Մանուկ Մնացականյան | Թաղի Զավակը

Ռուբեն Հովսեփյան, Մանուկ Մնացականյան

Վաղ գարնանից մինչև ուշ աշուն հողաշեն երկհարկանի շենքերի բնակիչները ճաշից հետո բակ էին դուրս գալիս։ Տղամարդիկ՝ մեծ մասամբ արհեստավորներ, այստեղ-այնտեղ նարդի էին շրխկացնում, տամա խաղում կամ ցածրիկ աթոռներին նստած ծխում էին ու խաղաղ զրուցում։ Տակառի տախտակի, Թուրքիայի քաղաքականության, հոնի օղու, «Սամվել» վեպի կամ նման մի բանի մասին էր լինում նրանց զրույցը: Կանայք, տղամարդկանցից հեռու, ամեն մեկը մի գործ ձեռքին, խոսում էին տան հոգս ու կարիքից, չարաճճի ժպիտն աչքերում քչփչում, բամբասում էին մեկնումեկին, մո-ռանում տղամարդկանց ներկայությունը՝ անզուսպ քրքջում, հետո ձգում, զսպում էին իրենց։ Բակի կենտրոնում երեխաներն աղմուկ-աղաղակով խաղեր էին սարքում, վազվզում իրար ետևից, ընկնում արնոտում էին ոտ ու ձեռ՝ ամաչում էին լաց լինել, ելնում, կաղալով շարունակում էին խաղը։ Պոլսեցի Միհրանը միացնում էր թաղի միակ ռադիոընդունիչը, նախ դռդռոց լցնում բակը ու քիչ անց մելամաղձոտ մի մուղամ դանդաղ թևածում, տարածվում էր բակով մեկ։ Մուղամը տաճկահայերին օտարության մեջ թողած հայրենի օջա՞խն էր հիշեցնում, մանկությո՞ւնն էր հիշեցնում, թե, պարզապես, սրտամոտ էր – «Կամաց շրխկացրու»,- զայրանում էին նարդի խաղացողների վրա, կքվում, ականջն անում երաժշտությանը, ամփոփվում, թախծում էին: Արևը կամաց-կամաց կարմրում, կախվում էր, արևին շող էր տալիս Երանի տան կտուրին պառկած կանաչ կճուճը, պատի տակ մեղմ քամուց թրթռում, ճոճվում էր հսկայական պղնձի տակից դուրս պրծնող օջախի բոցը, ու պղնձի մեջ եռ էր տալիս, փլթում, նորից փլթում կարմիր տոմատը…
Եվ մեկ էլ ընդհանուր մի աշխուժություն էր տարածվում բակում. խև Մարիամն էր բակ եկել:
Թոթովախոս երեխայից մինչև զառամյալ ծեր՝ ո՞վ չէր ճանաչում խև Մարիամին-աչքերը կապույտ, խոշոր՝ մանկամիտ ժպիտով լի, ոտքերը երկար, մարմինը ճկուն, կրծքերը պիրկ՝ չթե բարակ շրջազգեստի տակից դուրս պրծնող, սև, փարթամ մազերը անփույթ ուսերին փռած…
Գեղեցկուհի՞ էր խև Մարիամը…
Նարդին, զրույցը, գործը թողած այս ու այն կողմից ձայն էին տալիս նրան, մոտ կանչում։ Լսում էր՝ մի ծուռ շարժում անում կանչողին, ծիծաղ գցում ու քայլում ուրիշ մի կողմ։ Գրկի երեխաներ էր սիրում խև Մարիամը։ Տեսնում էր՝ գնում, պպզում մոր ու երեխայի դիմաց.
– Ո՞ւմ բալիկն ես,- մատը տանում, հպում էր երեխայի ծնոտին, սպասում մի պահ ու երեխայի փոխարեն, երեխավարի պատասխանում։- Շորսազ Շողիկի… Պահ,- կանչում էր,- Շորսազ Շողիկիս նայեք…
Բակը հռհռում էր, Շողիկը չանչում էր Մարիամին, ծիծաղից քրքրվում ու երբ քիչ հանդարտվում էին՝ Մարիամը նորից էր հարցնում.
– Հայրիկդ ո՞վ է… Հոպոպ Ոսկանն…- նա հայացքով փնտրում, գտնում էր երեխայի հորը.- Հո-պո՛պ…
Թաղի ա՞ղն էր, ժպի՞տն էր, անհրաժեշտությո՞ւնն էր այդ հորից զուրկ խելառը։ Նրա հետ, նրա խելքին՝ հոգս ու կարիք մոռացած, ծիծաղում էին, հանգստանում, խաղաղվում էին ու… սիրում էին խև Մարիամին։
Պատերազմն սկսվեց, տղամարդկանց բանակ տարան, բայց էլի Մարիամը պտտվում էր ողնաշարը կոտրված թաղում, անում էր իր միամիտ գժությունները, վաղանցիկ մի ժպիտ, մի ծիծաղ խաղացնում վշտից ու հոգսից իրենց ժպիտը կորցրած կանանց դեմքերին:
– Երանի քեզ, Մարիամ, ոչ խելք ունես, ոչ հոգս…
Կանայք ճիշտ չէին՝ Մարիամը հոգս ուներ. բավական է տեսներ փողոցով անցնող զինվորական համազգեստով մեկին՝ վազում էր ետևից, թևից քաշում, կանգնեցնում ու հևալով հարցնում էր.
– Թորոսին տեսե՞լ ես…
Թորոսը Մարիամենց հետ դուռ-դռան ապրող Արևհատի և որսորդ Բաբկենի միակ որդին էր՝ խարտյաշ մազերով, հանգիստ աչքերով, սակավախոս մի տղա, որին պատերազմի հենց առաջին օրը բանակ տարան, և թաղի կանայք որքան էլ լարեցին իրենց հիշողությունն ու երևակայությունը, այդպես էլ չկարողացան հասկանալ՝ ինչո՞ւ բոլոր բանակ գնացածներից միայն Թորոսի մասին է հարցնում Մարիամը։
Զինվորական համազգեստով մարդիկ թե գլխի էին ընկնում՝ ասում էին «Տեսել եմ, լավ է», և այդ օրը Մարիամի գժությունները անպակաս էին լինում՝ երեխաների հետ վազվզում էր, երգում էր, իր երգի տակ պարում, «Թորոսին տեսել է»,- հայտնում էր բոլորին, և թաղի կանայք ձեռ էին առնում Թորոսի մորը. «Հարսնացուդ է»։ Բայց մեծ մասամբ Թորոսին, չէ՜, տեսած չէին լինում…

* * *
Բակում տռճիկ տվող, պահմտոցի խաղացող այդ լակոտները կռվի ու սովի մի երկու տարում ե՞րբ կտրվեցին դպրոցից, ե՞րբ դարձան տղամարդ՝ քթատակին ու այտերին սևին տվող աղվամազով, համաճարակի պես տարածված ղումարով ու գողությամբ, կրծքերին, ոտքերին, ձեռքերին հազար տեսակի այլանդակ դաջվածքներով, փողոցային իրենց օրենքներով, «գող» հորջորջվելու անզուսպ ցանկությամբ…
Խմբով կորչում, թաքնվում էին աչքից հեռու մի տեղ, ախորժակով ճլտացնում սրունքներին, զառ գլորում, պտտվում էին սև շուկայում, գրպան մտնում կամ վրա էին տալիս, հրում, տապալում վաճառողին ու մանղալով փախցնում կասկածելի մսից շամփրած տժտժացող շաշլիկները։ Թե միլիցիայի ձեռքն էին ընկնում՝ դատ-դատաստան էր լինում, երեկվա լակոտը անվանվում էր «մեղադրյալ» և մոր արցունքներին անտարբեր՝ հպարտորեն լսում դատավճիռը։
Նրանք ե՞րբ մոռացան իրենց հայրերի Մարիամին նայող եղբոր հայացքները, ե՞րբ Մարիամի մեջ կինը խլրտաց նրանց աչքերում ու կիրքը տարածեց ողնաշարն ի վար…
Կեսօրին, երբ բակը դատարկ էր լինում, երբ մայրերն աշխատանքի էին լինում, գալիս, խմբվում էին պատի տակ նստած Մարիամի շուրջը։
– Թորոսին տեսնող է եղել,- ասում էր մեկնումեկը, մյուսներին ակնարկում Մարիամի կրծքերը։
Մարիամը ուրախ թափահարում էր գլուխը, իսկ նրանք նայում էին բարակ շրջազգեստի տակից ցցված կրծքերին, խուլ մռնչում, ապա հռհռում, խփում էին իրար ուսի ու մեջքի։
– Մարիամ, սովա՞ծ ես…
Մարիամն ավելի արագ էր թափահարում գլուխը, հույսից խոշորացած աչքերով նայում նրանց։
– Գնա, հաց բեր,- ասում էր խմբից ազդեցիկը որևէ մեկին:
Ի՞նչ քաջության տեր էր, որ չզնար, տանից չթռցներ օրվա բաժին հացն ու չբերեր։
– Դու կեր, ես գլուխս դնեմ էստեղ, հա՞,- սև, կեղտոտ մատը պարզվում, կպնում էր Մարիամի կրծքին։
Հացն իրար մեջ բաժանում էին, հերթով հաց էին տալիս Մարիամին և գլուխը հպելով նրա կրծքին՝ նվաղում։
Մարիամն ագահորեն կրծում էր հացը, մյուս ձեռքով գրկում կրծքին կպած գլուխն ու դանդաղ օրորվում։ Նրանց երեխա էր տեսել՝ երեխա՞ էր կարծում, թե՞, պարզապես, չէր հասկանում՝ ի՞նչ բան է կիրքը։ Երբ վերջացնում էր հացի կտորը՝ մյուսները ձգում, պոկում էին տզրուկի պես Մարիամին կպած գլուխը, նորից հաց տալիս, և մի ուրիշ գլուխ էր ծեփվում նրա կրծքին։
Հետո կանանցից մեկը նկատեց, ասաց մյուսներին, լուրը շշուկով, բերնեբերան պտտվեց թաղում ու պոռթկաց միանգամից։ Անքամի, տոթ երեկո էր։ Կաուչուկի գործարանի ծուխը դանդաղ բարդվում էր քաղաքի վրա, շնչելը դժվարացնում, այստեղ-այնտեղ լուսաքողարկման ծածկոցների տակից պեծկլտում էին առաջին լույսերը։
– Աղջկադ կապերը քաշիր,- ասաց Սաթիկը Մարիամի մայր Շուշիկին։- Մեր երեխաներին խելքահան է անում…
Բակում մի պահ լռություն տիրեց։ Լսվեց ինչ-որ բանից անհանգիստ սևմազ քոթոթի վնգստոցը։ Կանայք, կարծես խոսքները մեկ արած, ոտքի ելան ու կռվի պատրաստ նայեցին անգիտակ հայացքը այս ու այն կողմ գցող Մարիամի մորը:
– Աղջիկս ի՜նչ է անում…
– Ինքը լավ գիտի՝ ինչ է անում,- ձայնն ավելի բարձրացրեց Սաթիկը ու մոր կողքին կանգնած Մարիամին մատնացույց անելով՝ դարձավ մյուսներին։- Սրա թշերին նայեք, ձեզ մատաղ։ Կարմրել, կախվել են։ Էդ ո՞ւմ հացով ես թշերդ կարմրացնում, լիրբ…
– Ի՞նչ ես անում,- աղջկա ձեռքը բռնեց Շուշիկը։
– Մեր հացը ուտում, մեր երեխեքի հետ պոռնկություն է անում,- անսպասելի բղավեց լուսամուտի մեջ կանգնած Աղունը։- Ի՜նչ է անում…
– Կամաց,- ասացին,- ամոթ է…
– Մեր երեխեքին փչացնում է՝ ամոթ չի՞, օրերով հացի երես չենք տեսնում՝ ամոթ չի՞։- Աղունը գետնից քիչ բարձր լուսամուտից բակ ցատկեց, ցատկելիս, երևի, ոտքը ցավեցրեց՝ կռացավ, դեմքը ծռմռելով տրորեց ոտքն ու բղավեց կոկորդով մեկ.- Փը՛-չա՛-ցա՛-ծը՛…
Կանայք, երևի, շատ էին վրդովված, երևի շատ էին սպասում այս առիթին՝ այլապես բոլորը միասին վրա չէին տա: Իրար չէին լսում, բղավում էին և քայլ-քայլ մոտենում Մարիամին ու մորը։ Մայրը վախից դողացող աղջկա ձեռքից քաշելով ետ-ետ գնաց, կպավ պատին, մնաց անօգնական, անշարժ: Բակը մեծ չէր: Բակի ձայները տների մեջ էին, տանն ասած բարձր խոսքը՝ բակում էր, և հիմա այս աղմուկ-աղաղակին, ո՞վ կմնար տանը: Մեծ, փոքր՝ բոլորը դուրս թափվեցին։ Կանայք ճիչ-ծղրտոցով կամաց-կամաց սեղմում էին շրջանը։
– Որբերիս բերանից հացը կտրում է…
– Իրեն խելառի տեղ է դրել՝ մեր հացն է ուտում…
– Արյուն-քրտինքով եմ աշխատում էդ հացը,- կոկորդը պատռելով բղավում էր Աղունը,- անքուն գիշերներով եմ աշխատում:
Աղունը ձգվեց, որ բռնի Մարիամի մազերից՝ մայրը չթողեց, առաջ ընկավ, ձեռքերը տարածելով խաչվեց աղջկան:
– Աղջկաս թողե՛ք…
Ու հանկարծ տղամարդու ոռնոց լսվեց և մի վայրկյան հետո օդում պարպվեց հրացանը։
Երբ սարսափահար կանայք ուշքի եկան՝ տեսան քիչ հեռու առանձնացած-կանգնած Թորոսի հորը: Նրա ձեռքի որսորդական երկփող հրացանից դեռ ծուխ էր ելնում ու ծուխը ոլորվում էր Աղունի լուսամուտից բակ ընկած լույսի շերտի մեջ։ Փշաքաղված, զայրույթից ծալվող ծնկներով Բաբկենը հրացանը գետնով քարշ տվեց, առաջ եկավ։ Կանայք ծղրտոցով ետ փախան ու նորից սսկվեցին։ Բաբկենը դանդաղ մոտեցավ, ձեռքը դրեց Մարիամի ուսին ու հևալով ասաց.
– Սրա մազին կպնողին կսպանեմ…- կրճտացրեց ատամները, արճիճե հայացքը պտտեց կանանց վրա։- Կսպանեմ… Անտեր աղջիկ եք տեսե՞լ…
Նրա կուրծքն անհանգիստ փքվում էր, և լսվում էր ինչպես է թոքերից պարպվում օդը։
– Բաբկեն,- մոտ եկավ ձեռքից, ոտքից ընկած Սահակը,- կնանիք են։
– Սպասիր։ Ձեր լակոտներին կասեք՝ Մարիամին մոտ են եկել, արյուն կթափեմ…
– Ձեզ խիղճ չունե՞ք,- դեմքն ափերի մեջ առնելով մղկտաց Մարիամի մայրը,- խիղճ չունե՞ք…
Ոչ ոք չպատասխանեց։ Կանայք մռայլ, չար հայացքով նայում էին Մարիամին ու լռում։

***
Բակի տասնյոթ տարեկաններից զորակոչման ծանուցագիրը առաջինը Աղունի տղա Մայիսին եկավ։ Դպրոցից կտրված այդ անբան ղումարբազը, որ քանի-քանիսին էր խաղամոլության ախտով վարակել, տարել՝ գողության և թաղի համար չարիք էր, անեծք ու պատիժ, վարսավիրի մոտից մազերը խուզած, մտամոլոր եկավ, բակ մտավ, և բոլորը հասկացան, որ ընդամենը երեխա է եղել այդ «Մայիս չեղածը»։ Կանայք նրան ասված անեծքները մոռացան, նրա լաչառ մորը մոռացան, արտասուքը խաղացրին աչքերում։
– Մի նրան նայեք,- ձեռքը որդու կողմը պարզելով կանչեց Աղունը,- խուզած գառը ձեզ օրինակ…
Մայիսը ճակատի տակից խեթ-խեթ նայեց մորը, ոչինչ չասաց, գնաց, նստեց կոշկակար Ոսկանի պատշգամբի սյան մոտ։ Թաղի երեխաները անձայն շարվեցին Մայիսի կողքին ու կարծես նրանց էլ էր ծանուցագիր եկել՝ գլուխները կախ լռում էին, երբեմն գաղտնի, աչքի պոչով նայում Մայիսին ու նորից
լռում։ Ամռան կեսօր էր։ Երկնքում քամին ամպերն էր տեղափոխ անում, մեկ գորշացնում, մեկ արևոտում բակը, և աղբակույտի մեջ քուջուջ անող Սոփոյի մատաղ խոստացված, կախ կատարով աքաղաղը մեկ խամրում, գունաթափ էր լինում, մեկ պայծառանում, դառնում էր ոսկեդեղին։ Քիչ հեռվում՝ խլացնելով մարած Գետառին, գվվոցով ցորեն էր կլանում ալրաղացը: Բակի կենտրոնում Սիրարփին ցեխով ծեփված պղնձի մեջ պտտում էր թիակը, լվացքը եռացնում։
Օջախի ծուխը, երևի, անհանգստացրեց Աղունին՝ նա ափով պատնեշեց աչքերն ու կանչեց.
– Սրտիս ծուխն ինձ հերիք չի, հիմա էլ քո ծո՞ւխը… Հեչ մեկդ մտածո՞ւմ է՝ առանց հոր եմ մեծացրել…
– Մենակ դու չես,- փնթփնթաց Սիրարփին։
– Մի մրթմրթա: Որ եկա՝ լվացքդ գլխիդ շուռ կտամ,- կանչեց Աղունն ու դարձավ մյուսներին,- մի ճար լիներ՝ նրա տեղն ինձ կռիվ տանեին… Ախր, նա ի՞նչ բանակի բան է…
– Հա, դու մի պոլկ մի անգամից կքշեիր՝ ետևիցդ հասնող չէր լինի,- ասաց Սիրարփին։ Կանայք հռհռացին։
– Գիտեմ ինչ կասեի, բայց քո հավեսը չունեմ, ստերջ կով,- ատամները կրճտացրեց Աղունը։
Նրանց ձայներին՝ Մարիամը կախվեց լուսամուտից.
– Մայիս, բանակ ես գնո՞ւմ…
– Հա, խև-խելագար,- ասաց Աղունը,- հիմա տեսնեմ ո՞ւմ հացն ես ուտելու…
– Ձենդ կտրիր,- մոր վրա բղավեց Մայիսը։
– Մայիս, որ Թորոսին տեսնես, ասա՝ Մարիամը ասում է՝ ո՞նց ես…
– Հա,- տղայի խոսքերին ուշադրություն չդարձրեց Աղունը,- կտեսնի…- նա ուզեց էլի բան ասել, բայց Մայիսը չթողեց, ոտքի ելավ, ձեռքը պարզելով բղավեց.
– Չասացի՞ ձայնդ կտրիր…- նա զայրացած ոլորեց սև աչքերն ու խոժոռ դեմքով հեռացավ բակից:
– Ո՞ւր ես գնում,- Մայիսի ետևից ձայն տվեց մայրը,- գոնե էսօր տանը նստեիր։ անխիղճ… Մեկ էլ ե՞րբ ենք քեզ տեսնելու…
Այդ երեկո երեք շունչ անհայտացան բակից՝ Մարիամը, Մայիսը ու մեկ էլ Սոփոյի մատաղ խոստացված աքաղաղը։ Այդ երեկո ալրաղացի պահակը Գետառի ափին, բարդիների մոտ, խարույկի թրթռոց տեսավ, քիչ առաջ գնաց, տեսավ խուզված մազերով մի տղա, հերարձակ մի աղջիկ պպզած նայում են խարույկի վրայի գոլորշի արձակով ամանին։
Կայծակը պատռեց երկնքի խավարը, լուսավորվեցին ու կորան ալրաղացի վրայի զենիթային թնդանոթը՝ հսկող զինվորով, բարդիների ճոճվող կատարները, քիչ հեռվում միայնակ կանգնած բեռնատար վագոնը:
– Մի վախենա,- շշնջաց Մայիսը, ձեռքը կամաց պարզեց, դրեց Մարիամի ուսին։-Մրսո՞ւմ ես…- նրա ձայնը դողաց։- Հիմա հավ կուտենք…- Եվ որովհետև Մարիամը ուսը ետ չէր քաշում՝ Մայիսը մղվեց, սեղմվեց նրան ու ձայնն ավելի դողաց:- Վաղը բանակ եմ գնում…
– Թորոսը,- ասաց Մարիամը։
Ամպերը գոռգոռացին, քամին բարձրացրեց, ցրիվ տվեց օջախի մոտ թափված փետուրները։
– Մարիամ… Ախր, առավոտը բանակ եմ գնում…- դողաց, թրթռաց Մայիսի ձայնը։
– Կարող է մեռնե՞ս…
– Կարող է…
– Սեդրակի նմա՞ն…
– Հա…
– Մեղք ես…- Մարիամը շոյեց Մայիսի խուզած գլուխը…
Այդ երեկո բակում երկար լսվեց աքաղաղը գողացողին ուղղված Սոփոյի անեծքը։
Ավելի ուշ, Ոսկանի պատշգամբի տակ, մթան մեջ փայլող աչքերով Մայիսը բակի տղաներին հայտնեց իր տղամարդ դառնալու լուրը։
– Ո՞նց տարար…
– Եսի՞մ… Ասի՝ արի, հավ կուտենք՝ եկավ։
– Բարդիների տա՞կ…
– Բարդիների։
– Բա ո՞նց եկավ…
– Ասի՝ առավոտը բանակ եմ գնում։
Առավոտյան Մայիսը լուրջ ու մտախոհ բանակ գնաց: Մայրն այդպես էլ չհասկացավ՝ ո՞ւմ էր փնտրում տղայի՝ բակում պտտվող մռայլ հայացքը։ Հետո իրար ետևից ծանուցագրեր եկան Վարդանին, Ռոլանդին, Գրիշին, Ալեքին, հարևան բակերից՝ Սերգեյին, Գևորգին, Զավենին ու մթան մեջ, Ոսկանի պատշգամբի տակ, մեկ-մեկ փայլեցին նրանց աչքերը: Ամեն անգամ պատմողին ուղղված հարցը մեկն էր.
– Բա ո՞նց եկավ…
Եվ նույն պատասխանը.
– Ասի՝ առավոտյան բանակ եմ գնում…
Այդպես էլ հայտնի չեղավ՝ նրանցից ո՞վ էր ճշմարիտն ասում և ո՞վ իր հնարած սուտը:

***
Նոյեմբեր ամսին թաղը հասկացավ, որ Մարիամը հղի է: Փորն առաջ ցցած, դիք-դիք պտտվում էր թաղում, երբեմն անում էր իր մանկական կատակները, բայց ավելի շատ՝ ցավն աչքերի մեջ՝ բացահայտ տանջվում: Նա ծանր էր տանում հղիությունը:
– Քոռանա դժբածտացնողի աչքը,- անիծեց Աղավնի մայրիկը:- Նրա բանակ գնալը լինի, գալը չլինի…
– Մի ասա: Հասկացողը էդ բանը չէր անի:
– Հասկացողը՝ հասկացող սատկի, չհասկացողը՝ չհասկացող,- չզիջեց Աղավնի մայրիկը։
– Ասում են՝ հարցրել են ումի՞ց է, ասել է՝ Թորոսից…
– Հը՛,- փռթկացրեց Սիրարփին,- Թորոսից։ Թորոսը, է՜, երբ է բանակ գնացել: Ձեր լակոտների գործն է։
Լռություն տիրեց։ Աստիճանների տակ վնգստաց փալասի մեջ կծկված քոթոթը։
– Իմը էդ բանը չէր անի,- վերջապես լռությունը խախտեց Սաթիկը:- Ինչ ասեք նրանից կհավատամ, բայց էդ բանը՝ չէ։- Ասաց ու նայեց Աղունի կողմը։
– Ինչի՞ ես ինձ նայում…
– Եսի՞մ…- քթի տակ ժպտաց Սաթիկը։- Նայելու իրավունք չունե՞մ։
– Ես քո մտքինը հասկանում եմ,- Աղունը ծուլորեն հորանջեց,- բայց քո իմացածը տանձն է…
Ցուրտ իրիկնամուտ էր։ Կանայք կծկվել, ձեռքերը կրծքին խաչած կանգնել էին շքամուտքի մոտ և զգացվում էր, որ ոչ ոք վիճելու տրամադրություն չունի։
– Քոռանա մոր աչքերը,- ասաց Սիրարփին,- խելառ աղջիկըը քիչ էր, հիմա էլ երեխա՞ն… ո՞նց է պահելու…
– Սիրտդ ցավո՞ւմ է, վերցրու պահիր,- ասաց Ռոլանդի մայրը՝ Շարմաղը:- Մենակ պուպու ես, չորս պատի մեջ։
– Էդ խելքին քանի՞ քույր եք,- ասաց Սիրարփին,- ձեր թոռն է՝ դուք պահեք…
Դարձյալ լռություն տիրեց ։ Ոչ ոք չուզեց «թոռ» բառին տեր կանգնել ու կանայք առանց խոսք ասելու ցրվեցին իրենց տները:

***
Քառասուներեք թվի ապրիլին Մարիամը ծննդաբերեց։ Տղա ծնեց, անվանեց Թորոս ու երկրորդ օրը արյան վարակումից մահացավ։ Շուշիկը աղջկա դիակը տուն չբերեց։ Տպարանի նրա գործընկերները, որսորդ Բաբկենը, Սիրարփին և էլի մի քանի հարևաններ հավաքվեցին հիվանդանոցի բակում, աննվագ, անձայն քայլեցին չներկված դագաղի ետևից, աճյունը հանձնեցին հողին, ետ դարձան։ Մթնում էր։ Փոքրիկ սենյակում թրթռաց մոմի լույսը։ Լուսաքողարկման ծածկոց չկախեցին, պառկեցրին Շուշիկին ու անձայն շարվեցին կողքին։ Բակը նույնպես լուռ էր։ Երեխաները ամեն օրվա պես խաղեր չսարքեցին. կոշկակար Ոսկանի պատշգամբի մոտ խմբված, նրանք նայում էին երկրորդ հարկի լուսամուտին, երբեմն իրար հետ շշուկով խոսք փոխանակում ու նորից լռում։ Քամին խշխշացրեց բարդու սաղարթը, փոքրիկ սենյակում մարմրեց բաժակի մեջ խրված մոմի լույսը։ Սիրարփին ելավ, ոտքերի ծայրերի վրա դուրս գնաց, քիչ անց փոքրիկ մի աման ձեռքին ետ եկավ, ամանը դրեց սեղանին ու կիսաձայն ասաց.
– Ճաշ տաքացրեցի։ Մի բան ուտեր…
– Շուշիկ քույրիկ,- կոկորդը մաքրելով ասաց որսորդ Բաբկենը,- էդպես չի լինի…
Շուշիկն անշարժ հայացքը առաստաղին՝ լռում էր:
– Ամբողջ օրը ծպտուն չի հանել,- ասաց գործընկերներից մեկը,- գոնե լաց լիներ՝ սիրտը կթեթևանար։
– Շուշիկ քույրիկ,- ձեռքը ցնցեց որսորդ Բաբկենը,- քեզ չես խնայում՝ թոռանդ խնայիր։ Քեզ մի բան պատահեց՝ նրան ո՞վ է նայելու…
– Թոռան մասին չխոսենք,- ասաց Շուշիկի գործընկերներից մյուսը՝ քառասունին մոտ, կարմիր շրթներկ քսած, խուճուճացրած մազերով մի կին։- Նրա էս հալին, էս տարում մենակ ծծկերն էր պակաս…
Բաբկենը խոժոռադեմ նայեց կնոջն ու սկսվեց:
– Մի բան ուտեր,- նորից փնթփնթաց Սիրարփին, բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց։
Շուշիկի գործընկերները, երևի, իրենց մեջ որոշել էին երեխայի հարցը և հիմա պահը հարմար էր, չէին ուզում բաց թողնել.
– Վարսիկը ճիշտ է ասում,- հոգոց հանելով ասաց ու աչքի պոչով Շուշիկին նայեց գործընկերներից մի ուրիշը,- հիմա երեխա պահելը հե՞շտ է… Ի՞նչ պիտի կերցնի, որտեղից պիտի ճարի… Դեռ լվալ-մաքրելը, անքուն գիշերներ անցկացնելը… Չէ՜,- ճերմակած գլուխը օրորեց նա,- խելքի մոտ բան չի…
– Հը՛,- աշխուժացավ շրթներկով կինը,- քանիսի՞ն գիտեմ… ծնել են, իրենք էլ ողջ-առողջ, երեխին տվել են մանկատուն։ Կարծում եք նրանց սիրտը չի՞ ցավացել… Տարին է էդպես, ի՞նչ անես…
Որսորդ Բաբկենը ծխախոտ փաթաթեց, ելավ մոմի կրակից վառեց ծխախոտը, նստեց ու փնչացնելով սկսեց ծխել։ Երկու ոտքից կաղ, ճաղատ տղամարդը, որ ամեն մեկի խոսքին թափահարում էր գլուխը, նայեց Բաբկենի ծխախոտին, նայեց, վերջը չդիմացավ.
– Ինձ էլ չե՞ս տա, եղբայր…
– Չենք ասում, որ լրիվ հրաժարվի,- քիչ խորհելուց հետո շարունակեց ճերմակ մազերով կինը:- Թող տա մանկատուն, երեխան քիչ կմեծանա, Աստված ողորմած է՝ էն սև օձի գլուխն էլ կջնջխեն, կյանքը կկարգավորվի, կուզենա՝ ետ կվերցնի, չի ուզենա՝ երեխան իր բախտը կգտնի…
– Հրես՝ ես,- նրա խոսքը կտրեց շրթներկով կինը,- ինքը լավ գիտի, ծնողներիս գաղթի ճամփեն կորցրեցի՝ որբանոցում մեծացա: Մարդ չդարձա՞…
Շուշիկն անշարժ, լուռ էր։ Կարծես խոսքերը նրան չէին ուղղված, կարծես ոչինչ չէր լսում և եթե չթարթեր աչքերը՝ գուցե մտածեին, թե բաց աչքերով քնել է:
– Մեկը լինի՝ նրան նայի,- Շուշիկի գլուխը շոյեց ճերմակ մազերով կինը,- կաշին է մնացել ու ոսկորը։
– Հա,- ասաց Սիրարփին,- հա՛… Երկու օր է բերանը փշուր չի դրել։ Մի բան ուտեր…
– Էսքան մարդու մեջ ուտել կլինի՞,- խոսեց կաղ գործընկերը, որ մեծ մասամբ լռում էր։- Կգնանք՝ կուտի։ Հիմա ամենակարևորը երեխայի հարցն է, էսօր-վաղը պիտի լուծվի։
– Ի՞նչ լուծվի,- ասաց շրթներկով կինը,- լուծված, պրծած է։ Ուրիշ ճար չկա, պիտի տա մանկատուն ու՝ վերջ…
Լռություն տիրեց։ Լսվեց, թե ինչպես է փնչացնելով շնչում որսորդ Բաբկենը։ Քամուց նորից թրթռաց մոմի լույսը, թվաց՝ հիմա կմարի։ Պատի վրա իրար զարնվեցին ստվերները, հետո բացը նորից շտկվեց ու լսվեց մոմի ճտճտոցը։
– Դուք էդ բանը կանեի՞ք,- հանկարծ բղավեց Շուշիկը ու ափերով դեմքը ծածկելով՝ անզուսպ հեկեկաց։

***
Փոքրիկ Թորոսին բակը Թորոսիկ կոչեց։ Ժպիտն երեսին, խարտյաշ գանգուր մազերով, մարդամոտ երեխա էր։ Կանչող էր պետք, որ ձեռքերը թափահարելով իրեն գցեր կանչողի գիրկն ու հրճվանքից ճչար։ Բակում այդ տարիքին ուրիշ մեկը չկար, և բավական էր Թորոսիկը դուրս ելներ՝ ձեռքից ձեռք էին խլում, տանից տուն տանում ու չնայած սովին ու զրկանքին՝ հացի պատառիկ, մի քանի չամիչ ու փշատ կամ շաքարավազից տանը եփած շաքարի մի կտոր տալիս երեխայի ձեռքը։ Հասկանո՞ւմ էին արդյոք, որ արևն աչքերի մեջ այդ քաղցրալեզու մանչուկը մոռացված մի ջերմություն, մի շող է գցել բակը։ Կանայք հաստատ իրենց բանակ գնացած հարազատների կարոտի հետ մեկտեղ փոքրիկ երեխայի կարոտ էին քաշում. վիշտը, հոգսը, հոգնությունը մոռացած՝ գրկում, փաթաթվում էին, անզուսպ, լացացնելով սեղմում երեխային ու նրա աչքերում հայտնված արտասուքի կաթիլը ձգելով իրենց աչքերի մեջ՝ երեխայի պես ծղրտում, խնդում էին։ Նրանց համար Թորոսիկի ամեն արտասանած բառը պայթող բողբոջ էր, կարծես առաջին անգամն էին լսում ու իմաստավորում, և Թորոսիկի տատի արած պատմությունները թոռան մասին կանանց միշտ էլ զարմանահրաշ էին թվում։ Եվ միայն թաղի կանանցից տատ կասկածվողներն էին, որ հեռու էին մնում երեխայից։ Ինչ-որ տեղ իրենց մեղավո՞ր էին զգում, թե՞ Շուշիկն էր նրանց չտեսնելու դնում, չէր բարևում, հեռվից հեռու կասկածանքով նայում էին Թորոսիկին ու աշխատում նրա մասին չխոսել:

***
Գարնան արևոտ մի օր բակում ճիչ լսվեց։ Մայիսի մայր Աղունը աչքերը դուրս պրծած տանիք բակ նետվեց ու երեսը ճանկռտելով, մազերը փետելով ոռնաց։ Հարևանները, որ առաջին պահին հասան, շրջապատեցին նրան, երևի, հասկացան՝ կամաց-կամաց ետ քաշվեցին ու ծնոտները դողդողացնելով արտասվեցին։
– Ո՞ւմ անեծքն էր, Մայիս ջան, ո՞ւմ անեծքն էր…- եղունգները դեմքի մեջ խրելով ողբում էր մայրը:
– Զորությանդ մեռնեմ, Աստված…- մրմնջաց լուսամուտի մեջ կանգնած Աղավնի մայրիկը, չորացրեց աչքերն ու խաչակնքեց։
– Ախր, երկու շաբաթ առաջ նամակ ստացա։ Գրում էր՝ մամ ջան, քիչ մնաց…
Հեռվից բութ ձայնով հնչեց ալրաղացի ընդմիջման շչակը։ Ներկարար Հայրոն հենակները ճռճռացնելով մոտ եկավ, ցնցեց Աղունի ուսը.
– Տուն գնա, Աղուն, տուն գնա…
– Ո՞նց գնամ, սիրտս պատռվում է։ Հիմա քույրերը դպրոցից գալու են՝ ի՞նչ պատասխան պիտի տամ։ Ասեք՝ ի՞նչ պատասխան տամ…
– Պատասխան կա՞, որ տաս, քոռանան աչքերդ,- փնթփնթաց Հայրոն, անհույս թափահարեց ձեռքը ու դարձյալ հենակները ճռճռացնելով ետ գնաց, մեջքը դիմահարեց Ոսկանի պատշգամբի սյանն ու մախորկա փաթաթեց։ Հրդե՞հ էր, թե՞ սովորականի պես հրշեջ Ցոլակը սիրուհի Նվարդին իր անցումն էր ազդարարում՝ փողոցի կողմից հրշեջ մեքենայի սրտապատառ ճչոցը խլացրեց բոլոր ձայները, ու երբ ճիչը մարմրեց կայարանի հեռուներում, բակի լռության մեջ լսվեց Աղունի հանդարտ մղկտոցը.
– Գրում էր՝ մամ ջան, խելոքացել եմ, էլ էն Մայիսը չեմ…
Այդ օրը թաղում նորից երկու ճիչ լսվեց. իր որդի Ալեքի համար ողբաց փողոց ավլող Փիրուզը և մեկ էլ՝ դիմացի շենքից Ռոլանդի մայր Շարմաղը։
– Կռիվները գնալով թեժանում են,- երեկոյան մատը տնկելով նավթավառի մոտ կծկված որսորդ Բաբկենին ասաց ներկարար Հայրոն։- Էս փոքր տեղում, մի օրում՝ երեք սև թո՞ւղթ…

***
Որդիների կորուստը մոտեցրեց մայրերին։ Նախկինում նույնիսկ իրար չբարևող կանայք, հիմա մի-մի սև գլխաշոր կապած, հավաքվում էին մեկնումեկի դռանը և որը իլիկ պտտելով, որը կարկատան անելով կամ մի այլ գործ ձեռքին, զրույց էին անում։ Նրանք միշտ լուրջ էին ու մռայլ, և թե եղած ու չեղած բաներ էին պատմում իրենք տղաներից՝ ախուվախով էին պատմում և այդ պատճառով էլ թաղը մի անուն էր տվել նրանց բոլորին. «Բայղուշների խումբ»։
«Բայղուշների խումբը» իրարից թաքուն պահած մի ընդհանուր գաղտնիք ուներ. բավական է Թորոսիկը երևար՝ խոսքը կիսատ էին թողնում, ամեն մեկն աշխատում էր նրա մեջ նմանություն գտնել իր տղայի հետ։ Եվ գտնում էին։ Առաջինը Ռոլանղի մայր Շարմաղը չդիմացավ.
– Կնանիք, էն թուլեն Ռnլանդիս նման է,- ասաց, նայեց քիչ հեռու, բարդու տակ պպզած Թորոսիկին և ժպիտն ու արցունքը խաղացրեց աչքերում։
Ամռան խաղաղ իրիկնամուտ էր, Շարմաղի փոքրը՝ «ղուշբազ» Երջոն, աղավնիներին բաց էր թողել, տան տանիքին այս ու այն կողմ էր վազում, սուլելով թափահարում ձեռքերը, չէր թողնում վար իջնեն։ Ուրիշ ժամանակ մայրը կզայրանար, կանիծեր, բայց հիմա ոչ ոք նրան ուշադրություն չդարձրեց։
– Ռոլանդի՞,- մտածկոտ ասաց Աղունը, քիչ լռեց և առանց աչքը Թորոսիկից կտրելու ասաց։- Չէ՜… Քանի ժամանակ է, մտածում էի՝ չէի ասում, Մայիսս է՝ էնտեղ դրած…
– Մայի՞սդ… Մայիսը ո՞ւր, նա ուր… Մայիսդ, է՜, ինչքան ժամանակ է բանակում էր, որ նա ծնվեց…
– Ոնց թե,- չարացավ Աղունը,- Մայիսիս օգոստոսին չտարա՞ն… Դե հաշվիր…
Հաշվեցին, տեսան, որ Թորոսիկը կարող էր նաև Մայիսից լինել։
– Բա ես ի՞նչ եմ ասում,- հաղթական ասաց Աղունը, ձեռքի թել-ասեղն ու շորը կողմ դրեց, գնաց պպզեց փոքրիկի առջև ու կսմթեց այտը.
– Կուճու-կուճու-կուճու…
Երեխան լաց եղավ։
– Ինչի՞ ես լացացնում,- լուրջ-լուրջ վրա տվեց Շարմաղը։- Դու նրա հետ գործ չունես։
Փողոցի կողմից աղմուկ, հայհոյանք լսվեց: Լակոտները նորից սրիչով պատռեցին կայարանից շուկա գնացող համբալի մեջքի վաղահաս խնձորներով լեցուն պարկը, չորս կողմից վրա տվեցին ու փախցրեցին ասֆալտի վրա գլորվող խնձորները:
– Որ ճիշտն ասեմ՝ ոչ դու նրա հետ գործ ունես, ոչ էլ նա,- կարմրած աչքերը ճպճպացնելով ասաց հարևան բակում ապրող Լուսոն։ Նա մի պահ նայեց խնձորները կրծքերին սեղմած, բակը սրընթաց կտրող տղաների ետևից ու շարունակեց։- Բանակ գնալուց առաջ Բագրատս էր Մարիամի հետ մոտիկ-մոտիկ անում։
– Արփիկի լակոտները չէի՞ն,- վազողների մասին հարցրեց Շարմաղը, բայց ոչ-ոք նրան չպատասխանեց։
– Փի՜։- Պպզած տեղից կանչեց Աղունը,- Բագրատդ… էն ճլորա՞ծը…
– Ճլորածը քոնն էր,- կռվի պատրաստ՝ Լուսոն ելավ, կանգնեց։- Դուք նրան էնպես չիմանայիք, դարմանի տակի ջուր էր…
– Չի իմացվի,- վիզը ծռելով ասաց Համլետի մայր Ռեբեկան։- Կարող է՝ Համլետիցս է, ի՞նչ իմանաս…
– Դու էլ խոսող դառար,- անսպասելի վրա տվեց Շարմաղը։- Դու որտեղի՞ց անպոչ գդալի պես մեջ ընկար։ Էս կողքի թաղերից որ խոսում են՝ տրաքելս գալիս է…
Մեխգործարանի հաշվետար Լևոնը կաղալով մոտեցավ իր գիշեր-ցերեկ վարագուրված լուսամուտին, վարագույրի ետևից մի պահ ականջ դրեց կանանց խոսակցությանը, ետ գնաց սրացրեց մատիտի ծայրը, լամպը մոտ քաշեց ու շարունակեց կեղծել ապրանքային կտրոնի համարը։ Նա նավթավաճառների հետ գործարքի մեջ էր մտել ու նավթի կեղծ կտրոններ էր նրանց կես գնով վաճառում։
– Ինչի՞, ձայնազո՞ւրկ եմ, – նեղացավ Ռեբեկան,- թե՞ կողքի թաղի տղերքը տղամարդ չէին…
Քիչ անց լուրը պտտվեց բակում. «Բայղուշները Թորոսիկի համար իրար միս կրծեցին…»։

* * *
Տատը թոռնիկին լողացրել, պառկեցրել էր, տան գործերը վերջացրել և հիմա շորերով անկողնում կուչ եկած սպասում էր դրսից եկող խոսակցության լռելուն, որպեսզի թաքուն տանի, բակը թափի կեղտաջուրը, երբ դուռը թակեցին։ Աշնան ուշ երեկո էր։ Քամին ճտճտացնում էր լուսամուտից երևացող բարդու տերևները, և բարդու ստվերը մեկ հայտնվում, խաղում էր սենյակի պատին ու մեկ անհետանում։
Շուշիկը զարմանքով թարթեց աչքերը, ելավ, բարձրացրեց լամպի բոցը.
– Ով է…
– Ես եմ, Շուշիկ քույրիկ…
Չէ, Շուշիկը ձայնը չճանաչեց։ Նա մի պահ կարկամեց, հետո մոտեցավ, զգուշությամբ բացեց դուռը։ Աղունը, փոքրիկ մի փաթեթ ձեռքին, դռան մեջ կանգնած տխուր ժպտում էր։
– Բարի իրիկուն…
Շուշիկը չպատասխանեց։ Գնաց, վերցրեց սենյակի մեջտեղում ցցված կեղտաջրի դույլը, տարավ, տեղավորեց դռան անկյունում։ Հարևանուհին դանդաղ առաջ եկավ, ձեռքի փաթեթը դրեց սեղանի պռնկին ու մնաց կանգնած։
– Ինչի՞ ես եկել…
– Ես ջուրը կթափեմ,- շշնջաց Աղունը։
Շուշիկը թշնամանքով ոտքից գլուխ չափեց նրան, դույլը վերցրեց դուրս գնաց։ Աղունը պտտեց հայացքը։ Չնայած լսել էր ու տեսել, որ Շուշիկը մեկ-մեկ ծախում է տան իրերը, բայց այսպիսի դատարկություն, չէ՜, չէր սպասում, երկու մահճակալ, սեղան, երկու աթոռ ու նավթավառը՝ վրան պղինձ։ Նա քիչ կռացավ ու մահճակալներից մեկի տակ ֆաներայից ճամպրուկ տեսավ, մյուսի տակ՝ լողանալու տաշտ։
Բակից լսվեց թափվող ջրի շփշփոցը։
Երբ Շուշիկը տուն մտավ՝ Աղունը կանգնել էր Թորոսիկի գլխավերևում ու կամաց ճոճվելով անձայն արտասվում էր։ Տատը դույլը շրխկացնելով դրեց հատակին, չարությամբ նայեց նրան.
– Ի՞նչ ես ուզում…
Աղունն սթափվեց.
– Չգիտեմ ոնց սկսեմ։
– Սերտեիր՝ նոր գայիր…
– Մայիսս…- ծնոտը դողդողացրեց Աղունը, թաշկինակը տարավ աչքերին։
– Մայիսդ ի՞նչ…
Աղունը չպատասխանեց։ Հեկեկաց, ձեռքը պարզեց քնած երեխայի կողմը:
Գիշերվա լռության մեջ լսվեց Աղունի անընդհատ կտրտվող շնչառությունը։ Սեղանին միալար գվվոցով վառվում էր լամպը։
– Մի տարի է՝ աչքս երեխիցդ չի կտրվում,- վերջապես շունչը տեղը բերելով ասաց Աղունը։
– Կարճ կապիր։
Աղունը կռացավ, և չհասկացվեց՝ ցանկանում էր համբուրե՞լ երեխային, թե՞ ավելի լավ նայել.
– Կուկլա ջան…
– Չհամարձակվես,- թշշաց Շուշիկը և հարևանուհին ուղղվեց, անշարժացավ։- Ւմ ցավն ինձ հերիք չի, հիմա էլ դո՞ւք…- անսպասելի բղավեց Շուշիկը։- Քանի հղի էր, քանի սա կաթնակեր էր՝ բոլորդ ետ էիք քաշվել։ Հիմա ուզում եք երեխին տեր դառնա՞լ…
Տատի բղավոցից Թորոսիկն արթնացավ, բարձրացավ, կծկվեց անկողնում։ Նա լացի պատրաստ, վախվորած հայացքով մեկ տատին էր նայում, մեկ՝ Աղունին։ Թիթեռն ուժգին խփվեց լամպին, վայր ընկավ ու ապակու վրա թողեց ոսկեդեղին փոշին։
– Մեղավոր եմ,- ասաց Աղունը։- Հանգիստ խոսենք՝ իրար հասկանանք…
– Ի՞նչ հասկանանք,- նորից բղավեց Շուշիկը։- Մայիսդ սպանվեց դրա համար եկա՞ր… Սրանց նայեք՝ էս էլ երրորդ բայղուշն է գալիս…
– Էլ ո՞վ է եկել,- զայրացավ, կարմրեց Աղունը։- Մյուսների ի՞նչ գործն է…
Շուշիկը չպատասխանեց։ Ծնոտը բռնած ետ-առաջ քայլեց սենյակում, մոտեցավ, հարևանուհուն կողմ հրեց, ուղղեց թոռան վերմակն ու ցածրաձայն ասաց.
– Ոչ մեկիդ էլ գործը չէ։ Ջհաննամվի էստեղից ու բոլորին ասա՝ մեկ էլ մեկնումեկդ շեմքս կոխել է՝ ոտը կջարդեմ։

***
Մեծ հաղթանակի հրթիռների ցոլքը կամաց-կամաց մարում էր երեխաների հիշողության մեջ, ուրախությունն ու վիշտը աստիճանաբար ետ էին քաշվում, տեղը զիջում առօրյա հոգսերին, ով կռվից գալու էր՝ եկել էր, ով չէր վերադարձել՝ օրերի հետ հիշողություն ու հուշ էր դառնում։
Եվ հիմա բակը նորից ապրում էր սովորական կյանքով։ Արևամուտին, սովորականի պես, Պետրոսը շքամուտքից դուրս ելավ, գլխով բարևեց հարևաններին ու տանը սարքած գլանակները թերթի մեջ փաթաթած՝ քայլեց դեպի կայարանամերձ հրապարակը՝ առևտուրի։ Շարմաղն ու Սոփոն իրար հետ վիճեցին. երկուսով էլ ցանկանում էին լվացքը փռել բակի երկայնքով ձգված նույն մետաղալարի վրա։ Կոշկակար Ոսկանը բլուզի դատարկ թևքի կողմը շարված մեդալները շխկշխկացնելով փորձեց միակ ձեռքով ձգվել երեխաների սարքած պտտաձողի վրա, ճիգ արեց, թափ տվեց ոտքերը՝ բան դուրս չեկավ, վար ցատկեց, կամաց ճլտացրեց կողքից քրքջացող տղայի վզին.
– Ի՞նչ ես բերանդ բացել, հռհռում…
Օրը կամաց-կամաց մթնում էր: Երևի սարերում անձրևել էր՝ գալիս, բակ էր հասնում Գետառի խշշոցը: Քիչ կողմ քաշված՝ որսորդ Բաբկենն ու ներկարար Հայրոն իրար ձեռ առնելով նարդի էին խաղում։ Բակի կենտրոնում երեխաները քամու բերանն էին տվել օդապարիկներն ու կոճի թելը դանդաղ քանդելով, ճիչ-աղաղակով ամեն մեկը փորձում էր իր օդապարիկը մյուսներից ավելի վեր բարձրացնել։ Շքամուտքի մոտ Շողիկի աղջիկը միապաղաղ հնչեցնում էր հոր բերած ռազմավար ֆլեյտան ու զայրացնում ականջը ռադիոընդունիչից ծորող մուղամին պահած պոլիսեցի Միհրանին: Կոշկակար Ոսկանը նորից էր ուզում կախվել պտտաձողից, երբ նկատեց զինվորական համազգեստով տղամարդուն ու կնոջը, որ անհամարձակ բակ էին մտնում և օտար-օտար պտտում հայացքները։ Նրանց ձեռքերին զինվորական ուսապարկեր կային։
– Ո՞վ կլինեն,- մտմտաց Ոսկանն ու մինչև կորոշեր՝ լսվեց Շարմաղի բղավոցը։
– Տո, Թորոսն է, Թորո՜սը…
Որսորդ Բաբկենը ուշ գլխի ընկավ։ Տղային արդեն շրջապատել էին, արդեն գրկում, համբուրում էին, արդեն Լևոնի տղան հասցրել էր վազել դեպի մթերային խանութը՝ Թորոսի մորը աչքալույս տանելու, երբ Բաբկենը հասկացավ։ Նա նարդին հրեց այնպես, որ ընկավ, թափվեցին քարերը ու ոռնալով տղայի կողմ վազեց: Չէ, քիչ կողմ քաշված զինվորական համազգեստով կնոջը ուշադրություն դարձնող չկար։ Բակն իրար էր անցել։ Ձայն էին տալիս, պատուհաններից կախվում, տներից դուրս վազում, և Թորոսը գրկից գիրկ էր անցնում։ Երբ ողջագուրման առաջին բռնկումը քիչ թե շատ խաղաղվեց, Բաբկենը նորից զննեց տղային.
– Ո՞ւր մնացիր, այ բալա։ Աչքներս ջուր դարձավ…
Թորոսը չպատասխանեց. հայացքը պտտեց, շրջապատողների միջից գտավ կնոջն ու ասաց.
– Կինս է։
Հայրը նայեց զինվորական գլխարկի տակ շեկ մազերը հավաքած կնոջն ու թևերը տարածեց.
– Քեզ էլ մատաղ, քո կնոջն էլ,- նա գնաց, ճլպոցով համբուրեց հարսի այտերը։
Կինը, երևի, քաշվում էր՝ հայացքը գետնին կարմրել էր։
– Էս ի՜նչ օր է, Աստված,- հարսին թողնելով կանչեց Բաբկենը,- միանգամից երկու լույս են մտնում տունս…
– Մայիսս սպանվեց,- բռնեց, Թորոսի թևքը ցնցեց Աղունը:- Ւմացա՞ր…
– Թորոսը հետը կին է բերել,- հայտնեցին մեկ-մեկու։
– Ի՞նչ ազգ է…
– Եսի՞մ… Կարող է՝ ռուս է, կարող է ֆրանսիացի է, կամ էլ չեխական է՝ ինքն էն կողմերն էր…
– Տուն գնանք, հարևաններ, տուն գնանք,- կանչեց Բաբկենը։
Արդեն մութն էր։ էլեկտրալարերին խճճված օդապարիկը քամուց թրթռում էր ու պոչը խաղացնում Միհրանի պատշգամբից ընկնող լույսի շերտի մեջ։ Ավտովարորդ Սաքոն բեռնատարը հռնդոցով բակ մտցրեց, մի պահ խլացրեց բակի ձայները, քիչ թեքեց մեքենան, լույսերը գցեց Թորոսի շուրջը խմբված հարևանների վրա ու չհասկանալով ասաց. – Ի՞նչ հաշիվ է…
– Տուն գնանք,- նորից կանչեց Բաբկենը։
– Չէ,- գլուխն օրորեց Թորոսը։
– Ո՞նց թե՝ չէ:
Թորոսը բացեց ուսապարկը, օղու շիշ դուրս բերեց, ու ալյումինե կատելոկ.
– Երդվել եմ՝ պիտի բակում խմեմ։ Մաշաս նվագի պարեմ՝ նոր տուն մտնեմ:
Երբ Շուշիկը թոռան ձեռքը բռնած բակ մտավ՝ բակում կարգին քեֆ-ուրախության էր: Հարևանները, ով ինչ տանն ուներ, բերել, շարել էին շքամուտքի նստարանին, բաժակները ձեռքից ձեռք փոխանցելով խմում էին, Թորոսի կինը եռանդով ձգում էր մաշված կողերով հարմոնը ու մեջտեղում Թորոսը, Ոսկանը, Արշակը, Սաքոն անկարգ, հայավարի հոպակ էին պարում.
– Թորոսն է եկել,- բացատրեցին Շուշիկին:
Շուշիկը թոռնիկին թողած ճղեց շրջանը, ներս մտավ և Թորոսին գրկելով արտասուքն ու ուրախությունը խառնեց իրար.
– Թորոս ջան, բալա ջան,- ասում էր ու համբուրում։
Եվ այդ պահին հանկարծ բոլորը ցնցվեցին երեխայի ճիչից.
– Պապա ջա՜ն,- Թորոսիկը փաթաթվեց Թորոսի ոտքերին ու նորից մղկտալով կանչեց։- Պապա ջա՜ն… Պապաս եկել է…
Հարմոնը լռեց։ Բակում ձայները գնալով մարեցին։ Եկավ, հասավ Գետառի խշշոցը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *