«Նոյյան Տապան» գրախանութը հրավիրում է բոլոր սիրահարներին, սիրահարվել պատրաստվողներին ու հատկապես նրանց, ովքեր դեռ միայնակ են, միասին նշել սիրո տոնը Ակտուալ ակումբում փետրվարի 14-ին, ժամը 14:00-ից սկսած մինչ երեկո:
Ձեզ սպասվում է՝
ա) կույր ժամադրություն բանաստեղծության հետ:
Յոթ ժամանակակից հայ բանաստեղծներ (Հուսիկ Արա, Վահե Արսեն, Լուսինե Եղյան, Արմեն Սարգսյան, Արթուր Մեսրոպյան, Էդուարդ Հարենց, Անի Ամսեյան) կընթերցեն իրենց սիրային բանաստեղծությունները: Հանդիսատեսի աչքերը լինելու են կապված: Հնարավորություն կունենանք ձեռք բերելու հեղինակների ինքնագրով գրքեր, շփվել նրանց հետ մի բաժակ գինու շուրջ:
բ) կույր ժամադրություն գրքերի հետ:
Գրքերը փաթեթավորված են, գրքի ով լինելը՝ թաքցված: Գրքից առանձնացրել ենք սիրային հատված, նաև կա տեղեկություն հեղինակի մասին, գրքի արժեքն ու լեզուն (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
գ) գրքափունջ:
Մենք առաջարկում ենք նվիրել սիրելիին ոչ վաղանցուկ ծաղիկներ, ուստի ընտրել ենք գրքեր, որոնց վերնագրերում առկա են ծաղկային անվանումներ՝ Էկոյի «Վարդի անունը», Բրեդբերիի «Խատուտիկի գինի» և այլն:
Սիրային մյուս գաղտնիքների մասին՝ տեղում…