Իմ վարձակալած հարկի էժանության գաղտնիքը հասկացա միայն ութ ամիս անց, երբ վարժվել էի նրա մենավոր լռությանը: Միայն ութ ամիս անց հասկացա, թե ինչի էին ծառայում բազկաթոռների շարքը, երկու մետրանոց սառնարանն…ու որ հյուրասենյակի ռոյալն ու թավջութակը տունը զարդարող առարկաներ չէին:
Թավջութակի հնչյունները դադարեցին ինձ սրտառուչ թվալ: Նրանք թափանցում էին միջանցքների, աստիճանների, փակ դռների միջով: Դռան մետաղե բռնակից մինչև բարձի բմբուլները ողջ գիշեր թրթռում էին նրանց ռիթմով: Գրեթե մինչև իմ զարթուցիչի ծվծվալը: Ահա էժանության գաղտնիքը: Եթե ռեպերտուարս տրամադրությանս տակ դներ Առանց Սահմանի Բժիշկների միսիայից վերադարձած հպարտ տանտիրոջ՝ Պիեռ Աքիերի ու իր հրոսակախմբի կատարումների մակարդակին համապատասխան մի հատված, չգիտեմ՝ կհամարձակվեի բացել ռոյալի կափարիչn ու անքնության միքանիօրյա ատելությամբ քնքշորեն նվագել տան վրա նոր-նոր իջած լռություն մեջ:
Նրանց աղմկալի վերադարձից հետո ո’չ ես, ո’չ իմ միակ հարևան՝ Ժանն ու Ժանինը, էլ չէինք իջնում ապակեպատ ճաշասենյակ, բավարարվում էինք մեր փոքրիկ խոհանոցներով: Բայց այդ առավոտ անքնությունից առաջացող գլխացավից ցրված՝ նախկին խաղաղ ամիսների սովորությամբ իջա սուրճ պատրաստելու:
Սուրճը պատրաստ էր, նրա բույրը խառնվել էր թարմ քրուասանների ու վառվող փայտի ծխահոտին: Ինչ-որ մեկը կրակ էր արել․․․ բուխարին նույնպես տունը զարդարող մանրամասն չէր: Սեղանի մյուս մասը ծանրաբեռնված էր երեկվա քեֆի մնացորդներով: Մի քիչ նայեցի մարմարե սեղանի վարդագույն երակների վրա արտացոլվող բոցերի խաղին ու ուզում էի բարձրանալ իմ հարկաբաժինը, երբ մի ձեռք թակեց միայն ապակուց ու գերաններից կազմված պատը: Բժիշկ Աքիերն էր, երեկվա հագուստներով:
– Ձեր մեքենան սառցակալել է, ինչո՞ւ չեք գարաժում կանգնեցնում,- ձեռքի քերիչը դրեց սեղանին,- հարևանները կդիմանան ձեր հրաշք ֆերրարիով չսքանչանալու զրկանքին,- ու անցավ հյուրասենյակ:
– Շնորհակալություն,- ասացի իրոք զգացված:
– Խնդրեմ, զբաղմունք է անքնության դեմ,- նետեց ուսի վրայից,- կարող եք սուրճից օգտվել:
Ու անհայտացավ:
Մտածեցի, որ իմ մեքենայի ներկայությունը իր շքեղ տան առաջ իրեն դուր չի գալիս, ու միաժամանակ չէի կարողանում Աքիերին իմ «հրաշք ֆերրարիի»՝ քսանամյա հնություն ունեցող խղճուկ մեքենայի ապակու սառույցը քերելիս պատկերացնել․․․
Երբ աշխատանքից վերադարձա, հրոսակախումբը արդեն ոտքի վրա էր: Ոմանք նոր-նոր նախաճաշում էին, ոմանք՝ ճաշում, ոմանք սառնարանից ընթրիքի համար նախատեսվող մթերքներն էին դուրս հանում, ոմանք սառցարան էին դնում իրենց կատարած գնումները․․․ Տեր աստված, ռոյալի կափարիչը արդեն բաց էր: Սպիտակ քունքերով բարետես մի տղամարդ տանջվում ու չէր կարողանում գտնել իր սկսած հատվածի շարունակությունը: Մարի-Լին անունով մի նրբաոտ կին պարսկական նաիմի մետաքսագործ մոտիվների վրա շաղ տված պարտիտուրաներում նրա ցուցումներով փնտրում էր հրատապ անհրաժեշտ նոտաները: Որովհետև համընդհանուր անցուդարձի մեջ իմ ներկայությունը ո՛չ նկատվում էր, ո՛չ խանգարում, որոշեցի ճաշել անկյունի սեղանիկին: Քիչ անց Ժանն ու Ժանինն էլ համարձակվեցին ինձ միանալ: Ու զրուցում էինք ինչպես առաջ, բայց իրականում երեքս էլ դիտում էինք հրոսակախմբի եռուզեռը:
Ջերմ, ընտանեկան մթնոլորտ կար հյուրասենյակում, իրար վաղուց ու լավ ճանաչող այդ մարդկանց միջև: Եվրոպական կենցաղի ընձեռնած հարմարավետ պայմաններում նրանք հանգստանում էին, կամ ինչպես իրենք էին ասում՝ մոռանալ էին փորձում ռազմական առաջին գծի մղձավանջը: Ապակե պատից ճաշասենյակ էին լցվում ձմեռային այգու խաղաղ գույները: Աքիերը այգում զբոսնում էր մի չքնաղ կնոջ ընկերակցությամբ: Կինը հազիվ նրա կես տարիքն ունենար, շիկահեր էր, Աքիերի աչքերի կապտականաչ հայացքով: Երբեմն երբեմն Աքիերը գրկում էր նրա ուսերը, ուղղում մազերը: Խոսակցությունը սրտառուչ էր երևում: Մի փոքրիկ տղա՝ յոթ-ութ տարեկան, վազվզում էր նրանց շուրջը, մեկ՝ այս, մեկ՝ այն էր ցույց տալիս:
– Անտուան, ինչ ես այդպես դիտում,- դիմեց Մարի-Լինը սեղանի մոտ նախաճաշող զույգի երիտասարդին:
– Ըմբոշխնում է անցողիկ պահը,- պատասխանեց նրա ընկերուհին:
– Դանաեն մայրն է, այնտեղ դրած,-ասաց Մարի-Լինը:
– Գույներն եմ նայում․․․-Անտուանի ձայնը մտազբաղ էր,- Դանաեյի մեղրագույն շորը ու մազերը իրար շարունակություն կարծես լինեն․․,- դիմեց իր ընկերուհուն, ընդունիր որ նայելու բան կա:
– Հոյակապ լուսանկար կլինի,- պատասխանեց ընկերուհին,- ռեպորտաժներիդ ֆոնը մի քիչ կմեղմի: Քո բոլոր լուսանկարներում Աքիերը ավերակների, արյան ու վիրավորների ֆոնի վրա է, երբեմն կադրը փոխելը վատ միտք չէ․․․ Գնամ ֆոտոապարատդ բերեմ ,- ու գնաց ապարատի ետևից:
– Դանաեն մորն է նման:
– Տեսած չկամ:
– Իսկապե՞ս, հաղորդում ունի 5-րդ ալիքի վրա :
– Քեզ լսելիս Մարի-Լին՝ կարելի է կարծել, թե դու հեռուստացույց ես նայում, կամ թե ես եմ նայում:
Սկսեցին ծիծաղել:
Սկզբում տուն մտավ տղայիկը, լավ դաստիարակված երեխաների ճշգրիտ պաչիկներով համբուրեց բոլորիս մեկ առ մեկ, հետո հայտնվեց Աքիերը, ձեռքի շարժումով բարևի նշան արեց ու գնաց իրեն սուրճ լցնելու: Մեղրագույն շորերով ու մազերով կինը խաղաղ, դանդաղ շարժումներով բոլորիս բարևի համբույրը տալուց հետո տեղավորվեց սեղանի մոտ, ժպտաց.
– Ինչ հրաշալի արևոտ օր է, Փարիզում կարոտելու եմ… այս տունը կարոտում եմ միշտ:
– Դանաե, իմ փոքրիկ Դանաե,- ռոյալը թողնելով ճաշասենյակ եկավ բարետես տղամարդը,- կյանքն արագ է անցնում, Պալեստինում Շարլիկի հասակին էին, դու մեր կորած ջահելությունն ես, քեզ նայում ենք, գիտենք ինչքան ենք ծերացել…
– Պալեստինն իմ մանկությունն էր, Դավիդ․․․ չեմ մոռացել թախիծը այդ տարիների, մայրիկը նոր էր մեկնել: Ժամանակը հուշերի լավն ու վատը խառնում է իրար, հիմա այդ տարիները ինձ լուսավոր են երևում․․․
– Դանաե, հիմա որ Փարիզում ես, մայրիկիդ հաճա՛խ ես տեսնում:
– Երբ իրավական քաշկռտուկներ ունի, հիշում է, որ աղջիկը դատապաշտպան է, այլապես խուսափում է ինձանից: Հանկարծ կիմացվի, որ իր աղջիկն եմ ու իր տարիքը կկռահեն: Երբ մոր կարիք ունեի, ժամանակ չուներ, հիմա էլ՝ ասելիք չունենք․․․որքան ծերանում եմ, «ծերանում եմ» ասում, քանի որ դուք չեք սիրում «հասունանում եմ»-ի կեղծավորությունը, այնքան համաձայն եմ դառնում մորաքրոջս տեսակետին՝ կապուտաչյա շիկահեր աղջնակը մայրիկի կյանքը զարդարող աքսեսուար էր, որքան աղջնակը մեծանում էր․․․
– Դանաե, վերջ տուր, հազար եմ ասել՝ անարդար ես,- սուրճի բաժակը սեղանին դնելով բուխարու մոտից մեջ ընկավ Աքիերը:
– Իհարկե, միայն դու ես արդար:
– Համենայն դեպս ես մորդ ավելի երկար եմ ճանաչել, քեզ իր մոտ պահել չէր կարող:
– Դրա համար նրան չեմ էլ մեղադրում, ոչ էլ քեզ՝ պատերազմական գոտիներում ինձ քեզ հետ «տուրիստական շրջագայություններ» տանելու համար: Լավ գիտես, Տիկին Դե Լասոլին մեղադրում եմ միայն մի բանում՝ իր հաղորդումներում գիտակցաբար արվող քաղաքական պնակալիզության համար: Քո հետ առաջին գիծ երբևէ ոտք չդրեց՝ լավ, բայց ով է նրան ստիպում մարդկությունից այդքան հեռանալ: Աղքատ լիներ, կներեյի, բայց Դե Լասոլների դեպքում․․․
– Էհ, շնորհակալություն աղքատների կողմից: Այդ երբվանի՞ց են նրանց տվել քաղաքական պնակալիզության մենաշնորհը,- ծիծաղեց նախնադարյան գրամեքենայի վրա չխկչխկացնող, կարմրամորույս մի տղամարդ:
– Կիսաստղային կյանքը զոհեր է պահանջում՝ գաղափարները, մենք:
– Գաղափարնե՞րը․․․ Օհ, Պարոն Աքիեր, ինչ հումոր ունեք: Չեղած բաները չեն զոհաբերում․․․ Մայրիկը զոհաբերեց ինձ, քեզ՝ երբեք, նույնիսկ հիմա, եթե վերադառնաս, մայրիկը քեզ «ոչ» չի ասի, դու ես մայրիկի կողքին ձանձրանում:
– Շատ կուզենայինք իմանալ, ինչը Պիեռին չի ձանձրացնում,- ծիծաղելով հարցրեց Անտուանը:
Ես նկատեցի Մարի-Լինի՝ Անտուանի թևը շեշտակի սեղմող մատները: Դավիդն ու գրամեքենայի վրա չխկչխկացնող տղամարդը հայացքներ փոխանակեցին:
Դավիդը ձեռքը դրեց Աքիերի ուսերին ու ժպտալով փոխեց խոսակցության նյութը:
– Զինվորական համազգեստները դեզինֆեկցիա անելը, օրինակ…
Որովհետև բոլորը ծիծաղեցին, ես էլ ծիծաղել ձևացրեցի: Հանկարծ Աքիերը ինձ դիմեց․
– Կարելի է իմանալ դո՞ւք ինչի վրա եք ծիծաղում:
Պոռթկաց հռհռոցի ալիքը:
Երբ մի քիչ խաղաղվեցին, Դավիդը նստեց կողքիս:
– Կներեք,- ասաց,- կներեք, մենք մեր գաղտնիքներն ունենք, անհեթեթ բաներ․․․
– Դուք գիտե՞ք, որ ձեզ ճանաչում ենք,- մռայլ հարցրեց Աքիերը:
– Ես եմ ասում,- մեջ ընկավ Դավիդը,- մենք ճանաչում էինք ձեզ համար բնակարան փնտրող․․․,- Խոսքը չավարտեց․․․նրա հայացքի ուղղությամբ Աքիերի դեմքն էր՝ քարի պես անշարժ:
Մտքիս մեջ կայծակի պես փայլատակեց գինը, վարձակալվող հարկի անհավատալի էժան գինը:
– Դավիդը այս քաղաքում բոլորին ճանաչում է․․․,- շարունակեց Աքիերը,- Տիկին Մարեի ինքնասպանության դոսիեն չստորագրած բուժքույրների անուններից մեկը ձերն էր․․․հմ,- ասաց մյուսներին,- 24-ից 5-ը, մեր ժամանակներում կեղծիքը չպաշտպանողների թիվը ավելի մեծ էր:
Նշանակում է քաջատեղյակ էին մեր հիվանդանոցի անցուդարձին՝ մասնավորապես ներարկման սխալ հաշվարկից մահացած Տիկին Մարեի կոծկած պատմությանը:
– Դեզինֆեկցիա անել գիտե՞ք,- շարունակեց Աքիերը,- գիտե՞ք, ինչպես ենք մենք դեզինֆեկցիա անում: Ձեզ մի գաղտնիք ասեմ՝ զինվորների շորերը այրում եմ, Դավիդն էլ է այրում, բոլորս էլ այրում ենք: Ինֆեկցիաները վխտում են համազգեստներում: Ժամանակ չունենք այրելուց առաջ փաստաթղթեր գրպաններից հանել․․․ինչ փաստաթուղթ, ով է դրանց մեջ փաստաթուղթ տեսել․․․
– Ինչո՞ւ եք փաստաթղթերը այրում:
-Հըմ,- Աքիերը քմծիծաղեց,- չեք հավատա, մենք ինքներս սկզբում մնում էինք ապշած: Ապաքինվելուց հետո կարծում են, թե իսկապես չգիտենք ով ով է: Իրենց կրոնին, հայրենիքին նվիրված քանի քանիսն են օգտվում փաստաթուղթ չունենալուց, հասարակ քաղաքացի ձևանում, մոռանում իրենց կոչումները ու․․պուկ դեպի սահմանները, երկրից դուրս․․․
– Օգնում եք տերրորիստների,- ասաց Դանաեն :
Աքիերը չպատասխանեց: Գնաց-գրկեց թավջութակը, սկսեց խլաձայն նվագել: Նվագածի միջից ասածը հազիվ էր հասկացվում:
– ․․․Տերրորիստ չեն ծնվում: Ես կողմ եմ մարդուն մարդ լինելու մի այլ շանս էլ տալուն, մեր ժամանակները մոռացել են մարդուն, իր խելքով ստեղծած ուժերը նրան զրկել են իր խելքից, մտածելու բան չունի. ճանապարհը գծած է, ընտրության հնարավորություն չկա, նկատի ունեմ՝ եթե մեռնելն ընտրություն չենք համարում:
– Ինքդ էլ չգիտես ում ես շանս տալիս․․․Գոնե դրանում կասկած չունենայիր․․,- Դանաեն աններում էր:
Մարկը՝ գրամեքենայի վրա չխկչխկացնողը, չքաջալերող հայացքով նայեց նրան:
– Չես փոխվել, սիրում ես հորդ ցավացնել:
– Օհ, իր տարիքին ես էլ արժեքների ամուր համակարգ ունեի․․․- նվագելուն զուգընթաց մրթմրթում էր Աքիերը,- հարցնեիր, տեղը-տեղին կբացարտեի՝ ինչու է քսանամյա ջահելը իր մահվան գնով կրակահերթ բացում իրեն անծանոթ, անզեն ամբոխի վրա: Հիմա՝ չգիտեմ… միայն մի բանի վրա ենք վստահ,- նվագելը թողեց, բացեց խմիչքների պահարանը, դուրս բերեց մի շիշ ,- Դանաե, ձեռքի աննշան մի շարժումով կյանք տալը դժվար է, անէացնելը՝ վայրկյանի գործ:
– Կյանք ես նվիրում անուղեղների, որ չեն տատանվի կոկորդդ կտրել:
– Չիմացածդ բաներից մի խոսիր:
– Միշտ այսպես է, եթե քո կարծիքի չեն, պետք է լռեն․․․ ձեր կողքին անհնար է ուրիշ հավատ ունենալ, ազատ մտածելու իրավունքը սկսվում է հասարակ բաներից:
– Ազատ մտածել, ազատ․․․ազատությունը առասպել է, կյանքդ դրա վրա մի վատնիր հոգիս, – շշի պարունակությունը մի չքնաղ բաժակի մեջ լցրած՝ թավջութակի մոտ վերադարձավ Աքիերը:
– Մանկությունից եմ լսում, երեխա ժամանակ ձեզ ավելի լավ էի հասկանում քան հիմա․․․
– Մի բարկացիր, մեր քնքուշ Դանաե,- Մարի-Լինը իր պատրաստած կիտրոնով ու ավոկատով նախուտեստը դրեց Աքիերի բաժակի կողքին,- Ազատ լինելը դժվար պատմություն է: Հոգյակս, հորդ հավատա, ստրուկները մեզնից ազատ էին. նրանց հսկող էր պետք, մինչդեռ մենք՝ ինքներս ենք մեզ հսկում, ծրագրավորում, մեր գլուխը լցնում հաստատամտություններով, ճղատում ենք մեր հայացքը՝ թույլ տալիս տեսնել միայն այն, ինչ իբր պետք է․․․․ Խաղալիքի պես մեզ լարում ու բաց ենք թողնում կյանք․․․ ռոբոտի պես, էլ այլ կերպ ապրել չգիտենք:
– Գիտեմ, գիտեմ, կախյալ՝ տաք ջրից ու ինտերնետից,- ծիծաղեց Դանաեն,- մոռացել եք, որ երեխա ժամանակ Միլգրամի տեստը հենց ինձ վրա էիք փորձարկում․․․Հիմա ում գլխին եք ձեր խաղերը խաղում:
– Էլ չեն խաղում, իրենց ապրելն է արդեն խաղ,- նետեց Անտուանը:
– Իրոք հիմա ուրիշ ենք․․․,- պատասխանեց Մարկը,- Աշխարհը չենք փոխել: Դաժանացել են. աշխարհը մեզ փոխել, հարմարեցրել է իրեն: Կարծում էինք թե․․․ Բայց մարդկության մեծամասնությունը մի քանի պարզունակ դատողության ընդունակ բաներ․․․ եթե խելոքներ լինեին, երկու հազար տարուց ի վեր այդ մասին կիմացվեր․․․ նայիր ոնց ենք ապականել մոլորակը:
– Հարցն այս է,- Մարկի խոսքը կտրեց Աքիերը,- խելացիները ինչով են զբաղված․․․ լուրջ եմ ասում․․․ատոմային ռումբը ու lobbying-ը ապուշները չե՞ն հորինել․․․ամեն ինչ սկսվում է այն բանից, թե ինչն ենք խելացի համարում, մեր կյանքը նվիրելը…
– Ձեր դեպքում ՝վատնելը,- մեջ ընկավ Անտուանը:
Նորից բոլորի դեմքով մի ստվեր անցավ: Աքիերը քմծիծաղեց:
– Թող այդպես լինի, բայց եթե խելացիները կապիտալ կուտակելու ու հզորների շարքը համալրել երազելու փոխարեն մտածեին մարդկության ու մոլորակի մասին,- իսկ և իսկ Մարկի իրոնիկ տոնով շարունակեց,- երկու հազար տարուց ի վեր այդ մասին կիմացվեր․․․
– Եվ իմացվել է, նայեք ինչպես է բացատրում Օնֆրեն, կամ Ստիգլիցը՝ ընդհուպ մինչև նոր կապիտալների ծագում մեր օրերում, կամ՝ Բ․Մ-ն, որի վայրագ ու ստոր սպանությունը իբր մորուքավորներին էր ձեռնտու․․․Lobbying-ը խելացինները չեն հորինել: Թույլերի միավորումը ուժեղի դեմ՝ ժամանակների մշուշից եկած բնության օրենք է:
– Խելացիներն են հորինել: Թույլ խելացիները իրենց հանցագործ շահերի համար միավորել են իրենց խելքը, խորամանկությունը, պայծառատեսթյունը, որ հազարապատկեն ուժը՝ lobbying դարձնելու, պետություններ ու պատերազմներ ղեկավարելու համար․․․ Ինչով են զբաղված մարդու ու մոլորակի մասին մտածողները, եթե դեռ ապրում ենք թույլի ու ուժեղի՝ ջունգլիների օրենքով: ․․․Էհ, մարդկությունը փոշմանել է ջունգլիներից դուրս գալու համար, հիմա իրար հրմշտելով՝ վերադառնում ենք ջունգլիներ․․․ բնության, մարդու շահի վրա հիմնվող հասարակարգ, չգիտեմ, փիլիսոփաների ուղեղից բացի, այլ տեղ երբևէ գոյություն ունեցել է, թե՝ ոչ․․…
Բժիշկ Աքիերի հրոսակախումբը քաջատեղյակ էր Կապիտալի դեմ պայքարող բոլոր միջազգային կազմակերպությունների գործնեությանը, ու ի մի էր բերում իր կոնկրետ անելիքը այդ խմբերից յուրաքանչյուրի կազմում: Այդ պայքարով ոգեշնչված էին բոլորը: Բոլորը դրան հավատում էին: Բացի Աքիերից: Աքիերը հավատում էր մի բանի․ Կապիտալը կոչնչացնի բնությունը, կսպանի մարդու մեջ մարդկայինը իր մեռնելուց շատ ավելի առաջ:
Ու մինչև ուշ երեկո քանդում ու կառուցում էին աշխարհը, իսկ կեսգիշերից հետո՝ խելքից դուրս թանկ արմանյակի, թավջութակի ու ռոյալի բարեկամական ընկերակցությամբ վերաքանդում ու վերակառուցում:
Մի երեկո, այգու դռնակի մոտ մի տեսակ թաքնված, իմ վերադարձին էին սպասում Ժանն ու Ժանինը: Երկուսն էլ կանգնած էին նույն դիրքով, դեմքի նույն արտահայտությամբ՝ կարծես ոչ թե մարդ ու կին էին, այլ՝ երկվորյակներ:
– Մի բան ենք իմացել,- փսփսալով սկսեց Ժանինը,- դու տեղյա՞կ ես, որ քո բնակարանի վարձը Աքիերը դիտմամբ է էժանացրել, գտել է քո անշարժ գույքի գործակալին, իմացել քո գինը, իր բնակարանը դարձրել քո գնի ու գործակալությանը ասել ՝ուրիշ վարձվոր չի ուզում:
Ինձ բնակարան գտած գործակալը վերջապես ժամանակ գտավ ինձ ընդունելու: Նրա պես բարեկիրթ ու անվերապահ ազնիվ անձնավորությունը չէր կարող իրեն թույլ տալ դիմացինին քամահրանքով վերաբերվել: Եթե իր պատկերացումների մեջ այդ պահվածքը իրեն ստորացնող ու չսազող չհամարեր, ինձ դուռը ցույց կտար:
– Ձեր հարցը առնչվում է պրոֆեսիոնալ գաղտնիքի հետ, հետևաբար ձեզ պատասխանելու հնարավորություն չունեմ:
– Շատ լավ,- պատասխանեցի, ինչպես սովորեցրել էին կոլեգաներս,- պրոֆեսիոնալ գաղտնիքի հոդվածը, ի տարբերություն ձեզ՝ ինձ չի արգելում ձեր մրցակիցներին տեղեկացնելու, որ ձեր գործակալության որոշ առաջարկներ գնից կիսով չափ էժան են:
Անկեղծ անհանգստությունը միայն մի պահ փայլատակեց նրա դեմքին: Ժպտաց, հավասարը՝ հավասարին: Հայի իմ աշխարհայացքով ես նրան մատնել էի սպառնում, ֆրանսիացու իր աշխարհայացքով՝ ինտեգրացվում էի, քանի որ գիտակցում էի քաղաքացիական իմ պարտքը:
– Ոչ թե որոշ առաջարկներ, այլ՝ մի կենտ առաջարկ…մեր քաղաք մտնող բոլոր գաղթականներին Աքիերը միշտ տանիք է առաջարկել: Դուք ո՛չ առաջինն եք, ո՛չ վերջինը: Նրա հայրը մի ամբողջ տուն էր դնում նրանց տրամադրության տակ:
– Ու հանուն ինչի՞:
– Ոչ մի բանի, կան այդպիսի մարդիկ, ասում են, թե նրանց պապերից մեկը ծագումով Միջին Արևելքից է եղել, գուցե դրա համար: Շատ մի մեծ վնաս չի անշարժ գույքի նրանց կարողության համար:
Գործակալի համար Միջին Արևելքը նույնքան կոնկրետ ու որոշոկի տարածք էր, որքան հայերիս համար Եվրոպան:
– Իրաքի՞ց, Իրանից, Թուրքիայից, Հայաստանից, Լիբանանից,- հարցրեցի:
– Ճիշտ այդ տեղից,- պատասխանեց,- գուցե, որտեղից Ջուլիան էր՝ Աքիերի հետ մեկնող բուժքույրը․․․․ որ ինքնասպան եղավ:
Աքիերին հարցնել չհասցրեցի, ձիեր էին վարձել ու մեկնել հարևան շրջան՝ ձիարշավի, իսկ երբ վերադարձան, Աքիերը, Մարի-Լինը, Մարկը, Դավիդը նրանց հետ չէին, Ամնեստի Ինտերնացիոնալի կանչով հրատապ մեկնել էին Մանանաուս՝ բանտային ջարդերը սահմանափակելու բանակցություններին առնչվող գործով:
Նրանց բացակայությամբ մյուսները մի երեկո խոսում էին, թե ինչպես են առաջին անգամ Իրաքում, դաշտային վիրաբուժարանում հանդիպել Աքիերին: Հմուտ վիրաբույժ, բայց պատերազմական վիրաբուժության մեջ անփորձ, ոչ մեկի չէր լսում ու սխալ սխալի ետևից էր անում: Մեկ շաբաթ էր դիմացել արյան, փշրված քունքերի, քառատված մարմինների ու հատկապես «կաբիլի ժպիտ» կոչվող վայրագ ու գազանային տեսարաններին:
– Մտածում էինք երբեք չի վերադառնա:
– Մինչդեռ Ջուլիան ուրիշ էր, կասեիր՝ դիակների մեջ է ծնվել: Հենց առաջին օրից մեն-մենակ կարողանում էր վիրավորների կույտից ջոկել՝ ով ապրելու շանս ունի, իսկ ում միայն մորֆին է պետք, որ առանց տանջանքի մահանա ․․․
– Ջուլիան Պիեռի խմբին դարձրեց ռուսական ռուլետ:
– Ջուլիայից առաջ էլ Պիեռը կյանքի հետ ռուսական ռուլետ էր խաղում:
– Պիեռը, բայց խումբը նրան չէր ետևում:
– Նկատել եք, էլ նրանց խմբի հետ չեմ մեկնում:
– Ոչ էլ ես, աչքերս հանեն՝ պատանդ ընկնելու տարածք ոտք չեմ դնի: «Աչքերս հանեն» խոսելու ձև է: Իրենք ո՛չ աչք հանելուն, ո՛չ կոկորդ կտրելուն են նայում: Ռմբակոծման տարածքում են, թե չէ, պետքները չի: Ոչինչ հաշվի չեն առնում, պոզերը տնկած՝ գնում են առաջին գծի ետևից․․․ ով նրանց կպցրեց այդ մականունը, դիպուկ է՝ ռուսական ռուլետ:
Խաղ, երբ ատրճանակի փամփշտատուփում դնում են մի կենտ պատրոն, պտտում թմբուկն ու քունքին պահելով՝ կրակում, պատահականությունը այնպես կանի՝ կընկնեն կամ՝ չեն ընկնի պատրոնի վրա․․․ չգիտես ինչու Աքիերն իմ աչքում վերածվեց վտանգավոր մարդու, որից զգուշանալ էր պետք: Այնուամենայնիվ, երբ նորից հայտնվեց, հարցրեցի, թե ծագումով որտեղից է, բայց Ջուլիայի մասին հարցնել չհամարձակվեցի:
-Մորս պապերից մեկը, չգիտեմ՝ որը, Արևելքից է եղել:
– Արևելքը մեծ է:
– Գիտեմ, բայց ծագումը կարևորություն չունեցող բան է, գիտեք, երբ բժիշկ եք, չեք կարող հավատալ, թե յուրաքանչյուր ազգ միայն իրեն հատուկ, ուրույն քրոմոսոմներ ունի․․․բանն արժեքների համակարգն է, որ քրոմոսոմների հետ քիչ կապ ունի․․․համաձա՞յն չեք ինձ հետ․․․
Մի քանի օր հետո սեղանին մի հրավիրատոմս դրեց:
– Ես գնացողը չեմ, եթե ուզում եք կարող եք օգտվել:
Հրավիրատոմսը գենետիկայի տասնօրյա դասընթացների համար էր ու արժեր իմ աշխատավարձի երեք-չորրորդը:
– Տաս օր չեմ կարող աշխատանքից բացակայել:
– Դու քո իրավունքներից գաղափար ունե՞ս:
Գաղափար չունեի:
Նայեց ինձ, ժպտաց:
– Իրավունքները տնային բույսերի պես բան են, տիրություն չարեցիր, չորանում են․․․․
Կան դեմքեր, որոնց ժպիտը կատարելապես ձևափոխում է, ջահելացնում ամենաքիչը մի տասնյակ տարով: Նրա ժպիտը մեզ հանկարծ հասակակից էր դարձնում: Բայց կար ուրիշ մի բան: Մի ժպիտով Աքիերը ջնջում էր սոցիալական այն անդունդը, որ կար մեր միջև:
Այդ հրավիրատոմսերին հետևեցին ուրիշ հրավիրատոմսեր՝ սոցոլոգիայի, փիլիսոփայության, էկոնոմոկայի, քաղաքական կողմնորոշում ունեցող համերգների, ֆեստիվալների, նորից դասընթացների․․․
Նրբորեն ու աննկատ՝ Պիեռ Աքիերը իմ առաջ բացում էր իր աշխարհի դռները: Երբեմն-երբեմն, երբ որևէ տեղ մեկնած չէր լինում, ինքն էլ էր ներկա լինում: Շուտով ճանաչում էի նրա ընկերների տարբեր խմբերին: Բոլորն էլ նրա նման ձեռնբաց, իրենց ունեցածը առանց նկատել տալու բոլորի հետ կիսող, առանց օգնության կանչի գլխի ընկնող ու իրենց կողքին հեշտորեն տեղ տվող մարդիկ: Քաղաքական անտանելի հումորով նրանք բոլորին հասանելի էին դարձնում աշխարհի իրենց իմացությունը: Նրանց բացատրությունը դասագրքերի բացատրությունը չէր: Այն թափանցիկ էր դարձնում աշխարհի բռնած ճանապարհը, կոնֆլիկտներն ու պատերազմները՝ կանխատեսելի: Աքիերը ինձ ներկայացնում էր անբռնազբոս, առանց ընդունելու հովանավորի, օտարին մեծահոգաբար օգնողի կեցվածքով: Բայց մարդկանց մեջ իմ տեղը գտնելուն չէր միջամտում: Ինչ տեսքով կներկանայի, ինչ լույսի տակ, ինչ հայացքներ կպաշտպանեի, կախված էր միայն իմ կամքից: Սակայն որևէ խմբի մեջ ընդգրկվելու, որևէ ուղղության հարելու քաջություն չունեցա: Հայեցողական իմ վիճակի մեջ բացառություն էր կազմում կենցաղային մի ժեստ՝ գիտակցաբար մարդկանց ու բնության ռեսուրսները դաժանաբար շահագործած սուպերմարկետների ապրանքները չէի գնում: Առևտուր էի անում շուկաներում ու էլ չէի սակարկում իրենց ճակատի քրտինքով ստեղծածը վաճառող գյուղացիների հետ:
Մի ֆեստիվալի ժամանակ, ոգևորված ամռան գիշերվա տաքուկ քնքշությամբ, ֆեստիվալի գյուղակ կոչվող տարածքում Մարի-Լինը որոշեց հանպատրաստից նշել Առանց Սահմանի Բժիշկների Աքիերի խմբի ձևավորման Ն-ամյակը: Ֆեստիվալին ներկա տարբեր «Ազգային խոհանոց»-ներից յուրաքանչյուրն իր կողմից մի բան դրեց սեղանին, ֆեստիվալին մասնակցող, բայց այդ երեկո ազատ երաժիշտները առաջարկեցին նվագել ու հանպատրաստից քեֆը սկսվեց: Ես տեղավորվել էի հայկական խոհանոցից տոլմա բերած ընտանիքի կողքին, երբ Դավիդը, փաստաթղթերի մի խուրձ ձեռքին, ինձ իրեն մոտենալու նշան արեց:
– Բուժքրոջ մի թափուր տեղ ունենք, եթե մեզ հետ ցանկանում ես մեկնել, ահա՝ լրացրու այս թղթերը: Մի հապաղիր, ադմինիստրատիվ կողմը երկար է տևում, մինչև վաղը կեսօր մտածելու ժամանակ ունես: Մեզ տեղյակ պահիր քո որոշման մասին:
Որոշել: «Հանգիստ, հանգիստ,- ասում էի ինքս ինձ,- մի դողա, հանգիստ մտածիր, ծանր ու թեթև արա, ինչքան ասես ժամանակ ունես․․․» : Պատերազմական առաջին գիծ մեկնելու հնարավորությունը ահաբեկում էր, միտքս՝ տագնապի մեջ, ոչնչի վրա չէր կենտրոնանում: Ականջներիս մեջ խշշոց կար: Մի անորոշ սարսափով համակված դուրս եկա այգի: Թափառում էի: «Մի շտապիր որոշել, դեռ մինչև վաղը ժամանակ ունես: Գիշերը խորհուրդ կբերի»:
Անորոշ սարսափը դառնում էր որոշակի:
Ամեն ինչ պարզից էլ պարզ էր: Գիշերը բերելու խորհուրդ չուներ: Անկարող էի Պիեռ Աքիերի կողքին լինելու տենչին «ոչ» ասել: Իմ անկարողությունն էր ինձ ահաբեկում:
Վախը բնազդաբար ինձ մղում էր դեպի ամբոխը, դեպի քեֆի սրահը: Լույսերն անջատել էին ու էկրանին կադրեր էին: Տագնապով պատված գիտակցությանս չէր հասնում կադրերի իմաստը՝ Աքիերի երիտասաարդությունը, կինը՝ Աքիերի կողքին, մյուս կադրում՝ գրկում: Այդ կնոջ ու իմ ֆիզիկական նմանությունը սահում էր գիտակցությանս մակերեսով ու ոչ մի հարց, ոչ մի զգացում չէր առաջացնում: Միայն տագնապն էր ահագնանում: Դուրս եկա, գտա մեքենաս ու սարսափի դեմ պայքարելով՝ բռնեցի տան ճամփան: Մի կողմից՝ պատերազմի առաջին գծի մղձավանջը, ու մյուս կողմում՝ Աքիերի կողքին լինելու տենչը: Մի շրջադարձի շփոթեցի մեքենայի ոտնակները, կենտրոնախույս ուժից մեքենան քիչ մնաց շրջվեր: Նույն պահին միտքս շամփրեց՝ ֆոտոկադրերի կինը Ջուլիան է՝ Աքիերի հետ մեկնող բուժքույրը, որ ինքնասպան եղավ:
Երբ տուն հասա, Աքիերի մեքենան արդեն կանգնած էր բակում: Բանալու կարիք չեղավ․ ինքը դուռը բացեց ու մնաց կանգնած իմ ճանապարհին: Ես անզոր էի նրա մռայլ ու հարցական հայացքի առաջ, բայց կարողացա անցնել անտարբեր ու անհաղորդ:
– Սպասիր, սպասիր,- ասաց:
– Ջուլիան,- նետեցի ես:
– Ով է քեզ պատմել:
– Դուք պատմելու ազնվությունը չեք ունեցել:
– Դուք-ի անցնելու ժամանակ կունենաս:
– Իսկ դու պատմելու ժամանակ կունենաս, խնդրեմ, մի շտապիր, երբ հարմար է…
– Չեմ պատմել հանուն Ջուլիայի արժանապատվության… «Աքիերի հետ մեկնող բուժքույրը, որ ինքնասպան եղավ» լսածդ սա է, պիտի որ սա լինի, բոլորի բերանում սա է… չեն ասում «Աքիերի պատճառով», բայց այնքան բարձր են մտածում, որ ես լսում եմ: Ճշմարտությունը ասել չեմ ուզել, իմ իրավունքն է… հանուն Ջուլիայի հիշատակի: Ինքն ինձնից բացի որևէ մեկին պատմել երբևէ չցանկացավ: Ադրբեջանից էր: Բաքվից երեսուն կմ հեռու գտնվող մի քաղաքից: 1988-ի փետրվար ամսին այդ քաղաքում էր ու հայ էր…սա քեզ ինչ որ բան ասում է:
Սումգայիթ: Քարացա:
Աքիերը մոտեցավ բուխարուն, տենդագին շարժումներով սկսեց մաքրել առջևի ապակին: Զամբյուղից ցախ վերցրեց, կոտրեց, սպիրտի մի չոր կտոր գտավ, կրակ վառեց: Մնաց բուխարու առաջ ծնկած, բոցերի ցոլքը դեմքին՝ մտազբաղ նայում էր կրակին:
– Դանաեի մոր հեռանալուց ութ տարի անց եմ հանդիպել Ջուլիային: Ութ անիմաստ տարիներ, մինչև պատրաստ եղա որևէ մեկի հանդիպելու: Ջուլիան էր, հոգեբուժական հիվանդանոցում: Քեզ չեմ ասել, որ եղել եմ ձեր կողմերում, ձեր հյուսիսային ամենամեծ քաղաքի երկրաշարժից սկսած մինչև․․.Ղարաբաղի երկու կողմում էլ եղել եմ․․․ այդ առումով Ջուլիան ինձ բացատրելու բան չուներ: Քաղաքական ապաստարան խնդրողների մեջ ինքնասպանության փորձ էր արել, տեղափոխել էին հոգեբուժարան: Դրանից հետո երեք անգամ ինքս եմ փրկել: Չորրորդը… ադրենալին էր իրեն ներարկել: Իմ ուսապարկից էր վերցրել: Ուսապարկի բանալիները ես էի պահում, մինչև հիմա էլ չգիտեմ՝ իմ անփութությունը կապ ուներ, թե՝ չէ : Տարիներ շարունակ կարոտի ու մեղավորության զգացումը ինձ խեղդում էր․․․հետո մի օր անցավ:
Աքիերի ձայնը թրթռաց: Լռեց:Բացեց բուխարու ապակե դուռը, իրար տվեց անթեղները, ցախ ավելացրեց: Հետո նստեց գետնին, թուլացրեց-հանեց փողկապը:
– Առաջին գծից հետո կապել չեմ կարողանում, նյարդերս չեն դիմանում․․․քո համար էի կապել․․․
– Ես առաջին գիծ մեկնողը չեմ,- թռավ բերանիցս, ու ավելի լավ, պետք էր արագ ասել, քանի ասելու ուժ ունեի,- ո՛չ Սիրիա, ո՛չ էլ որևէ այլ տեղ, մեռնել չեմ ուզում, հանուն ոչ մի բանի չեմ ուզում մեռնել. ո՛չ հանուն մարդկության, ո՛չ հանուն հայրենիքի, ո՛չ հանուն քեզ․․․ մեռնել չեմ ուզում ․․․
Աքիերը անսպասելի ժպտաց:
– Նույնիսկ հանուն ինձ մեռնել չես ուզում,- ծիծաղեց, շողշողուն, կենսախինդ ծիծաղով, ինչպես տեսել էի քիչ առաջվա կադրերում: Հետո զգուշորեն բռնեց ձեռքերս, մոտեցրեց շրթունքներին,- կգնանք, ուր կասես: Քարտեզի վրա ուր որ կդնես մատդ: Աշխարհում տեղ չկա, ուր ես ոտք դնել չեմ կարող,- գրկեց ինձ, շոյում էր ուսերս ու նայում էր աչքերիս: Վիրաբույժի նրա ճկուն մատները ասում էին ավելին, քան կարող էր բառերով ասել :
Մատս դրեցի Լիսբոնի, հետո Պորտոյի, Ալժեի, Մարակեշի, Բարսելոնի, Մադրիդի, Ամստերդամի, Բրյուժի, Ռեջիավիկի, Վատերֆորդի, Շանոնի, Հանովերի, Բրեմենի, Բրակեի, Համբուրգի, Կոպենհագենի վրա, Օսլոից իջանք Վարշավա, Պրագա, Վիեննա, Ցյուրիխ մինչև Ջեննովա, հետո անցանք Տուրինով, Միլանով, Վերոնայով, որ հասնենք Վենետիկ: Բայց վենետիկցիները փախել էին Վենետիկից, գնացինք նրանց տեսնելու Միեցցայում, պիտի մտնեինք Սուրբ Ղազար կղզին, բայց մոլորվեցինք Բյուրանոյի գույնզգույն փողոցներում: Բոլոր քաղաքները դեռ պատանության տարիներից էր Աքիերը ճանաչում ու շատ քաղաքներ հինգ մատի պես գիտեր, որովհետև ապրել էր այդտեղ Erasmus-ի կազմում ուսանող լինելու տարիներին: Այդ տարիներին էր պարտական նաև իսպաներեն, իտալերեն, անգլերեն լեզուների օգտագործման մեջ իրեն ձուկը ջրում զգալուն: Աքիերի համեստությունը ինձ զարմացնում ու հրապուրում էր, քանի որ իմ հայրենիքում վարժվել էի, որ նման մարդիկ, իրենց ինտիլիգենցիայի սերուցք համարելով, կիսաստծո պես պահեն: Մինչ ես մնում էի ապշած Միլանի տաճարի քարե ժանյակների կամ Սագրադայի հանդուգն ձևերի ու գույների աոաջ, Աքիերը անթաքույց հրճվում էր իմ բերանբաց, տուրիստական հիացմունքի կոմիզմով:
Քաղաքները հաջորդում էին միմյանց: Աքիերը ամենուրեք իր տանն էր: Եթե խոսում էին իր տիրապետած լեզվով, ապա մագնիսի պես դեպի իրեն էր ձգում մոլորակն ու մարդուն hզոր գիշատիչներից ազատել երազողների խմբերին: Եթե չէին խոսում, հոգը չէր: Տիրապետում էր մի լեզվի, որ հասկանալի էր աշխարհի բոլոր կողմերում: Մապս-ով երաժշտական գործիքների վարձակալման կետ գտնելը վարկյանի գործ էր: Թավջութակը դնում էր մի բանուկ փողոցի անկյունում ու նվագում էր միայն աղեղով: Նրա շուրջը շատ արագ մարդկային ամբոխ էր հավաքվում: Թավջութակի հզոր վիբրացիան դեպի իրեն էր կանչում թափառական ջութակների, գիթառների, սաքսոֆոնների՝ նայած եղանակի: Կից սրճարան-ռեստորանները խնդրում էին իրենց տարածքում նվագել: Աքիերը անկեղծորեն զվարճանում էր մուրացիկ-երաժիշտ խաղալով: Իսկ երբ, երբեմն-երբեմն օգտվելով այդ դերից, չտես, հավակնոտ, իրենց ֆինանսական հզորությունը ցուցադրության առարկա սարքող ու մուրացիկին մարդ չհաշվող տուրիստներին կարողանում էր ծիծաղելի դրության մեջ դնել, ապա հրճվում էր երեխայի պես:
Հավաքված գումարից եթե չէր հրաժարվում՝ թողնելով իր հետ նվագող երաժիշտներին, ապա բաժանում էր երեք մասի, ասում էր՝ երեք՝ ինչպես արևելյան հեքիաթներում ու տալիս էր հանդիպած առաջին երեք անծանոթի: Ծախսվող գումարների նկատմամբ Աքիերը անտարբեր էր կամ գուցե իր եկամուտների համեմատությամբ ծախսերը էական չէին:
Մատս այդպես էլ չդրեցի իմ հայրենի քաղաքի վրա: Այդ քաղաքը դադարել էր իմը լինել շատ ավելի առաջ այն օրվանից, երբ բարձրացա ինքնաթիռ: Իր հավերժական, կենսախինդ ժպիտը դեմքին՝ տոնական վերնաշապիկով ու երբեմնի տոնական կոշիկներով ծեր հայրս ինձ մնաս բարովի նշաններ էր անում, մեն-մենակ փողոցի փոշու մեջ, այնտեղ, ուր նրան իջեցրել էինք: Ինձ օդանավակայան տանող, սոցիալական հաջողության ցուցանիշ համարվող սև Մերսեդեսի մեջ նրա համար տեղ չկար: Նա չգիտեր, որ իր համար վաղուց արդեն տեղ չկար նաև իր հայրենիքում: Այդ տարածքը այսուհետ պատկանում էր հազիվ մի տասնյակ ընտանիքների՝ ծնված քաղաքական կոնֆլիկտների ամենավերջին անձրևներից, որ իրենց ծառաների օգնությամբ դարձնում էին հարատև, որպեսզի հնազանդ պահեն կիսաքաղց հպատակներին: Ու ինչպես հրեշները հեքիաթներում, սնվում էին իրենց նորակառույց պալատներն ու հանքերը, նորահարուստի իրենց կենցաղը պաշտպանող, ջահել ու անմեղ զինվորների արյամբ:
Իմ հայրենիքը պատկանում էր Նոր Էլիտային: Իսկ այն երկիրը, որ հավասարության ու եղբայրության սկզբունքով պատրաստ էր իմը դառնալու, իմ հայրենիքը չէր: Աքիերին Շ քաղաքի վիրաբույժի թեթև ու անհոգ կյանքը անիմաստ կորցրած ժամանակ էր երևում: Իսկ աշխարհի թեժ կետերի պատերազմական առաջին գիծը, ուր կյանքը իմաստ էր ստանում, ավերում էր նրա զգայուն հոգին: Ո՛չ ինձ, ո՛չ իր հանար, ո՛չ այստեղ, ո՛չայնտեղ, ապրել չէր լինում: Մենք ոչ մի տեղի բնակիչներ էինք:
Դաշտային իր վիրահատարանը միակ տեղն էր, ուր իրեն անփոխարինելի, գրեթե աստված էր զգում: Երբ մատների աննշան մի շարժումով անծանոթներին նվիրում էր գոյության հրաշքը, մոռանում էր այդ գոյության անհեթեթության մասին: Հասկացա, որ թակարդն եմ ընկել: Աքիերը թափառում էր ոչ հանուն ինձ, այլ որովհետև կյանքը նրան այլ կերպ տանելի չէր: Պատերազմական գծից դուրս՝ թափառելուց բացի, այլ կերպ Աքիերը ապրել չգիտեր:
Իսկ ես հոգնեցի այդ թափառ կյանքից:
Հյուրանոցներն ու վարձով տները փոխարինում էին մեկը մյուսին, կար ամեն ինչ: Կենցաղի անհրաժեշտ բոլոր իրերը, բայց որոնցից ոչ մեկը քոնը չէ, դու չես գնել, որևէ բանի մասին քեզ չեն պատմում: Բոլոր քաղաքները սկսեցին ինձ իրար նման թվալ: Աղմկոտ ու շքեղ կենտրոններով, ամայի ու տխուր արվարձաններով: Անբարեկամ, անհարևան, անընկեր, անքեռի, անմորաքույր այդ կյանքը Աքիերին չէր խանգարում: Երկու թատրոն մի ցուցահանդես ․․․ ու արդեն շրջապատված էր համախոհներով, որոնց հետ Lanceur d’alerte-ի անհասկանալի խոսելաձևով ինֆորմացիա էր փոխանակում: Այդ անվերջանալի երեկոներին ես մարդկության ու մոլորակի համար ո՛չ ասելիք, ո՛չ անելիք ունեի ․․․
Աքիերի աչքերը խնդրում էին՝ մնա, մի քիչ էլ ձգիր: Իսկ բառերով ասում էր. «Ազատ ես, կամքը քոնն է»:
Մի երեկո սեղանին դրեց տան բանալիները:
– Եթե ուզում ես, կարող ենք վերադառնալ, բայց հետո Սիրիա եմ մեկնելու:
– Ես մենակ էլ կարող եմ վերադառնալ:
Օդանավակայանի բոլոր կետերն իրար միացնող գնացքների կանգառում մեր ճանապարհները բաժանվեցին:
Հավասարության ու եղբայրության սկզբունքով ինձ իր արևի տակ տեղ տված երկիր վերադարձող ինքնաթիռին սպասելով՝ ասում էի ինձ․ «Ազատ ես, կամքը քոնն է»: Ազատ էի ու թեթև, ուղեբեռը հանձնել էի, ուսապայուսակս դատարկ էր, միտքս դատարկ էր․․․Կյանքս դատարկվում էր, ինչպես արդեն դատարկվել էր մի ուրիշ անգամ ․․․Նորից իր հավերժական, կենսախինդ ժպիտը դեմքին՝ հայրս գյուղական ճանապարհների փոշու միջից ինձ մնաս բարովի նշաններ էր անում: Կորցրեցի նրան, թեև տեսնում եմ ամեն անցնող տարի: Միասին ապրած կյանքն է միավորում մարդկանց: Սկզբում քայլեցի սովորական, հետո ավելի արագ, բայց որ չնկատվի, հետո թքած ունեի՝ կնկատվի, թե՝ չէ, հետո՝ արդեն վազում էի․․․ շարժասանդուղքների աստիճաններով նույնպես, հետո ցատկեցի աստիճաններից, բայց չհասա օդանավակայանի բոլոր կետերն իրար միացնող գնացքին: Րոպեն տարիների կարևորություն էր ստանում: Զանգեցի: Հեռախոսը զնգաց իմ մոտակայքում: Ամբոխի մեջ Աքիերի հայացը հանգիստ սպասում էր, թե երբ իմ հայացքը իրեն կգտնի: Սատանայական նրա ամենաթափանց միտքը ինձնից առաջ էր ինձ հասկացել:
Հանդարտ, մռայլ, ապրած բոլոր տարիները դեմքին՝ սպասում էր: Ես ազատ էի, կամքը իմն էր, բայց մի անգամ արդեն ապրել էի դատարկության մեջ ազատ ու անվտանգ լինելու անիմաստությունը: Դեպի ինձ չառաջացավ, թողեց մոտենամ, անսպասելի գրկեց․
– Հալեպում տեսարժան վայրեր չկան, հիմա արդեն չկան ․․․վստա՞հ ես, ուզու՞մ ես գալ․․․