Ֆրանսուա Վիյոն | Վիյոնի սրտի ու մարմնի վեճը

ՎԻՅՈՆԻ ՍՐՏԻ ՈՒ ՄԱՐՄՆԻ ՎԵՃԸ

— Ո՞վ է դուռս բախում։ — Ես եմ։ — Ո՞վ է «ես»-դ այդ։
— Խեղճ Վիյոնի սիրտն եմ. տրտմությունից խելքի գալով
Առանց հաց ու ջրի հազիվ շնչում եմ արդ
Պառաված շան նման վնգստալով։
Էս ի՜նչ կյանք է, մղկտում եմ՝ գլխիս տալով։
— Լա՛վ, կա՛րճ կապի։ — Քո կրքերը սահման չունեն։
— Հետո՞. քե՞զ ինչ։ — Քեզ համար ողբում եմ
Ամբողջ կյանքում։ — Դե ձեռ քաշի, գլուխ չունեմ։
— Թույլ տուր՝ խորհեմ… — Չէ, կողքովս կանցնի ջահել կյանքս։
— Ուրեմն՝ լռում եմ։ — Իսկ ես… թքած ունեմ։

— Լավ. ուզածդ ի՞նչ է։ — Ախորժակ ու կուշտ փոր։
— Երեսունդ ա՛նց է։ — Դեռ ջահել եմ բավականին…
— Բայց հո երեխա չե՞ս։ Ընկերներդ քեզ մինչ այսօր
Քարշ են տալիս ժխորների միջով միկիտանի.
Եվ ինչի՞ ես հասել։ — Կաթի միջից քանի՜-քանի
Ճանճ եմ հանել. տարբերում եմ սևն ու սպիտակը…
— Դա՞ է ողջը։ — Ինձ ուրիշ բան պետք չէ.
Եթե չես հասկանում՝ կկրկնեմ։
— Քո վերջը եկել է։ — Կենսունակ եմ՝ պիտի հիշատակեմ։
— Ուրեմն լռում եմ։ — Իսկ ես… թքած ունեմ։

— Հիմա ավաղում եմ. քեզ էլ ներսիդ ցավը
Քայքայել է։ Թե հիմար լինեիր ու անուղեղ՝
Կներեի, բայց հո գլուխդ դատարկ չէ՞։
Վարած կյանքդ տես թե՝ քեզ ուր է հասցրել.
Քի՞չ ես անպատվություն, թուքումուր ճանաչել։
Պատասխա՛ն տուր։ — Քո բանը չէ.
Դա էլ վերջ կունենա, հենց որ հանգչեմ։
— Իմաստուն ու ճարտար ես ամոքում, դեմ չեմ
Եվ լռում եմ։ — Իսկ ես… թքած ունեմ։

— Ցավ եմ զգում… — Ճակատագիրն է իմ՝ ցավն այդ։
Եվ Սատուրնի ծանր ձեռքն է ինձ հալածել
Ամբողջ կյանքում։ — Տխմար ես ակնհայտ.
Գլխիդ տերը դո՛ւ ես, քանի դեռ ապրում ես։
Հիշիր թեկուզ ծերուկ Սողոմոնին.
«Հնազանդ է ճակատագիրն իմաստունին»,
Եվ ամենայն աստղագուշակություն՝ փո՛ւչ է։
— Սուտ է։ Հո չե՞մ կարող ուրիշ մեկը դառնալ,
Ինչպես որ չի՛ լինի՝ կավիճն ածուխ կոչել։
— Ուրեմն լռում եմ։ — Իսկ ես… թքած ունեմ։

— Ուզում ես, չէ՞, ապրել։ — Ապրում եմ ցաքուցիր։
— Եվ չե՞ս ապաշխարում։ — Չէ, ժամանակ չունեմ։
— Փիս մարդկանց մոռացիր։ — Տեսա՞ր՝ ոնց երգեցիր…
Բա էլ ո՞ւմ հետ կռիվ ու քեֆ անեմ։
— Խելքի՜ եկ, ա՛յ մարմին։ Կործանման ես հակված։
— Ի՞նձ ինչ, եթե այլ բան չի վիճակված։
— Ուրեմն լռում եմ։ — Իսկ ես… թքած ունեմ։

 

ԲԱԼԼԱԴ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԻ

Գիտեմ վստահաբար, թե ով է պճնասեր,
Գիտեմ՝ ով է տրտմում, ով է բերկրում,
Գիտեմ արջնամութը, գիտեմ լույսը,
Գիտեմ՝ վանականը փորին խաչ է կրում,
Գիտեմ վայնասունով բուք ու բորանները,
Գիտեմ, թե ով շեփորելով ստել գիտե,
Գիտեմ խնամախոսն ու տատմերը,
Գիտեմ ողջը, ինչ կա, միայն ի՜նձ չգիտեմ։

Գիտեմ՝ տարեգրությունն ո՜ւր մեզ կհասցնի,
Գիտեմ՝ քանի պատառ կանի կողահացը,
Գիտեմ նաև համադամներն արքայազնի,
Գիտեմ՝ հարուստները ջերմակյաց են,
Գիտեմ՝ խուլ մնալիս նրանք ի՜նչ համառ են,
Գիտեմ՝ ինձպեսների ի՜նչը գնահատեն,
Գիտեմ զիլ ապտակներ, որ ականջախառն են,
Գիտեմ ողջը, ինչ կա, միայն ի՜նձ չգիտեմ։

Գիտեմ՝ ով է ջանում, ով է մսխում կյանքը,
Գիտեմ՝ պառվուկներ կան՝ կարմիր են շպարվում,
Գիտեմ նախանշանների կախարդանքը,
Գիտեմ, թե պոռնիկներն ինչպես են հռհռում,
Գիտեմ՝ մանկամիտնե՛րն ինձ կհիմարացնեն,
Գիտեմ՝ դրանց սիրես՝ կործանված ես արդեն,
Գիտեմ՝ էս աշխարքից սովասատա՛կ կանցնեմ,
Գիտեմ ողջը, ինչ կա, միայն ի՜նձ չգիտեմ։

Գիտեմ, թե ճանճերը ոնց են նստում մեղրին,
Գիտեմ՝ Մահը խելակորույս սահմռկում է իմ դեմ,
Գիտեմ գրքերը նոր, բամբասանքները հին,
Գիտեմ ողջը, ինչ կա, միայն ի՜նձ չգիտեմ։

 

ԲԱԼԼԱԴ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ԲԼՈՒԱՅՈՒՄ

Ծարավից մեռնում եմ աղբյուրի հանդիման։
Արտասվալից ժպտում՝ կյանք եմ խաղում ազատ։
Ինձ համար աշխարհում տուն է՝ ուր էլ գնամ,
Եվ օտարական եմ իմ երկրում հարազատ։
Ես ամեն ինչ գիտեմ ու չգիտեմ ոչինչ։
Եվ ինձ մարդկանց միջից ճանաչելի դառավ
Հենց նա, ով կարապին կոչեց ագռավ։
Ակներևին կասկածում եմ, հավատում հրաշքին։
Մերկ եմ որդի նման և իշխան եմ շռայլ
Ընդունված բոլորից, վտարված ամենքից։

Ժլատ եմ ու շվայտ ամենուրեք։
Սպասում ու չեմ սպասում ոչնչի։
Չունեցածով եմ պարծենում և աղքատ եմ էլի
Մայիսյան վարդեր եմ տեսնում ձմեռնոցին։
Արցունքի հովիտն է՝ դրախտ երանելի։
Թե որ կրակ վառեմ՝ դողս բռնե գուցե,
Սիրտս ջերմացնում է հատկապես սառույցը։
Հիշում-մոռանում եմ հանաքներն անմեկին։
Քամահրանքն իմ հանդեպ՝ պատիվ է ինձ համար։
Ընդունված բոլորից, վտարված ամենքից։

Ի՞նձ ինչ, թե ով կանցնի լուսամուտի տակով,
Ես աստղեր եմ տեսնում՝ ձեր աչքերից կորած։
Գիշերով արթուն եմ, ննջում եմ ցերեկով,
Թեև հողին քայլում եմ վախվորած։
Ուղենշանը չէ՝ մառախո՛ւղն է ուղեցույցս։
Միայն խուլն ինձ ունկ կդնի ու չի ծաղրի։
Եվ ինձ համար դաղձից դառն է համը մեղրի։
Ճշմարտությո՞ւն, թե՞ քմարարք՝ դիպվածների հագին.
Հենց դրանց առթիվ էլ՝ ես կորցրել եմ թիվը։
Ընդունված բոլորից, վտարված ամենքից։

Էլ չգիտեմ՝ պա՞հը, տարի՞ն կփարատի
Հմայանքը ծովի՞, թե՞ առվակի ծանծաղուտի։
Դրախտից կփախչեմ՝ կտրվեմ դժոխքին։
Հուսաբեկությո՛ւնն ինձ հավատով կպատի։
Ընդունված բոլորից, վտարված ամենքից։

 

ԲԱԼԼԱԴ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆՑ ՇՐՋՈՆՔԻ ՄԱՍԻՆ

Համ ենք ճաշակում լոկ խոտ ծամելիս,
Հանգստանում ենք, երբ հոգսառատ ենք,
Խնդում ենք միայն ցավեր տանելիս,
Փողի արժեքը մսխելով գիտենք։
Խլուրդն արևին ողջույն է տալիս,
Եվ սրբակյացի հայացքն է նանիր,
Գեղուհիներին խևն է դուր գալիս,
Սիրահարվածն է լոկ սթափամիտ։

Ծույլն է ժրաջան՝ ոչինչ չանելիս,
Լոկ թշնամին է ձեռք մեկնող դարձել,
Հավատարիմ ենք դավաճանելիս,
Զգոն պահակը խոր քուն մտածն է։
Ճշմարիտ խոսքը հիմարն է ճառում,
Ջանքը՝ զվարճանք, թափառող քամի,
Մեղրից դառնահամ ի՞նչ կա աշխարհում.
Սիրահարվածն է լոկ սթափամիտ։

Ծովն է ծնկներից՝ ով որ չի կոնծում,
Եվ կաղն ամենքից արագընթացն է,
Թովմասը բնավ կասկած չի տածում,
Ամռանից հետո գարուն է բացվել,
Սառույցը ձեռք է այրում բոցով իր,
Եվ իմաստունը սեպվում է անմիտ,
Ծանծաղուտներ ենք կտրում, քանց ծովեր,
Սիրահարվածն է լոկ սթափամիտ։

Ճշմարտություններ՝ հակադարձ տեղում.
Լոկ ստահակի հոգին է բեղուն,
Տխմարն անաչառ դատավոր է մի,
Ախորժալուր է էշը գեղգեղում,
Սիրահարվածն է լոկ սթափամիտ։

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Հրաչյա Բեյլերյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *