«Գրել աշխարհը» թե՞ «գրել աշխարհ» երկընտրանքում ես ընտրեցի երկրորդը՝ գրելով աշխարհը
Այս շարքի դիմանկարդ, որում դու չկաս, չես երևում, որում հայելին է, դո՛ւ չես, այդ երեկոյից է։ Սահմանային նկար՝ որում համ կաս համ չկաս։ Կաս, բայց դու չես։ Ի՞նչ ես սութի-մութի բառախաղում։ Հաննայի հետ ես մրցու՞մ։ Հաննայի պատմությունը լրիվ այլ պատմություն է։ Չէ՛, ամրապնդում ես դիտորդությունդ։ Դիտորդի դերդ․ կաս, այստեղ և հիմա ես, բայց և չկաս, որովհետև կտրված ես, վերացարկված, լրիվությամբ չես ապրում, կողքից ու վերևից ես նայում։ Նաև ինքդ քեզ։ Ավելի ճիշտ՝ նրան։ Նա է։ Նա, ով չգրեց արցախյան սահմանագրություն։ Գրելիք չունե՞ր։ Ապրե՞լ էր։ Մե՞ջն էր։ Չգիտեմ։ Չգիտես։ Նա էլ չգիտի։
Ինչևէ, մայիսի 9-ի երեկոն Եվրոպայի առևանգմամբ չավարտվեց։ Իրիսները մնացին չպատմված, Եվրոպայի առևանգումը՝ չքննարկված, Եվրոպան՝ չառևանգված։ «Կաֆե Եվրոպա»-ն դեռ առջևում էր՝ գրողական ընթերցանության երեկո Ուժհորոդում։ Գրողական ընթերցանությունները պոետների մոտ են լավ ստացվում։ Տոն տվողը նրանք են։ Կա ռիթմ՝ ձիգ ու հատուն, բազմալեզու։ Ու բոլորը պոեզիա պիտի կարդային՝ բացի քեզնից։ Ի սկզբանե «Մանաս»-ն էիր ուղարկել թարգմանության։ Մտադիր էիր դա կարդալ։ Բայց Անդրիյը փոխեց կանխամտածածդ։ Անդրիյն էլ արձակ կարդաց՝ գրված խմբի միակ հայի, ասել է թե՝ քո պատվին։ Քո առնչությամբ։ Երևի։ Նրա առնչությամբ, որը համ կա համ չկա։ Էս պատմության մեջ։
Դեռ նախքան Ուկրաինա հասնելը, երբ փորձում էիր անձնական նամակագրությամբ ճշտել անվտանգության և այլ խնդիրներ, քանի որ ուժհորոդյան հավաքից հետո դեռ ինքնուրույն ճամփորդելիք ունեիր, Անդրիյը քեզ ուղարկել էր Ուժհորոդում իրեն պատահած հայոց ցեղասպանության հիշատակի ցուցապաստառի լուսանկարը։
Ու փաստորեն էդ ցուցապաստառից տեքստ էր աճել՝ «Խորհելով Արարատը», որն Անդրիյը հիմա կարդում էր ուկրաիներեն, ու դու փորձում էիր հասկանալ՝ լարելով ռուսերենի իմացությունդ ու լեզվական ինտուիցիադ։ Երկու շաբաթ առաջ աղջկան մանկապարտեզ տանելիս, պատմում էր Անդրիյը, Ուժհորոդի փողոցներից մեկում անսպասելի ցուցապաստառ էր տեսել։ Ցուցապաստառի վրա սիմվոլիկ սիրտը միավորում էր հայկական և ուկրաինական դրոշները և գրառումը հայտնում էր հայերի ցեղասպանության 109-րդ տարելիցի մասին։ Անդրիյն ասում է, թե ցուցապաստառը ցանկանում էր հիշեցնել հայ ժողովրդի մեծ ողբերգության մասին և սիմվոլիկ կերպով աջակցություն հայտնել Ուկրաինային։ Մեծատառերով գրված էր․ «ՈՉ ՄԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՊԱՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ»։ Իսկ ներքևում, խորհրդանշական ծաղիկի տակ գրված էր․ «Կիսում ենք ցավը։ Նույն հողի վրա միասին կդիմակայենք»։
—Այս ցուցապաստառի հայտնվելն ինձ համար անսպասելի էր,— շարունակում է կարդալ Անդրիյը,— որովհետև Հայաստանը, թեև վերջերս շեղվում է դեպի Արևմուտք, դեռևս ռուսամետ ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ տեղական հայկական համայնքը Ուկրաինայի անկախության ողջ ընթացքում շարունակել է գլխավորապես ռուսախոս մնալ։ Սակայն տեկտոնիկ փոփոխություններ տեղի ունեցան, և Ուկրաինայի հայերը, այդ թվում Ուժհորոդի հայերը, ակնհայտորեն անցան Ուկրաինայի կողմը և հստակորեն Ուկրաինայի թշնամուն իրենց թշնամին անվանեցին։ Եվ իրենց համար կարևոր օրը, ողբերգական տարելիցի օրը, ցանկանում են հիշեցնել իրենց ցավը՝ միաժամանակ ճանաչելով ուկրաինացի ժողովրդի ողբերգությունը, որին Ռուսական Կայսրությունը ցանկանում է ֆիզիկապես ոչնչացնել, ինչպես 109 տարի առաջ հայերին ոչնչացրել է Օսմանյան Կայսրությունը։
Գինի։ Կարմիր։ Հայելիներ։ Նայում ես Անդրիյին։ Հանդիսատեսին ես նայում։ Անդրիյը շարունակում է։ Սա սոլիդարության կարևոր ու խոսուն ժեստ է։ Ասում է։ Նա հույս ունի, որ շատ ուժհորոդցիներ և ոչ միայն ուժհորոդցիներ, այլ առհասարակ ուկրաինացիներ, կմտածեն հայ ժողովրդի բարդ ճակատագրի մասին ու իրենք իրենց համար որոշ կարևոր եզրակացություններ կանեն։ Արդյոք մենք հանգե՞լ ենք նման եզրակացությունների։ Մտածում ես։ Հայաստանյան խոսույթում միշտ ինքնամեղադրանք կա՝ եզրակացություններ չանելու, դասեր չքաղելու մասին։ Իսկ դու ինքդ որևէ եզրակացության եկե՞լ ես։
Ամենակարևոր եզրահանգումը հայերի սրբազան լեռան՝ Արարատի մասին է։ Շարունակում է Անդրիյը։ Հավելում է, որ հենց «Արարատ» անունն է կրում ցուցապաստառը տեղադրած Զակարպատիայի հայերի մշակութային միությունը։ Չգիտի, երևի, որ այդ անունն է կրում սփյուռքի հայ համայնքների ամեն երկրորդ ակումբն ու միությունը։ Անհրաժեշտ է գիտակցել, որ Ուժհորոդի հայերը, որոնք իրենց Հայրենիքից (մեծատառն Անդրիյի ընտրությունն է) երեք հազար կիլոմետր հեռու են, հենց «Արարատ» են կոչել իրենց միությունը։ Այդքան կարևոր ու հուզիչ է այս սարը, այս խորհրդանիշը նրանց համար։ Անդրիյի ձայնը դողում է ու դու զարմանում ես։
— Բայց ոչ բոլորը գիտեն, որ Արարատը հայերի համար դեռ կենդանի վերք է, ցեղասպանության խորհրդանիշ և հայրենի հող տանող դարպաս,— շարունակում է Անդրիյը,— չէ՞ որ այս լեռը գտնվում է Թուրքիայում, որը 109-ը տարի առաջ սիստեմատիկ կերպով ոչնչացնում էր հայերին իրենց իսկ էթնիկ տարածքներում։ Եվ այսօր լավ եղանակին Արարատը երևում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից՝ որպես ցեղասպանության, նվաստացման և պարտության ցավոտ հիշեցում։
Գիտես, որ Անդրիյը Հայաստանում չի եղել։ Երևանում չի եղել։ Չի տեսել Արարատը Ծիծեռնակաբերդից։ Կամ Կասկադից։ Դու էլ Խարկովում չես եղել։ Ու Կիևում չես եղել։ Դնեպրը չես տեսել։ Գինու գետեր։ Ու հոսում է Անդրիյի տեքստն այն մասին, թե ի՜նչ հին ազգ ու բարձր քաղաքակրթություն են հայերը, բայց որ դա նրանց չի փրկել հետապնդումներից ու ողբերգություններից, ու որ այսօրվա Հայաստանը հայկական պետական կազմավորումների «երբեմնի մեծության ու ազդեցության գունատ ստվերն» է, փշրանքները։ Հոսում է գինին։ Դարը՝ 21-րդ։ Տեքստը՝ լուսավորականության շրջանի։ Տարածքներ, որտեղ դեռ շարունակվում է լուսավորականությունը։ Որտեղ իմաստները դեռ կարևոր են։ Անդրիյը՝ լուսավորիչ։ Լուսավորում է ուժհորոդցիներին։ Ու ոչ միայն։ Ասում է, որ հայ ժողովրդի ողբերգություններից մեկն այն է, որ Հայաստանում ավելի քիչ հայ է ապրում, քան աշխարհով մեկ, որ սփյուռքը հայրենիքից բազմամարդ է։ Որ դա ծանր կյանքի, պարտությունների, ցեղասպանության հետևանք է։ «Արարատն այս աստվածաշնչյան ժողովրդի փշե թագի ամենասուր մազակալներից է»։
Այ էս մեկը պտի չասեիր։ Սովետ տեղ։ Ապրիլ 24։ Երևանյան սովորական դպրոց։ Դու՝ Մայր Հայաստանի դերում։ Բեմին։ Կենտրոնում։ Պատմությանդ ուսուցչուհին որոշել ա, որ «գարուն ա, ձյուն ա արել», ու Մայր Հայաստանը պետք ա կանաչի վրայից սպիտակ սավանով խոցելի աղջնակ լինի՝ գլխին փշե պսակ։ Ու իսկական մետաղական փշալարարերից են սարքել պսակդ։ Ղարաբաղյան շարժումն արդեն եռում ա։ Մադրիկ Օպերայից տուն չեն գալիս։ Ու դու մի ամբողջ դահլիճ ես լացացնում՝ գարուն ա, ձուն ա արել․․․ ասմունքում ես դողացող ձայնով։ Դահլիճը չգիտի, որ ձայնդ դողում ա, որովհետև ծիծաղդ հազիվ ես զսպում։ Հազիվ ես զսպում, որովհետև ինքդ քեզ, բեմը, դահլիճը տեսնում ես վերևից։ Տեսնում ես նրան, որի մազերը խճճվել են փշալարե պսակի մեջ ու պատկերացնում, որ վաղը մազ չի ունենալու։ Տեսնում ես հետևումդ կանգնած չաղ Էդգարին, որը ճկռել ա հայ ժողովրդի խաչի ծանրության տակ ու շշուկով կատակում ա ձեր հարևան Աբոյի մասին։ Աբոյի, որը սրբի նամակ էր ստացել, այդ նամակը տաս օրինակ արտագրել ու ուղարկել էր ևս տաս հոգու, որ էլի արտագրեն, ու որ շղթան կանգ չառնի։ Ու Էդգարը թիկունքիդ շշնջում ա, թե Աբոն նամակներն ուղարկել ա Սովետական Միության տասը հանրապետություններ, այդ թվում՝ Ադրբեջան, ու որ նամակը հայերեն ա, ու որ ադրբեջանցիները երևի կմտածեն, թե դավադրություն կա էդ նամակում, որ թանաքը թունավոր ա։ Կամ նման մի բան։ Իսկ նամակի դավադրությունը սպառնալիքն ա, որ եթե ինքդ էլ տաս հոգու չուղարկես, անպայման մի վատ բան կլինի հետդ։ Ու հիմա էդ խեղճ ադրբեջանցիները վախից չեն ուղարկի ու մի վատ բան հաստատ կլինի, ու էդ վատ բանը հաստատ հայերի մեղքով կլինի, որովհետև նամակը հայերեն ա։ Բայց կարո՞ղ ա, չէ՞, նամակը մի բաքվեցի հայ ստանալ․․․ Էդ դեպքում ի՞նչ կլինի։ Ու էդ ամենը տեսնում ես որպես ֆարս։ Որպես բեմականացում այն իմաստների, որոնք անիմաստ կլինեն, եթե շարունակաբար չարտագրվեն, չվերապատմվեն, չբեմականացվեն, չպարտադրվեն, չապրվեն։ Եթե շղթան կտրվի։ Ու ասմունքում ես՝ տիտանական ջանքերով զսպվող ծիծաղի արցունքներն աչքերիդ։ Չես թողնում, որ լռի անլռելի զանգակատունը, որի ձյունը թափվում ա իմաստների տակ մնացած դահլիճի վրա, ու դահլիճն արտասվում ա։ Իսկ դու դահլիճին, արցունքներին, փշալարերին, բեմին, խաչին, սրբերին, նամակներին նայում ես վերևից։ Անդրիյին, Հաննային, հայելիները, քեզ․․․ նրան տեսնում ես վերևից։
Ու շարունակում ա Անդրիյը իմաստների մասին էդ պատմությունը։ Ասում ա, որ ուկրաիանական քաղաքում տեղադրված այդ հայկական ցուցապաստառը պետք ա ուկրաինացիներին հիշեցնի, որ պատմության մեջ լինում են անշրջելի, անդառնալի պահեր, որոնք իրավիճակն անբեկանելիորեն փոխում են։ Ու որ հայերը, որոնք իրենց մայրաքաղաքից տեսնում են օտարի, թշնամու Արարատը, սա քաջ գիտակցում են։
Հա՞ որ։ Գիտակցու՞մ են։ Չէ՛, ախպեր, սխալվում ես։ Կյանքը սերիալ ա։ Սերիալային ա դարձել էս դարում։ Միշտ կա հույս՝ հաջորդ սերիայի։ Հաջորդ կյանքի։ Համակարգչային խաղերի դար ա։ ու կոկա-կոլայի։ Կրկին փորձիր։ Իսկ դուք ասում եք՝ հետարդիականություն։ Իսկ դուք ասում եք՝ սյուժեի բացակայություն։ Իսկ դուք ասում եք՝ բազմաթիվ սյուժեներ։ Զուգահեռ։
— Մի պահ պատկերացրեք մի իրավիճակ, երբ կիևցիները նայում են Դնեպրի մյուս ափին և այնտեղ Ռուսաստանն են տեսնում,— շարունակում է Անդրիյը,— սարսափելի դիստոպիա է թվում, չէ՞, մղձավանջ։ Բայց հենց այսպես են այսօր Խերսոնի բնակիչները նայում քաղաքի՝ Դնեպրից այն կողմ գտնվող հատվածին։ Վերջին շրջանում ուկրաինացիների ոգու էրոզիա է նկատվում. մարդիկ հրաժարվում են ընդունել սարսափելի իրականությունը, դիմադրում են մոբիլիզացիային, սոցցանցերում պարտվողական մտքեր են տարածում և կամավորաբար տարածում են թշնամու հաղորդագրությունները ինչ-որ հավանական բանակցությունների և խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին։ Նրանք չեն գիտակցում, որ այս ամենը ուկրաինացի ժողովրդին բարոյալքելու ռուսական հատուկ գործողության մաս է, որը մեզ անխուսափելիորեն կտանի դեպի պարտություն, իսկ դրանից հետո՝ զտումներ և զանգվածային ցեղասպանություն։ Հակառակորդը փորձում է թուլացնել մեր ուշադրությունը, զինաթափել մեզ, որ մահացու հարված հասցնի, որը թոթափելը դարեր կտանի։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ։ Ասում էր Արծրունը։ Աղաղակում էին բոլոր սոցիալական ցանցերը։ Ընկերներդ։ Մինչև վեջին պահը։ Մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ։
— Այս դասն է մեզ տալիս հայկական ցուցապաստառը։ Հայկական ծագման մեր հայրենակիցները կարծես մեզ հիշեցնում են իրենց սեփական պատմության օրինակը․ եթե հիմա պարտվեք, ապա 109 տարի հետո ուկրաինական սփյուռքի ժառանգներն այլ երկրներում սգո ցուցապաստառներ կկանգնեցնեն՝ հիշեցնելու իրենց ցավը։ Սա միանգամայն իրատեսական սցենար է, եթե Ռուսաստանին հաջողվի մեզ խաբել, ապա՝ հաղթել։ Պատկերացրեք հայերի ցավը, որոնք նայում են թշնամու գրաված Արարատին։ Եվ պատկերացրեք Դնեպրի մյուս ափը, որը մեր թշնամին կարող է գրավել, պատկերացրեք Կարպատները ռուսական դրոշի ներքո, ռուսական օկուպացիոն զորքեր Ուժհորոդում․․․
Բազմակետերն Անդրիյինն են։ Ես վերջակետերի մարդ եմ։ Ու հիմա շարունակում եմ կարդալ Անդրիյի՝ գուգլով ուկրաիներենից ռուսերեն թարգմանած տեքստը։ Մեզ սա անհնարին է թվում։ Ասում է։ Բայց սա միանգամայն հնարավոր է, կասեի անգամ իրատեսական․ չէ՞ որ բոլորովին վերջերս ռուսական զորքերն Ուժհորոդում էին, վերահսկում էին ամբողջ երկիրը։ Եվ այս ամենը կարող է կրկնվել, եթե ուշքի չգանք ու չգիտակցենք սպառնալիքի էքզիստենցիալ մասշտաբը։ Չէ՞ որ ռուսաստանցիներն ուզում են ոչնչացնել ոչ միայն Ուկրաինան, այլև մեզ՝ ուկրաինացիներիս։ Հենց սա է ցեղասպանությունը, որը կարող է մեր ժողովրդի պատմության ևս մի ողբերգական էջ դառանալ։ Հենց այս մասին են մեզ հիշեցնում «Արարատ» մշակութային միության մեր բարեկամ հայերը։
Ռուսաստանցիներ և ուկրաիանացիներ։ Ավելի ճիշտ հավասարում է։ Տիրապետում է Անդրիյը ճիշտ հավասարում կառուցելու արվեստին։ Ծափահարություններ։ Գինի։ Հերթը քոնն ա։ Վերցնում ես խոսափողը։ Դու չես։ Նա է։ Կարդում է իր տեքստն այն մասին, թե ինչպես պատմությունները մնացին պատմության տակ։ Անդրիյի տեքստից հետո չի կարող այլ բան կարդալ։ Անդրիյի տեքստն է պարտադրում կանոնները։ Կարդում է անգլերեն։ Հետո խնդրում են մի հատված հայերեն կարդալ։ Գինի։ Տեքստը հավանած ռումինացի։ Հետո՝ Հաննան է, Բելառուսի սահմանադրության փոփոխությունների մասին տեքստով, որը կարդում է ուկրաիներեին։ Թե՞ բելառուսերեն։ Չգիտեմ, ամեն դեպքում ընկալվում է հանդիսատեսի կողմից։ Անգամ ինքն իրեն է կարծես ներում՝ բելառուս լինելու համար։ Հետո Վրաստանի փոքր լեզուների խնդիրների մասին հետաքրքիր տեքստ է։ Ապա էլի պոեզիա։ Ու երաժշտություն։ Ու գինի։
Հետո, արդեն Երևանում, երբ Անդրիյն իր տեքստը հրապարակեց ու դու ուզում էիր այն ավելի լավ հասկանալ, գնացիր հղմամբ, ու պարզվեց, որ անհրաժեշտ է բաժանորդագրվել՝ Անդրիյի տեքստերը կարդալու համար։ Իսկ դու գիտես, որ Անդրիյն այդ և այլ հարթակներում վաստակած ամողջ գումարն ուղղում է ուկրաինական բանակի կարիքներին։ Իսկ դու դեմ ես պատերազմին։ Իսկ դու դեմ ես զենքին։ Ու ընտրությունը քոնն է՝ վճարել ու կարդա՞լ տեքստը՝ հստակ իմանալով, թե ուր է գնալու վճարած գումարդ, թե՞ զսպել հետաքրքրասիրությունդ։ Բաժանորդագրվել, քաշել տեքստը, կարդալ, ու հետո ընդհատել բաժանորդագրությունը։ Վճարածդ երկու կոպեկը եղանակ չի փոխի։
Վճարեց։ Գուգլով թարգմանեց ռուսերեն։ Կարդաց։ Բաժանորդագրությունը չընդհատեց։ Դու չես։ Նա՛ է։ Դու նրան նայում ես վերևից։ Իսկ նա կարողանում է որոշումներ կայացնել, երբ դու ընդամենը գրում ես աշխարհը։ Ապրիլի 24-ին էլ էր նա, որ փշապսակը գլխից հանելու համար կարճ, շատ կարճ կտրեց մազերը։