ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Հենակով ստվերներ

Մտածում եմ հիվանդասենյակների պատերի, գրատախտակի մոտ դրված կավճի, Անտարկտիդայում ապրող արջերի նմանության մասին: Հայելին օգտագործում եմ միայն սանրվելիս, չեմ շպարվում, գրեթե երբեք ախորժակ չունեմ, շատ եմ ջուր խմում` չհագեցնելով ծարավս:
Առավոտյան, երբ զարթուցիչը զանգում է, ճմլկոտում եմ անկողնու մեջ: Քանդելով սպիտակեղենի հանգույցները` սկսում եմ սողալ անկողնու ամենանեղ ու երկար արահետներով` փնտրելով ինձ ամենամութ ու լուսավոր անկյուններում: Հասնում եմ արևի լույսին, ու առօրյան սկսվում է:
Հետո լսարանի նստարանին անշարժացած լսում եմ դասախոսի ժամկետանց բառերը գույնի ու կյանքի մասին:Տուն վերադարձին նստում եմ երթուղային տաքսի,որտեղ ոչինչ չկա այն ամենից ինչ գիտեմ ու սովորել եմ:Տանը նախընտրում եմ առաջին պատահած աթոռը`պատի տակ կամ պատուհանի մոտ`ցանկալի է հենակով:Երեկոյան արդեն կլինեմ բազկաթոռին, ոտքերս կդնեմ մի բարձր տեղ` օրինակ գրասեղանին, իսկ եթե տանը մենակ եմ` ճաշասեղանին, որպեսզի ոտքերիս արյունը ետ հոսի, ու վաղը կոշիկներս նորից կարողանամ հագնել:
Հաճախ եմ մտքերի մեջ ընկնում:Հասկացա,որ պետք է համադրեմ նստելն ու մտածելը: Սկզբում նստած հորանջում էի ու հալվում սեղանին, իսկ մտածելու ընթացքում ետ ու առաջ էի քայլում` ինքս ինձ հետ խոսելով: Մեկը մյուսից չի տուժել, բայց երբեմն տարօրինակություններով է լցվում գլուխս. թատրոնում ներկայացումը խաղում են անմարմին դերասաններ: Անմարմին հանդիսատես, ու ես առանց մարմնի, նրանց արանքում որպես խելագար:Այսքանը:Մտքերը սպառվեցին:ՈՒ ես տանը մենակ եմ:Լսվեց դռան թակոց:
-Խոշորացո՞ւյցով ես ինձ հյուր եկել,- անկեղծորեն զարմացա, երբ տեսա նրան:-Դե’, սկսիր ոտնաթաթերից: Այս անգամ կաթնագույն մանիկյուրով եմ ներկել եղունգներս: Մի’ ժպտա: Կարծում ես հե՞շտ է տաս տարբեր մեծության եղունգներ ներկելը: Ժպտում ես, որովհետև երբեք չես փորձել:
-Այսօր ոտքերդ այնքան էլ ուռած չեն,- ասաց նա: -Ուրախ եմ,որ հետևել ես խորհրդիս: Ահա ևս մի քանի հաբեր ու ամեն ինչ կկարգավորվի:
-Բայց դու բժիշկ չես:
-Այո’,բայց բժշկությունից մի քիչ հասկանում եմ:
Նա սկսեց զննել ոտնաթաթերից, չմոռացավ ծնկները, ձեռքերն ու ուսերը:
-Հաջորդ անգամ երբ գամ, այստե՞ղ կլինես,-խոշորացույցը մոտեցրել էր աչքիս, կոպերը լայն բացել: Մինչև հատակը տեսնում էր:
-Արյունս կարմի՞ր է:
-Իհարկե’: Ոչ մի տեղ արյան շրջանառությունը չի ընդհատվել: Հանգիստ եղիր, լրիվ ստուգել եմ:- Հետո ասաց,-
-Դու վախենում ես:Ես տեսնում եմ քո աչքերի միջով անցնող ստվերը:
Խոշորացույցը թողեց ինձ մոտ, որ ստուգեմ նրա աշխատանքը: Ոչ մի փոփոխություն չկար: Կարմիր արյուն: Լեյկոցիտներ, տրոմբոցիտներ, էրիտրոցիտներ:Հիմա ես զգում եմ այս ամենի դանդաղ շարժը, պայքարի բացակայությունը, ցանկության բացակայությունը, կրքի բացակայությունը` հավատարիմ իմ բուսական ծագմանը:
Պատուհանից դուրս մի խումբ տղաներ ոտքերով, ձեռքերով, խոհանոցային ու որսորդական տաք ու սառը գործիքներով հաշվեհարդար են տեսնում թոքախտով չտառապող թոքերի ու ապագայում ճաղատացող գլխի հետ: Լսվում է հարևանների ճիչը: Զանգ շտապօգնություն, ոստիկանություն ու պատասխան չկա:
Ներսում լոգարանի տաք հոսող ջուրը ծուլորեն գոլոշիանում է: Տաքացնելով կարմիր ծորակը` մինչև ականջներս ընկղմվում եմ ջրի մեջ:Պատերից այն կողմ կրակոցներ են կամ հրավառություն: Մեկն ընկել է ասֆալտին կամ բացականչում է հրճվանքից: Իսկ ես նույնանում եմ գոլոշիացող ջրի հետ ու բարձրանում դեպի ցածր առաստաղը: Սրտիս` վայրկյան առ վայրկյան ծանրացող զարկերը չեն կարող ստիպել ինձ դուրս գալ:Չեմ հիշում ինչպես, հայտնվում եմ հայելու դիմաց ու զարմանում իմ անգունությունից: Զգում եմ արյան կուտակումները, ծնկներիս ծանրությունը, դիմադրության պարտությունը: Անկում: Փափուկ բազկաթոռ:
Լոգանքից հետո մարմնս հաճելիորեն թմրեց, ցաքուցրիվ մտքերի մեջ ննջեցի:
Ճանապարհը անվերջ էր: Արագընթաց ավտոբուսը լցվել էր երգով ու կոկա-կոլայի շշերով: Շարժման ընթացքը մի պահ դանդաղեց: Ոչխարի հոտը մի քանի նիհար այծերի հետ փակել էր ճանապարհը: Ոչխարների միջից տղամարդու կապույտ կոստյումով աղջիկ դուրս եկավ ու հայացքը հառեց վրաս: Հետո պատկերները դարձան տձև, հետո ձյուն եկավ ու դեղահաբերը լուծվեցին ջրի մեջ: Հիմա միայն այդքանն եմ հիշում: Երևի արդեն արթնության պահն էր, որովհետև պատկերները կադր-կադր կրկնվում էին: Աղջկա աչքերը, գզգզված մազերը, խանձված դեմքը: Ի՞նչ է ոչխարը, այծը, բուրդը, կաթը:
– Բարև,-աչքերս բացեցի:
Ժպտաց: Նա հաճախ էր ժպտում:
– Սկսե՞նք:
– Վերևից թե՞ ներքևից:
Գլխիս տակից մազերս բարձրացրեց վեր ու օպտիկական ակնոցներով սկսեց զննել:
– Տարօրինակ է… Ընդո՞ւնել ես դեղահաբերը:
Կցկտուր ինչ-որ բաներ էր ասում, ձայնը մի պահ նույնիսկ վախից դողաց.
– Ես տեսնում եմ մատներիդ կապույտ երակների դողը, բայց ոտքերդ չեմ տեսնում:
Սարսափելի է անընդհատ զգալ կոպերի ու ծնկների ծանրությունը, շնչառական խնդիրների գոյությունը և բոլոր զուր ջանքերը ազատվելու դրանցից:
Հեռախոսը զանգեց:Երկմտանքի մեջ էի:Ես վաղուց ոչ մեկին չէի հետաքրքրում:Միգո՞ւցե սխալ էին հավաքել համարը: Լսափողից մի խուլ ձայն /հին ծանոթներիցս էր` նախկին հեծանվորդ/ հարցրեց որպիսությունս: «Դե’, այնպես ոչինչ»,- պատասխանեցի: Հետո խոսեց հեծանիվից, մրցույթներից, մարզակոշիկներից: Նույն միատոն ձայնով`առանց որևէ ելևէջի փոփոխման պատմեց, որ փտախտով է տառապում: «Ոտնաթաթս կտրեցին, որ վեր չբարձրանա, բայց հիվանդությունը շարունակվում է»:
Լացակումած ձայնով տղայի մայրը գոռաց ուղիղ լսափողի մեջ,-«Փրկե’ք երեխայիս հյուսվածքները»:
Ես հաշմանդամ չեմ, բայց գամված եմ բազկաթոռին, պատերին, ուտելիքին, հագուստին, հայացքներին, կարծիքներին, մտքերին:
Խորշում եմ սննդից: Լոլիկով ձվածեղի գունային համադրությունը /կարմիրը դեղինի ու սպիտակի հետ/ անճաշակ է: Դրան գումարվում է թզի մուրաբան ու ստամոքսում խայտաբղետ խառնուրդ է ստացվում: Հագուստները կաշկանդում են` խանգարելով մաշկի ծակոտիների շնչառությունը, ընդգծում են մարմինս, / իսկ ես ուզում եմ ազատվել/,ծնում տարաբնույթ կարծիքներ: Հայացքները կպչուն են , գոնե լուռ են, ի տարբերություն կարծիքների: Ստիպում են շրջապատել մարմինը պատերով: Պատերը ճնշող են: Մտքեր: Մտածում եմ «հովիվ» աղջկա մասին: Իմ մարմինը կարող եմ տալ նրան. միևնույն է մարմինս չեմ օգտագործում, այն ինձ գրեթե պետք չէ: Ես աղջկա փոխարեն ոչխարները կարածեցնեմ դաշտերում, անտառներում /անտառներում ոչխար արածեցնո՞ւմ են/, իսկ նա կվերցնի գունավոր մատիտները ու նկարչական ալբոմի մեջ` աշխատանքի ուսուցման ժամին, գառնուկ կնկարի:
Հասանք բազկաթոռին: Ես նստած` ուշիուշով հետևում եմ արյանս շրջանառությանը: Սիրտս ավելի ու ավելի թույլ է բախում, ավելի ու ավելի` դանդաղ: Ես անէանում եմ կամ թափանցիկանում ու ինձ հետ գունաթափվում է շուրջս եղած ամեն ինչ: Շարժումն ամենուր է` ինձ ճանաչող մի քանի այգեպանների, կռունկավարների, ծերացող տղամարդկանց ու ժամանակից շուտ սեռահասուն դարձած աղջիկների մեջ:Նրանք վախենում են խցանումներից ու հաճախակի փոխում ճանապարհը: Վերջնակետը հանրահավաքն է կամ հուղարկավորությունը` գուցե երկուսը միասին: Շարժումը փտախտով տառապող տղայի ու իմ մեջ է: Տղան փտում է, ես` թափանցիկանում:
Անձրևի տակ բնամթերքով ծանրաբեռնված կանայք սպասում են երթուղայինին: Թփերի մեջ գալարվող զույգերը ցեխոտվել են ու թրջվել մինչև ոսկորները: Բեռնակիրները սայլերով տեղափոխում են արկղերը: Ես ապակու ետևից նայում եմ դուրս: Դուրսն ինձ կանչում է:Ամբողջ մարմնով զգում եմ նրա անժխտելի գոյությունը ու վախենում: Անկարողության զգացումից, հպարտությունից կամ փառասիրությունից որոշում եմ ամբողջովին թափանցիկանալ:
Առավոտյան` փորի վրա պառկած կզգամ, ինչպես է մարմինս խրվել փափուկ անկողնու մեջ, ու կհետևեմ արյանս շրջանառությանը` նորից էրիտրոցիտներ և այլն: Պատահաբար նայում եմ ինձ ու չեմ տեսնում: Ես թա…Այո: Բայց հավատում եմ սավանի ու մարմնիս հատման կետին, դա իրականի ու երազի հատույթն է:
Ես դուրս եմ գալիս փողոց` անաղմուկ անցնելով մարդկանց, թափառական շների ու կատուների կողքով: Մարդիկ ինձ չեն նկատում, կառչում, քմծիծաղ են տալիս, կենդանիները տարօրինակորեն ու մի քիչ զարմացած գռմռում են; Դեռ երբեք նման թեթևության զգացում չեմ ունեցել. չկա ծնկներիս ցավը, ողնաշարիս տնքոցը, կոպերիս ծանրությունը:
Շուրջս արագընթաց մեքենաները, տեղ-տեղ ենթարկվելով կարմիր լույսին, ճանապարհ են տալիս ամենասովորական հետիոտներին: Ինձ ինչ-որ բան հուշում է, որ հենակներով տղամարդը չի հասնի մայթին ու երկրորդ շարքի մոխրագույն մեքենան կհարվածի նրան: Նա ինձ հիշեցնում է փտախտով տառապող տղային: Ես իմ թափանցիկությամբ չեմ կարող նրան մի կողմ հրել.նա չափազանց ծանր է ինձ համար: Հետևանքների համար պատասխանատու չեմ: Նրանից մի քիչ առաջ անցնելով`փակեցի մեքենայի ճանապարհը:
Ես տեսնում եմ դեպի ինձ սլացող մեքենային, ես վախենում եմ, իսկ դա նշանակում է իմ աչքերի միջով ստվեր է անցնում, բայց ոչ-ոք չի կարող տեսնել թափանցիկ ստվերը:
Մեքենան տապալելով ինձ կորցնում է արագությունը: Չեմ պնդում, որ փրկել եմ տղամարդու կյանքը / վստահ չեմ, որ կմահանար/, պարզապես նրա փոխարեն ընկել էի մեքենայի տակ: Ես ասֆալտին եմ, բայց չկա կարմիր արյուն, արյունակույտ, արյունազեղում, արյունահոսություն. արյունածծուկներ էլ չկան:Չկա Արյունոտ օրենսդրություն ու Արյունոտ կիրակի:
Կիրակի էր:
Սենյակում թափանցիկ դեղատուփի մեջ ինձ սպասում էին Նո-շպայի հատիկները:
– Ի՞նչ ես զգում:
– …
Արագ իրար ետևից կուլ տվեցի հաբերը: Աստիճանաբար ցավը մեղմացավ, կծկումները թուլացան:
Նայում եմ հայելուն ու որոնում ջղաձգված արտացոլանքս: Իմ միջով հայելին քեզ է անդրադարձնում: Դու սենյակում ես: Արևային ակնոցներդ հանի’ր, կիսամութ է: Ինձ ես փնտրում ,այնպես չ՞է:
-Որտեղ ե՞ս:
Ես աջ ոտքով մտնում եմ հայելու մեջ, որ չճչամ` տեղավորվելով ապակու ու փայլի արանքում: Ես չեմ ուզում, որ միայնակ մնաս: Ես գլխացավ ունեմ: Ես ցավ եմ ձգում, ու հայելին ճաքում է: Հիմա ո’չ բազկաթոռին եմ, ո’չ դրսում, ո’չ ներսում: Ես անհետացել եմ, թափանցիկացել կամ չկամ ու գուցե չեմ եղել: Տխուր ես: Չէիր սպասում, որ կլքեմ քեզ: Հուսահատ ես, բայց մի’ խմիր: Հաջորդ անգամ, երբ գաս մտի’ր այս նույն սենյակը: Մի կողմում Նո-շպայի հատիկներն են դեղատուփի մեջ, մյուս կողմում արդուկված սավաններ են, իմ մարմինը թողել եմ այդտեղ`փաթաթած: Իսկ ինձ կմնա այն ինչ անկախ է մարմնից, հավերժ է կամ գոյություն չունի: Միայն քեզ եմ ասում տեղը, բայց եթե դեմ չես, մյուսներին էլ հայտնիր: Կապույտ կոստյումով աղջկան ու փտախտով տառապող տղային` հատկապես: Հետդ կողմնացույց ու խոշորացույց կվերցնես,որ տեսնես ու չմոլորվես:
Իմ մարմինն այստեղ է:

Փնտրի’ր:

2010թ Օգոստոս

Share Button

1 Կարծիք

  • Մարգարիտ Գաբրիելյան says:

    Միայն մի դիտողություն- սպիտակ արջերը Արկտիկայում են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *