Թոմաս Ման | Կոսմոպոլիտիզմ


Ինձ հաճախ են հարցրել, թե ինչպես եմ ես վերաբերում կոսմոպոլիտիզմին, եւ այդ քննախույզ հարցն ինձ միայն շփոթմունք է պատճառել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կոսմոպոլիտ չեմ, նվազագույնը պոլիգլոտ եմ: Ցանկալի չէ, որ ինձ արտասահման ուղարկեն ներկայացուցչական նպատակներով. երբ իմ գործերը չեն ընթանում գերմանական ձեւով, ինչպես Հունգարիայում, Հոլանդիայում եւ Սկանդինավյան երկրներում, ինձ ուղեկցում են անախորժությունները: Ես վատ եմ տիրապետում անգլերենին, ֆրանսերենին եւ իտալերենին. ոչ միայն դպրոցականի պես եմ խոսում այդ լեզուներով, այլեւ կարդում եմ կարկամելով: Օտար լեզուների նկատմամբ իմ անտարբերությունը միշտ անհաղթահարելի է թվացել, եւ երբ ես իմացա, որ Անդրե Ժիդն անգլերեն է սովորել նրա համար, որ բնագրով կարդա Ջոզեֆ Քոնրադին, իմ հիացմունքն ու ամոթն անսահման էին: Ինչ վերաբերում է ինձ, ես դեռ սպասում եմ լեհ նավաստու ստեղծագործությունների գերմաներեն թարգմանությանը (ամոթալի պահ, երբ ստիպված էի դա խոստովանել Գոլսուորսիին, որը նույնպես Քոնրադի մեծ երկրպագու է), ինչպես նաեւ` սպասում եմ Պրուստին (շտապե՛ք, գերմանացի կոսմոպոլիտ հրատարակիչներ), թեեւ ողջ կյանքում եղել եմ թարգմանության հարցում գերմանական ջանասիրությամբ արդար եւ վատ շահառու: Ես հաճույքով եմ պատմում, թե ինչպես իմ երիտասարդ տարիներին Գոնկուր եղբայրների «Ռենե Մոպերեն» ֆրանսիական վեպի կրկնակի ընթերցանությունը մի քանի փորձերից հետո ինձ տրամադրեց ընթերցելու «Բուդենբրոկները»: Այդ ստեղծագործության թարգմանության գովազդը սկսվեց հետեւյալ երկխոսությամբ. «Ձեզ հաճելի չէ՞ իմ ընկերությունը, օրիո՛րդ»: «Ո՛չ, պարո՛ն, այն, ինչ Դուք եք ցանկանում, ինձ համար ձանձրալի է»: Ես երբեք չեմ հասկանա, թե ինչպես իմ երիտասարդության տարիներին շատ թարգմանություններ կարդալն ամբողջովին չէր փչացնում իմ ոճը:
Էվֆեմիզմի բնորոշմամբ` իմ հարաբերությունները Եվրոպայի հետ նման չեն տասնութերորդ դարի կամ գերմանական կլասիցիզմի եւ անտիկ շրջանի որոշ ստեղծագործողների հարաբերություններին. օրինակ, Ֆրիդրիխ 2-րդն էր ֆրանսերեն կարդում հնությունների մասին, ինչն ավելի ցանկալի չէ, քան գերմաներեն Բալզակ կարդալը: Նույնկերպ ցանկալի չէ հունարեն Շիլլեր կարդալը: Վերջապես լեզվական իմացության մակարդակն ունի աստիճաններ, բայց դրանցից ոչ մեկը բավարար չէ: Ո՞վ է, օրինակ, կարդում հունգարերեն: Եվ, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ Պետեֆիին եւ մեր ժամանակակցին` Անդրեաս Ադիին, որն այնքան կրքոտ սիրված էր իր հայրենիքում, մայրենի լեզվով ձայնագրել: Իսկ եվրոպացիներս չպե՞տք է բավարարվենք «Կարամազով եղբայրներ»-ը եւ «Աննա Կարենինա»-ն մայրենի լեզվով կարդալով: Կամ` չպե՞տք է վստահենք ու մերժե՞նք Պուշկինին, որն, ըստ յուրաքանչյուր ռուսի, Գյոթեին հավասար պոետ էր: Բարեբախտաբար, մեր ճկուն գերմաներենն այնքան հիանալի թարգմանական բառակապակցություններով է հագեցած եւ այնքան յուրօրինակ է, որ օտարալեզու ստեղծագործությունը գերմաներեն թարգմանությամբ կարդալիս մեզ զգում ենք մեր հայրենիքի լեզվական մթնոլորտում:
Անկեղծ ասած, ես պետք է երկու ականջով սիրահարվեմ օտարալեզու պոեզիային, որպեսզի ստիպված լինեմ հրապուրվելու մայրենի լեզվով գրվածով: Այդպիսի զգացողություն ունեցա ես Շեքսպիրից որոշ հատվածներ, Բայրոնի «Դոն Ժուան»-ը, Կլոդելի «Մերիին ուղղված խոստովանությունը» կարդալիս: Ես ֆրանսերեն անգիր գիտեմ Վեռլենի երկու-երեք բանաստեղծություն` իրենց երազային ու թափառող պարզությամբ, որովհետեւ նրանք ինքնին այդպիսին են: Բայց դա չի հերքում այն փաստը, որ իմ գրական-կոսմոպոլիտ կրթությունն ո՛չ ավելի լավն է, ո՛չ ավելի վատը, քան ցանկացած աշխույժ, ինտելեկտուալ, միջին գերմանական կրթությունը, որը ստացած ցանկացած ուսանող պաշտում էր «Նիլս Լիhն»-ին եւ պահարանում պահում Բալզակի հատորները:
Սա այն հարցն է, որի պատասխանն ես փորձում էի ստանալ բոլոր հնարավոր փոխզիջումային խոստովանություններով. արդյո՞ք կոսմոպոլիտ էությունը մեզ` գերմանացիներիս մեջ ձեւավորվում է դրսի ազդեցությամբ:
Այդպես չի լինում: Եվ մենք, պարոնա՛յք ժողովրդավարներ, հերմետիկորեն փակեցինք մեր ազգային սահմանները բոլոր չորս ուղղություններով. մենք ջանադրաբար միավորվեցինք կաղնու ներքո, վայրի անեծքների տարափի տակ` երդվելու, որ ո՛չ բնօրինակ տեքստում, ո՛չ էլ գերմաներեն տեքստում եվրոպական ոճը չի մնա ձեր մառախլապատ մտքի երազանքը: Մենք երկրում ունենք թշնամի: Գյոթե, Լիխտենբերգ, Շոպենհաուեր. դա ոչնչով չի օգնում, դա արդեն եվրոպական արձակ է` անմիջական, գերմաներեն, առաջին ձեռքից: Սրանից զատ, տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնցից 1900-ականներին անհնար էր պաշտպանել գերմանացուն, եւ դրանք նույնիսկ ավելի դաժան էին, քան ավելի ուշ հովվերգությունը կանխող Նիցշեն ու Վագները: Կարիք կա՞ր ինձ սովորեցնելու, որ մի օր այդ մասին իսկապես լավ բաներ պետք է ասեմ:
Մեզ` գրողներիս համար, դա տհաճ է եւ ծիծաղելի: Մենք մոռանում ենք, թե ինչի մասին ենք հաղորդակցվել միմյանց հետ: Մենք արտահայտում ենք մեր պատկերացումները` տալով նրանց կենդանի ձեւ եւ փոխանցելով ժողովրդին: Նրանք ապրում են ներկա ժամանակի մեջ եւ մեզ ավելի քիչ են պատկանում, քան` մյուսներին: Ավելի շուտ ես զգացի, որ ինչ-որ մահացու բան կա գրական արտահայտության մեջ: Նա ամեն ինչ ավարտել է եւ այլեւս անհետաքրքիր է: Գրողը բթանում է` ուրիշներին դարձնելով խելացի: Անհնարին բան չկա, որ նա երախտագիտություն ցուցաբերի եւ ուսուցանի այն ամենն, ինչը ժամանակին ինքն է յուրացրել:
Շվայցեր Ռունդշաուի «Իմանալ եւ ապրել» նուրբ եւ բարեհամբույր գրառման մեջ ես կարդացի Լեսսեր անունով վիեննացի հեղինակի աշխատանքը «Նոր պատմողական արձակի մասին». մի էսսե, որում ինձ հատկապես դուր եկան այն բաները, որոնք ինձ հոգեհարազատ էին: Բուռն խելամտության օրերին դրանք ինձ հարազատ էին: Իսկ Լեսսերն ինձ շատ բան է սովորեցրել: Հեղինակը խոսում է Նիցշեի կողմից գերմանական արձակի եվրոպականացման մասին: «Ինքը` բարոյականության հիմնադիրը, դեռեւս կարող էր մի ձեռքի մատների վրա հաշվել եվրոպական մակարդակին հասնող գերմանական արձակի գրքերը»,- ասում է Լեսսերը, – «բայց, սկսած 1900 թվականից, ամեն ինչ ավելի է բարելավվել ու փոխվել. այդ ժամանակաշրջանում գերմանական պատմողական արվեստի ոչ քիչ գործեր ստեղծվել են լեզվական ու մտավոր ամենաբարձր մակարդակով »: «Նիցշեի առաքելությունը,- ասում է նա,- նախեւառաջ երեկվա հոգեհարազատ գերմանականը առավել բարձր հոգեւոր մակարդակի հասցնելն էր, ինչի շնորհիվ արվեստն ու ոգին ներգործում են միմյանց վրա, գերմանական պոեզիան ուղղորդվում է դեպի կոպիտ հակաէթիկա` դիալեկտիկական լարվածություն եւ անգթություն, որոնք միշտ հաղթում են ինտելեկտուալ ռիթմին: Գերմանացի մարդու, հետեւաբար նաեւ գերմանական պոեզիայի այդ տեսարանը շփոթեցնող ազդեցություն ունի Գերմանիայում, եւ այն կարելի է տեսնել ամեն օր. այն արտահայտում է տարօրինակ, քամահրական գեղարվեստական դատողություններ հատկապես նեղմիտ, համառ եւ հետամնաց մարդկանց շրջանում , որոնք նախընտրում են միայն գերմանական կարոտաբաղձ, ազնիվ, ձանձրալի, պարզ, բնական, իսկապես լիարժեք պոեզիան: Թշնամաբար տրամադրված լինելով տիեզերքի վերափոխման դեմ` նրանք իրենց կեղծ զգայուն եւ հիմար, լկտի, նախանձախնդիր գնահատականները, վկայություններն են հնչեցնում սեփական անօգնականության եւ հուսահատության մասին»: Խիստ է, բայց արդար: Սատանա, քեզ սատանա, ո՞վ գիտի, թե ինչ են նրանք ուզում: Նա խոսում է Ֆլեյքի մասին (որն ունի մանկավարժական ուժեղ ազդեցություն) եւ անկեղծորեն գովաբանում էլզասցուն. կարելի է ասել, որ նա ռոմանտիկ է, ոգեղեն, ինչպես իմ եղբայրը, եւ ինձ համար հաճելի են «գերմանական կարգապահությունը, պարզությունը, ձեւը, չոր օդն ու պայծառ երկինքը» : «Նա աստիճանաբար դառնում է գերմանացի» : Ուրեմն դա այդպե՞ս է: Ինչ-որ բան կարո՞ղ է դառնալ գերմանական, որն այդպես չի եղել նախկինում, իսկ հետո այլեւս չես փնովի այն` որպես ոչ գերմանականի: Արդյո՞ք դա բխում է կոսմոպոլիտիզմ հասկացությունից, ըստ որի` ժողովրդի բնավորությունը ոչ թե կոշտ է, անփոփոխ, այլ ավելի շուտ` ճկուն, կրթելի: Այո՛, լինում են հանդիպումներ, անհատական եւ ազգային փոխներթափանցումներ: Գրողը կարող է դառնալ գերմանացի` միաժամանակ աշխարհի աչքի առջեւ փոխելով իր ազգային ֆիզիոգնոմիական կողմը: Թերեւս, չպետք է խանգարել նման խորը եւ նուրբ անցումին` դրանց մասին բարձրաձայնելով: Ակնարկը պարզապես վերաբերում էր նրան, որ կոսմոպոլիտ ոգին այլ բան է, քան բազմալեզու փորձն ու առօրյա դիլետանտիզմը: Ի՞նչ է այն: Միգուցե ոչ այլ ինչ, քան կենսական ոգին եւ փոփոխությունը: Հետաքրքիր է: Սուկերտ բարբարոսական անունով իտալացին, որը ֆաշիզմի տեսաբան է, իր «Ապրող Եվրոպա» գրքում նկարագրել է հերոսի, ազգային հերոսի հոգեբանությունը, որը կարող է վիրավորել ոմանց, բայց չի դադարի լինել ուշագրավ: Ըստ Սուկերտի` հերոսները «ներկայացուցչական անհատականություններ» չեն, ոչ էլ ժողովրդին բնորոշ առաքինությունների եւ արատների մարմնավորում, այլ նրանք, որոնք առանձնանում եւ տարբերվում են մյուսներից: Սրանո՛ւմ է նրանց յուրահատկությունը: «Հերոսներն ազգի բացասական արտահայտությունն են, բացառությունը, ոչ թե կանոնը, նրանք հակասության եւ անհամաձայնության մեջ են այն ցեղի հետ, որից սերվել են: Իրենց ժողովրդին ներկայացնելու խնդիրը միջակներինն է, ոչ թե հանճարներինը: Վինչենցո Մոնտին ավելի իտալացի է, քան Դանթեն կամ Լեոպարդին, Բոյլեոն ավելի ֆրանսիացի է, քան Պասկալը կամ Դեկարտը: Հանճարներն արտահայտությունն են այն ամենի, ինչն արտահայտված չէ ժողովրդի մեջ»: Իմացեք, որ դա բավականին վիրավորական է: Ուստի մենք միջակ ենք այնքանով, որքանով որ ներկայացուցչական ենք, որքանով որ ազգային ենք: Մենք «հերոսներ» ենք այնքանով, որքանով օտարված ենք մեր ժողովրդից եւ ստիպում ենք նրան անել մի բան, որն իրենք իրենց կամքով անելու ցանկություն չունեն: Այնուամենայնիվ, այդ «եթե»-ն մխիթարական է: Միջակության որոշակի շեղումը կարող է լինել թույլատրելի, նույնիսկ`անհրաժեշտ: Բիսմարկն, անշուշտ, որոշ առումներով օտար էր եւ գերմանացիներին ստիպեց անել այնպիսի բաներ, որոնցից նրանք հիմնականում վախենում էին: Բայց նա դժվար թե հասներ հաջողության, եթե չլիներ նաեւ առասպելական անկեղծության օրինակը, մեծ գերմանականության արդարացի պոռթկումը: Վերադառնալով գրական-մշակութային ոլորտին` նշենք, որ Գյոթեի գերմանականությունը խանդավառ պաշտպաններ գտավ նույնիսկ ազատագրական պատերազմների ժամանակ (Յան, Վերնհագեն), իսկ Էրնստ Բերտրամը վերջերս մեզ գեղեցիկ աշխատություն նվիրեց Լիխտենբերգում իռացիոնալիզմի եւ մետաֆիզիկայի առանձնահատկությունների մասին: Հիշում եմ, որ ավելի վաղ նշել էի Շոպենհաուերի եվրոպական էսսեներում գերմանական տարրի, մասնավորապես` նրա լեզվական շովինիզմի մասին: Մի խոսքով, փոքրիշատե միջակությունն ավելացնում է վստահությունը: Այն հնարավորություն է ստեղծում արարելու այնպիսի գործեր, որոնք այլ դեպքերում հնարավոր չէր լինի իրականացնել: Ձեր Մուսոլինին` Կուրտ Սուկերտը, իտալացի է, մի՛ անհանգստացեք: Խնդրում եմ, թույլ տվեք լինել մի քիչ իրական, մի քիչ ավանդական, տնական, ներկայացուցչական գերմանացի: Որոշակի հանգամանքներում դա կարող է նշանակել գայթակղություն կոսմոպոլիտիզմով…
«Միջակություն». արդյո՞ք գերմանական վարպետությունը ճնշող էր Վագների ստեղծագործություններում: Այնտեղ գայթակղությունը ձեռք է բերում գրեթե ամոթի, խաբեության իմաստ: Այո՛, ժողովուրդներին կարող են առաջնորդել այն հերոսները, որոնք կոչված են փոխելու նրանց` քողարկվելով որպես տեր: Սխալ է մտածելը, որ Վագներին դեռեւս կարող են շահագործել այսօր Բայրոյթի վերականգնման փորձերում` իբրեւ քարանձավային արջի նման գերմանականության պաշտպան եւ կոշտ պահպանողականության ներկայացուցիչ, երբ եվրոպացի արվեստագետներն ու Բոդլերի նման դեկադենտներն առաջինն էին նրան ողջունել: Նիցշեի սարսափելի ծաղրն այն թյուրիմացության նկատմամբ, որը Վագները պատճառել է մեզ` գերմանացիներիս, մնում է մեր օրերի ամենաուժեղ քննադատության փորձը:
Վագների դեպքը, որը միշտ կարող է հետաքրքրել, ցույց է տալիս, թե աշխարհում ինչ դեր է խաղացել գերմանականությունը` որպես բովանդակային եւ մաքուր տարր: Մասնավորապես դա վերաբերում է կոպիտ եվրոպականացման քայքայմանը: Ահա թե ինչի մասին է գրում Ֆրանց Վերֆելն իր «Վերդի» վեպում, որը, հնարավոր է, ամբողջությամբ չի արժեւորվել, սակայն անչափ հետաքրքիր է, եւ Լեսսերը` իմ ուսուցիչը, խոսում է այդ մասին շվեյցարական էսսեում, որի վրա էլ հիմնվում է իմ ներկա աշխատանքը: «Տարօրինակությունը,- ասում է նա,- Վերդիի ժողովրդական հին, սուրբ, իտալական մեղեդու եւ մետաֆիզիկական, դիալեկտիկական երաժշտության միջեւ Վագների եվրոպական-ինտելեկտուալ նրբագեղությունն է…Մարդկանց մեջ նույնպես առկա է օտարություն` Վերդիի ամոթխած երկչոտությունն ու իրականության պարզ ընկալումը, Վագների` աշխարհի հանդեպ սերն ու հաղթելու մեղավոր կամքը…»: Ես այդ ամենը կարդում եմ կրքին սահմանակցող համակրանքով: Ավելի լավ տարբերակ չկա, քան այն «մետաֆիզիկական- դիալեկտիկական» երաժշտություն անվանելը: Բայց արդյո՞ք Վագները` վարպետը եւ առնետ որսացողը, երբեւէ այլ դեր է խաղացել Գերմանիայում, քան Իտալիայում, երբ նա ազգային երիտասարդությանը հրապուրեց` Վերդիից ուղղորդելով դեպի իր եվրոպական-ինտելեկտուալ կախարդական լեռը: Արդյո՞ք նրա առաքելությունը, որը նաեւ մեր մեջ է (չնայած գերմանական մեծ հոգուն), որը խոնավեցնում էր իր կապույտ աչքերը, երբեւէ տարբերվում էր աշխարհաքաղաքական տարրալուծումից եւ վերափոխումից, քան «երեկվա հոգեւոր գերմաներենն ավելի ոգեղենի վերածելու առաքելությունն է»: Դա պատմական հարցի եւ խղճի հարցի նման մի բան է: Այնուամենայնիվ, պետք չէ շատ երկար մտածել խղճի հարցերի շուրջ, այլ ընդունել ճակատագիրն`իբրեւ գոյություն: Մարտահրավերն արտադրողականության նախապայմանն է, եւ ես հաճախ եմ ինձ եւ ուրիշներին խոստովանել, որ ազգային, ինչպես նաեւ` «աշխարհաքաղաքական» գործողություններում խոսքն ու կարծիքն այդքան հաջողության չեն հասնում, մինչդեռ լինելն ու գործելն ամեն ինչ են որոշում:
Ձեր հարցն անձնական էր: Նրանք ցանկանում էին լսել, թե ինչով եմ ես պարտական կոսմոպոլիտ ոգուն: Ես պատասխանում եմ, որ իմ ամենաերջանիկ եւ խոստումնալից հանդիպումները գերմանական ոգու հետ էին, որ ես կոսմոպոլիտիզմը կամ եվրոպականությունը ճանաչել եմ հիմնականում գերմաներենով, եւ որ այդ փորձառությունները կոչվում են Գյոթե, Լիխտենբերգ, Շոպենհաուեր, Նիցշե եւ Վագներ: Վերջին երկուսը`քննադատությունը եւ գեղարվեստը, ամենաուժեղն ու վճռորոշն էին: Քննադատությունն ավելի հստակ էր, ավելի բարոյական, կցանկանայի ասել` ավելի պարկեշտ, գեղարվեստը` կասկածելի եւ երկիմաստ, բայցեւ` կախարդական ու խթանիչ: Այն ամենի համար, ինչ ես գիտեմ բարության եւ ինքնատիրապետման մասին, պարտական եմ մեկ մարդու: Այն ամենի համար, ինչ ես գիտեմ չարության եւ գայթակղության մասին, պարտական եմ մյուսին: Եվ, այնուամենայնիվ, ես երկուսի փորձն էլ ունեմ միաժամանակ, որպեսզի «չարի» մասին մտածեմ ոչ պակաս, քան` «բարու», որպեսզի ֆրանսիացի դատավորը կարողանար ինչ-որ բան գրել « մտքի քննադատական պարզության մասին, որը եվրոպացի բարոյախոսին է պատկանում»:

Ջոզեֆ Քոնրադ- լեհական եւ անգլիական ծագումով գրող: 1886թ. ստացել է Անգլիայի քաղաքացիություն, սակայն իրեն միշտ համարել է լեհ:

Անդրեաս Ադի- հունգարացի բանաստեղծ:

Նիլս Լիհն- 1880 թվականի վեպ է, որը գրել է դանիացի գրող Յանս Պետեր Յակոբսոնը: Այն կարելի է համարել 20-րդ դարի կեսերի էքզիստենցիալիստական վեպերի նախակարապետը:

Շվայցեր Ռունդշաու- մշակութային եւ քաղաքական կաթոլիկ ամսագիր:

Պոլ Կլոդել- ֆրանսիացի գրող եւ դիվանագետ: Ֆրանսիական ակադեմիայի անդամ:

Կուրտ Էրիխ Սուկերտ- իտալացի գրող, կինոռեժիսոր, ռազմական թղթակից եւ դիվանագետ:

Վինչենցո Մոնտի- բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ:

Վարնհագեն Ռահել Անտոնի Ֆրիդերիկե- գերմանացի գրող:

Էրնստ Բերտրամ- Քյոլնի համալսարանի գերմանագիտության պրոֆեսոր, բանաստեղծ եւ գրող:

Բայրոյթ- քաղաք Գերմանիայում, Բավարիա երկրամասում:

Բոյլեո (Ջոն Բոյլ Օ՜ Ռեյլի)- իռլանդացի բանաստեղծ, լրագրող, գրող եւ ակտիվիստ:

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *