Պզտիկ պատմություն մը ընեմ, լսե…
Վիլյամ Սարոյան
ԵՐԿԸՆՏՐԱՆՔ
Իր կյանքը ճիշտ ապրած պապս հորս ասաց. «Ուզում ես լա՞վ ապրել, թե՞ ճիշտ ապրե՞լ:Իր կյանքը ճիշտ ապրած հայրս ինձ ասաց.«Ուզում ես լա՞վ ապրել, թե՞ճիշտ ապրել»: Ես իմ կյանքը ճիշտ ապրեցի ու իմ տղային ասացի.«Ուզում ես լա՞վ ապրել, թե՞ ճիշտ ապրել»:Իմ տղան ինձ ուշադիր լսեց, շուրջը նայեց, նայեց իր ապրած քսանմեկերրորդ դարի չեչոտ դեմքին, ինքն իրեն տվեց-առավ, մտածեց, ու այդպես էլ չհասկացավ, թե` ինչ ասել է ճիշտ ապրել, ու գնաց լավ ապրելու:
ՄՐՑԱՆԱԿԸ
Գրողական մի ջերմ, անմիջական մթնոլորտում հավաքվել, շնորհավորում էինք մեր գրչակից ընկերոջը`մրցանակ ստանալու կապակցությամբ:Մրցանակ ասածը թեպետ պուճուր մի բան էր, բայց ոգևորությունը ինչ-որ մի պահի տվեց -անցավ չափ ու սահման: Օդի մեջ մի անբացատրելի, դիվային հրճվանք էր կախված ճոճվում: Վաստակի գնահատման մի չափազանցված, ամեհի գնահատական թևավորվել, ահա-ահա պատռելու էր երկրի մթնոլորտային թաղանթն ու հասներ Աստծո տան դարպասներին… Ես մի պահ կտրվեցի թատրոնի այդ տեսարանից և նույն պահին էլ մտքիս մեջ բռնկվեց ու պայծառացավ հին օրերի մոխիրներում անթեղված լուսավոր մի պատկեր…
Տպագրվել էր իմ պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Տոհմի կանաչ ծառը»: Երթուղային տաքսիով ինչ-որ տեղ էի գնում: Կողքիս մի սիրունիկ աղջիկ էր նստած: Իջնելիս՝ նա պայուսակը բացեց և դրամապանակը հանելիս ձեռքի հետ դուրս քաշեց նաև…նոր լույս տեսած իմ առաջին գիրքը: Նա նստելավարձը մուծեց և իջավ: Ես դյութվածի ինքնամոռացությամբ իջա նրա հետևից… Նա քայլում էր ( ի՜նչ նազանքով էր քայլում ), ու ես քայլում էի սիրունիկ աղջկա տեսքով՝ իմ առաջին մրցանակի հետևից: Աղջիկը մտավ մանկավարժական ինստիտուտ, ու ես մնացի մայթին կանգնած…
Տարիներ են անցել, ես դեռ կանգնած եմ մանկավարժական ինստիտուտի դիմացի մայթին և սպասում եմ իմ առաջին ու ամենաթանկ մրցանակին …
ՄԱՅՐԸ
Սահմանային կռիվներում զոհված տղայի դագաղի գլխավերևում նստած մայրը ողբում էր. ինքն իր ողբին շուլալված, ինքն իր ողբին կուլ գնալով քանդվում-տարրալուծվում էր չգոյության մշուշներում`լինելիության կերպը այլոց համար դարձնելով ունայն մտատեսիլ ու չվերծանվող առեղծված: Ու մեկ էլ`անեծքն ասես անեծք ծնեց. ողբի թեժացման ամենաթունդ պահին երկրաշարժը խփեց ու երկրակեղևի հետ միասին ցնցեց նաև դագաղի շուրջ հավաքված մարդկանց հոգիները: Ենթագիտակցության առաջին հրահանգով` մարդիկ սարսափած դուրս թռան աղետի ճիրաններից:Լինելիության երկու չափումների արանքում մոլորված-համրացած ժողովուրդը դրսում դեռ տագնապի դողէրոցքով բռնված սպասում էր: Իրավիճակի գնահատման մշտարթուն նյարդը նրանց դժվար ետ բերեց չգոյության մշուշներից: Երբ ուշքի եկան, մի քիչ շփոթված,մի քիչ մեղավոր,մի քիչ ամոթահար` հանգուցյալի մասին հիշեցին ու դեռ չգիտակցված վարանումով ետ վերադարձան…
Տղայի դագաղի կողքին մեն ու միայնակ նստած մայրը լուռ արտասվում էր…
ՀԱՐՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ
Հոգեհանգստի արարողակարգ կատարող հոգևորականն ասել էր. «Եվ մի օր էլ ննջեցյալները հարություն կառնեն…», ու արարողակարգին ներկա գտնվող տոհմիկ աթեիստ իմ հարևանը հերթական անգամ դիվոտել էր. «Սրանք որ չեն ասում` մեռելները պիտի հարություն առնեն`ֆազերս գցում են: Դե ասա,- դեռ չխաղաղված` եկել օձիքս բուռը հավաքել ու հարցի պատասխանն ինձանից էր պահանջում,- դե հիմա ինձ բացատրի, հասկանամ, թե մեռածը ո՞նց կարող է հարություն առնել, որ սրանք էսպես բերանի ծամոն են սարքել»:
Քրիստոնեական վարդապետությունը նրա հարցին հազար պատասխան ունի, բայց այդ պահին ես հիշեցի մի պատմություն, որն ինձ համար նրա հարցի ամենահարմար պատասխանը թվաց:Ու ես պատմեցի այդ պատմությունը.
Մի անգամ, էլեկտրամագնիսական ուսմունքի հիմնադիր, անգլիացի հանճարեղ ֆիզիկոս-քիմիկոս Ֆարադեի լաբորատորիայում աշխատողներից մեկի ձեռքից արծաթե գդալն ընկավ աղաթթվով լցված անոթի մեջ: Շատ չանցած`գդալը տարրալուծվեց-անէացավ աղաթթվի մեջ. աղաթթուն կուլ տվեց գդալը:Այդ պահին լաբորատորիա մտավ Ֆարադեյը և կատարվածի մասին տեղեկանալով`ժպտաց և իրեն հատուկ խորաթափանցությամբ շփոթված աշխատակցին հանգստացրեց. «Մտահոգվել պետք չի,- ասաց,- մենք հիմա կվերականգնենք գդալը»: Նա աղաթթվով լցված անոթի մեջ միայն իրեն հայտնի նյութեր լցրեց, թափահարեց և որոշ ժամանակ անց արծաթն անջատվեց լուծույթից ու նստեց անոթի հատակին: Ֆարադեյը դուրս հանեց արծաթե զանգվածը և տվեց աշխատակցին, որպեսզի նա տանի արծաթագործի մոտ և նոր գտալ ձուլի, ու ավելացրեց. «Եթե ես կարողացա անհետացած գդալը վերականգնել, Ամենազոր Աստծո համար ի՞նչ դժվար բան է մեր մեռած ու նույնիսկ փոշիացսծ մարմինը հարուցանելը: Եվ Աստված դա անպայման կանի»:
ՀՈՆՈՐԱՐԸ
Ընկերոջս հետ բացօթյա սրճարանում նստած էինք մի-մի գավաթ սուրճի: Նա մամուլում տպագրված իմ էսսեներից մեկը կարդացել ու ինձ եռանդուն գովասանքի էր կապել:Ինչ-որ մի պահի խոսքի արանքում հետաքրքրվեց, ասաց.
«Ինչքա՞ն փող տվին»: «Հիմա հոնորար չկա,- մեղավորի պես ժպտացի,- գրողի աշխատանքն հիմա անփող աշխատանք է»: «Ո՞նց,- դեմքը մի պահ զարմանքի դիմակ էր,-բա ինչո՞ւ ես գրում»:
Այդ պահին ծառի ճյուղին նստսծ ծիտը անուշ երգեց: Մենք միաժամանակ վերև նայեցինք:Աշխարհի աղմուկից վերացած ծիտը ինքնամոռաց երգում էր, ու նրա երգն այդ պահին ընկերոջս հարցի լավագույն պատասխանն էր: Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքը`«Ես գրելով կբուժվիմ, եթե չգրեմ`հիվանդ եմ», ես իմ մեջ պահեցի ու ընկերոջս ընդամենն ասացի. «Տես, ծիտ է, իր գործն է անում. ծլվլում-երգում է, հացի փշրանք տան-չտան`երգում է, որովհետև ինքը թռչել գիտե ու գետնաքարշ սողուններին իր թռիչքի բարձունքներից է նայում»:
ՈՒՐԻՇԻ ՈՂԲԵՐԳՈւԹՅՈՒՆԸ
Խորտկարանը իր տնից հեռու չէր.առիթի դեպքում`ոտքով էր գնում-գալիս: Այսօր էլ ահա խնջույքի սեղանից քեֆը տնկոզ ելել, կեսգիշերային լռությանը ձուլված`քայլելով տուն էր վերադառնում: Ճանապարհն անցնում էր այգու միջով: Շուրջբոլորը մութուլույսի թռվռուն խաղ էր: Ճանապարհի կեսը հազիվ էր հասել, երբ թփերի խորքից ականջին ինչ-որ ձայներ հասան:Ինքն իր մեջ խեղդվող-վերստին բորբոքվող կանացի ձայնը օգնություն էր կանչում: Ձայնը հստակ չէր,բայց ձայնի մեջ բնավորված աղերսը չափազանց թափանցիկ էր ու ընկալելի:Ենթագիտակցության նախնական մղումով ձեռքի ծխախոտը շպրտեց ու գնաց դեպի ձայնը:Մի քանի քայլ անելուց հետո մտափոխ կանգնեց:Անհսկելի հանցանքի ինչ-որ մի սևամաղձ սարսափ շնչավորվում,թփերի խորքից ընդհատ ու խուլ մորմոքով արձագանքվում, գալիս-կախվում էր մտքի առաստաղից:Մի պահ ձայնը կարծես մարեց, բայց քիչ անց նոր թեժացումով թրատվեց ու դարձյալ օգնության աղերս դարձավ:Երկմտանքի մեջ նորից քայլ արեց ու նույն պահին էլ դարձյալ մտափոխվեց: «Շառ ու փորձանքից հեռու»,-իր մեջ վերջնական որոշում կայացրեց ու այգուց ելավ:
Տուն եկավ, լողացավ, նստեց հեռուստացույցի դիմաց: Կինը ինչ-որ անհանգիստ, ջղային սպասման մեջ էր` էս աղջկան ի՞նչ պատահեց, ինչո՞ւ էսքան ուշացավ…
Տան մեջ անհանգիստ պտտվեց, ամուսնու դեմից մի քանի անգամ գնաց-եկավ, ասաց. «Զանգում եմ`չի պատասխանում, սիրտս լավ բան չի գուշակում, հլը դու փորձի»: Ամուսինը հեռախոսը վերցրեց, զանգեց ու խայթվածի նման տեղից վեր թռավ. ականջների մեջ այգու խորքից օգնություն աղերսող ձայնի անարձագանք մորմոքն էր…
ՃԱՆԱՊԱՐՀՈՂՆԵՐ ԵՎ ԴԻՄԱՎՈՐՈՂՆԵՐ
Շատ հայտնի մեկին էն աշխարհ էին ճանապարհում: Ինչպես ժողովուրդն է ասում` ասեղ գցելու տեղ չկար. երկիր աշխարհը քանդվել եկել էր: Թափորը մարդկային ընդգծված տեսակի մի խատուտիկ գունապատկեր էր. մանր ու խոշոր պաշտոնյաներ, նրա ստվերի ապահովության քունջերում բնավորված հաճկատարներ, տարիներ շարունակ նրա կերակրամանից օգտված պնակալեզներ, առիթով և անառիթ նրան քծնած պատեհապաշտներ… Ճանապարհում էին, որ գոնե իրենց չգոյությունը մի պահ գոյության պատրանքով օծվեր: Խումբ-խումբ հավաքվածների մեջ բացառապես նրա անձի գովքն էր փառաբանվում: Ինչ-որ մեկն ասաց. «Վաղուց էսպիսի թաղում չէի տեսել, էս ինչքան մարդ է եկել ճանապարհելու»: Նրա կողքին կանգնած մեկը, որ լուռ ծխում էր, ծխախոտը մանրամասն հանգցրեց, թեքվեց նրա կողմն ու շշուկով ասաց. «Ճանապարհողների շատին մի նայիր. ճանապարհողներից ամեն մեկն իր հաշվարկն ունի, դու ասա`դիմավորողները շատ լինեն»:
ՄԱՅՐԵՐԸ ՄԱՅՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Ծանր, դժվարին մենամարտում հայ բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց իր մրցակցին ու շահեց մրցամարտը:Մրցամարտից անմիջապես հետո մայրը տղային զանգահարեց և մինչ շնորհավորելը՝ հետաքրքրվեց.«Էն տղայի վիճակը հո ծանր չի՞, բալես…»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՐՏՎԻԼԱԿ
Ծանոթներիցս մեկը վնասատուների դեմն առնելու համար հնարամիտ ձև էր գտել`իր տնամերձի ամենաաչքի ընկնող մասում խրտվիլակ էր կանգնեցրել`այսօրվա հայտնի քաղաքական գործիչներից մեկի տեսքով ու դիմապատկերով: Հայտնի այն իմաստով, որ անկախության շեմափայտին ոտք դնելուց հետո կոմսոմոլի իր թիկնոցը ուսերից գցել ու անկախության դրոշի կոթն էր բռնել: Եվ խորհրդային երկրի թանձրափեշ գաղափարախոսության ու անկախության փետրավոր ազատամտության արանքում խարխափելով`նյարդեր սղոցող իր ձայնով քսանհինգ տարի շարունակ ամենաբարձր ամբիոններից ճառում էր`մեկ քամու ուղղությամբ, մեկ էլ`հակառակ ուղղությամբ`նայած թե նորին մեծություն շահը այդ առավոտ ինչ լույսի տակ էր բողբոջել:Եվ հիմա այս հանրահայտը հնարամիտի բոստանում քաղաքական խրտվիլակ էր աշխատում:Ասես քաղաքական աղմկոտ խրամատներից զորացրվելուց հետո թոշակավորվել ու իր համար նոր գործ էր գտել: Զավեշտալի պատկեր էր, հոգու և մարմնի այնքան ճիշտ ու մանրամասն նրբերանգներով պաճուճավորված մի կերպար, իրական ու հավաստի ներկայությամբ շնչավորված մի այնպիսի լեզվանի աճպարար, որ մնում էր միկրոֆոնը ձեռքը տալ ու բանջարա-բոստանային մշակաբույսերին սրտանց կարեկցել: «Լրիվ օյին ես,- այդ զվարճալի պատկերին նայելով` սրտանց ծիծաղեցի ես,- էսքան չարչարանքդ իբր ինչի՞ համար է»: Ինքը զարմանալիորեն լուրջ էր, ասաց. «Նախ, որ ավանդական խրտվիլակ է`ծտերի համար: Երկրորդ, որ հատկապես է խրտվիլակ`մարդկանց համար»: «Եվ ի՞նչ,- ասացի,- օգնու՞մ է»: «Էն էլ ո ՜նց,- լայն ու գոհ ժպտաց,- մարդիկ նայում ,թքնում ու ճանապարհները փոխում են»:
ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻ ՊԱՏԱՐԱԳԸ
Մահն իջավ միանգամից,սրնթաց անգղի թափով խփեց, ու Շուշան տատին երկինք տարավ: Դեռ երեք ամիս առաջ, երբ անակնկալ մտախավարում ունեցավ և թվաց,թե հոգին բնի մեջ մարեց, Շուշան տատը հասկացավ, որ դա երկնքի կանչն է…
Հարազատների, ազգուերամի կողմից մոռացված-անտեր կին էր. շուկայի դիմաց նստում, արևածաղկի սերմեր էր վաճառում: Առավոտյան տոպրակը ձեռքին հենց գալիս էր`մի անասելի իրարանցումով ճնճղուկները նրան դիմավորում ու վռազ շուրջկալում էին, թառում ծնկներին, թևերին, ուսերին ու ինքնամոռաց ծլվլում-երգում էին: Շուշան տատը իր մեջ թաքուն հրճվում ու մտածում էր, որ այս աշխարհում ինքն էլ ահա սպասող ունի, ու արևածաղկի սերմերով նրանց բոլ-բոլ վարձատրում էր:
Երբ հաջորդ առավոտյան նրան շուկայի առաջ չտեսան`անխուսափելիության ուրվականը մշուշներից ելավ ու նրան ճանաչողների աչքին իրական պատկեր դարձավ. Շուշան տատն ուրեմն…
Երբ տան դուռը բացեցին`տեսարանի առաջ ապշեցին-համրացան. ճնճղուկների հսկայածավալ պարսը բացփեղկ պատուհանից ներս էր լցվել ու բռնել ամբողջ սենյակը: Ձեն-ձենի տված ծլվլում-երգում ու հոգեհանգստի արարողակարգն էին ամփոփում:Սնարի գլխավերևում թառած խմբավար ճնճղուկը թևերը ռիթմիկ թափահարում, չափ էր տալիս, ու պարսը դառնում էր երկչախումբ:
Պատարագ էր`ճնճղուկների պատարագ:Ե րգչախմբի հավաքական ձայնը Շուշան տատի հոգու հետ շուլալվում, համբառնում էր երկինք:
ՈՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՑԻՆ ՍՐՏԵՐԸ
Ձմեռ էր, սառնամանիք: Բարձրահարկի բնակարաններից մեկի պատուհանի գոգին կպած մի ճնճղուկ ցրտից սառել, արդեն փայտանում էր: Տանտերը հիվանդ պառկած էր:Բոլորի կողմից լքված տանտերը մենակ ու անօգնական պառկել, մտքում մահվան առեղծվածն էր վերծանում: Նրա սիրտը սաստիկ հոգնել էր իր և աշխարհի հոգսերից. մարդկանց մեջ բաժանվել, մաս-մաս սպառվել էր: Հիվանդ սրտով տանտերը նկատեց պատուհանի գոգին կպած-փայտացած ճնճղուկին, անկողնուց դժվարությամբ ելավ, պատուհանը բացեց, սառած ճնճղուկին վերցրեց, դրեց ծոցն ու նորից պառկեց: Շատ չանցած`ջերմությունը ճնճղուկին ետ բերեց հոգևարքի հեռուներից,և սիրտն սկսեց առողջ ու համաչափ խփել: Հիվանդ սրտով տանտիրոջը թվաց, թե իր սիրտն է այդպես խփում`ջահել օրերի խենթությամբ:Եվ հաղորդվեցին իրար հետ առողջ ու հիվանդ սրտերը:Երկուսի համար էլ երանելի պահ էր.աշխարհն ավելի կատարյալ ու անթերի էր դարձել…
ԿՈՇԻԿՆԵՐԸ
Կոշիկներս մաշվել էին`նորերը գնեցի. հենց խանութում հագա, հները դրեցի տուփի մեջ, խանութից դուրս եկա, տուփը գցեցի մոտակա աղբամանն ու քայլերս ուղղեցի դեպի կանգառ:Մի քսան-երեսուն մետր հազիվ էի անցել`կարծես մեկը հետևիցս բռնեց`բա կոշիկնե՞րը…Էս ի՜նչ հեշտ բաժանվեցի կոշիկներից. ախր երկու տարի անընդհատ առավոտյան կապերը կապել, երեկոյան քանդել եմ, թաքուն ճամփեքի վրա ինձ հետ մոլորվել են, ուրախության ու տխրության դռներն են տարել ու հիմա նրանց հանդեպ բաժանման այսպիսի անսիրտ, անհոգի վերաբերմունք…Ես շրջվեցի, ետ եկա, տուփը աղբամանից հանեցի ու քայլեցի մտքիս մեջ փռված արահետով: Տեսել էի, գիտեի, որ մոտակա այգում թափառական, անտուն մարդիկ էին ապրում.քայլերս ուղղեցի դեպի այգին: Դեռ նրանց չհասած`տուփը դրեցի բարձր մի քարի ու այգուց դուրս եկա: Քայլում ու մտածում էի. եթե իմ հին կոշիկները ինձ հետ այլևս ճամփա չունեն անցնելու, կգտնվի մեկը, որի հետ դեռ անցնելիք ճամփա կունենան…
ՀԻՎԱՆԴՆԵՐԸ
Հիվանդասենյակում նույն ախտորոշմամբ երկու հիվանդ էր պառկած`տարեց գրողն ու քսան տարին հազիվ բոլորած ուսանողը: Ծանր էր վիճակները, բժիշկների գնահատմաբ կյանք կոչված հեքիաթի ամփոփումը նրանց համար օրերի հարց էր: Իրենց ճակատագրի հետ կարծես թե հաշտ, լուռ, ներամփոփ պառկած էին:Բայց տարեց գրողի համար հույսի մի ծվեն մտքի առաստաղից դեռ կախված ճոճվում էր. Ամերիկայում բնակվող իր բարեկամը բժշկի մատնանշած թանկ ու չճարվող դեղն ուղարկել էր, պիտի սրսկեին ու սպասեին արդյունքներին…Բայց հետագա հնարավոր շահարկումներից խուսափելու համար բժիշկը նախապես իրեն ապահովագրել էր. «Եթե մի քիչ երիտասարդ լինեիր`դրական արդյունքը երաշխավորված էր, ախր շատ ես ծեր, մնում է Աստծո օգնությանն ապավինենք…»: Ու գրողը մտաթնջուկում խճճվել էր: Ծեր ու ջահել, մտածում էր, սկիզբ ու ավարտ, թքած, գոնե իմ կյանքը լավ ապրեցի,բա Աստծո էս անմեղ գառն ինչ ասի, էս կյանքում ախր ինչ է տեսել, որ հիմա էլ գնա ու խավարի բաժին դառնա,բա սրա ծնողները գլուխները որ պատովը տան…Ու պատկերացրեց ողբի տապալող տեսարանը, տեսիլքի և իրականության արանքում ճոճվող ծնողների ծամփետոցը, թափորի համր ու անկարեկից երթը…Եվ մտքի շարունակության ծիրում ինքն իր մեջ մի պահ հանկարծակի կերպափոխվեց. իսկ եթե…Այդ «եթե»-ի վրա գիշերը աչք չկպցրեց, լուսադեմին վճիռն արդեն կայացրել էր… Բժիշկը նոր էր եկել`մոտեցավ.«Բժիշկ, գիտեք,…-ու խոսքի վեհերոտ փնտրտուքի մեջ դպրոցականի անմիջականությամբ խոստովանեց,- երկար եմ մտածել ,բժիշկ. տարիքս առած մարդ եմ, իմն անցել է արդեն, էս տղան խեղճ ընտանիքից է, ջահել-ջիվան, մուրազն աչքերում…Համարենք, որ ես իրա պապն եմ ու ինքն իմ միսուարյունն է, ասում եմ…Աստված մեծ է…էդ դեղն իրեն երևի թե կօգնի, ոտի կհանի…»:Բժիշկն այդ սրտաբաց զրույցի, գրողի խիղճումտքով ամբողջացած այդ տարաշխարհիկ պատկերի առաջ մի պահ համրացել էր, դարձել սպիտակ խալաթավոր արձան, հետո խոսեց. «Կամքը ձերն է, դեղը դուք եք ճարել ու որոշողը դուք եք,- ասաց, մտածեց, փաստի հուզական կողմը շրջանցեց ու վստահ արձանագրեց.- իրեն կօգնի,- ասաց,- ինքը ջահել է, էդ դեղն իրեն հաստատ կօգնի…»:
ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ
Իմ պաշտոնավոր ընկերը առավոտյան աշխատանքի գնալու համար հատուկ երթուղի էր սահմանել`մեքենայի ճանապարհը պիտի անպայման գերեզմանոցի կողքով անցներ: Թեպետ այդ ճանապարհն ավելի երկար էր մնացածներից, բայց գերեզմանոցի կողքով գնալու նրա հիմնավորումն ավելի քան խոսուն էր. «Եթե քո ձեռքի տակ ճակատագրեր կարող են ծնվել ու կորչել,- խորհելու հանգով բացատրում էր,- աչքիդ առաջ անընդհատ պիտի ավարտիդ պատկերն ունենաս, որ կողքիններիդ հանդեպ մեջդ չարություն չպահես ու նրանց քաղցր աչքով նայես, ամեն օր պիտի քո վերջի հետ հաղորդակցվես, որ սկիզբըդ չմոռանաս ու ներկադ իմաստավորես»:
ԻՍԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԱՐՈՒՆ ԷՐ
Բախտը կարծես թե երես էր տվել այս աղջկան, բայց եղածը շատ համարեց ու շուտ մտափոխվեց. դժբախտությունը եկավ անկոչ հյուրի պես անակնկալ և «կարկուտը ծեծած տեղն է ծեծում» բանդագուշանքը թափ առավ մտավ շրջապտույտի փուլ: Եվ երբ տառապանքի խուչ ու խութին բախվելով աղջկա անցնելիք ճանապարհները ոտքի տակ խճճվեցին ու վերջնականապես դեմ առան անթափանց պատին, երբ բախտ կոչվածը ապագայի չափումներում մշուշվեց ու դարձավ կանխատեսելի անեծք, երբ ուրվագծվող ժամանակներում ինքն իրեն վերջնականապես տապալված տեսավ`աղջիկը դեպի կամուրջը գնաց…
Դեռ լուսաբացից տեղացող անձրևն արդեն դադարել էր, ամպերը ցրվել էին, արևն հիմա պայծառ ժպտում էր, ու ծիածանն արդեն ճտվտուն կամար էր կապել երկնքում: Ձեռքերը կամրջի բազրիքին`ցած նետվելուց առաջ աղջիկը ենթագիտակցության շերտերում խմորվող թմբիրի մեջ մի պահ հայացքը բարձրացրեց, նայեց ծիածանի գույներին, հայացքն իջեցրեց նայեց ծաղկած- փրփուր ծիրանենիներին, սաղարթների խորքերից ծտերի պարսի խմբերգը լսեց, իր ջահել թոքերում գարնան խենթացնող բույրն ու շունչն զգաց, դարձյալ նայեց ծիածանի կամարին ու…գույների ճտվտուն խորքում ընդամենը մեկ շաբաթ առաջ մեռած մոր պատկերը տեսավ: Ու փշաքաղվեց. կարծես սառը ջուր շփեցին դեմքին: Հետո հրաշքի շերտավոր զոլերով կերպափոխություն եղավ. մի թռչուն ասես ծիածանից պոկվեց ու սրընթաց եկավ, աչքերի դեմից թևաբախ անցավ: Ու մահվան մշուշը ցրվեց. թռչունն անցել ու աղջկա աչքերի դեմից մահը տարել էր: Ու թողել էր կյանքը:
ԲՈԹԸ
Բոթը գուժել ու հետն էլ խնդրելու պես զգուշացրել էին՝ միանգանից չասեք:
Գուցե թե չափազանցրել, ասել էին՝ ջահել է, մի փորձանք էլ ինքը չբերի իր գլխին: Բոթաբերի խոսքին ականջալուր՝բոթի սուրսայրը դեպի իրենց ու բութ մասը դեպի աղջիկը՝շատ հեռվից սկսել, իբր հարձուփորձի հանգով հետաքրքրվել, մանրամասների մեջ անհարկի մանրանալով բուն ասելիքին աստիճանաբար մոտեցել ու նրբանկատորեն հասկացրել էին, որ ամուսինը…Ռուսաստանի խորքերում… անհայտ հանգամանքներում…Մի խոսքով՝ Աստված ողորմի հոգուն: Ցավը տվել ու հիմա դարմանում էին. «Փորձանք էր պատահեց…Բոլորս ենք մահկանացու…Դու քեզ խնայի, աղջիկ ջան…»: Տևական ժամանակ կողքին նստել, զրուցել ու գիշերվա էն ուշ ժամին խրատել, ասել էին. «Մի քիչ աչք կպցրու, վաղը ծանր օր է լինելու…»:Ու գլխահակ հեռացել էին:
Եվ գիշերը սև անգղի պես թառել էր աղջկա ուսերին ու նա ուրվականի նման տարուբերվել էր հուշի մամռակալած արահետների վրա…
Արդեն տասը տարի էր, որ ամուսինը Ռուսաստանում էր. գալիս-գնում էր երազի նման, փող էր ուղարկում չուղարկելու պես, երեխաներին հիշում էր չհիշելու պես, կնոջ համար ամուսին էր չլինելու պես…Եվ բաց աչքերի առաջ հյուսվող գիշերվա մղձավանջը ինքն իր մեջ խտացել ու ամբողջացրել էր ապրած և չապրած օրերի ողջ զառանցանքը…
Լույսը նոր էր բացվել`քույրը շնչակտուր աղջկա սենյակ ընկավ,թե`գիտես… սխալմունք է եղել…ամուսինդ ողջ է. նրան շփոթել են հարբած-մահացած մի բոմժի հետ…Քրոջ այդ անակնկալ թափից վախեցած հարևանները եկան, հավաքվեցին, կատարվածի մասին տեղեկացան, և դեռ վարանելով, հավատալ-չհավատալու շփոթմունքով շնորհավորեցին, աչքալուսանք տվին…Աղջիկն ասես պատրանքի մշուշների խորքից պաղ, անկենդան հայացքով նայում էր նրանց ու այդ համահավաք ոգևորությանը չէր արձագանքում:Մտածեցին`վշտից սիրտը քարացել է. ժամանակ պիտի անցնի, որ ուրախության համար տեղ բացվի:Ավելի վառ երևակայություն ունեցողները եզրակացրին`ողբերգության թափից ցնորվել է… Բայց նրանցից ոչ ոք այդպես էլ չհասկացավ, որ աղջիկն արդեն ամուսնուն մտքում թաղել է և հիմա այլևս ուժ չունի նրան գերեզմանից հանելու և իբր ողջ ամուսնու հետ շատ էր ապրել, հիմա էլ մեռած ամուսնու հետ ապրեր:
ԶԱՐՄԱՆՔ
Նրանք զարմացել էին, ես նրանց զարմանքի վրա զարմացա, պատմեմ`դուք էլ մի փոքր զարմացեք…
Գյուղամիջում հավաքված ծերունիները ամեն օրվա իրենց խոսքուզրույցին էին. աշխարհի անցուդարձն էին քննարկում: Զրույցի մի տաք կեռմանում հանկարծ ուշադրության մի փոքր շեղում եղավ. շարժիչի խուլ հռինդը գյուղի վրա մաղելով եկավ, երկնքով անցավ գերձայնային ինքնաթիռը: Ծերունիներից մեկը, որ խոսակցությանը չեր մասնակցում,ինքնաթիռի ձայնի վրա հայացքը երկնքին հառեց, զարմացավ, ասաց. «Այ մարդ, էս ինչ հրաշք է, էս տոննաներով երկաթը ոնց է էսպես ծտի պես թեթև թռչում»: Նրա կողքին նստածը, որի ձեռքին այդ պահին կոնֆետ կար, ասաց. «Դու էդ ես ասում, հիմա դու ինձ ասա, թե էս փակ կոնֆետի մեջ ջեմը ոնց են լցրել»:
ԾՐԱՐՎՈՂ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ
Հոգեհացի արարողակարգերը նրանց ծերունական խմբի համար մի հավելյալ մանրամասնով էին ամփոփվում. սեղանների շուրջ ծերունիներից ամեն մեկն ուներ իր անփոփոխ տեղը և ոչ ոք իրավունք չուներ նրանց տեղն զբաղեցնելու: Ժամանակի ընթացքուն օրենքի ուժ ստացած չգրված օրենք էր`թափորի համախոհ բնազդով վավերացված: Հուղարկավորման արարողությունից հետո հայացքներով իրար որոնում, հավաքվում էին ու նրանց ծերունական խումբը, վշտի ծանր ու թեթև չափուհանգով գնում էր հերթական մեկի ծրարված կյանքի խորհուրդն ամփոփելու: Թափորի պոչում, հուշերի մամռակալած արահետների և իրենց թուլացած մարմնի առանցքի շուրջ տարուբեր ճոճվելով`նրանք գալիս տեղավորվուն էին իրենց անձեռնմխելի տեղերում և, աշխարհի ունայնության ու իրենց ծերունական անսլացք երթի թախծով պարուրված, բաժակները դանդաղ լցնում և, արարողությանը պատշաճող արժանապատվությամբ, ծանրումեծ լռում էին: Թամադան թե ինչ կասեր,ինչ կենաց կխմեր`իր գործն էր, նրանք սպասում էին իրենց թամադայի`սեղանի վերին անկյունում նստած, ուսուցչական աղմկոտ դասարաններից վաղուց զորացրված ու այդպես էլ պարոն չդարձած ընկեր Վարդանյանի խոսքին:Նրա խոսքը, իհարկե, ավանդական իմաստով թամադայի խոսք չէր, պարզապես հարգանքի դրսևորման կարգ էր սահմանված`նա պիտի ասեր`նոր խմեին:Իսկ նա շատախոս չէր. եթե մեռնողը հալիվոր էր`մխիթարանքի խոսքը հեշտ էր ասվում.«Դու էլ գնացիր…Լույսի փայ դառնաս…», եթե ջահել էր`մխիթարանքի խոսքը նրա լեզվի տակ բեկբեկվում ու անմխիթար տնքոցներով էր ավարտվում.«Է, աշխարհ,աշխարհ…դրվածքդ ախր անարդար է աշխարհ…»: Ախուվախի այս համախոհ հանգով իրար էին նայում և մահվան ծանր ստվերը իրենցից թաքուն վանելով՝ծերունական թուլթուլիկ կծմծանքով խմում ու ողորմի էին տալիս հին ու նոր մեռելներին: Պատկերը նույնն էր մինչև այն օրը, երբ…
Մահը եկավ անկոչ հյուրի պես ու իր թաքուն գործն արեց. ուսուցիչը գիշերը քնեց ու առավոտյան չարթնացավ: Քաղաքաբնակ որդիները հեռախոսազանգով եկան, իրենց լացը լացին, իրենց ողորմին տվին, տարան յասամանի թփի հովում մոր կողքին թաղեցին: Ուշ աշնան տաքուպաղ օր էր: Աշնան գույն ու շշուկի խաղին անհաղորդ, խոհի թախծոտ գալարը քանդելով,թափորը բռնեց ողորմահացի տանող ճամփան: Եկան, սեղանների շուրջ տեղավորվեցին, ու թամադան ոտքի ելավ: Ծերունիները բաժակները լցրին ու…մոլորվեցին: Ախր…Մեռնողն ախր ընկեր Վարդանյանն էր`ուսուցիչը, ախր նա պիտի ասեր ու նոր միայն իրենք խմեին, բայց… Բայց տարիներ շարունակ ուրիշներին ճանապարհողը այսօր ինքն էր այդ ճամփով գնացել: Ու հիմա ծերունիները մոլորվել էին:
Թամադայի ղժղժան ձայնի, շարժվող աթոռների, դանակ-պատառաքաղների շխկոցների խառը աղմուկի մեջ հանկարծ սրահի բաց պատուհանից մի փոքրիկ թռչնակ թևաբախ փութկոտությամբ ներխուժեց սրահ, մարդկանց գլխավերևում մի քանի անգամ շրջանաձև պտտվեց ու եկավ թառեց ուսուցչից թափուր մնացած աթոռի թիկնակի վերին կամարին: Ու սկսեց մանր ելևէջներով ծլվլալ: Ծերունիներին այլևս բան չէր մնում անել`բաժակները բարձրացրին:
ԳՐՔԵՐԻ ԾԵՐԱՆՈՑ
Տղային ամուսնացնելուց հետո տանն արդեն նեղվացք էր, անկարևոր թվացող ամեն ինչից պիտի ազատվեին, ու կինն սկսեց գրքերից: Ամուսնու գրքերից: Գրող ամուսնու գրքերից: Ամուսնուն ճանաչում բերած գրքերից: Հնարը նրբանկատ խորամանկությամբ գտավ`նվիրատվությո՜ւն: Մոռացված թատրոնի շքեղ պատկեր: Գրախանութ տանելու հին մշակույթն այլևս ծրարված իրողություն էր. գրախանութներն արդեն գրքերի դամբարան էին հիշեցնում. գրքերը տանը կուտակվել էին, ու կինն սկսեց դրանք շռայլորեն բաժանել: Բայց ինչքան բաժաներ. գրքերը շատ էին, գալացող-գնացողները`քիչ, ու նույն մարդիկ, գրեթե նույն մարդիկ, ու կինը նոր գաղափար հղացավ.ընդարձակ, հարմարավետ ձեղնահարկ ունեին, մի անկյունը դատարկեց-մաքրեց, ու գրքերը տեղափոխեց այնտեղ`ձեռքի հետ, աննկատ, օրը մի քանի հատ…Որոշ ժամանակ անց տանն այլևս գիրք չէր մնացել, գրքերի փոխարեն դարակներին հայտնվեցին շքեղ ծաղկամաններ, հախճապակե ձևավոր վազաներ, սատանայի օժիտից դուրս մնացած հազարումի փայլփլուն բաներ… Կինը հնարամտությունից շողում ու իր արածով բացեիբաց հիանում էր`տեսեք տունը միանգամից ոնց շնչեց-աշխուժացավ…
Գրողը կոտրված էր, աչքի առաջ մի շքեղ ավանդույթ էր փլվել, մի ողջ արևային աշխարհ էր մթնել, ու մութ աշխարհի ժխորի հարահոսից գրողն օտարվել, ինքն իր մեջ կողպեքի պես փակվել էր: Ու շնչելու օդ չկար: Տգեղ, անսիրտ միջամտության խորքից դեղին աչքերով մի սարդ էր նայում, ու գրողին խժռում, ոչնչացնում էր իր ժամանակի մեջ:Այլևս ճար չկար. գրողի կյանքն հանձնվեց ջրերի բնազդին…
Ու մի օր էլ…«Հայրդ ու՞ր է,- տղային հարցրեց մայրը,- էս ինչքան ժամանակ է աչքովս չի ընկել»: Զանգեցին`չպատասխանեց, հարցուփորձ արին`չգտան, սկսել էին լուրջ անհանգստանալ,բայց կնոջ բնազդի ամենանուրբ զգայարաններից մեկի լարը ճիշտ ժամանակին թրթռաց ու մշուշը ցրեց…Ձեղնահարկ իջան: Գրքերի ապահով քունջում գրքերին փաթաթված, գրքերին ձուլված, գլուխը գրքերին դրած`ամուսինը անուշ քնել էր: