Քամին սաստկանում է, ու Թերեզը մտածում է՝ երեխաները տկլոր են, կմրսեն: Փամփլիկ, ճերմակ մարմինները օրորվելով վազում են խոտերի միջով: Թերեզը վազվզում է նրանց ետևից ու չի հասնում ոչ մեկին: Ականջին հասնում են երեխաների ճիչերը: Հրճվանքից ծղրտում են, ընկնում-բարձրանում ու չեն մրսում երևի: Նրանցից մեկի հագին ճեփ-ճերմակ շապիկ է: Թերեզը ձեռքը գցում, բռնում է ծայրից: Երեխան, պոչը թողած մողեսի նման, հագի շապիկը թողնում է Թերեզի բռի մեջ ու փախչում: Թերեզն ընկնում է ցած, նստում խոտին ու դեպի արևը պարզում շապիկը: Արդեն մաշված, կեղտոտ ու ծղողված կտորից այն կողմ գարնան տաք արևն է: Գրպանի աջ անկյունից պատռվածք է բացվել, ու արևը առատորեն խցկվել, կուրացնում է Թերեզին: Երեխաները հեռանում են, Թերեզը փորձում է նայել նրանց ետևից՝ արևը չի թողնում: Երևի յոթ, ութ կամ ինը փամփլիկ, տկլոր, չարաճճի տղաներ էին: Թերեզն ափսոսում է, որ ոչ մեկին չբռնեց: Սիրտը կուչ է գալիս: Շապիկը սկսում է կպչանի փայտի նման այրվել: Եթե ձեռքից գցի, նոր բուսնած, ճոճվող, բերրի արտը կայրվի: Մատների ծայրերը լուցկու հատիկների նման պայթում են բոցերից:
Աքլորականչից ցնցվում է. «Սատկես դու, հա՜…»:
Հին ցախավելի պոչն այնպես է սեղմել ափերի մեջ, որ կոշտուկները ցավում են: Հեսա ավլի վերջացնի, գնա խնձորենու տակ նստի, մի քիչ մենակ մտածի: Ավելը ճանկռտում էր բակի քարացած գետինը: Թերեզը քթի տակ երգել ուզեց, բայց լացը եկավ, բերանը լցվեց: Աքլորը նորից կանչեց: Թերեզի աչքերի առաջ բակը լողաց: Ճար լիներ, ձեռքից գցեր ամեն բան ու գնար: Ո՞ւր գնա: Ծեր մարդու ոտնաձայների քստքստոցը հասավ ականջին: Զարթնել է: Հեսա նախաճաշ կուզի: Միաչքանի Մանուկը անցավ տան պատի տակով, գնաց դեպի կենտրոնում ցցված զուգարանը: Հենց տեսավ Թերեզին, տնքտնքոցը գցեց բակով մեկ:
-Ախչի, գայիր, օգնեիր…
-Ինչի՞ն օգնեի:
Թերեզը ցախավելը քարշ տալով տարավ, դրեց պատի տակ: Մանուկն արդեն զուգարանի դուռը ետևից շրխկոցով փակել էր:
Չհասցրեց նստել խնձորենու տակ: Մանուկի համար նախաճաշի սեղան էր գցում: Մանուկը նոր լվացված, սանրված գլուխը թեքել էր դեպի փողոցի ճանապարհն ու նայում էր անցնող-դարձողին:
-Հարութս չի՞ զանգել:
-Երևի մոռացել ա:
Մանուկն արագ նայեց հարսի երեսին:
-Ի՞նչն ա մոռացել:
-Հեչ… ասում եմ՝ մոռացել ա զանգի:
-Շա՛շ…,- Մանուկը առաջ հակվեց, նայեց Թերեզի գունատ երեսին:- Չի մոռանում, ժամանակ չունի: Անհամբեր ես: Դա լավ չի: Քո մերը մինչև գերեզման հորդ սպասեց:
-Չսպասեց, ուղղակի հիշատակն էր հարգում: Հայրս զոհվել էր, տեսնողներ էին եղել: Մայրս, ես, մերոնք բոլորը գիտեին, որ ողջ չի: Չէինք սպասում, հիշում էինք…
-Եսիմ,- Մանուկը գրպանի մեջ բան փնտրելու նման գլուխը կախեց ներքև:- Կաշխատի, կգա, էրեխեք կունենաք: Տունը լավ կսարքեք: Կապրեք:
Թերեզը ետ քաշվեց սեղանից, գնաց կաթ տաքացնելու: Մանուկը սառած աչքով նայեց սեղանին շարված ուտելիքին:
-Ես քոռ եմ, բայց տեսնում եմ… անհամբեր ես, լավ չի…
Ծնկները ծալված դիրքից հոգնել էին: Գարնան տաք արևը պառկել էր հոգնած թիկունքին: Ձեռքերը մեխանիկորեն գտնում, արմատից կտրում ու մեծ տոպրակի մեջ էին գցում ուտելի կանաչիները: Կտանի տուն, կլվանա, կեփի, թարմ յուղով կտապակի սկեսրայրի համար, խիղճը կհովանա, կգնա հանգիստ կնստի, կերազի: Ի՞նչ երազի: Եթե այսպես չլիներ, այնպես կլիներ ու սենց ու սենց… լավ կլիներ: Թերեզը ինքն իր վրա ծիծաղեց: Դիմացից Մանուշն էր՝ թմբլիկ, սիրունիկ, շատախոս Մանուշը: Հիմա կռացած բանջար է հավաքում ու ծպտուն չի հանում: Թերեզն ուզեց խոսեցնի, հետո հասկացավ՝ ինքն էլ հավես չունի: Բայց տեսնես ի՞նչ է եղել չաչանակ Մանուշին: Չտված հարցին պատասխան հնչեց.
-Սաշիկս Մինսկ է գնում… աշխատելու:
Թերեզը քարացավ մի պահ, հետո ձեռքը մտցրեց տոպրակի մեջ: Ծոցի նման տաք-տաք:
Հետո Մանուշը ճամփեզրին կանգնել, արևին է նայում: Թերեզը նստել է քարին: Մանուշը կարճլիկ է, նեղ տաբատ է հագել ու անթև բլուզ: Հագուստը չի սազում: Մազերը դեզի նման հավաքել է գագաթին: Չի՛ սազում: Դեմքն է սիրուն: Թերեզը ոտքը նստած դիրքից առաջ պարզեց, փոշոտ հողից տարավ հասցրեց ասֆալտին: Տաք էր, ուրիշ, կանչող: Նոր կյանքի ճանապարհի հմայք ուներ: Ասֆալտահատիկները ծամոնի նման ծամվել-մերվել էին ճանապարհին: Թերեզը ետ քաշեց ոտքը: Կոշիկի քիթը մնաց ասֆալտին շատ մոտ: Եզրագծից այս կողմ: Առավոտից ինքն իրեն ծաղրում է: Լա՞վ է, թե՞ վատ: Մանուշը կտրուկ թեքվեց իր կողմը:
– Տո ասա՝ ի՞նչ եմ դարդ անում: Հլը ինձ նայի, Թեզո՛: Բա իմ նման աղջիկը ընկճվի՞, անտեր մնա՞, հա՞:
-Հա,- Թերեզը ծիծաղեց, ուղղեց ինքն իրեն,- ուզում էի ասել՝ հա էլի…
Փրչոտ ձորն է՝ գահավիժող, ահռելի, տարածվող, ներքևում: Դու վերևում ես, բայց նա՝ քեզնից ուժեղ: Կո՜ւլ կտա: Ինչ ասես՝ կուլ չի տվել էս անխիղճը: Կառլենի կարմիր Մոսկվիչը, Բենիկի շան թուլեքին՝ ամեն տարի ծնվող, պարկի մեջ հավաքված շան թուլեքին: Կոտրած ոտքով հորթուկին, որ հանել չկարողացան ու չիմացան, թե ո՜նց էր նախրից առանձնացել-եկել ու մնացել հսկա քարերի արանքը: Սատկեց: Խմած մարդկանց հայհոյանքներ է կուլ տվել, դավաճան կանանց խոստովանություններ: Շատ թաքուն բաներ: Բայց ամենավատ բանը անցյալ գարնանը եղավ: Քաղաքից նոր եկած ընտանիքի միակ աղջկան կուլ տվեց: Այդպես էլ ոչ ոք չիմացավ՝ միամիտ էր ընկել, թե հատուկ: Թերեզը փակեց աչքերը, բայց այլանդակված, կախ ընկած թևերով օդի մեջ ճոճվող մարմինը մոռանալու չի: Հանում էին գյուղի ուժեղ տղաները վերևում խմբված հանդիսատեսի աչքի առաջ ու բարձրացնում դեպի խելագարված ծնողները: Ծանր էր: Թերեզը բացեց աչքերը: Մանուշը մի քար ներքև նստել, լուռ մտածում էր: Ընկճվել, անտերի նման նստել էր: Մեծ-մեծ չխոսես: Թերեզը շատ ուզեց շոյել նրա գզգզված գլուխը: Բայց սիրտը փլվում էր:
Մանուշն էր զանգում: Թերեզը ձեռքերը չորացրեց, կաթսայի տակն անջատեց ու գնաց-հենվեց պատշգամբի բազրիքին: Հեռախոսը միացրել էր, Մանուշն ականջի տակ փսփսում էր:
-Ախչի՛, բարձր խոսի, բան չեմ լսում:
-Թաքուն է, ո՞նց բարձր ասեմ:
Մանուկը մեջքի վրա ընկել էր թախտին, խռռացնում էր: Քամին խնձորենին տանում-բերում, հով էր անում քնած մարդու վրա: Թերեզն ուսով պահեց հեռախոսը, գնաց հասավ բակի կենտրոնում քնած Մանուկին: Ադեալը քաշեց կրծքին: Մեղք է, կմրսի: Մանուկը բաց բերանով խռռացնում էր: Թերեզին թվաց՝ իր Հարութին է տեսնում մի երեսուն տարի հետո:
-Բիձեն փող է տվել, գնանք առևտրի,- Մանուշը թմբլիկ ափով թմփթմփացրեց տաբատի գրպանին:- Եթե դու չունես, ես քեզ պարտքով տամ, մինչև Հարութդ ուղարկի:
-Ունեմ: Մանուկը դեռ երեկ էր տվել: Մտածում էի՝ տանը ամեն ինչ կա, առնելու բան չունեմ: Բայց որ գնում ես, միասին գնանք:
Մանուշը թեթևակի թեքվեց Թերեզի կողմը:
-Դու վերջը լսեցի՞ր, թե հեռախոսով ինչ էի ասում:
-Դեղձիկի անունը լսեցի, հերիք էր: Ես չեմ գա:
Մանուշն այնքան կտրուկ մեխվեց տեղում, որ Թերեզը ծիծաղը զսպել չկարողացավ:
-Ինչի՞ ես ծիծաղում: Մեռնել-ապրելու հարց է, կյանքիդ, կյանքիս հարցը:
-Կյանքիդ կյանքն ո՞վ է:
-Լավ, Թեզո աղջիկ, կմնաս, կծերանաս առանց մարդ ու էրեխա, հետո կխոսենք:
Թերեզը լուրջ նայեց Մանուշի դեմքին, հետո կիսաձայն ասաց.
-Ճար չունեմ:
-Ինձ լսի, ճար կանենք: Ինչքա՞ն պիտի էդ բիձուն ուրախացնելով ուրախանաս: Տես, հիմա գնանք, հետո մեր առևտուրը կանենք ու կգնանք տներով, չեն իմանա:
Թերեզը հավես չուներ պատասխանելու, հարմարվելով գլխով արեց:
Դեղձիկի ձայնը լսվում էր ներսից, ինչ-որ մեկին բացատրում էր, թե ոնց անի, որ լավ լինի: Թերեզը հազիվ էր ինքն իրեն զսպում, որ չփախչի տեղից: Մանուշին էր խղճում: Խեղճը ամուսնու գնալու փաստից այնպես էր տանջվում: Հասկանում է, լավ է հասկանում: Արդեն յոթ ամիս է՝ Հարութը գնացել է: Դեռ երկու ամսվա ամուսնացած էին: Ամեն երեկո գալիս էր, պատի տակ լուռ նստում, հարց տայիր, կկոպտեր: Քնելուց առաջ մի հատ հոր հետ վիճում էր ու թթված անկողին մտնում:
Գործերը լավ չէին: Ոչ մեկի պետք չէր հյուսնի իր շնորհքը: Ընկերները Ռուսաստանից կանչեցին, գնաց: Հիմա Մանուշի խուճապը: Կհարմարվի, ոչինչ: Ինքն էլ տառապում էր, չէր ուզում առանց ամուսնու մնալ: Բայց հիմա ոնց որ չի էլ եղել: Մանուշն անհամբերությունից թմբլիկ մատներն էր կոտրատում:
-Լսի, Թեզո, դու գիտեի՞ր, թե քո Մանուկն ինչի է անաչք:
-Կարծեմ՝ կռիվ է արել ջահել ժամանակ:
-Հա, բայց գիտեի՞ր, որ Գուրգեն պապն է դրա աչքը հանել:
Թերեզը զարմացած նայեց Մանուշի վառվող աչքերին:
-Չէ:
-Բա… դե իմացի. Մանուկը երեսուն տարեկան է լինում, սիրահարվում է Գուրգենի քրոջ աղջկան: Ինքը կին ուներ, Հարութը կար: Գուրգենը սրան զգուշացնում է՝ հեռու մնա: Սա խելոք չի մնում: Կռիվ են անում ձորում: Ու էդպես… Դե լավ չի, չէ՞, ամուսնացած, հասուն տղամարդ ընկել է մատղաշ էրեխու հետևից:
-Ես էդ աղջկան չեմ տեսել:
-Որտեղի՞ց տեսնես, քաղաք է ամուսնացել: Դե Մանուկը կռիվ չի գնացել, միաչքանի էր: Իմ հայրը, քո հայրը զոհվեցին Արցախում: Հիմա իմ եղբոր տղաներն են էդ հողը պաշտպանում: Մի տեսակ զզվում եմ էդ բիձուց:
Թերեզը գրկեց Մանուշի ուսերը:
-Նա մեղավոր չի: Այդպես է ստացվել:
-Արդարացրու՛…
«Դմբո՛»,- Թերեզին միտքը հեռու տարավ: Մի մութ պատմություն լսել էր Մանուկի ջահել տարիների մասին: Հետո աղմուկը լցվեց ականջն ու կտրեց խառը մտքերից: Դեղձիկի ձայնը ճղճղոց էր հիշեցնում: Մեկի մեքենայի ազդանշանը միացել էր, դրա վրա մի քանի շուն խեղդվելով հաչում էին, իսկ թևի տակ ծվարած Մանուշը ֆսֆսում էր՝ քիթը վեր քաշելով:
Մինչև արմունկները տաք փրփուրի մեջ խրած ձեռքերը նյարդայնացած ու ջղաձգվելով տրորում էին կոշտ կտորը, փորձում մաքրել: Մանուկի ահավոր կեղտոտ տաբատն էր: Հազիվ էր համոզվել, որ փոխի: Թերեզը լվացքի մեքենա չուներ: Հինը չէր աշխատում, նորն առնելու հնարավորություն չկար:
Բակը դեռ առավոտից էր ավլել, վեց հատ հավին կուտ տվել, Մանուկին կերակրել: Գազօջախին եփվող ոսպապուրի հոտը տարածվել էր բակով մեկ: Հասկացավ՝ քաղցած է: Մանուկը ծառի տակ նստել, նորից փողոցի կողմն էր նայում: Թերեզի համար օրը սկսվում էր նույն կադրերով:
-Թերեզ… Ասում եմ՝ արդեն սկսեմ հայաթում լողանալ, կմրսե՞մ…
Թերեզը փլվեց ցածրիկ աթոռին, ձեռքերից թափ տվեց գորշ փրփուրը: Մանուկը հերոսի կեցվածքով թեքվել, նայում էր հարսի երեսին՝ առողջ աչքը կկոցած: Հագին հնամաշ, բայց կտորի տեսակի պատճառով դեռ փայլող, վարդագույն վերնաշապիկ էր: Գլխավերևում խնձորենու ծաղիկների վրա միլիոնավոր մեղուներ էին բզզում: Մեծ քիթը ծուռ էր, ցախատան կողմն էր ցույց տալիս:
Թերեզի բերանի մեջ ծիծաղը պայթեց, բայց թաքցրեց հազալով: Հետո գլուխը լուրջ տարուբերեց.
-Կմրսես, հայրիկ:
-Կմրսե՜ս… Հենա դու արդեն մրսած ես, հազում ես:
Դեղձիկի կեղտոտ սենյակի պատերը հիմա երեսին էին իջնում: Մահճակալն իրենն էր: Բայց մղձավանջի նման եկել-տեղավորվել էին նրա՝ որջ հիշեցնող սենյակի իրերը: Դեղձիկը, մահճակալի վրա հակված, ծխահոտ ու խզված կոկորդից խորհուրդներ տալու ճիգով անեծքներ էր թափում. «Արգանդդ չոր է, մեջը սերմ չի ընկնի: Քո Հարութը որդիներ կունենա, դու կմնաս անժառանգ: Ամբողջ կյանքում խնամել-պահելու ես ուրիշներինը: Հարութդ սերմերը ուրիշ հողում կցանի: Դու հարուստ կին կլինես՝ էլի էսքան սիրուն: Ներսդ նայի, հմայքդ հանի ու օգտագործի: Հերիք է»: Մանուշը անկյունում լաց էր լինում: «Բան չասեց վհուկը, ինձ բան չասեց: Մենակ ասեց՝ ապրիլը լավը չէ քեզ համար: Հենց եկավ, գազանի ձենով կոռնաս: Ոչ միայն դու…»: Թերեզն ուզում էր կոկորդից լուտանք հանել, թափել վհուկի գլխին, բայց պապանձվել, տրորվում էր անկողնու մեջ: Ջադուն կոտրած ճյուղի նման ետ ու առաջ էր ճոճվում: «Վատ է, վա՛տ»:
-Թերեզ: Թերեզ:
Բացեց աչքերը, բայց առատ լույսից կկոցելով, նորից փակեց: Մանուկը կռացել, մի աչքով նայում էր գունատ երեսին:
-Ասեցի, չէ՞, հիվանդ ես: Է՜… Գնամ էն ոչուփուչ չաչանակին կանչեմ, քեզ տիրություն անի: Թերեզը կիսաբաց կոպերի տակից նայեց սենյակից դուրս գնացող մարդու ետևից:
-Ես էլ լողանալ էի ուզում:
Թերեզի գիշերանոցը թաց կպել էր մարմնին: Ուզեց շարժվել, տեղից ելնել, շորերը փոխել, ձեռ ու ոտը շարժել չկարողացավ: Աչքերը կուլ գնացին: Մանուշը ե՞րբ հասցրեց գալ: Ձեռքը դրեց ճակատին.
-Վառվում ես, Թեզո ջան: Ես էլ մտածեցի՝ ապրիլի մեկն է, բիձեն խաբում է: Ինքս ինձ ասեցի՝ հավես չէր անի՝ գար հասներ խաբելու:
Թերեզը թեյ էր խմում՝ թարմ գիշերանոցը հագին: Ուզեց խնդրել Մանուշին՝ գնա հավերին կերակրի, ձայնը կոկորդից դուրս չեկավ: Մանուշը լվալու շորերը հավաքեց, դրեց տոպրակի մեջ.
-Կտանեմ մեքենաս կգցեմ, կլվացվեն: Մեղք ես,- նստեց անկողնու եզրին, նայեց Թերեզի գունատ երեսին:- Լսի, հավատացի՞ր Դեղձիկի ասածներին: Ինձ նոր բան չասեց, ասեց՝ կտառապես, հենց ապրիլը գա: Դե, Սաշիկս վաղը գնում է, կտառապեմ, բա ինչ կանեմ… Քեզ վատ բաներ ասեց: Լեզուն կտրելու էի:
Մանուշի մոխրագույն աչքերը փորձող նայում էին Թերեզի աչքերին:
-Չեմ հավատացել, հանգիստ եղի, հորինում էր, էլի…
Ձայնը կտրված էր: Մրսել է կարգին:
-Եսիմ,- Մանուշը տոպրակը ձեռքին կանգնեց:- Գնամ մերոնց հաց տամ, հետո կգամ: Դու քնի մի քիչ: Ճաշ ունես, տեսել եմ, թող լցնի, ուտի…
Թերեզը նստել է ճամփեզրի քարին: Երեխաները վազում են շուրջը, աղմկում, փոշու ամպ բարձրացնում: Ինքը թաց, կարոտած աչքերով նայում է, բայց բռնել չի ուզում: Քիչ հեռվում ճանապարհն է՝ նոր, ասֆալտապատ, լայն ու երկար ճանապարհը: Ինքը հիմա կելնի տեղից, կմտնի ճանապարհ, ճերմակ ներկած սլաք-գծերով կքայլի՝ լարախաղացի նման ոտնաթաթերին նայելով, ձեռքերը կողքերը տարածած: Ինքն իրեն կողքից կնայի, ու սիրտը վախից կուչ կգա՝ չընկնի հանկարծ: Երեխաները թող մնա՛ն: Ճանապարհն անծայր է, գնում կորչում է՝ եկեղեցու կողքից ներքև իջնելով: Հարութը վազում է ճամփեզրով՝ ձեռքին՝ կարմիր կակաչների ցնցվող փունջ: Ամեն շարժումից թերթերը պոկվում, ցանվում են հողոտ ճանապարհին: Հարութն, իր հետևից կարմիր հետք թողնելով, հեռանում է՝ թեք ժպտալով, աչքերում՝ սառը օտարություն:
Մանուկի հողաթափերի քստքստոցը բոլոր նոր օրերի հետ: Մարդը ջուր է բերում լցնում տակառի մեջ՝ ծանր դույլը կողքից քարշ տալով: Թերեզը ելավ տեղից, հագնվեց, գնաց լվացվելու: Քիչ հետո Մանուկին օգնության հասավ, դույլը ձեռքից վերցրեց:
-Ախր դեռ ցուրտ է, էնքան տաք չի, որ արևից տաքանա, սպասեիր մի քիչ: Մինչև գոլանա, արդեն կեղտոտ կլինի:
-Մի քիչ տաք ջուր կավելացնենք, ոչինչ: Սիրտս դրսում լողանալ ա ուզում, Թերեզ:
«Իմ սիրտը բան չի ուզում»:
Թերեզը զգույշ կռացավ աղբյուրի վրա, գլուխը պտտվեց, բակը շուռ եկավ վրան: Նստեց ու աչքերը փակեց: Կողքին ծուռ դույլի մեջ աղմուկով ջուր էր լցվում: Մեղուները բզզում էին՝ բակի միակ ծառից ծաղկափոշի հավաքելով: Հարութը չէր զանգում: Մի տեսակ շատ ուզեց, որ զանգի: Մանուշն էսօր չի գա, ամուսնուն կճանապարհի, երեկոյան կվիճի սկեսուր-սկեսրայրի հետ, վաղը ներողություն կխնդրի, կասի՝ սիրտս ելած էր: Հետո կգա իր մոտ, կնստի ու երկար բարակ կլացի: Խեղճ աղջիկ: Դույլը լցվել էր: Թերեզը բացեց աչքերը, ոտքի ելավ, բարձրացրեց: Ջրի երեսին մեղու էր լողում, խեղդվել չուզելով՝ պոկվել-թռնելու ճիգով ծիծաղելի շարժումներ անում: Թերեզը բլուզի փեշը քաշեց, ծայրով մի կողմից օգնեց՝ մեղուն վրան բարձրանա ու բաց թողեց:
-Թերեզ, ախչի, վատ բան ա էղել:
Թերեզը սառեց-մնաց շերեփը ձեռքին:
-Ղարաբաղում վիճակը լավ չի: Նորից կռիվ ա: Մանուշիդ ախպոր էրեխեքը…
Թերեզին թվաց՝ գյուղի շները ոռնում են: Հետո ասֆալտին գցված սպիտակ սլաքները գահավիժեցին ձորը: