Անի Գաբուզյան | Նյու Յորքի ուրվականը


Նյու Յորքի աղմուկն անտանելի էր Զոիի համար. նա բացարձակ զուրկ էր լսողությունից, ցավոք նույնքան հանճարեղ չէր, որքան Բեթհովենը: Թեև նա այդ կարծիքին չէր:
Զոին վստահ էր, որ հանճարեղ մսավաճառ է, մինչ նրան աշխատանքից չհեռացրին վեգան Խեսուսին հնդկահավի միս առաջարկելու պատճառով:
– Ես ասացի՝ եթե մի օր խելքի գաք, պրն. Խեսուս և վերսկսեք միս ուտել, այլ խանութի մասին մտածել անգամ չփորձեք,- արդարանում էր Զոին իր շան՝ Բեգեմոտի առաջ, ում համար նա աստվածուհի էր. մսի լավագույն կտորները, անկասկած, չորքոտանուն էին հասնում:
– Զո, հիմարություն ես արել,- վստահ էր Ժաննան, ում անունը, իրականում, Ժան-Բատիստ էր: Գաղտնիքներով լի էր Զոիի ամենասիրելի ֆրանսուհու պատմությունը: Ինչևէ, իրողությունը հետևյալն էր. Զոին պաշտում էր Նյու Յորքը, ատում էր աղմուկը, հանճարեղ էր, բայց գործազուրկ: Դասական պատմություն:
Զոին մտածում էր կյանքի, առավել հաճախ՝ մահվան մասին: Իբրև թե այս կյանքում ամեն ինչ հաջողել էր, պլաններ էր կազմում հաջորդների վերաբերյալ: Իրեն համարելով խիստ հավատացյալ կամ ինչպես ինքն էր ասում՝ «ես մեծ ախպոր հետ դու-ով եմ», որոշել էր բանակցել վերին ուժերի հետ և հաջորդ կյանքում վերածնվել որպես մարմնավաճառ: Զոիի միտքը ավելի հեռուն էր գնացել, քան կարծում եք: Նա որոշել էր վերածնվել նաև երրորդ անգամ, արդեն որպես տղա և դառնալ Հռոմի պապ: Եվ այդ ժամ միայն իրեն և Աստծուն հայտնի կլիներ, որ Հռոմի պապը նախորդ կյանքում պոռնիկ է եղել:
Օրերը կյանքի ու մահվան կռիվ տալով էլ կանցնեին, եթե չլինեին Ժաննայի հմայիչ բամբ ծիծաղն ու զվարճալի պատմություններն իր սեռական կյանքի մասին:
– Oh boy, ի՜նչ մեծ էր:
– Ֆու, Ժան, ոչ այդքան մանրամասն:
– Տորթը, գրողը քեզ տանի:
– Ինձ թվաց՝ առնանդամդ ես հիշել:
– Ճիշտ անեիր` ինքդ չէիր մոռանա դրանց գոյության մասին,- խիստ ձայնով ասաց Ժաննան և ավելացրեց,- աշխատանքի մասին ես մտածում, այնպես չէ՞:
– Բոլորովին. բարձր որակավորում ունեցող լրագրող եմ, կարմիր դիպլոմ իզուր չէ, որ ստացել եմ, մի բան անպայման կգտնեմ, այն էլ շատ արագ:
Նվարդի սրճարանում են ծանոթացել Ժան-Բատիստը և Զոին: Ժան-Բատիստը բարիստա էր, Զոին՝ սուրճի սիրահար: Այժմ Նվարդի սրճարանում բարիստան Ժաննան է, Զոին շարունակում է վայելել վերջինիս պատրաստած սուրճը ամեն օր՝ ճիշտ նույն ժամին, ճիշտ նույն ձևով մատուցված՝ սուրճի կողքին՝ բրաունի թխվածքի կտոր, որոնք Նվարդը պատրաստում էր իր տատի՝ Անիի բաղադրատոմսով:
Ծլղղլ-ծլղղլ-ծլղղլ
– ԶՈՈՈՈԻ, չմոռանաս սպիտակ և շագանակագույն հավերի ձվերը տեսակավորել,- աշխատանքը սկսելուց 30 րոպե անց բղավեց Փեննին: Ջխտակ շամամներով Փեննին, որը մեկ ամիս առաջ վերջին արտադրության Պորշ մակնիշի սև մեքենա էր գնել, մեկ ժամ թրիքոտ ձու տեսակավորելու համար վճարում էր հինգ դոլար:
Զոին հավաբուծարանում աշխատեց երեք օր: Փեննին դժգոհ էր վերջինիս՝ աշխատանքի նկատմամբ էնտուզիազմի պակասից:
– ՀԵՌԱՑՎԱԾ ԵՍ, ԶՈՈՈՈԻ,- ահա այս էր Փեննիի՝ Զոիին աշխատանքից հեռացնելու հրամանը, որը նա բղավեց վերջինիս դեմքին: Հրամանին ի պատասխան Զոին համբուրեց Փեննիի՝ կատաղությունից կարմրած այտը և շշնջաց.
– Կհանդիպենք իմ երրորդ գալստյան ժամանակ, կարդինալ:
Երեք օր հավաբուծարանում, ևս երկուսը՝ որպես բարիստա. ձախողումը ձախողման հետևից: Հաջորդ շաբաթը ոչնչով չէր զիջում. հինգ օր կինոթաթտրոնում՝ որպես փոփքորնի որակավորված մասնագետ, բայց ոչ մի կայացած պատահական հանդիպում Վուդի Ալենի հետ: Ժապավենների արքայությունից Զոին հեռացավ՝ վերադառնալու խոստումով, որի մասին ինքն անգամ ոչինչ չէր կասկածում:
Կարելի էր հետևել Աննա Կարենինայի օրինակին, կամ գտնվել առավել օրիգինալ և գլուխը մտցնել վառարանի մեջ. ո՞ւմ մտքով նման բան կարող էր անցնել: Բայց անհաջողակ ցանկացած մարդու կյանքում պետք է լինի բում, կենսափոխ իրադարձություն, օրգիաներ, ներեցեք, օրիգինալ զարգացումներ. կամ կկործանվես, կամ վերև կհառնես… շանսերը հավասար են: Զոին կործանվելու տեղ այլևս չուներ, ուստի կար մեկ տարբերակ՝ արթնանալ, ցնցուղ ընդունել և գնալ Նվարդի սրճարան:
«Բանալիներս, հեռախոսս…»,- տնից դուրս գալուց ստուգում էր իրերը Զոին, երբ նկատեց Բեգեմոտի քիթը՝ դարակը մտնելիս:
– Տղա, ի սեր մեծ ախպոր, մի խառնիր դարակները,- ասաց Զոին իր շանը և ընթացավ դարակը փակելու: Փակելիս նկատեց պապի հին տեսացխիկը, որը տարիներ է՝ ինչ գործի չէր դրել:
– Ժան, տես՝ ինչ եմ գտել,- հևիհև հասավ սրճարան ու անմիջապես խցիկը ցույց տվեց Ժաննային:
– Մեծ աղջիկ ես, ինչերով ես խաղում:
– Խցիկ է, խաղալիք չէ, Ժան: Ուսանողության տարիներին շատ էի նկարում, գուցե կրկի՞ն փորձեմ:
– Լոտո՞ է, ի՞նչ է, որ կրկին փորձես:
– Ժան, դու սովորաբար ավելի աջակցող ես լինում:
– Լավ, ինչպես կկամենաս: Եթե պատրաստվում ես այդ խցիկով ինձ նկարել, ապա լավ միտք է, գործի անցիր:
Զոին իհարկե նկարեց Ժանին, Նվարդին, անգամ իր նախաճաշն անմահացրեց ժապավենով: Պտտվեց սրճարանում այնքան, մինչև մի զույգ ուշադրությունը գրավեց. միմյանց ձեռք էին բռնել և ծիծաղում էին այնպես, ասես երկուսն էլ սիրելի աշխատանք ունեն: Զոին լուսանկարեց նրանց՝ կադրում անհամացնելով երիտասարդ կնոջ դեմքը, որի վրա կապուչինոն փրփուրից բեղեր էր թողել և տղամարդու դեմքը՝ պատված խիտ մազածածկույթով:
– Ժան, ովքե՞ր են,- լուսանկարն անելուց հետո հարցրեց Զոին:
– Պոլետն ու Շերլոքն են, զբոսաշրջիկներ են Փարիզից, եկել են Նյու Յորքում մեղրամիս անցկացնելու. մարդիկ թարս են, չէ՞:
– Անունը Շերլո՞ք է,- զարմացավ նորաթուխ լուսանկարիչը:
– Ոչ, անունը ոչ մեկին հայտնի չէ, բայց ծխամորճ ունի, ուրիշ ի՞նչ կոչեինք: Элементарно, Ватсон:
«Սեպտեմբերի 26-ին հրավիրում ենք բոլորիդ հարգելու Զոի Բեգեմոտի հիշատակը: Լուսանկարիչ, որը հասցրեց անել մեկ լուսանկար, վաճառել մեկ տոննա միս և տեսակավորել հինգ հազար ձու: Հարգանքի տուրքը կմատուցվի «MoMA» թանգարանում, որտեղ կներկայացվի արտիստի առաջին և վերջին ցուցադրությունը՝ «Թարս մարդիկ» անվանմամբ:
Զոին կանգնած էր իր իսկ արած լուսանկարի առջև, մարդիկ առանց իրար հերթ տալու մտնում էին թանգարան անհայտ արտիստին հարգանքի տուրք մատուցելու: Անգամ Պոլետը հասցրեց իր և ամուսնու լուսանկարը նկարել և էլեկտրոնային նամակով ուղարկել նախկին սիրեկանին՝ Թոմազոյին՝ կից գրելով. «Չգիտեմ՝ այս տղամարդն ով է»:
– Գրողը քեզ այդպես էլ չտարավ, անհայտ արտիստ,- մոտենալով ընկերուհուն՝ ասաց Ժաննան:
– Նյու Յորքի ուրվականի մասին լսե՞լ ես: Ես եմ: Գիշերները զգույշ կլինես, Ժաննա:
– Շունը կաղալով չի սատկում, սիրելիս:
– Գրողը քե՛զ տանի, Ժաննա: Այդ ումի՞ց ես այդ արտահայտությունը սովորել,- հարցրեց Նյու Յորքի ուրվականը:
– Նվարդից, էլ ո՞ւմից: Հայերեն արտահայտություն է:
– Հրավիրիր մյուս ցուցադրությանս, հաջորդ տարի՝ սեպտեմբերի 26-ին:
– Ինչո՞ւ հենց այդ օրը:
– Վալտեր Բենյամինի մահվան օրն է:
– Դա ո՞վ է:
«Սեպտեմբերի 26-ին հրավիրում ենք բոլորիդ հարգելու Շեյլա Բեգեմոտի հիշատակը: Լուսանկարիչ, որը հասցրեց անել մեկ լուսանկար, պատրաստել 20 կրուասան և տպել հինգ հազար բացիկ: Հարգանքի տուրքը կմատուցվի «MoMA» թանգարանում, որտեղ կներկայացվի արտիստի առաջին և վերջին ցուցադրությունը՝ «Թարմ մարդիկ» անվանմամբ:
– Հաջորդ ցուցադրությանն ի՞նչ անուն ես ընտրելու,- թանգարանից դուրս գալուց հարցրեց Ժաննան:
– Ժան-Բատիստ Պիոս հինգերորդ:
– Դա ո՞վ է:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *