Սիրված երգերը հայերեն | Շահրամ Նազերի. Նորեն տունն եմ իմ երազում

Շահրամ Նազերին իրանական երաժշտության վաստակավոր մաեստրո է։ Ծնվել է Քերմանշահում, 1950 թվականին։ Ծագումով քուրդ է։ Նազերին հայտնի է Մոհամմադ Ռեզա Շաջարիանի և Հոսեյն Ալիզադեի նման մեծամեծների հետ համագործակցությամբ։ Նրա երաժտությունն առանձնանում է պարսկական գրական ավանդույթի վրա կենտրոնացմամբ, քանի որ նա հնչյունավորել է դասական բանաստեղծների, մասնավորապես՝ Ռումիի ղազալները, որոնց խորհրդապաշտությունն առանցքային դեր է ունեցել Նազերիի ստեղծագործական ուղում։ Իրանական պոեզիայի գոհարները դասական սուֆիական երաժշտությանը միահյուսելով՝ Նազերին դարձել է իրանական մշակութային կյանքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

Սիրիայի Ռոժավա ինքնավարության վրա Թուրքիայի հարձակումների պատճառով՝ 2019 թվականին Շահրամ Նազերին չեղարկել է իր ամենամյա համերգը Թուրքիայի Քոնյա քաղաքում և հանդես եկել հետևյալ հայտարարությամբ․ «Այս տարի ես չեմ մասնակցելու Քոնիայում դեկտեմբեր ամսին կայանալիք համերգին՝ որպես հարգանքի տուրք Սիրիայի քուրդ կանանց, տղամարդկանց և երեխաների տառապանքներին և իմ երկրի անձնուրաց ժողովրդին, քանի որ Ռումին մարդկային խղճի ձայնն է և աշխարհում խաղաղության ու բարեկամության ավետաբերը։ Նա միշտ բարություն, մարդկայնություն ու սեր է քարոզել իր յոթանասուն հազար երկտողում»։

 

Նորեն տունն եմ իմ երազում

 

Նորեն տունն եմ իմ երազում, իմ տունն եմ երազում,

Քանանին[1] ապավինել եմ, ապավինել եմ երազում,

Վարդ ու հասմիկին կարոտ՝ հասմիկ եմ երազում,

Գավաթը ձեռքդ առ ու արի՛, դու արի՛, հե՜յ սաղի[2],
Սաղի՜, իմ խոստումը, խոստումն իմ խախտել եմ երազում,

Քանզի շուրթերդ, շուրթերդ դարձել են ագաթ,

Եմեն[3] երկիր գնալ եմ, Եմենն եմ երազում,

Քանզի երեսդ, երեսդ դարձել է ծաղիկ,

Ծաղիկը եդեմից քաղել եմ, եդեմն եմ երազում,

Վարդ ու գինուց չեմ հագենում, հե՜յ զեփյուռ[4], հե՜յ զեփյուռ,

Այն շուրթերից մի համբույր եմ, համբույր եմ երազում․․․

Թարգմանությունը պարսկերենից՝ Աննա Արամյանի և Դիանա Սիսակյանի

[1] Քանանը Աստվածաշնչում հիշատակված հին երկիր է։ Այստեղ այն խորհրդանշում է երազանքների հայրենիքը։ Հղում է Հակոբի և Հովսեփի ղուրանական դրվագին, որը վերամիավորման կարոտի մասին է։

[2] Պարս․՝ ساقی , հայերեն՝ «սաղի»․ գինի մատուցող սպասավոր` մատռվակ։ Իրանական միստիկական պոեզիայում սաղին աստվածային սիրահարի կամ հոգևոր ուսուցչի փոխաբերությունն է, ում բերած «գինին» սերն է, աստվածային գիտելիքն ու սքանչացումը։

[3] یمن և عدن, այսինքն՝ «Եմենն» ու «եդեմն» այստեղ խորհրդանշում են բարիք, երջանկություն և հարստություն։

[4] Պարս․՝ صَبا այստեղ երկիմաստ է։ Նշանակում է «արշալույսի զեփյուռ», որը իրանական պոեզիայում հաճախ խորհրդանշում է սիրեցյալի բույրը կամ նրանից լուրը բերողին։ Սակայն, Սաբան նաև քաղաք է Հին Եմենում, որը իսլամական պոեզիայում հայտնի է որպես կարմիր ագաթի աղբյուր։

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *