Գևորգ Տեր-Գաբրիելյան | Սև ստվարաթղթից կտրած կերպարանքն ու «ներքին «թուրքը»

Սև ստվարաթղթից կտրած կերպարանքն ու «ներքին «թուրքը». գրականագիտության գրախոսություն

Տպավորված եմ Սեյրան Գրիգորյանի «Թուրքի կերպարը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ» հետազոտությամբ[1]: Ուզում եմ կիսվել այն ընթերցելուց ծնված նկատառումներովս:

Նախ, ինչը նկատելի է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը նվիրված հետազոտություններում, ինչպես նաև նրան նվիրված այլ գործերում, որոնք սկսեցին ստեղծվել անկախությունից ի վեր, հատկապես նրա մահից հետո: Չեմ ասի, թե բոլորը կամ նույնիսկ շատերը կարդացել եմ, ինչպես նրա կյանքի օրոք գրվածները, այնպես էլ հետո: Սակայն ընդհանուր տենդենցը, որ նկատել եմ՝ հետևյալն է. նրա կյանքի օրոք գրվածքներում կախվածությունը նրա հուժկու ոճից շատ ավելի էր: Ընդհանրապես, Հրանտի ոճն այնպիսին էր, որ այն կարծես պարտադիր իրեն առնչվողին ընդգրկում էր իր մեջ: Դա երևում էր նաև նրա հետ արած հարցազրույցներում, որոնք, ասենք, առկա են 2005 թվականին հրապարակված նրա «Հատընտիր»-ի երկրորդ հատորում: Շատ չխորանալով այդ ոճի վերլուծության մեջ այստեղ, ասեմ. հանդիսավորությունը, երկար նախադասությունները, հանուն խորքի՝ ջրապտույտի պես անուղղակիորեն որևէ կոնկրետ հարցի մոտենալը, որոշակի ուրույն «մաթևոսյանական» ոճական շեշտը, երևի, ազդում էին, որ նրա մասին գրվածը, նրան առնչվող գրվածը կամ նրա հետ զրույցում գրվածը դառնա, ասես, ադապտացիա նրա ուրույն ոճի, թեև այդ ուրիշի գրածը, իհարկե, ավելի մակերեսային «մաթևոսյանություն» էր ստացվելու, քան բուն հեղինակայինը: Դա ցույց էր տալիս նրա, որպես մշակութային երևույթի, ուժգնությունը. ուժեղ հոսող գետի պես՝ այն իր հոսանքի մեջ էր առնում տաշեղ թե ծառի բուն, տանում հետը: Ինքս էլ եմ տուրք տվել դրան: Ու երբ գիտակցում էի, որ սա ախր իմ ոճը չէ, «հրանտություն» է՝ փորձում էի դրանից ձերբազատվել ու ձևը, ճիշտն ասած, չգիտեի:

Եվ ահա, ասածս այն էր լինելու, որ վերջերս Հրանտի գործը հետազոտողներն այդ ոճից ձերբազատվել են: Եվ Սեյրան Գրիգորյանի այս գործը դրանով նույնպես ուշադրությունս գրավեց. որ ազատ է այդ հրանտական ոճից բացարձակապես, մինչդեռ՝ ինքնին լավ ոճ է ու Հրանտի մասին է, ու Հրանտի վերլուծություն:

Դա ուրախալի է և մանրուք չէ: Չեմ ուզում հիմա այդ ֆենոմենի՝ նրա ոճից կախվածության ու դրա պատճառների քննարկման մեջ ընդգրկվել, բայց ինքնին հետաքրքիր ֆենոմեն էր ու է դա:

Մյուս կարևորը. այս աշխատանքում Ս. Գրիգորյանն ասում է մի քանի բան, որ ես չգիտեի, իմ ուշադրությունը չէր գրավել: Փեշակով գրականագետ չեմ, թեև Հրանտին, համարում եմ, շատ խորն եմ ճանաչել, նրա գրածները նախ և առաջ նկատի ունեմ, մինչև հիմա էլ ճանաչում եմ, հետևում, ու գրել եմ, վերլուծել նրա գրածները մի շարք անգամներ: Գրականագետ չեմ այն իմաստով, որով Ս. Գրիգորյանն է. որ մասնագետ է, որի փեշակը դա է, ու որը գիտնականին հատուկ մանրազնին բծախնդրությամբ է փաստերը հավաքել Հրանտի գործերից, կառուցելու համար իր արգումենտը: Ինչ որ ասելու եմ, այսպիսով, գիտական հավակնություն չունի, ավելի շուտ իմպրեսիոնիստական մտածմունք է, տպավորություն, խոհ:

Նորություն էր ինձ համար, թե իրոք որքան կարևոր թեմա է եղել Հրանտի մոտ ու ինչպես է, կալեյդոսկոպի գունավոր քարակտորների պես, սփռված իր տեքստերում հանդես եկել «թուրքի» հարցը: Լավ էի հիշում հանդում մարդ սպանելու դեպքի բոլոր դրսևորումները, սակայն մտքովս էլ չէր անցել դրանք ամբողջացնել, տրամաբանացնելով համատեղել Մեսրոպի սագայի հետ, տեսնել, թե Մեսրոպն ինչպիսի, իրոք, առանցքային կերպար է, ու հանդում այդ սպանությունը՝ ինչպիսի լեյթմոտիվ: Այժմ, երբ Գրիգորյանը դա ամբողջացրել է, դրան կցել մնացյալ ամենը՝ «Մի անգամ Հալեպից» մինչ Մաքսուդ Իբրահիմբեկով, դա շատ ակնառու է:

Սկսում է Գրիգորյանն իր պատմությունը նրանից, որ ութսունականներին կարծիք կար, թե Հրանտը չի ուզում, որ գրվի ցեղասպանության մասին: Երևի այդպիսի կարծիք էլ է եղել, որ եղել է նրա՝ իմ իմացած իրական կարծիքի աղավաղումը: Չէ որ նրա այդ ուրույն ոճը բարդն արտահայտելու միջոց էր, ու երբ այն ընդօրինակում էին կամ բարեխղճորեն չէին վերլուծում՝ բարդը պարզունականում էր:

Նրա կարծիքն՝ ինձ անձամբ ասված բազում անգամներ, նաև՝ կարծեմ գրված, այն էր, որ «թուրքի կերպարը մեր գրականության մեջ սև ստվարաթղթից կտրած տափակ ֆիգուր է»: Եվ ուրեմն նա նկատի ուներ. թե գրում ես, այնպես գրիր, որ գրականություն ստացվի, ոչ թե պրոպագանդա: Կամ «ստիլիզացիա»: Մի՛ էժանացրու: Մանանեխահատիկի չափ քո տրտմությունը մեյդան մի՛ հանիր ու առևտրի առարկա դարձրու: Եվ Վառլամովի դրվագում ու այլ տեղեր դա շատ լավ էլ արտահայտել է, ու Գրիգորյանն էլ դա մեջ է բերում:

Եվ ուրեմն այդ իմաստով ու առիթով՝ ասում էր, բանավոր, երևի թե նաև գրավոր, որ իրեն չի հաջողվել դա, դրա համար էլ բուն այդ թեմային ուղղակիորեն չի անդրադարձել, դա՝ որպես գլխավոր թիրախ, կիզակետում չի դրել. իր գրվածքներում այն մնացել է այս կամ այն անկյունից մի պահ ծիկրակող: Սա կապված էր նաև ընդհանրապես պատմության մասին գրելու դժվարության՝ նրա ասածների հետ: «Ի՞նչ էր Վարդան Մամիկոնյանի ձիու անունը»:

Ասածն այն էր, որ դա արել է (ցեղասպանության թեմային որպես կիզակետ չի անդրադարձել որևէ գրական գործում) ոչ թե ու ոչ միայն գրաքննության պատճառով (ինչը գուցեև և անպայմանորեն ազդած կլիներ, նույնիսկ ենթագիտակցորեն, իհարկե), այլև՝ որովհետև ձևը չի գտել: Եվ դա մի քիչ, իմ կարծիքով, նաև իրեն ու Մնձուրուն նմանեցնելու թեզ էր պարունակում. Մնձուրին էլ չի արել, որովհետև արհավիրքը պատկերելու ձևը չի գտել, որովհետև արհավիրքը պատկերելը հակագրական, հակագեղարվեստական է սովորաբար: Գուցե ինչ-որ «հանճար» կարողանա կոտրել այդ խնդիրը (ասում էր Հրանտը): Այլ ոչ միայն որովհետև, ասենք, Մնձուրին Ստամբուլում ապրելիս է եղել ու չի համարձակվել (իմ կարծիքով, մի քիչ նկատի ուներ Հրանտը): Թեև, իհարկե, էլի եմ ասում, այլ հանգամանքներում՝ թե Մնձուրին Ստամբուլում ապրելիս չլիներ ու թե Հրանտը սովետական գրաքննության մեջ ընկղմված, նրա դեմ պայքարելիս չլիներ՝ ով գիտի, ինչպես կլուծեին ստեղծագործական այդ խնդիրը, գուցեև դրա վրա սևեռվեին ու այն հաղթահարեին այս կամ այն կերպ: Բայց պատմությունը «եթե», գիտենք, չի ճանաչում:

Բայց Ս. Գրիգորյանն այս հարցը լուծում է, իր մանրազնին հետազոտությամբ ցույց տալով, որ այդ բոլոր «ծիկրակումները» մեկտեղ բերելով՝ տեսնում ենք Հրանտի ողջ բազմաշերտ ու բազմահարուստ վերաբերմունքը, ոչ թե անձի՝ այլ հեղինակի, նրա գեղարվեստի վերաբերմունքը «թուրքի հարցին»: Ս. Գրիգորյանը նաև նոր կերպով է անում այն, ինչն իմ տեսած գործերում մինչ այդ էլ էր արվում. Հրանտի տեքստը որպես մի ամբողջություն, մի մետատեքստ մեկնաբանելը: Մինչ այդ, դեռ 20-րդ դարից մոտս տպավորվածն ավելի հեշտ տարբերակներն էին. դիտարկվում էր, որ Հրանտի գրեթե բոլոր տեքստերն իրար կապված են տեղի, երբեմն գործող անձանց միասնությամբ, երբեմն՝ պատմությունների, գլխավոր թեմաների՝ իրար հյուսված լինելով, և, ի վերջո, «գյուղագրությամբ»:

Ս. Գրիգորյանի ընտրած ձևով տեքստերը մեկնաբանելը, նրանց միմյանց կապելը նորույթ էր ինձ համար: Թեև կարդացել էի արդեն Հրանտի մի հարցազրույցում, որ «ցրիվ է տվել» Մեսրոպի պատմությունը գործից գործ, գրաքննության պատճառով, բայց լրիվ չէի գիտակցել, թե դա ինչ մասշտաբի է եղել:

Այսպիսով ինձ համար նոր մոտեցման հնարավորություն է սկիզբ դրվում Հրանտի մետատեքստին: Եվ իսկույն «նոր» (կամ մեկ այլ) թեմայի կարիք է մեջս առաջանում նաև. «ներքին «թուրքի» կերպարը, կամ հարցը, ու գուցեև ոչ միայն Հրանտի գործերում, այլև, բնականաբար, ասենք, Գալշոյանի ու այլոց:

Եվ նման շատ այլ թեմաներ կարող են ձևակերպվել այս մոտեցմամբ, ինչը, եթե լավ արվի՝ շատ օգուտ կլինի մեր դիսկուրսին: Եվ Հրանտը չէ՞ որ, անկախ նրանից, գրաքննության թե ո՛ր պատճառով՝ «ներքին «թուրքի» վրա ավելի է կենտրոնացել, քան «արտաքին», իր ողջ գրածով: Եվ գրականությունը չէ՞ որ, իրոք, կռիվ ու պատերազմ չէ, այլ ազգի ներքինի՝ դեպ համամարդկայինը հասցնել, դրա համամարդկայինը վեր հանել: Եվ Հրանտի այդ բոլոր դրվագները՝ «ներքին «թուրքին» առնչվող, մնում են գրականության տիրույթում, պրոպագանդա, «ազգ-բանակ» չեն դառնում: Եվ նա Մաքսուդին լավ է վերաբերում ու գրականորեն ճշգրիտ: Եվ Վառլամովին: Եվ Վաքսբերգին: Եվ Մեսրոպին ու Լևոնին: Ու միայն «Մեծամորում» է ավելի կոնկրետ, ու մի անգամ ինձ ասաց «սրտիս ծանրացել էր, թուրքերը գալիս բնավորվում էին, լցվում», ու համարում էր, որ դա «մի քիչ չստացված» գործ է, «հիմա որ գրեի, – ասում էր, – այլ կերպ կգրեի», որովհետև համարում էր, որ գեղարվեստի՝ իր խնդիր-բարձրությունից փոքր-ինչ «իջել» էր, ու դրա համար էլ, գուցե, դա «էսսե» ստացվեց, որովհետև չնայած իր բոլոր գործերը, ներառյալ գլխավոր հարցազրույցներն իր տեքստն են, իր մետատեքստի մասը՝ սակայն հստակորեն տարանջատում էր «ուղղակի» ասելիքը գեղարվեստականից, իսկ էսսեն ինչ-որ միջանկյալ բան է, ասենք՝ գեղարվեստական՝ որտեղ հերոսը, սակայն, հեղինակն է:

Այն, որ իր բոլոր տեքստերն են իր մետատեքստի մասը՝ նույնպես իր ուրույն ոճական հատկանիշներից էր, որ շատ այլ դեպքերում չես հանդիպի, գուցե դրա համար էլ սկզբում հարցազրույց դժվարությամբ էր տալիս, գրավորը նախընտրում, որ պատահական ու անստույգ ձևակերպում չմտնի մեջը: Ես մի անգամ նկատեցի, որ նույնիսկ «Չեզոք գոտու» «տեխնիկական» ռեմարկներն են «իր տեքստ», որը գրեթե երբևէ չի պատահում այլ գրողների գործերում. և այդ առումով դա որքան էլ պիես՝ նաև արձակ ստեղծագործություն է, որովհետև ռիթմով, ոճով, երբեմն նաև իմաստով՝ «1914, հուլիսի առաջին օրերից մեկ օրը», և դրա պես այլ «տեխնիկական» ռեմարկները պատումի մաս են:

Եվ «ներքին «թուրքի» հարցն է Հրանտի մոտ ոչ թե «լուսանցքային»՝ այլ առաջին տեղում, ու դա ճիշտ է: «Սիրիր մերձավորիդ»: Նաև, ուրեմն, «հոգ տար»: Բայց դա չի նշանակում՝ «ատիր հեռավորիդ»: Պատկերացնենք, որ երկու մարդ են՝ օգնության կարոտ. ազգականդ՝ մոտիկդ, ու «թուրք» էլ չէ՝ նեյտրալ օտարը: Կարող ես օգնել միայն մեկին: Մնացած ամեն ինչով հավասար են: Ու՞մ օգնես:

Դա խնդիր է. չէ որ պետք է սիրել նաև «հեռավորին»: Մեր ժողովուրդն այդ խնդրի առջև է կանգնած, քանի որ ամենամերձավոր հեռավորը «թուրքն» է, ու Հրանտը փորձում էր դա և՛ «թուրքի» հարցի դեպքում ճշգրիտ պատկերել, և՛ «ներքին կյանքի»: Հակադրության սկզբունքով՝ ինձ այս խնդիրը հիշեցնում է այն արգումենտը, որ շատերն են ասում, երբ Ռուսաստանի քաղաքականությունն իր հարևանների հանդեպ այսօր քննադատվում է. «Ամերիկան էլ է նույնն անում, – ասում են, – ինչի՞ եք Ռուսաստանին քննադատում, սկզբում Ամերիկային քննադատեք, չէ որ նա սկսեց այդպես գործել առաջինը, Ռուսաստանը միայն ստիպված այդպես գործել սկսեց, որ հակադրվի-հավասարվի, թե չէ կուլ կգնար»:

Անկախ նրանից, դա այդպես է թե ոչ, այստեղ կա էթիկական խնդիր. «սիրիր մերձավորիդ»-ին, «հոգատար եղիր մերձավորիդ նկատմամբ»-ին կապված է «քո աչքի փուշը հանիր նախ և առաջ, ոչ թե ուրիշի աչքի գերանից գյալլաջի արա»-ն: Թե դիմացինդ սխալ է գործում՝ արդարացում չէ, որ դու էլ նույն կերպ գործես, իսկ թե արդարացում է՝ ուրեմն մեր իսկական ներքին իմաստով հասկացած քրիստոնյա չենք: Մանավանդ որ «նույն կերպի» քո հասկացածի մեջ միայն սխալ գործելն է մնում՝ կապկելը, այլ ոչ թե իրապես հակադրվելը, որը ճիշտ գործել կլիներ: Նաև՝ «դիմացինդ» հեռու է, սկզբում մերձավորովդ զբաղվիր ու քեզնով (ինչպես երբ ինքնաթիռում սկզբում քեզ պիտի տաս թթվածին, հետո՝ կողքիդ երեխային): «Դիմացինիդ» վարքից ազդված՝ նույն կերպ գործելը կապիկություն է՝ քո անկախության, ազատության զոհողություն: Ինչպես դպրոցում, երբ ուսուցչուհին ասում էր. ինչու՞ ես չարություն անում, պատասխանում էինք. «Վաղինակն առաջինն արեց, նա անում է՝ ես էլ եմ անում», ուսուցչուհին. «իսկ եթե Վաղինակն իրեն լուսամուտից նետեր, դու է՞լ պիտի նետեիր»: Մի՛ կապկիր:

Եվ ահա, Գրիգորյանի աշխատասիրությունն ընթերցելիս, ես ինձ հարց էի տալիս… Բայց սկսեմ սկզբից. երբ տեսա վերնագիրը՝ մտածեցի «Օֆ աման Աստված, հիմա էլ պիտի հանդիպեմ մի հերթական փորձի՝ Հրանտին դարձնել ազգայնական, «ազգ-բանակի» զինվոր»: Ու սպասում էի, ինչ մեղքս թաքցնեմ, աղավաղում:

Եվ երբ սկսեցի ընթերցել ու տեսա, որ աղավաղումը չկա, ուրախությանս հետ մեկտեղ նաև հարց էի տալիս ինքս ինձ. իսկ Ս. Գրիգորյանը, ի վերջո, կարողացե՞լ է իր սեփական «բարձրությունը» պահպանել, անկողմնակալությունը, էթիկականը, գիտականը. չէ՞ որ թեման շատ հեշտ այդ «բարձրությունը» խախտել տրամադրող է, դժվար… Ես, ասենք, հիմա մի քիչ մտածելուց հետո՝ «թուրք» բառը շատ դեպքերում սկսեցի չակերտների մեջ վերցնել: Գրիգորյանը դա չի անում: Բայց, փաստորեն, գիտական ճշգրտությունը պահպանելով, Հրանտի բոլոր ռելևանտ դրվագներն ի մի բերելով՝ կարողանում է պահպանել գիտնականի անկողմնակալությունը: Գրեթե՞: Թե՞ լրիվ: Վայրիվերումներո՞վ: Ինչ էլ լինի, սա «պրոպագանդայի» ու «սուբյեկտիվ արժեքից մի կողմ ծանրացած» գիտության, «մի նժարը մյուսից ավելի ծանր» գիտության տպավորություն չի թողնում: Էն, որ «Նանայի» այդ դրվագը՝ Կարսում մառաձյոռությունն ու սպայի ինքնասպան լինելն ու դրանից հետո նրա ատրճանակն էլ վերցնելը, «ներքին «թուրք» հայ, շատ էլ սովորական հայ» մեր լինելը (թեկուզ մեկ օրինակ, իսկ Գրիգորյանը բազում է բերել, երևի գրեթե որքան կա՝ բերել է), նշում է՝ ուրեմն՝ անաչառ է:

Գրիգորյանն ասում է՝ ռուս գրականագետները Մեսրոպի կերպարում երգիծականություն են տեսել: Բայց չէ որ հասկանալի է, հումոր էլ այդտեղ լիքը ու Հրանտի մոտ ընդհանրապես լիքը կա: Հենց դա է գեղարվեստը, հենց դա է թույլ տալիս դժվար թեման որպես գրականություն մեկնելը, հումորն էլ փրկիչ հեռավորություն ձեռք բերելու ձև է: Բայց հայտնություն էր, իհարկե, նոր կոնտեքստում՝ այն, որ իր հոր սպանելն ու Անին գրավելն իրար ետևից շարելը զուտ սրամիտ արձակ չէ: Այդ «ֆրակտալայնությունը»՝ մեկի ճակատագրից մինչև ազգի, պատահական պրիոմ չէ: Անհամեմատելին համեմատելը, Մեսրոպի՝ իր ողբերգությամբ գրեթե, թվում է, «պարծենալը», այն չափազանցնելը ո՛չ պարզունակ նացիոնալիզմի դրսևորում է, ո՛չ էլ ծաղրածվություն:

Հայտնություն էր Մեսրոպի կերպարի սկզբունքայնությունն ու առանցքայնությունն այդպես բացահայտելը: Անձնական վրեժի անկարողությունից՝ «ՍՍՌՄ» հասնելու փորձը: Հանդերը վերադարձնելու ու ցեղասպանությունը ճանաչելու հարցերի միջև կապը:

Գուցե որովհետև այդ ամենը ցրիվ եկած էր հասել ինձ, որպես ընթերցողի, այն տարիներին, տարիների ընթացքում՝ ես այդ ենթատեքստը, որ դառնում է մետատեքստ, մինչ այսօր չէի վերականգնել: Հենց դա չէ՞ գիտությունը. ցույց տալ տեղյակ մարդուն մի բան, նոր օրինաչափություն, մնայուն սկզբունք՝ որ մինչ այդ հայտնի չէր: Նարրատիվի, արձակի ընթացքի միջից ուշադիր զննմամբ դուրս բերել ու հրամցնել օրինաչափությունը: «ՍՍՌՄ» նամակ գրելու այդ մղումը եկավ մեջս ագուցվեց Ղարաբաղի հարցով նամակներ գրելու մեր պատմական տենդենցին, որ այսօր կրկին ակտուալացել էր մեջս՝ 1988-ի երեսնամյակի հետ կապված հուշերի կոնտեքստում: Գրեթե քառասուն տարի առաջ, երբ «Մեսրոպը» կարդում էի, չգիտեի էլ, որ դա հայ ժողովրդի՝ նաև քսաներորդ դարի խորհրդային շրջանում է այդպիսի հուժկու տենդենց եղել իրական. «նամակը ռուսաց թագավորին»: Թղթե շերեփով: Անիրավորեն աքսորվածի համար խնդրելը՝ գիտեի, հանդ կամ Ղարաբաղ վերադարձնելու համար գրվածը՝ ոչ: Մաքսուդի ու Ղարաբաղի կապը, էն հատուկ տեսակի՝ «ոսկեհատ» ցորենի… Թուրք-մոնղոլից տղայի վախի, հետո՝ թուրք չոբանին օգնելու ու հետո՝ Մեսրոպի հոր սպանության պատմության մեջ ընկղմվելու կապը… Ու այդ ամենի ու Մեսրոպի ողջ կերպարի կապը՝ Մեսրոպի՝  ձիուց «փափուկ» ընկնելուն (մի դրվագ, որի ուժն ու առեղծվածը միշտ ու շատ է ինձ հետաքրքրել)…

Բայց հիմա եկեք մի պահ նաև հենց այս դրվագների բովանդակության իմաստը շուռ տանք. Արայիկն օգնու՛մ է թուրք չոբանին: Նրանց էությունը «թրքությունը» չէ՛ր: Հորը թեկուզ սպանում են, բայց «հայի տղային» չե՛ն սպանում: Ինչու՞: Ս. Գրիգորյանը բերում է նաև բազում այլ օրինակներ, տես նաև հետո: Եվ, ի վերջո, առաջին սպանությունը, ինչպես և Աստվածաշնչում, կարծրատիպով ասած՝ «քոչվորը», «անասնապահը», «եկվոր» եղբայրը չէր կատարել, այլ՝ «հողագործը», «նստակյացը»: Ճիշտ ինչպես Արցախյան կոնֆլիկտի ժամանակագրության ադրբեջանական տեսակետում՝ «ամենասկզբում երկու ադրբեջանցի սպանվեց…»: Մի կաթիլ մեղրը ո՞ր ազգի էր:

Հրանտը ճշգրիտ է ամեն ինչում: Ս. Գրիգորյանն իր հետազոտությամբ այդ ճշգրտությունը ցույց է տալիս: Եթե թերացում կա՝ ապա մյուս գիտությունների ասպարեզ անցնելիս այդ ասպարեզում գիտնական չլինելն է (ինչը, ի վերջո, թերացում չէ). Հրանտն ու իր արձակն իրավունք ունեն բողոքել «ազգային-ազատագրական» ձևակերպման դեմ, որը մի կտրվածքն է միայն պատմության, իսկ մյուսները լրիվ հայտնի չեն «աշխարհին», սակայն Քեմալի առաջնային նպատակը, կարծում եմ (որպես «նախկին» թուրքագետ)), հայ ու հույն կոտորելը չէր, այլ թուրքերի ու Թուրքիայի համար երկիր փրկել, պահպանելն ու ստեղծելը, հայ ու հույն կոտորելն այդ նպատակին հասնելու մի շարք միջոցներից էին, ընդամենը, ավաղ թե չավաղ: Համենայն դեպս, «պատմություն» կամ «քաղաքագիտություն» գիտությունները եթե մի քիչ գիտություն են՝ նրանց ելակետն այդ է: Նույնիսկ ոչ էլ ազգային սնապարծություն է հակառակը մտածելը, համարելը, թե հային կոտորելն է եղել, կա ու կլինի թուրքի էկզիստենցիալ գոյության իմաստը, մանավանդ Ալիևի վերջին խոսքի լույսի տակ, այլ՝ մի քիչ «իրական» կյանքը ոչ էլ հեքիաթով, ոչ էլ պրոպագանդայով, ոչ էլ նացիոնալիզմով՝ լավ բիբլիական, էպիկական սյուժեով փոխարինելն է: Թե կյանքն այդպես փոխարինված է միֆով ու թուրքի նպատակն այդ բիբլիական սյուժեն խաղացնելն է իրոք՝ չենք իմանա, բայց կարծես ոչ:

Անթոգոնիստական կոնֆլիկտի դեպքում՝ ավելի մեծ ճշմարտություն չկա, վերն օրենք չկա: Գեղեցիկ է հայի ու թուրքի հակամարտությունը որպես Հայկի ու Բելի հակամարտություն միֆոլոգիզացնելը, որտեղ Բելն այդպես էլ չի մեռնում ու, ընդհակառակը, «պանթուրքիստական» մի քարավան է դառնում՝ որի հետևից հա հաչում ու հաչում է խեղճ հայ Մոսկան…

Սակայն այդ դեպքում  կոնֆլիկտն անթոգոնիստական է: Իսկ այդպիսի կոնֆլիկտի դեպքում վերն օրենք չկա, վերի հայացքի հնար չկա, վերին արդարություն չկա՝ լինի այսրաշխարհային թե անդրաշխարհային, ուրեմն արդարություն ընդհանրապես էլ չկա, միակ արդարությունն ուժի արդարությունն է: Որն արդարություն չէ, արդարությունը, իմ հասկացածով, դրա հակառակն է:

Դա այդպես մեկնաբանելիս՝ բիրտ, ֆիզիկական ուժի արդարությունն է դառնում միակ եղածը, ոչ միայն «բարոյական հաղթանակն» է խոտանվում որպես թղթե շերեփ՝ այլև ուժերի այլ տեսակները չեն գնահատվում, ասենք՝ արժեքները, օրինակ՝ խիղճն ու ապաշխարանքը:

Ինձ համար գերադասելի է յուրաքանչյուր դեպք, երբ Թուրքիայի բնակիչն իր նախնիների մեջ հայ է հայտնագործում՝ հռետորաբանական բոլոր լուտանքներից: Չելեբիի յուրաքանչյուր հերքում թուրք կամ օտարերկրյա գիտնականի կողմից ավելի կարևոր է, քան մեր գոյամարտն աշխարհամարտ պատկերելը: Պավել Ավետիսյանին[2] հասկանալն ավելի կարևոր է, քան, իբր հայրենասիրական նկատառումներից ելնելով՝ թուղթ մրոտելով «հայ» քաղաքակրթությունը տանելը մինչ մթա այսինչ միլիոներորդ դար:

Եվ Արալովը՝ գոհունակությամբ չի ասում, կարծես թե, «այո», համենայն դեպս տեքստում դա չի զգացվում, այլ՝ որպես անցած-գնացած մի իրողության մասին Աթաթյուրքի ասածի արձագանք, դիվանագիտորեն: Բա ի՞նչ պիտի աներ այդ վիճակում: Վեր թռներ տեղից ասեր «Չէ, դուք շա՛տ սխալ եք արե՞լ»: Սրճի հախճապակե նրբին գավաթիկը խփեր գետնին, ջարդեր ու լուտանք թափելով հեռանա՞ր: Թե՞ երբևէ ռուս դիվանագետ չդառնար կամ ընդհանրապես դիվանագետ չդառնար:

Արալովը Հրանտի մոտ Ռուսաստանի սիմվոլ եթե է, հենց որ ասում ենք «գոհունակությամբ»՝ դադարում է սիմվոլ լինել, դառնում պարզապես դիվանագետ: Կամ՝ Ռուսաստանն է դադարում մեծ և բազմազան երկիր լինել, մարդակերպ է դառնում ու միանշանակ ու մեկընդմիշտ «գոհունակ» (որ մեզ կոտորել են): Այսինքն ոչ թե «Ստալինն» էր Ղարաբաղը տալիս «թուրքերին», այլ՝ «ողջ Ռուսաստանը»: Մեր ռազմավարական գործընկեր, ում տուտն օրհնած էր վախտին:

Իսկ Աթաթուրքի այն դուստրը, որ նվագում էր, ո՞ր մեկն էր, հայը չէ՞ր:

Բարդ է, բարդ…

Պետք չէ ավելին երևակայել, քան փաստն ասում է, տեքստն ասում է, պատկերն ասում է: Պետք չէ ավելի պակասը ներկայացնել, քան պատկերն ասում է, պետք չէ կտրվածք կերպարի փոխարեն, ոչ թուրքի՝ ոչ ռուսի:

Ահա ևս մի քանի դրվագ, որտեղ «գիտականը» մանրուքներում տեղի է տալիս.

«Բայց, ինչպես և մյուս դեպքերում, այստեղ էլ առկա է անխուսափելի այն զգուշավորությունը, որ միշտ պիտի ունենա հայը թուրքի հետ շփվելիս. «Գյուղից արտաքսեցին, գնաց Ղազախ, քոռ Ահմադին հյուր ընկավ, թուրքի հացը հաց ու թշնամանքն էլ թշնամանք է, բայց դե չի կարելի տարով հյուր ընկնել» (2, 299)»:

Ես, օրինակ, այսպես կգրեի.

«Բայց, ինչպես և մյուս դեպքերում, այստեղ էլ առկա է անխուսափելի այն զգուշավորությունը, որ, կարծես թե (կամ՝ ըստ երևույթին), հատուկ է Մաթևոսյանի արձակի գործող անձանց միշտ պիտի ունենա հայը թուրքի հետ շփվելիս…»: Կամ գոնե՝ «որ, ավաղ, սովորաբար ունի, երևի (գուցե), ամեն հայ…»:

Մեկ այլ դեպք.

«Որքան էլ զարմանալի թվա, ըստ մաթևոսյանական մտածող հերոսների՝ մենք համեմատելու և յուրացնելու բան իրոք ունենք: «Ծառերը» վիպակում որդուն ուժեղ կամքի ու արդարացված վրեժի կոչող մայրը, ասենք, օրինակ է բերում այն թուրք ղաչաղին, որ իրեն բռնելու գնացած Վանյա Արզումանովի խմբից ճարպկորեն փրկվում է՝ խառնվելով ոչխարի հոտին. «…Իմ հերը զարմանում էր թուրքի հանկարծական օձային էդ կտրուկ խելքի վրա» (2, 247)»:

Ավելի գիտական կհնչեր առանց «որքան էլ զարմանալի թվա»-ի. ինչու՞ պիտի զարմանալի թվա:

Եվս մեկ օրինակ.

«Արմիկ Մնացականյան տղան հավանաբար օտարության զգացումով և խայթելու մղումով արձագանքում է.
«-Իրենք թուրք են, չէ՞… Թուրքերը խոզ չեն ուտում» (1, 504)»:

Ես այստեղ այդպիսի մղում չեմ կարդում, օտարության զգացում էլ, տեսնես՝ ինչի՞ց օտարության, այլ՝ աշխարհը հասկանալու փորձ, պատճառա-հետևանքային կապերը հստակելու փորձ: Եվ, չնայած «հավանաբար» բառին, կարելի էր պարզապես ասել «տղան արձագանքում է», ու հերիք կլիներ: Իսկ եթե վերլուծության կարիք կար՝ լավ կլիներ վերլուծել հենց այն, որ դրվագը, ի վերջո, «ներքին «թուրքի» մասին է, դրա համար էլ տղան «արտաքին» «թուրքի» հետ է շփոթում:

Մանրուքներ են, բայց եկեք գիտությունը մաքուր պահենք: Ատելությանը տրվելը թուլություն է (նույնիսկ այլապես անարատ գիտությունն է իսկույն սկսում «ճոճել»), և Հրանտի ողջ գործն ու կյանքն էր այդ մասին: Լավ պաշտպանվելն ատելություն չէ, ընդհակառակը, ուժեղը թույլին չի ատում, և ուժ էր, ի վերջո, Մեսրոպի կողմից՝ իր հոր վրեժի հարցը հողի, հանդի հարց դարձնելը, այն օրվա վերին օրենքին դիմել մտմտալը, այլ ոչ թե արյան վրեժ երևակայելն ու պլանավորելը մինչ ժամանակների վերջ:

Հրանտի Մեսրոպը «ծառ» է, չէր ուզում «ծառ» լինել, բայց նրան ապաբարոյականացրել, խոշտանգել, հարբեցող «ծառ» են դարձրել, ու ովքե՞ր. «ներքին «թուրքը». որոնք էլ լրիվ «թուրք» չեն, Լևոնից ի՞նչ թուրք: Ու դա շատ կարևոր է: Դա է, որ Հրանտինը դարձնում է գրական ստեղծագործություն, որտեղ պատկերը, փիլիսոփայությունը, ազգային հարցն ու էթիկան՝ «բարձր» հայացքը միահյուսված են (քրիստոնեական, ամենաներ), նաև՝ խնդիր ունենալով սողոսկել գրաքննության ականադաշտի արանքներով: Ու «ծառի» հակադարձն էլ՝ Իշխանն ու «իշխանակերպները», ինչպես տեսանք «Նանայից» էլ, հանուն հայրենիքի չէին այնքան էլ, եթե ոչ բացարձակապես, այլ հաճախ՝ յուրայինների գլխին ղոչաղ-պատուհաս:

Հրանտի ուժն այն է, որ, «արտաքին թուրք» լինի թե չլինի՝ ինքը ներքին հասարակության մեջ է բարությունն ու թշնամանքը բացահայտում, ներքին դաղալությունն ու դավաճանությունը ճշգրտորեն գամում պատմության դատաստանին, դրա համար էլ Ծմակուտն աշխարհ է, Մակոնդոյի ու Յոկնապատոֆայի պես, թե չէ կմնար մի փոքրիկ գյուղ՝ Ադրբեջանին սահմանամերձ: «Մեծամորը» ցեղասպանության ու «թուրքի» մասին չէ ու կամ միայն չէ. հաղթանակած ժողովրդի, նրա հազարամյակների մշակույթի մասին է, հեղինակի՝ իր ազգային վաստակն ընդգրկելու փորձը: Հեղինակի հայացքն այնպիսին է, այնքան բարձր է, գուցե վայրիվերում է, բայց ի վերջո, հավատալով, հենվելով իր արժեքներին՝ գեղարվեստ, ազգային մշակույթի հազարամյա ուժ, ի վերջո նաև քրիստոնեություն, – այնքան բարձր է դառնում ու մնում՝ որ գիտնականն Ալփ-Արսլանին չի պարտվում: Ընդհակառակը, ի վերջո. գիտությունն է հաղթում արնախմությանն աշխարհով մեկ, ոչ հակառակը: Եթե «թուրքի» հարց կա էլ, և կա, իրոք, իր ողջ ստեղծագործության մեջ, ու Ս. Գրիգորյանը դա համոզիչ է վերհանել – ապա որպես հետազոտության, կյանքից բան հասկանալու, կյանք ճանաչելու նյութ: Եթե «պարտվելու» ցավը կա էլ՝ ապա իր իսկ կամ Մնձուրու ստեղծագործությամբ՝ որպես վերապրում ու հաղթանակ, ա՛յլ հարթության վրա, քան պարտությունն էր:

«Սպիտակ թղթի առջև»-ը Ս. Գրիգորյանը հպանցիկ է վերլուծում և փաստորեն չի անդրադառնում մի` ինձ համար շատ կարևոր տարբերակման. որ Հրանտը թուրքի կերպարն անաչառ կերպով ստեղծելու անհնարինությունը կամ դժվարությունն էլի գրական, գեղարվեստական իմաստով էր նշում: Կրկին խնդիրն այն «վերից» հայացքն է, որի հասանելիության դժվարությունը Հրանտի մտածմունքի մեխերից մեկն էր. էմոցիան մի կողմ թողնելու, «ժամանակի անաչառ տարեգիրը» լինելու կարիքը: Եվ այդ խնդրի կեռերից մեկն էլ ոչ միայն այդպիսի հայացք ձեռք բերելու դժվարությունն էր, այլև այն, թե «վերից» հայացքը, ի վերջո, բարությու՞ն է, ներու՞մ, անտարբերությու՞ն, «կողմնակալ ճշմարտության» աղավաղու՞մ, այդ ամենը միասի՞ն… Եվ ինչպե՞ս է այն, բացի անառաչ տարեգրություն լինելուց, դառնում նաև գեղարվեստ: Եվ դա Հրանտի համար խնդիր էր նաև ներքին հարցերի, «ներքին «թուրքի» քննարկման դեպքում. բազմիցս է ասել. ուզում եմ քննադատեմ՝ տեսնեմ առջևս ազգականս է, հարևանիս տղան…

Եկավ, ահա, այն պահը, երբ պիտի ասեմ, երևի, վերջին թեզն այս գրախոսականի. Գրիգորյանն ապակոդավորում է Հրանտի տեքստերի միջից ու մի ամբողջական տեքստ դուրս բերում՝ մեկ այլ, պարադիգմատիկ տեքստ՝ ինքն իր տրամաբանությամբ, իմաստով, ամբողջականությամբ. Հրանտը «թուրքի» և այդ հարցերի մասին: Դա ինձ համար իրոք ապակոդավորում էր, որովհետև, ինչպես ասացի, այսպես համադրված ես չէի տեսել Հրանտի գործերը, այս լույսի տակ չէի ընթերցել:

«Կոդ» բառը Գրիգորյանն օգտագործում է Համլետի կերպարը նշելիս: Եվ այստեղ էլ էր ինձ համար հայտնություն. Համլետին որպես «ինչպես վրեժ իրականացնել» խնդրից տառապող «կոդավորելը»: Համլետն իմ ազիզ հերոսն է, ես եմ Համլետը, բայց «ինչպես վրեժ իրականացնելը» կամ «վրեժի այս տարբերակն էլ չստացվեց, արի այն մյուսը փորձենք»-ը, կամ «այս ինչու չի ստացվում մայրիկիցս վրեժխնդիր լինելը, գրողը տանի»-ն ինձ համար Համլետ չեն: Համենայն դեպս՝ ամբողջական Համլետ չեն: Ինձ համար Համլետ է՝ «լինել թե չլինելը», «խզվել է կապը ժամանակների միջև»-ը, «հաճելի է աղջկա ոտքերի միջև պառկելը», «Ա, այստեղ կան կռիսնե՞ր»-ը… Թատրոնը թատրոնի մեջ՝ որպես դաս ու խղճի արթնացում, Ռոզենկրանցի ու Գիլդենշտերնի անհետացումն ու հայտվելն ու դավաճան խեղճությունն ու կործանվելը, Հորացիոյի՝ «հավատարիմ պատմագիր» լինելը (ինչպես Հրանտը կասեր): Վրեժի պատմությունն ինձ համար «Կոմս Մոնթե-Քրիստոն» է, և եթե ուզում ենք նրա պես ամեն ինչ կործանած ու դատարկ գերմարդ մեզ զգալ՝ ահա մեզ և ուղենիշ:

Ինչպես որ այս մի կոմսը Համլետի միայն մի կտրվածքն է՝ գրեթե կրկին սև ստվարաթղթից կտրած (և զուր չէ, որ մեծ մասամբ սև հագած), այդպես էլ՝ «մեսրոպիզմը» Մեսրոպի միայն մի կտրվածքն է: Շատ գնահատելի է, որ Գրիգորյանն ամբողջացրել ու ընդհանրացրել է «մեսրոպիզմի»՝ Հրանտի տված «ախտորոշումը»: Կարող ենք այդպիսով հասկանալ հայոց նացիոնալիզմի հոգեբանության ու ճակատագրի այս կարևոր եզրն էլ: Հրանտի գործն այդ շանսը տալիս է, քանի որ, թեև ինքը բողոքում էր, որ, ավաղ, այն մեկ այլ կոմսը չէ (Լև Տոլստոյը)՝ աշխարհը որպես իր ագարակ դիտարկող, այդ «վերից», անկողմնակալ հայացքի տեր ու տիրական, սակայն Հրանտն իրոք դա է, քանի որ ամեն տուրքը՝ ազգային բախտին ու դրանից սևանալուն, դիվոտելուն, նա, ինչպես Գրիգորյանն էլ է ցույց տալիս, նաև մեծահոգության, բարության ու կենսախնդության անսպառ մեր ազգային ու համամարդկային գանձով հակակշռող արվեստագետն է: Ոչ թե հավասարվել հակառակորդին, ոչ թե վրեժ, ոչ թե «թայ» դառնալ, այլ՝ վերից, ուրիշ մակարդակից, արժեքների ուժից՝ խնդիրը լուծել:

Համենայն դեպս սա ասում եմ, որպեսզի Գրիգորյանի հետազոտությունից հետո, նրա թեզերը պարզունակացնելով, Հրանտին սխալ հասկացված «ազգ-բանակի» նախակարապետ հանկարծ հայտարարացուներին արդեն նախապես հակաճառած լինեմ:

Կարդալիս մտածում էի, տեսնես Գրիգորյանը սա սկսել է գրել մինչև՞ «ազգ-բանակի» հայտարարումը, թե՞ դրանից հետո: 2016 թվին «ազգ-բանակը» դեռ չկար, չէ՞: Որպես գիտություն՝ այս հետազոտությունը, իհարկե, ոչ մի անցողիկ քաղաքական օրակարգի մեջ չի տեղավորվում, ինչպես և Հրանտի ստեղծագործությունը: Սակայն, ընդհակառակը, թույլ է տալիս դիտարկել, մի կարևոր բաց լրացնելով, թե գաղափարախոսական օրակարգերն ինչպես էին ձևավորվում հայության ժողովրդական խորքից՝ «մեսրոպիզմից» մինչ «ՍՍՌՄ» նամակներ ու «մեսրոպիզմի»՝ ազգային ինքնագրաքննություն («ինքնաթրքություն», «ինքնահակամեսրոպիզմ»), սրանցից՝ մինչ Ղարաբաղյան շարժում, և մինչ այսօր՝ մինչ «ազգ-բանակ», լինի դա անցողիկ լոզունգ թե կարիքի օրինաչափ, թեև ապակողմնորոշման վտանգով հղի, կարճ ձևակերպման փորձ՝ ազգի ճակատագիրը մի քիչ տնօրինողների կողմից. գուցե Հրանտն ու իր գործի այս վերլուծությունը թույլ տան նաև այդ ամենն ավելի լավ հասկանալ, բովանդակությամբ լցնել:

Միայն թե սպան ինքնասպան չլինի, ու իր ատրճանակը մառաձյոռները չվերցնեն:

Ինչպես որ Հրանտի Ծմակուտն է ողջ աշխարհը՝ այդպես էլ հայությունն է ողջ մարդկությունը, ու ոչ մեկից, ոչ մյուսից մի թիզ պակաս հողի թե հոգու համաձայն չեմ:

Իմ իմացած Հրանտն էլ համաձայն չէր լինի:

»»

Մայրս հենց նոր պատմեց. 1988-ին միտինգից հետո գնացել են բոլորով ընկերուհիներից մեկի տուն: Հրանտն էլ էր: Ուրախանում էին, որ ցեխավիկներն ուտելիք են բերում, շտապ օգնությունը կանգնած է, միլիցիան պահպանում է միտինգը: Բայց անհանգիստ էին: Քննարկում էին, ինչ է լինելու Հայաստանը, Ղարաբաղը, Մոսկվայի, Ադրբեջանի ռեակցիան:

Հրանտը լսեց-լսեց, հետո ասաց.

– Մի քանի տարի հետոյվա առումով ես ոչ այդքան դրսի թուրքից եմ վախենում, որքան մեր միջի թուրքից:

Մայրս սա պատմելիս չգիտեր այս հոդվածիս թեման, գաղափար չուներ, որ ես այսօր սա եմ գրել:

Փետրվար 11 2018

[1] https://granish.org/turqi-kerpary/

[2] https://www.youtube.com/watch?v=LEfhWz9_cDo&feature=share

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *