Մերի Օլիվեր | Սուլող կարապներ

Արթնացա առավոտյան

Ինչո՞ւ են մարդիկ անընդհատ ուզում
Աստծո ինքնության ապացույցները տեսնել
Երբ առավոտվա վերածվող խավարը
Ավելի քան բավարար է։
Իհարկե, ցանկացած աստված էլ կարող էր գարշանքով երես թեքել։
Մտածեք Սողոմոնի թագավորությանը մոտեցող
Շեբայի մասին։
Կարծում եք՝ նա պետք է հարցնե՞ր․
«Սա՞ է տեղը այդ»։

 

Աշխարհը, որտեղ ապրում եմ

Ես հրաժարվել եմ ապրել
Պատճառների և ապացույցների կանոնակարգված տանը՝
Փակի տակ։
Աշխարհը, որտեղ ապրում և որին հավատում եմ
Ավելի ընդգրկուն է, քան դա։ Եվ այնուամենայնիվ,
Ի՞նչ խնդիր կա Երևի-ի հետ։

Դուք չեք հավատա իմ՝ մեկ-երկու անգամ
Տեսածին։ Ուղղակի մի բան կասեմ․
Հնարավոր է` երբևէ հրեշտակ տեսնեք
Միայն եթե ձեր գլխում նրանք արդեն կան։

 

Սուլող կարապներ

Գլուխդ կախո՞ւմ ես աղոթելիս, թե՞ նայում ես վեր՝ կապույտ
Տարածությանը։
Ինքդ ընտրիր․ աղոթները թռչում են բոլոր ուղղություններից։
Եվ մի մտահոգվիր լեզվի օգտագործման հարցում,
Աստված անկասկած հասկանում է բոլորը։
Նույնիսկ երբ կարապները թռչում են հյուսիս ու մի տեսակ խռխռան
Աղմուկ հանում, Աստված վստահաբար լսում
Ու հասկանում է։
Ռումին ասել է՝ չկա հոգու գոյության որևէ ապացույց։
Բայց արդյո՞ք գարնան վերադարձը և թե ինչպես է այն
Ծաղկում մեր սրտերում լավ ակնարկ չէ։
Այո, գիտեմ, Աստծո լռությունը անխախտելի է, բայց
Դա իսկապե՞ս խնդիր է։
Վերջ ի վերջո՝ հազարումի ձայն կա։
Ավելին, չեք պատկերանցո՞ւմ (զուտ առաջարկում եմ)
Որ կարապները մեր չափ գիտելիք ունեն
Այո, ամենի մասին։
Ուստի, լսեք ու հետևեք նրանց, որ երգում են թռչելիս։
Վերցրեք դրանից ինչ կարող եք։

 

Պահեստ

Երբ մի տնից մյուսն էի տեղափոխվում
Շատ բաներ կային, որոնց համար տեղ չկար։ Ի՞նչ կարող էի անել։
Պահեստ վարձեցի։
Պարբերաբար գնում ու նայում էի,
Բայց ոչինչ չէր պատահում, սրտի և ոչ մի թրթիռ։
Որքան մեծանում էի, այնքան պակասում էին իրերը,
Որոնց մասին հոգում էի, բայց դրանք ավելի էին կարևորվում։
Այդպես մի օր բացեցի կողպեքն ու կանչեցի աղբատարին։
Նա տարավ ամեն ինչ։
Ասես փոքրիկ ավանակ լինեի, որի վրայից վերջապես հանել էին բեռը։ Իրե՛ր”
Վառե՛ք դրանք, վառե՛ք։ Վերածեք գեղեցիկ խարույկի։ Ավելի շատ տեղ սրտում՝ սիրո համար,
Ծառերի համար։ Թռչունների համար,
Որ ոչինչ չունեն․ ահա և թռչելու պատճառը։

 

Այդ գազանիկը

Այդ գեղեցիկ գազանիկը՝ բանաստեղծությունը,
Իր մտածողությունն ունի։
Երբեմն ուզում եմ նարինջներ կլպել,
Բայց նա կարմիր միս է ուզում։
Երբեմն ուզում եմ հանդարտ քայլել ծովափով,
Իսկ նա ուզում է հանել բոլոր շորերն
Ու սուզվել։

Երբեմն ուզում եմ փոքր բառեր օգտագործել
և կարևորել նրանց
Բայց նա սկսում է աղաղակել բառարա՜նը,
Հնարավորություննե՜րը։

Երբեմն ուզում եմ ամփոփել ու շնորհակալություն հայտնել,
Դասավորել իրերը՝ ինչպես կարգն է,
Իսկ նա սկսում է պարել սենյակով մեկ
Իր չորս բրդոտ ոտքերի վրա՝ ծիծաղելով
Ու գազազած վանկարկելով ինձ։

Բայց մեկ-մեկ, երբ քո մասին եմ մտածում
Ու անկասկած ժպտում,
Նա՝ թաթը ծնոտի տակ հանգիստ նստում է
Ու պարզապես լսում։

 

Ես ուղղակի ասացի

Ես ուղղակի ասացի
Ինչ-որ անհեթեթ բան
և ի պատասխան

Քո հիանալի ծիծաղը։
Սրանք են օրերը
Արևը
Լողում է դեպի
Արևելք

Եւ լույսը ջրի վրա
Պսպղում է
Ինչպես, թվում է, երբեք։

Չեմ կարող հիշել
Յուրաքանչյուր գարունը,
Չեմ կարող հիշել
Ամեն ինչ —

Այնքա՜ն շատ են տարիները։
Առավոտյան համբույրնե՞րն են
Ամենաքաղցրը
Երեկոյա՞ն,
Թե՞ մեջտեղների։

Գիտեմ միայն այն,
Որ «շնորհակալ եմ»-ը պիտի հայտնվի
Ինչ-որ տեղ։

Ուրեմն, եթե հանկարծ
Չկարողանամ գտնել
Կատարյալ տեղը․
«Շնորհակալ եմ, շնորհակալ եմ քեզ»։

 

Մտահոգվում էի

Շատ էի մտահոգվում։ Այգիս կաճի՞, գետերը կհոսե՞ն ճիշտ
ուղղությամբ, երկիրը կպտտվի՞ ինչպես հարկն է, և եթե ոչ,
Ապա ինչպե՞ս ուղղեմ դա։
Ճի՞շտ էի, սխա՞լ էի, կներվե՞մ,
Կկարողանամ ավելի լավ անել։
Ունակ կլինե՞մ երբևէ երգել,
Նույնիսկ ճնճղուկներն են կարողանում, իսկ ես
Անհույս եմ։
Տեսողությունս խամրո՞ւմ է, թե՞ երևակայությունս է,
Ռևմատիզմ կունենա՞մ,
Կզակախփությո՞ւն, մտագարությո՞ւն։
Ի վերջո, հասկացա, որ մտահոգվելը ոչ մի տեղ չի տանում։
Եվ թողեցի այն։ Վերցրի իմ ծեր մարմինը,
Դուրս եկա առավոտի մեջ
Ու երգեցի։

 

Մի տատանվիր

Եթե հանկարծ ու անսպասելի ուրախություն զգաս, մի
Տատանվիր։ Տրվիր դրան։ Անհամար կյանքեր ու
ամբողջական քաղաքներ են կործանվել կամ կործանվելու։ Մենք
Իմաստուն չենք, և ոչ հաճախ ենք բարի։ Եվ մեծ մասը երբեք
Չի կարող փոխհատուցվել։ Այնուամենայնիվ, կյանքում դեռ
Մի քանի հնարավորություններ են մնացել։ Գուցե սա պայքարելու
Ձև է, որ մեկ-մեկ ինչ-որ բան է պատահում՝ ավելի լավը
Քան ողջ հարստությունը կամ իշխանությունը աշխարհում։ Կարող է ամեն
Ինչ էլ լինել, բայց հավանական է, որ նկատես այն
Սիրո սկսվելու պահին։ Ինչևէ, հաճախ
Սա է եղածը։ Ինչևէ, ինչ էլ լինի, մի վախեցիր
Դրանից։ Ուրախությունը չի ստեղծվել
Փշրանք լինելու համար։

 

Մենք ցնցվում ենք ուրախությունից

Մենք ցնցվում ենք ուրախությունից, ցնցվում ենք տխրությունից։
Ինպե՞ս են ապրում այդ երկուսը՝
Տնավորված միասին նույն մարմնի մեջ։

 

Առեղծվածներ, այո

Մենք իսկապես ապրում ենք առեղծվածներով չափազանց զարմանալի
Հասկանալու համար։
Ինչպես կարող է խոտը սնուցող լինել
Գառների բերաններում։
Ինչպես կարող են գետներն ու քարերը
Հաշտ լինել ձգողականության հետ
Մինչ ինքներս երազում ենք թռչելու մասին։
Ինչպես կարող են երկու ձեռքեր հպվել միմայնց և կապը
Էլ երբեք չի կտրվի։
Ինչպես են մարդիկ խանդավառությունից կամ
Վնասի սպիներից գնում
Բանաստեղծության սփոփանքի մեջ։
Թող որ միշտ հեռու մնամ նրանցից, ովքեր մտածում են,
Թե ունեն պատասխաները։
Թող միշտ շրջեմ նրանց հետ, ովքեր ասում են
«Նայի՛ր» և ծիծաղում հիացմունքով
և խոնարհում գլուխները։

Թարգմանություն անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *