Նուշիկ Միքայելյան | Ապուշը


Չափազանց երկարահասակ և չափազանց նիհար էր Ապուշը. նրա իսկական անվան շուրջ կային տարբեր ենթադրություններ, որոնցից սակայն ո՛չ մեկն էլ ստույգ չէր։
Երևի չէր ուտում, կամ, գուցե, հազվադեպ էր ուտում, որովհետև մաշկի տակից յուրաքանչյուր ոսկորն ու մկանը հստակ, շատ հստակ երևում էին։ Նա ամառ, թե ձմեռ, հագնում էր միևնույն սպիտակ եզրագծերով մարզական սև շորտը, և անթև ու բարակ մի շագանակագույն վերնաշապիկ: Մշտապես բոբիկ էր. փոշոտ ու մինչև ուսերը թափված բարակ մազերի տակից նշմարվող սև գույնից կարելի էր ենթադրել, որ նա հազիվ քառասուն տարեկան պետք է լիներ, իսկ ոսկրոտ կրծքավանդակին հասնող հանգուցված, չսանրված ու անխնամ մորուքի մեջ խցկված կեղտից դժվար չէր կռահել, որ առաջին հարկի իր մեկ սենյականոց մութ ու գորշ տանը, որը գտնվում էր փողոցի կենտրոնական մասից քիչ հեռու՝ իրեն խնամող ո՛չ մի հարազատ չուներ…
Ապուշին իր տանից դուրս բերելու համար, նրա բնակարանի լուսամուտների ուղղությամբ այնքան քարեր էին նետում փողոցի մեծ ու փոքր երեխաները , որ ապակիներից գրեթե ոչինչ չէր մնացել, իսկ այն ինչ մնացել էր, նմանվում էր նրան՝ այդ տան և պատուհանների տիրոջը…
Երբեք չէր ժպտում և երբեք, ո՛չ ոքի հետ չէր խոսում. չէր պատասխանում մարդկանց հարցուփորձերին, և ամենադաժան վերաբերմունքին արժանանալու պահին անգամ, պահպանում էր իր առասպելական լռությունը:
Իր բոլոր տարօրինակություններից բացի, նա նաև բոլորին հայտնի էր իր կաշվե, կարմիր, խոշոր, բռնցքամարտի ձեռնոցներով, որոնք իրենից անբաժան էին. նա այդ ձեռնոցները երբեք չէր հանում իր ձեռքերից, և ամեն անգամ որ փողոցում իրեն մոտեցող մարդ էր նկատում, անմիջապես՝ վարպետորեն ցատկոտում էր հարձակվող բռնցքամարտիկի նման, մերթ սեփական դեմքը պաշտպանելով երևակայական գրոհներից, մերթ օդին հարվածներ հասցնելով, ընթանալով դեպի թվացյալ հակառակորդը, որին նա անպայման մարտի վերջում տապալում էր գետնին, ապա, հաղթանակած բռունցքները բարձրացրած վերև՝ արժանանում էր փողոցում հավաքվածների ծաղր ու ծանակին, որոնք «Ապուշը հաղթե~ց» գոռալով, ծափահարում ու սուլում էին, հաճախ Ապուշի վրա նետում իրենց ծխած ծխախոտների մնացուկները, մազերին ծամոն էին կպցնում իբրև մեդալ, մինչև անգամ աղբով լեցուն տոպրակներ էին նետում նրա վրա ծաղիկների փոխարեն, որոնց հետ նա սկսում էր իր բռնցքամարտիկի կռիվը շարունակել, րոպեներ, երբեմն էլ ժամեր տևող մարտից հետո մնալով պատռված սև տոպրակներից դուրս թռած աղբակույտերի մեջ՝ անցնող-գնացողների բերանբաց քմծիծաղի, երբեմն ականջ ծակող հայհոյանքների ու ծաղրական բացականչությունների ամեն օր կրկնվող պատկերի ֆոնին։
Պատահում էր, որ նա օրերով չէր երևում, և փողոցի բնակիչները սկսում էին դժգոհել՝ վաղուց արդեն իրենց սեփականությունը դարձած Ապուշի բացակայությունը համարելով ձանձրալի։ Նրանցից ոմանք թաղի երեխաներին հրահանգում էին գնալ նրա կացարան, Ապուշին ամեն գնով դուրս բերել իր տնից, և կազմակերպել Ապուշի ծիծաղաշարժ մենամարտը, որը շատերի համար ձրի զբաղմունք էր և երեկոյան ժամերը լցնող անփոխարինելի ժամանց։

Մի օր, երբ արդեն նրա բացակայությունը երկարել էր և երբ արդեն տաս օրից ավել էր անցել նրա վերջին մենամարտից, փողոցում ապրող երեխաներից մեկը մի լուր տարածեց, թե իբր Ապուշը մահացել է։
Բնակիչներից ոմանք չհավատալով՝ «նա մեռնող պտուղ չէ» ասելով հեռացան, մյուս մասը պարզապես արհամարհեցին լուրը և միա՛յն թաղամասի հայտնի գողերից` Սեդը, որոշեց, որ ամեն գնով պիտի մտնի Ապուշի լքված բնակարան` հուսալով, որ տարիներով Ապուշի հավաքած իրերի մեջ հաստատ ինչ- որ պիտանի բան կգտնի գողանալու նպատակով:
Երեկոյան, երբ մութն արդեն ընկել էր, նա մոտեցավ փողոցի այն հատվածին, որտեղ Ապուշի կացարանն էր: Հեռվից որոշեց երկար զննել տան պատուհանները` վստահ լինելու համար, որ այնտեղ այլևս ոչ ոք չի բնակվում: Երբ մոտեցավ շքամուտքին, Ապուշի տան վերևի պատշգամբում կծկված, նստած մի ծերունի միամտորեն ասաց, որ եթե երիտասարդը Հյուգոյին է այցի եկել, ապա նրան արդեն երկու օր առաջ թաղել են: Գող Սեդի մարմնով մի դող անցավ և նա զսպելով իր անասելի զարմանքը` ծերունու մոտ հաստատեց, որ լսել է մահվան լուրը և իբր եկել է գտնելու նրա հարազատներից որևէ մեկին` ցավակցելու նպատակով: Ծերունին, քթի տակ փնփնթալով , խոնարհած գլուխը մոտեցնելով պատշգամբի երկաթյա ճաղերին, ասաց, որ Հյուգոն հարազատներ չուներ, և որ նրանք վաղուց լքել էին երկիրը, երբ Հյուգոյին տարիներ առաջ մի սպանության մեղադրանքով ձերբակալել ու բանտարկել էին ցմահ: Գող Սեդը շփոթված լսում էր, երբ ծերունին շարունակեց. « Խեղճ Հյուգոյի գլխին բանտում այնքան էին հարվածել, որ նա բթացել էր… իր բանտարկությունից վեց տարի անց, պարզել էին, որ սպանությունը մեկ ուրիշն էր կատարել ու բաց էին թողել նրան՝ կիսախելագար վիճակում»: Գողի ականջներում երկաթե մեխերի պես խրվեցին ծերունու վերջին խոսքերը՝ « Գիտե՞ս ինչ կարգին մարդ էր դեպքից առաջ…»
Երիտասարդն արդեն հասկացել էր, որ Ապուշը, որի պատուհանի առաջ ցցվել էր հիմա, նույն ինքը՝ հայտնի Հյուգոն էր, որին ժամանակին, հենց նույն Սեդի ծնողները «Գիրք- Հյուգո» էին անվանում:
Սեդը քարացած մնաց տեղում, հետո, մի քանի քայլ աջ ու ձախ արեց, նայեց շուրջբոլորը, նայեց պատշգամբին, որտեղից արդեն հեռացել էր ծերունին, զննեց փողոցի ամենօրյա անցուդարձը , ապա, մի անբացատրելի ցանկությամբ տոգորված արագ ցատկ գործեց Հյուգոյի տան կոտրված պատուհանների ուղղությամբ ու փեղկերից մեկը հեշտությամբ բացելով ՝ մտավ ներս:
Սկզբում նա տան պատերը շոշափեց մթի մեջ, սակայն էլեկտրական հոսանքի ոչ մի ստեղ չգտավ։
Գրպանից հանեց իր փոքրիկ լուսակը և երբ միացրեց այն, իր աչքերի առաջ մեկը մյուսի ետևից սկսեցին հստականալ անթիվ, անհամար գրքեր… Հյուգոյի տան ամեն անկյունում գրքեր էին…Հատորներ Շեքսպիրից , Վոլտերից, Բայրոնից… Սեղանին՝ Շիլլեր, Չեխով, Հյուգո, Գյոթե, Մորուա… Հետո՝ թղթապանակներ, տրցակներ, և անհամար ձայնապնակներ՝ կոկիկ, խնամքով շարված նվագարկչի կողքին և մի նեղլիկ անկողին՝ մաքուր, ճերմակ սավանով, տափակ ու չոր բարձով, որտեղ էլ երևի գտել էին նրա լքված ու քարկոծված մարմինը, և որտեղ, Հյուգոյից մնացել էին միայն իր կարմիր, խոշոր, կաշվե ձեռնոցները՝ դրված բարձի կողքին…
Մոտեցավ նվագարկչին, որի վրա երևի Հյուգոյի լսած վերջին ձայնապնակն էր դրված…Պատի անկյունում, լուսակի միջոցով նկատեց հոսանքի աղբյուրը։
Շտապեց միացնել նվագարկիչը, և ապա՝ շափյուղե ծռված ասեղը մոտեցրեց ու դրեց դանդաղ, հանգիստ պտտվող ձայնապնակի վրա, որտեղից հնչեց Սեդին ամբողջովին անծանոթ, սակայն նրան այս պահին անչափ հուզած՝ Շուբերտի Ավե Մարիան…
Սեդն իր կյանքում առաջին անգամ այդ օրը լաց եղավ… Հմայված լսում էր իր համար անհասկանալի այդ մեղեդին, երբ հանկարծ փողոցից լսվեց մի խումբ երեխաների աղմուկ- աղաղակը, հետո Հյուգոյի տան պատուհանների ուղղությամբ նետվող քարերի անհամար կտկտոցներ, ճաքճքող ապակու մնացորդների փշրանքներ հատակին, ծիծաղ, կտկտոց, ճաք, «Ապո՜ւշ, Ապո՜ւշ», հռհռոց, սուլոցներ, ծափեր, ծիծաղ, Ավե Մարի՜ա, «արի կռվե՜նք», կտկտոց, քարեր, ծափեր, «Ապո՜ւշ, դո՜ւրս արի», Ավե Մարի՜ա, ծիծաղ, Ապո՜ւշ, ծիծաղ, կտկտոց, Ապո՜ւշ…
Պատուհանին նետված բոլոր քարերն ու «Ապո՜ւշ» բացականչությունները հիմա կարծես Սեդի՛ն էին ուղղված, և նա ոտից -գլուխ քարացած՝ լսում էր… Շատ չանցած` Սեդն իր ձեռքում պահած լուսակը ուղղեց Հյուգոյի դատարկ մահճակալին, որի սպիտակ, մաքուր սավանի վրա էին դրված նրա հայտնի բռնցքամարտի ձեռնոցները: Քայլեց դեպի կարմիր, խոշոր, կաշվե այդ ձեռնոցների ուղղությամբ, վերցրեց ու շոշափեց, զգաց դրանց ծանրությունը, և երբ երեխաների աղմուկն արդեն սկսել էր հեռանալ, Սեդը հագավ այդ ձեռնոցները և մոտենալով կոտրված, բաց պատուհանին, մինչև շուրթերը թափված արցունքի երկու կաթիլ կուլ տալով` Հյուգոյի տանից գողացած միա՛կ իրը կրծքին սեղմած՝ նետվեց պատուհանից դուրս…
Ապուշի տան պատուհաններից շարունկեց հնչել Շուբերտի «Ավե Մարիա»-ն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *