Հրաչ Բեգլարյան | Ծովի գաղտնիքը

Հրաչ ԲեգլարյանԾովը մթնած չէր, ծովն ալեկոծ չէր ու աշնան առավոտվա արևը ծիածան էր գաղանում նրանից: Ջրի հայելին նման մի բան թաքցրած, ժպտացող չարաճճի երեխայի: Մարդիկ ուռկան էին գցում, իսկ ծովը անգիտակ ձևանալով ձուկ էր լցնում ցանցի մեջ: Գիտեր, որ այսօր նրանց ուզածը ձուկ չէ, բայց լցնում էր: Ձկնորսները դուրս էին քաշում ուռկանը, տեսնում խլրտացող, հոգևարք ապրող ձկներին և ուրախանալու փոխարեն սրտնեղում էին: Մարդկանց համար ձկներն անուն չունեին:Նրանք ձկներին անուններով չէին տարբերում:Նրանց համար բոլոր ձկները մեկ անուն ունեին` ապրուստ, բայց այսօր նրանց ուզածն ապրուստ չէր: Այսօր ձկները խանգարում էին նրանց: Այդ մասին և՜ ծովը գիտեր, և՜ մարդիկ, և՜ ձկները: Ձուկ կար` ինքնազոհության մոլուցքով տարված` ինքն իրեն արդեն մի քանի անգամ նետել էր ուռկանը, ցանկանալով կյանքը տալ մայր ծովի համար: Բայց մարդիկ այսօր ցանցն ընկած ձկներին բաց էին թողնում ծով: Սկզբում ձկները զարմանում էին նման վերաբերմունքից, բայց հետո գլխի ընկան, որ ձկնորսներին այսօր ուրիշ բան է հետաքրքրում, և նրանց ուշադրությունը շեղող կենաց ու մահու խաղ սկսեցին:
Ծովն այդ առավոտ մարդուն առատորեն ձուկ էր հրամցնում` իբր առ, կշտացիր: Կշտացիր ու մի քիչ հանգիստ թող ինձ, բայց մարդը չէր ընդունում ծովի նվերը: Մարդը ծովից ձուկ չէր ուզում, այլ ջահել ձկնորսի մարմինը, որ ջրամույն էր եղել երկու օր առաջ: Ծովն իր փեշերի մեջ փաթաթել էր նրա մարմինն ու չէր ուզում տալ:
Ջահել նավավարը ծամում էր գլանակի կոթուկը, ամեն անգամ ուռկանը դուրս քաշելուց հետո ձեռքերը խփում էր ծնկներին և ավելի շատ իր, քան ծերուկի համար քրթմնջում` էլի չկա:
Ծեր ձկնորսը նայում էր ծիծաղող, առավոտվա արևի տակ կրակի հանգույն ծեքծեքող ջրին, սիրտն ակեկոծվում էր, ուզում էր հայհոյել ու չէր կարողանում` մոր չափ սիրում էր ծովը: Նրան մեկ-մեկ թվում էր, թե ծովը մոր իրավով է պահել ձկնորսի մարմինը: Չի ուզում նրա հանգիստը խանգարել, դրա համար էլ նրան չի տալիս մարդկանց:
Ծերունին միշտ կարծել էր, որ ծովը սիրտ ունի, որ մտածում է, ու չէր կարողանում զայրանալ նրա վրա: Վաղուց ի վեր ծովի հետ խոսելու սովորություն ուներ: Հիմա էլ նայում էր ջրերին ու կիսաձայն քրթմնջում.
-Այ անխիղճ, մերը մեղք է, տուր ջահելին:
Մայրը… Ծերունին նրան վերջին անգամ տեսել էր աղջիկ ժամանակ, ասես` հազար տարի առաջ: Այն ժամանակ նա բարակ, դողդողուն ու նուրբ աղջիկ էր: Հետագայում, ամբողջ կյանքում, նա այդպես էլ պատկերացնում էր Մարոյին ու հիմա սիրտը մղկտում էր նրա համար: Դրա համար էլ նայում էր ծովի հայելուն և ժամանակ առ ժամանակ մրմնջում.
-Ա՛յ ծով, մերը մեղք է…
Նա միշտ ծով էր անվանում լիճը: Ասենք ծերուկը ոչ իսկական ծով էր տեսել, ոչ էլ գիտեր, որ իր ճանաչած ծովն ընդամենը մի ցամաքող ու շնչահատ լճակ է:
Ծերունու համար ծովը մոր պես է: Ամեն օր քանի՛ ձուկ է տալիս մարդու որդուն: Իր զավակներին է տալիս ու լաց չի լինում: Ի՞նչ լա, երբ ինքն արցունք է : Քանի՛ մոր արցունք է լցվել նրա սրտի մեջ:
-Քանի՞,- հարցը ծովին է ուղղում նա:
Ծովը կնճռոտում է դեմքը, իսկ ծեր ձկնորսը դառնում է ծխախոտի կոթուկը ծամող ջահելին.
-Մի քիչ աջ գնանք, գուցե առափնյա տիղմի մե՞ջ է տղան:
Բերանը չի բռնում ՙդիակ՚ ասել: Նա չի ուզում մեռած պատկերացնել ջահել ձկնորսին, դրա համար էլ խոսքի կեսը կուլ է տալիս:
-Էս կողմերում ջրապտույտներ կան: Թե մարդ հանդիպի, կտանեն, կխրեն հատակի տիղմի մեջ,- երիտասարդին դարձավ նա:
Իսկ երիտասարդն ասես չէր լսում: Նա ծամում էր հանգած ծխախոտի կոթունը, փչում ձեռքերին ու ցանցը պալան-պալան բացելով փռում լճի երեսին: Լիճն այնպես խաղաղ էր ժպտում, ասես ոչինչ չէր պատահել, ասես ինքը ոչինչ չէր տեսել և կարծես իր համար միևնույնն էր, որ մարդիկ այդքան մանրակրկիտ ստուգում են իր գրպանները, պրպտում հոգին: Նա սովոր էր դրան, բթացել էր մարդկանց այդ տառապանք պատճառող փնտրտուքից ու հիմա նույնիսկ դեմքը չէր կնճռոտում:
Ջահելը դարձյալ գցեց ուռկանը, սպասեց մի քիչ, հետո սկսեց հավաքել: Ծերուկը զոռ տվեց թիակներին:
-Վայթե ծանրացավ, հա՞,- դիմեց ընկերոջը:
-Եսի՞մ,- շարժումներն արագացրեց նա: Ծերուկն առանց դիրքը փոխելու մեկնեց երկար, կառչուն մատներով ձեռքն ու սկսեց օգնել նրան, արագ-արաագ դուրս քաշելով ուռկանի փեշերը: Ուռկանը դարձյալ լիքն էր ձկով:
-Թափի՜ր,- գազազեց ծերուկը,- թափի՜ր: Մեզ մեր զավակն է պետք, ծո՛վ,- ատամների արանքից շպրտեց նա, և ջահելը ժպտաց ծերունու միամտության վրա: Հաստատ ցնդել է ծերունին, հաստատ խելքը գցել է: Այնպես է խոսում, կարծես ծովը մարդ է, ասես հարազատ եղբայրն է ծովը: Նա դարձյալ ափսոսալով ջուրը թափեց արծաթափայլ ձկները և ծովը կրծքաբաց կլանեց նրանց:
Ծովն ինքն իրեն փրտրել էր վաղ առավոտնից և միայն այդ պահին էր հանկարծ գլխի ընկել, որ ապրում է ձկների մեջ, և ուռկանը փռելիս նրա սիրտն ալեկոծվում էր յուրաքանչյուր ձկան համար: Հիմա նա ուրախանում էր իր գիրկը վերադարձող ամեն մի ձկան համար և դողում նույնիսկ ամենաանշան ձկնիկի կյանքի համար: Իսկ ջահել ձկնորսը չէր հասկանում ծովի լեզուն: Նա ձուկն ափսոսանքով դարձյալ ջուրը լցրեց և մեջքն ուղղելով ձեռքը բացասաբար շարժեց ի տես ափին հավաքվածների իբր` չկա, ասես նրանք չէին տեսնում, որ չկա:
Կեսօրին մի այլ նավակ մոտեցավ նրանց: Նավավարը հացի տոպրակը լուռ դրեց նավակի մեջ, և զգույշ, որ ծովի հոգին չխռովի, հեռացավ դեպի ափ: Ջահել ձկնորսի հաց ուտելու հրավերին ծերուկը նշանացի հասկացրեց` չէ, և հացի փոքրիկ պատառը բեռ ու խցան դարձավ տղայի կոկորդում: Տղան հազիվ կուլ տվեց հացի փոքրիկ պատառն ու դրա չորությունից քերծվեց, պատառ-պատառ եղավ կոկորդը:
Ծերունին թույլ ժպտաց.
-Ինձ մի նայիր, բալա, կե՜ր:
Ջահելը բացասաբար շարժեց գլուխն ու փակեց աչքերը: Չոր հացի՞, թե՞ հիշողության պատառն էր, որ արցունքոտեց աչքերը:
-Կե՜ր,- կոշտ ու կարգադրող դարձավ ծերունու ձայնը և տղան հաղթահարեց ինքն իրեն:
-Քանի մարդն ապրում է, պիտի ուտի: Իմ բանն ուրիշ է, տղա, հինգ է տարի է` ես ծով չեմ մտնում, ուրեմն մարդահաշիվ չեմ արդեն,- նրան խրատեց ծերունին:
…Իրիկնադեմին ափ են քաշում նավակը: Ծերուկն իջնում է նավակից և ոտքերի տակ ճոճվում է ավազը, ցավում են ծնկները, ճթճթում իրենց յուրահատուկ ձայնով: Հոգնել է, բայց տուն գնալ չի կարող:
Տղան իրենը չէ, իր հետ որսի չի ելել: Մի խաղաղ առավոտ ծով է մտել ընկերոջ հետ, հետո ծովը օրվա մի պահի խենթացել է և երկուսն էլ չեն վերադարձել: Մի օր անց ծովն ընկերոջ դին ափ է նետել, իսկ տղային պահել է իրեն: Ծերուկը տուն գնալ չի կարող, քանի որ տղայի մայրը եկել, ծունկ էր չոքել դռանն ու աղերսել.
-Արշակ, դու ծովը գիտես քո գրպանի պես, ծովն էլ քեզ է ճանաչում: Կտա տղայիս: Ծովը տարել է նրան, Արշակ:
Ծերուկը որդեկորույս մոր փոխարեն տեսել էր տարիներ առաջվա դողդոջուն աղջկան ու ձայն չէր հանել: Վեր էր կացել, հագել էր շորերն ու իջել էր լճի ափ: Ու հիմա գնալ չի կարող: Գիտե, որ ծովն էլ իրեն է սիրում: Ախր ինքն իր օրում վնաս չի տվել նրան: Նա միայն իր օրվա որսն է արել ծովից: Ծովը մեծ է և ամեն ոք բաժին ունի նրանից, նրա շնչից, ջրից, քամուց, զովությունից, հոգսից… Ծովը չի սիրում իրեն թալանողներին, ծովն ըմբոստանում է ագահության դեմ…
-Չկա՞,- ափին հարցնում են նրան, մի բան ասած լինելու համար:
-Չէ՜,- ակամա պատասխանում է ու սրտնեղում: Ասես չեն տեսնում, որ չկա, ասես չգիտեն, որ չի գտել: Առանց այն էլ ինքն իրեն մեղավոր է համարում մարդկանց առաջ: Ասես ծովն իր հարազատն է, վատ բան է արել և նրա փոխարեն ինքը պիտի ամաչի:
-Բայց ճի՞շտ տեղում եք փնտրում,- հարցնում է մեկը:
-Է՛,- ձեռքը թափ է տալիս ծերունին,- է՛,- ասես սպառվել են բառերը:
-Խմի՜ր,- նրան են մեկնում օղու թասը:
Նա վերցնում է լուռ, չի խոսում, բայց մտքի մեջ էլի դիմում է ծովին.ՙԾո՜վ, ա՛յ ծով, դու բարի ես: Տղային խեղդեցիր, քո կամքն է: Գոնե դիակը տուր, տանենք, հողին հանձնենք, մայրը վրան լա, հանգստանա՚:
Խմում է մի շնչով, դեն է հրում իրեն պարզած ձկան կտորը: Նրան թվում է, թե իրեն հրամցվողը տղայի մսի կտորն է: Նեղացած նայում է շուրջն ու հոտ է քաշում բամբակաբաճկոնի թևից, նրանից առնելով ձկան, ջրի, քամու իրար խառնված հոտն ու նորից կրկնում է.
-Չկա՜:
-Մամուռների մեջ կլինի,- բարձր ու զրնգուն ձայնով ասում է մեկը: Գլխի է ընկնում, որ իրենցից չէ, ձայնը խանձված, ծովոտ ու խռպոտ չէ: Այնպես վստահ է խոսում, ասես հայտնագործություն է արածը:
-Է՛,- դարձյալ դժգոհ ծոր է տալիս ծերունին, իսկ մութը թանձրանում է: Նրա ոտքերի տակ ավելի ուժեղ է ճոճվում գետինը:
-Նստի՜ր,- ծալովի աթոռ են դնում տակը:
Նստում է մեխանիկորեն, հայցքը ծովից չկտրելով: Քամին թեթևակի խառնում է ջրի երեսը, փոքրիկ ալիքներ առաջացնում:
-Անտեր քամին ինչի՞ սկսվեց, տեղից կշարժի դիակը:
Ծերունին չի շրջվում: Գիտի` քաղաքից եկած պաշտոնավոր բարեկամն է: Ծովից ի՞նչ է հասկանում: Նրա կարծիքով ձուկը եփած է դուրս գալիս ծովից: Իսկ ինքը գիտի, որ ծովի հատակը հանդարտ է, այն հազվադեպ է խառնվում, դրա համար էլ չի շրջվում, միայն քթի տակ մռլտում է.
-է՛:
-Ուշ է, տուն գնանք,- տղերքին դիմում է խեղդվածի հայրը:
Երկինքը սևանում է, ալիքներն իրար պոչից բռնում, բաց չեն թողնում: Ծերուկը տեղից չի շարժվում: Թե տուն գնա` գյուղն ակնարկն իր աչքերին է հառելու` չգտա՞ր: Ասես ինքն է պահել երիտասարդ ձկնորսի դին, ասես տեղը գիտի ու չի ասում:
-Վեր կաց, Արշա՜կ,- ձեռքը ծերունու ուսին է դնում տղայի հայրը,- հոգնել ես,- իրենց քառասունհինգ տարվա խռովը լուծում է նա:
-Չէ՜: Դուք գնացեք: Ես ուշ կգամ:
Գիտի, որ տուն չի գնա: Գիտի` թե գնա էլ, քունը չի տանելու և պինդ նստում ու ակնարկը հառում է ջրին:
-Վեր կաց, ցուրտ է,- դարձյալ սթափեցնում են նրան:
-Է՛,- դարձյալ մռլտում է ծերունին ու սկսում է ակնդետ նայել ջրին:
Նրա ձեռքերն այլևս չեն դողում: Ոտքը ոտքին է գցում, մի քիչ առաջ է թեքվում ու հայացքը հառում է խենթացող ծովին:
Զայրացել էր, բայց անիծել չէր կարողանում, չէր կարողանում հայհոյել: Հիմա ինքն իրեն մեղավոր էր զգում ծովի փոխարեն: Նրա հայացքը գնում, շոշափում էր կղզին:
Կղզին… Կղզին ծովի պորտն է, ծովի չարն ու բարին պտտվում է նրա շուրջը: Դև է թաքնված կղզու քարայրներում, հրեշտակներ են խաղում կղզու գլխին…
Ծերունին ասես քարարձան էր, որ աչքերով գութ էր աղերսում ծովից, սեր էր աղերսում կղզուց և մերթընդմերթ ձեռքը մեկնում էր ոտքերի արանքում դրված օղու շշին, նրա կոկորդից հեղուկն իր կոկորդն էր քամում ու դարձյալ անշարժանում էր որոշ ժամանակ: Ինչի՞ էր սպասում, ինքն էլ չգիտեր: Ծովի ողորմածությա՞նը: Ո՜չ: Գիտեր, որ անողոք ու վրիժառու է ծովը: Ծովը ներել չգիտի: Նա միայն այն մարդուն է ներում, ով տանել գիտի իր քմայքները: Ասենք նա չի էլ ներում: Նրան լավ ճանաչող մարդը դաժան մենամարտում հաղթում է: Ինքը հաղթել է: Իսկ քանի՞սն են պարտվել:
Բայց նաև իր սիրուն սիրով է պատասխանել ծովը: Եղել է, երբ ցանկացել է` լի ցանց դուրս քաշել, խնդրել է ու ստացել: Հիմա՞: Հիմա, չի հասկանում, ծո՞վն է մոռացել իրեն, թե՞ ինքն այլևս չի հասկանում նրա լեզուն: Գուցե ծովը գլխի չէ՞ր, թե ինչ է փնտրում ինքը, դրա համա՞ր էր ամբողջ օրը ձուկ լցնում ուռկանը: Ո՞վ գիտե…
Ալիքներն աղմկում էին: Ծերունին նստել էր լուռ: Չէ՜ր հիշում, չէ՜ր տխրում, չէ՜ր տառապում: Սպասում էր: Ալեկոծ չէր նրա հոգին, խաղաղ էր ու անցավ, ասես ոչինչ չէր պատահել, ասես հենց այնպես եկել էր ալիքների խենթ շառաչը լսելու: Լսում էր ու կում կում օղի էր խմում: Նա իր փորձով լավ գիտեր, որ աշնան ցուրտ գիշերին տաքանալու համար ծովի մոտ գինի պիտի խմել, բայց իրեն օղի էին թողել: Ասենք չէին էլ թողել, շիշը մնացել էր աթոռակի ոտքին հենված, աչքից հեռու և ձեռքը ինքնաբերաբար, թե պատահականորեն գտել էր այն: Նա կում-կում օղի էր խմում ու սպասում էր:Հոգին հանգիստ էր, քանի որ ծովին տված ոչ մի բան կորած չէր համարում: Միայն ենթագիտակցության ինչ-որ շերտ, ուղեղի ինչ-որ թաքուն անկյուն իր մեջ պահել էր մի հին հուշ: Ծերունին ինքն իրենից համառորեն թաքցնում էր այն, այն սերեկում օղու կումերով ու երեսը չէր բռնում, որ գյուղ գնար:
Նորից մի կում առավ շշից ու դիմեց ալեկոծվող ծովին.
-Մինչև հիմա հետս ախպերություն ես արել, էսօր էլ արա: Իմ օրերը լրիվանում են, էլ դժվար թե բան խնդրեմ քեզանից: Տու՜ր տղայի մարմինը: Մեկ է, նրա հոգին քոնն է արդեն: Թե մերժես, ես գյուղ գնալու երես չեմ ունենա: Թե մերժես, ուրեմն ինձ էլ պիտի տեղ տաս քո ծոցում: Ախր Մարոյի տղան է վերցրածդ, ծո՜վ: Դու Մարոյին ճանաչում ես: Հիշու՞մ ես քառասունհինգ տարի առաջ քեզ մոտ երդվեցի կյանքում չդավաճանել նրան: Հետո նա ուրիշի գնաց…
Մրմնջում էր ծերունին, ցավ ու ափսոսանք չկար ձայնի մեջ, միայն իրեն հասկացող ընկերոջն ուղղված խնդրանք էր:
Հիմա մի քիչ թուլացել էր քամին, կեսգիշերային լուսինը ժպտում էր երկնակամարում և ալիքները կրակին լցվող ջրի պես թշշում էին ավազի վրա: Ծերուկը չէր մրսում: Հազար անգամ գիշերն անց էր կացրել ծովի մոտ: Նա չէր վախենում, չէր զգուշանում, բայց հիմա դժվար էր նրա համար: Սիրտը ծա՛նր-ծանր էր: Նրան չէին ուրախացնում ո՜չ լուսինը, ո՜չ թեթև զեփյուռը: Այսօր նա ծովի հետ չէր մրցել: Այսօր ո՜չ հաղթել էր ծովին, ո՜չ էլ պարտվել էր նրանից: Նա այսօր խնդրող էր ծովի առաջ և դրանից շատ վատ էր զգում իրեն, այնքան վատ, որ ամաչում էր հայացքը բարձրացնել: Այդ էր պատճառը, որ ուշ տեսավ իր կողքին ծունկի իջնող պառավին.
-Արշակ, ու՞ր է տղաս:
Դանդաղ թեքեց գլուխը, բայց չհարցրեց.ՙԵս ի՞նչ անեմ: Ես արդեն հինգ տարի է` ձուկ չեմ որսում, քո տղային մի կարգին չեմ էլ ճանաչում: Ես ի՞նչ անեմ՚:
Նա հասկացավ, որ այս պահին ինքը Մարոյի ամենամոտ մարդն է, հասկացավ, որ Մարոն իրեն ծովի բարեկամն է համարում, և ուրիշ ոչ ոքի այդ հարցը տալ չի կարող:
-Ախր ջահել էր,- հեծեծաց պառավը,- ախր կանաչ էր, ախր ոչ ոք չուներ ինձնից ու հորից բացի: Ի՞նչ եղավ տղաս, Արշա՜կ:
Նա ծերունուն չէր նայում: Հայացքը ծովին էր ուղղել, ձեռքերը դեպի ծովն էր ուղղել ու մորմոքում էր: Արշակը գլուխը շրջեց ծովից ու նայեց կնոջը: Լուսնի լույսի տակ ծնկաչոք, հերարձակ այդ կնոջ ձայնի ու շշունջի մեջ այն տարիների Մարոյին հիշեցնող մի թեթև երանգ կար միայն: Իսկ կինը ընկել էր երեսի վրա, ավազն էր շոյում ու տղայի հետ խոսելով մորմոքում էր.
-Ո՞ւր է քո ոտնահետքը: Մնացե՞լ է, թե՞ ալիքը սրբել-տարել է:
Ծերուկը լուռ էր, ականջն` ավելի շատ ծովին, քան կնոջ ձայնին պահած: Հետո վեր կացավ, բռնեց պառավի թևատակերից և փորձեց բարձրացնել.
-Վեր կաց, կմրսես:
Ուշ գլխի ընկավ ասածի անհեթեթությունը` կմրսես: Հիմա Մարոյի համար ի՞նչ նշանակություն ունի մրսելը: Պառավն ընկավ նրա կրծքին ու սկսեց հեկեկալ անզոր ու տառապագին.
-Ո՞ւր է տաղս, Արշակ:
-Ծովում,- շշնջաց ծերունին,- ծովում:
-Ո՞ր մեղքիս համար:
-Մեղք չկա, Մարո, մեղք չկա: Ծովը նրան է տանում, ում շատ է սիրում:
-Ջահե՛լ էր:
-Անփորձ էր: Ծովը խաբող է, Մարո՜:
Պառավը հանդիմանություն զգաց նրա ձայնի մեջ ու չոր, անարցունք աչքերը հառեց ծերունու դեմքին: Մի՞թե հիմա դրա ժամանակն է, մի՞թե ամբողջ կյանքում պահած, չասած մի հատիկ բառը հիմա պիտի ասեր, մի՞թե սա այն Արշակը չէ, որի հանդեպ ունեցած սիրուն երբեք չի կասկածել, մի՞թե…
Բայց ծերունին հանդարտ էր: Հիմա ո՜չ կիրք կար, ո՜չ վիրավորանք, ո՜չ վրդովմունք, և իր թևերի մեջ դողդողացող պառավի ողբը նրա սրտում մի բարակ մրմուռ էր առաջացնում, որից չորանում էր կոկորդն ու խոսել չէր կարողանում:
Ծերունին նորից նստեց աթոռին ու նրան մեկնեց շիշը.
-Խմի՜ր:
Կինը տակնիվեր նայեց նրան. ձե՞ռ է առնում: Կյանքում բերան չի առել:
-Խմի՜ր, կթեթևացնի, արցունք կտա,- բացատրեց ծերունին:
Պառավը շիշը տարավ դողացող շուրթերին ու ներսը վառվեց, ասես նոր էր լսել տղայի ջրամույն լինելու լուրը: Հետո տաք այրուցքը վերացավ և գոլը տարածվեց ներսում: Նա ցանկացավ նորից զգալ այրող ահավոր մրմուռը և մի պահ մոռանալ ամեն ինչ: Մոռանալ, թե ով է ինքը, մոռանալ` ինչ գործ ունի ծովի ափին: Կեսգիշերին, ուրիշ տղամարդու հետ: Հետո ի՞նչ, թե խելառ ջահելության օրերին սիրել են իրար: Հետո ի՞նչ…
Բայց ցավը, որ մի պահ քաշվել, թաքնվել էր էության խորքերում, դարձյալ գլուխ բարձրացրեց:
-Արշակ, ծովն ինձ լսու՞մ է,- դարձավ նա ծերունուն:
-Լսում է, ծովը հոգի է:
-Բա ինչու՞ չի տալիս տղայիս:
-Մարմինը կտա, ուշ թե շուտ կտա: Իսկ հոգին իրենն է: Տղան էլ ծով է հիմա: Երբ ծովն իրնքն իր հետ կռվի ու ինքն իրենից խռովի, դուրս կշպրտի տղայի մարմինը:
-Կտա, որ մղկտա՞մ,- ծերունու խոսքերը կարգին չհասկացավ պառավը:
-Մի մղկտա: Իմացի՜ր` ջրահեղձ եղածը չի մեռնում, այլ ծովի մի մասնիկն է դառնում: Նրա հոգին ապրում է ծովի մեջ:
-Ծանր է, Արշակ: Այդպիսի ցավ ես չէի տեսել: Ծանր է…Արշակ, կարծես հոգիս հանել են մարմնիցս ու մարմինս կոտրատվում է քամու բերանն ընկած շյուղի նման: Ծովը ցավ զգու՞մ է, Արշակ:
Ծերունին լուռ էր:Ի՞նչ իմանա: Ախր իր համար էլ հեշտ չէ: Նա չէր պատկերացնում, որ ուրիշի վիշտն այդքան ուժեղ կխփի իրեն: Ինչ էլ որ ասեին` նա երբևէ չէր պատկերացնի, թե ինքը մեկ էլ կգրկի ու կմորմոքա նրա հետ, կտառապի իրեն ոչ արյունակից մարդու համար:
-Երկու օր է անցել: Ձկները ձեռք չե՞ն տվել,- սառն ու սթափ հարցրեց կինը:
-Է՛,- ծերունին թեք նայեց նրան: Մի՞թե արժեր, որ մեջը գլուխ բարձրացնող ամեն միտք բարձրաձայն ասվեր,- է՛,- դարձյալ դժգոհեց նա:
-Ներսս վառվում է,- նստած տեղից վեր կացավ մայրը:
-Գնա տուն,- հանդարտ ու անկիրք ասաց Արշակը:
-Ո՞նց գնամ: Տղաս այստեղ` ես ո՞նց գնամ…
-Որ գերեզմանոցում լիներ, կգնայի՞ր: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ է մարդու գերեզմանը:
-Մի ասա: Գնամ, շորերս հանեմ, պառկեմ… Չէ, ներսս ցավում է, ոտքերս չեն քայլում…
-Ես այստեղ եմ, գնա՜: Ամուսինդ կփնտրի, մեղք է:
-Մեղքը ես եմ: Տղայիս ջուրը տարել է,- մրմնջաց պառավն ու ծունկի գալով ձեռքերը դեպի լուսինը մեկնեց:
-Լուսին, մայր մի մտիր, շողա, գտիր զավակիս: Ցայգալույսի զեփյուռ, ձայնս տար, հասցրու ծովի ականջին, թող գթա ու տա որդուս: Խենթ ալիքներ, տվեք նրան, մի անգամ էլ տեսնեմ երեսը, հետո իմ ձեռքով կհանձնեմ ծովին, ետ կտամ: Թող նրա գերեզմանը ծովը լինի: Գերեզմանաքարը ծովափին կշինեմ, ամեն անգամ աղոթքի կգամ այստեղ: Մի անգամ էլ տեսնեմ երեսը…
Իսկ ծերունին լարվել էր: Զգում էր, որ քամին փոխում է ուղղությունը, իսկ այդ ժամանակ, երբ դեռևս նախկին քամու ուժով շարժվող ալիքները հանդիպում են ուղղությունը փոխած քամու առաջացրած ալիքներին, խառնվում է ծովի հատակը և ծովն, իր կամքից անկախ, աշխարհին է տալիս պահածը: Ծերունին այդ պահին էր սպասել ամբողջ գիշեր, և չէր ուզում, որ Մարոն ականատես լինի դրան:
-Գնա տուն, ես այստեղ եմ,- հայացքը ծովից չկտրելով նետեց ծերուկը:
-Չէ՜,- գլուխը բացասաբար շարժեց պառավը:
-Գնա՛,- ձայնը բարձրացրեց ծերունին,- սա կնոջ գործ չէ: Սա կնոջ տեսնելու բան չէ: Լուսանում է: Հիմա տղերքը կգան, գնա՛:
Բայց պառավն ասես գամվել էր ավազին ու անթարթ հայացքը հառել էր ինքն իրեն կորցրած ծովին: Ծերունին նայեց նրա հայացքի ուղղությամբ ու գլխի ընկավ, որ նա տեսել է: Նա մի կում խմեց շշից ու այն պառավին մեկնեց: Կինն ինքնաբերաբար շուրթերին տարավ շիշը: Հետո երկուսով ուս-ուսի մտան ջուրն ու դանդաղ ընդառաջ գնացին դեպի ափ եկող մարմնին:
Դին հանեցին ափ: Մայրը լուռ չոքեց նրա առաջ և չոր ու բորբոքուն ձայնով դիմեց ծերունուն.
-Արշակ, իմ տղան այսպիսին չէր: Ծովը փոխել է նրան:
-Չի փոխել: Նրանից առել է այն, առանց որի ոչ ոք ինքը չէ:
-Ի՞նչ անեմ, Արշակ:
-Վեր կաց, ամրացիր,- դողաց ծերունու ձայնը:
-Ես ամուր եմ, Արշակ, ես երբեք այսքան ամուր չեմ եղել: Իմ որդուն ծովը տարավ: Արշակ, ու՞ր է շիշդ:
-Դատարկ է:
-Ափսո՛ս: Ես այլևս արցունք չունեմ: Իմ արցունքները չորացան: Ծովն ինձնից և՜ զավակս խլեց, և՜ արցունքներս:
-Այս ջրափոսը խեղդված ձկնորսների մայրերի արցունքից է գոյացել, Մարո՜,-պառավի կողքին ծնկեց ծերունին:-Ծովն ամեն տարի իր տված ձկան փոխարեն քանի՛ մարդու կյանք է առնում:
-Վեր կաց, Արշակ, ծանրություն կապիր տղայի ոտքերից, նստենք նավակ:
-Է՞,- հարցական մնչաց ծերուկը:
-Ուզում եմ, որ նա ծովում մնա: Ծովը մեծ է, ծովը սահման չունի ու միշտ կենդանի է:
-Բա…
-Ու թող ոչ ոք չիմանա, Արշակ, ինձնից ու քեզնից բացի,- ծերունուն կանխեց նա,- վեր կաց, լույսը բացվում է:
Ծերունին գլխահակ վեր կացավ, վերցրեց թիակներն ու նավակն առաջ շարժվեց: Մայրը ջրահեղձի գլուխը ծնկներին էր դրել ու մրմնջում էր միայն իրեն հայտնի հեթանոս մի աղոթք…
…Հետո նավակը վերադարձավ ու ծերունին սկսեց ցանցը փռել այնտեղ, որտեղ արդեն երրորդ օրն էր, որ փնտրում էին խեղդված ձկնորսին: Իսկ պառավը հայացքը չէր կտրում այն տեղից, ուր ջուրն իջեցրին ոտքերին ծանրոց կապած դիակը: Նոր ծագող արևը վառվում էր հենց այդ կետի վրա:
-Այսուհետև տղաս միշտ ծովի այն մասում է, որտեղ կփայլի մեծ ու գեղեցիկ արևը,- ծերունուն դարձավ կինը: Նրա դեմքը լուրջ, կենտրոնացած ու հանգիստ էր: Արշակի աչքին նա դարձյալ առաջվա Մարոն էր. նրբիրան, երկար մազերով, կյանքն ու հեքիաթը իրար խառնող…
Ծերունին սկսեց անշտապ հավաքել ուռկանը:
-Արշա՛կ,- ձայն տվեցին արդեն ափին հավաքվել սկսող մարդկանց միջից,- Մարոյին տեսե՞՛լ ես:
-Այստե՛ղ է,- ձեռքերը բերանի երկու կողքերին դներով ձայնեց նա:
-Գտա՞՛ք:
-Չէ՛:
…Իսկ ծովը ժպտում էր մի բան թաքցրած չարաճճի երեխայի պես:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *