Լույսի ու ստվերի, ձայնի և լռության հաջորդականություն, տիեզերական նախասահմանված կարգ, ահա այն էատարրերը, որոնք միավորվելով դառնում են կյանքի շարժիչ ուժ, մարդկային էություն և քարտեզագրում գրական տեքստի այն ռելիեֆը՝ ստվերներով լի քաղաքը, որտեղ ապրում են Սուրեն Սարումյանի տիեզերական հավասարակշռության մեջ տարուբերվող հերոսները:
Սուրեն Սարումյանի կենսափիլիսոփայության հիմքը լուռ, անտարբեր տիեզերքն է՝ իր ամբողջականությամբ, օրինաչափություններով, հավասարակշռության իր անվերջ ձգտումով: Բացարձակ գոյություն, որն անկիրք է մարդկային ճակատագրին, տխրություններին ու երջանկությանը: Ոչ մի տարուբերում, ոչ մի խախտում, և օր առ օր ավելացող մի մեծ, ճնշող ծանրություն, որ մարդկանցից խլում է զգացմունքները, գույները՝ նրանց վերածելով անգույն սիլուետ-ստվերների՝ անկանոն ու ինքնանպատակ այս ու այն կողմ ընթացող իրենց գոյությամբ: «Փորձը շարունակվում էր անվերջ, փորձն ինքը կյանքն էր, հետո աստղերով լի տիեզերքը քայլում էր մարդու վրա ու իր անպատկերացնելի ծանրությամբ տրորում նրան, հետո ապագայի գալարներից մեկը, պարան դարձած, փաթաթվում էր մարդու պարանոցին ու սպանում նրան»: Իսկ հետո… Գալիս է համակերպումի տխրությունը՝ փողոցում կերած առաջին ծեծի, ցավող ատամի, ամբողջ դասարանի առջև ուսուցչի արած նկատողության և համազգեստիդ վրա ամբողջ աշխարհին ի ցույց դրված արյանդ կարգի տեսքով: Եվ սովորական մի կյանք՝ մի քաղաքում, որտեղ ոչ մի կարևոր իրադարձություն չի կատարվում, և անգամ ֆիզիկական մահը սովարական պատահար է՝ նման հանկարծահաս, պատահական հրազենային գնդակի՝ կույր ու անկիրք: Տիեզերական այս անկիրք, քամող հավասարակշռությանը ենթարկվում են հեղինակի բոլոր հերոսները: Պատմությունների բազմաբնույթ սյուժետային ֆոնին՝ լինի հասարակ մարդու մասին պատում («Պարտվողը», «Առհավետ լռած հեռախոսը», «Հուղարկավորության դերաբաշխումը»), աբսուրդի ու փիլիսոփայության երանգավորումով պատմություն («Արդարադատության նորագույն պատմությունը», «Մեռյալը»), թե մոլագարի հանցագործության փիլիսոփայական հիմնավորում («Մանկասպանը»), մշտապես ուրվագծվում է տիեզարական հավասարակշռության հաստատման օրինաչափությունը: Պատմվածքներից մեկում՝ «Զինվորի սխրանքն ու անհեթեթ մահը», հասարակ զինվորը պատահականության արդյունքում հերոսության մեդալով է պարգևատրվում: Մի պահ զինվորին թվում է, որ ինքը ոչ թե ոտքի սայթաքելու, սեփական վախկոտության և պատահականության շնորհիվ է արժանացել մեդալին, այլ հենց իսկական հերոսության: Տիեզերական քմծիծաղի ուղեկցությամբ ընթացող պարգևատրման արարողությանը հաջորդում է զինվորի նույնքան անհեթեթ մահը պատահական գնդակի անդրադարձումից՝ սրտի ուղղությամբ հերոսական մեդալի վրա մի անցք բացած: Կյանքը պարգևներ չունի, պատահականությունների շղթայի միակ տրամաբանությունը հավասարակշռության վերականգնումն է, զարգացման երթի ապահով, անխախտ առաջընթացը:
Համակերպումի ամբողջ ընթացքը ստվերի իշխանության հաստատումն է: Հուսահատության, թախծի ու տխրության յուրաքանչյուր րոպեն` աշնան քամու ու անձրևի պես անխուսափելի ու վերահաս, մի գույն են պոկում ու տանում իրենց հետ մարդկային կյանքից: Սակայն մյուս կողմից՝ ստվերը ներհայման տարածություն է, բացարձակի, լռության տարածություն՝ անսահման անտարբերության մեջ, ընդերքում, ինքդ քեզ լսելու, քո խորքը տեսնելու ունակություն: Միայն ստվերների բացարձակ աշխարհում է հնարավոր ճանաչել քո իսկական էությունը, տեսնել տիզերքի, հողի հետ քեզ կապող պորտալարը, գիտակցել սեփական գոյիդ ուժն ու կարևորությունը:
Եվ միայն երբեմն, որպես հանկարծահաս լույսի բռնկում, որպես անցյալի հուշ կամ կորած դրախտի հիշողություն, գիտակցությանդ մեջ առկայծող լույսի շողը՝ նման ֆոտոապարատի լուսարձակման, մի պահ, մի կարճ ժամանակ քեզ դուրս կբերեն ստվերների իշխանության տարածությունից, և իրականության ու ցնորքի սահմանագծի հանդիպման մի կետում քայլելով կանցնի մանուշակագույն հագուստով կինը («Ստվերներով լի քաղաքը»), հորն ընդառաջ կվազի ոսկեմազ մազերով աղջիկը («Հուղարկավորության դերաբաշխումը»), լուսանկարին նայելով՝ տղան կհիշի մահացած պապիկին («Հուշեր այրողը»), դիրքերում կանգնած զինվորը՝ տաք ու գունեղ մուրաբաների տեսքով տան նկուղը («Զինվորի սխրանքն ու անհեթեթ մահը»):
Համատարած մռայլության մեջ առկայծող լույսի այս բռնկումը՝ գունավոր հետքը, էլ ավելի է ընդգծում ստվերի տարածության սահմանները՝ միևնույն ժամանակ օգնելով առանձնացնել եզակին՝ կարևորը՝ ինչպես Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմի ամենատպավորիչ տեսարաններից մեկում: Համակենտրոնացման ճամբար ուղեկցվող գերիների ու փողոցում էսէսական զինվորների անկանոն կրակի քաոսային իրարանցման մեջ սև-սպիտակ ֆիլմում մի պահ հայտնվում է կարմիր վերարկուով մի աղջնակ ու անտարբեր իր շուրջ կատարվող քաոսին՝ անխախտ քայլերով առաջ է ընթանում: Եվ հենց այդ պահին կատարվում է այն սահմանագծային անցումը, երբ գլխավոր հերոսը դուրս է գալիս համատարած ընդարմացման, բթացման վիճակից և տեսնում ընդհանուրի մեջ կործանվող առանձին անհատին, մարդը դառնում է եզակի ու կարևոր:
Մյուս կողմից՝ հետաքրքրական է, որ մենության, ներհայման, ստվերի իշխանության բացարձակացմանը զուգահեռ հեղինակը առաջ է տանում նաև մարդու՝ հասարակության անդամ լինելու հանգամանքն ու շեշտադրում դրա կարևորությունը: Մարդը հասարակական էակ է և ամեն տեսակ էմոցիաներով ու գործառույթներով կապված իր շրջապատին: Եվ, եթե հանկարծ խախտվում է հավասարակշռության նժարը՝ անհատից դեպի հասարակություն կատարվող էներգափոխանակության և հակառակը, գալիս է իսկական պատիժը: Իրական պատիժը մարդկային կյանքի համար գիլյոտինով, կախաղանով, էլեկտրաշոկով կամ ծեծելով մահը չէ, այլ հասարակությունից իզոլացվածությունը (տարանջատումը) («Արդարադատության նորագույն պատմությունը»), հասարակական դիրքի կորուստը («Ծեծը»), համակարգչի առջև միայնակ նստած մարդը («Սատանա տեսած բանասերը»): Օրինակ՝ «Հավիտենաբար ձգված վրեժը» պատմվածքում դրվագային երեք տարբեր պատմությունների միջոցով հեղինակը ցույց է տալիս հասարակության վրեժը այն անհատի հանդեպ, ով համարձակվել է խախտել հասարակական, մարդկային տվյալ ժամանակին բնորոշ, սահմանված նորմերը: Եվ չկա ավելի հզոր միջոց վրեժի, քան բառն է, բառը՝ պատմական կոնտեքստում, խեղաթյուրված, էությունը փոխած:
Հետաքրքրական է նաև հակառակ ընթացքի տրամաբանությամբ ստեղծված պատմվածքների շարժումը, որտեղ միֆն ու հեքիաթային ստատիկ կառույցները դիտարկվում են որպես բառաստեղծ կասկածելի կառույցներ ու ենթարկվում կազմաքանդման, ինչպես, օրինակ, «Աս-Սինդբադ ալ-Բահրիի ճշմարտացի պատմությունը՝ գրված բաղդադցի բեռնակրին վերագրվող տեքստերի հիման վրա» և «Սատանա տեսած բանասերը» պատմվածքներում: Նոր տեքստի կառուցման սկիզբը հնի քայքայումն է, բառերով շարադրված պատմության հանդեպ անվստահությունը: Արդյունքում ստացվում է տեքստ տեքստի մեջ, տեքստի մասին՝ անսպասելի լուծումներով, պատմական, ընդունված հեքիաթի նորովի ներկայացմամբ, որն էլ իր հերթին բառային նոր միֆ է ստեղծում:
Ստվերներով լի քաղաքը քարտեզի կոնկրետ տեղակայում չունի: Սուրեն Սարումյանի գրականությունը հեռու է խիստ ընդգծված, ազգային, մշակութային հենքից: Հեղինակը գրում է առհասարակ մարդու մասին, տիեզերքի մեջ նրա առաքելության կամ պատահականության մասին, և հենց դա է պատճառը, որ հաճախ տարաբնույթ թեմաներով սկսված պատմվածքները վերջում փիլիսոփայական ենթատեքստով վերջաբան են արձանագրում: Սակայն, այսքանով հանդերձ, պետք է նշել, որ երբեմն անանուն այս տարածքը կոնկրետ աշխարհագրական վայր ու հստակ իրավիճակներ է տարորոշում, և դա, անշուշտ, Արցախն է՝ պատերազմի ու խաղաղության, լույս ու ստվերի, աղմուկի ու լռության մեջ տարուբերվող: («Պատերազմի դեմքը», «Հուղարկավորության դերաբշխումը», «Զինվորի սխրանքն ու անհեթեթ մահը»): «Երբ երիտասարդ էր, լուսադեմի ամպրոպի հեռավոր դղրդյունը նրան հրետանային համազարկ էր թվում, հրավառություն, որով կարկուտներով ու տեղատարափ անձրևներով լի խելահեղ մայիսը դիմավորում էր յուրաքանչյուր նոր օրը»: Ինտուիտիվ մի զգայունակությամբ (հաշվի առնելով նաև պատմվածքը գրելու ժամանակաշրջանը) հասկանալի է դառնում, որ այս պատկերի հեռավոր արձագանքի մեջ ապրիլյան պատերազմի հրետանու ձայն է լսվում:
Եվ վերջիվերջո, կուզեի խոսել ժողովածուի վերջին՝ «Պատերազմի դեմքը» էսսեի մասին: Հենց այս էսսեի միջոցով կարծես վերջնական ամփոփման են գալիս ընդհանուրի ու մասնավորի, հայրենիքի՝ սեփական կենսատարածքի ու անանուն աշխարհագրական տարածության սահմանները: Էսսեն միևնույն ժամանակ մի նուրբ լարով գնում ու կապվում է ստվերների աշխարհի լաբիրինթոսում խմորվող սեփական ինքնության որոնումներին, դառնում ամենամութ խորքում ինքդ քեզ, քո տեսակը ճանաչելու մղում և կենսատարածքդ, հարազատներիդ ու հիշողություններդ պահպանելու պատասխանատվության որոշում:
«Հայրենիքն այնտեղ է, որտեղ զինվորն իրեն լավ է զգում: Լավ զգալու համար կուշտ և առողջ լինելը քիչ է: Լավ զգալու հիմքը հիշողությունն է՝ խարսխված տատիկի մամռապատ գերեզմանաքարի և անցյալի անորսալի ստվերներով ու տխրությամբ լի հայրական տան վրա: Հայրենիքում ամեն ոք պաշտպանում է իր աշխարհը: Հայրենիքում յուրաքանչյուրը սիրում է իրենը, այն, ինչը այլ վայրում իրենը լինել չի կարող»:
Հասմիկ ջան, շատ շնորհակալ եմ առաջաբանի համար: