Արսեն Ներսես | Սիրո օրհներգ

հետհաշվարկ

օտար քաղաքներն ու օտար մարդիկ
գուցե դադարի խաբկանք են
կամ լռության րոպե
ուր մեր չգոյության վարկածն է միայն

և ծանր հիշողություններով
մեր անստեղծ Ավարտի մասին
որ հավերժորեն անցյալ է

օտար փողոցները վարժեցնում ենք
մեր ոտնաձայններին ու ստվերներին

իբրև փրկարար մոռացումների
ծիսակատարում

…և ողջ ընթացքը
մեր կուտակված բոլոր հուշաքարերի
գուցե պարզապես
հետհաշվարկ է վերադարձի

 

***

հորիզոնները մեր աչքերը լցրել են
կույր ապագայով

և մայրուղին բաժանում
ու տանում է մեր հոգիները
մայրաքաղաքից մայրաքաղաք

իբրև կորսված սեր
իբրև չգտնված երջանկություն

ում երբեք երբեք երբեք չեն ներում

ոչ լինելու համար
և ոչ էլ չլինելու

 

ակվարիում

լուսաբացը գիշերվա պես ծանր
տարածվում է անծանոթ քաղաքի վրա
ինչպես ներարկված թույնը
արյան մեջ

և մենք գուցե
թունավորված ենք ու թունավոր
գոցված երկաթի և ապակու մեջ

մեզ այս աշխարը չեն վստահում
ու մենք չենք ներում օտարությունը մեր

օդանավերը համառ տանում են
մեր տագնապներն ու երազները
քաղաքից քաղաք

և մենք շտապում ենք
ամենքս շտապում ենք ինչ-որ տեղ
ինչ-որ մեկին կողպելու
երկաթի և ապակու լռության մեջ

 

arrivée

ցուցարարների փոքրիկ մի ամբոխ
ինչ-որ երջանիկ դժգոհությամբ
հատում է խցանված փողոցները

և շառլ դը գոլից դուրս պրծնելու
չարչարված մի պատրանք
հեռակա թաքցնում է աչքերը
չարախնդորեն հանգստացող
օդանավերից

…երևի այս աշխարհում
ամեն մի սրտի
մի փոքրիկ կանգառում
կա մի փարիզ
ուր այսօր գարուն չէ
ձյուն է ու սառը

 

avenue des champs-élysées

հեռու
շատ հեռու կաղկանձը
ավերվող շենքերի ու փողոցների

ուրվականի պես սահում է
օտար մայթերի վրա

վախեցած ու դողացող մատներով
հպվում լուսառատ ապակիներին

…ամենուր ամենուր
մի մեկուսի երջանկություն կա
որ կրում ենք մեզ հետ
անպատասխան ու դժբախտ
սիրո պես

և դառնացած լաց են լինում
մեր սրտերում
մահացու ծակծկող շեղբերը
շքեղ ու շվայտ ցուցափեղկերի

 

Հայաստան

մուգ կարմիր հիշողություններից
գինու գավաթի

ես հավաքում եմ քեզ
փշուր փշուր

օտար
չափազանց օտար աչքերի մեջ
ժամանակի

ու հետո գնում հեռու
շատ հեռու

մանր մանր
և առատ ու առատ
փշրվելու

 

երեկո

երեկոն
երկաթգծի կողքով
դանդաղ քայլում է

թողնելով հեռվում
անծանոթ քաղաքն ու մարդկանց

այս խաղաղ ու դրախտից գողացված
երկնքի տակ
ու դաշտերի վրա

պատերազմի թախիծ է սայթակում անվերջ

—չարձակես խնդրում եմ
վաղը բարաբբային չարձակես

 

***

այս չափից առավել
իրական քաղաքում
մենք չափից առավել
ուրվական ենք

գուցե ինչ-որ տեղ
սպանել ենք մենք
ինքներս մեզ

ինչ-որ սահմանի վրա
ինչ-որ խրամատի մեջ

…և աննվաճ ու չքնաղ
ցուցափեղկերի մեջ ճամփեզրի
մեր թափանցիկ ու գորշ
արտացոլանքն է խաղաղ սահում

ու դառնում ստվեր
պատերի վրա

 

փարիզ

իրականացած երազներ են
աշխարհի ամեն անկյունից
քայլում անմատչելի
ցուցափեղկերով մեկ

մանրաքանդակ ու նեղլիկ
փողոցներում

սեթևեթ ֆրանսերենին
համառորեն կառչած
օտար հնչյունների նման

…օհ թաքցված ծերությունն աշխարհի
օհ անխուսափ հրաժեշտների քաղաք

 

***

անցյալի և ապագայի
դժոխքում

անհնազանդ հրեշտակներ կան
գուցե

որ Արարչից թաքուն
չարամտորեն ուշացնում են

ճերմակ
չափազանց ճերմակ
ու անստվեր աստղաթափը

սառը սառը ձյուների

…երևի
միայն փրկվածների եդեմում է
որ լուսանկարների մասին
ոչ ոք ոչինչ չգիտի

 

սիրո օրհներգ

մեծ սերը
չափազանց մեծ
շռայլություն կլիներ
այս փողոցների համար

իբրև աղոտ հիշողություն
ինչ-որ անցյալ փառքից

կամ երազանք
որ հավերժ ապագա է
փախչում

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *