Հացի, մսի ու համեմունքների մի քանի փոքր դուքաններ, երկու չայխանա և մի վարսավիրանոց` բոլորն էլ քաղցը հագեցնելու և կյանքի տարրական կարիքները բավարարելու համար, սրանք էին կազմում Վարամինի հրապարակը: Հրապարակն ու նրա մարդիկ՝ բարկ արևի տակ կիսավառված ու կիսախորովված, երազում էին մայրամուտի առաջին հովն ու իրիկնային ստվերը: Մարդիկ, դուքանները, ծառերն ու կենդանիներն ուժից ընկել էին: Տոթը հեղձուցիչ էր նրանց գլխավերևում, իսկ լաջվարդ երկնքի հանդիման ալիքվում էր փափուկ մուրուփոշին, որը գնալով խտանում էր մեքենաների երթևեկի պատճառով:
Հրապարակի մի կողմում հնամյա չինարի ծառ էր կանգնած, որի բունը դատարկամեջ էր ու քայքայված, բայց ամենայն համառությամբ փռել էր իր հոդատապային ծուռումուռ ճյուղերը, իսկ նրա փոշոտ տերևների շվաքի տակ դրված էր քարե լայն ու մեծ պատվանդան, որտեղ երկու տղա բարձրաձայն երգ ասելով բրնձի կաթնապուր և դդմի սերմ էին վաճառում: Չայխանայի առջևի ջրատար առվով տղմոտ թանձր ջուրը հազիվ հազ քարշ էր տալիս իրեն ու անցնում:
Միակ ուշագրավ շինությունը Վարամինի հայտնի աշտարակն էր, որի գլանաձև ճաքճքած պատն իր կոնաձև գլխով երևում էր կիսով չափ: Նրա քանդրտված աղյուսների արանքներում բույն դրած ճնճղուկներն էլ տապից հանգչել ու դանթում էին: Միայն ինչ-որ շան կաղկանձն էր մերթընդմերթ խզում լռությունը:
Դա շոտլանդական շուն էր՝ ծխագույն մռութով, ոտքերի վրա սև խայտով: Կարծես` ճահճուտի միջով վազել էր ու ցեխոտվել: Լոշտակ ականջներ, թավ պոչ և կեղտակալած ալիքավոր մազեր ուներ, իսկ բրդոտ գլխի վրա պսպղում էին երկու ուշիմ մարդկային աչքեր: Մի տեսակ մարդկային հոգի էր նշմարվում նրա աչքերի խորքում: Նրա կյանքը պատած կեսգիշերվա միջից ինչ-որ անեզր բան էր ծփում նրա աչքերում ՝ կրելով ինչ-որ պատգամ, որը հնարավոր չէր ըմբռնել, սակայն մնացել էր նրա բիբերի հետևում: Դա ո՛չ լույս էր և ո՛չ գույն, ուրիշ անհավատալի մի բան էր՝ նման այն բանի, որ վիրավոր եղնիկի աչքերում է երևում: Նրա և մարդու աչքերի միջև ոչ միայն նմանություն կար, այլև մի տեսակ համահավասարություն էր նկատվում. երկու դարչնականաչավուն աչքեր՝ ցավով, տանջանքով և սպասումով լեցուն, որոնց կարելի է տեսնել միայն թափառիկ շան դեմքի վրա: Սակայն, ինչպես երևում էր, ոչ ոք չէր նկատում ու չէր հասկանում նրա ցավագին ու աղերսալի հայացքները: Հացի փռի մոտ սպասավորն էր նրան ծեծում, մսի դուքանի դեմ աշակերտն էր քար նետում վրան, մեքենայի շվաքի տակ պատսպարվելու դեպքում` վարորդի սեպավոր կոշկի ծանր քացուն էր արժանանում, իսկ երբ բոլորը հոգնում էին նրան հալածելուց, կաթնապուր վաճառող երեխան էր առանձնահատուկ հաճույք ստանում նրան խոշտանգելուց: Ամեն մի թառանչի դիմաց մի քարաբեկոր էր դիպչում գավակին, և շան թառանչին հետևում էր երեխայի քրքջոցի ձայնը, ապա նաև խոսքը. «Ես քո վատակրոն տերը….»: Կարծես թե ամենքը տղայի կողմն էին և խորամանկաբար՝ հանց դարմանի տակի ջուր, խրախուսում էին նրան ու միաբերան հռհռում: Բոլորն Աստծու սիրույն ծեծում էին շանը և շատ բնական էին համարում, որ հանուն վարձքի՝ կրոնի կողմից նզովված և յոթ կյանք ունեցող պիղծ շանը տանջում են:
Կաթնապուր վաճառող տղան այնքան նեղեց, որ ի վերջո կենդանին ճարահատ փախավ դեպի աշտարակ տանող փողոցը, ավելի ճիշտ, սոված փորով դժվարությամբ իրեն քարշ տվեց և ապաստան գտավ մի ջրատարի մեջ, գլուխը դրեց երկու թաթերի վրա, լեզուն դուրս բերեց և կիսարթուն-կիսաքուն վիճակում սկսեց նայել դիմացը ծփացող կանաչապատ հանդին: Մարմինը հոգնած էր, ջղերը ցավում էին: Ջրատարի խոնավ օդում յուրահատուկ հանգստություն պատեց նրան՝ ոտից գլուխ: Նրա դնչին հասնող՝ կիսակենդան խոտերի, հնամաշ թրջված կոշկի, մեռյալ ու ապրող իրերի տարբեր տեսակ հոտերը, խառնիխուռն ու հեռավոր հուշեր արթնացրին: Ամեն անգամ երբ ուշադրություն էր դարձնում մարգադաշտին, զարթնում էր նրա բնազդային ցանկությունը՝ ուղեղում նորից վերակենդանացնելով անցյալի հուշերը: Բայց այս անգամ այնքան ուժեղ էր զգացողությունը, ասես, հենց ականջի տակ ինչ-որ ձայն նրան մղում էր շարժվել ու ցատկոտել: Խիստ ցանկություն զգաց վազել այս խոտերի մեջ ու թռչկոտել:
Դա նրա ժառանգական զգայությունն էր, քանի որ նրա բոլոր նախնիները Շոտլանդիայիում ազատորեն բուծվել էին արոտավայրերի մեջ, սակայն մարմինն այնքան էր ջարդված, որ նվազագույն շարժման հնարավորություն անգամ չէր տալիս: Նրան համակեց նվաղությամբ ու թուլությամբ զուգակցված ցավագին զգացողություն, մոռացված ու կորած հույզերը խռովեցին հոգին: Առաջներում նա զանազան կանոններ ու կարիքներ ուներ, իրեն պարտավորված էր համարում տիրոջ ձայնի վրա ներկայանալ, տիրոջ տնից հեռու վանել օտար մարդկանց կամ դրսի շներին, խաղալ տանտիրոջ երեխայի հետ, ծանոթ մարդկանց վերաբերվեր ինչպես որ հարկն էր, իսկ անծանոթ մարդկանց հանդեպ այլ կերպ վարվեր, ժամանակին ուտեր ճաշը, որոշակի ժամերին շոյվելու ակնկալիք ունենար: Բայց հիմա այդ բոլոր պարտավորությունները վերցվել էին նրա վզից:
Նրա ամբողջ ուշադրությունը հատկացված էր միայն այն բանին, որ ահուդողով մի կտոր սնունդ թռցնի զամբյուղից և ամբողջ օրը ծեծ ուտի ու ոռնա: Սա էր դարձել նրա միակ պաշտպանական գործիքը: Նախկինում ինքը համարձակ էր, անվախ, մաքուր և կենսուրախ, բայց հիմա դարձել էր վախկոտ ու բամփվող: Յուրաքանչյուր ձայնից, մոտերքում շարժվող ամեն ինչից դողում էր, նույնիսկ սեփական ձայնից էր սարսափում: Ընդհանրապես, ընտելացել էր կեղտին ու աղտին, մարմինը քոր էր գալիս, բայց լվերին բռնելու կամ ինքն իրեն լիզելու տրամադրություն չուներ: Նա զգում էր, որ դեն ածելու աղբ էր դարձել, և իր մեջ ինչ-որ բան էր մեռել ու մարել:
Այն ժամանակվանից, երբ ընկավ այս դժոխքի հատակը, երկու ձմեռ կլիներ, որ կուշտ փորով հաց չէր կերել, մի անգամ հանգիստ քուն չէր ունեցել, խեղդվել էին իր կիրքն ու գրգիռները, ոչ ոք չէր շոյել իր գլուխը, ոչ ոք չէր նայել իր աչքերի մեջ: Այստեղի մարդիկ, թեև արտաքուստ նման էին իր տիրոջը, բայց, ըստ երևույթին, իր տիրոջ զգացմունքները և վարքն ու բարքը երկնքից գետին տարբերվում էին սրանց վարմունքից: Կարծես անցյալում իրեն հանդիպած մարդիկ առավել մոտ էին իր աշխարհին, ավելի լավ էին հասկանում իր ցավերն ու հույզերը և ավելի շատ էին հովանավորում իրեն:
Նրա քիմքին հասնող հոտերից ամենաշատը զգլխիչ էր տղայի առջևում դրված կաթնապուրի հոտը: Այդ սպիտակավուն հեղուկն այնքա՜ն էր նմանում իր մոր կաթին և հիշողության մեջ արթնացնում իր մանկության պատկերները: Հանկարծ նրան տիրեց ընդարմության վիճակ: Թվաց, թե քոթոթ ժամանակ իր մոր ստինքից ծծում էր այդ տաք սննդարար հեղուկը, իսկ մոր պիրկ ու կակուղ լեզուն սրբում ու մաքրում էր նրա մարմինը: Մոր գրկում և եղբոր կողքին զգացացած թունդ հոտը, մոր և նրա կաթի ուժեղ ու սուր հոտը խտղտաց նրա քթանցքերում:
Հենց արբենում էր կաթից, մարմինը տաքանում էր ու հանդարտվում, և նրա բոլոր երակներով ու ջլերով վազում էր հեղուն ջերմություն: Ծանր գլուխը հեռացնում էր մոր ստինքից, որից հետո վրա էր հասնում խոր քունը՝ մարմնով մեկ անցնող դուրալի դողերով: Դրանից առավել էլ ի՜նչ հաճույք, որ ձեռքերն ինքնըստինքյան սեղմում էին մոր ստինքները, և կաթը ծորում էր առանց նեղության ու ջանքի: Եղբոր աղվամազոտ մարմինը և մոր ձայնը լեցուն էին հաճույքով ու փաղաքշանքով: Հիշեց իր նախկին փայտե բույնը և այն կանաչավետ այգում իր եղբոր հետ խաղերը:
Կծում էր նրա լոշտակ ականջները, գետին էին թավալվում, վեր կենում, վազում: Ավելի ուշ մեկ այլ խաղակից գտավ՝ իր տիրոջ տղային: Այգու մեջ վազվզում էր նրա հետևից, հաչում, ատամներով բռնում հագուստից: Երբեք չէր մոռանում, մանավանդ, տիրոջ շոյանքները և նրա ձեռքից կերած շաքարի կտորները, բայց տիրոջ տղային է՛լ ավելի շատ էր սիրում, որովհետև իր խաղընկերն էր և երբեք չէր ծեծում իրեն: Հետո հանկարծ կորցրեց իր մորն ու եղբորը, մնացին միայն իր տերը, նրա կինն ու տղան, մեկ էլ՝ ծեր սպասավորը: Ի՜նչ լավ էր ջոկում ամեն մեկի հոտը և հեռվից ճանաչում նրանց ոտնաձայները: Ճաշվա ժամին ու ընթրիքին ոստոստում էր սեղանի շուրջ և զգում ուտելիքների հոտերը: Չնայած ամուսնու հանդիմանությանը՝ տիրոջ կինը գորովանքով ու քնքշությամբ մի պատառ ուտելիքով հյուրասիրում էր իրեն: Այնուհետև գալիս էր ծեր սպասավորը և ձայն տալիս նրան. «Փա՜թ….Փա՜թ….», որից հետո նրա բաժին կերն առանձին ամանով դնում էր փայտե բնի մոտ:
Փաթի արբենալը նրա դժբախտության պատճառը դարձավ, քանի որ տերը թույլ չէր տալիս, որ Փաթը տնից դուրս գար և էգ շների հետևից ընկներ: Այնպես պատահեց, որ աշնանային մի օր տերը երկու ծանոթ մարդկանց հետ ավտոմեքենա նստեց, և Փաթին էլ կանչեցին ու իրենց կողքը տեղավորեցին: Փաթը մի քանի անգամ ավտոմեքենայով ճամփորդել էր իր տիրոջ հետ, բայց այդ օրը նա արբեցած էր և առանձնահատուկ հուզմունքով ու ոգևորությամբ լցված: Մի քանի ժամ ճանապարհ կտրելուց հետո, հենց այս հրապարակում կանգ առան ու իջեցրին: Իր տերը և երկու ծանոթ մարդիկ անցան հենց այս աշտարակամերձ փողոցով, բայց Փաթը հանկարծ էգ շան հոտ զգաց, ցեղակցի հատուկ հոտը հանկարծ խենթացրեց նրան, տարբեր տարածությամբ հոտոտեց տեղանքը և վերջապես ջրի ճանապարհով ներս մտավ այգին:
Արևամուտին կրկին ականջին հասավ իր տիրոջ ձայնը, որ կանչում էր. «Փա՜թ…..Փա՜թ…»: Արդյոք իսկապես նրա ձա՞յնն էր, թե՞ նրա ձայնի արձագանքն էր պտտվում իր ականջում:
Տիրոջ ձայնը թեև տարօրինակ ազդեցություն էր գործում նրա վրա, հիշեցնելով իր բոլոր հանձնառություններն ու պարտականությունները, որոնց հանդեպ իրեն պարտական էր զգում, սակայն արտաքին աշխարհի ուժերից վեր մի ուժ ստիպում էր նրան մնալ էգ շան հետ: Զգաց, որ ականջը ծանրացել ու բթացել էր արտաքին աշխարհի ձայների հանդեպ: Հզոր զգացումներ էին զարթնել նրա մեջ, և էգ շան հոտն այնքան ուժեղ ու թունդ էր, որ գլուխը դրանից պտտվում էր:
Բոլոր մկանները, ամբողջ մարմինն ու զգայությունները չէին ենթարկվում նրան, դուրս էին եկել նրա վերահսկողությունից, բայց շատ չանցած փայտով ու բահի կոթով վրա տվեցին և նրան հեռու քշեցին ջրի ճանապարհից:
Փաթը՝ շշմած, բժժած ու հոգնած, բայց թեթևացած ու հանգստացած, հենց ուշքի եկավ թե չէ, գնաց իր տիրոջը փնտրելու: Մի քանի նեղլիկ փողոցներում թեթևակի մնացել էր տիրոջ հոտը: Մեկ առ մեկ զննեց, տեղ-տեղ նշաններ թողեց իրենից, գնաց մինչև բնակավայրից դուրս գտնվող ավերակներն ու նորից վերադարձավ, որովհետև Փաթն իմացավ, որ իր տերը հետ է եկել հրապարակ, բայց հրապարակում տիրոջ հոտն արդեն նոսրանում և անհետանում էր մյուս հոտերի մեջ: Արդյոք տերը գնացե՞լ ու իրեն այտեղ էր թողե՞լ: Տագնապի ու երկյուղի հաճելի զգացողություն ապրեց, որովհետև տերը նրա համար Աստծու պես էր, բայց միևնույն ժամանակ վստահ էր, որ տերը կգա իրեն որոնելու: Վախեցած սկսեց վազել խճուղիներով, բայց ապարդյուն էին նրա նեղությունները:
Վերջապես գիշերը հոգնած-ջարդված վերադարձավ հրապարակ: Ոչ մի հետք չկար իր տիրոջից, մի քանի անգամ պտույտ արեց հրապարակի շուրջ, վերջը գնաց այն ջրատարի մոտ, որտեղ հանդիպել էր էգ շանը, բայց ջրի ճամփան փակել էին քարաշարով: Փաթն առանձնակի ջերմությամբ սկսեց փորել հողը, որ միգուցե կարողանար սողոսկել այգի, բայց անհնար էր: Երբ հուսահատվեց, հենց այդտեղ սկսեց մրափել :
Կեսգիշերին Փաթն իր տնքոցի ձայնից վեր թռավ քնից, սարսափահար վեր կացավ, փողոցները չափչփեց, պատերը հոտոտեց և մոլոր ու աննպատակ մի առ ժամանակ թափառեց փողոցներում: Վերջապես սաստիկ քաղց զգաց, հրապարակ վերադարձավ և տեսակ-տեսակ հոտեր կպան նրա դնչին՝ գիշերվա ընթրիքից մնացած մսի, թարմ հացի և մածունի միախառնված հոտեր: Բայց միևնույն ժամանակ զգում էր, որ ինքը մեղավոր էր և ուրիշի տարածք էր ներթափանցել, ուստի հարկավոր էր, որ իր տիրոջը նմանվող այս մարդկանց աղաչեր, և եթե ուրիշ մրցակից չհայտնվեր ու իրեն չքշեր այդ շրջակայքից, ապա քիչ-քիչ ինքն այդ տարածքի տեր-տիրականը կդառնար, և գուցե ուտելիք ունեցող այս էակներից մեկնումեկը վերցներ ու խնամեր իրեն:
Զգուշությամբ, ահով ու դողով մոտեցավ նոր բացվող հացի խանութին, որտեղից սփռվեց թխված խմորի թունդ բույրը: Հացը ձեռքին առած մի մարդ կանչեց նրան. «Արի՜…արի՜…»: Որքա՜ն օտարոտի հնչեց նրա ձայնն իր ականջին, հետո մարդը մի կտոր տաք հաց շպրտեց դեմը: Փոքր-ինչ երկմտելուց հետո Փաթը կերավ հացը և պոչ խաղացրեց նրա համար: Հացը դնելով պատվանդանի վրա՝ մարդը վախով ու զգուշավորությամբ շոյեց շան գլուխը, հետո երկու ձեռքով բացեց նրա վզի շղթան: Ինչպիսի՜ հանգստություն զգաց: Կարծես, բոլոր պատասխանատվությունները, պարտավորություններն ու պարտականությունները վերցրին Փաթի վզից: Բայց երբ նորից պոչ շարժելով մոտեցավ խանութպանին, պինդ քացու հարված ստացավ կողերին և վնգստալով հեռացավ: Խանութի տերը գնաց և առվի ջրում բծախնդրությամբ լվաց ձեռքերը: Վզկապը կախված էր խանութի դեմը, և Փաթը դեռ ճանաչում էր այն:
Այդ օրվանից ի վեր քացուց, քարից և մահակի հարվածից բացի ուրիշ բան չստացավ Փաթը մարդկանցից: Ասես բոլորն իր արյունին ծարավ թշնամիներ էին և հաճույք էին ստանում իրեն խոշտանգելուց:
Փաթը զգում էր, որ նոր աշխարհ էր մտել, որտեղ ո՛չ ինքն էր հարազատ և ո՛չ էլ որևէ մեկն էր հասկանում իր զգացումներն ու հույզերը: Առաջին քանի օրերը դժվարությամբ անցկացրեց, բայց հետո քիչ-քիչ սովորություն դարձրեց: Բացի դրանից, փողոցի գլխին՝ դեպի աջ կողմը, աղբի ու թափոնի կուտակման մի վայր էր գտել, որտեղից համեղ կտորներ էր ճարում, ինչպես օրինակ՝ ոսկոր, ճարպ, կաշի, ձկան գլուխ և ուրիշ ուտելիքներ, որոնք ինքը չէր ճանաչում: Օրվա մնացած մասն էլ անց էր կացնում մսավաճառի ու հացթուխի խանութների մոտակայքում: Աչքը հառում էր մսավաճառի ձեռքին, բայց ավելի շատ ծեծ էր ուտում, քան համեղ մսակտորներ: Եվ համակերպվել էր իր նոր կյանքին: Նախորդ կյանքից մնացել էին միայն մի բուռ խուլ ու անորոշ պատկերներ և հատուկենտ հոտեր, իսկ երբ կյանքը շատ էր դժվարանում, այդ կորած դրախտի անուրջում էր սփոփանք և փախուստի ելք գտնում, և անկախ իրենից այն օրերի հիշողությունները գալիս էին աչքերի առջև:
Բայց Փաթին ամենից շատ տանջում էր շոյվելու, փաղաքշվելու կարիքը: Նա նման էր այն երեխային, որ մշտապես բամփվել ու հայհոյանք էր լսել, սակայն նրա նուրբ զգացումները դեռ չէին խամրել: Տառապանքով ու ցավերով լի այս նոր կյանքում, մանավանդ, առավել քան երբևէ զգում էր շոյվելու պահանջմունքը: Աչքերը պաղատում էին այդ շոյանքը, պատրաստ էր կյանքը տալ, միայն թե մեկն իրեն գուրգուրեր կամ գլուխը շոյեր: Նա կարիք ուներ, որ իր գորովն արտահայտեր մեկի հանդեպ, նվիրվեր մեկին, իր պաշտամունքի ու հավատարմության զգացումը ցույց տար ինչ-որ մեկին, բայց, ըստ երևույթին, ոչ ոք Փաթի զգացմունքների զեղման կարիքը չուներ, ոչ ոք չէր հովանավորում նրան. ո՛ւմ աչքերի մեջ նայում էր, քենից ու չարիքից զատ այլ բան չէր կարդում այնտեղ: Այդ մարդկանց ուշադրությունը գրավելու համար ինչպիսի շարժում էլ աներ, կարծես, ավելի շատ դրդում էր նրանց բարկությունն ու զայրույթը:
Այդ ընթացքում, երբ Փաթը նիրհում էր ջրատար փոսի մեջ, մի քանի անգամ հառաչեց ու արթնացավ, կարծես թե մղձավանջ էր տեսնում: Հենց այդ ժամանակ սաստիկ քաղցածություն զգաց, խորովածի հոտ առավ, դաժան սովածությունը խոշտանգեց նրան ներսից, և նա մոռանալով իր անզորությունն ու մյուս բոլոր ցավերը՝ մի կերպ ոտքի ելավ և զգուշությամբ դեպի հրապարակ շարժվեց:
……………………………………………………………………………………………………………………………………
Հենց այդ ժամանակ ավտոմեքենաներից մեկն աղմկելով ու փոշի բարձրացնելով մտավ Վարամինի հրապարակ: Մի մարդ իջավ մեքենայից, մոտեցավ Փաթին և ձեռքով շոյեց կենդանու գլուխը: Այդ մարդը նրա տերը չէր, Փաթը չխաբվեց, որովհետև իր տիրոջ հոտը լավ էր ճանաչում, բայց ինչպե՞ս էր պատահել, որ մեկը շոյում էր նրա գլուխը: Փաթը շարժեց պոչը և տարակուսանքով նայեց մարդուն, արդյոք չէր խաբվո՞ւմ ինքը: Բայց վզին շղթա չկար, որ իրեն շոյեին: Մարդը շուռ եկավ և կրկին շոյեց նրա գլուխը: Փաթը գնաց այդ մարդու հետևից և է՛լ ավելի զարմացավ, որովհետև նա մտավ մի սենյակ, որտեղից ուտելիքների բույրեր էին գալիս, նստեց պատի տակի նստարանին և Փաթի համար տաք լավաշ, մածուն, հավկիթ և ուրիշ ուտելիքներ դրեց: Նա հացի կտորները թաթախում էր մածնի մեջ և գցում շան առջև: Փաթը նախ հապշտապ, հետո ավելի դանդաղ սկսեց ուտել՝ սիրուն ու աղերսող կանաչավուն իր աչքերը շնորհակալությամբ հառելով մարդու երեսին և պոչը շարժելով: Արթո՞ւն էր արդյոք, թե՞ երազ էր տեսնում: Փաթը մի փոր հաց կերավ, և ճաշը ծեծով չընդհատվեց: Արդյոք հնարավո՞ր էր, մի՞թե նոր տեր էր գտել: Չնայած շոգին՝ մարդը վեր ելավ, գնաց աշտարակ տանող ճանապարհ, փոքր-ինչ կանգ առավ այդտեղ, հետո ծուռումուռ փողոցներով գնաց մինչև ավերակների պատերը, որտեղ հասել էր նաև իր տերը: Գուցե այս մարդիկ էլ իրենց էգի հոտն էին որոնում: Փաթը սպասեց նրան պատի շվաքում, հետո մեկ այլ ճանապարհով վերադարձան հրապարակ:
Այդ մարդը մի անգամ էլ շոյեց Փաթի գլուխը, ապա մի փոքր պտտեց հրապարակի շուրջ և հետո գնաց ու նստեց այն մեքենաներից մեկի մեջ, որոնցից էլի էր տեսել Փաթը: Փաթը չէր համարձակվում ներս ցատկել, մեքենայի մոտ նստած նայում էր մարդուն:
Մեքենան հանկարծ հողուփոշի բարձրացնելով ճանապարհ ընկավ, Փաթն էլ անմիջապես սկսեց վազել նրա հետևից: Չէ՛, ինքը չէր ուզում այս անգամ կորցնել այս մարդուն: Լեզուն դուրս էր ընկել, չնայած մարմնում նվվացող ցավին՝ ամբողջ ուժով ոստնում ու արագ վազում էր մեքենայի հետևից: Մեքենան դուրս եկավ բնակավայրից և անցավ դաշտի միջով: Փաթը երկու երեք անգամ հասավ ու հավասարվեց մեքենային, բայց կրկին հետ ընկավ: Հավաքել էր իր ամբողջ ուժերը և հուսահատությունից վեր-վեր էր ցատկում, բայց մեքենան ավելի արագ էր սուրում: Նա սխալվել էր. ոչ միայն չկարողացավ հասնել մեքենայի սլացքին, այլ ուժաթափ ու բեկված վեր ընկավ: Սիրտը նվաղեց և զգաց, որ մարմնի բոլոր անդամները չեն ենթարկվում իր կամքին և ի վիճակի չեն ոչ մի շարժում անել: Իր բոլոր ջանքերը զուր էին, չգիտեր ընդհանրապես ինչո՛ւ էր վազել, չգիտեր ո՛ւր է գնում, ո՛չ դեպի առաջ և ո՛չ դեպի ետ ճամփա չուներ: Հևասպառ էր, լեզուն դուրս էր ընկել երախից, աչքերը սևին էին տալիս: Կորացած գլխով դժվարությամբ իրեն հասցրեց դաշտի եզրի ջրատար առվին և փորը դրեց տաք ու խոնավ ավազի վրա: Իր բնազդով, որը երբեք չէր խաբում իրեն, զգաց, որ այլևս չի կարողանա դուրս գալ այդտեղից: Գլուխը պտտվում էր, մտքերն ու հույզերն անէացել ու պղտորվել էին, սուր ցավ էր զգում աղիքներում, աչքերում հիվանդոտ լույս էր առկայծում: Ջղաձգման ու գալարումների մեջ հետզհետե անզգայացան ձեռքերն ու ոտքերը, սառը քրտինքով պատվեց ամբողջ մարմինը, մի տեսակ մեղմ ու դուրեկան զովություն զգաց….
…………………………………………………………………………………………………………………………………….
Մայրամուտին երեք սոված ագռավներ պտտում էին Փաթի գլխավերևում, որովհետև հեռվից զգացել էին Փաթի հոտը: Նրանցից մեկը զգուշությամբ մոտեցավ և նստեց նրա կողքին, ուշադիր նայեց և հենց վստահացավ, որ Փաթը դեռ ամբողջովին չի մեռել, նորից թռավ: Այդ երեք ագռավները եկել էին՝ Փաթի երկու դարչնականաչավուն աչքերը հանելու:
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի
(Էմմա Ալեքսանդրյան)