Միլենա Խաչիկյան | Սպիտակ թղթի առաջ

 

Իմ արցունքների մեջ
ես հաճախ
հանդիպում եմ քեզ՝
տարիների հեռվությունից
նույնքան հարազատ
եւ մաքուր,
ինչպես նույն արցունքներս:
Հանդիպում եմ
արդեն լուռ, անբառ,
հաշտված ժամանակին,
վերքերին…
Միայն մի անհաշտ սպասումով,
թե դու կշրջվես ուր որ է
եւ ձայն կտաս հեռվից.
-Շո՛ւտ սրբիր աչքերդ:
Եվ ես առաջին անգամ վերջին երեք տարում
առանց արցունքների կժպտամ:

 

***
Դու նա ես,
ով պատահեց ինձ
խաղաղ մի առավոտ,
երբ աշխարհում
ուրիշ ոչինչ լավ
էլ չէր պատահում:

 

***
Դու դեռ կթակես դուռս մի օր՝
գոնե ասելու մի վերջին անգամ.
«Ինձ չսպասես այսօր երեկո,
եւ վաղը,
եւ միշտ:»

 

***
Ես կարոտում եմ օրերը,
որ մենք
չապրեցինք միասին:

 

***
Գնացիր՝
թողնելով ինձ
իմ
ու
իմ միջեւ,
եւ
մի երրորդ ես-ի
անհաստատ հույսին:

 

***
Դու իմ փազլի
վերջին
պակասող
կտորն ես:

 

***
Մեր ունեցածը
մի քանի
լուսանկար է
եւ
մի քանի
տարի
հիշողություն:

 

***
Երկար-բարակ ճամփեքով եկած,
ամեն բան ներած,
ներկած սպիտակով
ձմեռ էր այս:

 

***
Մեր ողջ կյանքը
մի հասարակ
սպասում է՝
քաղաքի մի ծայրից
մյուսը ձգվող:

 

***
Սրանք Ռեմարկին անծանոթ օրեր են.
ժամանակ,
որ ընկած է ապրելու
եւ
մեռնելու միջեւ:

 

***
Վշտի պահին
ամեն ինչ
թվում է անհույս,
մնացած
բոլոր
պահերին
այդպես է,
որ կա:

 

***
Ես նստել
ու սրտի թրթիռով
սպասում եմ ոչ մեկին:

 

***
Իսկ երեկոները
արդեն
վաղուց-
-վաղու՜ց
էլ չեն զնգում
պատուհանիս տակ:

 

***
Ես կսպասեմ քեզ
այն խոշոր արցունքների մեջ,
ուր անարձագանք իջնում են բոլոր
հույսերս վերջին՝
այլեւս անհույս,
թե դու պիտի գաս:
Բայց ես կսպասեմ:
Այսպես միամիտ,
այսպես համառ,
հենց այստեղ՝
այսքան սպիտակ թղթի առաջ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *