Վիսլավա Շիմբորսկա | Վերադարձներ

Տպավորություններ թատրոնից
Ողբերգության մեջ ամենակարևորը վեցերորդ արարն է ինձ համար.
հարություն բեմի մարտադաշտերից,
կեղծամներն ու շարֆերը շտկելով,
դանակը կրծքից դուրս քաշելով,
հանելով հանգույցը պարանոցից,
կանգնելով հերթում ողջերի միջև
դեմքով դեպի հանրությունը:
Միայնակ ու կոլեկտիվ խոնարհումներ.
սպիտակ ձեռք սրտի վերքի վրա,
ռևերանս ինքնասպանի,
շարժում կտրած գլխի:

Խոնարհումներ կրկնակի.
կատաղությունը ձեռք է մեկնում մեղմությանը,
զոհը երանությամբ նայում դահճի աչքերի մեջ,
ապստամբն առանց դառնության քայլում բռնակալի կողքով։

Կոխոտումը հավերժության ոսկե կոշկի քթով։
Բարոյականության վազանցը գլխարկի շրջագծով։
Անուղղելի պատրաստություն սկսելու վաղը նորից։

Սագաքայլ մուտքը շատ ավելի վաղ մահացածների,
երրորդ, չորրորդ արարում կամ դրանց միջև։
Անհետ կորածների հրաշալի վերադարձ։
Միտքը, որ կուլիսների հետևում սպասում էին անհամբեր՝
չհանելով կոստյումները,
չմաքրելով շրթներկը,
հուզում է ինձ ավելի, քան տրիադները ողբերգության։

Բայց իրոք հանդիսավոր է իջնելը վարագույրի,
և այն, ինչ դեռ կարելի է տեսնել նրա ցածր ճեղքից․
մի ձեռք հապճեպ հասնում է ծաղկին,
մյուսը՝ բռնում ընկած թուրը։
Միայն այդժամ երրորդը անտես
կատարում է իր պարտքը
ու բռնում իմ կոկորդից։

 

Ժպիտներ

Ավելի մեծ հույսով աշխարհը նայում է, քան լսում։
Պետական այրերը պիտի ժպտան։
Ժպիտը պատմում է, որ չեն ընկճվում։
Չնայած խաղը բարդ է, շահերն հակասող,
Արդյունքն անորոշ – միշտ մխիթարող է,
երբ ատամնաշարը սպիտակ է ու սրտառուչ։
Պիտի կենսուրախ ցույց տան ճակատը
Ժողովների սրահներում և օդակայանի մատույցներում։
Առույգ հանդես գան, երևան ուրախ։
Մեկը պիտ ողջույն տա, մյուսը՝ հրաժեշտ։
Ժպտացող դեմքը հույժ հարկավոր է
օբյեկտիվների և ամբոխի համար։
Ատամնաբուժությունը դիվանագիտական ծառայության մեջ
տպավորիչ կերպով երաշխավորում է արդյունքը։
Բարի կամքի ժանիիքներն ու կտրիչները
երբեք չեն պակասում վտանգավոր իրավիճակներում։
Դեռ չունենք անհոգ ժամանակներ այնպիսի,
որ դեմքերին երևա տխրություն սովորական։
Մարդկությունը եղբայրական, ըստ երազողների,
կվերածի աշխարհը ժպիտների երկրի։
Կասկածում եմ։ Պետական այրերն, օրինակ,
պարտավոր չպիտի լինեին այդքան ժպտալ։
Միայն երբեմն` գարնանը, ամռանը,
առանց նյարդային սպազմի ու հապճեպության։
Մարդու էությունը տխուր է ի բնե։
Ես դրան եմ սպասում ու հրճվում կանխավ։

 

Վերադարձներ

Վերադարձավ։ Ոչինչ չասաց։
Սակայն պարզ էր, որ վշտի էր հանդիպել:
Պառկեց հագուստներով:
Թաքցրեց գլուխը վերմակի տակ:
Ծալեց ծնկները:
Նա համարյա քառասուն տարեկան է, բայց ոչ այս պահին:
Նա կա, բայց միայն այն չափերով, որ մոր արգանդում էր
յոթ շերտ մաշկի տակ, պաշտպանիչ մթության մեջ:
Վաղը դասախոսություն կկարդա հոմեոստազի մասին
միջհամաստեղային տիեզերագնացության մեջ։
Իսկ մինչ այդ շրջվեց ու քնեց։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *