Ամենավաղ հիշողություններիցս մեկը սկսվում է նրանից, որ հեկեկում եմ։ Չէի ուզում հանգստանալ, որքան էլ որ հայրս և մայրս ջանում էին։
Հայրս հանձնվեց և գնաց ննջասենյակ, իսկ մայրս տարավ ինձ խոհանոց և նստեցրեց նախաճաշի սեղանի վրա։
-Կա՛ն, կա՛ն, տե՜ս, – ասաց նա՝ փաթեթավորման թուղթ հանելով սառնարանի գլխի վրայից։ Տարիների ընթացքում մայրս խնամքով կտրում էր սուրբծննդյան նվերների փաթեթաթղթերը և դնում սառնարանի գլխին, այնպես որ մի ամբողջ կիտուկ էր գոյացել։
Դատարկ մասով դեպի վերև դնելով թուղթը՝ սկսեց ծալել այն։ Դադարեցրի լացս և սկսեցի հետաքրքրությամբ հետևել նրան։
Թեքեց թուղթն ու նորից ծալեց։ Հետո սկսեց ծալել, փաթաթել, եզրերը ծալել, շրջել ու դեպի վեր ծալել, մինչև որ թուղթը չանհետացավ նրա ափերի մեջ։ Այնուհետև ծալված թղթե կտորը մոտեցրեց բերանին և այնպես փչեց, ասես փուչիկ էր փչում։
-Կա՜ն, – ասաց նա։ – Լաոհու[1] ։ Նայի՛ր, վագր է։
Ձեռքերը դրեց սեղանին և բացեց ափերը։ Սեղանին հայտնվեց փոքրիկ թղթե վագր՝ երկու սեղմած բռունցքների չափսի։ Նրա մորթու վրա փաթեթաթղթի պատկերներն էին․ սպիտակ ֆոնին կարմիր նաբաթե ձեռնափայտիկներ և սուրբծննդյան կանաչ եղևնիներ։
Ձեռքս տարա դեպի մորս կողմից ստեղծված արարածը։ Նրա պոչը շարժվեց, և նա աշխույժ կերպով կառչեց մատիցս։ «Ռռ՜ռ, – մռնչաց նա»։ Այդ ձայնը միաժամանակ և՛ կատվի մլավոց, և՛ լրագրերի խշխշոց հիշեցնող մի բան էր։
Զարմացած ծիծաղեցի և ցուցամատով շոյեցի նրա մեջքը։ Թղթե վագրը մռռալով դողդողաց մատիս տակ։
– Ճըճի, – ասաց Մայրիկս։ – Սա կոչվում է օրիգամի։
Այդ ժամանակ չգիտեի, որ մայրս յուրահատուկ շնչառություն ուներ։ Նա փչում էր իր թղթե կենդանիների վրա, որպեսզի դրանք մասնակից լինեին նրա շնչառությանն ու կարողանային շարժվել։ Դա նրա կախարդանքն էր։
Հայրիկս կատալոգից էր ընտրել Մայրիկիս։
Մի անգամ, երբ ավագ դասարաններում էի սովորում, մանրամասներ հարցրի Հայրիկիցս։ Նա փորձում էր համոզել ինձ նորից խոսել Մայրիկիս հետ։
1973 թվականի գարնանից գրանցվել էր ծանոթությունների գործակալությունում։ Պարբերաբար թերթելով էջերը՝ յուրաքանյուրին հազիվ մեկ վայրկյան ժամանակ էր հատկացնում, մինչև որ չտեսավ Մայրիկիս լուսանկարը։
-Նախկինում երբեք չէի տեսել այդ լուսանկարը, – ասաց Հայրիկը։
Հետևյալ կերպ նկարագրեց․ «Մայրիկս նստած էր բազկաթոռին՝ կողքով թեքված դեպի ֆոտոխցիկը, հագին կիպ նստած մետաքսե կանաչ ցիփաո էր։ Գլուխն այնպես էր դեպի ֆոտոխցիկը թեքել, որ երկար սև վարսերը վարպետորեն փռված էին կրծքին և ուսերին։ Հանգիստ երեխայի հայացքով էր նկարի մեջից նայել նրան»։
-Կատալոգի վերջին էջն էր, որ նայեցի, – ասաց նա։
Կատալոգում ասվում էր, որ նա տասնութ տարեկան էր, սիրում էր պարել և վարժ խոսում էր անգլերեն, քանի որ Հոնկոնգից էր։ Հետագայում պարզվեց, որ այդ փաստերից ոչ մեկը ճշմարիտ չէր։
Հայրիկս գրեց նրան, և գործակալությունը սկսեց այս ու այն կողմ փոխանցել նրանց նամակները։ Վերջիվերջո՝ նա մեկնեց Հոնկոնգ՝ Մայրիկիս հանդիպելու։
Գործակալության աշխատակիցներն էին գրում նրա պատասխանները, բացի «բարևից» և «ցտեսությունից»՝ անգլերեն ոչ մի բառ չգիտեր։
Ի՞նչ տեսակ կին պետք է լինես, որ քեզ կատալոգում տեղադրես, ասես աճուրդի ես հանում ինքդ քեզ։ Ավագ դպրոցում կարծում էի, թե բավականին շատ բան գիտեի աշխարհի մասին։ Արհամարհանքը այնքան հաճելի էր, որքան գինին։
Գործակալություն ներխուժելու և գումարը հետ պահանջելու փոխարեն վճարեց հյուրանոցի ռեստորանի մատուցողուհուն, որպեսզի վերջինս թարգմաներ նրանց խոսակցությունը։
-Երբ խոսում էի, նայում էր վրաս, իսկ աչքերում վախի և հույսի միջև ինչ-որ բան էր կարդացվում։ Իսկ երբ աղջիկը սկսեց թարգմանել, թե ինչ էի ասում, կամաց-կամաց ժպիտ հայտնվեց նրա դեմքին։
Հայրիկս վերադարձավ Կոնեկտիկուտ և սկսեց զբաղվել թղթաբանությամբ, որպեսզի Մայրիկս կարողանար տեղափոխվել նրա մոտ։ Ես ծնվեցի մեկ տարի անց՝ Վագրի տարում։
***
Իմ խնդրանքով Մայրիկս փաթեթավորման թղթերից պատրաստեց նաև այծ, եղջերու և ասիական գոմեշ։ Դրանք վազվզում էին հյուրասենյակով, իսկ Լաոհուն մռնչոցով հետապնդում էր նրանց։ Երբ բռնում էր նրանց, այնքան էր սեղմում, մինչև որ օդը դուրս էլ գալիս դրանց մեջից, և ուղղակի վերածվում էին տափակ, ծալված թղթի կտորների։ Այնուհետև ստիպված էի լինում փչել դրանց մեջ, որպեսզի նորից ուռչեին և կարողանային մի փոքր էլ վազվզել։
Երբեմն կենդանիների հետ դժբախտ պատահարներ էին տեղի ունենում։ Մի անգամ՝ ճաշի ժամանակ, ասիական գոմեշը թռավ սեղանին դրված սոյայի սոուսով ճաշատեսակի մեջ։ (Իսկական ասիական գոմեշի պես ուզում էր թավալվել)։ Արագ դուրս բերեցի նրան, բայց մուգ հեղուկն արդեն ծորում էր նրա թղթե ոտքերի մազանոթների վրայով։ Սոուսից փափկած ոտքերը չկաչողացան պահել նրան, և նա տապալվեց սեղանին։ Արևի տակ չորացրի նրան, բայց դրանից հետո նրա ոտքերը ծռվեցին և սկսեց կաղալ։ Վերջիվերջո՝ Մայրիկը սննդային թաղանթով փաթաթեց նրա ոտքերը, որպեսզի կարողանար թավալվել այնքան, որքան կկամենար (իհարկե, ոչ սոյայի սոուսի մեջ)։
Բացի այդ՝ Լաոհուն սիրում էր հարձակվել ճնճղուկների վրա, երբ խաղում էինք հետնաբակում։ Բայց մի անգամ ծուղակն ընկած թռչունը հուսահատորեն պատասխան հարված հասցրեց և պոկեց նրա ականջը։ Նա թնկթնկում էր և ծռմռում մռութը, քանի դեռ նրան պահում էի ձեռքերիս մեջ, իսկ Մայրիկս սքոչով կպցնում էր նրա ականջը։ Այդ միջադեպից հետո նա խուսափում էր թռչուններից։
Մի օր հեռուստացույցով շնաձկների մասին փաստագրական ֆիլմ տեսա և խնդրեցի Մայրիկին ինձ համար շնաձուկ պատրաստել։ Նա պատրաստեց, բայց այն դժբախտ տեսքով թփրտում էր սեղանին։ Լվացարանի մեջ ջուր լցրի և նրան իջեցրի դրա մեջ։ Ուրախ-ուրախ շրջաններ էր անում ջրի մեջ։ Սակայն շատ չանցած թրջվեց, կիսաթափանցիկ դարձավ և դանդաղ խորտակվեց՝ հարթելով ծալքերը։ Պարզեցի ձեռքս, որպեսզի փրկեի նրան, բայց այն արդեն թաց թղթի կտորի էր վերածվել։
Լաոհուն դիմացի թաթերը դրեց լվացարանի ծայրին և գլուխ տեղավորեց դրանց վրա։ Ականջներն իջեցրեց, ցածր կոկորդային մռնչյուն արձակեց՝ ստիպելով մեղավոր զգալ ինձ։
Մայրիկը նոր շնաձուկ պատրաստեց ինձ համար, բայց այս անգամ այն փայլաթիթեղից էր։ Շնաձուկը ոսկե ձկնիկների հետ զվարթ ապրում էր ջրավազանի մեջ։ Ես և Լաոհուն սիրում էինք նստել ջրավազանի կողքին և հետևել, թե ինչպես էր փայլաթիթեղյա շնաձուկը հետապնդում ոսկե ձկնիկին։ Լաոհուն հակառակ կողմից մռութն այնպես էր հպում ապակյա տարային, որ տեսնում էի, թե ինչպես էին նրա՝ սուրճի բաժակների չափսի դարձած աչքերը ապակու մեջից նայում ինձ վրա։
Երբ տասը տարեկան էի, տեղափոխվեցինք մեկ ուրիշ տուն, որը քաղաքի մյուս ծայրին էր։ Հարևանուհիներից երկուսը եկան՝ ողջունելու մեզ։ Հայրիկս խմելու բան լցրեց նրանց համար, հետո ներողություն խնդրեց, որ պետք է գնար կենցաղային սպասարկման հիմնարկ՝ նախկին սեփականատիրոջ պարտքերը վճարելու։
-Զգացե՛ք Ձեզ ինչպես Ձեր տանը, – ասաց նա։ – Կինս անգլերեն լավ չի խոսում, այնպես որ անքաղաքավարություն չհամարեք այն, որ նա չի զրուցում Ձեզ հետ։
Քանի դեռ ես ճաշասենյակում գիրք էի կարդում, Մայրիկը խոհանոցում իրերն էր տեսակավորում։ Հյուրասենյակում նստած հարևանուհիները զրուցում էին, բայց առանձնապես չէին փորձում ցածր խոսել։
-Կարծես թե նորմալ տղամարդ է։ Ինչի՞ համար է արել դա։
-Ինչ-որ սխալ բան կա այդ միախառնման մեջ։ Երեխան կիսատ տեսք ունի։ Շեղ աչքեր, գունատ դեմք։ Փոքրիկ հրեշ։
-Ի՞նչ ես կարծում, անգլերեն խոսո՞ւմ է։
Կանայք լռեցին։ Որոշ ժամանակ հետո մտան ճաշասենյակ։
-Ողջո՜ւյն։ Անունդ ի՞նչ է։
-Ջե՛ք, – պատասխանեցի ես։
-Այդքան էլ չիներեն չի հնչում։
Այդ պահին Մայրիկը եկավ։ Ժպտաց կանանց։
Նրանք երեքը եռանկյունի կազմած կանգնել էին շուրջս՝ ժպտալով և գլուխ տալով միմյանց՝ առանց որևէ բառ արտաբերելու, մինչև որ Հայրիկը չվերադարձավ։
***
Մարկը՝ հարևան երեխաներից մեկը, եկավ մեր տուն իր՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսների խաղալիքներով։ Օբի-Վան Քենոբի լուսային թուրը շողշողաց, և նա կարողացավ թափահարել ձեռքերն ու բարակ ձայնով ասել․ «Օգտագործի՛ր ուժդ»։ Ինձ թվաց, որ այն ընդհանրապես նման չէր իրական Օբի-Վանին։ Միասին նայեցինք, թե ինչպես սուրճի սեղանի վրա հինգ անգամ կրկնեց նույն բանը։
-Իսկ ուրիշ ինչ-որ բան կարո՞ղ է անել, – հարցրի ես։
Մարկը կարծես նյարդայնացավ իմ հարցից։
-Ուշադրություն դարձրու բոլո՛ր մանրուքներին, – ասաց նա։
Նորից ուշադիր նայեցի։ Չգիտեի, թե ինչ պետք է ասեի։
-Քո՛ խաղալիքները ցույց տուր, – ասաց Մարկը՝ իմ պատասխանից հիասթափված։
Բացի թղթե գազանանոցից՝ ուրիշ խաղալիքներ չունեի։ Ննջասենյակիցս բերեցի Լաոհուին։ Այդ ժամանակ այն արդեն շատ քրքրված էր, ամբողջությամբ կարկատված էր սկոչով և սոսինձով՝ վկայելով այն մասին, թե քանի անգամ էինք տարիների ընթացքում ես և Մայրիկը վերանորոգել այն։ Այլևս առաջվա պես ճարպիկ և արագաշարժ չէր։ Սուրճի սեղանի վրա նստեցրի նրան։ Լսում էի, թե ինչպես էին միջանցքից հետևում մյուս կենդանիները՝ վախվխելով հյուրասենյակից ներս նայով։
-Չժաոու Լաոհո՛ւ, – ասացի ես և կանգ առա։ Անգլերենին անցում կատարեցի։ – Սա վագր է։ Լաոհուն զգուշորեն մոտեցավ Մարկին և սկսեց մռռալ՝ հոտոտելով նրա ձեռքերը։ Մարկն ուշադիր զննեց Լաոհուի մորթու սուրբծննդյան պատկերները։
-Բոլորովին վագրի տեսք չունի։ Մայրիկդ աղբի՞ց է խաղալիքներ պատրաստում քեզ համար։
Երբեք Լաոհուին իբրև աղբ չէի դիտարկել։ Բայց այդ պահին երբ նայեցի նրան, տեսա, որ Լաոհուն իսկապես ընդամենը փաթեթավորման թղթի կտոր էր։
Մարկը նորից հրեց Օբի-Վանի գլուխը։ Շողշողաց լուսային թուրը, վերև-ներքև շարժեց ձեռքերը․ «Օգտագործի՛ր ուժդ»։
Լաոհուն շրջվեց և թռավ՝ սեղանի վրայից գցելով պլաստիկատե խաղալիքը։ Այն ընկավ հատակին և կոտրվեց, ու Օբի-Վանի գլուխը գլորվեց բազմոցի տակ։
-Մռռ՜ռ, – ծիծաղեց Լաոհուն։ Ես միացա նրան։
Մարկն ուժեղ հարվածեց ինձ։
-Այն շա՜տ թանկարժեք է։ Հիմա չես էլ կարող խանութներում գտնել դրանից։ Այն հավանաբար ավելի մեծ գումար արժե, քան հայրդ վճարել է մորդ համար։
Ես սայթաքեցի և ընկա։ Լաոհուն մռնչաց և թռավ Մարկի դեմքին։
Մարկը ճչաց ավելի շատ վախից և անսպասելիությունից, քան ցավից։ Վերջիվերջո՝ Լաոհուն ընդամենը թղթից էր։
Մարկը ճանկեց Լաոհուին, բայց նրա մռնչոցը կտրվեց, երբ Մարկն ափի մեջ ճմռթեց այն և երկու մասի բաժանեց։ Ճմլեց երկու թղթերն ու շպրտեց վրաս։
-Վերցրո՛ւ քո էժանագին չինական աղբը։
Մարկի հեռանալուց հետո երկար ժամանակ ապարդյուն փորձում էի կպցնել կտորները, հարթել թղթերը և հետևելով ծալքերին՝ վերստեղծել Լաոհուին։ Կամաց-կամաց մյուս կենդանիները մտան հյուրասենյակ և հավաքվեցին մեր՝ իմ և պատառոտված փաթեթավորման թղթի շուրջը, որը նախկինում Լաոհուն էր։
Իմ և Մարկի պայքարն այդքանով չավարտվեց։ Մարկը հայտնի էր դպրոցում։ Չէի ցանկանա վերհիշել այդ ամենին հաջորդող երկու շաբաթները։
Այդ երկու շաբաթների ավարտին՝ ուրբաթ օրը, եկա տուն։
– Xuexiao hao ma?, – հարցրեց Մայրիկը։ – Գործերդ ո՞նց են դպրոցում։
Ոչինչ չասացի և գնացի լոգասենյակ։ Նայեցի հայելու մեջ։ Ընդհանրապես նման չեմ նրան, ընդհանրապես։
Ճաշելիս հարցրի Հայրիկին․
-Մի՞թե չինացու դեմք ունեմ։
Հայրիկը մի կողմ դրեց ուտելիս օգտագործվող ձողիկները։ Թեև երբեք չէի պատմել, թե ինչ էր կատարվել դպրոցում, թվում էր՝ նա գլխի էր ընկել։ Հայրիկը փակեց աչքերն ու տրորեց քթարմատը․
-Ո՛չ, չունես։
Մայրիկը նայում էր Հայրիկին՝ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին էր։ Հետո նայեց ինձ վրա։
– “Sha jiao chink?” Ի՞նչ է նշանակում չինացու։
-Անգլերե՛ն, – ասացի ես։ – Անգլերե՛ն խոսիր։
Նա փորձեց․
-Ի՞նչ է պատահել։
Ես մի կողմ հրեցի առջևումս դրված ձողիկներն ու ափսեն․ հինգ տեսակի համեմունքներով և կանաչ պղպեղով տապակած տավարի միս էինք ուտում։
-Ամերիկյա՛ն ուտելիք պետք է ուտենք։
-Շատ ընտանիքներ երբեմն չինական ուտելիք են պատրաստում, – փորձեց առարկել Հայրիկը։
-Մենք նման չենք մյուս ընտանիքներին, – ասացի ես՝ նայելով նրա վրա։ Մյուս ընտանիքներում մայրիկները օտարազգի չեն։
Հայրիկը թեքեց հայացքը։ Հետո ձեռքը դրեց Մայրիկի ուսին և ասաց․
-Խոհարարական գիրք կբերեմ քեզ համար։
Մայրիկը շրջվեց դեպի ինձ․
-«Bu haochi?» Ուտելիքը համեղ չէ՞։
-Անգերե՛ն, – ասացի ես՝ բարձրացնելով ձայնս։ – Անգլերե՛ն խոսիր։
Մայրիկը պարզեց ձեռքը և դիպավ ճակատիս՝ ջերմությունս ստուգելով։
– «Fashao la?» Ջերմո՞ւմ ես։
Մի կողմ հրեցի նրա ձեռքը։
-Լա՛վ եմ։ Անգլերե՛ն խոսիր, – բղավեցի ես։
-Անգլերե՛ն խոսիր նրա հետ, – ասաց Հայրիկը։ – Շատ լավ գիտես, որ մի օր պետք է լիներ սա։ Ուրիշ ի՞նչ էիր սպասում։
Մայրիկը թևաթափ եղավ։ Նստած մե՛րթ ինձ էր նայում, մե՛րթ հայրիկին։ Փորձեց խոսել, կանգ առավ, հետո նորից փորձեց և նորից լռեց։
-Պետք է փորձես, – ասաց Հայրիկը։ – Շատ հանդուրժողական եմ եղել քեզ հետ։ Բայց Ջեքն այդպես չի կարողանում։
Մայրիկը նայեց նրան։
-Երբ ես ասում եմ «սեր», այստեղով եմ զգում, – ցույց տվեց շուրթերը։ – Երբ ասում եմ «ai», այստեղով եմ զգում, – ձեռքը դրեց սրտին։
Հայրիկը տարուբերեց գլուխը։
-Դու Ամերիկայում ես։
Նստած տեղը մայրիկը կորացավ, ինչպես ասիական գոմեշը, երբ Լաոհուն հարձակվում էր վերջինիս վրա և դուրս էր մղում կենարար օդը նրա մեջից։
-Եվ ես իսկական խաղալիքներ եմ ուզում։
Հայրիկն ինձ համար գնեց Աստղային պատերազմների խաղալիքների ողջ հավաքածուն։ Օբի-Վան Քենոբին տվեցի Մարկին։
Թղթե գազանանոցը տեղավորեցի կոշիկի տուփի մեջ և դրեցի մահճակալիս տակ։
Հաջորդ առավոտ կենդանիները փախուստի դիմեցին և զբաղեցրին իրենց սիրելի տեղերն իմ սենյակում։ Բոլորին բռնեցի, նորից տեղավորեցի կոշիկի տուփի մեջ և կափարիչն ամուր ամրացրի սքոչով։ Բայց կենդանիներն այնպես էին աղմկում տուփի մեջ, որ վերջիվերջո՝ տուփը տեղավորեցի ձեղնահարկի անկյունում՝ հնարավորինս հեռու իմ սենյակից։
Եթե Մայրիկը չիներեն էր խոսում ինձ հետ, չէի պատասխանում։ Որոշ ժամանակ հետո խոսելիս փորձում էր ավելի հաճախ անգլերեն օգտագործել։ Բայց նրա առոգանությունն ու կոտրված նախադասությունները նյարդայնացնում էին ինձ։ Փորձում էի ուղղել նրան։ Արդյունքում Մայրիկը սկսեց այլևս չխոսել, երբ ես նրա կողքին էի լինում։
Սկսեց դիմաշարժությամբ բացատրվել, երբ ինչ-որ բան էր ուզում ասել ինձ։ Փորձում էր ամերիկացի մայրիկների նման գրկել ինձ, ինչպես անում էին հեռուստացույցով։ Նրա շարժուձևը չափազանցված, անվստահ, անհեթեթ և նրբագեղությունից զուրկ թվաց ինձ։ Նա նկատեց, որ բարկանում էի, և դադարեց։
-Չպե՛տք է նման կերպ վարվես մորդ հետ, – ասաց Հայրիկը։ Բայց խոսելիս չէր կարողանում նայել աչքերիս մեջ։ Հոգու խորքում, ըստ երևույթին, հասկանում էր, որ սխալվել էր, երբ կարծել էր, որ կարելի էր ձեռք գցել գյուղացի չինուհու և սպասել, որ վերջինս կկարողանար ընտելանալ Կոնեկտիկուտի արվարձանային կյանքին։
Մայրիկը սովորեց ամերիկյան ուտելիքներ պատրաստել։ Ես համակարգչային խաղեր էի խաղում և ֆրանսերեն էի սովորում։
Ժամանակ առ ժամանակ տեսնում էի, թե ինչպես էր Մայրիկը խոհանոցի սեղանին փռված ինչ-որ փաթեթավորման թուղթ ուշադիր զննում։ Իսկ հետո մահճակալիս կողքի սեղանիկին նոր գազանիկներ էին հայտնվում, որոնք փորձում էին փաթաթվել ինձ։ Վերցնում էի դրանք, սեղմելով հանում էի օդն ու տեղավորում ձեղնահարկի տուփի մեջ։
Մայրիկը վերջնականապես դադարեց գազաններ պատրաստելուց, երբ ես ավագ դասարաններում էի սովորում։ Այդ ժամանակ արդեն բավականին լավ էր խոսում անգլերեն, բայց արդեն այն տարիքում էի, որ ինձ քիչ էր հետաքրքրում, թե ինչ էր ասում՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով էր խոսում։
Երբեմն, երբ տուն էի գալիս և տեսնում էի, թե ինչպես էր նրա պստլիկ մարմինն այս ու այն կողմ անում խոհանոցում՝ ինչ-որ չինական երգ քթի տակ երգելով, հավատս չէր գալիս, որ նա էր ինձ լույս աշխարհ բերել։ Ոչ մի ընդհանրություններ չունեինք։ Նույն հաջողությամբ կարող էր Լուսնից իջնել։ Եվ ես շտապում էի թաքնվել սենյակում, որտեղ հանգիստ կարող էի տրվել երջանկության համընդհանուր ամերիկյան հետապնդմանը։
Ես և Հայրիկը կանգնած էինք մայրիկի երկու կողքերում, ով պառկած էր հիվանդանոցային մահճակալին։ Դեռ քառասուն տարեկան չկար, բայց շատ ավելի մեծ էր երևում։
Տարիների ընթացքում անտեսում էր կրծքում զգացվող ցավն ու հրաժարվում դիմել բժիշկներին։ Եվ երբ շտապօգնության մեքենան եկավ նրա հետևից, քաղցկեղն այնքան հեռուն էր գնացել, որ վիրաբուժությունն արդեն անզոր էր։
Մտքերով հիվանդասենյակում չէի։ Մտքերս համալսարանի տարածքում էին, որտեղ հարցազրույցների ամենաթեժ շրջանն էր, և ես կենտրոնացած էի ինքնակենսագրականների, սղագրությունների և հարցազրույցների ռազմավարական կերպով կազմված գրաֆիկի վրա։ Հաշվարկում էի, թե ինչպես կարող էի հմտորեն խաբել հարցազրուցավարներին, որպեսզի վերջիններս կարողանային գնել ինձ։ Ուղեղով հասկանում էի, որ սարսափելի էր նման բաների մասին մտածել, երբ մայրդ մահանում էր։ Բայց այդ հասկացումը չէր նշանակում, որ կարող էի փոխել զգացմունքներս։
[1] (Չին․) Վագր։
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

