Հուսիկ Արա | Տվածդ մի կյանք է, երկիր

Լուսանկարը` Սոնա Ադամյանի

Տվածդ մի կյանք է, երկիր,
ու երկու հեղափոխություն.
օրերս կում-կում բարակեցին
այդ երկճյուղ թավշե կոկորդում:
Մանրաթելեր մնացին
ու սարդի մի ձիգ լար,
որ կախ-կախվեմ հող ու ամպի արանքում:

Տարվում էր մարմինս տերև`ալիքը ալիքի վրա
ու բերվում տաշեղ` հոսանքը հոսանքից հետո.
փողոցեփողոց, հրապարակ ու կայարան:
Հետո գույները էլ տաք չէին`խամր ու մրոտված,
բառերի փոշին էր թափվում,
ծածկում էր սավանը սպիտակ խոսքի,
և հյուսվում էր պարան ու էլի պարան:

Մի պատերազմից մյուսը անցնող
անկանոն կրակահերթ.
ժամանակավոր դադար է կյանքս
ապրել-չապրելու սևխոռոչ երախում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *