Աղավնի Գրիգորյան | Ինկուբացիոն շրջան կամ Պտույտ անկյունագծով

– Ինկուբացիոն շրջանը՝ երեքից վեց ամիս:
Սարայը հեռախոսով գուգլ-եց հնարավոր զարգացումների փուլային ընթացքը, որ հաջորդում է շան հետ գրկախառնությանը, եթե վերջինս մարդաբոյ հովվաշուն է, իսկ համբույրը կըծ(վ)ահամ (քանի դեռ հակառակի ապացույցը չկա): Փաստորեն ես ինկուբացիոնի մեկ վեցերորդն անցել եմ, հետաքրքրիր է…
– Մեկ տոմսակ:
– Ո՞ր սրահն եք դիտելու, – հարցնում է թանգարանի աշխատակցուհին:
Գրպանումս ինկուբացիոնի մի քանի ամիս դեռ կա, բոլոր սրահներն արժե վայելել: Հետո հաստատ նույն զգացողությունը չի լինի:
– Ողջույն Թո´ր, բարի գալուստ ինկուբացիոն շրջան:
Թորը ետ է քաշվում իր բույնն, իսկ ես դեռ գլխի հարվածն եմ զգում դնչիս: Գլուխս զնգում է, մինչ Բախի դո մաժոր պրելուդը հոսում է գերմանական պաղարյունությամբ, իսկ վերքը բացվում կարմիրով՝ իսպանավարի:
– Պարե՞նք սենյորա:
Մեկ ուզում եմ հասկացնել, որ «սենյորան» այնքան էլ տեղին չէ՝ հաշվի առնելով ջինսե տաբատս ու սպիտակ ամենագնացները, հետո լեզուս կծում եմ. հողմաղացների ֆոնին պարի առաջին հրավերը մերժելն առնվազն անխելքություն է: Ուստի աննկատ պոկում եմ թփից աչքով անող վարդն ու ամրացնում մազերիս:
Հուշանվերների կրպակի աշխատակիցը համբերատար սպասում է պարի ավարտին:
– Սրա պրոֆեսիոնալն ունե՞ք, – հարցնում եմ շունչս տեղը բերելով, այսքան սպասեցնելուց հետո մի հուշանվեր (ձևի համար) կարելի է գնել կրպակից ՝ բացասական պատասխան:
– Ի՞նչ փայտ է, – երաժշտությունը դադարել է, ես բղավում եմ, չգիտես ինչու: Հարցս տեղին չէր, որովհետև վաճառողի ժպիտը սառեց, հետո ծամածռվեց:
Երաժշտությունը հնչում է կրկին՝ փոխված ռիթմով. ճիշտ ժամանակն է կաստանետների վարպետության գաղտնիքը յուրացնելու համար:
– Հալուցիանացիանե´ր, – շարունակում է Սարայը, երբ հայտնվում են միանման պտավոր շրջազգեստներով իսպանուհիներն ու առնում ինձ շրջանի մեջ:
Խանութպանն ինձնից առաջ կրպակ մտած զբոսաշրջիկին համառորեն բացատրում է.
– Ես գիտական ուղղության ներկայացուցիչ եմ և չեմ կարող երաշխավորել՝ կաստանետներն աշխատո՞ղ են, թե ոչ:
(ինկուբացիոն-ից դուրս մարդիկ ավելի խենթ են):
Տիկինն էլ հանձնվողներից չի, ըստ երևույթին, որովհետև հերթով ստուգում-փորձարկում է խանութի բոլոր կաստանետները: Չգիտեմ ինչով ավարտվեց առևտուրը, որ ռոք համերգի ժամանակ գիտական թեզի պաշտպանություն է հիշեցնում, համենայն դեպս հաջորդ սրահի մուտքին հասնելուն պես հեռագիր ստացա տիկնոջից.
– Աշխատո´ւմ է:
Գերակտիվության նոպաներ.
«Թո´ր, ինձ ու քեզ տրված ինկուբացիոն շրջանը ուղիղ գծով բացվել ու ձգվում է քառասուն կիլոմետր՝ ճիշտ-ճիշտ հալուցինացիայի ամպլիտուդի շառավղով»:
Զարմանալի պատահականությամբ խուսանավում եմ ինձ հետապնդող մոլագարից, չէ´, չեմ դողացնում, ոչ էլ նյարդայնացած եղունգներս եմ կրծում, եթե մինչ այդ երբեք չեմ կրծել, հիմա բնական չի´ էլ ստացվի: Տոհմիկ արքայազնը կտավից նիզակն ուղղել է հուշումով դեպի սրահի ետնամասը. արագ թարթող աչքերը մատնում են մոլագարին: Կանգնում եմ սրահի կենտրոնում, կտրուկ ետ շրջվում ու նայում ուղիղ նրա աչքերին. մի գրքում եմ կարդացել ՝ օգնում է: Ինկուբացիոնի մեկ երրորդը դեռ գերակտիվության ապահովագրությամբ թփթփացնում է ուսիս, այնպես որ աչքերս ճպճպացնելով ու լայն ժպիտով հարցախեղդ եմ անում հարգարժան մոլագարին, որ արդեն հստակ գիտակցել է իր ձախողումը: Դեռ հարցաշարիս կեսին չհասած, անհեթեթ պատրվակ բռնելով՝ հեռանում է:
Թո´ր, ինկուբացիոնը սկսում է դուրս գալ, գիտե՞ս, ափսոս, որ ավազահատիկները գնալով ստվարանում են ներքևում:
– Կովադո՜նգա, – արտաբերում ենք ընկնող ավազահատիկի հետ ես ու Թորը, մինչ Սարայը հաջորդ կտավի ստուգաբանությունն է մեջբերում ուսուցչապետական ձայներանգով.
– Քրիսոտոնյաների առաջին հաղթանակն արաբների դեմ:
Իմ առաջին հաղթանակն էլ չուշացավ, հալուցինացիան արդեն իմ ուզած արագությամբ է փոփոխվում:
«Գերակտիվության նոպաներ» սյունակի դիմաց «պլյուս» ասել է թե՝ այո, առկա է, նշում եմ:
Մեկ տոմսակ ևս պիտի գնել, սրահը փոխվել է ու դարձել «ուրիշագույն». այդպես է նշված ցուցանակի վրա: Չորս անգամ աչքերս թարթեցի, երեք անգամ պտտվեցի անկյունագծով՝ «սովորականագույնից» ավել չի ձգում:
Թո´ր, «Սև քառակուսին» այնքան էլ սև չի, փաստորեն:
Թորը գլխի թեթև շարժումով հաստատում է ասածս: Սևի՝ մոխրագույն անցումները չենք հասցնում «մարսել», «ուրիշագույն» սյունակի դիմաց «մինուսը» վեր է ծռվում անսպասելի բղավոցից.
– Ջրհեղե՜ղ, – գոռում է թանգարանի աշխատակցուհին, կոշիկները ձեռքին՝ ընթացքից ցատկում է սրահի կենտրոնում դրված նստարանին:
«Ջըր-հե-ղեղ» արձանագրում է Սարայն իր ճամփորդական նոթատետրում, որ միշտ պայուսակի մեջ է: Եվս չորս ստորագրություն միանում են՝ հաստատումով, ու Սարայը մի մատնահպումով ուղարկում է բողոք-արձանագրությունը ՄԱՊԵԳ (Մշակութային Արժեքների Պահպանության Եվրոպական Գրասենյակ), չմոռանալով կցել առաստաղից հեղվող ջրի շիթի մի ազդեցիկ տեսագրություն և հետգրություն.
«Ռոդենից ավելի լավ գործեր կարելի էր ցուցադրել, ի միջի այլոց»:
Չինացիների խումբը հենց նոր շրջանցեց Ռոդենին: Կլանված լսում են հերթական N-րդ հանճարեղության մասին ականջակալներից ծնվող էլեկտրոնային բլա-բլան: Նախանձելի անտարբերությամբ լողացող նկարների արանքում սելֆիներ են անում, անգամ հինգ րոպե անց, երբ ջուրը հասել է գոտկատեղին: «Ադամ ու Եվա»՝ Ռաֆայե՞լ թե Տիցիան: «Ռաֆայե´լ»՝ մակագրում է չինացին լուսանկարը (ո՞վ պիտի թութակին նկատի, եթե վերջինս աշխատակցուհու գոչյունից կաթվածահար՝ կուչ է եկել ծառի տակ, Ադամի ոտքերի մոտ):
– Լողացող կտավներ, ի՜նչ օրիգինալ է, – հուշանվերների կրպակից ծանոթ տիկինն է. ձեռքերը ջրից վեր պարզած՝ դիրքավորվում է Կարավաջոյի հսկայական կտավի կողքին, որ վերջերս է վերականգնվել, ապահովված է տեխնոլոգիական վերջին SXP պաշտպանիչ համակարգով ու հիմա ստորջրյա մեծ բաթիսկաֆ է հիշեցնում:
– Մի քանի անգամ չխկացրեք, լա՞վ, – դիմում է նստարանին կանգնած աշխատակցուհուն տիկինն ու պատասխանի չսպասելով՝ նրան մեկնում տեսախցիկը:
Բոսխը՝ փայլատակում է հանկարծ ուղեղումս… իսկ եռապատկերի շուրջը չկա ջրի կաթիլ անգամ:
Ձուրը ծփում է կրծքավանդակի բարձրության: Աշխատակցուհին երևի խուտուտ զգաց ջրի սառնությունից, որովհետև տեղում վեր ցատկեց, հետո ձեռքերը չլմփոցով սուզվեցին ջրի տակ, աջ ձախ շոշափեցին ու… պտտեցին պատուհանի բռնակը:
Ջուրը նահանջեց… Դալին քմծիծաղեց միայն, անջատեց էկրանից շողարձակող իր լուսանկարը հեռակառավարման վահանակով, հետո նայեց խորտակվող վահանակից տարածվող կոկիկ շրջանաձև ալիքներին, խճճեց անհետաքրքիր սիմետրիկ կատարելությունն ու մի քանի վագրալիք էլ ինքն ավելացրեց մոտի բաց կապույտ ներկով: Հեռացավ նույն պատուհանից, մինչ այդ հասցրեց աչքով անել լողացող Մախաներից մերկին, որն էլ շտապեց հետևել նրան: Մյուս Մախան հագուստն է կախել «ձեռք չտալ» ցուցանակից ու դարձել ճիշտ-ճիշտ երկվորյակ քույրը:
– Քաո՜ս է, – զեկուցում է աշխատակցուհին հեռաձայնի մեջ, – Ռենուարը Ռենուար չի, Մունքն արևային պայծառություն է գողացել մի քիչ, պարուհիներն էլ մանուշակի են փոխել հանդերձն ու հարմարվել ուրիշի ստորագրության տակ:
(Սրահի տեսախցիկները շարքից դուրս են եկել: Առիթից օգտվելով՝ չի մոռանում գրկախառնվել արքայորդուն ու տեղը տեղին համբուրել, արքայորդին զարմանքից ասպանդակում է ձիուն, վերջինս էլ խրտնած ծառս է լինում): Հենց այդ պահին Դալիի գծած երկնագույն ալիքները՝ չեմուչումով փախչող ջրի ետևից չհասնելով՝ չոր շրխկոցով դաջվեցին հատակի սալիկներին: Յոթից ուղիղ հինգ է պակաս:
Ափսո՜ս, չինացիներից ոչ ոք կողքիս չի. այս կադրն անմահացներ:
Այցելուներից մեկը շտապելուց մոռացել է ականջակալները, դրեցի ականջներիս: Բախի պրելուդն այս տարի վերջին անգամ է հնչում: Մատներիս արդեն հագցրել եմ կաստանետները: Թորը խելացի աչքերով նայում է ինձ.
– Պարե՞նք սենյորա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *