Միխայիլ Ժվանեցկի | Նա մեր հրաշքն է

Նա մեր հրաշքն է։ Մեր` հպարտությունը։
Կին տեսնելիս, ոտքի է կանգնում, աթոռ է առաջարկում, վերարկուն պահում։ Ժողովին չի քնում։ Միջազգային դրության և ռեակցիոն ուժերի բանսարկությունների մասին զեկույցից հետո վատ զգաց։ Մյուսներս, շուրջկալելով, երկար նայում էինք նրան և շտապօգնությանը ճանապարհելուց հետո էլ չէինք կարողանում ցրվել։ Այ այդքան ազդվել էինք բոլորս։ Նրա միջոցով ինքդ էլ ես սկսում զգալ։ Նրան ասում են. «Մի անհանգստացեք, մի շաբաթից այդ հարցը կլուծենք»։
Հավատում է, մտապահում, մի շաբաթից գալիս հարցնում է. «Հը՛, եղա՞վ»։ Ի՞նչը «եղավ». բոլորը մոռացել են, թե էս ինչի մասին է խոսում։ Ախ՝ հա՜…
Նրա միջոցով զգում ես, մենք պարզապես հպարտանում ենք նրանով։
Ախր նա, ընդհանուր առմամբ, որևէ վնաս չի տալիս, մինչդեռ հաճույքն անսպառ է։
Տեսնում է՝ «Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է». չէ, ներս չես փոթի։ Բոլորը վարար գետի պես հորդում են ներս, ինչ-որ բան հանում, իսկ սա տեղում մեխվել է։ Այ էսպիսի դեղձանիկ է։ Ախր՝ ուր որ է քառասուն կլինի, ու էսպիսի պուճուր հրաշք։
Ու առհասարակ՝ աստված չանի, ծանոթով մի բան գլուխ բերվի։ Ոմանք տեսնում են, թե ոնց է ապրում, հագնվում, խղճում են. գնա, յանի, էնտեղ, ես պայմանավորվել եմ։ Չի՛ գնում։ Լո՛ւրջ։
Մեր սենյակ խմբերով են գլդորվում, հարցնում են՝ ո՞ւր է։ Ասում ենք՝ հրեն՝ պատուհանի մոտ։ Նստած աշխատում է, իսկ սրանք կանգնել նայում են նրան։ Գծագրող մի կին օրվա կեսը կանգնել նայում էր։ Իսկ նա հրաժարվում է մազերը կտրել, բուժվել, տանը բոլոր սարքերը չեն բանում։ Գործից քշում են՝ գնա մազերդ կտրի, բուժվիր։ Չի գնում։ Գործի ժամին չի կարող։ Իսկ բանթողից հետո, ախր, նրա՛նք էլ չեն աշխատում։ Ու էս ամենով հանձերձ հետը խոսես՝ հատուկ ոչ մի բան չես զգա։ Հրես՝ ոնց որ դու, ոնց որ ես։ Թեև, ըստ երևույթին, մի բան կա։ Բայց արտաքուստ՝ ինձ ու քեզ պես։ Բոլորը վազ են տալիս ինձ մոտ. ես կողքին եմ նստում։ Ասում եմ՝ ինչ եք գնում-գալիս, նա իրոք էդպիսին է։ Պետք չէ ջղայնացնել նրան։
Ի դեպ՝ ամուրի է։ Մենք արդեն նրան ծանոթացրել ենք։ Նա համակրելի է՝ թե որ հագուկապին չնայես։ Ախր՝ եղած-չեղածը խանութից է գնում, էն էլ՝ ամսվա սկզբում, որ հերթ չկանգնի։ Պարզ է, որ ՀԱՏ*-ից, դե այսինքն՝ գաղութից նոր դուրս եկածի տեսք կունենա։ Նրա հագինը կամ «Скороход»-ից, կամ «Красный треугольник»ից, կամ էլ «Кемеровский промкомбинат»-ից է։ Բայց եթե այդ կիրզան ու չուլը քերթես, տակից համակրելի է։
Ծանոթացրինք, ծանոթացրինք… Դե, իհարկե, այդ կանայք դժգոհ էին։ Նույնիսկ տարիքն առածները, որոնք կորցնելու բան չունեն։ Արտասանում է, գրքեր է նվիրում, թեյ է խմում… Իսկը դանդալոշ։ Մենք այլևս ասելու բան չունենք. նրանցը փաստեր են։ Ասում ենք՝ «Ինչ արած, նա էդպիսին է, հենց էդպիսին էլ ընդունեք»։ – «Այսինքն թե՝ նա պիտի ապրի աշխատավարձո՞վ»։ – «Աշխատավարձո՛վ: Հո չի ձևացնում։ Իրոք էլ էդպիսին է։ Էդ ինքն է մի օր ասել՝ «Եկեք գրենք, թող էդ վաճառողին փոխարինեն ուրիշ մեկով. այլ կերպ կլինի»»։
Ազնիվ խոսք, նրա կողքին հոգիդ հանգստանում է։ Ասենք՝ մի լավ թափառել ես, ոտից ընկել, խելքից դուրս հաչել, մեկը քեզ ոսկի սարեր է խոստացել ու գետնի տակն անցել… Գալիս ես նրա մոտ. «Պատմի՛ր, ո՞նց ես պատկերացնում… Դե, առհասարակ… Դու ինչպե՞ս կուզեիր… Իսկ հարաբերությունները ինչպիսի՞ն պիտի լինեն»:
Նա խոսում է, իսկ դու նստել, ինչ-որ բանի մասին ես մտածում։ Ինչպես ծովի ափին… Մենք նրա վրա դողում ենք։ Ասում են՝ Արխանգելսկի մերձակայքում մի աղջիկ է ի հայտ եկել։ Իսկը սրա նմանը։ Եթե նրանց ծանոթացնելու լինենք, քիպ կալմեջ անենք, վերևից մի բանով ծածկենք… Մարդու շատ հետաքրքիր տեսակ կարող է ծավալվել։

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալլաքյանի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *