Անտոն Չեխով | Սիրո մասին

Հաջորդ օրը նախաճաշին մատուցեցին շատ համեղ կարկանդակներ, խեցգետին և ոչխարի մսից պատրաստված կոտլետներ. մինչ նրանք ուտում էին, վերև բարձրացավ խոհարար Նիկանորը՝ իմանալու՝ ինչ են ցանկանում հյուրերը ճաշին: Նա միջահասակ մարդ էր՝ թմբլիկ դեմքով, փոքր աչքերով, սափրված էր, բայց թվում էր, թե բեղերը ոչ թե սափրված են, այլ պոկոտված:
Ալյոխինը պատմեց, որ գեղեցկուհի Պելագեյան սիրահարված է եղել այդ խոհարարին: Բայց քանի որ նա հարբեցող էր ու սանձարձակ վարքի տեր, Պելագեյան չուզեց ամուսանանալ նրա հետ, բայց համաձայնեց ապրել… այդպես: Նիկանորն էլ շատ աստվածավախ էր, նրա կրոնական հայացքները թույլ չէին տալիս այդպես ապրել. նա պահանջում էր, որ Պելագեյան ամուսանանա իր հետ, այլ կերպ չէր ուզում, երբ հարբած էր լինում, կշտամբում էր, նույնիսկ ծեծում: Երբ նա հարբած էր լինում, Պելագեյան թաքնվում էր վերևում և լաց լինում. այդ ժամանակ Ալյոխինը և սպասավորը տնից դուրս չէին գալիս, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանեն նրան:
Սկսեցին խոսել սիրո մասին:
-Ինչպե՞ս է ծնվում սերը,- ասաց Ալյոխինը:
-Ինչու՞ Պելագեյան չսիրեց ուրիշ մեկին, որը հոգեպես և արտաքնապես ավելի հարմար կլիներ իրեն, այլ սիրեց հենց Նիկանորին, այդ ստահակին (էստեղ մեզ մոտ բոլորը դրան ստահակ են անվանում), քանի որ սիրո մեջ կարևորը անձնական երջանկության հարցերն են, և որովհետև ոչ ոք այդ մասին ոչինչ չգիտի, դրա համար էլ կարելի է դատել այնպես, ինչպես հարմար է: Մինչև հիմա սիրո մասին ասվել է միայն մեկ անվիճելի ճշմարտություն. «զի այս է խորհուրդը խորին», մնացյալը, ինչ ասել և գրել են սիրո մասին, եղել են ոչ թե լուծումներ, այլ հարցադրումներ, որոնք այդպես էլ մնացել են չլուծված: Այն բացատրությունը, որ թվում է՝ ճիշտ է մեկ դեպքում, արդեն ճիշտ չէ տասնյակ ուրիշ դեպքերում, ըստ իս՝ պետք է քննել ամեն մի դեպք առանձին՝ չփորձելով ընդհանրացնել: Ինչպես բժիշկներն են ասում՝ պետք է անհատականացնել ամեն մի առանձին դեպք:
-Միանգամայն ճիշտ է,- համաձայնեց Բուրկինը:
-Մենք՝ ռուսներս, որ կարգին մարդիկ ենք, բուռն հակում ունենք անլուծելի հարցերի նկատմամբ: Սովորաբար սերը բանաստեղծականացնում են, զարդարում վարդերով ու սոխակներով. մենք էլ մեր սերը զարդարում ենք այդ ճակատագրական հարցերով՝ միաժամանակ դրանցից ընտրելով ամենաանհետաքրքիրները: Մոսկվայում, երբ դեռ ուսանող էի, ունեի կյանքի ընկերուհի՝ սիրելի մի կին, որն ամեն անգամ իմ գրկում լինելիս մտածում էր, թե ամսական ինչքան գումար եմ տալու իրեն, և ինչ արժե տավարի մսի ֆունտը: Այդպես էլ մենք, երբ սիրում ենք, չենք դադարում մեզ հարցեր տալուց՝ ազնի՞վ է այդ սերը, թե՞ ոչ, խելացի՞ է, թե՞ հիմար, ինչի ՞ կհասցնի այդ սերը և այլն: Լավ է դա, թե ոչ, չգիտեմ, բայց որ դա խանգարում, չի բավարարում, բարկացնում է, գիտեմ:
Նա ասես ուզում էր ինչ-որ բան պատմել: Մենակ ապրող մարդկանց հոգիներում միշտ էլ լինում է այնպիսի մի բան, որի մասին նրանք հաճույքով են պատմում: Քաղաքում ամուրիները դիտմամբ են գնում բաղնիք ու ռեստորան, որ միայն խոսեն, և երբեմն բաղնիսպանին կամ մատուցողին շատ հետաքրքիր պատմություններ են պատմում, իսկ գյուղերում էլ նրանք սովորաբար իրենց հոգիները հյուրերի առաջ են բացում:
Հիմա պատուհանից դուրս երևում էին գորշ երկինքը և անձրևից թրջված ծառերը. այդպիսի եղանակին անհնար է ինչ-որ տեղ գնալ և անելու այլ բան չէր մնում, քան պատմել ու լսել:
-Ես արդեն շատ վաղուց եմ ապրում Սոֆինոյում և զբաղվում տնտեսությամբ,- սկսեց Ալյոխինը,- այն ժամանակներից, երբ ավարտեցի համալսարանը: Դաստիարակությամբ ես փափկակյաց եմ, իսկ հակումներով՝ կաբինետային մարդ, բայց երբ եկա կալվածք, այն պարտքի տակ էր ընկած. հայրս մասամբ իմ կրթության վրա ծախսելով էր պարտքի տակ ընկել, դե ես էլ որոշեցի, որ այստեղից չեմ գնա, կաշխատեմ այնքան, մինչև չվճարեմ այդ պարտքը: Ես այդպես որոշեցի և սկսեցի աշխատել, խոստովանում եմ՝ մի քիչ զզվանքով: Այստեղի հողն այնքան էլ բերքատու չէ, և որպեսզի գյուղատնտեսությունը վնասաբեր չլիներ, անհրաժեշտ էր օգտագործել ճորտերի և վարձու բատրակների աշխատանքը, որ համարյա նույնն է, թե քո տնտեսությունը վարես գյուղացու ձևով, այսինքն՝ դաշտում աշխատես քո ընտանիքի հետ: Միջինը չկա: Բայց այն ժամանակ ես այդպիսի նրբությունների մեջ չէի խորանում: Ոչ մի թիզակտոր հող ես հանգիստ չէի թողնում, հավաքում էի գյուղի բոլոր տղամարդկանց ու կանանց, աշխատանքն անդադար եռում էր, ինքս էլ վարում էի, ցանում, հնձում և դրանով հանդերձ ձանձրանում էի և զզվանքից կնճռոտվում, ինչպես գյուղական կատուն, որ սովից բանաջարանոցի վարունգներն է ուտում: Մարմինս ցավում էր, քայլելիս էլ քնում էի: Սկզբանական շրջանում ինձ թվում էր, որ այդ աշխատանքային առօրյան կարող եմ հեշտությամբ համատեղել իմ կրթական սովորույթների հետ. միայն դրա համար, մտածում էի ես, պետք է կյանքի հայտնի արտաքին կարգուկանոնները պահպանել: Ես տեղավորվեցի վերևում՝ հյուրերի սենյակում և այնպես կարգավորեցի, որ նախաճաշից և ճաշից հետո ինձ լիկյորով սուրճ էին մատուցում, իսկ երբ պառկում էի քնելու, գիշերները կարդում էի «Եվրոպայի լրաբեր» թերթը: Բայց մի անգամ եկավ մեր տերտերը՝ հայր Իվանը, մեն-մենակ նստեց ու խմեց իմ բոլոր լիկյորները և «Եվրոպայի լրաբեր»-ն էլ հասավ տերտերի աղջիկներին, որովհետև ամռանը՝ հատկապես խոտհնձի ժամանակ, չէի հասցնում անկողնուն հասնել, քնում էի՝ որտեղ պատահեր՝ ցախանոցում, սահնակի մեջ կամ էլ ինչ-որ տեղ անտառապահի տնակում. այդ ժամանակ էլ ի՜նչ կարդալ: Ես կամաց-կամաց տեղափոխվեցի ներքև, ճաշում էի ծառաների խոհանոցում, և նախկին ճոխությունից ինձ մնացին այս սպասավորները, որ նույնիսկ հորս էին ծառայել և որոնց ազատելն ինձ համար ցավալի կլիներ:
Հենց առաջին տարիներին ինձ այստեղ ընտրեցին պատվավոր հաշտարար դատավոր: Երբեմն անհրաժեշտ էր լինում գնալ քաղաք և մասնակցել համագումարի և շրջանային դատարանի նիստերին, և դա ինձ հաճույք էր պարգևում: Երբ առանց քաղաք գնալու մի երկու-երեք ամիս ապրում ես այստեղ, հատկապես ձմռանը, վերջիվերջո սկսում ես կարոտել սև սյուրթուկը: Իսկ շրջանային դատարանում կային և՛ սյուրթուկներ, և՛ մունդիրներ, և՛ ֆրակներ. ընդհանուր կրթություն ստացած մարդիկ, որոնց հետ կարող էիր խոսել: Սահնակներում քնելուց, ծառաների խոհանոցից հետո, մաքուր հագնված, թեթև կոշիկներով, շղթան կրծքից կախ նստել բազկաթոռին՝ մի անասելի՜ շքեղություն է: Քաղաքում ինձ սիրալիր էին ընդունում. բոլորի հետ հաճույքով էի ծանոթանում: Բայց բոլոր ծանոթություններից ամենահիմնավորը և, ճիշտն ասած, ամենահաճելին ինձ համար Լուգանովիչի՝ շրջանային դատարանի նախագահի ընկերոջ հետ ծանոթությունն էր: Երկուսդ էլ նրան գիտեք. շատ հաճելի անհատականություն է: Դա պատահեց հենց սադրիչների հայտնի գործից հետո՝ հետաքննությունը տևեց երկու օր, մենք ուժասպառ էինք եղել: Լուգանովիչը նայեց ինձ և ասաց.
-Գիտե՞ք ինչ, գնանք ինձ մոտ ճաշելու:
Դա շատ անսպասելի էր, որովհետև Լուգանովիչի հետ ես այնքան էլ ծանոթ չէի, միայն պաշտոնապես, և ոչ մի անգամ. նրա տանը չէի եղել: Ես միայն մի րոպեով մտա իմ հյուրանոցային համարը, որպեսզի հագուստս փոխեմ և գնացի ճաշի: Եվ այնտեղ էլ առիթ ունեցա ծանոթանալու Լուգանովիչի կնոջ՝ Աննա Ալեքսեևնայի հետ: Այդ ժամանակ նա դեռ շատ երիտասարդ էր, քսաներկու տարեկանից ոչ ավել, իսկ դրանից կես տարի առաջ ծնվել էր նրա առաջին երեխան: Ամեն ինչ արդեն անցյալում է, և այժմ ինձ համար դժվար է ասել, թե ինչ արտասովոր բան կար նրա մեջ, որ ինձ այդպես դուր եկավ. այն ժամանակ ճաշելիս ամեն ինչ ինձ համար անհերքելիորեն պարզ էր. ես տեսա մի երիտասարդ կնոջ, որ գեղեցիկ էր, բարի, մտավորական, հմայիչ, որին երբևէ չէի հանդիպել. նրա մեջ իսկույն զգացի ինձ ծանոթ, հարազատ հոգու, իրոք, այդ դեմքը, այդ բարեհամբույր խելացի աչքերը ես վաղուց՝ ինչ-որ ժամանակ, տեսել էի մանկությանս օրերին՝ մորս կոմոդի վրա դրված ալբոմում:
Սադրիչների գործում մեղադրեցին չորս հրեաների և բացահայտեցին հրոսակախումբը՝ իմ կարծիքով՝ բոլորովին անհիմն: Ճաշելիս ես շատ էի հուզվում, ինձ համար դժվար էր և արդեն չեմ հիշում, թե ինչ էի խոսում, միայն Աննա Ալեքսեևնան անընդհատ օրորում էր գլուխն ու ասում ամուսնուն.
-Դմիտրի՛, էդպես ո՞նց կլինի:
Լուգանովիչը՝ այդ բաեսիրտ մարդը, իրենց կարծիքում հաստատակամ այն միամիտ մարդկանցից էր, որ կարծում էր՝ եթե մարդուն դատի են տվել, ուրեմն մեղավոր է և դատավճռի ճշմարտացիությանը կարելի է կասկածել միայն օրենքի կարգով, թղթով, բայց ոչ ամենևին ճաշի և մասնավոր զրույցի ընթացում:
-Մենք չենք հրկիզել,- ասում էր նա մեղմորեն,- և, ահա, մեզ չէ, որ դատում և բանտ են նստեցնում:
Եվ երկուսով՝ ամուսինն ու կինը ջանում էին, որ ես շատ ուտեմ ու խմեմ. որոշ մանրուքներից, թե ինչպես էին միասին սուրճ եփում, իրար կես բառից հասկանում, ես կարողացա եզրակացնել, որ նրանք ապրում են հաշտ ու խաղաղ, ապահով և ուրախ են հյուր ընդունելու համար: Ճաշից հետո նրանք երկուսով դաշնամուր նվագեցին, հետո մթնեց, և ես գնացի: Դա գարնան սկզբին էր: Հետ ողջ ամռանը ես մշտապես Սոֆինոյում էի. ոչ մի տեղ չէի գնում, և քաղաքի մասին մտածելու ժամանակ անգամ չունեի: Բայց բոլոր օրերին գեղիրան և շիկահեր կնոջ մասին հիշողություններն ինձ հետ էին. ես նրա մասին չէի մտածում, բայց նրա մեղմ ստվերը հոգուս մեջ էր:
Ուշ աշնանը բարեգործական նպատակներով ներկայացում եղավ: Մտնում եմ նահանգապետի օթյակ ¥ինձ ընդմիջմանն էին հրավիրել այնտեղ¤ և տեսնում, որ նահանգապետի կնոջ կողքին Աննա Ալեքսեևնան է, և նորից այդ նույն անդիմադրելի բաբախուն գեղեցկությունը, գորովալի, քնքշալի աչքերը և նորից այդ նույն հարազատության զգացումը:
Մենք նստել էին կողք կողքի, հետո քայլում էինք ֆոեում:
-Դուք նիհարել եք,- ասաց նա: -Հիվա՞նդ եք եղել:
-Այո՛, ուսս մրսել է, և անձրևային եղանակին վատ եմ քնում:
-Խամրած տեսք ունեք: Այն ժամանակ գարնանը, երբ Դուք եկաք ճաշելու, ավելի երիտասարդ էիք, ավելի աշխույժ: Դուք այն ժամանակ ոգևորված էիք և շատ էիք խոսում, շատ հետաքրքիր էիք և, խոստովանում եմ, ես նույնիսկ մի քիչ հրապուրվեցի ձեզնով: Ողջ ամռանը, չգիտես ինչու, հաճախ էի հիշում Ձեզ, և այսօր, երբ պատրաստվում էի թատրոն գալ, ինձ թվում էր՝ կտեսնեմ Ձեզ:
Եվ նա ծիծաղեց:
-Բայց այսօր Դուք խամրած տեսք ունեք,- կրկնեց նա:- Դա Ձեզ ծերացնում է:
Հաջորդ օրը ես նախաճաշեցի Լուգանովիչների մոտ. նախաճաշից հետո նրանք գնացին իրենց ամառանոցը՝ ձմռան համար կարգադրություններ անելու, ես էլ գնացի, նրանց հետ էլ քաղաք վերադարձա և կեսգիշերին թեյեցի նրանց մտերմիկ, ընտանեկան միջավայրում, երբ վառվում էր բուխարին, և երիտասարդ մայրն անընդհատ գնում էր տեսնելու քնա՞ծ է արդյոք իր աղջիկը: Եվ դրանից հետո ամեն անգամ քաղաք գալիս ես անպայման այցելում էի Լուգանովիչներին: Ընտելացել էին ինձ, ես էլ՝ նրանց: Սովորականի պես առանց զեկուցելու, ներս էի գնում ինչպես տանումարդ:
-Ո՞վ է,- լսվում էր հեռվի սենյակներից նրա ծորացող ձայնը, որն ինձ գեղեցիկ էր թվում:
-Պավել Կոնստանդինովիչն է,- պատասխանում էր սպասուհին կամ դայակը:
Աննա Ալեքսեևնանա ընդառաջ էր գալիս ինձ մտահոգ դեմքով և միշտ հարցնում էր.
-Ինչո՞ւ երկար ժամանակ չկայիք, որևէ՞ բան էր պատահել:
Նրա հայացքը, նրբագեղ, ազնվական ձեռքը, որ մեկնում էր ինձ, նրա տնային զգեստները, սանրվածքը, ձայնը, քայլվածքն ամեն անգամ ինձ վրա այդ նույն տպավորությունն էին թողնում. ասես իմ կյանքում նոր ու անսովոր, միևնույն ժամանակ, կարևոր մի բան էր եղել: Մենք երկար զրուցում էինք և երկար էլ լռում՝ ամեն մեկս մտքերով տարված, կամ էլ նա ինձ համար դաշնամուր էր նվագում: Եթե ոչ ոք էլ չէր լինում տանը, ապա մնում էի և սպասում, խոսում էի դայակի հետ, երեխայի հետ էի խաղում կամ էլ աշխատասենյակում պառկում էի թուրքական բազմոցին և թերթ էի կարդում, իսկ երբ Աննա Ալեքսեևնան վերադառնում էր, ապա ես նախասենյակում դիմավորում էի նրան, վերցնում էի ձեռքից բոլոր գնումները և ամեն անգամ, չգիտես ինչու, այդ գնումները ես տանում էի մի այնպիսի սիրով ու հանդիսավորությամբ, ինչպես տղան կտաներ: Մի այսպիսի ասացվածք կա՝ տատը բանուգործ չուներ, գնաց խոզ առավ-բերեց: Լուգանովիչներն էլ հոգս չունեին և այդպես մտերմացան ինձ հետ: Եթե ես երկար ժամանակ քաղաք չէի գնում, դա նշանակում էր, որ ես հիվանդ եմ, կամ ինչ-որ բան է պատահել ինձ, և նրանք երկուսով շատ էին անհանգստանում: Նրանց անհանգստացնում էր այն, որ ես՝ կրթված, լեզուներ իմացող մարդս, փոխանակ զբաղվելու գիտությամբ կամ գրական աշխատանքով, ապրում եմ գյուղում, հոլի պես պտտվում, շատ եմ աշխատում, բայց միշտ մնում եմ առանց գրոշի: Նրանց թվում էր, թե ես տառապում եմ, և եթե անգամ խոսում եմ, ծիծաղում, ուտում, ապա միայն այն պատճառով, որ թաքցնեմ տառապանքներս, և նույնիսկ ուրախ պահերին, երբ այնպես լա՜վ էի զգում ինձ, ես զգում էի ինձ վրա հառված նրանց հետաքրքրությամբ լի հայացքները. նրանք հատկապես սրտառուչ էին, երբ իրականում ծանր վիճակում էի հայտնվում, երբ ինձ նեղում էր ինչ-որ պարտատեր, կամ էլ փողը չէր հերիքում շուտափույթ վճարման համար, երկուսով՝ կին ու ամուսին, քչփչում էին պատուհանի մոտ, հետո ամուսինը մոտենում էր ինձ և լրջադեմ ասում.
-Ես և կինս թախանձագին խնդրում ենք ձեզ մեր կողմից ընդունել այս նվերը:
Եվ նվիրում էր թևքաճարմանդներ, ծխախոտատուփ կամ լամպ, իսկ ես դրա փոխարեն գյուղից ուղարկում էի մորթած թռչուն, յուղ, ծաղիկներ: Ի դեպ, երկուսն էլ նյութապես ապահով էին: Սկզբնական շրջանում ես հաճախ էի փոխարինաբար պարտք վերցնում և այն էլ՝ ոչ ընտրողաբար, վերցնում էի՝ որտեղից որ հնարավոր էր, բայց ոչ մի ուժ ինձ չէր ստիպի պարտք վերցնել Լուգանովիչներից: Է՜հ, ավելորդ է անգամ խոսելը:
Ես դժբախտ էի: Ե՛վ տանը, և՛ դաշտում, և՛ մարագում ես մտածում էի նրա մասին, ես փորձում էի հասկանալ երիտասարդ, գեղեցիկ, խելացի կնոջ գաղտնիքը, որն ամուսնանում է անհետաքրքիր մարդու, համարյա ծերունու հետ (ամուսինը քառասունից անց էր) և նրանից երեխաներ ուներ, հասկանալ գաղտնիքն այդ անհետաքրքիր, բարեսիրտ, պարզամիտ մարդու, որը դատողություններ էր անում այդպիսի ձանձրալի ողջամտությամբ, ճլորած, անօգնական, հլու-հնազանդ, անահաղորդ հայացքով պարահանդեսների և երեկույթների ժամանակ կանգնում էր հեղինակավոր մարդկանց կողքին, ասես իրեն բերել են այստեղ ծախելու, մի մարդու, որը հավատում էր միայն իր երջանիկ լինելու ու նրանից երեխաներ ունենալու իրավունքին, և ես անընդհատ փորձում էի հասկանալ, ինչո՞ւ Աննա Ալեքսեևնան հատկապես նրան հանդիպեց և ոչ՝ ինձ, և ինչո՞ւ մեր կյանքում այդպիսի ահավոր սխալ տեղի ունեցավ:
Իսկ քաղաք գալով՝ ես ամեն անգամ նրա աչքերից հասկանում էի, որ նա սպասում է ինձ. ինքն էլ էր խոստովանում ինձ, որ դեռ առավոտից ասես ինչ-որ յուրահատուկ կանխազգացում ուներ, ասես կռահում էր, որ ես գալու եմ: Մենք երկար խոսում էինք, լռում, բայց իրար չէինք խոստովանում մեր սերը և թաքցնում էինք այն երկչոտությամբ ու խանդով: Մենք վախենում էինք այն ամենից, ինչը կարող էր մեր գաղտնիքը հասու դարձնել հենց մեզ: Ես սիրում էի նրան քնքշորեն և խորը սիրով, բայց մտածում էի, հարցնում ինքս ինձ, թե ինչի կարող է հասցնել մեր սերը, եթե մեր ուժերը չբավարարեն պայքարելու նրա դեմ. ինձ անհավատալի էր թվում, որ իմ լուռ և տխուր սերը հանկարծ կոպտորեն կընդհատի նրա ամուսնու, երեխաների և ամբողջ այդ տան երջանիկ կյանքի ընթացքը, տուն որտեղ ինձ այնպես սիրում էին և հավատում: Ազնիվ՞ է արդյոք դա: Նա կգար իմ հետևից, բայց ո՞ւր: Ո՞ւր կարող էի տանել ես նրան: Ուրիշ բան, եթե ես ունենայի գեղեցիկ ու հետաքրքիր կյանք, եթե ես, օրինակ, կռվեի հայրենիքի ազատագրության համար կամ լինեի հայտնի գիտնական, դերասան, նկարիչ, թե չէ ստիպված կլինեի մի սովորական առօրյա հանգամանքներից նրան նետել ուրիշ մի այդպիսի կամ նույնիսկ գուցե ավելի առօրյա հանգամանքների մեջ: Եվ ինչքա՞ն կշարունակվեր մեր երջանկությունը: Ի՞նչ կլիներ նրա հետ իմ հվանդության կամ մահվան դեպքում, կամ էլ եթե մենք պարզապես այլևս չսիրեինք իրար:
Եվ նա, ըստ երևույթին, նույն կերպ էր մտածում: Մտածում էր ամուսնու, երեխայի, իր մոր մասին, որն ամուսնուն սիրում էր որդու պես: Եթե նա տրվեր իր զգացմունքներին, ապա ստիպված կլիներ ստել կամ ասել ճշմարտությունը, բայց նրա վիճակում այդ ճշմարտությունները կլինեին հավասարապես ահավոր և անհարմար: Եվ նրան տանջում էր այն հարցը, թե արդյոք իր սերն ինձ երջանկություն կբերի՞, այն չի՞ բարդացնի իմ կյանքը, որն առանց այն էլ ծանր է՝ լի բազում դժբախտություններով: Նրան թվում էր, թե ինքն ինձ համար արդեն բավականաչափ ջահել չէ, ոչ էլ աշխատասեր և եռանդուն, որպեսզի նոր կյանք սկսի. հաճախ էր ամուսնու հետ խոսում այն մասին, որ ես պետք է ամուսնանամ մի խելացի, արժանավոր աղջկա հետ, որը լավ տնտեսուհի և օգնական կլինի ինձ և անմիջապես էլ ավելացնում էր, թե ողջ քաղաքում հազիվ թե գտնվի այդպիսի մեկը:
Այնինչ տարիներն անցնում էին: Աննա Ալեքսեևնան արդեն երկու երեխայի մայր էր: Երբ գնում էի Լուգանովիչների մոտ, սպասուհին սիրալիր ժպտում էր, երեխաները ճչում էին՝ թե քեռի Պավել Կոնստանդինովիչն է եկել և կախվում էին վզիցս. բոլորն ուրախանում էին: Չէին հասկանում, թե ինչ է կատարվում իմ հոգում և կարծում էին, թե ես նույնպես ուրախանում եմ: Նրանք բոլորն ինձ վեհանձն մարդու տեղ էին դնում: Եվ մեծերը, և փոքրերը զգում էին, որ սենյակում քայլում է ազնվագույն մեկը, և դա նրանց՝ ինձ հետ ունեցած հարաբերություններին յուրահատուկ հմայք էր տալիս. ասես իմ ներկայությունը նրանց կյանքը դարձնում էր մաքուր ու գեղեցիկ: Ես և Աննա Ալեքսեևնան միասին թատրոն էինք գնում և ամեն անգամ ոտքով. մենք նստում էինք կողք կողքի, մեր ուսերը դիպչում էին իրար, ես լուռ վերցնում էի նրա ձեռքից հեռադիտակը և այդ պահին զգում էի, որ նա հարազատ է ինձ, որ նա իմն է, որ մենք էլ չենք կարող ապրել առանց իրար, բայց թատրոնից դուրս գալով՝ մենք ինչ-որ տարօրինակ թյուրիմացությամբ ամեն անգամ իրար հրաժեշտ էինք տալիս և բաժանվում, ինչպես օտարներ: Քաղաքում արդեն խոսում էին մեր մասին աստված գիտե՝ թե ինչ, բայց այդ ամենի մեջ ճշմարտության հատիկ անգամ չկար: Վերջին տարիներին Աննա Ալեքսեևնան սկսեց հաճախակի մեկնել քաղաքից մեկ մոր, մեկ քրոջ մոտ. նա մինչ այդ էլ էր վատ տրամադրություն ունեցել. չբավարարված, անպետք կյանքի գիտակցությունն էլի էր արթնանում, ու նա չէր ուզում տեսնել ոչ ամուսնուն, ոչ էլ երեխաներին: Նա արդեն բուժվում էր նյարդային խանգարումից:
Մենք անվերջ ու անվերջ լռում էինք, իսկ կողմնակի մարդկանց ներկայությամբ նա տարօրինակ լարվածությամբ էր լցվում իմ նկատմամբ. ինչի մասին էլ խոսեի, նա չէր համաձայնվում ինձ հետ, իսկ եթե վիճում էի մեկնումեկի հետ, ապա անցնում էր իմ հակառակորդի կողմը: Երբ ինչ-որ բան էի վայր գցում, նա սառնությամբ ասում էր.
-Շնորհավորում եմ ձեզ:
Եթե նրա հետ թատրոն գնալիս ես մոռանում էի վերցնել հեռադիտակը, ապա հետո ասում էր.
-Ես այդպես էլ գիտեի, որ դուք կմոռանաք:
Բարեբախտաբար թե դժբախտաբար, մեր կյանքում չի լինում ոչինչ, որ վաղ թե ուշ չվերջանա: Եկավ բաժանման պահը, քանի որ Լուգանովիչին նախագահ նշանակեցին արևմտյան նահանգներից մեկում: Անհրաժեշտ էր վաճառել կահույքը, ձիերը, ամառանոցը: Երբ գնում էինք ամառանոց և հետ դառնալիս շրջվում՝ մի վերջին անգամ հայացք գցելու այգուն, կանաչ տանիքներին, բոլորս էլ տխուր էինք. ես հասկացա, որ եկել է ոչ միայն ամառանոցին հրաժեշտ տալու ժամանակը: Որոշվեց, որ օգոստոսի վերջին մենք Աննա Ալեքսեևնային կճանապարհենք Ղրիմ, ուր ուղարկում էին նրան բժիշկները, իսկ որոշ ժամանակ հետո արևմտյան նահանգ կգնա Լուգանովիչը երեխաների հետ:
Մենք մեծ խմբով ճանապարհեցինք Աննա Ալեքսեևնային: Երբ նա արդեն հրաժեշտ էր տվել ամուսնուն, երեխաներին և երրորդ զանգին մեկ ակնթարթ էր մնացել, ես վազեցի նրա մոտ՝ կուպե, որպեսզի նրան տամ զամբյուղներից մեկը, որ քիչ էր մնացել մոռանա. մենք պետք է հրաժեշտ տայինք իրար: Երբ կուպեում մեր հայացքները հանդիպեցին, հոգեկան ուժերը լքեցին մեզ, ես գրկեցի նրան, և նա դեմքով սեղմվեց կրծքիս. արցունքները հոսեցին աչքերից. ես համբուրում էի նրա դեմքը, ուսերը, ձեռքերը, որ թաց էին արցունքներից¥ օ՜, ի՜նչ դժբախտ էինք մենք¤, ես նրան խոստովանեցի իմ սերը և սրտիս մեջ այրող ցավ զգալով՝ հասկացա, թե ինչքան ավելորդ, մանր, ինչքան խաբուսիկ է եղել այն ամենը, ինչը խանգարել է մեզ սիրել: Ես հասկացա, որ երբ սիրում ես, ապա այդ սիրո մասին դատողություններ անելիս պետք է ելնել ամենակարևորից, քան երջանկությունն է կամ դժբախտությունը, մեղքը կամ առաքինությունը իրենց սովորական իմաստով կամ ընդհանրապես հարկավոր չէ այն դատել:
Ես համբուրեցի նրան վերջին անգամ, սեղմեցի ձեռքը, և մենք բաժանվեցինք… հավիտյան: Գնացքն արդեն գնում էր: Նստեցի հարևան կուպեում (այն դատարկ էր). մինչև առաջին կայարան հասնելը ես այնտեղ նստած լալիս էի: Հետո ոտքով հասա Սոֆինո…
Մինչ Ալյոխինը պատմում էր, անձրևը կտրվեց, և դուրս եկավ արևը: Բուրկինը և Իվան Իվանիչը դուրս եկան պատշգամբ. այնտեղից բացվում էր մի հրաշալի տեսարան դեպի այգին ու ջրամբարը, որն ինչպես հայելի, փայլում էր արևից: Նրանք հիանում և միևնույն ժամանակ ափսոսում էին, որ այդ բարի, խելացի աչքերով մարդը, որ այդպես անկեղծորեն պատմում էր, ըստ էության հոլի պես պտտվում էր այս հսկայական կալվածքում և չէր զբաղվում գիտությամբ կամ ինչ-որ այլ բանով, որը նրա կյանքն ավելի հաճելի կդարձներ. նրանք նաև մտածում էին, թե ինչքա՜ն վշտալի կարող էր լինել երիտասարդ կնոջ դեմքը հրաժեշտի պահին, երբ Ալյոխինը կուպեում համբուրում էր նրա դեմքն ու ուսերը: Նրանք երկուսով հանդիպել էին այդ կնոջը քաղաքում, և Բուրկինը նույնիսկ ծանոթ էր նրա հետ և կարծում էր, որ նա գեղեցիկ է:

1898

Թարգմանությունը ռուսերենից ` Կարինե Մեսրոպյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *