Սիրված երգերը հայերեն | Հոմայուն Շաջարիան. Թասնիֆ՝ արբեցնող հայացքից


Ժպտացող շուրթերը քո՜,
Աչքերի լույսը քո՜,
Տարան անդորրը սիրահար խեղճ սրտիս,
Ինձ հետ՝ անզորիս, ավելի
Դաժան էլ մի եղիր, յա՜ր։

Հե՜յ, ծաղիկ արճվան,
Նոճու նման նազան,
Հե՜յ, մութ գիշերիս լույս ու ճար,
Կուռք ես աշխարհից Ճենաց,
Դու կյանք ես ու հոգի, սի՜րտս տարար։

Սիրտն իմ այրել ես, վա՜յ ինձ,
Ա՜խ, հառաչն է սրտիս,
Կյանքն առանց քեզ դարձել է դատարկ ու սին,
Իսկ սիրտս՝ Մաջնուն , ի՞նչ անեմ սրտի հետ իմ։

Արբել եմ հայացքից քո, այդ սև աչերից քո,
Ամեն շնչին ընկնում եմ թակարդը քո,
Ո՜վ սիրելի, մոլորվել եմ ճամփին քո։

Քո սիրուց հոգուս անդորրը կորցրած՝
Ես հիմա դարձել եմ խելագար,
Քո սիրո խենթ կարոտից
Ամոթով մնացի դիմացն աշխարհի։

Խելքս ձեռքից գնաց, տարար անդորր ու սաբր ,
Օր ու գիշերի խավարում իմ,
Արև ու լուսին ես, հե՜յ յար։

Սիրտն իմ այրել ես, վա՜յ ինձ,
Ա՜խ, հառաչն է սրտիս,
Կյանքն առանց քեզ դարձել է դատարկ ու սին,
Իսկ սիրտս՝ Մաջնուն, ի՞նչ անեմ սրտի հետ իմ։

Արբել եմ հայացքից քո, այդ սև աչերից քո,
Ամեն շնչին ընկնում եմ թակարդը քո,
Ո՜վ սիրելի, մոլորվել եմ ճամփին քո։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *