Անահիտ Ղազախեցյան | Սրտի խորքից խոսք քեզ հետ

Մա-նու-շա-կա-գույն
ու անհոմանիշ՝ Դու
եղիր, եղիր
եւ խաղաղություն իջեցրու
հանգիստ, ինչպես կարող ես
փոթորիկներին ու անձրեւներին
եւ առագաստներն ուղղիր իմ նավի,
ճանապարհ ցույց տուր, փարոսներ վառիր՝
հեռվում, ափերին, ուր Դու կաս՝
անվերջ, միալար, հավետ:
Մի փոխիր գույնդ
ու շարունակիր հետս վազվզել՝
թեյաբաժակի պռունկով սպիտակ,
որտեղ ամեն պահ կարող ենք ընկնել,
միայն թե մի տար Դու ի խորտակում
ու ի կործանում, ու ի ավերում՝
արդեն քանդվածիս,
մաս-մաս հավաքիր փշուրները Իմ
Քո ափերի մեջ, Քո ձեռքով Նորից
ճանաչ կրակով Ինձ վերստեղծիր՝
թող մի կողմ կավը ու կողերիդ տեղ
Դու փշաքաղված բառեր շշնջա
ու արթնացրու Ինձ իմ նինջ-փախուստից:
Գողացիր ու բեր
աստղերը կարիր փեշին զգեստիս,
լուսինն ամրացրու մազակալի տեղ,
վերեւում գուցե նեղվածք է արդեն
ու լուսաթռիչ հրեշտակները
չեն էլ նկատի երկինքը դատարկ,
Մինչդեռ առանց Քեզ ես ունայն էի՝ անցյալում մոտիկ,
նույնը կլինեմ՝ եւ ապագայում այն վաղակատար,
Հասկացա՞ր՝ Մնա:
Ճանպարհ ցույց տուր՝
ուր պիտի գնալ ու լինել Քեզ հետ
դրախտ դարձնել վայրը արտաքսման,
կառուցել մի նավ ու հանգստությամբ
կանգ առնել լեռան ինչ-որ գագաթի
եւ արձագանքը լսել լեռների
ու քո բառերին սպասել շարունակ:
Եւ, եւ ոչ մի կերպ Դու մի ընդհատվիր
Դու շարունակվիր համընթաց քամուն,
հանգույն՝ երկնքին,
Շունչ փչիր դեմքիս, հետո մտքերիս
Ու ի սկզբանե ինչ-որ բան ասա, ինչ-որ դերանուն՝
որ Լինենք,
Լինենք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *