Կտղուց
Սիրելի՜ս,
այնքան վաղուց չես խմել ինձնից,
որ հասցրել եմ կուտակվել –
ծով եմ կտրել ներհոսող անձրևներից
ու ստորգետնյա ակունքներից քաղցրացել եմ:
Քեզ համար լցված այս ծոցը չի մտել ոչ ոք
և հիմա անուշ եմ ու անաղմուկ,
ազնիվ եմ ու թունդ՝ դանդաղ ունենալու համար:
Եղեգնյա փողերով ծփում է ափս քեզ տենչող,
ամենակուլ վիշապներով վխտում է ներսս,
աստղասերմերով լիքն եմ ափեափ:
Հենց որ դիպչես ինձ՝ կհալվեն զգեստներդ,
հենց հուզվես, սուզվես, ուզես խմել՝
գնարբուկի բույր կդառնաս,
երաշտ արտերին անձրևելու փափագ,
երազ կդառնաս թռչել կարողանալու մասին:
Երբ վերջապես հասնես պապակ, չշտապես –
ինձ զգուշորեն ճաշակիր –
իբրև հավերժական սիրո հմայանք,
իբրև ճակատագիր:
Ծիլի-Ծով
Ես Քո նշաններին հետևելով գնացի
ու գտա Պորտ լեռան կաթնաղբյուրը,
խմեցի իմ տարողության չափ Քո խորքը՝
ստինք-երկրի ծուծքով օծուն,
ու ծիլս բար եկավ:
Հասկացա ինչ որ եղել էր – արձակեցիր.
ազատվելու պես էր դատարկվելս,
լցնելու շնչով ներխոսեցիր – ինչ լինելու է.
ճաքճքեցի – քեզնով ներծծվելու համար:
Եվ հիմա
մերկ եմ ու չեմ մրսում,
ունեմ ու չեմ վախենում,
ներում եմ ու չեմ տառապում,
ուտում եմ ու չեմ ոչնչացնում,
տալիս եմ ու չեմ պարտավորում,
հեռանում եմ ու չեմ լքում,
բարակում եմ ու չեմ կտրվում,
հոսում եմ ու մնում,
գնում եմ ու չեմ գուշակում
ջրի ճանապարհը:
Դու՝
ներառյալ ես,
անմասելի –
Է:
Երբ ցավում եմ, դու գիտես,
խոսում եմ հետդ՝ ալիքներդ հանդարտվում են,
սիրում եմ՝ փափուկ ես դառնում,
սուզվում եմ՝ խայտում ես,
քո մեջ աստղերի արտացոլքն եմ որսում՝
խանդում ես, գժվում ես փոթորկած,
շնչում եմ՝
ծաղկում ես իմ չտեսած ափերումդ,
գիտե՜մ:
Կեսգիշերի մթնում,
երբ միմյանցից թաքուն արթուն ենք,
դու ալիքվում ես դեպի լուսինը,
ու ես երգ եմ գրում:
Ես
աստղերին վերադառնալու
քո տենչանքն եմ:
Ծովի
(ասք)
Չխոսեցինք քո մասին, չուզեցինք, չաղոթեցինք,
վիճակ չհանեցինք՝ գիտեինք,
ինչպես գարունը սրտի
և նորածիլն արևի տեղն է իմանում:
Կանցնի հոսանքն ի վար գլորվելու ժամանակը՝
միավորվելու, ներգրավվելու և մեծանալու,
ընթացիկով հագենալու, պղտորվելու,
հեռվի մասին երազելու ժամանակը՝ ընդգրկվելու,
և կգա հանկարծահաս ժամանակը հետադարձի.
ի սկիզբ, ի բուն, ի տուն, ի ակն միածին
հանց բեղուն ձուկն ի ավարտ
և անցյալ մարմինն ու կարը
ի սպաս նոր սեր-հունդի:
…Մշուշ էր, գիշեր, բայց գիտեինք, որ տեղ հասանք,
համընկանք ահա երկնքի ու երկրի խաչուփաչում –
(այդքան վեր երբեք չէինք մեռել անկոչության վախից.
այդքան մեծ լռություն, այդքան թափանցիկ)
ասաց՝ դե ներս անցիր ներքին ծովերի նավապետ,
երազ դարձիր քո մեռելեռներից վեր:
Ներսում լուսնի ափսեով լի հալված ոսկի գտանք,
խմեցին, խմեցինք – չսպառվեց սերը,
Նանը քո անունով
մի ակնաչափ մարգարիտ Ծիլի-Ծովը գցեց
ես մի բուռ աստղափոշի ցանեցի շուրջը
նոր պայթած տիեզերքից,
հրատներ պարեցին – մեր շունչը բորբ,
և կյանքն իբրև լուսապսակ պտուղ
օրհնյալ էր և հուն ունեցավ
մեզանից սուրբ:
Ջրի ճամփա
Երազս ջրին պատմեցի…
Երբ մեզ բաժանող ձյունամրրիկը հասնի քո քաղաք,
գտնի պատշգամբդ, տեղավորվի տեսադաշտիդ մեջ,
գալարվի, օրորվի, խաղաղվի ու պարի ցած,
լսիր նրա շշած իմ երազը…
«Հանդիպեցինք սերկևիլի ծառի տակ պտղածոր՝
օվկիանոսի այն ափամերձ ժայռին,
որ խոստացել էի ներառել քեզ համար:
Ես քեզ միանգամից չճանաչեցի, տե՛ս,
քեզ ամեն կերպ պատկերացրել էի,
բացի այդկերպը:
Աղչի՛,
եկար ու խառնեցիր
աշխարհի վերջի հետ կապված հաշվարկներս.
– Ապրելու ենք,– ասացիր,– շարունակությունը:
Ձմռան ու իր մեղրի հետ մենակ մնացած մեղվի թախիծը,
որ չգիտես ինչու ախորժակ չունի…
Ծաղիկը, որ ձյան տակ շնչահեղձ է լինում
ոչ մեղվի հետ լպստվելու,
այլ գարունը տեսնելու անհամբերությունից…
Նրանք պարզապես վստահում են
միմյանց հնարավոր գոյությանը,
և այդ է սերն իբրև ընթացքի վայելում:
– Սիրելը գործողություն է,- ասացիր,- ո՛չ հոգեվիճակ,
տեղաշարժվի՜ր…
Լրիվ քեզ անձրևի տեղ ես դրել,
առանց քեզնոտվելու անհնար է դարձել տեղաշարժվելը
լեռնային փռչոտ կաթնասունիս համար,
որ վաղուց լքել է ծովը –
վերադարձի գայթակղություն ես դարձել:
Լսի՛ր, քաղցից ու ջահելությունից բացի
ուրիշ ի՞նչը կարող էր դրդել մեզ նետվելու բաց ծով…
Ինչո՞ւ է այդ օտար ափն ավելի մոտ թվում,
քան իրականում կա ու խելքամաղ անող –
այլևս չվերադառնալու հեռանկարը…
Ունեցած-չունեցածներս հավաքի՛ր,
ուրեմն, մեկնում ենք առավոտյան:
Հարմար տեղ կգտնենք բնադրության՝
որձամեզով նշագծված և իգամազով փափկասուն –
ավետյաց երկիրը կշինենք մեր:
Ճանապարհ է.
լողալուց հոգնենք՝ կքայլենք,
ճեմելուց ձանձրանանք՝ կթռչենք,
թևելուց թուլանանք՝ կպառկենք ամպերին,
իսկ պատմության վերջում
ով էլ առաջինը վայր ընկնի երկնքից…»
…առավոտյան սուրճն ինքն է եփելու:
Բույն
Իմ մատից փուշ կհանեմ, քո հյուսից մազ կքաշեմ,
մեզ համար բույն կհյուսեմ,
նանիկս:
Ինքնիշխան երազապետություն –
հասցեն՝
Գարնան դողդոջ անձրև,
ծաղկած դեղձենիների թավուտ, կամ –
Գնացքների գերեզմանոց,
նախկին Երևան-Վան վագոն, կամ –
Ծիլի-Ծով, եղեգնյա փողերի ծոց, կամ –
Մերտուն:
Ես բույն կհյուսեմ մեզ համար – այնպիսին,
որի բոլոր կռնակները, բռնակները, դռնակները,
անկողինները, բազրիքներն ու հատկապես պատուհանագոգերը
սիրո հարմար կլինեն, նանիկս:
Բույնն՝ իբրև արթնանալու ամենահրաշալի վայր,
բույնն՝ իր առավոտվա
թարխունա-թեյա տաք բնահոտով:
Չէ՞ որ
կրկնվելու չափ դանդաղ թերթվող օրերի էվոլյուցիան
առաջ են տանում աշխարհի բոլոր բնակյալները, որ
շնչելու ժամանակ չունեն, հոգնելու ժամանակ չունեն,
ապրելու ժամամանակ չունեն և, հատկապես,
ժամանակ չունեն մասնակցելու
ընթացիկ բոլոր հեղափոխություններին:
Այս գարնանը,
որ ոչ մի կերպ չի ուզում բաց թողնել
իր բնաստեղծության տարիքը,
ես բույն կգրեմ մեզ համար, նանի՛կս,
իբրև հավերժական ժամադրավայր,
ուր ամեն ինչ առաջին ու վերջին անգամ է լինում:
Ես բու պապա, դու մամա բու, մի բուն լիքը բու-բվեճ՝
իր հարակից լվացքի անվերջանալի պարանով,
որից կախ կգիշերի քոռ բուերի մեր ընտանիքը՝
շարված ըստ հասակի, փռչոտության աստիճանի,
գույնի ու նշանակության:
Վա՜խ, դեռ ինչքան ջրեր են հորդելու մեզանից,
նանի՛կս:
Անդունդներ ունեցող բանաստեղծություններ են, քաշում են երախներով և դու գնում ես հմայված: Կեցցես, իսկական ապրումի խլրտուն փոխանցիկ դրոշը տեղ ես հասցնում:
Կարեն ջան,,,շնորհակալ եմ, որ քերթությանդ միջոցով ինձ իմ եզերքներում վերաբնակեցրիր: Բառդ, պատկեր համեմատություններդ երգեհոնային, սենժոնպերսյան, ջրալի-ծովախորք-ներքաշող էին…Կինո էր, կինո, երգով, շարժընթացությամբ,,,,,անհատնում-խոհաշարունակությամբ, ԿԵՑՑԵՍ եղբայր
amen angam qo banastexcutyuny kardalis tvum e mi mec panno em ditum…apchac em . kecces.