Արթուր Մեսրոպյան | Տես ինչ ձմեռ է սիրուն աղջիկ

Լուսանկարը՝ Հասմիկ Բարխուդարյանի

նորից դեկտեմբեր է
սրթսրթում
դրսում
դատարկ սառույց կգա շուտով ու ստվեր
տերև, արև, կիսատ թողած
զրույց
էլ չեն ձգում, քաշում
վերջացնում,
կանչում շենքի տակի նկուղ
նորից ցուրտ է ամենտեղ է ցուրտ
ու այսպես է արդեն քանի դար
ցուրտ է
ես զարթնում եմ կիսաքուն
ու չգիտեմ մթում
ինչպես
ավելի մեծ լինեմ
ավելի մեծ լինեմ
մթում ձնի մեջ
նորից դեկտեմբեր է
անդորր, ավեր
պրծնող գրիչով գծած արև
ու արդեն քանի ձմեռ է
չգիտեմ
ինչպես մութը պահեմ
ու արդեն քանի ձմեռ է
չգիտեմ ինչպես լրիվ չմրսեմ,
լրիվ չմրսեմ
մինչև աստղեր, թոքեր, լույսեր
ու արդեն քանի դեկտեմբեր
մաշկս դաղվում է ոսկրոտ քամուց
նորից դեկտեմբեր է ծածկում
ավեր
ինչպես չլավացող մի վերք
ձգվում է ներսս ասես ասեղ
մինչև աստղեր, թոքեր, լույսեր
ու դեռ քանի ձմեռ

 

***
տես ինչ ձյուն է գալիս
սիրուն սպիտակ աղջիկ
տես ինչ ձյուն է գալիս
սիրուն սպիտակ ձյուն
ես հատուկ ոտքով եմ ճամփա ընկնում
ու մայթին իջած ձյան միջով եմ ճամփա ընկնում
ինձ բացարձակ զգալով սառցե հեքիաթից մի ճամփորդ-կախարդ
դարչին դարձած տերևներն են
սառած փրփուր կապել գետնին
դարչին դարձած տերևները
ծառերի թևից ընկած
ինձ թվում է տերևները դարչին
գետնին պառկած
պակաս սիրուն չեն
քան տերևները դարչին ծառի թևից կախված
տես ինչ ձյուն է հևիհև
ցած գալիս, ինչ ձյուն է գալիս
առատ ու բաց
փողոցի երկու լապտերն ասես
եղբայր-հեքիաթասաց
դեղին-դեղին էջ են բացում
ու ես էջանիշ դարձած
ոտքով ճամփա եմ գնում
Երևանում երեկոյան
անհայտ, ծածուկ, անձայն
անբացահայտելի ու թաց
ես չեմ ուզում սիրուն բառերի մասին մտածել
ես ուզում եմ ցուրտ, ձյուն, դարչին-տերև ու մշուշ լինի
այդքանն ինձ թվում է հերիք է
որ ես հետ չդառնամ
այդքանը հերիք է որ ուրիշ տեղ չգնամ
այդքանը լավ է
տես ինչ ձյուն է գալիս
սպիտակ սիրուն աղջիկ
տես ինչ ձյուն է գալիս
սպիտակ սիրուն
անհավատալի

 

***
քանի օր է ոչ մեկ ներսուդուրս չի անում
ելումուտ չկա
սեղանի վրա փոշին հաստ վերմակ է փռել
դուռը քարացած ոսկորի պես
ցցվել է անշարժ
ու թվում է,
թվում է պետք է միայն դիմանալ
ձգել, ապրել մի գիշեր էլ ավել
մի գիշեր էլ ավել
պետք է միայն այս ձմեռը մի կերպ ծածկել, մի կերպ տանել
ձյան թեթևության մեջ կիլոմետրեր ոլորվող շենքերի բարձրունքներից թափառելով
երկաթբետոնե մայթերի կեղևի վրայով ձգել,
անհայտ մնալու ազատող սրտծակոցի հետ միամտել ու ձգել, պատկերացնել ու չմրսել
ու ամենակարևորը փորձել չմրսել
անքնությունից լրիվ չկծկվել-մտնել, չկռանալ-ծռվել
ու փաթիլների ահռելիության մեջ չլցվել քամով, ձնով
ձգել
մի գիշեր էլ տարածվել
ու մի լուսաբաց էլ ձգել
մի սենյակից մի ուրիշ սենյակ գնալ, լինել, ձգել, լինել, քաշել, լինել
մի ամբողջ ձմեռ է դիմացը երախը բաց սպասում
պետք է ձգել, պետք է ձգել
մի երեխա է ձեռքը մեկնած խաղալիքի խանութ կանչում
պետք է ուրեմն պետք է
ձգել

 

***
հրեշային ճերմակ է
մի աղջիկ սև հագած մտավ այգի
մեջքին մեծ, սև կիթառ
ձախ ձեռքին սիգարետ
ես նրան տեսա այգի մտնելուցս
ահագին հետո
երբ ինքս ծխել էի մի չորս հատ
ու լեզվիս նստել էր լապտերի լեղին
երկաթե ձողերին հենված
մի աղջիկ ու տղա խոսում էին
ես չէի լսում, հեռու էի,
ցրտից մատներս հազիվ սիգարետն էին
պահում, որ հանկարծ չգլորվի, չընկնի
ձնի մեջ
նրանք զրուցում էին երկար ու հանգիստ
իսկ ես ուզում էի հիշել, թե ինչեր եմ արել
այդտեղ, բայց ոչ մի հստակ բան միտքս չեկավ
երբ նրանք հեռացան ես մնացի մենակ
սիգարետ էլ չունեի
ես մի քիչ էլ մնացի այգում
մինչև լրիվ սառեցի
բայց տան մասին չէի մտածում
ու տուն գնացի
որովհետև ուրիշ տեղ չունեի գնալու:

 

***
այսօր կսիրեմ նրան ինչպես մի նավ
կվարեմ ծովերի խորքը, տակը, որսի
դուրս կգամ
օվկիանոսի գունախառը ձկների վրա
պատերազմ կհայտարարեմ հարևան ծովի
տիրակալին
կլինեմ թաց ծովի մեջ
մինչև ականջներս
մինչև ութ հազար կիլոմետր կսուզվեմ
մինչ բոլոր խեղդվածներին չգտնեմ
դուրս չեմ գա
ափս հուսամ կսպասի
ես կիջնեմ բոլոր սիրահարների անկողինների մեջ
կքնեմ բոլոր կանանց ու տղամարդկանց
գրկած
ես կլինեմ արև
ու բոլոր աղջիկներին կտեսնեմ
ափս կսասպի իսկ ես ձկների հետ
դուրս կգամ առավոտը չեկած
ափս թող մարմնիս տեր կանգնի
այս գիշեր մի գիշերով պետք է դուրս գամ
խաղալու եմ, քնեմ ու գրքեր գրեմ
մի գիշերով կատու եմ լինելու
միոտանի շուն, պոչը կտրած մուկ
ծառերից չեմ իջնելու գետնին ու
բոլոր լուսամուտներից ներս եմ նայելու
այսօր ես կսիրեմ այն սիրուն աղջկան
որ արտագաղթեց անցած բոլոր ամառներից մեկում
ասում են հիմա ամեն ինչ լավ է
իսկ ձմեռները հյուր է գալիս մեկ շաբաթով
այսօր ես կսիրեմ նրան ինչպես մի նավ
կսիրեմ ինչպես հեքիաթում մահացած երեխային
ինչպես երբեմն սիրում են մորը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *