Իտալացի արձակագիր Իտալո Կալվինոն քսաներորդ դարի հայտնի գրողներից է, ում գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: «Ծառաբնակ բարոնը» նրա հռչակավոր ստեղծագործություններից է, որի համաշխարհային համբավը պայմանավորված է գրքի ընթերցումից ստացվող հաճույքով:
Վեպի պատմությունն սկսվում է այնտեղից, երբ 1767 թվականի հունիսի տասնհինգին իշխանական տոհմի տասներկուամյա պատանի Կոզիմո Ռոնդոն, ըմբոստանալով իր հոր միապետության դեմ, և ի բողոք ավագ քրոջ` վճռում է բարձրանալ ծառը, այլևս երբեք չիջնել այնտեղից և ոտքը հողին չդնել: Կոզիմոն չի ուզում ենթարկվել հոր հրամաններին և ազնվականների վարքականոններին, արքայական սննդակարգին և քրոջ զզվելի ճաշերն ուտելու պարտադրանքին: Նա ուզում է ազատ լինել:
Թեև նրա կամակորության սկիզբը մանկական է, սակայն շարունակվում է գիտակցաբար՝ վերածվելով ազնվական դասի և հասարակական կարգի դեմ ընդվզման: Կոզիմոն ուզում է ծառերի վերևում նոր աշխարհ հիմնադրել: Նա հողից ու երկրից հեռավորություն է պահպանում, քանի որ գիտի. «Երկիրը լավ տեսնելու համար պետք է փոք-ինչ հեռանալ նրանից»:
Կոզիմոն ինքն իրեն աքսորում է, որպեսզի թոթափի գոյության անիմաստ կապանքները: Նրա աքսորը ազատագրվելու համար է, որով հնարավորություն է ձեռք բերում հայտնագործել նոր աշխարհ: Նրա ապստամբության մեջ կարելի է տեսնել սերունդների պայքարը ժամանակի կտրվածքում: Տղայի անհնազանդությունը հոր և նրա չոր ու հնացած կանոնների դեմ ճանապարհ է բացում դեպի նոր աշխարհ, այդ իսկ պատճառով ընթերցողի համար նորաշունչ է և գրավիչ: Հայրը թեև չար ու վատ մարդ չէ, սակայն ձանձրալի անձ է. «Նրա կյանքն ամբողջովին անցնում է հնացած մտքերին ու ընկալումներին հետևելով»:
Կոզիմոյի ապստամբությունն սկսվում է խխունջներից պատրաստվող կերակրից հրաժարվելով, այնուհետև նա ակամա կոտրում է իր նախնիներից մեկի արձանը, որը Խաչակրաց արշավանքի ասպետներից է եղել, մերժում է իր ծնողների հրահանգը և ապաստանում ծառի բարձունքին: Եվ այսպես, ամեն ինչ սկսվում է մի բողոքից: Բողոքը պատճառ է դառնում, որ կյանքը դուրս գա իր լճացումից ու ընդարմացումից և ընթանա այլ ուղով:
Բողոք, այսինքն ապստամբություն ընթացիկ օրենքների դեմ, այդ օրենքների խախտում, տաբուների վերացում և արգելանքների անտեսում: Բողոքն իր մեջ ազատության հաճույք է պարունակում, չի հանդուրժում մենիշխանություն և ազատագրում է բովանդակում: Կոզիմոյի համար արտաքսումը արտահայտություն և իմաստ է ստանում սեփական անձի և շրջակա աշխարհի հայտնագործմամբ: Սա ինքնին երջանկություն և հաճույք է ներառում:
Ծառի վրա բարձրանալը կյանքի վերջը չէ, մեկ այլ սկիզբ է: Կոզիմոն չի խոսում, գործում է: Չի փախչում մարդկանցից, նրանց ավանդույթներից է խույս տալիս: Այս կետը մատնանշում է նույնիսկ Վոլտերին գրած նամակում՝ նրան գրելով, թե հողից կտրվելն ու հեռանալը երկնքին մոտենալու համար չէ, այլ հողն ու երկիրը լավ տեսնելու համար: Նա ծառի վերևից հողագործների, աղքատների ու զինվորների ամենամոտ ու ամենամեծ խորհրդատուն է, աջակցում է նրանց, խաղողի այգիներ տնկում, գինի արտադրում, ջրամատակարարման համակարգ ստեղծում, մեղվաբուծությանը զարկ տալիս, ծառագործությամբ զբաղվում, սիրահարվում, ապստամբություն կազմակերպում, անտառի հրդեհը չեզոքացնում ու մարում, մեկնում ճամբորդության և, վերջապես, ամեն ինչով հետաքրքրվում և հողագործների դժվարությունները լուծում: Հենց ծառի վերևում գիրք է կարդում, հունարեն է սովորում, հոդված գրում և նույնիսկ իր երևակայական երկրի համար սահմանադրական օրենք մշակում և այս ուղղությամբ կապ է հաստատում աշխարհի մեծ մտավորականների ու գիտնականների հետ:
Ի բողոք գոյություն ունեցող աշխարհի՝ Կոզիմոն մինչև կյանքի վերջը մնում է աքսորական: Նույնիսկ թույլ չի տալիս իր դիակը դրվի այն հողին, որը չի ընդունում իր գաղափարները: Նա երբեք առկա պայմանների հանդուրժումը չգերադասեց աքսորին: Հեռու-հեռավոր հույսերի կածաններում փնտրտուքը և դեգերումը նրա համար առավել հաճելի են, քան տաղտկալի կյանքի և նրա տառապանքների հանդուրժումը: Նախնիների ուղով ընթանալու փոխարեն, նա գերադասում է իր ժամանակն անց կացնել «Ծառաստանի հանրապետություն» հիմնելու երազանքում և այդ հանրապետության համար գրել «Հիմնական օրենքի նախագիծ և տղամարդկանց, կանանց, մանուկների, ընտանի ու վայրի կենդանիների, ինչպես նաև թռչունների, ձկների, միջատների և բույսերի՝ բարձր ծառերից սկսած մինչև թփերի ու կանաչիների իրավունքների հռչակագիր»: Նա այս մտածելակերպը չի համարում երևակայական, անորոշ ու երազային, այլ նախապատրաստում է դրա իրականացման ենթահողը: Թեև որոշ հողագործներ նրան «խենթ» են համարում, սակայն կարիքի ժամանակ նրանից են խորհուրդ և օգնություն հայցում իրենց խնդիրները լուծելու համար և գործադրում նրա առաջարկները: Նա հին կարգերից փախչելով՝ որոնում է ժամանակակից մարդուն արժանի մի աշխարհ: Նույնիսկ Ֆրանսիայի հեղափոխականներից էլ վաղ իր առաջադրած Հիմնական օրենքում ներառում է ժողովրդավարություն, ցանկանում է ստեղծել «Ազատ, հավասար և առաքինի մարդկանց համաշխարհային հանրապետություն»:
Կոզիմոն մի կողմից ցույց է տալիս արևմտյան դասական ազնվականության քայքայումը և մյուս կողմից՝ դիտարկում տասնութերորդ և տասիններորդ դարերում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ժողովուրդների հասարակական գործունեությունը և Դիդրոյի, Մոնտեսքյոյի, Ժան-Ժակ Ռուսոյի և այլ մտավորականների տեսակետները, որպեսզի քննի արևմտյան քաղաքակրթության զարգացման ուղին: Նա նույնիսկ հայտարարում է ռոմանտիկ սերերի ավարտի մասին: Նրա հարաբերություններն իր սիրեցյալի հետ հենց այս հիմքի վրա են: Նրանք երկուսով սիրահարված են իրար, սակայն սիրո մեջ մենիշխան ու տիրակալ չեն: Հավատացած են սիրո ազատ ճախրանքին, որի ժամանակ է փթթում սերը: Սիրահարներն ազատ են իրենց վարվեցողության մեջ և սերը չեն շղթայում ամուսնական կապով: Նրա համոզմամբ՝ «Սիրել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մարդ ամբողջությամբ հավատարիմ է մնում իր իսկ ինքնությանը: Ընդհանրապես, «առանց սերը ճանաչելու, մյուս փորձերն ի՜նչ պետք են»:
Կրոնի հետ ունեցած կոնֆլիկտը ևս Կոզիմոյի կյանքի կարևոր մասն է կազմում: Մանկության ժամանակ իրեն տանջող կրոնական կանոններն ու արարողակարգը, հասուն տարիքում գիտակցական կերպ են ստանում: Նրա համար քրիստոնեական տարբեր վարդապետությունների հակադրություններն այնքան անհեթեթ են, որքան եկեղեցու կողմից հավատաքննության դատերը և արգելվող գրքերը: Նրա համար ծիծաղաշարժ են նաև եկեղեցու ղեկավարների մասնակցությունը մասոնական նորահիմն օթյակներում: Կոզիմոյի բոլոր տեսակետներն ու մոտեցումները կարող ենք գտնել արևմտյան լուսավորչական շարժման պատմության մեջ, հին ու նոր մտածելակերպերի միջև ընթացող պայքարում:
Երբ Կոզիմոն դառնում է տասնութ տարեկան, հայրը ընդունում է որդու կամքը և նրան հիշեցնում իր բարոն լինելու կարգավիճակը՝ շեշտելով, որ ազնվական իշխանը ժողովրդի հրամանատարան ու ղեկավարն է: Տղան պատասխանում է, որ եթե ինքը գիտելիքներ ունի, պարտականություն ունի դրանք փոխանցել մարդկանց. «Հենց սա է հրամանատարությունը, այսինքն լուծել մարդկանց խնդիրները»:
Կոզիմոյի բոլոր «անբնական» և «անհավատալի» խոսքերի արմատները իրականության մեջ են: Ամբողջ կյանքը ծառի վրա անց կացնել, նշանակում է լինել այնպիսի մտավոր պայմաններում, որոնք մեր՝ երկրայիններիս առարկայական պայմանների համատեքստում անհավատալի են թվում: Մեզ դուր են գալիս Կոզիմոյի կյանքն ու արկածները, ինչպես որ դրանք դուր եկան նաև Նապոլեոնին: Նապոլեոնն իր նվաճումների ճանապարհին մի օր անցնում է բարոնի բնակավայրի կողմերով: Նրա համբավը լսել էր ու հետաքրքրվել, ցանկացել մոտիկից հանդիպել նրան: Նապոլեոնը բարձրացնում է գլուխը, որպեսզի խոսի Կոզիմոյի հետ, սակայն արևի ճառագայթները նեղացնում են աչքերը: Կոզիմոն հարցնում է. «Կա՞ ինչ-որ բան, որ ես կարող եմ Ձեզ համար կատարել»: Նապոլեոնը ուզում է, որ նա փոք-ինչ տեղաշարժվի, որպեսզի նրա շվաքում ինքը պատսպարվի արևի ճառագայթից: Այս խոսքը մեզ հիշեցնում է Դիոգենեսի հանդիպումը Ալեքսանդր Մակեդոնացու հետ: Երբ Ալեքսանդրը հանդիպում է կարասում բնակվող փիլիսոփային, հարցնում է, թե արդյոք ինքը կարող է ինչ-որ բան անել նրա համար: Դիոգենեսը պատասխանում է.«Այո, փակել ես արևի ճամփան, մի քիչ այն կողմ քաշվիր, որ ինձ հասնի արևի լույսն ու տաքացնի»: Կոզիմոյի հետ ունեցած հանդիպման ավարտին Նապոլեոնն ասում է. «Եթե Նապոլեոն չլինեի, կուզեի Կոզիմո լինել»:
«Ծառաբնակ բարոնի» պատմությունը տեղի է ունենում Իտալիայի իշխանական տոհմերով բնակեցված շրջաններից մեկում 18-րդ դարի ավարտին և 19-րդ դարի սկզբին: Դեպքերը պատմվում են Կոզիմոյի եղբոր բերանից, որը հաղորդում է նրա կյանքը՝ ապստամբությունից մինչև մահ: Ժամանակն առաջ է ընթանում պատմության զարգացման ուղով: Եղբայրն իր իմացածը միահյուսում է ուրիշներից լսածների հետ, որպեսզի վերապատմի Կոզիմոյի կյանքի պատմությունը և նրա երազանքները: Վեպը գրվել է լուսավորչական դարաշրջանի գաղափարական արժեքներից ազդված, ինչը և տարբեր ձևերով կրկնվում է վեպի էջերի արանքում. Մի տեղ ասվում է. «Այս երիտասարդը վոլտերական մտքեր ունի», իսկ մի ուրիշ տեղ խոսքն ուղղելով քահանային. «Զգուշացեք, Տեր հա՛յր: Կան մարդիկ, որոնք բանականության ու արդարության հրամանն են կատարում»:
«Ծառաբնակ բարոնը» վեպում մենք վերագտնում ենք մարդու և նրա էության տեղը պատմության հոլովույթի մեջ և այն, թե որպես երիտասարդ սերունդ պատմական զարգացման ուղու վրա ինչ պատասխան կարող ենք ունենալ տարբեր հարցերին: Իտալո Կալվինոն իր վեպում զարմանալի ու անհավատալի իրադարձությունների միջոցով արծարծում է իր ժամանակի հասարակական հարցերը: Արտասովոր դեպքերը զուգակցվում են հումորով, որպեսզի վեր հանվի ժամանակակից մարդու գոյաբանությունը: Վեպի ավարտը սակայն, կարծես, մեր օրերի վիճակն է պատկերում.«Այս դարն ի՞նչ է մեզ պարգևում: Դեռ չգիտեմ: Սկիզբը լավ չի եղել և տակավին վատ է առաջ գնում: Եվրոպան հետընթաց է ապրում: Նորարարները՝ թե՛ բոնապարտականները և թե՛ յակոբինները պարտություն են կրել: Թափ են առել միապետականները և ճիզվիտները: Մոխրից բացի, ոչինչ չի մնացել մեր պատանեկության իդեալներից, գիտության և գիտակցության պաշտամունքի դարաշրջանից, տասնութերորդ դարի մեծ հույսերից»:
Իտալիո Կալվինոն գրականություն և փիլիսոփայություն էր սովորել բուհում, նա գրող դարձած ժուռնալիստ էր: Փիլիսոփայությունը հիմնական տեղ է գրավում նրա գործերում: Նրա հայրն ու մայրը՝ երկուսն էլ մասնագիտությամբ բուսաբան էին, և բնականաբար նրա մանկությունը անց է կացել ծառերի, ծաղիկների ու բույսերի մեջ: Գուցե հենց այս պատճառով է, որ բնությունը մեծ տեղ ունի նրա ստեղծագործություններում: Այս վեպը նրա երկու մյուս վեպի՝ «Երկատված Վիկոնտի» և «Գոյություն չունեցող ասպետի» հետ միասին կազմում են եռագրություն, որոնք համաշխարհային ֆանտաստիկ գրականության մեծանուն գործեր են:
«Ծառաբնակ բարոնը», կարծես, ծառերի վերևի «Ռոբինզոն Կրուզոն» լինի կամ էլ «Դոն Կիխոտը»: Այն կարելի է համարել հասարակական, սիրային, ֆանտաստիկ վեպ կամ նույնիսկ առասպել: Կարելի է այն ընկալել որպես սև հումոր, որը ծիծաղեցնում է, բայց այդ ծիծաղը հառաչանք է պոկում: Այնուամենայնիվ, այս վեպը հաճելի, գրավիչ և մտածելու առիթ տվող ստեղծագործություն է, որի ընթերցումից հետո մեր հայացքն առավել նրբազգաց է դառնում շրջակա աշխարհի, բնության ու բույսերի հանդեպ: Եվ գրականությունը հենց դա է. մեռնում է Կոզիմոն, սակայն մեր մտքում շարունակում է ապրել նրա հարցադրումներով լի աշխարհը:
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի
(Իրանցի գրող, գրաքննադատ և հետազոտող Ասադ Սեյֆը ծնվել է 1946 թվականին Էնզելիում, 1982թ.-ից ի վեր բնակություն է հաստատել Գերմանիայում և այնուհետև գրական-մշակութային ու հասարակական լայն գործունեություն է ծավալել իրանական սփյուռքում, համագործակցել եվրոպական երկրների պարսկալեզու գրական-մշակութային հանդեսների հետ, հրապարակել տարբեր հոդվածներ ու աշխատություններ):