Տաթև Շվաբաուեր | Ճակատագրեր փոխադրողները

իմ լուսամուտից լսվում էին
ինքնաթիռների ձայներ
անհասկանալի վայրերից էին
մեկնում ու ժամանում
կեսգիշերին
երբ աստղերը զարդարում էին
կապտասև երկինքը
վարդագույն լուսաբացին
երբ դեռ քաղաքը կիսաքնած
երազներից պոկված արթնանում էր
մայրամուտին
երբ սիրահարները
սիրո բազմաթիվ անհեթեթ ու
անսահմանության մասին բառեր էին
կրկնում
ինքնաթիռների ձայներն էին
ինձ գրավում
լսելով նրանց
բազմաթիվ հարցեր էին
պտտվում
իմ գլխում
ինքնաթիռների ուղևորների
ճակատագրերի մասին
մինչ օրերից մի օր ես էլ
հայտնվեցի ինքնաթիռում
ու լրացրի ուղևորների շարքերը
3 ու կես տարի ապրեցի
փոքրիկ քաղաքում
որտեղ
ինքնաթիռներ չէին թռչում
այդ միստիկ, թռչող
ու մարդկանց
ճակատագրեր փոխադրող
սարքերը
այլևս չէին զբաղեցնում
իմ մտքերը
կյանքս թերի էր ու
լցվում էր
տխրությամբ
տեղափոխվեցի ու
բախտի բերմամբ
այս քաղաքում
ինքնաթիռների մայրաքաղաքում
հայտնվեցի այն թաղամասում
որի աստղազարդ
կապտասև երկնքում
չվում են այդ առեղծվածնեը
և լսում եմ նրանց ձայները
ինչպես սիրահարները
լսում են իրենց սիրո երգերը
իսկ բարձիս վրա հյուսվում են
ապագա վայրերի պատկերները
որտեղ կտեսնեմ ինքնաթիռներ
ու կարթնանամ նրանց ձայնից

 

Զարթուցիչի դառը համբույրը

սառը լուսաբացին
արթնանում ես
քունդ պոկում
երազների աշխարհից
վերադառնալով
տաղտկալի իրականություն
նույն երեկվա օրն է
բայց նոր ամսաթվով
փոխում օրացույցիդ էջը
կարծես մեծ բան ես փոխում
կյանքում
իսկ թաց օրերն անցնում են
ու ջնջում քեզ
ինչպես ջնջել են
Կավաֆիսին
Բուկովսկուն
Նիցշեին
տարել նրանց
արցունքների
հրաշալի մի աշխարհ
որտեղից
վերադարձ չկա
վեր ես կենում
մտատանջ ու տխուր
անարդարության զգացումից
որ հանգիստդ խզվեց
ուղևորվում խոհանոց
սովորությանդ համաձայն
խմում գոլ ջուր ու կաթով սուրճ
որ գոնե խմես ու մի քիչ
մնաս ինքդ
քեզ հետ
համակերպես
տաղտկալի արթունության
դատարկության հետ
բայց չէ
գործեր կան գործեր
«ռուտինա…..ռուտինա»
արձագանքում են
այդ գեղեցիկ հունարեն բառը
պատերը հոգնած

 

Պատրանքների թանգարանը

Պատրանքների թանգարանում
թափուր աշխատատեղ կա
«ընտիր գործ է»
մտածեցի ես ու
որոշեցի դիմել

ո՞վ չեր ցանկանա աշխատել
այդ հորինված աշխարհում
որտեղ իրերն իրական ու
անիրական են
լցված օպտիկական
խաբեությամբ
որոնց հիպնոսացված
նայում են ամբողջ օրը
այցելուները հիացած
այնտեղ ինքնամոռացության
քաղցր մթնոլորտ է
հեռու աշխարհ
զերծ կյանքի դառնությունից

շփոթվեցի
սպասիր
խճճվել եմ
այս երկու աշխարհների միջև
որն է իրականն ու անիրականը
պատրանքների թանգարանի
դյութող լաբիրինթի
նեղ ու ձնածածկ
հատակի վրայով սահում եմ
դեպի ելքը
բայց ելքի դուռը
նույնպես պատրանք է
մոռացել էի
դե իհարկե
այստեղ չկա ելքի ցուցանակ
այն թաքնված է ինչ-որ տեղ
պետք է գտնեմ
խեղդվում եմ
բայց չէ որ
իրական դուռը գտնելուն պես
կհայտնվեմ փողոցում
իրական կյանքում
որտեղ մարդիկ մայթերին քայլելով
իրենց դանդաղ ու մտազբաղ ոտքերով
քարշ են տալիս իրականության
ծանր պատրանքը
ավելի լավ է այստեղ մնամ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *