Երբ Մանուշը ծննդատնից բարուրը գրկած տուն եկավ և հայտարարեց, թե անունը Արշակ է դրել, Կարապետի սիրտը կասկած ընկավ։ Ինչու՞ Արշակ, և ոչ թե՝ Մարտիրոս, որ իր հոր անունն էր, ոչ թե Սերոբ, որ պապի անունն էր, Թովմաս, Արսեն, Գերասիմ, որ Մանուշի մեռած հորեղբոր, պապի, պապի եղբոր անուններն էին… Ո՞ւմ անունն է դնում։ Հենց էնպես, ասում է։ Հենց էնպես ո՞վ է անուն դնում…
Եվ Կարապետը սկսեց աննպատակ տախտակ ռանդել։ Մեկ ժամի չափ ռանդեց և գլուխը բարձրացնելով՝ տեսավ, որ դրկից Մացակը ակնկալիքով իրեն նայում է։ Ակնկալիքը օղին էր։ Կարապետը գիտեր, որ Մացակը օղուց բացի ուրիշ բան չի խմում։ Իսկ ինքը ամեն տեսակ խմիչքները ատում էր, օղին՝ առավել ևս։ Մի բաժակից բադի նման հարբում էր և իրեն անհաստատ էր զգում հողի վրա։ Այն եզակի օրերին, երբ Կարապետը հարբած էր լինում և ոտքի տակից գետինը գնում էր, հիշում էր մանկությունը, դպրոց գնալը, գլոբուսը, որ աշխարհագրության դասատուն ոչ թե մատով պտտում, այլ ապտակում էր, և երկրագունդը կատաղի պտտվում, պտտվում ու դխկոցով ընկնում էր գետնին։ Աշխարհագրության ուսուցչի հաճախակի ծեծուջարդից գլոբուսը ողորմելի տեսք ուներ, գույները խամրել էին, գետերն ու ծովերը ցամաքել, լեռնաշղթաները հարթվել, հարթավայրերը գետնի տակն անցել, և աշակերտները, կանգնելով գլոբուսի մոտ, որը այլևս քարտեզ չէր, այլ երկրագնդի մոդել, կռահումներից քրտնում էին։
Կարապետի ամենասուր հիշողությունը ծեծված գլոբուսն էր, այն էլ արթնանում էր հարբած օրերին։ Եվ այդ օրերին, տարտամորեն մտածում էր, որ երկրագունդը կլոր է և պտտվում է իր առանցքի շուրջը։ Մնացած ժամանակ երկրագնդի պտտվել-չպտտվելը չէր էլ մտաբերում, այդ բանի հետ սկզբունքային հաշիվ չուներ։ Պտտվեր-չպտտվեր, Կարապետը չէր պտտվում։ Երկրագնդի մի կետում ծնվել էր, մի այլ կետում ապրում էր ու պտտվելը չէր զգացել։
— Աչքդ լույս, Կարապե՜տ, — ձայն տվեց Մացակը առանց նախանձի։ Համոզված էր, որ երեխան Կարապետինը չէ։ Եթե տղա է, ուրեմն Կարապետինը չէ։ Ինքը՝ աշխարհ տեսած, ամեն բանը տեղը տեղին տղամարդ, եղած-չեղածը մի կենտ տղա գլուխ բերեց, Կարապետի նման ճլեզից՝ ինչ տղա։ Հրեն, մեծը Մանուշի առաջին մարդուց է, երկրորդը՝ աղջիկ, երրորդը՝ ով գիտի ինչ շունշանորդուց, այս մեկն էլ, պարզ բան է, Մաթոսից է։ Կմեծանա, Մացակի խոսքը կհիշեք։
Մացակը դառնացած էր, որ հրես իր քթի տակից հարևանի կնոջը Մաթոսը տարել ու քանի տարի է վայելում է։ Մացակը Կարապետին տղամարդ չէր համարում, ուրեմն և՝ Մանուշի օրինական ամուսինը չէր համարում։ Նա այնպես ափսոսանքով, այնպես վիրավորված էր Մաթոսի ոտնձգության մասին մտածում, ասես Մանուշը այրի էր և դրացիության օրենքները ոտնահարել էր՝ Մացակին չնախընտրելով… Այսքան մոտիկ, դուռ-դռան ապրող, տան անցուդարձին տեղյակ… Մի՞թե ընտանեկան գաղտնիքներն իմացողը, ամուսինների վեճուկռվի վկան սիրեկանի առաջին թեկնածուն չպիտի լիներ…
Միգուցե մի բան դուրս գար, եթե իր կողակիցը այդքան կասկածամիտ չլիներ, մտածում էր Մացակը և սպասում, որ Կարապետը իր աչքալուսանքին մի բանով պատասխանի։
— Տարոսը քեզ, — նետեց Կարապետը, որից Մացակը մինչև սրտի խորքը վիրավորվեց։
— Քեզ նմա՞ն է, — խայթեց Մացակը։
Կարապետը, որ նորածնի երեսը չէր տեսել, պատասխանեց․
— Շատ։
Սակայն երեխան սկսեց բակում վազվզել և պատահաբար հարևանները տեսան, Մացակն էլ մխիթարվեց, որ Կարապետին նման չէ։
Բայց տեսա՞վ, արդյոք, Կարապետը, ոչ ոք ասել չէր կարող։ Կարապետը մութ մարդ էր։ Իր անորոշ հոգին այնքան խորն էր թաքցրել այդ նվազ մարմնի մեջ, որ նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, նրա էությունը որևէ դասակարգման, անգամ «վատ կամ լավ մարդ» դասակարգման ենթակա չէր։ Մի տեսակ անսեռ էություն, որի հասարակական կյանքը սպառվում էր աշխատավարձի հերթում լինելով, գրասենյակի առաջ հավաքված տղամարդկանց մեջ լուռումունջ կանգնելով կամ խանութի աստիճաններին թուղթ խաղալով։ Կարապետը հազվադեպ էր ժպտում։ Ոչ թե այն պատճառով, որ փոքրիկ գլխի համեմատությամբ բերանում ձիու ատամներ ուներ։ Բնածին էր այդ մռայլությունը, որը խորացել էր փողոցի երեխաների ծաղրուծանակից, որոնք նրան հասուն մարդու տեղ չէին դնում։
Երեխաները նրան Կարո էին կանչում։ Մինչև անգամ ամենափսլնքոտները, որոնց լեզուն նոր էր բացվում։ Մեծերը ասում էին՝ Կարո և իր բացակայութհամբ ավելացնում՝ Մանուշի մարդը, թեև Կարո անունով մեկ ուրիշը չկար։
Իսկ Մանուշին ասում էին Կաղ Մանուշ, որովհետև Մանուշ անունով մեկ ուրիշն էլ կար։ Մանուշի ձախ ոտքը աջից կարճ էր, կաղում էր թափով և այն բանից, որ լիքը մարմինը անընդհատ ցնցման մեջ էր, կանացի հմայքները ավելի էին ընդգծվում, և նրա կաղությունը տղամարդկանց համար չորրորդական բան էր։
Դժվար էր ասել, թե ով էր ավելի նեղվում այդ միությունից. Մանո՞ւշը, որ կաղ լինելով հանդերձ, տղամարդկանց համար լիարժեք կին էր, թե՞ Կարապետը՝ առանց էական արատի, ներդաշնակ մարմնանդամներով, բայց և մի ամբողջական բնական արատ էր։
Շենում վերաբնակվելուց անմիջապես հետո Մանուշը իր արատին ու կրթությանը համապատասխան աշխատանք գտավ՝ մանկամսուրի դայակ։ Միառժամանակ անց Կարապետն էլ բավականին պատվավոր պաշտոն ստացավ, դարձավ այգիների պահակ։ Մարդիկ բաց ասում էին, թե այդ գործը Մանուշը գլուխ բերեց։ Կարապետի տեսքը այդ հարցի մասին ոչինչ չէր ասում։
Կարապետին հրացան տվեցին, որով ամեն կեսգիշեր, պահակի քողտիկում քնելուց առաջ, կրակում և արար աշխարհը իմանում էր, որ այգիների պահակ Կարոն քենց։
Կարապետի սպառազինությունը բոլորեց, երբ անտեր շներից մեկը ընկերացավ նրան։ Ծերացած անուժ շուն էր, նախքան Կարապետը մարդկանց մարդու տեղ շուն դնում, ոչ մեկին չէր ընկերանում, պարենային խանութի շեմին մրափում էր, ամեն խանութից դուրս եկողի ետևից քարշ գալիս, մինչև ուրիշ շների ազդեցության ոլորտները, և մի պատառ բան վաստակած-չվաստակած՝ վերադառնում իր տեղը։ Կարապետին ընկերանալով՝ շան կյանքը միառժամանակ բովանդակալից դարձավ։ Տիրոջն ուղեկցում էր այգիներ, այգիներում առնետներ ու մողեսներ հալածում, երբեմն մի քանի բերան հաչում… Սակայն կայտառ կյանքը նրա տարիքի համար չէր և շատ շուտով պարզապես Կարապետի ստվերը դարձավ։
Սրտաշարժ բան կար այդ ընկերության մեջ։ Կարապետը շան ծուլությունը չէր նկատում։ Շանը անգամ անո՛ւն չէր տվել։ Պահակ էր՝ շուն պիտի ունենար։ Այս էլ ձեզ՝ շուն։ Անուժ, անանուն, առանց շնական վարք ու բարքի, բայց և կենդանի շուն։ Մի տեսակ՝ շան խորհրդանիշ, որ նաև պահակության խորհրդանիշ էր։ Իսկ թե շո՛ւնը ինչ էր գտել Կարապետի մեջ, դժվար է ասել։ Միգուցե, մռութը Կարապետի կրունկներին քսելով քայլելիս, նրա շնական լսողությունը փառավորվում էր տիրոջ ոսկորների ախորժալուր չխկչխկոցից.. Միգուցե սպասում էր, համբերությամբ սպասում էր, որ Կարապետը վերջնականապես ոսկորների կույտ դառնա… Ի՞նչ իմանաս։ Ո՞վ է գլուխ հանում շնական նկրտումներից։ Կարապետը, համենայն դեպս, շանը կարող էր այդպիսի հույս ներշնչել, որովհետև անսահման նիհար ու ոսկրոտ էր։ Այն աստիճան, որ հեշտությամբ ուսուցողական կմախք կծառայեր… եթե չլիներ երկու հանգամանք. նախ՝ որ ուսուցողական կմախքները չափազանց բարձրահասակ են լինում և ապա՝ որ երեխաները վախենում են շարժվող կմախքներից։
Կարապետը հրացանը իրեն հարմարեցնելու կամ իրեն հրացանին հարմարեցնելու հնարը չգտավ։ Եթե սովորականի նման էր ուսը գցում, խզակոթը ծեծում էր ծնկածալը, եթե փողն ի վար էր կախում, փողը հասնում էր կրունկներին։ Որքան էլ ծալեր սապոգի ճտքերը, որքան էլ կարճացներ հրացանի փոկը, ոչ հասակն էր բարձրանում, ոչ հրացանի փողն էր սապոգի ճտքից վեր բարձրանում։ Եվ որպեսզի ավելորդ անգամ երեխաների ծաղրուծանակին չարժանանա, ավան մտնելիս՝ Կարապետը հրացանը ձեռքն էր առնում։
Բայց ինչ էլ որ աներ՝ ուսը ձգեր, ձեռքին բռներ, թե մահակի նման ուսն առներ, հրացանավոր Կարոն անմիտ, անհեթեթ բան էր, նույնն էր, թե թնդանոթ շալակեր։
Միայն այն բանից հետո, երբ Կարապետը օրը ցերեկով գնդակահարեց Մանուշի ոտքը խածած շանը, մեծ թե փոքր վճռեցին, որ Կարապետի շալակինը, այնուամենայնիվ, թնդանոթ չէ։ Շան դատաստանը այն աստիճան վճռական էր, Կարապետի հեղինակությունը միառժամանակ այնքան բարձրացավ, որ շնատեր Շալիկոն չհամարձակվեց բացատրություն պահանջել, այլ բավարարվեց Կարապետի խոզը թունավորելով։ Դրան ի պատասխան, Աբիգը դանակահարեց Շալիկոյին ու տնից փախավ։ Աբիգը Մանուշի նախկին ամուսնուց էր, պնդակազմ, մեծ գլխով տասնհինգամյա պատանի։ Կլիներ Կարապետի երկու քաշին և բացահայտ արհամարհում էր խորթ հորը։ Երբ նրա ներկայությամբ տարեկիցները զազրախոսում էին Կարապետի մասին, լավագույն դեպքում չլսելու էր տալիս։ Աբիգը, ուժեղ ու կռվարար, վախելուց չէ, որ չլսելու էր տալիս։ Պատահում էր, նույնիսկ ծեծում էր բացբերանին, բայց ոչ հոր սիրույն, այլ՝ երբ կռվելու ուրիշ պատրվակ չէր լինում։ Աբիգը ամեն օր կռիվ էր սարքում և արդեն տասներեք տարեկանից բողոքավոր ծնողները Մանուշի վրա էին կռիվ գալիս։ Գիտեին՝ Կարապետը իշխանություն չունի «էշ կերած-էշ մեծացած» Աբիգի վրա։ Աբիգը ոչ միայն արհամարհում էր խորթ հորը, այլև նվաստացնում էր նրան՝ տարեկիցների մոտ իր «իսկական հոր» կերպարը քանդակելով։ Երկու հայրերի համեմատումը սպանիչ էր Կարապետի համար։ Այդ հայրը, որ Մանուշի ասելով՝ մեռած էր, ըստ Աբիգի՝ կենդանի, ծանրամարտիկ, թե բռնցքամարտիկ էր եղել, լայնաթիկունք, պարթևահասակ (Աբիգին նայելիս՝ դա ճշմարտանման էր թվում), ինչ-որ տեղի չեմպիոն ու այլևայլ արժանիքների տեր անձնավորություն, որը որդու հիշողության մեջ մնացել էր բացարձակապես իր ահեղ կռիվներով։
Դանակահարություն ասածը չնչին պատռվածք էր տուժողի ուսին, և միջադեպը մի փոքրիկ կերուխումով հարթվեց։ Դանակահարությունը շուտով մոռացվեց, չմոռացվեց, սակայն, շան գնդակահարությունը։ Չմոռացավ Մաթոսը՝ գլխավոր գյուղատնտես Մաթևոս Դարյանը։ Նրա առաջին միտքը այն եղավ, որ հրացանը Կարապետի ձեռքից առնել տա։ Մինչև շան գնդակահարությունը Կարապետը նրան վտանգավոր չէր թվում, բայց այդ դեպքից հետո սիրուհու հրացանավոր ամուսին ունենալը աննպատակահարմար գտավ։
Շրջկենտրոնի ներքին գործերի բաժնից եկան, Կարապետին գրասենյակ կանչեցին և նրա զինաթափումը այսպես ձևակերպեցին, «Հասարակական վայրում հրազեն գործի դնելու համար…»։
Կարապետը թեթև սրտով բաժանվեց հրացանից և ստանձնեց մանկամսուրի պահեստապետի պաշտոնը։ Այսուհետև Կարապետն ու Մանուշը առավոտները միասին են տնից դուրս գալու։ Քայլելու են կողք-կողքի, Կարապետը՝ ոստոստուն քելքով, Մանուշը՝ աջուձախ շպրտվելով և ամեն անգամ ամուսնու կողմ սպառնալի նետվելիս՝ թվալու է, թե տաշեղի նման կթռցնի Կարապետի անկշիռ մարմինը։
