Չարլզ Բուկովսկի | Թող փաթաթվի քեզ

խաղաղություն լինի, թե երջանկություն
թող փաթաթվի քեզ։

երբ երիտասարդ էի
ինձ թվում էր՝ սրանք
ձանձրալի, հասարակ բաներ են։
վատ արյուն ունեի, ծուռ միտք, անհույս
դաստիարակություն։

գրանտիտի պես կարծր էի, հայացքս՝
արևին։
ոչ մեկին չէի վստահում,
հատկապես կանանց։

ապրում էի փոքր սենյակներում
դժոխային պայմաններում, իրեր էի ջարդում,
փշրում էի իրեր,
քայլում էի ապակու միջով,
անիծված։
մարտահրավեր էի նետում ամեն ինչին,
անընդհատ բանտերում էի,
դատվում էի, դուրս ու ներս անում կռիվներից,
դուրս ու ներս անում
մտքերիցս։

կանայք ինչ-որ բան էին,
որոնց կարելի էր դավաճանել ու հայհոյել,
ոչ մի տղամարդ ընկեր չունեի

փոխում էի աշխատանքներս ու
քաղաքներս, ատում էի տոները,
երեխաներին, պատմությունը,
թերթերը, թանգարանները,
տատիկներին,
ամուսնությունը,
կինոները,
սարդերին, աղբի մարդկանց,
անգլերենի առոգանությունները, իսպանիան,
ֆրանսիան, իտալիան, ընկույզներն ու
նարնջի գույնը։
երկրաչափությունը կատաղեցնում էր ինձ,
օպերան՝ զզվացնում,
չարլի չապլինը
կեղծ էր
իսկ ծաղիկները
թույլիկների համար էին։

ինձ համար խաղաղությունն ու երջանկությունը
ստորադասության
նշաններ էին,
տկարամիտների ու թուլամորթների
ապաստանները։

բայց ինչքան առաջ գնացի
թաղերի կռիվների,
ինքնակործան տարիների,
ցանկացած քանակի
կանանցով անցնելու միջով – կամաց-կամաց
սկսեցի գլխի ընկնել
որ չէի տարբերվում

ուրիշներից, ես նույնն էի,
բոլորը լցված էին
ատելությամբ,
բանի տեղ չեն դնում մանր
վիշտերը,
տղամարդիկ, որոնց հետ կռվում էի
ճամփեքին
քարե սրտեր ունեին,
բոլորը հրում, առաջ էին անցնում,
դավաճանում էին ինչ-որ անկարևոր
առավելության համար,
սուտը զենքն էր, պատմությունը
դատարկ էր, իսկ
խավարը
բռնապետն էր։

զգուշությամբ թույլ տվեցի ինքս ինձ
մեկ-մեկ լավ զգալ։
հանգիստ պահեր գտա էժան
սենյակներում
աչքերս հառելով ինչ-որ պահարանի
դռան բռնակներին կամ
ականջ դնելով խավարում թափվող
անձրևի ձայնին։
ինչքան քիչ բանի կարիք ունեի՝
էնքան լավ էի զգում։

գուցե մյուս կյանքը
մաշել էր ինձ։
էլ գրավիչ չէր
խոսակցության մեջ ինչ-որ մեկից
առաջ անցնելը։
կամ ինչ-որ խմած կնոջ
մարմնի վրա բարձրանալը
որի կյանքը սողոսկել էր
դժբախտության մեջ։

երբեք չէի կարող ընդունել
կյանքը ոնց որ կար,
չէի կարող կուլ տալ
թույնը,
բայց կային հատվածներ,
նուրբ կախարդական բաներ
որ բաց էին
հարցերի համար։

ես վերաձևակերպեցի․
չգիտեմ երբ,
օրը, ժամանակը, էդ
ամենը
բայց փոփոխությունը պատահեց։
ներսումս ինչ-որ բան
հանգստացավ, խաղաղվեց։
էլ ստիպված չէի ապացուցել,
որ տղամարդ եմ

էլ ստիպված չէի որևէ բան
ապացուցել։

սկսեցի տեսնել բաներ․
սուրճի բաժակները՝
սրճարանի վաճառասեղանի հետևում շարված։
կամ մայթով քայլող շանը։
կամ ոնց պահարանիս գլխի
մուկը կանգնեց ողջ մարմնով,
իրոք կանգնեց էնտեղ,
ականջներով,
քթով,
ամեն ինչ տեղում էր,
մի պուճուր կյանք
բանտարկված նրա ներսում
նայեց ինձ էդ աչքերով
ու դրանք
գեղեցիկ էին։
հետո գնաց։

սկսեցի լավ զգալ։
սկսեցի լավ զգալ
վատագույն իրավիճակներում
իսկ դրանք շատ էին։

ասենք, օրինակ, շեֆս
գրասեղանի հետևում
պատրաստվում էր ասել,
որ ստիպված էր ազատել ինձ գործից։
շատ եմ բացակայել։
հագին կոստյում կար, փողկապ, ակնոց,
ասեց «ստիպված եմ ազատել քեզ»

«բան չկա» պատասխանեցի

պիտի անի ինչ-որ պիտի անի
կին ունի, էրեխեք,
ծախսեր, հավանաբար՝
ընկերուհի

սիրտս ցավում էր իր համար
բանտված էր

դուրս եկա կիզիչ
արևի տակ,
ամբողջ օրը իմն էր
ժամանակավորապես
ինչևէ
(ամբողջ աշխարհը աշխարհի
կոկորդում է,
բոլորը ջղային են,
խաբված, դավաճանված,
բոլորը սրտաբեկ են,
հիասթափված)

ես սիրով ընդունում էի խաղաղության
հարվածները, երջանկության ցնցոտիապատ
կտորները։

ես գրկաբաց ընդունում էի էդ ամենը
ոնց որ ամենակրքոտ համարին,
ոնց որ կընդունեի բարձրակրունկները, կրծքերը,
երգելով,
աշխատանքները։

(ինձ սխալ չհասկանաք
կա մի տեսակ շիլ լավատեսություն
որ չի նկատում բոլոր
սովորական խնդիրները
զուտ սեփական շահի համար —
սա վահան է ու
հիվանդություն)

դանակը էլի
կոկորդիս մոտեցավ,
համարյա բաց էի թողնում
գազը
նորից,
բայց երբ էլի եկան
լավ պահերը
հեռու չվանեցի նրանց
ոնց որ թաղի
թշնամիներիս։
թողեցի, որ տանեն ինձ
վայելեցի նրանց,
դիմավորեցի տանը։
մի ժամանակ նույնիսկ
կար ժամանակ, որ հայելու մեջ նայելիս
մտածում էի
որ տգեղ եմ

հիմա հավանում եմ տեսածս
համարյա սիրուն, հա,
մի քիչ լխկված ու
փնթի,
սպիներով, ուռոցորված տեղ-տեղ,
ինչ-որ տարօրինակ շրջադարձեր,
բայց ընդհանուր առմամբ
էդքան էլ վատ չէր,
համարյա սիրուն
գոնե ավելի լավը քան
կինոյի մի քանի աստղային դեմքեր՝
նորածնի տուտուզի
թշիկների նման

ու վերջապես բացահայտեցի
ուրիշների իրական զգացմունքները
չպատմած նախկինում
օրինակ վերջերս
էս առավոտ
դուրս էի գալիս
ման գալու,
տեսա կնոջս անկողնում,
մենակ գլխի ձևը
(չմոռանալով դարերը
ապրելու ու մեռածների
ու մեռնելու,
բուրգերը,
Մոցարտը չկա
բայց երաժշտությունը դեռ
էնտեղ է, սենյակում,
խոտերն աճում են,
երկրագունդը պտտվում է,
իսկ տախտակը սպասում է
ինձ)
տեսա կնոջս
գլխի ձևը
էնքան խաղաղ,
սիրտս ցավեց նրա կյանքի համար,
որ ուղղակի էդտեղ էր՝
ծածկոցների տակ։

համբուրեցի ճակատը,
իջա աստիճաններով,
դուրս եկա,
նստեցի իմ հիասքանչ մեքենան,
ամրագոտին կապեցի,
քշեցի,
ոտքերիս մատները
ջերմացել էին,
ոտքս գազի ոտնակին էր
եւս մեկ անգամ
աշխարհ եկա,
քշեցի բլրով ներքև,
մարդկանցով լի ու դատարկ
տների կողքով,
փոստատարին տեսա,
սիգնալ տվեցի,
ձեռքով արեց։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *