Քեն Լիու | Սիրո ալգորիթմներ

Մաս 1

Քանի դեռ բուժքույրը հիվանդասենյակում է և աչքը վրաս է պահում, կարող եմ ինքնուրույն հագնվել և պատրաստվել Բրեդի համար։ Հագնում եմ հին ջինսս և բարձր օձիքով կարմիր սվիտերս։ Այնքան եմ նիհարել, որ ջինսս կախվում է կոնքերիս ոսկորներից։
-Գնանք Սալեմ՝ հանգստյան օրերն անցկացնելու, – ասում է Բրեդը հիվանդանոցից դուրս գալիս՝ հովանավորական կերպով գոտկատեղիցս գրկելով, – միայն ես և դու։
Սպասում եմ ավտոմեքենայի մեջ, քանի դեռ բժիշկ Ուեսթը հիվանդանոցի մուտքի մոտ զրուցում է Բրեդի հետ։ Չեմ լսում նրանց, բայց գիտեմ, թե ինչ է ասում։ «Հետևե՛ք, որ ամեն չորս ժամը մեկ Օքսետին ընդունի։ Ոչ մի վայրկյան մենակ չթողնե՛ք նրան»։
Բրեդը վարում է ավտոմեքենան՝ թեթևակի սեղմելով ոտնակներին, ճիշտ նույն կերպ, ինչպես վարում էր, երբ հղի էի Էյմիով։ Սահուն և թեթև երթևեկություն է, իսկ մայրուղու երկայնքով ձգվող սաղարթը նման է բացիկի։ Օքսետինը թուլացնում է բերանի շուրջ գտնվող մկաններս, և մեքենայի հայելու մեջ տեսնում եմ, որ դեմքիս փայլում է երջանիկ ժպիտը։
-Սիրում եմ քեզ, – կամացուկ ասում է նա, ինչպես միշտ անում է, ասես շնչառության և սրտի բաբախյունի ձայն լինի։
Սպասում եմ մի քանի վայրկյան։ Պատկերացնում եմ, թե ինչպես եմ բացում ավտոմեքենայի դուռը և նետվում մայրուղու վրա, բայց իհարկե, ոչինչ էլ չեմ անում։ Նույնիսկ ինքս ինձ չեմ կարող զարմացնել։
-Ես էլ քեզ եմ սիրում, – ասում եմ ես՝ սովորականի նման նրան նայելով, ասես ինչ-որ հարցի պատասխան եմ հնչեցնում։ Բրեդը նայում է վրաս, ժպտում, հետո կրկին հայացքը թեքում է դեպի ճանապարհը։
Նրա համար դա նշանակում է, որ առօրյան վերադարձել է, որ զրուցում է այն նույն կնոջ հետ, ում տարիներ շարունակ ճանաչել է, որ ամեն բան կրկին նորմալ է։ Ուղղակի զբոսաշրջիկ զույգ ենք, ովքեր ժամանել են Բոստոնից՝ կարճատև հանգստի․ կանգ առնել հյուրանոցում, անկողին, նախաճաշ, թանգարաններ, հին կատակների վերհիշում։
Այդ ամենը սիրո ալգորիթմն է։
Ուզում եմ բղավել։
#
Առաջին տիկնիկի անունը, որ ստեղծել եմ, Լաուրա էր։ Խելացի Լաուրա™։
Լաուրան շագանակագույն մազեր և կապույտ աչքեր ուներ, լիարժեք միակցված հոդեր, քսան շարժիչ, կոկորդում՝ խոսքի սինթեզատոր, երկու տեսախցիկ՝ թաքցված բլուզի կոճակների մեջ, ջերմությունն ու հպումներն ընկալող-հաղորդող սարքեր, ինպես նաև միկրոֆոն քթի մեջ։ Թվարկվածներից ոչ մեկն առաջավոր տեխնոլոգիաներ չէին, այլ ծրագրային միջոցներ, որոնք օգտագործել էի, և որոնք նվազագույնը քսան տարեկան էին։ Միևնույն է հպարտանում էի աշխատանքովս։ Հիսուն դոլարով էր վաճառվում։
Ոչ Սովորական Խաղալիքը չէր կարող դիմակայել պատվերների հոսքին, որ լինում էր նույնիսկ Սուրբ ծնունդից երեք ամիս առաջ։ Բրեդը՝ գլխավոր տնօրենը, այնքան ելույթ ունեցավ CNN, MSNBC, TTV և մնացած հեռուստաալիքներով, մինչև որ մթնոլորտը չհամակվեց Լաուրայով։
Հարցազրույցների էի գնում, որպեսզի ցուցադրեի Լաուրային, որովհետև ինչպես ասում էր Մարքեթինգի բաժնի փոխտնօրենը, ես նման էի մոր (թեև ամենևին էլ մայր չէի) ու (նա դա չէր ասում, բայց գլխի էի ընկնում տողատակերից) սիրունիկ էի և շիկահեր։ Այն փաստը, որ ես էի ստեղծել Լաուրային, բացահայտվեց հետագայում։
Առաջին հեռուստատեսային ելույթս Հոնգ Կոնգի նկարահանող անձնակազմի համար էր։ Բրեդն ուզում էր, որ մինչև տեղական առավոտյան հաղորդումներին մասնակցելս հարմարվեի տեսախցիկներին։
Նստել էինք մի կողմի վրա, քանի դեռ հաղորդավարուհի Սինդին հարցազրույց էր վերցնում «խոնավաչափեր» արտադրող ինչ-որ կազմակերպության գլխավոր տնօրենից։ Չէի քնել քառասունութ ժամ։ Այնքան էի նյարդայնանում, որ ապահովության համար վեցը Լաուրա էի բերել հետս, որովհետև դրանցից հինգը կարող էին որոշել չաշխատել։ Այնուհետև Բրեդը շրջվեց դեպի ինձ և շշնջաց․ «Ի՞նչ ես կարծում, ինչի՞ համար են օգտագործվում խոնավաչափերը»։

Այնքան էլ լավ չէի ճանաչում Բրեդին, քանի որ մեկ տարի չկար, ինչ աշխատում էի «Ոչ Սովորական Խաղալիք» ընկերությունում։ Մինչև այդ մի քանի անգամ էի շփվել նրա հետ՝ միայն գործնական հարցերով։ Նա շատ լուրջ և նպատակասլաց տղա էր թվում, որին ներկայացնելիս կարելի էր ասել, որ իր առաջին ընկերությունը ստեղծել էր դեռևս ավագ դպրոցում սովորելու տարիներին՝ հավանաբար դասերի համառոտագոություններ անելու ընթացքում։ Չհասկացա, թե ինչի համար էր ինձ հարցնում խոնավաչափերի մասին։ Ի՞նչ է, փորձում էր հասկանալ՝ արդյոք չափից ավելի շատ չէի նյարդայնանում։
-Չգիտեմ։ Միգուցե ուտելիք պատրաստելիս, – համարձակվեցի ասել։
-Միգուցե, – ասաց նա։ Հետո խորհրդավոր կերպով աչքով արեց ինձ և ավելացրեց․ – Բայց ըստ իս՝ անվանումը փոքր-ինչ անպարկեշտ է հնչում։
Այնքան անսպասելի էր նման բան լսել նրանից, որ մի պահ կարծեցի, թե լուրջ էր խոսում։ Հետո նա ժպտաց, և ես սկսեցի բարձր ծիծաղել։ Դժվարությամբ էի դեմքի լուրջ արտահայտություն պահպանում, քանի դեռ սպասում էինք մեր հերթին, և արդեն, իհարկե, չէի նյարդայնանում։
Բրեդը և երիտասարդ հաղորդավարուհի Սինդին բարյացակամորեն զրուցեցին
«Ոչ Սովորական Խաղալիքներ»-ի առաքելության մասին (Ոչ Սովորակ Խաղալիքներ ոչ սովորական երեխաների համար) և այն մասին, թե ինչպես էր Բրեդի գլխում հայտնվել Լաուրայի ստեղծման գաղափարը։ (Իհարկե, Բրեդը ոչ մի կապ չուներ Լաուրայի դիզայնի հետ, դա ամբողջությամբ իմ գաղափարն էր։ Բայց այնքան լավ պատասխան տվեց, որ գրեթե համոզեց ինձ, որ Լաուրան իսկապես նրա հղացումն էր)։ Հետո եկավ տպավորիչ ներկայացման ժամանակը։
Լաուրային դրեցի սեղանին՝ դեմքը դեպի տեսախցիկը։ Նստեցի սեղանի կողքին։
-Ողջո՛ւյն, Լաո՛ւրա։
Լաուրան գլուխը դեպի ինձ շրջեց, շարժիչներն այնքան կամաց էին աշխատում, որ անհնար էր լսել դրանց դռռոցը։
-Բա՛րև։ Անունդ ի՞նչ է։
-Ես Ելենան եմ, – ասացի ես։
-Ուրախ եմ ծանոթության համար, – ասաց Լաուրան։ – Մրսում եմ։
Օդորակիչը փոքր-ինչ սառն օդ էր փչում։ Նույնիսկ չէի էլ նկատել։
Սինդին տպավորված էր
-Հրաշալի՜ է։ Էլ ի՞նչ կարող է ասել։
-Լաուրայի բառապաշարը ներառում է երկու հազար անգլերեն բառ՝ վերջածանցների և նախածանցների իմաստաբանական և շարահյուսական կոդավորմամբ։ Նրա խոսքը կարգավորվում է քերականությամբ, որը կախված չէ համատեքստից։ – Բրեդի հայացքից հասկացա, որ տեխնիկական մանրամասները չափից ավելի էին։ – Դա նշանակում է, որ նա նոր նախադասություններ է հորինելու, և դրանք շարահյուսորեն միշտ ճիշտ են լինելու։
-Ինձ դուր են գալիս նոր, փայլփլուն, նոր, պայծառ, նոր, գեղեցիկ հագուստներ, – ասում էր Լաուրան։
-Թեև դրանք ոչ միշտ են իմաստալից, – հավելեցի ես։
-Իսկ նա կարո՞ղ է նոր բառեր սովորել, – հարցրեց Սինդին։
Լաուրան հակառակ ուղղությամբ շրջեց գլուխը, որպեսզի Սինդիին նայեր։
-Ես սիրում եմ սո-վորել, խնդրում եմ նոր բառ սովորեցրու ինձ։
Մտապահեցի, որ խոսքի սինթեզատորում դեռևս վրիպակներ կան, որոնք պետք է ուղղվեն։
Սինդին ակնհայտորեն անհանգստացած էր, որ տիկնիկն ինքնուրույն շրջվել էր դեպի նա և պատասխանել նրա հարցին։
-Նա, – Սինդին համապատասխան բառ էր փնտրում, – հասկանո՞ւմ է ինձ։
-Ո՛չ, ո՛չ, – ծիծաղեցի ես։ Բրեդը նույնպես։ Քիչ հետո մեզ միացավ նաև Սինդին։ – Լաուրայի խոսքային ալգորիթմին ավելացված է Մարկովի՝ զանազանություն մտցնելու գեներատորը։ – Բրեդը կրկին նույն հայացքով նայեց ինձ։ – Ըստ էության՝ Լաուրան ուղղակի նախադասություններ է թոթովում՝ հիմք ընդունելով այն ամենի հիմնաբառերը, ինչ լսում է։ Ունի նաև ստանդարտ արտահայտությունների փոքր հավաքածու, որոնք նույն կերպ են գործարկվում։
-Օ՜, իսկապես թվում է, թե հասկանում է այն ամենը, ինչ ասում եմ։ Ինչպե՞ս է նոր բառեր սովորում։
-Շատ պարզ կերպով։ Լաուրան ունի բավականաչափ հիշողություն՝ հարյուրավոր նոր բառեր սովորելու համար։ Սակայն դրանք պետք է գոյականներ լինեն։ Դուք կարող եք առարկա ցույց տալ, երբ փորձում եք սովորեցնել նրան, թե ինչ է դա։ Նա օժտված է պատկերների տարբերակման շատ բարդ ունակություններով և նույնիսկ կարող է դեմքեր տարբերակել։
Մինչև հարցազրույցի ավարտ հավատացնում էի անհանգստացած ծնողներին, որ Լաուրան չէր պահանջի նրանցից, որպեսզի հրահանգներ կարդային, որ նա չէր պայթի, եթե ընկներ ջրի մեջ, և ո՛չ, նա երբեք անպարկեշտ բառ չէր ասի, եթե նույնիսկ նրանց փոքրիկ արքայադստրերը «պատահաբար» նման բառեր փորձեին սովորեցնել նրան։
-Ցտեսությո՛ւն, – հարցազրույցի ավարտին Սինդին ասաց Լաուրային և ձեռքով արեց։
-Ցտեսությո՛ւն։ Դու սիրալիր ես, – ասաց Լաուրան և նույնպես ձեռքով արեց։
Յուրաքանչյուր հարցազրույց նույն բանաձևով էր անցկացվում։ Այն պահին, երբ Լաուրան շրջվում էր դեպի հաղորդավարն ու պատասխանում հարցին, միշտ ինչ-որ շփոթություն և անհանգստություն էր առաջանում։ Այն, որ անշունչ առարկան բանական պահվածք է ցուցադրում, այդպիսի ազդեցություն էր թողնում մարդկանց վրա։ Հավանաբար կարծում էին, թե տիկնիկը դիվահար էր։ Այնուհետև բացատրում էի, թե ինչպես էր աշխատում Լաուրան, և նրանք հիանում էին։ Բոլոր հարցերի համար ոչ տեխնիկական, հասարակ և անորոշ պատասխաններ էի մտապահում, այնպես որ դրանք կարող էի հնչեցնել՝ նույնիսկ առանց առավոտյան սրճելու։ Այնքան էի հմտացել, որ մի ամբողջ հարցազրույց կարող էի անցնել ավտոպիլոտ ռեժիմով՝ ուշադրություն չդարձնելով հարցերին և թույլ տալով, որպեսզի միևնույն բառերը, որոնք նորից ու նորից լսում էի, պատասխան հակազդումներ առաջացնեին ինձ մոտ։
Հարցազրույցները, ինչպես նաև մի շարք այլ մարքեթինգային հնարքներ, արեցին իրենց գործը։ Շատ չանցած ստիպված եղանք անցում կատարել աութսորսինգի, այնպես որ մի որոշ ժամանակ Չինաստանի ափերի բոլոր հետնախորշերը զբաղվում էին Լաուրայի արտադրությամբ։
#
«Անկողին-նախաճաշ» տեսակի հյուրանոցի ճեմասրահը, որտեղ կանգնած ենք, կանխագուշակելի կերպով պատված է տեղի տեսարժան վայրերի մասին թռուցիկներով։ Դրանց մեծ մասը նվիրված է վհուկներին։ Չարագույժ նկարներն ու լեզուն ինչ-որ կերպ կարողանում են միաժամանակ առաջացնել և՛ բարոյական վրդովմունք, և՛ դեռահասներին բնորոշ տարվածություն օկուլտիզմով։
Դեվիդը՝ հյուրանոցի տերը, ուզում է, որպեսզի այցելենք «Ye Olde Poppet Shoppe» խանութ, որտեղ ցուցադրված են «Սալեմի Պաշտոնական Վհուկի» ստեղծած տիկնիկները։ Բրիդջեթ Բիշոփը՝ Սալեմի վհուկների դատավարության ժամանակ մահապատժի ենթարկված քսան վհուկներից մեկը, մասամբ դատապարտվել էր «տիկնիկների» տեսքով անքակտելի ապացույցների հիման վրա, որոնք գտել էին նրա նկուղում՝ դրանց մեջ խցկած գնդասեղներով պատված։
Գուցե նա ինձ նման խելագար հասուն կին էր, որը տիկնիկներով էր խաղում։ Տիկնիկների խանութ այցելելու մասին մտքից անգամ ներս տակնուվրա է լինում։
Մինչև Բրեդը ռեստորանների և հնարավոր զեղչերի մասին է հացուփորձ անում Դեվիդին, ես բարձրանում եմ մեր համար։ Ուզում եմ քնել կամ գոնե քնած ձևանալ, երբ Բրեդը բարձրանա։ Գուցե այդ ժամանակ ինձ հանգիստ կթողնի և թույլ կտա մի քանի րոպե խորհել։ Օքսետինի ազդեցության տակ դժվար է մտածել։ Գլխումս պատ է, թափանցիկ պատ, որը փորձում է գոհունակության միջոցով չափավորել ցանկացած միտք։
Եթե միայն կարողանայի վերհիշել, թե ինչն էր սխալ ընթացք ստացել։
#
Մեղրամսին ես և Բրեդը Եվրոպա էինք մեկնել։ Ուղեծրային տիեզերանավով էինք թռել, որի տոմսերն ավելի թանկ էին, քան իմ տարեկան վարձավճարը։ Բայց կարող էինք թույլ տալ մեզ։ Մեր վերջին մոդելը՝ Սրամիտ Քիմբերլին, շատ լավ էր վաճառվում, իսկ բաժնետոմսերի արժեքն ինքնին երկնային էր։
Երբ վերադարձանք տիեզերանավերի կայանից, հոգնած էինք, բայց երջանիկ։ Եվ ես դեռևս չէի կարողանում հավատալ, որ մեր սեփական տանն էինք և ամուսիններ էինք։ Ընտանեկան խաղի էր նման։ Միասին ընթրիք էինք պատրաստում, ինչպես այն ժամանակ, երբ դեռ հանդիպում էինք (ինչպես միշտ Բրեդը շատ փառասեր էր, բայց չէր կարողանում հետևել մեկ պարբերությունից երկար բաղադրատոմսին, և ես ստիպված էի լինում ծովախեցգետիններից էթուֆե պատրաստել)։ Առօրեական մտերմությունն ամեն բան ավելի իրական էր դարձնում։
Ընթրիքի ընթացքում Բրեդը մի հետաքրքիր բան ասաց ինձ։ Ըստ մարքեթինգային հետազոտության՝ Քիմբերլիի գնորդների 20% իրենց երեխաների համար չէին գնում այն։ Հենց իրենք էին խաղում տիկնիկներով։
-Նրանցից շատերը ինժեներներ և ուսանող-ծրագրավորողներ են, – ասաց Բրեդը։ – Համացանցում բազմաթիվ կայքեր են հայտնվել, որոնք փորձում են կոտրել Քիմբերլիի համակարգը։ Իմ սիրելի կայքում քայլ առ քայլ ներկայացված են հրահանգները, որոնցով կարելի է Քիմբերլիին սովորեցնել փաստաբանների մասին զավեշտապատումներ հորինել և պատմել։ Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու իրավաբանական բաժնի տղաների դեմքը, երբ սկսեն հայց կազմել դրա արտադրման դադարեցման վերաբերյալ։
Հասկանում էի հետաքրքրությունը Քիմբերլիի նկատմամբ։ Երբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում պայքարում էի իմ խնդիրների հետ, մեծ սիրով կքանդեի Քիմբերլիի նման մի բան, որպեսզի հասկանայի, թե ինչպես էր նա աշխատում։ Թե ինչպես էր այն աշխատում, մտովի ուղղեցի ինքս ինձ։ Քիմբերլիի բանականության պատրանքն այնքան իրական էր, որ երբեմն անգիտակցաբար չափից ավելի մեծ նշանակություն էի տալիս նրան։
-Դե՜, միգուցե չպետք է խանգարենք այդ փորձերին, – ասացի ես։ – Միգուցե շահ ունենանք դրանից։ Կարող ենք թողարկել որոշակի API -ներ և վաճառել ծրագրավորողներին։
-Ի՞նչ նկատի ունես։
-Դե՜, Քիմբերլին խաղալիք է, բայց դա չի նշանակում, որ միայն երեխաներն են հետաքրքրված նրանով, – դադարեցրել էի դերանունների ընտրության դեմ պայքարս։ – Վերջիվերջո այն ունի խոսակցական ամենահարուստ, գործող, բնական գրադարանն աշխարհում։
-Գրադարան, որ դու ես ստեղծել, – ասաց Բրեդը։ – Դե՜, հնարավոր է ես մի փոքր փառամոլ եմ եղել այդ առումով։ Բայց գրողը տանի, ես չափից ավելի ջանասիրաբար եմ աշխատել այդ գրադարանի վրա և հպարտացել եմ դրանով։
-Ցավալի կլինի, եթե լեզվի մշակման մոդուլն այդպես էլ ուրիշ ոչ մի գործածություն չունենա՝ բացի տիկնիկից, որի մասին մեկ տարի հետո բոլորը կմոռանան։ Վերջիվերջո կարող ենք թողարկել միջերես մոդուլների համար, ծրագրավորման ուղեցույց, և գուցե ելքային կոդի մի մասը։ Արի տեսնենք, թե ինչ կստացվի, և հավելյալ դոլարներ կաշխատենք, քանի դեռ զբաղվում ենք այդ ամենով։
Երբեք չէի զբաղվել գիտական հետազոտություններով արհեստական բանականության բնագավառում, որովհետև տանել չէի կարողանում ձանձրույթը, բայց շատ ավելի մեծ ձգտումներ ունեի, քան ուղղակի տիկնիկներ ստեղծելը։ Ուզում էի տեսնել, թե ինչպես էին խելացի և խոսող սարքերն ինչ-որ իրական բան անում, օրինակ՝ երեխաներին կարդալ էին սովորեցնում կամ տարեց մարդկանց տնային գործերում օգնում։
Գիտեի, որ վերջիվերջո Բրեդը համաձայնելու էր ինձ հետ։ Չնայած լուրջ արտաքին տեսքին՝ նա պատրաստ էր խիզախելու և սպասումները չարդարացնելու։ Հենց դրա համար էլ սիրում էի նրան։
Վեր կացա, որպեսզի հավաքեի կեղտոտ սպասքը։ Բրեդը սեղանի վրայով մեկնեց ձեռքն ու բռնեց իմը։
-Դա կսպասի, – ասաց նա։
Նա շրջանցեց սեղանն ու քաշեց ինձ դեպի իրեն։ Նայեցի նրա աչքերի մեջ։ Ինձ դուր էր գալիս, որ այնքան լավ էի ճանաչում նրան, որ կարող էի գուշակել, թե ինչ էր պատրաստվում ասել, մինչև նրա արտաբերելը։ Պատկերացրի՝ ինչպես էր ասում․ «Արի երեխա ունենանք»։ Դրանք միակ բառերն էին, որ համապատասխանում էին այդ պահին։
Հենց այդպես էլ արեց։
#
Քնած չեմ, երբ Բրեդն ավարտում է ռեստորանների մասին հարցուփորձն ու բարձրանում համար։ Իմ՝ դեղերից թմրած վիճակում նույնիսկ ձևացնելն է դժվար։
Բրեդն ուզում է ծովահենների թանգարան գնալ։ Ասում եմ, որ ոչ մի բռնություն չեմ ուզում տեսնել։ Նա միանգամից համաձայնում է։ Հենց դա է ուզում լսել իր գոհ, ապաքինվող կնոջից։
Այնպես որ հիմա զբոսնում ենք Փիբոդի Էսեքսի թանգարանի սրահներով՝ ուսումնասիրելով Սալեմի փառքի ժամանակաշրջանի Արևելքի հնագույն գանձերը։
Ճենապակու հավաքածուն սարսափելի է։ Ամանների և թեյի պնակների վարպետությունն աններելի է։ Նախշերն այնպիսի տեսք ունեն, ասես դրանք երեխաներն են նկարել։ Պլակատների համաձայն՝ դրանք արտահանել էին կանտոնացի առևտրականները՝ արտասահմանյան սպառման համար։ Հենց Չինաստանում երբեք նման ապրանք չէին վաճառի։
Կարդում եմ նկարագրությունը, որը գրել է ճիզվիտ-հոգևորականը, ով այցելել էր այն ժամանակների կանտոնական խանութները։
«Վարպետները նախշեր էին նկարում՝ յուրաքանչյուրն իր վրձինով և իր մասնագիտացմամբ։ Առաջինը միայն լեռներ էր նկարում, մյուսը՝ միայն խոտ, երրորդը՝ միայն ծաղիկներ, հաջորդը՝ միայն կենդանիներ։ Հերթով մեկը մյուսին էին փոխանցում ափսեները, և յուրաքանչյուրից ընդամենը մի քանի վայրկյան էր պահանջվում իր հատվածը նկարելու համար»։
Այնպես որ «գանձերն» ընդամենը մեծաքանակ արտադրության էժանագին ապրանքներ էին, որոնք արտադրվում էին հնագույն աշխատանքի քրտնաքամ եղանակ գործադրող ձեռնարկություններում և հավաքման կոնվեյերում։ Պատկերացնում եմ, թե ինչպես եմ օրական հազարավոր թեյի բաժակների վրա խոտեր նկարում․ միևնույն գործողությունը, որն անընդհատ կրկնվում է՝ ճաշելու հնարավոր ընդմիջումներով։ Պարզել ձեռքը, ձախ ձեռքով վերցնել դիմացը դրված բաժակը, թաթախել վրձինը, մեկ, երկու, երեք թափահարում, բաժակը դնել հետևում, ցայել վրձինը և կրկնել։ Ինչպիսի հասարակ ալգորիթմ։ Այդ ամենն այնքան մարդկային է։
#
Երեք ամիս վիճեցինք Բրեդի հետ, մինչև որ համաձայնեց արտադրել Էյմիին, ուղղակի Էյմի™։
Մենք վիճում էինք տանը, գիշեր առ գիշեր ես նշում էի քառասուն մեկ պատճառ, թե ինչու պետք է արտադրեինք, իսկ նա՝ երեսուն ինը պատճառ, թե ինչու չպետք է։ Վիճում էինք աշխատավայրում, որտեղ մարդիկ հետևում էին, թե ինչպես էինք ապակե դռնից այն կողմ ես և Բրեդը լուռ և մոլեգնաբար զանազան շարժումներ անում։
Այդ գիշեր շատ էի հոգնել։ Ամբողջ երեկո աշխատասենյակումս փակված՝ փորձում էի ճիշտ կարգավորել Էյմիի ինքաբերական ջղաձգումների գործընթացները։ Դրանք պետք է ճշգրիտ լինեին, հակառակ դեպքում Էյմին իրական չէր թվա, որքան էլ որ լավը լինեին նրա ուսուցանման ալգորիթմները։
Եկա ննջասենյակ։ Մութ էր։ Բրեդը շուտ էր պառկել քնելու։ Նա նույնպես սաստիկ հոգնած էր։ Ընթրիքի ժամանակ նորից մեր պատճառներն էինք առաջ քաշել։
Բրեդը քնած չէր։
-Այսուհետ այսպե՞ս է լինելու, – հարցրեց նա մթության մեջ։
Նստեցի անկողնու իմ կողմում և սկսեցի հանվել։
-Չեմ կարողանում կանգ առնել, – ասացի ես։ – Չափից ավելի շատ եմ կարոտում նրան։ Ների՛ր։
Բրեդը ոչինչ չասաց։ Քանդեցի բլուզիս վերջին կոճակներն ու շրջվեցի։ Պատուհաններից ներս սողացող լուսնի ներքո նկատեցի, որ նրա դեմքը թաց էր։ Ես նույնպես սկսեցի լաց լինել։
Երբ երկուսս էլ դադարեցինք լաց լինելուց, Բրեդն ասաց․
-Ես էլ եմ կարոտում նրան։
-Գիտեմ, – ասացի ես։ Բայց ոչ ինձ նման։
-Ամենևին էլ նման չի լինելու նրան, գիտես չէ՞, – ասաց Բրեդը։
-Գիտեմ, – պատասխանեցի ես։
Իրական Էյմին ապրել էր իննսուն մեկ օր։ Դրանցից քառասուն հինգը անց էր կացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ապակե կափարիչի տակ, որտեղ չէի կարողանում դիպչել նրան՝ բացի կարճատև սեանսներից, որոնք անցնում էին բժշկի հսկողության տակ։ Բայց կարողանում էի լսել նրա ճիչերը։ Միշտ լսում էի նրա ճիչերը։ Վերջիվերջո փորձեցի ձեռքերով կոտրել ապակին, խփում ու խփում էի այդ չկոտրվող ապակուն, մինչև որ չկոտրեցի ոսկորներս, և նրանք հանգստացնող չտվին ինձ։
Այլևս չէի կարողանալու երեխա ունենալ։ Արգանդիս պատերը ճիշտ կերպով չէին վերականգնվել և այլևս երբեք չէին վերականգնվելու։ Այն ժամանակ, երբ ինձ հայտնեցին այդ նորությունը, Էյմին արդեն վերածվել էր պահարանիս մեջ պահվող մոխիրով բանկայի։
Բայց շարունակում էի լսել նրա ճիչերը։

Շարունակելի

Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *