Վարդան Սմբատյան | Ստիխապատիա կամ հեգնանքդ անուշ

***

Ասեիր, որ ամենագարշելի ու
տգեղ տիպն եմ,
հանդիպածդ ամենաանտաղանդը,
ասեի՜ր`
շխրկացնելով դուռը դեմքիս
ոնց մեր սիրելի ֆիլմերում է արվում `
սիրուն ու դրամատիկ:
Ասեիր, որ վախենում ես իմ խելագար տարերքներից ու
պարանոյիկ սիրուց,
ասեիր՝ որ համբուրվել չգիտեմ,
թուլամորթ եմ,
ոչնչություն,
քայլող դիակ եւ այլն։
Ասե՜իր, արձակելով զայրույթից քրտնած
մազափունջդ
խավար թանձրուկի մեջ
մրմուռիս:
Ասեիր, որ սիրելու բան չեմ,
որ գտել ես հարմար մեկին,
ոսկեգլուխ՝ ուժեղ
տղամարդու։
Ասեիր, ախ,՜ Լիլի ասեիր,
որ վերջին անգամ ենք
կռվում, հարբում, սեր անում
աշնան մեռնող արևի տակ։
Համր էր գաղթդ,
համր ինչպես`
ննջող ցունամին
թոշնած հիրիկների մեջ:
Դու փախար,
դու փախար
Ինքդ քեզանից։
Պատերս փլվեցին չասված բառերի խտացած ծանրությունից:
Քեզ գտան ոռնացող բքի մեջ,
մոխրացած մետաղի մեջ
պատրույգ,
արդ ննջիր
սև, բերրի դրախտում:

 

Չստացված ներբող

Ես Տերյանը չեմ սեր իմ, ոչ էլ Լորկան հանճարեղ
Ինձ բնորոշ չեն լիրիզմն ու մարդկային
կարևոր հատկանիշները,
ուստի ներիր ինձ քեզ ներբողել չեմ կարող:
Ես փոքր հրեշ եմ` գրքեր կռծող հրեշ`
ում սխալմամբ ստեղծել են անլույս տարիներին պարապ մնացած
Երկու անհաջողակ մարդիկ:
Մի սիրիր ինձ, իզուր մի սիրիր,
(Սա հոլիվոևդյան ֆիլմ չէ, չի լինելու քո սիրելի
Happy end-ը:)
այլ փորձիր ներել մանուր-մունր տականքություններս եւ
այն պարզ հաճույքը` որից հետո դու սովորական մեկն ես,
ես` սութի բանաստեղծ:
Մի պատմիր ինձ քո երազների մասին,
որովհետև
ես չունեմ հիշողություն, ապագա և համբերություն…
Ես ապրում եմ հիմա,
և կյանքն է ապրում իմ ժամ առ ժամ պայթող բջիջներում:
Ցնդելու ժամն է հիմա,
մոտ արի քո ձգված ստինքներով,
բլյուզն ու ռոքը,
կրքի հոտը
թող ծորան մեր պստիկ սենյակում:

 

Հետևիր արևին

Հետևիր արևին,
խմիր օրը հիսուն գրամ`
քո իսկ կենացը,
Ռոքըն ռոլ լսիր,
պարի էնպես,
որ զարթնեն քաղաքի
բոլոր քնած մեռելները:
Երեկոյան զբոսնիր մեկ ժամ քաղաքում
թունդ սեր արա մի կարգին կնկա հետ,
սիրիր նրան էնպես, որ շունչը փչի,
ասա որ լավագույնն է`
հանդիպածդ ամենակինը,
թեկուզ էդպես չի, ասա ու պարիր հետը
Ռեյի say no more ի տակ:
Արթնացիր ժամը ութին,
բացիր պատուհանը,
մերկ կանգնիր լույսի տակ`
թող մաքրի ամեն աղտեղություն:
Մի սոնետ կարդա Շեքսպիրից,
սիրահարվիր ծառերին,
խոսիր` նրանք լսում են,
լացիր շաբաթը գոնե մեկ օր,
եթե կարող ես`
եթե ընդունակ ես,
գտիր քեզ
քո թափթված էգոների մեջ,
մորդ ծաղիկներ նվիրիր
ոչ տոներին, այլ ցանկացած օր
սպանիր քո մեջ ապրող տասլեզվանի տականքներին,
դևերին` որոնք ատում են երեխաներին,
աղմկոտ քաղաքները,
ջազը,
բոլոր քաղաքական գործիչներին ու այլախոհերին:
Մի հորջորջիր Աստծուն.
ապրեցրու նրան,
ամեն օր,
սովորիր`
տեսնել նրա աչքերով,
և մի նայիր ծերացող քո թշնամուն (քեզ )
հայելու մեջ ժամանակի,
ապրիր թիթեռի զարկերակում,
այս ամենը կատարիր եթե իսկապես
զգում ես,
եթե համոզված ես.
որ մարդ ես:

 

***
կորցնում եմ
բոլորին,
ամեն ինչ օտարվում է
սպիտակ աղմուկի մեջ:
Սրբագրում եմ հիշողությունս
երախտամոռ սիրուց ու
հարազատ- հարազատ տականքներից։
Ածելին սահում է սպասման երակով,
կաթում է լույսից արյունը,
թիկունքիս հետևում ծիծաղում են շնչավոր մեռելները.
– Դեն նետիր ածելի՜դ ապուշ՝
քեզ վաղուց սպանել ենք:

 

Քաոսի Աստված

Մեզ սովորեցրել են,
մեզ սովորեցրել են երազել
փակ աչքերով,
մեզ սովորեցրել են,
նահանջել անվարան, հավատացնելով` որ մեզնից բան դուրս չի գա…
մեզ սովորեցրել են,
պարտվել
ծնված օրից,
Կրել` հպատակի զսպաշապիկ:
Մեզ սովորեցրել են ապրել`
վիրտուալ քաղցկեղով,
բութ որկրամոլությամբ,
թրենդներով ինֆանտիլ,
մեռնել են սովորեցրել
հանուն փտած ճշմարտությունների,
ծախած հայրենիքի:
Մեզ սովորեցրել են պաշտել դահիճ Աստվածներին
սովորեցրել են տառապել` գոհունակ ժպիտով
ուտել փսխուք ու սև հաց.
սովորեցրել են վախենալ
կռվից,
սիրուց,
մեքենաներից,
սովից,
գիշատիչներից,
սատանայից,
բարձրությունից ու ջրից կենարար,
մեզ սովորեցրել են լինել բարեկիրթ ապուշ:
Մեզ սովորեցրել են քաղաքակիրթ սպանել`
չգործածելով կեղտոտ ձեռքերը:
Մեզ սովորեցրել են ապրել` վրեժի
գենոկոդով:
Մեզ սովորեցրել են ատել անհասկանալին:
Ամեն բան ստեղծվել է մեզ բաժանելու համար,
սպիտակ, սև, դեղնամաշկ,
նատուրալ, գեյ, տրանս, ասեքսուալ, բիսեքսուալ,
Իքսգենդեր…
մսակեր, բուսակեր,
բողոքական, կաթոլիկ, ուղղափառ,
բոլոր լեզուները, հատվող կամուրջները, համբույուրները, փողոցները,
Ամենը…
բաժանվու(մ ) են սա է միակ բացարձակ ճշմարտությունը,
մենք հիվանդ ենք
անորոշ, անըմբռնելի մի ողբերգությամբ:
ժամանակը չհագեցող հիպերսեքսուալ պոռնիկի պես
քամում է մեր ուժերը`
ձգելով կնճռի շղարշը նվաղկոտ մարմիններիս վրա:
Մեր կյանքը չգիտակցված էֆթանազիա է` աընթեռնելի դեղատոմսերով:
Տիեզրեագնացներ ուղարկեք գալակտիկաներ,
փորփրեք երկնային անդունդը,
գտեք մի կերպ
քանի դեռ ուշ չէ
սպանեք,
սպանեք
քաոսի Աստծուն:

 

***
Չի հագեցենում քաղցդ երբեք,
կարմիր կաթ ես խմում
ամեն օր…
չգիտեմ Աստված ե ՞ ս, Սատանա ՞ թե` սպանության մեքենա…
հերիք է կանգ առ,
կանգ առ
homofucker

 

***
Եւ բոլոր կանայք մենակ են հիմա։
(Տղա)մարդիկ չեն սիրում նրանց՝
ովքեր ծնվել են Մոնրոյից հետո,
ովքեր չափազանց գեղեցիկ չեն՝
աֆիշներում նկարվելու համար,
չափազանց էսթետիկ չեն ուտում բարբիքյուն եւ մակարոնը,
բավարար հնազանդ չեն՝
պարտադիր քոծության համար։
Պտղաբեր չեն եւ
մի նորմալ չեն տնքում
բաղձալի օրգազմին։
Բոլոր տղամարդիկ մենակ են հիմա,
կնճռոտում են արեւի տակ`
տրվում են հողին անոթի,
իսկ կանայք հղի են
հավերժ վիժող
ժամանակից։

 

***
Ելնում է դանդաղ
ոգին ծառերի,
ցրում մշուշն ածխաամպերի:
Ծծում է ժամանակն
ամենը…
ծաղկում են ցավից ծառերը:
Ել Սիդհարթա կարմրահողից,
ել որդի,
ել դու թաղված արև ես:

 

Ստիխապատիա կամ հեգնանքդ անուշ

Այսպես արդեն գրվել է։
փոքրատառերով՝
մոդայիկ,
խեղճ մետաֆորները մի լավ
լղոզվել են ֆեյսբուքյան
պատերին
կամ էլ էժան թղթի վրա,
այսպես գրվել է հա,
սիրամորմոք,
ղզիկոտ կամ կիսահանգ,
խոհական
ու վերջում
գրվել է մի զիլ բառ` իբր պատասխան
չուզողներին
չափալախ:
Այսպես գրվել է արաաաաաաա,- գոռում են
բառերը սպառված,
զզվացրիր յան տուր մեզանից,
բառակեր, հոգնած ՍՏԻԽԱՊԱՏ:

 

***
Նայում եմ պստիկ շան ձագերին,
լիզում են իրար, հետո` գոհունակությամբ ուտում են
տվածս նրբերշիկը,
պոչիկները խաղացնելով թռնում են վրաս,
շուրջս ճոճվում են մերկ ծառերը,
խոնարհաբար տրվում են քամուն:
Ձյունը դանդաղ իջնում է կարմրամթի միջով,
սկսվում է ձմեռային ռապսոդիան:
Չվող երամը անցնում է
կախված երկնքի
անհարթ հայելու միջով,
ես նայում եմ աստղաթափին
առանց երազանք պահելու:
Շոյում եմ էլի ու կերակրում քոթոթներին:
Փլվում եմ ասֆալտին:
Աստված իմ
էս ինչ դժբախտություն է
մարդ ծնվելը,
ինչ դժբախտություն է…

 

***
Համբուրվել եմ քեզ հետ
մի ախմախ ղզիկ ֆիլմում
երեք անգամ,
հետո՝ նեղացկոտ լակոտի պես սրբել
թաց աչքերս
փակել եմ երազանքների մոնիտորը`
սերն անջատել off ռեժիմով
ու քնել եմ
պապական թախտին։
եղել եմ մի օր Իգլեսիասը,
բայց վերջին ֆալցետները երգելիս ստացել եմ բերանիս թե.
– Լրջացի մեծ տղա ես արա՜։
Եղել եմ Ռոմեո՝ ափսոս շուտասելուկի պես ստացվեց
դիալոգս
ու շատ անդուր էր հայկական ակցենտս:
Սուպերմեններից դու ընտրեցիր
բենթլիով չաղ գյադուն,
ու հիմա սեքս եք անում
թանկանոց` Իբիցիա հոթելում:
Ես ծամում եմ իմ բաժին ծխախոտը,
ախմախ տեքստեր եմ գրում,
հնացել են լավ Ֆիլմերն ու հուշերը,
Հիմա մենք պոռնո ենք սիրում:

 

Պլագիատ տեր

Մահը թմրել է քիմքիս
կծու ցավը դաղում է
լեզուս։
Չեն գալիս արցունքներ
էս ցամաք զույգ կանաչներից:
Ողջամտորեն լակում եմ՝
սպիտակեցնելով թանձրացած արյունս,
գլուխս լցնում եմ անհաժեշտ հիմարություններով.
– Զարթնել վաղ, մարզանք, սեքս, հիշել վճարումները:
Քաղաքն առավոտից ինձ ծախում է բոլորին,
գրքաՍեռներին,
կատվիս,
պարապ ու զրույցի կարոտ կիսամեռ հարևանիս:
Մեխանիկական ժպիտս քշտում ու դիմանում եմ մինչ երեկո,
կորում եմ խցանումների մեջ, անգիր եմ անում կատաղած վարորդների
հետաքրքիր քֆուրները,
հանգավորում եմ դրանք ու կարդում ռեփային բիթի տակ:
ֆրիսթայլ եմ անում, որ չգժվեմ, պատերիս սառնության մեջ,
որ չոռնամ անպետքության սինդրոմից:
Իմ կյանքը կես ժամանոց ընդմիջում է սուպերմարկետում
ու անընդմեջ ծվացող սենսրային տու….
կյանքն ասելը շքեղ էր, անտեղի…
ես երսունմեկ տարի սովորում եմ չապրել:
Ամեն օր գնում եմ երեք հատ շոկոլադ` խփելով ճակատիս նույն ցավոտ շտրիխկոդ- պիտակները.
-Դոձիկ,
– Սութի պոետ,
-նվնվան:
Ես ապրում եմ սիրուն մեռնելու համար,
որովհետև միակ բանական ճմարտությունը մահն է:
Ոչինչ իրական չէ սիլիկոնե էս քաղաքում,
կորել է սարսուռը`
սարսուռը գեղեցիկի,
սարսուռը հաճույքի,
հիացման:
Ես հիմա փորձում եմ քեզ ամենակալ` Տեր,
որ կարծես թե
վերևում ես,
արի ու փոխիր մի բան,
արի որպես մարդ,
զզվել եմ անպիտան Աստվածներից,
պարանը հասել է կզակիս,
արի.
փրկիր ինձ գոնե մեկ անգամ,
հիշիր ինձ գոնե մեկ անգամ
իմ պլագիատ տեր:

 

***

Կկանգնի պտույտը խավարի,
լռությունը ոչինչ չի խաթարի,
կբացի աչքերը Աստված
երեք հազար տարի տևած
տխմար երազից:

 

***
Դեռ ոչ մի
պատերազմում
մարդիկ չեն հաղթել` ոռնաց կապիտանը,
սա աններելի ճշմարտություն է,
չասես ոչ ոքի,- կուլ տվեց հաբը,
անպարտ հերոս է` պադոշ երես է,
չի լինում հաղթել մահը:

 

***

Ինձ միշտ զարմացնում է
տիզերական անսահմանությունը.
ինչպե՞ս է գոյակցում նրա մեջ
մարդկային հավերժական
տխմարությունը:

 

***
Ինչ տխուր է այս տանը.
թափթփված հագուստների մեջ
ննջել է մահը:
Գաղջ շենքերը լափում են
աղջամուղջի վերջին փաթիլները։
Ես փռվել եմ ունայնության մեջ,
բազրիքից դանդաղ կաթում է ճակատիս
լույսը:
Ինչ ցուրտ է այս տանը`
ուր սեր չեն անում
գիշերները,
չի լսվում մանկան սրտխփոց,
և ոչ ոք չի հանդիմանում
ուշ վերադառնալու,
հարբելու,
ընթրիքը փչացնելու,
խռմփացնելու,
նվազ սիրո ու տղամարդկային էգոյի համար:
Ինչ տխուր է այս տանը`
ուր ոչ ոք չգիտի
որ մեռել եմ:

 

***
Քո մասին չեմ գրում
մա՛մ.
դու իմ միակ
ապրող
բանաստեղծությունն ես։

 

***
Ճոճաթոռը քամու վրա,
մահը պայթում է
լուսնի ափսեում,
դանդաղ իջնում է բոթը՝
և տարածվում ինչպես կծվահամ
օդի թանձրացած շիթերում:
Սա մի չհիշվող ողբերգություն է,
առօրյա դիպված,
որից ոչ ոք չի արտասվելու:

Share Button

1 Կարծիք

  • Տիգրան says:

    Բռավո, ուրախացա, որ բացի թմբուկ զարկողներից, մշուշոտ գլուխներից նաև էսպիսի բանաստեղծ ունենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *