Թադևոս Տոնոյան | Երկու Հայաստան

Թադևոս Տոնոյան

Ինձ մնացել ես լոկ դու, Հայաստա՜ն

Ինձ մնացել ես լոկ դու՜, Հայաստա՜ն`
Տանս չափ ու դեռ Խոսքին համընթաց,
Թաց աչքերիս մեջ` մանկան, անհաստատ,
Դատապարտվածիդ արցունքներ են թաց.

Ինձ ափսոսանքն է պատում անեզեր.
Մեզ էլ էր տրվել Լեզուն Կենդանի,
Տանիքդ դարձյալ փլվել, ու հույսն է
Ուսն իր ետ քաշում մեր Բեռան տակից:

Լռե՜լ, անհու՜նչ են երգերդ անգիր`
Կիրակնամուտի երեկոների.
Ներիդ գնում է դարձյալ ետևից`
Դևից ծանակված ու հոտին գերի:

Կիրակիդ մոտ է մեռելոցներին

Կիրակիդ մոտ է մեռելոցներին,
Օծվեցիր, սակայն լքվում ես իսպառ,
Սպառնում են քո մանուկ գործերին
Օձերը` նստած շիրիմներիդ թանկ:

Օձերը` նստած շիրիմներիդ թանկ,
Սպառնում են քո մանուկ գործերին,
Օծվեցիր, սակայն լքվում ես իսպառ,
Կիրակիդ մոտ է մեռելոցներին:

Համբույրն Հուդայի, որին ներեցիր

Կարծես թե վերջն է սա ամենայնի`
Այնինչ քո Խոսքից բան չհասկացան,
Կացարաններում գաղտնի սրտերի
Թերի թողեցինք գիրդ անհանկարծ:

Հանգած հողն են քո արդեն ուրանում,
Ուր անուն չառան նվիրում ու հարգ,
Արգահատանքից ահա կուրանում,
Հանում են ծախքի խունկ ու պատարագ:

Արա՜գ, ի՜նչ արագ աճուրդն այս անցավ,
Ցավը բթացավ, ընկավ գինն հոգու,
Հօգուտ մահերի քո հոգին սանձած`
Անցան մեր միջով մեղքեր ահարկու:

Երգում ես արդեն միայն քեզ համար
Մարմրող բախտի տողեր գոս ու հին,
Ու հիր ճակատիդ սառչում է ահա
Համբույրն Հուդայի, որին ներեցիր:

Շղթան քո խոսքի, որ շշնջացիր

Երբ երկիրն է քեզ արդեն ճանաչում,
Աճում են հոգուդ թևերն անդրյա,
Դրանից է քո կյանքը դառնում կարճ
Ու…մահվան շղթան երկարո՜ղ այնքան:

Ուզում ես պոկվել երկրից անգարուն,
Կայուն մի ուղի ընտրել դեպ դրախտ,
Հաղթած հոգուդ Տերն ընդառաջ գա ու
Ու… նստեցընի իր կողքին ուրախ:

Բայց քո թևերից կառչում են մարդիկ`
Մարտիկներն անխոնջ Իսկարիովտացու,
Անցնում են այդպես անհաշիվ տարիք`
Իգացա՜ծ, անշո՜ղ ու դարձյա՜լ ցածում:

Էլ ոչի՜նչ, ոչի՜նչ ոչի՜նչ չի հուզում.
Ուզում ես միայն Մահի ճանաչում,
Այն չուն է անցած կյանքովդ սուս ու
Մեկուսի անցնում` որպես հարաճուն

Շղթան քո խոսքի, որ շշնջացիր
Ցածի աշխարհին, որ եղավ հաղթող
Աղոտ քո հույսին, թե գուցե անձիդ
Անծիր երկինքն է ճանաչելու սոսկ:

Ուսելու համար գրերը հուսատ

Ես Մտածում եմ մեն-մի Հայաստան`
Տան չափ ու բոլո՜ր հայերի համար,
Համառ օրենքով, երկնքով վստահ,
Ստահակվածի խոսքերից ազատ,

Տանիքների տակ` առնական ուսեր,
Ու սեր մանկածին, տիեզրի Նորմարդ,
Արդարության հետ նաև արու սեր`
Ուսելու համար գրերը հուսատ:

Ուսելու համար գրերը հուսատ
Ես Մտածում եմ մեն-մի Հայաստան,
Ստահակվածի խոսքերից ազատ,
Տան չափ ու բոլո՜ր ազգերի համար…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *