Հուսիկ Արա | Pandemia

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Մեկ մետր է արգելքը մեր միջև,
հազիվ այնքան, որ ձեռքերը չհասնեն իրար.
աղմկոտ մեղքն էր մեր արանքում,
հիմա լուռ տեղավորվել է Աստված.
որքա՞ն նեղ տարածք է հարկավոր լույսին`
ազատ զգալու համար:

Փակ են դռները,
պատուհանները` գոց.
աշխարհն է ազատ:
Կապած քիթուբերան.
բառը չի հնչում` ձայն անապատի,
և կարեկցանք է ամեն խոսք:

Հարազատ է մեր փախուստը,
մտերիմս,
սիրտ է ու բարի կամք.
չենք արտանետում մեր ներսինը,
և չի թունավորվում երկինքը`
որտեղ մեր երազներն են:

Դատավոր է խիղճը,
և գթությունն այնքան շատ է,
որ բանտն էլ է բուժարան.
Մարիամ է ամեն ճերմակ խալաթ
և Քրիատոս մեր մեջ` յուրաքանչյուր դեղահաբ:

Բնությունը սնում էր,
որ հոշոտենք իրեն.
հիմա մաքուր լվացված է աշխարհը`
առանց անձրևի:
Ի~նչ սպիտակ է լույսը ծաղկած սալորենու մեջ
և որքան կապույտ,
երբ կաթում է մանուշակի թերթերին:

Տիեզերքի գարունը
երկիր է հասել աներկյուղ`
մարդուց անսարսուռ.
բացակա են մեր ձեռքերը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *