Ջեյմս Բոլդուին | Ստեղծագործ ընթացք

 Creative America, Ridge Press, 1962թ.

 

Թերևս արվեստագետի գլխավոր տարբերությունը ակտիվ խմորվելն է մի վիճակի մեջ, որից մարդկանց մեծ մասն անխտիր պետք է խույս տա՝ մենակ մնալու վիճակից։ Մահվան բերանին կանգնած բոլոր մարդկանց մենակ լինելը պարզունակություն է, պարզունակություն, քանի որ դրա մասին հաճախ են պնդում, սակայն փաստացի, հազվադեպ են հավատում դրան։ Մեր մեծ մասը միայնության մասին գիտելիքից մեծ դժկամությամբ չի հրաժարվում, քանզի գիտելիքն է, որ կարող է անշարժացնել աշխարհի երեսին ամեն գործողություն։ Կյանքում կան, միշտ կլինեն չորացվելիք ճահիճներ, կառուցվելիք քաղաքներ, շահագործման ենթակա հանքեր, երեխաներ, որոնց պետք կլինի կերակրել։ Այս բաներից ոչ մեկը հնարավոր չէ անել միայնակ։ Ֆիզիկական աշխարհի գրավումը, սակայն, մարդու միակ առաքելությունը չէ։ Նա պատգամ ունի գրավելու նաև սեփական անծայր ամայությունը։ Արվեստագետի կոնկրետ դերը խավարը լուսավորելն է, այդ հսկա անտառի մեջ ճանապարհներ բոցավառելը, որպեսզի մեր բոլոր գործողություններում չկորցնենք դրա նպատակը՝ աշխարհն ավելի մարդկային բնատեղի դարձնելը։

Մենակ մնալու վիճակը մտքին ինչ-որ ջինջ լճակի շուրջ հովվերգական մտասուզումներ պարգևելու համար չէ։ Իմ ասած միայնությունն ավելի շատ նման է ծննդյան և մահվան միայնությանը։ Կարծես այն անվախ մենակն է, որ կտեսնես տառապողի աչքերում՝ մեկի, որին այլևս օգնել չենք կարող։ Կամ էլ սիրո միայնությունն է՝ զորությունն ու առասպելը, որ շատ-շատերը գովերգել և շատ-շատերն անիծել են, բայց որը և ոչ մեկ այդպես էլ չի հասկացել կամ էլ հազիվ թե կարողացել է կառավարել։ Նյութն այս կերպ եմ ներկայացնում ոչ թե արվեստագետի շուրջ, քա՛վ լիցի, խղճամտություն առաջացնելու ցանկությունիցս, այլև ակնարկելու, թե վերջին հաշվով որքան մոտ է նրա վիճակը մյուսների վիճակին և փորձելու նրա ճիգի վրա լույս սփռել։ Ծնվելու, տառապանքի, սիրո և մահվան վիճակները ծայրահեղ վիճակներ են՝ ծայրահեղ, համընդհանուր և անփախչելի։ Բոլորս սա գիտենք, բայց լավ կլիներ՝ չիմանայինք։ Արվեստագետն իր ներկայությամբ գալիս է շտկելու պատրանքները, որոնց զոհն ենք դառնում այս գիտելիքից խույս տալու մեր փորձերով։

Այս պատճառով է, որ բոլոր հասարակությունները մարտնչել են այս՝ խաղաղության անուղղելի խախտողի՝ արվեստագետի դեմ։ Կասկածում եմ, որ գալիք հասարակությունները նրա հետ ավելի լավ լեզու կգտնեն։ Հասարակության ամբողջ նպատակը ներքին և արտաքին քաոսի միջև պատնեշ շինելն է, որպեսզի կյանքը տանելի դարձնի, իսկ մարդկությանը կենդանի պահի։ Ու անխուսափելի է, որ երբ ձևավորվում է ավանդույթ, կապ չունի՝ ինչ ավանդույթ, ժողովուրդը, որպես կանոն, ենթադրում է, որ այն դարերի խորքից է գոյություն ունեցել և ծայրահեղ դժկամությամբ, և այո, գուցե և անկարող է դրա որևէ փոփոխություն պատկերացնել։ Նրանք չգիտեն՝ ինչպես են ապրելու առանց ավանդույթների, որ նրանց ինքնությունն են ձևավորել։ Նրանց արձագանքը, երբ ենթադրվում է, որ կարող են կամ պիտի արձագանքեն՝ խուճապն է։ Եվ այդ խուճապը, ըստ իս, այսօր ամբողջ աշխարհում ենք տեսնում, Նյու Օրլեանի փողոցներից մինչև Ալժիրի արյունռուշտ մարտադաշտեր։ Եվ մարդկանց ավելի բարձր գիտակցությունն է մեր՝ ներկայում թե ապագայում, մարդկային վնասը նվազագույնի հասցնելու ունեցած միակ հույսը։

Արվեստագետը տարբերվում է հասարակության մյուս պատասխանատու դերակատարներից՝ քաղաքական գործիչներից, օրենսդիր մարմիններից, կրթողներից ու գիտնականներից, փաստով, որ նա է ինքն իր փորձանոթը, ինքն իր աշխատանոցը, աշխատանքի մեջ հետևում է խիստ կանոնների, որքան էլ որ դրանց մասին չբարձրաձայնեն, և չի կարող թույլ տալ որևէ պատկերացման գերակայել իր՝ մարդ կոչվող առեղծվածի մասին ամեն հնարավոր բան բացահայտելու պարտականությունը։ Հասարակությունը պետք է որոշ բաներ իրական ընդունի, սակայն նա պետք է միշտ իմանա, որ տեսանելի իրականությունը մեկ այլ՝ ավելի խորունկ բան է սքողում, և որ մեր ամեն մի գործ ու հաջողություն կախված է աներևույթ բաներից։ Հասարակությունը պետք է ենթադրի, որ կայուն է, բայց արվեստագետը պետք է գիտակցի և մեզ էլ տեղյակ պահի, որ երկնքի տակ ոչ մի կայուն բան չկա։ Մարդը չի կարող պարզապես դպրոց կառուցել, մանուկ կրթել կամ մեքենա վարել առանց որոշ բաներ կուրորեն ընդունելու։ Արվեստագետը չի կարող և չպետք է ոչինչ կուրորեն ընդունի, այլ պետք է վարի-հասնի մինչև ամեն պատասխանի սիրտն ու բացահայտի պատասխանի պատսպարած հարցը։

Կարծեք թե ծայրահեղ պոռոտախոս պնդումներ եմ անում տղամարդկանց և կանանց մի տեսակի մասին, որոնք պատմականորեն ատելի են եղել կենդանության, պաշտելի՝ երկու ոտքով անդրաշխարհ անցած ժամանակ։ Սակայն, ինչ-որ առումով, բոլոր հասարակությունների՝ իրենց արվեստագետներին շնորհած այդ ուշացած պատիվը, գալիս է ապացուցելու առաջարկածս միտքը։ Իրականում, փորձում եմ պարզաբանել արվեստագետի պատասխանատվության բնույթն իր հասարակության համար։ Այս պատասխանատվության զարմանալի բնույթն է, որ նա երբեք չպետք է դադարի պատերազմել դրա դեմ, թե՛ հանուն հասարակության, և թե՛ հանուն ինքն իրեն։ Իրականությունն այն է, որ չնայած արտաքին տեսքին և մեր բոլոր հույսերին, ամեն բան անընդհատ փոխվում է և մեր՝ իբրև ազգերի և մարդկանց հասունությամբ է չափվելու այդ փոփոխություններին բախվելուն և հետագայում հօգուտ մեզ դրանք ծառայեցնելուն պատրաստ լինելու չափը։

Ուստի, դրա շուրջ երբևէ մտորած յուրաքանչյուր ոք ՝ ցանկացած մեկը, օրինակ, երբևիցե սեր ապրածը, գիտի, որ միակ դեմքը, որը մարդ երբեք չի կարող տեսնել, իր սեփական դեմքն է։ Մեկի սիրեցյալը, կամ եղբայրը, կամ էլ թշնամին տեսնում է կրածդ երեսը և այդ երեսը կարող է ամենաարտասովոր արձագանքները ստանալ։ Մենք անում ենք այն, ինչ անում ենք, զգում ենք այն, ինչ զգում ենք, էականորեն քանի որ պիտի դա անենք ու զգանք՝ մենք պատասխանատու ենք մեր արարքների համար, բայց հազվադեպ ենք դրանք հասկանում։ Ինչ խոսք, համոզմունքս է, որ եթե ինքներս մեզ ավելի լավ հասկանայինք, մեզ ավելի քիչ կվնասեինք։ Սակայն մարդու և մարդու՝ ինքն իր մասին գիտելիքի միջև անջրպետը, իրոք որ, խորն է։ Այնքան բան կա, որ մարդը երանի կտար չիմանա՛լ։ Մենք հասարակական էակ ենք դառնում այլ կերպ ապրել չկարողանալու պատճառով։ Սակայն հասարակական դառնալու ճանապարհին զանազան այլ բաներ կան, որ չպիտի դառնանք և բոլորս սարսափում ենք ներսի՝ մեր փխրուն անվտանգությանը մշտնջենաբար սպառնացող ուժերից։ Ուժերը, տակավին, չեն ցնդում, դրանք մեր քմահաճույքով չեն շարժվում։ Մեր միակ անելիքը՝ դրանց հետ համատեղ ապրել սովորելն է։ Եվ չենք կարող դա սովորել, քանի պատրաստ չենք ինքներս մեր մասին ասել ճշմարտությունը, որը միշտ տարբեր է մեր ցանկացած ճշմարտությունից։ Մարդու ջանքից է կախված այս երկու իրականության՝ հարաբերության նմանվող համաձայնության բերելը։ Վերջ ի վերջո մարդիկ, որոնց ամենից շատն ենք հարգում, որոնցից երբեմն էլ ամենաշատն ենք վախում՝ այս նուրբ ու տաժանակիր ջանքն առավել խոր թափողներն են, քանզի ունեն այն անսասան հեղինակությունը, որը ձեռք է բերվում միայն վատագույնին առերեսվելու, դրան դիմանալու ու վերապրելու շնորհիվ։ Առողջ է այն ազգը, որն այս մարդկանց չվստահելու կամ աքսորելու հնարավորին քիչ պահանջմունք ունի՝ մարդկանց, որոնց ինչպես ասացի, պատվում են, երբ նրանք այլևս չկան, որովհետև հոգու խորքում բոլորս գիտենք, որ առանց նրանց չենք կարող ապրել։

Ամերիկացի արվեստագետ լինելու վտանգները ավելի մեծ չեն աշխարհի այլ անկյուններում արվեստագետ լինելու վտանգներից, սակայն դրանք շատ յուրահատուկ են։ Այդ վտանգները մեր պատմության արդյունք են։ Դրանք հիմնվում են փաստի վրա, որ այս մայրցամաքը գրավելու համար իմ ասած այն յուրատեսակ միայնությունը՝ միայնություն, որի ներսում մարդը բացահայտում է կյանքի ողբերգական և հետևապես անասելի գեղեցիկ լինելը, չի կարող թույլատրելի լինել։ Եվ այս արգելքի՝ բոլոր նորաստեղծ ազգերին բնորոշ լինելը, վստահ եմ, ամենատարբեր ձևերով կապացուցվի հաջորդ հիսուն տարվա ընթացքում։ Այս մայրցամաքը, այո, գրավված է, սակայն դեռ կան մեր սովորություններն ու վախերը։ Եվ նույն կերպ, ինչպես որ հասարակական էակ դառնալու համար մարդը փոփոխում ու ճնշում է, և ի վերջո վախկոտին վայել ձևով ինքն իրեն ստում է իր ներքին, երևան չեկած քաոսի մասին, այնպես էլ մենք իբրև ազգ փոփոխել կամ ճնշել ու ստել ենք մեր պատմության բոլոր մութ ուժերի մասին։ Մենք գիտենք, որ անհատի պարագայում, ինքն իրեն իր անցյալի մասին ճշմարտությունն ասել չկարողացողը, ընկնում է դրա ծուղակը, անշարժանում իր չբացահայտված եսի բանտում։ Մենք գիտենք, որ լուծանքի մեջ գտնվող նման մարդը ոչ կարող է իր թուլությունները, ոչ էլ զորությունները գնահատել, և թե որքան հաճախ է իրականում մեկը մյուսի տեղ ընդունում։ Ահա սա է ըստ իս մեր արածը։ Մենք Արևմտյան աշխարհի ամենաուժեղ ազգն ենք, բայց ոչ մեր կարծած պատճառների շնորհիվ։ Այլ նրա համար, որ ունենք մի հնարավորություն, որը ոչ մի այլ ազգ չունի՝ անցնել Հին Աշխարհի ռասայական, դասակարգային և կաստայական պատկերացումներից անդին և վերջին հաշվով ստեղծել այն, ինչը պետք է մեր մտքում ունենայինք Նոր Աշխարհի մասին առաջին անգամ խոսելիս: Բայց դրա գինը դեպի հետ երկար ու խոր հայացքն է՝ դեպի այստեղ եկած ժամանակը, և պատմությանը անսասան գնահատական տալը: Արվեստագետի համար այդ ճամփորդության արձանագրությունն ամենապարզ կերպով բացահայտվում է նույն ճամփորդության ստեղծած անհատականությունների միջոցով։ Հասարակությունները երբեք չեն հասկանում, սակայն արվեստագետի՝ իր հասարակության դեմ պատերազմը սիրեցյալի պատերազմ է, և նա անում է առավելագույնը, ինչ սիրեցյալները կանեն, այն է՝ սիրելիին ցուցանել ինքն իրեն, և այդ հայտնությամբ իսկ ազատությունն իրական դարձնել։

Թարգմանությունը անգլերենից՝ Նորայր Մանվելյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *