Արյուն ես փափագում, ուրեմն լու եղիր։
***
Երբեմն ավելի հեշտ է նայել մահվան աչքերի մեջ, քան մարդկանց։
***
Ամուսնությունն ինստիտուտ է։ Մի՞թե քիչ աշխատակիցներ ունի։
***
Խամաճիկներն իզուր են երազում Համլետի մենախոսության մասին։
***
Նրան միշտ առյուծ էի համարում, բայց երբ տեսա չորեքթաթ, հասկացա, որ այդպես չէ։
***
Առաջին և երկրորդ սիրո միջև հանուն պարկեշտության պետք է մեկուսանալ երրորդի հետ։
***
Առասպելն է սահմանում գիտակցությունը։
***
Կարող էր ավելի վատ լինել. քո թշնամին կարող էր քո ընկերը լինել։
***
Բարոյականությունը փլուզվում է ավելի ու ավելի հարմարավետ անկողինների վրա։
***
Ցմահ բանտարկության պատիժը կարելի է ծանրացնել կյանքի արհեստական երկարաձգմամբ։
***
Ավելի հեշտ է հարություն տալ ազգին քան մեկ մարդու։
***
Կարող եք փոխել հավատքը՝ չփոխելով Աստծուն և հակառակը։
***
Խելամիտ խոսիր․ թշնամին ականջ է դնում։
***
Միտքը, որին հանդիպել եք գիշերով, հարկ է, ինչպես կնոջը, տնտղել ցերեկային լույսի տակ։
***
Մտածում էր, թե բարի սիրտ ունի, այնինչ ուղղակի թույլ նյարդեր ուներ։
***
Խամաճիկներին հեշտությամբ կարելի է վերածել կախաղան հանվածների։ Պարաններ նրանք արդեն ունեն։
***
Մտածում եմ, որ գոյություն ունեմ։
***
Որոշ մարդկանց մտքեր այնքան մակերեսային են, որ անգամ իրենց գլխին չեն հասնում։
***
Մտքերն անտեսանելի են, բայց անմտությունը տեսանելի է։
***
Կարելի է անզգուշորեն հայտնվել խանդավառության մեջ։
***
Մտքերն ազատվա՞ծ են մաքսից։ Երբ սահմաններ չեն հատում։
***
Ամենաուժեղ արգելակները փչանում են նվազագույն դիմադրություն ունեցող ճանապարհին:
***
Առերեսման ժամանակ դիակը չճանաչեց իրեն սպանողին։
***
Մարդկային հիշողության վրա հույս դնել չի կարելի։ Ցավոք, մոռացության վրա՝ նույնպես։
***
Ընձուղտի վզի վրա լուն սկսում է հավատալ անմահությանը:
***
Միտքը փախչում է գլխից։ Վախ ունի փակ տարածություններից։
***
Ոչ մի ժամացույցի վրա չեք գտնի կյանքի հուշումներ։
***
Թվում է՝ հույսերն արդարանում են, որովհետև գնալով քչանում են։
***
Ամենավատն, իհարկե, զանգվածային պորնոգրաֆիան է, երբ ազգը մերկ է ու ոտաբոբիկ։
***
Ամենաճիշտն իրական թերությունները թաքցնելն է՝ դրանք փոխարինելով իրական արժանիքներով:
***
Ամենասարսափելին այն մեղքերն են, որոնցից հաճույք չկա:
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի