Ծեր եմ, ու սիրտս մերթ ջահել օրերն է հիշում,
Կարոտիս բլբլուլը երգ է ասել տենչում,
Երբ ոգիս հասնում ու ղազալի սազը ձեռքն է առնում,
Կորովն իմ մատնում է՝ անզոր եմ ու թույլ,
Բլբուլն իմ կրծքում դեռ հառաչում է, որ այս մարգում
Աշնան հետ ևս նա հաշտվում է, ծաղիկ արձակում,
Սիրո խաղից մենք վիրավոր մնացինք, ու դեռ
Փարվինը[1] շարունակ շողշողում, աչքով է անում,
Սրինգը մեր լռում է, սակայն այս շեյթան Զոհրեն[2] դեռ
Նույն կրքով ու մեղեդիով անվերջ իր նվագն է ածում,
Թե Երկիրը ծուխ դառնա, մխա, Երկինքը դեռ
Նույն գոռոզն է մնում, միշտ Երկինք է խաղում,
Տարիներ անցան՝ հոգեկիցս գնաց, բայց դեռ
Իմ ներսում կենդանի է ու վառ է մնում,
Թեպետ ամեն մոռացման՝ ասես տանջելու համար
Ուշքն իմ իր հուշերի հետ դավեր է նյութում,
Անպտուղ ամեն տարի գարուն եմ երազում, սակայն,
Գալուն պես գարունն ինձ համար աշուն է դառնում,
Երեխա էի, բայց ինձ գողտուկ ծեր դարձրին ու թույլ,
Ինչ Երկինքն անում է մեզ հետ, գաղտնի է անում,
Մոտենում է ավարտը դարի, և պահապան Երկինքը,
Մեր դարի մատյանը նույնպես կպահի,
Շահրիա՜ր, ասա՛` մեր բարեգութ սրտերը չես կոտրի,
Ապա թե ոչ՝ անգութ կլինի դատը բախտի։
Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի
[1] Այստեղ երկիմաստ է․ պարս․՝ خوشهٔ پَروین («Փարվինի բազումք»)` աստղաբույլ, արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից մեկը։ Ինչպես նաև հղում Փարվին Էթեսամիին (պարս․՝ پروین اعتصامی )` իրանցի մեծ բանաստեղծին, որի պոեզիան մնում է հավերժ կենդանի։
[2] Պարս․՝ زهره , իրանական դիցաբանությունում և պոեզիայում հաճախ նույնացվում է գեղեցկության և սիրո աստված Նահիդի/Անահիտայի կամ Վեներայի հետ։
