Դրկից էին՝ պատը պատին: Տարիներն անցել, պատերը հեռացրել էին: Այնքան, որ արանքը մի անապատ կտեղավորվեր, ու հիշողությունն էլ անապատ էր ու անապատ…
Տանիքով էին ելումուտ անում. իրենց մարագի հարթ տանիքը հարևանի պատուհանին էր հասնում, Նազիկն այդ պատուհանից դուրս էր գալիս ու հայտնվում մարագի տանիքին: Որ ճանապարհը մաքուր լիներ՝ տղան նախօրոք ավլում էր մարագի վրա թափված թութը, ամբողջը չէ՝ մի նեղլիկ արահետ էր բացում: «Ձեր թութն ավելի համով է, մերը կորիզոտ է»,- ասում էր Նազիկն ու սկսում հատիկ-հատիկ թութ ուտել: Իսկ ինքը բռով էր սիրում, արևածաղկի սերմն էլ էր էդպես բռով ուտում՝ երկա՜ր, համբերատա՜ր մաքրում էր ու միանգամից բերանը լցնում: Նազիկը թութն ուտելիս ծիծաղում էր, կարծես քաղցրությունը խուտուտ էր տալիս քիմքն ու ծիծաղի բերած արցունքների հետ աչքերից թափվում… «Հերի՛ք ուտես, արի խաղանք»,- դժգոհում էր ու հյուսից քաշում: «Չէ՜, մի քիչ էլ ուտեմ՝ հետո՜»,- բնազդաբար սեթևեթում էր աղջիկը, բայց տեսնելով, որ տղան նեղանում է, տեղի էր տալիս:
Թթենին բակի ճիշտ կենտրոնում էր՝ շատ մեծ էր, հաստ ճյուղերը տարածե՜լ, հասցրել էր մարագի ծայրը: Ամառային արձակուրդների հետ սկսվում էր տարվա ամենածանր շրջանը. տղան, հերիք չի՝ պետք է թութը թափ տար, դեռ պետք է օգներ հավաքել: «Ինչո՞ւ են ասում՝ թութ թափ տալ, պետք է ասել՝ թթենին թափ տալ»,- ամեն ամռան նույն հարցն էր տալիս տղան: «Թթենին քեզ համար փալաս չի, որ թափ տաս, ծառի ճյուղերն ես թափահարում»,- գերազանցիկ-գերազանցիկ ուղղում էր Նազիկը: «Ծա-ռի-ճյու-ղե-րըն-ես-թա-փա-հա-րում»,- ծաղրում էր տղան: Հետո հաշտվում էին ու որոշում, որ թութ թափ տալն ավելի կարճ է ու հասկանալի:
Տատը մի մեծ, երկու-երեք տեղ կարկատած, բայց մաքուր կտոր ուներ: Թթի շորը չորս ծայրից պետք էր բռնել և տեղաշարժել՝ թութը թափ տվողի հրահանգների համաձայն. «Հիմա աջ էկեք, չէ, դու քո ձախը գնա, ասում եմ՝ դեպի ցանկապատը գնա, լավա, դե պահեք…»: Երբ չէր հաջողվում հարևանի երեխաներից գոնե երկուսին համոզել-բերել, որ էդ «թթի շորն» իր ու հարսի հետ օդում ձգած պահեն, տատը առագաստի նման մեծ կտորը փռում էր ծառի տակ ու տղային բարձրացնում ծառը: Քաղցր «անձրևը» ծայրեծայր ծածկում էր շորը՝ դուրս գալով սահմաններից… Հետո չորս կողմից թափ էին տալիս կտորը, որ թութը մեջտեղը հավաքվի, ու հարս ու կեսուր արագ-արագ դատարկում էին: Կտորի մեջտեղն ինքն իր ծանրությունից քամվող մրգի հյութից այնպես էր թրջվում, որ կարելի էր մզել…
Ծառի տակ հստակ գծագրվում էր թթից մաքուր մի մեծ ուղղանկյուն և մի տարածք՝ դեռևս ծածկված այդ անտանելի քաղցր, կպչուն, պոչավոր բաներով, որոնք ընկնելով գետնին՝ ամենատարբեր ձևեր էին ընդունում: Տատն սկսում էր արագ-արագ, մեկ-մեկ հավաքել դրանք, որ չհասցնեն խառնվել հողին, ու տանել չէր կարող, երբ հարսն ավելով փոքր «կոլոններ» էր անում և մետաղից աղբահավաքին տալիս իր ավարը… «Գնա-գնա, դու քո տան գործն արա, թո՛ղ, ես իմ թոռան հետ կհավաքեմ»: Տատի խոսքը հրամանից խիստ էր հնչում ու ստիպում, որ հարսն ու թոռը գետնից հատ-հատ թութ հավաքեն, որ հետո տատը օղի թորի… Տեսնելով թոռան դժգոհ դեմքը՝ տատը փորձում էր շտկել իրավիճակը. «Նազիկը տանը չի՞, Սմբա՛տ ջան, կանչի թող գա՝ պսպորություն անի»: «Նազիկը կարա, թող իրանց թութը հավաքի»,- նեղվում էր տղան ու կրկնապատկված ջանասիրությամբ շարունակում գործը:
Մարագի տանիքին թափված թութը միայն տղայի գործն էր՝ մայրը ծանրամարմին էր, հայրն արգելել էր փայտի աստիճանով բարձրանալ, տատն էլ թթից բացի ուրիշ էնքա՜ն գործ ուներ… Տղան, երկու դատարկ պլաստիկե դույլով կատվի նման արագ բարձրանում էր մարագի վրա ու ձեռքի փոքրիկ ավելով կածան բացում դեպի Նազիկենց ապակեծածկ պատշգամբը: Տանիքը մեծ էր, ներքևից երեխաները չէին երևում:
«Էդ ի՜նչ եք էդքան խոսում, գոնե էդ թթերը հավաքեք»,- դժգոհում էր մայրը ներքևից: Նազիկը չէր սիրում թութ հավաքել, բայց Սմբատին օգնում էր, որ գործը շուտ պրծնեն ու վերջապես կարողանան խաղալ: Ու խոսել, խոսե՜լ… Կարդացած գրքերից, դպրոցի անցուդարձից… Բայց ամենահետաքրքիրը երազելն էր… Ի՜նչ միամիտ են պատանեկան երազանքները…
– – –
– Մամ, բա էս թթի ծառն ինչի՞ կտրեցիք:
– Տղաս, բա ո՞վ էր հավաքողը, չորս կողմը շիրա էր անում… Համ էլ մարագի տեղը որ հորդ արհեստանոցը սարքեցինք՝ խանգարում էր, մի տեսակ տեղը նեղացել էր, ծառը թափ տալ էլ չէր լինում: Ես էլ չեմ կարողանում ծանր բան վերցնել…
– Կներե՛ս, մա՛մ, գիտե՛մ, կներե՛ս… Բա Նազիկենք գալի՞ս-գնում են, նկատի ունեմ՝ եղբոր էրեխեքին, հարսին…
– Չէ՛, բալե՛ս, Նազիկից հետո, որ տնեցիները բոլորը աղանդավոր դարձան, հերդ ոտները կտրեց…
Նազիկից հետո… Նազիկից՝ հե-տո…
– – –
… Ամռան տոթ, փոշեխեղդ օրվա երեկոն անսպասելի հաջող ստացվեց. կարճատև անձրև եկավ, օդը մաքրվեց, շոգն էլ կարծես կոտրվեց, կամ անձրևին նայողներին այդպես թվաց: Գետինն արագ չորացավ ու հրավիրեց պահմտոցիի… Էնքան էլ շուտ էին թաքնվում, բայց դե հիմնականում գիտեր բոլորի հունարը: Միայն Նազիկին էր պետք իսկապես փնտրել՝ մեկ մարագն էր մտնում, մեկ տատի գինու չանի մեջ, մի օր էլ հարևանի փայտի դուռը բացել էր ու մտել դռան ու պատի արանքը՝ երկու անգամ կողքով անցավ՝ չտեսավ…
Նա-զիկ, Նա-զիկ՝ արդեն «թքվածները» ոգևորում էին, որ աղջիկը գա, «թու Սմբատ» անի ու իրենց ազատի: Սմբատը հարևաններից մեկի բաց դռնով ներս մտավ ու բակին նայեց. կարծես կասկածելի բան չկա, շրջվեց, որ հետ դառնա՝ խնձորենու կողմից մի շրշյուն ականջն ընկավ: Ժենիկ տատի խմորի տաշտը հենած էր ծառին, իսկ տաշտի կողքից դավադրաբար ծիկրակում էր Նազիկի արդեն խունացած կարմիր շորի ծայրը… Տղան, խաղի կանոնների համաձայն, պետք է անմիջապես հետ վազեր փողոցի ընկուզենու մոտ, որի կողքին աչքերը փակել էր ու հաշվել մինչև տասը, թքեր ծառի բնին ու ասեր՝ թո՛ւ Նազիկ, Ժենիկ տատենց խնձորի ծառի տակից դո՛ւրս արի…
Մոտեցավ իր կատվային, հուշիկ քայլքով ու անցավ խնձորենու հետևը: Տաշտը թմփաց գետնին ու գտնվելու վախից շունչը պահած աղջիկը հայտնվեց տղայի գրկում: Տղան հուզմունքից չորացած շուրթերը ձգե՜ց… Աղջկա շուրթերի փոխարեն հազիվ էր այտին հպվել, երբ նա ծառս եղավ ու շփոթահար վրա բերեց. «Ապո՛ւշ…»: «Մարդու չասես»,- անկապ դուրս տվեց տղան ու ետ վազեց…
Երկու օր, եր-կո՜ւ օ՜ր, Նազիկը վրան չէր նայում, պատուհանը փակ էր, վարագույրն էլ՝ քաշած…
Երրորդ օրը որոշեց ներողություն խնդրել: Սիրտ չարեց իրենց մարագի տանիք բարձրանալ ու պատշգամբին մոտենալ, հարևանի տան դարպասից գլուխը ներս մտցրեց. Նազիիիիիիիկ… Մորաքույր Սիրուշի ձայնը բաղի տակից եկավ՝ Սմբատ ջան, տանը չի, քեռու տուն է գնացել, իրիկունը տանը կըլնի…
Իրիկունը… Փաստորեն՝ է՛ս իրիկուն: Ի՜նչ մնաց որ, մինչև դասերն անի…
Բարձրացավ մարագի վրա: Արդեն թթի վերջն էր, ծառի փեշերին համարյա թութ չկար, տակն էլ մաքո՜ւր… Ձգվեց, որ վերևի ճյուղերից քաղի, մեկ էլ՝ հետևից ծանոթ չխկոց լսեց: Նազիկը պատուհանը բացել, իրեն էր նայում:
– Թութ կուտե՞ս:
– Էլ չանես:
– Լավ:
Աշխարհն առանց Նազիկի չէր պատկերացնում:
Պատմության ֆակուլտետ պիտի ընդունվեր, Նազիկն իր համար կոնսպեկտներ էր անում, թվերն առանձին՝ ուրիշ գույնի գրիչով էր գրում ու տակն ընդգծում: Ինքը շաբաթը երկու անգամ Երևան՝ դասախոսի մոտ պարապելու էր գնում, զրուցելու ժամանակ էլ չէր լինում: Երկու օրը մեկ Նազիկն իր համար արած կոնսպեկտն էր տալիս ու հետը մի անգամ՝ կոնֆետ, մի անգամ՝ կարկանդակ՝ պարապում ես, կե՛ր… Նազիկը լավ էր սովորում, բայց չէր պարապում: Տարվա մեջ երկու անգամ առողջարան էր գնում, ինչ-որ հիվանդություն ուներ: Չէր սիրում այդ մասին խոսել: Մի օր փորձեց մորից իմանալ՝ Սմբատ ջան, իրենք էլ կարգին չգիտեն, սուր ցավի նոպաներ է ունենում, երևի կանցնի՝ խուսափեց մայրը… Բոլորի համար իրենք քույր ու եղբայր էին: Հերթական անգամ առողջարանից վերադարձավ գունատ ու անտրամադիր: Լավ չե՞ս: Ախպորս ասեմ՝ լավ եմ, դեռ կապրեմ: Նազիկի տոնն այնքա՜ն անհոգ էր՝ կատակ էր ու կատակ…
Ընդունելության քննություններին ամեն առավոտ շուտ կանգնում էր դռանը. «Բեր ձեռքս գլխիդ դնեմ, որ հինգ ստանաս»: «Պահ, կարծես թե դու արդեն ստացել ես»,- ուրախ հեգնում էր տղան: «Ստացել եմ, պարզապես դու չգիտես»,- մանրիկ ծիծաղում էր Նազիկը:
Ցուցակները կախելու օրն էր: «Արի միասին Երևան գնանք, դու իմ հաջողությունն ես»: «Չէ՛, ախպե՛ր ջան, ես քեզ էս քարին նստած կսպասեմ»: Ախպեր ջան: Այնքան էր ասել՝ տղան էլ էր հավատում, իր կիսատ-պռատ արկածների մասին առաջինը Նազիկին էր պատմում ու միշտ զարմանում, թե աղջիկն ինչ դիպուկ բնութագրեր էր տալիս իր ընկերուհիներին: Մի անգամ կծեց՝ էս ոչ մեկին հավան չես, Նա՜զ: Որովհետև քե՛զ եմ հավան, ա՜յ ապուշիկ… Հետո արագ խոսքը փոխեց՝ ուզում եմ ասել՝ իմ ախպերն ամենալավ աղջկան պիտի սիրի…
Մթնում էր, երբ տուն հասավ: Աղջամուղջի մեջ չնկատեց դարպասի առջևի քարին նստած Նազիկին:
– Հը՞,- անհամբեր հարցրեց:
– Անվճա՜ր,- ցնծաց Սմբատը:
– Ապրե՜ս, ով էլ կասկածե՜ր,- ասաց ու սկսեց ձեռքի տոպրակից բռով կոնֆետներ հանել ու նետել օդ, որ թափվեն իր վրա…
Ուսանողական կյանքը բուռն էր, քաղաքային: Հանրակացարանում էր ապրում, մի կիրակի էր գյուղ գալիս, հաճախ չէին էլ հանդիպում: Մի տարի հետո լսեց, որ Նազիկին փախցրել են: Մորաքույր Սիրուշը ճշտեց՝ ինքն է գնացել: «…Բայց նրան չէր կարելի ամուսնանալ»,- բերանից փախցրեց մայրը: Չխորացավ: Էդ սուսիկ-փուսիկ պսակվելն ինչ-որ դուրը չեկավ, բայց դե եղածը եղած էր…
Մի կիրակի, երբ տուն եկավ, հարևանի դռանը շտապօգնության մեքենա էր կանգնած: «Նազիկը լավ չի»,- տխուր հայտնեց մայրը: Պարզվեց՝ հիվանդությունը զարգացել է անցանկալի հունով, ամուսինը երեսով է տվել՝ հիվանդ ես, քեզնից ի՞նչ կին, Նազիկն էլ վերադարձել է հոր տուն: «Գիշերը նոպա է ունեցել, հիմա էլ լավ չի,- արտասվախառն ասաց մայրը,- իրիկունը, որ հանգիստ լինի, մի հատ գնա»:
«Էն ո՜ւմ ախպերն ա եկել»,- անկեղծ ուրախացավ Նազիկը, բայց ձայնը հազիվ էր դուրս գալիս: Խնդրեց, որ մայրը սուրճի սեղան դնի: Տղան հարցուփորձ արեց, արդարացավ՝ շատ են դասերը, համ էլ սկսել է աշխատել, դրա համար չի այցելել: Նազիկը ծիծաղեց. «Հեռու էի գնացել, որ չայցելես, քո կոնսպեկտները գրելու հավես չկար…»: Որոշեցին, որ հենց լավանա՝ միասին Երևան գնան, թատրոն, նախ սրճարան կգնան, հետո՝ թատրոն: «Կարող ես իմ սենյակում մնալ, հաջորդ օրը կճանապարհեմ»: «Չէ, ի՜նչ հաջորդ օր, որ գամ, երկար եմ մնալու»,- ուրախ կատակեց աղջիկը:
Ձմեռ էր: Շա՜տ ձյուն էր եկել: Շա՜տ ցուրտ էր: Սմբատը երկու կիրակի տուն չգնաց՝ քննություններ էին…
Այդ օրն առավոտյան մի տեսակ չէր ուզում դասի գնալ. սիրտն ինչ-որ բանից կուչ էր եկել, ու չէր հասկանում՝ ինչից: Չէ, պետք է անպայման դասի գնալ. չուզելով հագնվեց ու դուրս եկավ:
Համալսարանի մուտքի մոտ համագյուղացի դասընկերը հանդիպեց: Բարև-բարիլույսից հետո մի տեսակ չէր ուզում բաժանվել տղայից… «Լսիր, մի բան պիտի ասեմ…»,- խոսում է, բայց վրան չի նայում: Սիրտն ավելի կուչ եկավ: «Գիշերը մերոնցից մարդ էր եկել, խնդրեցին, որ քեզ հայտնեմ՝ Նազիկն է մահացել, վաղը թաղումն է»:
Համեստ էր Նազիկի թաղումը: Շատ ազգականներ չունեին, ամուսնու կողմից ոչ մեկը չէր եկել… Տղայի առաջին հանդիպումն էր մահվան հետ: Ցավոտ էր, անարդար, անհասկանալի… Շա՜տ անարդար…
Քառասունքը դեռ չէր եղել, մտավ՝ մորաքույր Սիրուշի որպիսությունը հարցնելու: «Սմբա՛տ ջան, սա՝ քեզ,- աչքերը սրբելով մի ծրար տվեց,- Նազիկի թղթերի մեջ էր, առանձին էր պահել… Ասի քեզ տամ, բայց եթե չուզես՝ ետ տուր»:
Երկու լուսանկար էր ծրարի մեջ՝ մեկում ինքն էր՝ դպրոցական հագուստով, մյուսում՝ երկուսով էին՝ թութ հավաքելիս: «Հըլա կանգնեք՝ ձեզ անմահացնեմ»,- հարևան Վալոդը նոր էր լուսանկարել սովորում: «Սպասի՝ վերջացնենք, ձեռքերս կեղտոտ են»,- չուզեց Նազիկը: «Ոչինչ, ֆոտոյի մեջ չի երևա», ու չըխկ՝ Սմբատը՝ ձեռքին մետաղյա աղբահավաք-թթահավաքը ու Նազիկը՝ ավելով: Երկու պատանի՝ նույն տարիքի, երկուսն էլ կարճ կտրած մազերով: Ու Նազիկի ժպիտը՝ ուրախ, անհոգ, թե չէ Սմբատը լուրջ էր, նույնիսկ մռայլ, երևի հագի կարճ տաբատի պատճառով…
Նազիկից հետո տատը գնաց: Տղան այդպես էլ «պսպորություն» բառը, որ տատերեն նշանակում էր օգնություն, ուրիշ ոչ մեկից չլսեց: Թթենին կտրեցին, արհեստանոցի գլխին նոր սենյակներ սարքեցին, ու Նազիկենց ապակեպատ պատշգամբը դարձավ հեռավոր մի օազիս…
2016թ.