Այն պահից, երբ նստում ես տաքսի, ծառանում է վարորդի հետ պատշաճ հաղորդակցության բացակայության գերխնդիրը: Տաքսու վարորդը մի այնպիսի մարդկային տեսակ է, որ ողջ օրը մեքենա է վարում քաղաքային խցանումների պայմաններում. մի բան, որը այլ վարորդների հետ ընդհարումների պատճառով հանգեցնում է կամ սրտի կաթվածի, կամ նյարդային զառացանքների: Նա ի սկզբանե նյարդային է և ատում է մարդակերպ ցանկացած էակի: Սա ստիպում է Radical chic*-ի հետևորդներին ասելու, որ տաքսու բոլոր վարորդները ֆաշիստներ են: Ճիշտ չէ, գաղափարախոսական խնդիրները տաքսու վարորդին ամենևին չեն հետաքրքրում, նա ատում է քաղաքային ցույցերը, բայց ոչ նրանց բովանդակության, այլ երթևեկությանը խոչընդոտելու պատճառով. նա նույն հաջողությամբ կատեր բալիլաների* երթը: Նրա միակ պահանջը հզոր կառավարությունն է, որն ի զորու է գնդակահարելու մասնավոր տաքսու բոլոր վարորդներին և սահմանելու խելամիտ պարետային ժամ` առավոտյան 6-ից մինչև կեսգիշեր: Տաքսու վարորդը կնատյաց է, բայց միայն տնից դուրս եկող կանաց հանդեպ: Նրանք, ովքեր տանն են մնում և մակարոն են պատրաստում, մի կերպ հանդուրժում է:
Իտալացի տաքսու վարորդները բաժավում են 3 կատեգորիայի: Նրանք, ովքեր արտահայտում են իրենց տեսակետն երթուղու ամբողջ ընթացքում, նրանք, ովքեր համառորեն լռում են և արտահայտում իրենց մարդատյացությունը ղեկի միջոցով և իհարկե այն վարորդները, ովքեր իրենց լարվածությունը մեղմում են խոսելու միջոցով` պատմելով այն, ինչ պատահել է մեկ այլ հաճախորդի հետ: Խոսքը կյանքի այն դրվագների մասին է, որոնք զուրկ են որևէ այլաբանական նշանակությունից և, որոնք եթե պատմվեն պանդոկներում, պատմող սուբյեկտին դուրս կհրավիրեն` պատճառաբանելով, որ արդեն քնելու ժամն է: Բայց, ըստ տաքսու վարորդի՝ այդ պատմությունները չափազանց հետաքրքիր և ուշագրավ են, և լավ կանեք, եթե հաճախ միջամտեք` ասելով. «Ա՜յ քեզ մարդ: Իսկապես ձեզ հետ նման բա՞ն է պատահել»: Նման մասնակցությունը թույլ չի տալիս տաքսու վարորդին դուրս գալ իր ֆաբուլատոր աուտիզմից, ավելին`օգնում է, որ ինքներդ ավելի լավ զգաք:
Նյու Յորքում իտալացին մեծ ռիսկի է դիմում, երբ, համարանիշի վրա կարդալով De Cutugnatto, Esippositto, Perquocco անվանումները, կարծում է, որ խոսքը իր արմատների մասին է: Այդ տաքսու վարորդը սկսում է խոսել մի լեզվով, որը դուք երբևէ չեք լսել և սաստիկ վիրավորվում է, երբ նրան չեք հասկանում : Պետք է առանց հապաղելու նրան անգլերենով ասել, որ բացի ձեր շրջանի բարբառից ուրիշ լեզու չգիտեք: Այս կերպ նա արդեն համոզված է, որ ձեզ ազգային լեզուն անգլերենն է: Սովորաբար Նյու Յորքի տաքսու վարորդները կա’մ ունեն եբրայական անուն, կա’մ ունեն ոչ եբրայական անուն: Նրանք, ովքեր ունեն եբրայական անուն, սիոնիստներ են, իսկ նրանք, ովքեր չունեն եբրայական անուն, հակասեմիտներ են: Վերջիններս չեն անում հաստատումներ, այլ պահանջում են վճիռ: Դժվար է պատշաճ պահվածք որդեգրել հատկապես նրանց հետ, ովքեր ունեն միջինարևելյան կամ ռուսական ծագմամբ անուններ. չես հասկանում` հրեա են, թե ոչ: Անհարմար իրավիճակներից խուսափելու նպատակով հարկ է ասել, որ մտափոխվել ես և ուզում ես գնալ ոչ թե Յոթերորդ ու Տասնչորսերորդ փողոցների անկյուն, այլ Չարլթոն Սթրիթ: Այդ ժամանակ տաքսու վարորդը բարկանում է, արգելակում և պահանջում, որ իջնեք, քանի որ Նյու Յորքի տաքսիստները փողոցները գիտեն միայն թվերով և ոչ թե անվանումներով:
Իսկ օրինակ Փարիզի տաքսիստները ոչ մի փողոց էլ չգիտեն: Երբ նրան խնդրում ես, որ քեզ տանի Սեն Սյուփլիս հրապարակ, նա քեզ տանում է Օդեոն` ասելով, որ այդ վայրից հետո չգիտի ճանապարհը: Բայց այս մասին ասելուց առաջ, վերջինս երկար մռթմռթում է ձեր հավակնությունների պատճառով` ասելով «Ah ça monsieur, alors…»։ Քարտեզը նայելու ձեր առաջարկին նա կա՛մ չի պատասխանում, կա՛մ հասկացնել է տալիս, որ եթե բիբլիոգրաֆիկ խորհրդակցության կարիք ունեիք, ապա պետք է դիմեիք Սորբոնի հնագետ-արխիվիստին: Մեկ այլ տեսակին են պատկանում արևելցիները. ծայրահեղ ջերմությամբ հորդորում են չանհանգստանալ, որ հենց հիմա կգտնեն այն վայրը, որ փնտրում եք, երեք անգամ պտտվում են նույն բուլվարների շուրջ, հետո հարցնում, թե ինչ տարբերություն` ձեզ Գար դյու Նոր (հյուսիսային կայարան) են բերել, թե Գար դե լ՛Էստ (արևելյան կայարան), չէ՞ որ երկու վայրերում էլ գնացքներ կան:
Նյու Յորքում չեք կարող հեռախոսով տաքսի պատվիրել, եթե ինչ-որ մի ակումբի անդամ չեք: Փարիզում կարող եք: Միայն թե չեն գալիս: Ստոկհոլմում կարող եք միայն հեռախոսով պատվիրել, որովհետև պատահական անցորդներին չեն վստահում: Բայց տաքսու հեռախոսահամարն ունենալու համար պետք է փողոցում կանգնեցնեք մի պատահական տաքսի և հարցնեք, բայց նրանք, ինչպես արդեն ասացի, պատահական անցորդներին չեն վստահում:
Գերմանացի տաքսիստները բարեհամբույր են և համապտասխան կիրթ պահվածքով, չեն խոսում, սեղմում են միայն արագացման ոտնակը: Երբ մեքենայից իջնում եք ծեփի պես գունատ, հասկանում եք, թե ինչու են նրանք Իտալիայում հանգստանալիս ձեր առջևի վազանցի գծի վրայով վարում վաթսուն կիլոմետր ժամ արագությամբ:
Եթե իրար հետ մրցեն Ֆրանկֆուրտի տաքսիստը Պորշե մակնիշի մեքենայով և Ռիոյի տաքսիստը ջարդուխուրդ եղած Ֆոլքսվագենով, ապա կհաղթի Ռիոյի տաքսիստը, քանի որ քչ մի լուսաֆորի տակ կանգ չի առնի: Եթե կանգ առներ, նրա կողքին կկանգներ մեկ այլ ջարդուխուրդ եղած Ֆոլքսվագեն` մեջ մի խումբ տղաներ, որոնք, ձեռքերը երկարացնելով, կթռցնեին կողքի մեքենայի ուղևորի ժամացույցը:
Ինչևէ, ուր էլ որ լինես, տաքսիստին ճանաչելու մեկ անսխալ միջոց կա։ Տաքսու վարորդն այն մարդն է, որը երբեք մանր չունի:
Իտալերենից թարգմանությունը` Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի
Հաճույքով կարդացի:Շնորհակալություն այն թարգմանելու և հայ ընթերցողին ծանոթացնելու համար:Այս պարագայում մի՞թե մեքենայի մակնիշը կարևոր էր, հարգելի ընթերցող:Պատկերացն ում եմ թարգմանչուհու հոգեվիճակը, երբ կարդացել է մեկնաբանությունները: