեն
Շիկացած շնչով բուրավետ քամին….

Կինը լռում էր: Դեմքը շփոթմունք ու սարսափ էր արտահայտում: (Եթե, իհարկե, սարսափը կարող է կրքոտ ու ցնծուն լինել):
Հետո, հայացքը խոնարհելով, կինը կամացուկ ասաց.

Բայց շուտով այնտեղ, ուր կեչիներն են
Շրշում` քսվելով պատուհաններին,
Վարդերը կարմիր պսակ կկազմեն,
Ու կշշնջան ձայները վերին…

(Նրա արտասանությամբ ստացվեց «ձայնեվը»):
Բուշը վեր կացավ:
– Դուք սիրո՞ւմ եք Ախմատովային:
– Բոլոր բանաստեղծություններն անգիր գիտեմ,- պատասխանեց կինը:
– Ի՜նչ զուգադիպություն: Ես էլ… Իսկ ծաղիկնե՞ր: Ծաղիկներ սիրո՞ւմ եք:
– Ծավիկներն իմ թուվությունն են… Իսկ թվչուննե՞րը: Ի՞նչ կասեք թվչունների մասին:
Բուշը նայեց սև կարապներին, մի պահ դադար տվեց և ասաց.

Շիկահավե՞րն են մեր շուրջը թռչում,
Թե՞ ճայն է ճախրում` քսվելով ամպին…
Անծանոթուհի՜: Երանի թռչուն
Լինեմ ու հատիկ կտցեմ ձեր ափից…

– Դուք բանաստե՞ղծ եք,- հարցրեց կինը:
– Տողատակերին մեկ-մեկ գրում եմ,- ամոթխած պատասխանեց Բուշը…
Օրը պաղում էր: Լորենիների ստվերները երկարում էին: Ջուրը կորցնում էր փայլը: Թփուտներում ստվերներ էին շրջում:
– Սուրճ կխմե՞ք,- առաջարկեց կինը:- Տունս շատ մոտ է:
– Ներեցեք,- հետաքրքրվեց Բուշը,- իսկ երշիկ չունե՞ք:
Ի պատասխան հնչեց.
– Ես ամեն ինչ ունեմ միայնակ սրտի համար…

Երեք շաբաթ ապրեցի Բուշի ու Գալինայի մոտ: Տարօրինակ, խելագար օրեր էին:
Առավոտը սկսվում էր մեղմ, հուզախռով երգեցողությամբ: Գալինան տղեկային տենորով գեղգեղում էր.

Ա՜խ, հոգնեցի, հոգնեցի…
Գիշեր-ցերեկ… Միայն դու…

Սիրեցյալն արձագանքում էր խուլ, մրսած բարիտոնով.

Կխեղդվեմ ես Դվինայում Հյուսիսային,
Թե վախճանս ինձ կգտնի ուրիշ անգամ…
Երկիրն արցունք չի հեղի իմ գերեզմանին,
Ընկերներս պիտի միայն մահս սգան…

Լինում էր, որ առավոտները պարում էին խոհանոցում: Ընդ որում, ամեն մեկն իրենն էր երգում:
Թեյելիս Գալինան հայտարարում էր.
– Ինձ այսօր Վերոչկա ասեք: Իսկ վաղվանից` Հրե հավք…
Ցերեկը հաճախ զանգում էր հեռախոսով: Պատահական թվեր էր հավաքում: Երբ պատասխանում էին, քնքշաձայն ասում էր.
– Այսօր հաճելի անակնկալ ակնկալեք:
Կամ.
– Զգուշացեք բալեհատիկ գլխարկով տիկնոջից:
Բացի այդ, Գալինան ժամերով վարժեցնում էր թափանցիկ, արագաշարժ թրաձկանը: Ակվարիումի վրա կռացած` շշնջում էր.
– Կամակորություն մի՛ անի, Ջի՛մ: Ձեռքով արա մայրիկին…
Եվ վերջապես, Գալինան ապագան էր գուշակում: Ինձ, օրինակ, ինչ-որ գույնզգույն ուլունքներ զննելով, ասաց.
– Կյանքդ կավարտես Բրազիլիայի մի անկյունում:
(Այն ժամանակ, յոթանասունհինգ թվին, ծիծաղեցի: Բայց հիմա համարյա վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի):
Բուշը օրեր շարունակ շրջում էր կանաչ խալաթով, որը Գալինան կարել էր պատուհանի վարագույրից: Պատրաստում էր բանախոսությունը, որ կարդալու էր Նոբելյան մրցանակ ստանալիս: Ճառը սկսվում էր հետևյալ խոսքերով.
«Տիկնա՛յք և պարոնա՛յք: Շնորհակալ եմ նման պատվի համար: Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք…»:
Այսպես էլ ապրում էինք: Իմ տասնվեց ռուբլին արագ սպառվեց: Ութ օրվա հերիքեց Գալինայի թոշակը: Պետք էր աշխատանք փնտրել:
Ու հանկարծ աչքիս մի հայտարարություն ընկավ. «Շտապ հնոցապաններ են պահանջվում»:
Դրա մասին ասացի Բուշին: Չէի կասկածում, որ կհրաժարվի: Բայց հանկարծ համաձայնեց ու նույնիսկ ոգևորվեց.
– Հանճարեղ է,- ասաց նա,- այն է, ինչ պետք է: Վաղուց արդեն ժողովրդական կյանքի ընդերքը սուզվելու ժամանակն է: Այսպես ասած` ակունքներին հպվելու ժամանակը: Ավելի մոտ բնությանը, ծերո՛ւկ: Ավելի մոտ պարզ, մարդկային ուրախություններին: Բնական, ամբողջական խառնվածքներին: Անկցի մետաֆիզիկան և ամենայն տրանսցենդենտությունը: Կեցցեն կռանն ու սալը…
Գալինան կամացուկ առարկում էր.
– Է՛վինկա, դու թույվ ես:
Բուշը խեթ նայեց կնոջը, ու նա լռեց…
Կաթսայատունը մռայլ, գետնանիստ շինություն էր` հսկա խողովակի ստորոտին: Դռան կողքին հառնել էր քարածխի կույտը: Հենց այդտեղ էլ թափված էին թիակները, երկու շրջված ձեռնասայլակ:
Ներսում խաղաղ գվվում էր երեք բաժանարար կաթսա: Մեկի մոտ մի թիկնեղ պատանի էր կանգնած: Ձեռքին` ծանր կրակխառնիչ: Հրակալներին վետվետում էր վարդագույն կրակը: Պատանին կնճռոտվում ու շրջում էր դեմքը:
– Ողջո՛ւյն,- ասաց Բուշը:
– Բարև՛,- պատասխանեց հնոցապանը:- Նորեկնե՞ր եք:
– Հայտարարությունով ենք եկել:
– Ուրախ եմ ծանոթանալու համար: Անունս Օլեգ է:
Ասացինք մեր անունները:
– Մտեք կարգավարական,- ասաց Օլեգը:- Ներկայացեք Ցուրիկովին:
Մետաղադուռ փոքրիկ խցում կաթսաների աղմուկը խլացած էր: Քերծոտած սեղանին տեղեկագրեր ու գրաֆիկներ էին թափված: Սեղանի գլխին` էժանանոց բարձրախոսը: Նեղլիկ թախտին, երեսը թերթով ծածկած, քնած էր զինվորական հագուստով մի մարդ: Թերթը հազիվ նկատելի թրթռում էր: Սեղանի մոտ աշխատում էր ձիարշավորդի գլխարկով մեկը: Մեզ տեսնելով` գլուխը բարձրացրեց.
– Նորեկնե՞ր եք:
Հետո վեր կացավ ու պարզեց ձեռքը.
– Ցուրիկով, ավագ կարգավար: Նստե՛ք:
Նկատեցի, որ նախկին զինվորն արթնացավ: Խշշոցով երեսից քաշեց թերթը:
– Խուդ,- կարճ ներկայացավ նա:
– Մարդիկ պետք են,- ասաց կարգավարը:- Դժվար գործ չի: Իսկ հիմա եկեք ինձ հետ:
Իջանք խախուտ սանդուղքով: Խուդը գալիս էր մեր հետևից: Օլեգը ձեռքով արեց ինչպես հին ծանոթների:
Կանգ առանք ձախ կողմի կաթսայի մոտ, ընդ որում՝ այնքան մոտիկ, որ շոգը խփեց երեսիս:
– Բացառիկ պարզունակ սարք է,- ասաց Ցուրիկովը:- Հնոց, հրակալներ, օդանցք… Ելքի ջերմությունը յոթանասուն աստիճան պիտի լինի: Հետադարձը` քառասունհինգ: Հերթափոխի ընթացքում պաստրաստում եք քարածուխը: Խորհուրդ չեմ տա սայլակը բերնեբերան լցնել. շուռ կգա… Բանթողին պետք է մաքրել հրակալները, քերել խարամը… Էսքան բան… Օրակարգը պարզ է. մի օր աշխատում, երեքը հանգստանում ենք: Վճարումը` գործավարձային: Ամսական հեչի պես հարյուր հիսուն կստանաք…
Ցուրիկովը մեզ ուղեկցեց տղաների մոտ ու ասաց.
– Հուսով եմ` լեզու կգտնեք: Չնայած բավական յուրօրինակ հասարակություն է: Օլեժկան, օրինակ, բուդդիստ է: «Ձեն» դպրոցի հետևորդ: Խաղաղություն է փնտրում սեփական ոգու տաճարում: Խուդը գեղանկարիչ է, համաշխարհային ավանգարդի ձախ թևը: Աշխատում է բնազանցական սինթետիզմի ավանդույթներով: Գերազանցապես իրեր է նկարում` արկղեր, տուփեր, ծածկոցներ…
– Շարքը կոչվում է «Մեռյալ ճշմարտություններ»,- շփոթմունքից շիկնած` շշուկով պարզաբանեց Խուդը:
Ցուրիկովը շարունակեց.
– Իսկ ես պարզ մարդ եմ: Ազատ օրերին զբաղվում եմ երաժշտության տեսությամբ: Ի դեպ, ի՞նչ կարծիքի եք Բրիտտենի բազմատոնային հավելումների մասին:
Մինչ այդ Բուշը լուռ էր: Բայց հանկարծ դեմքը ծամածռվեց: Նա կարճ ու հատու ասաց.
– Գնացինք էստեղից:
Ցուրիկովն ու գործընկերները տարակուսած նայում էին մեր հետևից:
Դուրս եկանք: Բուշը մի զայրալից մենախոսություն արտասանեց.
– Սա կաթսայատուն չի: Սա, կներես, ինչ-որ Սորբոն է… Ես երազում էի սուզվել ժողովրդական կյանքի ընդերքը: Ուժ առնել ակունքներից… Իսկ էստե՞ղ: Ինչ-որ ձենբուդդիստներ ու մետաֆիզիկներ: Ինչ-որ բոզական բազմատոնային հավելումներ: Մի խոսքով, գնացինք տուն…
Ուրիշ ի՞նչ անեինք:
Գալինան մեզ դիմավորեց ցնծության ճիչերով:
– Ո՜նց էի վացում,- ասաց նա,- ո՜նց էի վացում: Ոնց էիք մեղքս գավի՜ս…
Էլի երեք օր անցավ: Գալինան մի քանի գիրք վաճառեց բուկինիստական խանութում: Ես շրջեցի Տալլինի խմբագրությունները: Պայմանավորվեցի արտահաստիքային աշխատանքի համար: Ինչ-որ փականագործից հարցազրույց վերցրի: Ռեպորտաժ արեցի արդյունաբերական ցուցահանդեսից: Ի հաշիվ գալիք հոնորարների՝ Շաբլինսկուց քսան ռուբլի խնդրեցի: Սովամահությունը հետաձգվեց:
Ավելին, նույնիսկ առաջադիմում էի: Եթե Լենինգրադում ինձ շարքային լրագրող էին համարում, ապա այստեղ համարյա ականավոր գործիչ էի: Ավելի ու ավելի պատասխանատու առաջադրանքներ էին վստահում: Գրում էի գրական ու թատերական նորույթների մասին, ամենօրյա խորագիր էի վարում` «Այլ կարծիք», ֆելիետոններ էի հորինում: Իսկ ֆելիետոնն, ինչպես հայտնի է, ամենափնտրված ժանրն է թերթում: Կարճ ասած, բավական արագ սկսեցի ընթանալ վերելքի ուղիով:
Ինձ սկսեցին հրավիրել խմբագրության թռուցկաժողովներին: Էլի մի ամսից` հիմնարկային երեկույթների: Հրապարակումներիս մասին արդեն խոսում էին էստոնական Կենտկոմում:
Այդ ժամանակ վաղուց արդեն հեռացել էի Բուշից ու Գալինայից: Խմբագրությունը սենյակ էր տվել Տոմպի փողոցում. արտահաստիքային աշխատակցի համար աննախադեպ արտոնություն: Դա նշանակում էր` որոշել են շուտով հաստիքային աշխատանք տալ: Եվ իսկապես, մեկ ամսից հաստիքացուցակում էի:
Խմբագիրն ասում էր.
– Ապշելու հումորի զգացում ունեք: Ձեր բազմաթիվ աֆորիզմներ անգիր եմ հիշում: Օրինակ սա. «Երբ խիզախը լուռ է, վախկոտը սսկվում է…»: Ձեր որոշ ֆելիետոններ պատմում եմ տնային տնտեսուհուս: Ի դեպ, գերմանական գիմնազիա է ավարտել:
– Հա՜, – ասում էի,- հիմա ամեն ինչ պարզ է: Հիմա հասկանում եմ որտեղից է ձեր անթերի պահվածքը:
Խմբագիրը չէր նեղանում: Լիբերալ մտածողությամբ մտավորական էր: Ընդհանրապես իրավիճակն այն ժամանակ լիբերալ էր: Մերձբալթիկայում` առանձնապես:
Բացի այդ, մտածված ու ճարպիկ էի կոպտում: Ծանոթներիցս մեկն այդ ոճը կոչում էր «հարգալից լկտիություն»:
Արդեն ամենաքիչը երկու հարյուր հիսուն ռուբլի էի վաստակում: Նույնիսկ քիչումիչ կարողանում էի ալիմենտ վճարել:
Համապատասխան ընկերներ էլ հայտնվեցին: Երիտասարդ գրողներ էին, նկարիչներ, գիտնականներ, բժիշկներ: Լիարժեք, լավ վաստակող մարդիկ: Մենք թատրոն ու ռեստորան էինք այցելում, մեկնում կղզիները: Մի խոսքով, ստեղծագործական մտավորականությանը բնորոշ կյանք էինք վարում:
Այդ բոլոր ամիսներին հիշում էի Բուշին: Չէ՞ որ Տալլինը փոքրիկ, մտերմիկ քաղաք է: Ծանոթիդ գոնե շաբաթը մեկ հաստատ կհանդիպես:
Բուշը իմ հաջողություններին չէր նախանձում: Ընդհակառակը, ուրախ կրկնում էր. «Գործի՛ր, ծերո՛ւկ: Մերոնք հանգուցային դիրքեր պիտի գրավեն պետության մեջ»:
Բուշին պարտք էի տալիս: Մի քսան անգամ նրա փոխարեն վճարեցի Մյունդի-բարում: Այսինքն ինձ պահում էի ինչպես հարկն է: Ուրիշ ի՞նչ անեի: Հո պաշտոնս չէի՞ տալու:
Ազնիվ խոսք, խույս չէի տալիս Բուշից: Պարզապես տարբեր սոցիալական խմբերում էինք:
Ավելին, նույնիսկ պնդեցի, որ Բուշին նորից որպես արտահաստիքային հեղինակ օգտագործեն: Անկեղծ ասած, ստիպված էի զգալի դիմադրություն հաղթահարել: Նավապետ Ռուդիի պատմությունը դեռ չէր մոռացվել:
Հասկանալի է, Բուշին արդեն քաղաքական նյութեր չէին վստահում: Կենցաղային, մարզական, մշակութային լուրեր էր գրում: Աշխատում էի նրա յուրաքանչյուր հրապարակում գովաբանել թռուցկաժողովում: Բուշը սկսեց ավելի ու ավելի հաճախ հայտնվել խմբագրության միջանցքներում:
Այդ ընթացքում փոքր-ինչ խամրել էր: Շալվարի մաշված ծնկները պսպղում էին: Պիջակն ակնհայտորեն մաքրման կարիք ուներ: Բայց ծերացող կանայք (իսկ նրանց թիվը մեծ է ուզածդ խմբագրությունում) Բուշին տեսնելիս շարունակում էին տառապագին կարմրել: Նշանակում է՝ նրա առավելությունները դրսից չէին, ներսում էին:
Խմբագրությունում Բուշն իրեն համեստ ու քաղաքավարի էր պահում: Ղեկավարությանը բարևում էր գլխի լուռ շարժումով: Շարքային լրագրողների հետ նորություններ էր փոխանակում: Հաճոյախոսում էր կանանց:
Հիշում եմ` խմբագրությունում նշվում էր մեքենագրական բյուրոյի վարիչ Լորեյդա Ֆիլիպովնա Կոժիչի վաթսունամյակը: Բուշը նրան մի քնքուշ փոքրիկ բանաստեղծություն նվիրեց.

Հառաչում եմ Լորեյդային հանդիպելիս…
Ի՞նչ է հուշում սրա մասին Ֆրեյդը ինձ…

Դրանից հետո Լորեյդա Ֆիլիպովնան մի շաբաթ շարունակ պայծառացած ու գունատ էր միաժամանակ…
Նոմենկլատուրային աշխատողները մի հրապուրիչ հատկություն ունեն: Հիշաչար չեն, թեկուզև հենց այն պատճառով, որ ծույլ են: Նրանց ուժը չի բավականացնում վրեժխնդիր մղումներին: Իսկական չարության համար մաքուր ոգեշնչում է հարկավոր: Բարեկեցության բազում տարիների ընթացքում զգացմունքները բթանում են զիջողամտության աստիճանի: Նրանց մտքերն այնքան անկենդան են, որ ժամանակ առ ժամանակ բարություն են հիշեցնում:
«Սովետական Էստոնիայի» խմբագիրը բարեհոգի մարդ էր: Հասկանալի է՝ մինչև այն պահը, երբ չար ու դաժան էր դառնում: Քանի դեռ դրան չեն մղել համապատասխան հրահանգները: Հայտնի է, որ օրինավոր մարդը նա է, ով ստորություն անելուց հաճույք չի ստանում…
Մի խոսքով, Բուշին թույլատրեցին տպագրվել: Սկզբում թղթակցությունները խիստ մանրակրկիտ էին խմբագրում: Հետո պարզ դարձավ, որ Բուշը փոխվել, հասունացել է: Նրա թղթակցություններն ավելի ու ավելի ծավալուն ու նշանակալի էին դառնում: Բուշի երեք թե չորս ակնարկները փոքրիկ սենսացիա առաջացրին: Նա զգալիորեն առանձնանում էր տեղի ժուռնալիստական կադրերի ֆոնին:
Դեկտեմբերին խմբագիրը նորից խոսեց Բուշին հաստիքային տեղ տալու մասին: Բացի այդ, Բուշի համար պայքարում էին տեղկոմի բոլոր ծերացող կանայք: Ասենք, ես ու Շաբլինսկին էլ եռանդուն աջակցում էինք: Մի թռուցկաժողովում ասացի. «Պետք է ավելի լիարժեք օգտագործել Բուշին: Հակառակ դեպքում նրան կմղենք դեպի սայթաքուն դիսիդենտական ուղին…»:
Բուշին աշխատանքի տեղավորելը գաղափարախոսական միջոցառման բնույթ էր ստանում: Գլխավոր խմբագիրը ժպտալով նայում էր նրա կողմը: Բուշի բախտը կարող էր վճռվել տեսանելի ապագայում:
Մոտենում էր Նոր տարին: Ներհիմնարկային ավանդական երեկույթ էր նախատեսվում: Ինչպես նման դեպքերում ընդունված է` զգալիորեն ակտիվացան անբանները: Երկու հարբեցող էջկապ թռան օղու հետևից: Նամակների բաժնի հաստաբեստ օրիորդները բուտերբրոդներ էին պատրաստում: Արտագնա թղթակիցներ Ռուշկիսն ու Բոգդանովը սեղան էին գցում:
Աշխատանքն այդ օրը սովորականից շուտ ավարտեցինք: Արտահաստիքային հեղինակներին խնդրեցին մնալ: Խմբագիրը կանչեց Բուշին և ասաց.
– Հուսամ` երեկոյան կհանդիպենք: Ուզում եմ ձեզ հաճելի նորություն հայտնել:
Աշխատակիցները թրև էին գալիս միջանցքներում: Առանձնապես անհամբերները կենցաղի բաժնում հավաքվեցին: Սենյակից լսվում էր բաժակների զնգոցը:
Ոմանք գնացին տուն` հագուստը փոխելու: Ժամը վեցի կողմերը վերադարձան: Բուշը պճնվել էր արտասահմանյան ծխախոտագույն կոստյումով: Լաքած կոշիկները պսպղում էին: Վերնաշապիկը գրասենյակային շրշոց էր արձակում:
– Հրաշալի տեսք ունես,- ասացի նրան:
Բուշը ամաչկոտ ժպտաց.
– Գալինան երեկ ատամները ծախեց: Երկու պլատինե շապիկ տարավ ոսկերիչին: Ու էս լծասարքն առավ: Դրանից հետ ոնց թողես նրան…
Տեղավորվեցինք քարտուղարության ընդարձակ սենյակում: Ավարտական պատրաստություններն էին: Բոլորը բարձր էին խոսում, ծխում, ծիծաղում:
Ընդհանրապես՝ խմբագրական հարբեցողությունները դեմոկրատիայի հաղթանակն են: Կարելի է գլխավոր խմբագրի հոգու հետ խաղալ: Ճշտել, թե ով է դարաշրջանի ամենահանճարեղ ժուռնալիստը: Դժգոհել որևէ մեկից: Աներևակայելի հաճոյախոսություններ անել: Կարելի է, օրինակ, այսպիսի ելույթներ լսել.
– Լսի՛, ծերո՛ւկ, դու հսկա ես: Դու ֆոտոռեպորտաժի Պագանինին ես:
– Իսկ դու,- լսվում էր ի պատասխան,- տնտեսական առաջնորդողի Շեքսպիրն ես…
Այստեղ լուծվում են ընթացիկ սիրային կոնֆլիկտները: Դավեր են նյութվում: Թաքուն առաջադրվում են Պատվո տախտակի թեկնածուներ:
Այլ կերպ ասած՝ ամենօրյա խմբագրական բարդակն այստեղ չափ ու կարգ է դառնում: Վերջնականապես տիրում է խմբագրությանը բնորոշ մթնոլորտ` իր լարված, տենդագին ստերջությամբ:
Բուշը զարմանալիորեն խիստ ու զուսպ էր: Նստեց բազկաթոռին: Դարակից գիրք վերցրեց: Սուզվեց ընթերցանության մեջ: Գիրքը վերնագրված էր «Ուղղղագրության և կետադրության բարդ դեպքերը»:
Վերջապես բոլորին հրավիրեցին սեղանի մոտ: Խմբագիրը սպասեց` կատարյալ լռություն տիրի և ասաց.
– Բարեկամնե՛ր: Ահա և անցավ աշխատանքով հագեցած ևս մեկ տարի: Մենք հիշելու շատ բան ունենք: Ունեցանք և՛ դառնություններ, և՛ ուրախություններ: Եղան նվաճումներ ու անհաջողություններ: Սակայն ցանկանում եմ ասել, որ ընդհանուր առմամբ թերթը հասել է զգալի հաջողությունների: Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լուրջ, արտահայտիչ ու խորաթափանց նյութեր հրապարակում: Ավելի ու ավելի քիչ ենք վրիպումներ ու սխալներ թույլ տալիս: Համոզված եմ, որ գալիք տարում ավելի համերաշխ ու համախմբված կաշխատենք… Այսօր ինձ զանգեցին Կենտրոնական կոմիտեից: Իվան Գուստավովիչ Կէբինն շնորհավորանքներն էր հղում ձեզ: Թույլ տվեք ի սրտե միանալ նրան: Շնորհավոր Նոր տարի, բարեկամնե՛րս…
Դրանից հետո բազմաթիվ բաժակաճառեր եղան: Խմեցին գլխավոր խմբագրի և պատասխանատու քարտուղարի կենացը: Համեստ աշխատավորների` սրբագրիչների և մեքենագրուհիների համար: Արտահաստիքային թղթակիցների և ակտիվ բանթղթակիցների: Ինչ-որ մեկը խոսում էր քաղաքական զգոնության մասին: Ինչ-որ մեկն առաջարկում էր ֆուտբոլի թիմ ստեղծել: Խմբագրության ծախող Իգոր Գասպլը միմյանց թիկունք կանգնելու կոչ էր անում: Միշկա Շաբլինսկին բաժակ բարձրացրեց` մեր հմայիչ կանանց համար…
Սենյակը լցվել էր ծխով: Բոլորը, բաժակներն առած, ցրվել էին այսուայնկողմ: Ուտելիքն արագ հալվում էր:
Տորշինան, կենցաղի բաժնից, համոզում էր խմբովի երգել: Բըկովերը պարտքերն էր վերադարձնում: Տնտեսվար Մելեշկոն վշտացած էր.
– Ըստ երևույթին էդպես էլ չեմ իմանա` ով թռցրեց հանրային ջեռուցիչը…
Շուտով հայտնվեց հավաքարար Հիլդան: Սենյակն ազատելու ժամանակն էր:
– Մի տասը րոպե էլ,- ասաց խմբագիրն ու անձամբ Հիլդային մեկնեց շամպայնի գավաթը:
Հետո շեմին հայտնվեց գլխավոր խմբագրի կինը` Զոյա Սեմյոնովնան: Ձեռքին մելքիորե հսկա սկուտեղ էր: Վրան նրբաձայն զնգում էին սուրճի գավաթները:
Մինչ այդ Բուշն անշարժ նստած էր: Բաժակը դրել էր ռադիոլայի կափարիչին: Ծնկներին բաց տեղեկատուն էր:
Հետո Բուշը վեր կացավ: Լայն ժպտալով` մոտեցավ Զոյա Սեմյոնովնային: Անսպասելիորեն ինչ-որ սրընթաց ֆուտբոլային շարժում արեց: Հետո լաքած կոշիկի զորեղ հարվածով դեն շպրտեց սկուտեղը ապշահար կնոջ ձեռքերից:
Սենյակը լցվեց զրնգոցով: Սուրճով խաշված աշխատակիցները սուր ճիչեր էին արձակում: Լյուբա Տորշինան ծղրտաց և ուշաթափվեց…
Չորս արտահաստիքային բռնեցին Բուշի ձեռքերը: Բուշը չէր դիմադրում: Դեմքին քարացել էր երջանիկ ժպիտը:
Ինչ-որ մեկն արդեն զանգել էր միլիցիա: Ինչ-որ մեկը` «շտապօգնություն»…
Երեք օր անց Բուշին զննեց հոգեբուժական հանձնաժողովը: Նրան միանգամայն մեղսունակ ճանաչեցին: Արդյունքում` դատեցին խուլիգանության համար: Բուշը երկու տարի ստացավ, պայմանական:
Դեռ լավ է, որ խմբագիրը ավելի խիստ պատիժ չէր պահանջել: Այսինքն` Բուշը էժան պրծավ: Բայց ժուռնալիստիկայի մասին մտածելն արդեն ծիծաղելի կլիներ…
Այստեղ մի ամսից Բուշին կորցրի տեսադաշտից: Մեկնել էի Լենինգրադ` ընտանեկան գործերս կարգավորելու: Վերադառնալով` զանգեցի նրան. հեռախոսը չէր աշխատում:
Բուշին չէի մոռացել: Հույս ունեի, որ քաղաքի կենտրոնում կհանդիպեմ: Այդպես էլ եղավ:
Բուշը կանգնել էր լուսանկարչատան ցուցափեղկի առաջ ու ինչ-որ ժպտուն հրեշների էր զննում: Ձեռքին կիսատ ֆրանսիական բուլկի կար: Ամեն ինչ խոսում էր կատարյալ պարապության մասին:
Առաջարկեցի մտնել «Կունգլա» բար: Հենց կողքներիս էր: Բուշը ասաց.
– Էնտեղ պարտք ունեմ:
– Շա՞տ:
– Վեց ռուբլի:
– Ավելի լավ,- ասում եմ,- համ էլ պարտքը կփակենք:
Հանվեցինք, բարձրացանք երկրորդ հարկ, նստեցինք պատուհանի տակ:
Ուզում էի հասկանալ` ինչ էր կատարվել: Հանուն ինչի՞էր այդ վայրագ արարքը: Ի՞նչ էր` նյարդային պոռթկո՞ւմ: Գիտակցության մթագնո՞ւմ:
Բուշն ինքը խոսեց թեմայից.
– Հասկացի՛ր, ծերո՛ւկ: Խմբագրությունում միայն բորենիներ են:
Հետո ուղղեց.
– Բացի քեզանից, Շաբլինսկուց ու չորս թշվառ պառավներից… Մի խոսքով, խոզերը գերակշռում են: Եվ ահա էդ ապուշ երեկույթն է: Ու սկսվում են էդ բոլոր անպատկառ խոսակցությունները: Իսկ ես նստել ու սպասում եմ, թե հաստաքամակ խմբագիրը երբ է ինձ երջանկացնելու: Ու ծլում է էդ ծուռոտ Զոյկան` սկուտեղով: Ու բոլորը մի՛ բան են ուզում` քացով տալ էդ բոզական սկուտեղին: Եվ էստեղ հասկացա` վրա է հասել պատասխանատու պահը: Հիմա կվճռվի` ով եմ ես: Ասպե՞տ, ինչպես ասում է Գալկան, թե՞ աղբ, ինչպես պնդում են մնացած բոլորը: Եվ էդ ժամանակ վեր կացա ու…
Մոտ մի ժամ նստեցինք բարում: Պիտի խմբագրություն գնայի: Հարցազրույց էի վերցնելու ինչ-որ առաջադիմական ֆրանսիացուց:
Հարցրի.
– Ո՞նց է Գալինան:
– Ոչինչ,- ասաց Բուշը,- վիրահատություն տարավ… Ինչ-որ կանացի բան էր…
Իջանք սպասասրահ: Հաշմանդամ հանդերձապահը փայտե արգելապատի հետևը թերմոսից թեյ էր խմում: Բուշը նրան պարզեց ալյումինե համարը:
Հանդերձապահը հանկարծ զայրացավ.
– Համարը թվով ներքև հանձնելն իսկական բռիություն է:
Բուշը լսեց ու ասաց.
– Ամեն մարդ իր խնդիրներն ունի…
Դրանից հետո հազվադեպ էինք տեսնվում: Շատ զբաղված էի խմբագրությունում: Նաև պատմվածքներիս ժողովածուն էի պատրաստում տպագրության:
Մի անգամ Բուշին ձիարշավարանում հանդիպեցի: Ընկած մարդու տեսք ուներ: Հարկ եղավ մի քիչ փող տալ: Բուշը շնորհակալություն հայտնեց ու անմիջապես վազեց խմիչքի հետևից: Չսպասեցի նրան: Հեռացա:
Հետո երկու անգամ հանդիպեցինք փողոցում ու տրամվայում: Բուշը վերջնականապես կործանվել էր: Մենք խոսելու բան չունեինք:
Ամռանն ինձ ուղարկեցին բուլղարական կինոփառատոնին: Առաջին արտասահմանյան գործուղումս էր: Այսինքն` իմ հանդեպ քաղաքական վստահության նշան և իմ օրինավորության ակնհայտ վկայություն:
Վերադառնալով՝ ապշեցուցիչ պատմություն լսեցի:
Տալլինում տոնում էին Նոյեմբերի 7-ը: Շքերթավորների շարասյուները շարժվում էին դեպի քաղաքի կենտրոն: Կառավարական տրիբունան Կենտրոնական կոմիտեի շենքի դիմաց էր: Երաժշտություն էր հնչում: Հրապարակում թռչում էին փուչիկները: Հաղորդավարը ողջույններ ու շնորհավորանքներ էր բղավում:
Մարդիկ ցուցապաստառներ ու առաջնորդների նկարներն էին տանում: Միլիցիոներները կարգ էին պահպանում: Բոլորի տրամադրությունը բարձր էր: Ինչ էլ ասես, համենայնդեպս տոն է:
Շքերթավորների մեջ էր նաև Բուշը` ձեռքին փայտե կոթով նրբատախտակի մի կտոր: Ձյուն մաքրելու թիակի նման: Վրան կանաչ գուաշով մեծ-մեծ գրած էր.
«Արժանի հակահարված տանք համաշխարհային իմպերիալիզմի թշնամիներին»:
Այդ պաստառը ձեռքին` Բուշը Կադրիորգից հասավ դաշնամուրի գործարան: Եվ միայն այնտեղ միլիցիոներները վերջապես գլխի ընկան: Ովքե՞ր են էդ «կապիտալիզմի թշնամիները»: Ո՞ւմ ենք «արժանի հակահարված» տալու…
Բուշը չէր դիմադրում: Խցկեցին փակ սև մեքենան ու հասցրին Պագարի փողոց: Երեք րոպեից նրան հարցաքննում էր անձամբ գեներալ Պորկը:
Բուշը հարցերին հանգիստ ու անշփոթ էր պատասխանում: Իր մեղավորությունը կտրականապես ժխտում էր: Ասում էր, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, սխալ՝ ցրվածության պատճառով:
Գեներալը ժամուկես խոսում էր Բուշի հետ: Առժամանակ քաղաքավարի էր, հետո անսպասելի բարձրացրեց ձայնը: Բուշին մեկ Էռնստ Լեոպոլդովիչ էր մեծարում, մեկ գոռում էր «Կգնդակահարեմ, շո՛ւն»:
Ի վերջո, արդարանալը ձանձրացրեց Բուշին: Նա թուղթ ու մատիտ խնդրեց: Գեներալը թեթևացած շունչ քաշեց ու նրան պարզեց ինքնահոս գրիչը.
– Անկեղծ խոստովանությունը կարող է թեթևացնել ձեր պատիժը…
Մի րոպեի չափ Բուշը նայում էր պատուհանի կողմը: Հետո ժպտաց ու գեղեցիկ, շեղ ձեռագրով գրեց.
«Հայտարարություն»:
Ապա.
«1. Խորին մտահոգությունս եմ հայտնում Մերձբալթիկայի և Անդրկովկասի քրիստոնյա-բապտիստների ճակատագրի վերաբերյալ:
2. Ամերիկյան մտավորականությանը կոչ եմ անում միանշանակ արձագանքել Կրեմլի չարաշահումներին քաղաքացիական ազատությունների բնագավառում:
3. Իմ պատմական հայրենիքը` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անարգել վտարանդվելու իրավունք եմ պահանջում:
Ստորագրությունը` Էռնստ Բուշ, խղճի կալանավոր»:
Գեներալը կարդաց հայտարարությունն ու գցեց աղբարկղը: Նա որոշեց հին ու փորձված մեթոդը կիրառել: Պարզապես վեր կացավ ու անխոս դուրս եկավ սենյակից:
Դա, որպես կանոն, անվրեպ էր ազդում: Առանձնասենյակում մնացած հարցաքննվողններն ահավոր նյարդայնանում էին: Անորոշությունը ցանկացած սպառնալիքից ավելի էր վախեցնում: Մարդիկ սկսում էին վերլուծել իրենց պահվածքը: Տենդագին փրկության ելքեր էին որոնում: Խճճվում անհեթեթ խորամանկությունների ոստայնում: Տառապագին սպասումը նրանց վերածում էր դողացող անասունի: Գեներալը հենց դրան էլ ձգտում էր:
Նա վերադարձավ քառասուն րոպեից: Եվ այն, ինչ տեսավ, ապշեցրեց: Բուշը անխռով քնել էր` գլուխը արձանագրությունների տրցակին:
Հետագայում գեներալը պատմում էր.
– Ի՜նչ ասես չի պատահել իմ առանձնասենյակում: Մարդիկ երակներն էին կտրում: Մոխրամանում վառում նոթատետրերը: Փորձում էին դուրս թռչել պատուհանից: Բայց որ քնե՜ն, առաջին անգամն էր…
Բուշին տարան հոգեբուժարան: Տեղի ունեցածը գեներալին հոգեկան խանգարման ակնհայտ նշան էր թվում: Հնարավոր է` դա հեռու չէր իրականությունից:
Բուշին բաց թողեցին միայն կես տարի անց: Այդ ընթացքում իմ կյանքում էլ փոփոխություններ եղան:
Դժվար է հիշել, թե այդ ամենն ինչից սկսվեց: Երկու անգամ ինչ-որ ավելորդ բան ասացի: Վիճեցի Գասպլի հետ, որը համապատասխան մարմինների մարդն էր: Մի անգամ հարբած ներկայացա Կենտկոմ: Էստոնիայի գրողների կոնֆերանսում առարկեցի անձամբ ընկեր Լիպպոյին…
Թերթում կարիերա անելու համար մշտական ջանադրություն է պահանջվում: Կանգ առնելը անձնատուր լինել կնշանակի: Ըստ երևույթին, ես դրա համար չէի ծնվել: Տեղապտույտ անելով` ինչ-որ մակարդակի վրա արգելակեցի ու` վերջ…
Հիշեցին, որ առանց տալլինյան գրանցման եմ աշխատում: Տեղեկացան մասնակի հրեական ծագմանս մասին: Ասենք, Բուշի հետ կապերն էլ չէին ամրապնդում իմ հեղինակությունը:
Ի լրումն` Էստոնիայում քաղաքական անկարգություններ սկսվեցին: Մի խումբ այլախոհներ հանրագրով դիմեցին Վալդհայմին: Ժողովրդավարացում ու ինքնորոշում էին պահանջում: Երեք օրից նրանց հուշագիրը հրապարակեց արևմտյան ռադիոն: Մեկ շաբաթ անց Մոսկվայից ցուցում ստացվեց. ուժեղացնել դաստիարակչական աշխատանքը: Դա նշանակում էր` մեկնումեկին պաշտոնանկ անել, վռնդել, աստիճանն իջեցնել: Այս ամենը, հասկանալի է, անկախ հուշագրի հեղինակների գործի քննությունից…
Տնտեսվար Մելեշկոն խմբագրությունում ասում էր.
– Կարող էին դիմել իրենց ղեկավարությանը: Էդ ի՜նչ Հայմ են մոգոնել…
Ես հարմար էի գալիս բռնաճնշումներին: Եվ ինձ ազատեցին: Միաժամանակ` տպարանում ոչնչացվեց պատմվածքներիս համարյա պատրաստի ժողովածուն: Եվ այդ ամենը` որ Կրեմլի պետերին զեկուցեն, թե միջոցները ձեռք են առնված:
Ես, իհարկե, միակ զոհը չէի: Այդ նույն օրերին փակվեց ձիարշավարանը` բուրժուական տրամադրությունների բուծարանը: Ժուռնալիստների միության բուֆետում դադարեցվեց ոգելից խմիչքների վաճառքը: Խանութներից անհետացավ ապուխտը: Չնայած դա արդեն ուրիշ պատմություն է…
Մի խոսքով, էստոնական լիբերալիզմի վերջը եկավ: Ժողովրդի լավագույն մասը` երկու երիտաարդ գիտնական, անցավ ընդհատակ…
Ինձ զրկեցին հաստիքային պաշտոնից: Առաջարկեցին հեռանալ «սեփական ցանկությամբ»: Նորից խորհուրդ տվեցին բանթղթակից դառնալ: Մերժեցի:
Լենինգրադ վերադառնալու ժամանակն էր: Մանավանդ, որ ընտանեկան կյանքն էլ կարող էր կարգի ընկնել: Տարածությամբ բաժանված՝ մարդիկ խելամիտ են դառնում:
Տոմպի փողոցում իրերս էի հավաքում: Հանկարծ հեռախոսը զնգաց: Ճանաչեցի Բուշի ձայնը.
– Ծերո՛ւկ, սպասի ինձ: Թռչո՜ւմ եմ: Ավելի ճիշտ, ոտով եմ գալիս: Մի կոպեկ փող չունեմ: Բայց արժեքավոր նվեր եմ բերում:
Իջա գինի առնելու: Քառասուն րոպեից հայտնվեց: Տեսքը ավելի լավ էր, քան կես տարի առաջ: Հարցրի.
– Գործերը ո՞նց են:
– Ոչինչ:
Բուշը պատմեց, որ հաշվառված է հոգեբուժարանում: Ու նաև պարբերաբար քարշ են տալիս պետանվտանգություն:
Հետո Բուշը մի քիչ աշխուժացավ ու ձայնն իջեցրեց.
– Ահա, քեզ համար եմ բերել, ի հիշատակ:
Նա արձակեց պիջակը: Ծոցից մի քառածալ թուղթ հանեց: Գոհունակ տեսքով պարզեց ինձ:
– Էս ի՞նչ է,- հարցրի:
– Պատի թերթ:
– Ի՞նչ պատի թերթ:
– ՊԱԿ-ի տեղական բաժանմունքի: Վերնագիրը տեսնո՞ւմ ես` «Վահան և սուր»: Լիքը հետաքրքիր բան կա: Ինչ-որ ավագի քննադատում են հարբեցողության համար: Ֆարցովշչիկների մասին հոդված կա: Էս էլ՝ խուլիգանների վերաբերյալ բանաստեղծություն.

Ու պճնամոլը շշով հարվածեց
Շքանշաններ վաստակած ծերին:
Նրա ալեհեր ծոծրակը բացվեց,
Արյունն է հորդում` ինչպես աղբյուրից…

– Ինչ կա որ,- ասաց Բուշը,- վատ չի:
Հետո սկսեց պատմել, թե ինչպես է թռցրել պատի թերթը:
– Կանչում է էդ խփնված Սորոկինը: Էլի իր ապուշ խոսակցություններն է սկսում: Ես բոլոր փաստարկները հերքում եմ Մարքսի մեջբերումներով: Սորոկինը գնում է: Ինձ մենակ է թողնում իր պիդառածային առանձնասենյակում: Մտածում եմ` ի՞նչ վերցնեմ, Սերյոգային ի հիշատակ: Տեսնեմ` պատի թերթը պահարանի գլխին: Վերցրի, խոթեցի վերնաշապիկիս տակ: Ընծայում եմ որպես հուշանվեր:
– Արի՛,- ասում եմ,- վառենք, կորչի գրողի ծոցը: Փորձանքից հեռու:
– Արի՛,- համաձայնեց Բուշը:
Մենք կտոր-կտոր արեցինք պատի թերթն ու վառեցինք զուգարանակոնքում:
Արդեն ուշանում էի: Տաքսի կանչեցի: Բուշը հետս եկավ կայարան:
Կառամատույցում նա բռնեց ձեռքս.
– Ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ինչո՞վ օգնեմ:
– Ամեն ինչ կարգին է, – ասում եմ:
Բուշը մի պահ մտքի մեջ ընկավ. տառապանքով ինչ-որ որոշում էր կայացնում:
– Կուզե՞ս,- ասաց նա,- ամուսնացիր Գալինայի հետ: Զիջում եմ, ընկերաբա՛ր: Կարողանում է ծաղիկներ նկարել. կծախեք: Մի ամսից սիամական փիսիկներն են ծնվելու: Ամուսանացիր, չես զղջա:
– Ես,- ասում եմ,- ճիշտն ասած, ամուսնացած եմ:
– Դո՛ւ գիտես,- ասաց Բուշը:
Ես գրկեցի նրան: Հետո նստեցի գնացք:
Բուշը միայնակ կանգնել էր կառամատույցին: Կարծեմ չեմ ասել, որ փոքրամարմին էր:
Ձեռքով արեցի: Ի պատասխան Բուշը բարձրացրեց բռունցքը` «ռոտ ֆրո՛նտ»: Հետո մատները չռեց` «վի՛կտորի»:
Գնացքը շարժվեց:

Արդեն վեցերորդ տարին է` ապրում եմ Ամերիկայում: Կինս ու աղջիկս` Կատյան, ինձ հետ են: Հերթական ջինսը առնելով` Կատյան քառասուն րոպե տրորում է ոտքերով: Հետո ծնկներն է ծակծկում…
Վերջերս մեկը ձայն տվեց Բրուքլինում: Հետ նայեցի ու ճանաչեցի Գրիշանյային: Նրան, որ ինձ Տալլին էր հասցրել:
Մտանք ռեստորան: Գրիշանյան պատմեց, որ ընդամենը կես տարի է նստել: Հետո հաջողվել էր ինչ-որ մեկին կաշառք տալ, ու նրան բաց էին թողել:
– Որ առել ես, կարողացի տալ,- փիլիսոփայորեն նկատեց Գրիշանյան:
Հարցրի` ո՞նց է Բուշը: Նա ասաց.
– Գաղափար չունեմ: Շաբլինսկուն պատասխանատու քարտուղար են նշանակել…
Պայմանավորվեցինք, որ կզանգվենք: Ես այդպես էլ չզանգեցի: Ինքն էլ…
Մի ամիս առաջ թերթերում կարդացի նավապետ Ռուդիի մասին: Չորս տարի նստել էր Մորդովիայում: Հետո ինչ-որ կազմակերպություններ էին միջամտել: Նավապետին ժամկետից շուտ ազատել էին: Հիմա ապրում է Համբուրգում:
Բուշի մասին ո՜ւմ ասես հարցուփորձ չեմ արել: Ըստ որոշ տեղեկությունների` Բուշը բանտում է: Այլ տեղեկություններով` ամուսնացել է ձկնարդյունաբերության մինիստրի այրու հետ: Երկու վարկածն էլ ճշմարտանման են: Ու երկուսն էլ դառնություն են պատճառում:
Որտե՞ղ է հիմա նա` այլախոհ ու սրտակեր, շիզոֆրենիկ, պոետ ու հերոս, խաղաղության խռովարար Էռնստ Լեոպոլդովիչ Բուշը:

Թարգմանությունը ռուսերենից` Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *