Վերջին մեկուկես տարում վեց ներկայացում եմ դիտել, որոնից հինգը կապված է Նարինե Գրիգորյանի անվան հետ, կամ բեմադրիչն է, կամ գլխավոր դերակատարը և կամ էլ թե մեկը և թե՝ մյուսը։
Ահա այդ ցանկը՝
1․ Ուիլյամ Գիբսոն «Հրաշագործը»
2․ Օ Հենրի «Եվ նորից գարուն»
3․ Մոպասան –«Փափլիկը»
4․ Ռեյ Բրեդբըրի –«Խատուտիկի գինի»
5․ Հրանտ Մաթևոսյան –«Գոմեշը»։
Ցանկից առջինը բեմադրել է Նիկոլայ Ծատուրյանը, գլխավոր դերում Նարինե Գրիգորյանն է, մնացած չորսը բեմ է հանել Համազգայինի գեղարվեստական ղեկավարը։ Ցանկը հատուկ տեղադրեցի, որպեսզի ակնառու լինի մի փաստ։ Բացի առաջինից, որը ոչ թե Նարինեն է բեմադրել, այլ Նիկոլայ Ծատուրյանը, մնացածը դրամատուրգիական գործեր չեն։ Ասել կուզի, որ Նարինե Գրիգորյանի բեմադրած բոլոր չորս գործերը պիեսներ չեն, այլ արձակ ստեղծագործություններ, որոնց բեմական տարբերակը հենց ինքն էլ ստեղծել է։
Բացի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշից», մնացած ներկայացումները Համազգայինի խաղացանկում են։ Ստացվում է, որ շուրջ երկու տարվա ընթացքում վեց ներկայացում եմ նայել, որոնցից չորսը Համազգային թատրոնում։ Սա կողմնակալություն չէ, այլ միջնորդավորված մասնակցություն թատրոնում գեղագիտական նոր որոնումներին։ Ըստ էության, Նարինե Գրգորյանը կարողացել է Սոս Սարգսյանի անվան թատրոնը դարձնել մեր թատերական իրականության մեջ գեղագիտական որոնումների էպիկենտրոնը։ Բեմադրական նոր հնարքներ, անգամ գյուտեր այլ թատրոններում էլ են արվում։ Բայց հնարքը, կամ հայտնագործության հավակնություն ունեցող միզանսցենը դեռևս գեղագիտություն չեն։ Նարինե Գրիգորյանը նոր արտահայտչամիջոցներ է փնտրում, և հավանաբար այդպիսին կմնա իր ստեղծագործական ապագա կյանքում։ Տպավորություն է, որ այդ որոնումների ընթացքում, դրամատիկական այն երկերի ցանկը, որ նրան հասանելի է, անբավարար է։ Արդար չի լինի, եթե ասենք, որ արվեստագետի երևակայությունն ու ստեղծագործական խիզախումները սահմանափակվում են միայն էպիկայի տեքստը դրամայի տրանսֆորմացնելու ոչ դյուրին գործի սահմաններում։ Բայց ակնհայտ է, որ իր ջանքերն ավելի շատ այդ ուղղությամբ է սպառում։
Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսի բեմադրությունը հայ թատրնում ծանրակշիռ վաստակ ունեցող ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի համար թեև ստեղծագործական նվաճում դժվար է կոչել, բայց միևնույն ժամանակ չի կարելի չնշել, որ մանրակրկիտ աշխատանքը, գլխավոր խաղադրույքը դերասանական խաղի վրա դնող վարպետ ձեռագիրը փայլուն արդյունք են տվել։ Խոսքը Էննի Սյուրիվանի և Հելեն Քելլերի դերակատարներ Նարինե Գրիգորյանի ու Անգելինա Զաքարյանի մասին է։ Կամ Ծատուրյանը գիտակցաբար երկրորդական է համարել այլ դերակատարների խաղը, կամ այս զույգը այնքան կատարյալ է, որ ստվերում է թողնում բեմադրության այլ դերակատարներին։ Երբեմն անգամ մեկ դերասանի հիանալի խաղը բավարար է, որպեսզի ներկայացումը բավականություն պատճառի ու հաջողված համարվի։ Այս դեպքում կատարյալ է դերասանական դուետը։ Նարինե Գրիգորյանն իր դերասանական տարերքի մեջ է։ Այդ տարերքն ինքնակա, բայց ինքնանպատակ չէ։ Նա խաղացնում է նաև խաղընկերուհուն՝ Անգելինա Զաքարյանին։ Այդպիսի դերասանական դուետ վերջին տասը տարում մեկ էլ Դավիթ Հակոբյանն ու լուսահոգի Վանիկ Մկրտչյանն էին ստեղծել նույն թատրոնի «Մինուս երկուս» ներկայացման մեջ։ Երկուսն էլ վարպետ դերասաններ են։ Նարինե Գրիգորյանի խաղընկերը ինը տարեկան աղջնակ է։ Անգելինայի հերոսուհին կույր ու խուլ երեխա է, բայց սա չի խանգարում, որ լսի, տեսնի ու զգա պարտնյորին։ Հնչում էին և հնչում են տեսակետներ, որ անչափահաս աղջկա այդպիսի բարդ կերպարը պիտի չափահաս ու պրոֆեսիոնալ դերասանուհու վստահվեր։ Որպես օրինակ էր բերվում Սարոյանի «Իմ սիրտը լեներում է» սունդուկյանական ներկայացման մեջ Վարդուհի Վարդերեսյանի Ջոնին։ Կարծում ենք, որ Նիկոլայ Ծատորյանը գնացել է ավելի բարդ, բայց ավելի ճիշտ ճանապարհով։ Այս դեպքում մանկական անկեղծությունն ավելին էր, քան կարող էր ամենահմուտ ու տաղանդավոր դերասանուհին տալ կերպարին։
Հաջորդ ներկայացումը Օ Հենրիի մի քանի նովելների բեմականացումն ու բեմադրություն է, որն իրականացրել է Նարինե Գրիգորյանը։ Եթե կարող է լինել լավ բեմադրությամբ վատ ներկայացում, ուրեմն «Եվ նորից գարունն» այդ դեպքն է։ Բեմադրական անսպասելի լուծումների, բեմի խիստ ինքնատիպ ձևավորման կողքին դերասանական միջակ խաղ։ Մեկ-երկու բացառությունը չհաշված` դերակատարներն ասես պարտադրանքով են խաղում և առանձնապես չեն էլ վստահում իրենց ստեղծած կերպարների վարքային ու հոգեբանական դրսևորումների արժանահավատությանը։ Բայց ավելի կարևոր է, որ սիրո դրսևորման տարբեր իրավիճակներ նկարագրող նովելները ոչ գեղարվեստական իմաստով, ոչ էլ գեղագիտական տիրույթում ամբողջականություն ձեռք չեն բերել։ Բեմադրիչը գուցե թե նման նպատակ չի էլ հետապնդել։ Ահա այդ պատճառով էլ կա լավ բեմադրություն, բայց չկա ամբողջական ներկայացում։
Միանգամայն հակառակ տպավորություն է թողնում «Փափլիկը» ներկայացումը։ Այն ամբողջական ու գեղարվեստորեն լիարժեք է այնքան, որ դժվար է հավատալ, թե դրամա չէ բեմադրված, այլ Գի դը Մոպասանի պատմվածքներից մեկը։ Ի տարբերություն «Եվ նորից գարուն» ներկայացման, «Փափլիկում» չկա վատ դերակատար։ Ոսկերչական մանրակրկիտ աշխաանք է կատարված յուրաքանչյուր կերպարի վրա։ Դրա շնորհիվ անգամ պակաս տաղանդի տեր դերասանները նույնքան հետաքրքիր են բեմում, ինչքան առավել օժտվածները։ Դերասաններն ասես հանդիսատեսի հետ վայելում են իրենց խաղը։ Այստեղ բոլոր կերպարները տիպեր են, իրենց սոցիալական աստիճանի տիտղոսային մարմնավորումը, վարքի կանխատեսելի կանոններին համապատասխան, և հոգեբանորեն հավաստի ու արժանահավատ։ Միևնույն ժամանակ, գրեթե բոլոր դերակատարներին հաջողվել է կերպարների բնավորությանը տալ ողբերգականի ու կոմիկականի նրբին համադրություն։ Սրա հետ մեկտեղ ինչ-որ անաբացատրելի ինքնահեգնանք կա, դերասանական արվեստի մի եղանակ, որը հազվադեպ է հանդիպում ոչ միայն մեր թատրոնում։ Վերապրման մասին խոսք չի կարող լինել։ Բոլոր դերակատարներն ասես գեղանկարիչներ են, ավելի ստույգ՝ գծանկարիչներ, որոնք հանդիսատեսի աչքի առաջ վրձնում են իրենց կերպարի թե արտաքին, պլաստիկական տեսքը, թե էությունն ու բովանդակությունը և թե վարքագծի պատճառաբանված ու համոզիչ շարժառիթները։ Կերպարների կարիկատուրային նկարագիրը ներկայացմանը որոշակի գրոտեսկային, բայց և տրագիկոմիկական երանգ է տալիս։ Չկա դերակատարում, որի հետ որևէ անհամաձայնություն, կամ որից չնչին դժգոհություն ունենաս։ Վախթանգովյան թատերական ավանդույթների ոճով բեմադրված այս ներկայացման փայլուն դերասանական անսամբլում այնուամենայնիվ առանձնանում են Դավիթ Հակոբյանն ու Տաթև Ղազարյանը։ Հերոսուհուն մեղքի մղելու իր նկրտումների մեջ Դավիթ Հակոբյանի Կոմսն այնքան բարեկրթորեն երկերեսանի է, այնքան նրբորեն նենգ, որ ասես բեմում մի ծաղրապատկերային Յագո է։ Տաթև Ղազարյանի հերոսուհին՝ վատահամբավ տիկին Ռուսեն, մի կողմից սկզբունքային է ու համառ, մյուս կողմից բարի է ու կարեկից, բայց ի վերջո շրջապատի դրդմամբ տրվում է թշնամական բանակի սպային/Ստեփան Ղազարյան/` փրկելու համար մնացածին։ Ներկայացման ավարտը կանխատեսելի է։ Երբ արդեն զերծ են վտանգից, բոլոր փրկվածները չեն թաքցնում իրենց արհամարհանքն ու խորշումը «անբարոյական» կնոջից։
Ներկայացման ռեժիսորը մի քանի բեմադրական հնարքների շնորհիվ / ստոպ կադրի, կամ շարժման կրկնության/ հասել է էֆեկտի, որ հանդիսատեսը երբեմն կինոֆիլմ դիտելու տպավորություն է ստանում։
Բեմադրական հոյակապ աշխատանքի ու դերասանական վարպետ կատարումների համադրությամբ «Փափլիկը» դարձել է ներկայացում, որը կարելի է դիտել շատ անգամ, և ամեն անգամ նորովի վայելել թատրոն կոչվող արվեստի հմայքը։
Ժամանակագրական իմատով, «ամենաթարմ» ներկայացումը Բրեդբըրիի «Խատուտիկի գինին» է։ Թեև Նարինե Գրիգորյանից «ամեն ինչ սպասելի է», այնուհանդերձ անհնար էր թվում, թե կարելի է որևէ կերպ բեմավորել այս քնարական վեպը։ Արել է և հաջողել։ Բայց սա ասես ներկայացում է նրանց համար, ովքեր ալարում են կարդալ, և դրա փոխարեն, իրենց համար ընթերցվում է «Խատուտիկի գինի» վեպը թատրոնում։ Վերջին նախադասությունը կարծես թե փոքր-ինչ խիստ ու անարդար ստացվեց, որովհետև բեմի վրա տեսնում ենք դերակատարների, որոնք հոյակապ են խաղում, լիարժեքորեն միս ու արյուն են տալիս իրենց ստեղծած կերպարներին։ Դավիթ Հակոբյան, Կարինե Ջանջուղազյան, Արման Նավասարդյան, Ալլա Սահակյան, Տաթև Ղազարյան, Սերգեյ Թովմասյան, Գագիկ Մադոյան։ Նրանցից յուրաքանչյուրը վարպետ է, որպես դերասան և հետաքրքիր, ինքնատիպ ու ամբողջական՝ որպես կերպար։ Այնուհանդերձ, ներկայացման ողջ ծանրությունը, ավելի ստույգ՝ վեպը պատմելու, միաժամանակ իր կերպարն ստեղծելու բեռի տակ է Դագլասի դերակատար Նարեկ Բաղդասարյանը։ Ողջ ներկայացման ընթացքում մի հարց է հետաքրքրում, արդյո՞ք հուշարար է աշխատում, թե՝ դերասանն ստիպված է եղել վեպն անգիր անել։ Ինչ էլ որ լինի, Նարեկ Բաղդասարյանն ահռելի աշխատանք է կատարում։ Հարյուրավոր էջեր կազմող տեքստը բեմից արտասանել բավականին պաթետիկ-պատմողական ոճով և անընդհատ խաղընկերների հետ դիալոգի մեջ մտնել առավել «մարդկային», սովորական առոգանությամբ, ամեն դերասանի խելքի բանը չէ։ Թեև նրա կերտած Դագը բավականին համակրելի կերպար է, բայց չի տալիս հարցի պատասխանը, թե ինչի՞ տանջել դերասանին վեպը պատմելու դժվարությամբ։ Վեպին անծանոթ հանդիսականը գուցե թե չհարցնի, բայց մնացածին անպայման կհետաքրքրի, թե ինչ սկզբունքով են ընտրվել գրական գործի այս դրվագները, և դուրս մնացել մյուսները։ Չէ որ բեմականացված մասերից գրեթե ոչ մեկը չունեն սյուժետային գծի զարգացման առաքելություն։ Չէին էլ կարող ունենալ, որովհետև չկա սյուժետային գիծ։ Ի՞նչ կա, ուրեմն։ Կա մթնոլորտ, տրամադրություն, հուզական լիցք, ապրում և ապրումակցում։ Կա հուզիչ պատմություն մանկության մասին։ Կա բեմի ինքնատիպ ձևավորում։ Բավարա՞ր է արդյոք այսքանը «Խատուտիկի գինին» լավ ներկայացում անվանելու համար։ Ուրիշ դեպքում կարելի էր ժխտական պատասխան տալ։ Կոնկրետ այս դեպքում, պիաի ասել, որ այո, կա լավ ներկայացում։ Երկակի ստանդարտների կողմնակից չեմ, պարզապես ոգևորում է Նարինեի համարձակ որոնումների յուրաքանչյուր դրսևորում, որովհետև այս կամ այն կերպ կարողանում է հասնել հանդիսատեսի վրա հուզական ազդեցության։ Այդքանով հանդերձ, կա լավ ներկայացում, որը վստահ չեմ, թե երկրորդ անգամ կնայեմ։ Ու մի բան էլ։ Հաշմանդամի անվասայլակին գամված գնդապետի դերակատար Դավիթ Հակոբյանը նաև նուրբ դիմախաղի վարպետ է։ Բայց նրա այդ վարպետությունը տեսնելու հնարավորությունից զրկված էինք, որովհետև բեմառաջի ուղղանկյուն, հորիզոնական մետաղյա սյուները թույլ չէին տալիս ամբողջապես տեսնել դերասանին։ Ենթադրում եմ, որ հանդիսասրահի մյուս կողմում նստածները նույն դժվարությունն ունեին տիկին Բենթլիի դերակատար Կարինե Ջանջուղազյանի խաղին հետևելու, որովհետևւ երկաթյա այդպիսի մի ուղղանկյուն հենասյուն էլ բեմի աջ կողմում է բարձրանում։ Բեմադրիչը պիտի հաշվի նստի բեմ-դահլիճ կառուցվածքի հետ, որպեսզի հանդիսասրահում նստած յուրաքանչյուրին հասանելի լինեն դերասանի ինչպես ձայնը, այնպես էլ դերասանական խաղի բոլոր միջոցները։
Վերջին ներկայացումը, որին ուզում ենք անդրադառնալ, Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակի բեմականացումն ու բեմադրություն է, որն իրականացրել է Նարինե Գրիգորյանը, և ինքն էլ խաղում է միայնակ։ «Գոմեշն» իմ երբևէ տեսած, իսկ ես տարբեր երկրների տարբեր թատրոններում շատ ներկայացումներ եմ դիտել, երեք-չորս լավագույն ներկայացումներից մեկն է։ «Գոմեշը» բացառիկ է նույնիսկ այս թոփ եռյակում։ Ինչո՞վ է բացառիկ։ Գանք մի փոքր հեռվից։ Հրանտ Մաթևոսյանը չէր հավանում իր ստեղծած գրական գործերի ոչ միայն էկրանավորումները, այլ անգամ այնպիսի մի եզակի հաջողված ներկայացում, ինչպիսին Դրամատիկականի «Աշնան արևն» էր։ Որքան բարձր է երկի գրական արժեքը, այնքան բարդ է դրա փոխակերպումը բեմական արժեքի։ Թույլ տեքստն առանձնապես դիմադրություն ցույց չի տալիս, արժեքավոր գրական տեքստը դիմադրում է աներևակայելի համառությամբ։ Հրանտ Մաթևոսյանը, բացի «Մենք ենք․ մեր սարերից», մնացած ֆիլմերից անբավական էր մնում, որովհետև իր գրական տեքստը այլ արվեստի լեզվի էր տրանսֆորմացված կիսատ-պռատ։ Այլ կերպ ասած, չէր հաղթահարվում գրական արժեքի դիմադրությունը։ Հանճարեղ գրողը փայփայում էր հույսը, որ «Հայֆիլմը» մի օր հնարավորություն կտա Ռոման Բալայանի նման տաղանդավոր կինռեժիսորին իր <<Գոմեշը>> վիպակից ստանալ այն կինոն, որն իրեն էլ կգոհացնի։
«Աշնան արևի» դեպքում ճիշտ հակառակն էր․ հաղթահարված էր գրական արժեքը հանուն բեմականի, և ինքը մարդկայնորեն ափսոսում էր իր գրական տեքստի կորստի համար։ Ահա այս իմաստով է «Գոմեշը» բացառիկ երևույթ։ Ոչ տեսականորեն կարող էի պատկերացնել, ոչ էլ գործնականում եմ հիշում որևէ դեպք, երբ բեմի վրա այդքան ներդաշնակորեն համատեղվեն երկու արժեքները՝ գրականն ու բեմականը։ Բեմադրիչ դերասանուհուն հաջողվել է պահպանել մաթևոսյանական գրի ամբողջ գունապնակը, հմայքը, բայց և ստանալ բեմական փառահեղ կերպար։ Վերջերս Հրանտ Մաթևսյանի մի հարցազրույցում հանդիպեցի նման երկխոսության։ Հարցազրույց վարողը հետաքրքրվում է գրողից, թե ինչ կարծիքի է Մարկեսի այն պնդման մասին, թե գրականությունը ածականների արվեստ է, և գրողն առանձնանում է հենց իր ածականներով։ «Ինքը թող գրի ածականներով, հայ գրականությունը ենթակաների գրականություն է»․ այս պատասխանը տալիս է մի հեղինակ, ում գրական տեքստն ամենից շատ է առանձնանում ածականներով ոչ միայն հայ գրականության ծիրում։ Նարինե Գրիգորյանը պահպանել էր այդ ածականների, մակդիրների, որոշիչների ամբողջ հրապույրը։ Եթե չիմանայիր անգամ թե ուր ես ընկել, ներկայացման առաջին իսկ նախադասություններից կհասկանայիր, որ Հրանտի տեքստն ես լսում։ Բայց ներկայացման բացառիկությունը հենց այն է, որ այդ հիասքանչ տեքստն ունկնդրելը չնչին չափով անգամ չի խանգարում, որ հետևես Նարինե Գրիգորյանի նույնքան հիասքանչ խաղին։ Դերասանուհին թեև որոշ արտաքին նշաններով, ի վերջո գոտկատեղից կապված պարանով ակնարկում է կենդանու մասին, բայց բեմում իր երջանկությունը փնտրող կնոջ կերպար է։ Կին, որը սկզբում վարանումով ու երկմտանքով, ապա փոքր-ինչ ավելի վճռականորեն մտնում է վտանգներով լի անծանոթ աշխարհ՝ իր սերն ու երջանկությունը գտնելու։ Մաթևոսյանի հանճարեղ տեքստը և դերասանուհու կատարյալ խաղը միաժամանակ և հուզում են, և տանում մետաֆիզիկ մտորումների, դուրս հանում նաև աշխարհից ու հասցնում տիեզերական մենության ու վտանգների զգացումի։ Այստեղ անկարևոր է դառնում անգամ կերպարի սեռը։ Այս աշխարհում ու տիեզերքում մարդն իրեն միայանակ է զգում անկախ սեռից։ Ակամա մտաբերում ես սուրբգրային տողը՝ «Մարդ, թե անասուն՝ իրենց դիպվածին են սպասում»։ Գոմեշը հետ է վերադառնում։ Նրան հաջողվում է խույս տալ կյանքին սպառնացող վտանգներից ու տուն հասնել։ Այստեղ պիտի փնտրի ու գտնի իր երջանկությունը, կամ գուցե գտել է արդեն ու չի գնահատում։ Տուն է վերադառնում ու լսում իր տիրոջ՝ Նանի ձայնը՝ «Ջա՜ն, եկա՞ր»։ Երբ կվերադառնանք այնտեղ, որտեղից այս վտանգներով լի աշխարհ ենք եկել, աշխարհ, որտեղ բոլորն իրենց երջանկությունն են փնտրում, բայց քչերն են գտնում, երանի լսեինք մեր Նանի, կամ Տիրոջ ձայնը՝ <<Ջա՜ն, եկա՞ր>>։
Դերասանուհին չկորցնելով մաթևոսյանական գրի ոչ մի նրբերանգ, ամբողջովին կլանվում է այդ տեքստով, ներշնչվում դրանից ու խորապես վերապրում իր կերպարը։ Երբեմն այնքան է տարվում խաղով, որ թվում է, թե գոտկատեղից կապված պարանն ահա-ահա կվնասի մարմինը։ Զարմանալի է, թե թեթև մի նշանով ինչպես է կարողանում այլ կերպարներ պատկերել։ Ծնոտի մի շարժումով ու ատամների կրճտումով ակնթարթորեն դառնում է գայլ, մի թեթև ժեստով, կամ դիմախաղով սարդին ու աղվեսին, շանն ու մի ամբողջ բնաշխարհ վրձնում ու դնում է հանդիսատեսի առաջ։ Վարպետության այդպիսի պահերը շատ են ներկայացման մեջ ու անհնար է մեկ առ մեկ անդրադառնալ բոլորին։
Նրանք, ովքեր փորձում են ժխտել այս ներկայացման բացառիկությունը, մատնաույց են անում դեռևս խորհրդային տարիներին Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոնում Գերոգի Տովստոնոգովի բեմադրած «Ձիու պատմությունը» ներկայացումը՝ ըստ Լև Տոլստոյի ստեղծագործության։ Ռուս տաղանդավոր դերասան Եվգենի Լեբեդևի գլխավոր դերակատարմամբ այս ներկայացումը բախտ եմ ունեցել տեսնել ինչպես բեմում, այնպես էլ հեռուստաէկրանից։ Ընունում եմ, որ կան համեմատության բազմաթիվ եզրեր, սակայն «Գոմեշը» ներկայացման այն բացառիկությունը, որի մասին արդեն նշեցի, ոչնչով չի տուժում։
Գուցե սխալվում եմ, բայց գրեթե վստահ եմ, որ Հրանտ Մաթևոսյանը գոհունակությամբ էր ընդունելու այս ներկայացումը, և ծափահարալու էր Նարինե Գրիգորյանին նույն ջերմությամբ, ինչ սովորական հանդիսատեսը։