Նա դադարեց Աստծուն հավատալուց, երբ մայրն ասաց, որ Նա չկա։
Շատ լավ հիշում էր այն երեկոն, երբ մի փոքր ջղայնացած, դժգոհ ձայնով մայրն ասաց նրան․
-Մեզ համար անընդունելի է այնպիսի բաների սնոտիապաշտությունը, ինչպիսին Աստված է։ Հորդ մոտ նույնիսկ չխոսես նրա մասին։
Այդ ժամանակ վեց տարեկան էր։ Ալինան, ում հետ նույն նստարանին էր նստում դպրոցում, իր՝ Լեհաստանում մահացած պապիկի հուղարկավորության մասին էր պատմել նրան, և վերհիշել, որ կսյոնձը[1] խաչակնքել էր դագաղի մեջ պառկած հանգուցյալին։ Երեկոյան նա հարցրել էր մորից, թե ով էր կսյոնձը, և ինչի համար էր դա արել։ Եվ հենց այդ ժամանակ էր մայրն առաջին անգամ ասել սնոտիապաշտության մասին։ Մինչև այդ նրան թվում էր, թե կար անսահման բարի մեկը, ում երեկոյան վերմակի տակ (այնպես, որ ոչ ոք չլսեր) կարելի էր գոնե պատմել այն մասին, թե ինչ էր կատարվել տանը և բակում։ Այդ մեկը Աստվածն էր։
Բայց մայրիկն իրավացի է։ Նա միշտ է իրավացի։ Դեռ ոչ մի անգամ չի խաբել նրան։
Այդ պատճառով էլ դրանից հետո այլևս ոչինչ չէր պատմում Նրան վերմակի տակ։ Այն ժամանակ դեռ հստակ չգիտեր, թե ինչ էր սնոտիապաշտությունը, բայց զգում էր, որ ինչ-որ վատ բան էր, եթե հոր մոտ չէր կարելի խոսել այդ մասին։
Հիմա մտածում էր այն մասին, որ Նրա պակասն ամենից շատ այն ժամանակ էր զգում, երբ հայրը հարբած էր տուն վերադառնում։ Ամեն ինչ նույն ձև էր սկսվում։ Գործընկերները բերում էին նրան ողջ միկրոթաղամասին արդեն հայտնի սև ոստիկանական ավտոմեքենայով. երբեմն ինքնուրույն էր դուրս գալիս ավտոմեքենայից, երբեմն գործընկերներից երկուսը բերում էին նրան՝ թևերից բռնած։ Հայրը բռունցքով կամ ոտքով թակում էր դուռը՝ սանդուղքահարթակում բոլորին արթնացնելով, ներս էր խցկվում խոհանոց, որտեղ սպասում էր վախեցած մայրը, և գոռգոռում էր։ Պարզապես գոռգոռում էր։ Մայրը կուչ եկած նստում էր սառնարանի կողքին դրված ծռված ոտքերով աթոռին՝ հայացքը լուռ գետնին հառած, ամբողջ ուժով սեղմելով ձեռքերը, իսկ նա կանգնում էր նրա գլխավերևում և գոռգոռում։ Նա վերմակի տակ էր թաքնվում՝ պինդ փաթաթվելով դրա մեջ, որպեսզի ոչինչ չլսեր։ Խոսակցությունը Նրա հետ խեղդում էր հոր գոռգոռոցը․ խնդրում էր, որպեսզի հայրը դադարել գոռգոռալուց։ Որքան բարձր էր հայրը գոռում մոր վրա, այնքան ավելի բարձրաձայն էր Նրանից օգնություն խնդրում՝ վերմակի տակ դոդողալով և շնչակտուր լինելով։
Բայց Նա ոչ մի անգամ չէր լսում նրա խնդրանքները։
Ոչ մի անգամ։
Հավանաբար դրա համար էլ մայրն իրավացի էր, երբ ասում էր, որ իրականում Նա չկար և ընդամենը սնոտիապաշտություն էր։
Այնուհետև նա այլևս ո՛չ թաքնվում էր անկողնում, ո՛չ էլ Նրա հետ էր խոսում։ Սովորել էր դիմանալ հոր գազազությանը։ Սկզբում միացնում էր երաժշտական արկղիկները, որոնք միշտ պապիկն էր նվիրում նրան ծննդյան տարեդարձին, հետո՝ դյուրակիր ռադիոընդունիչը, որը գրասեղանի վրայից էր վերցնում, և պահարանի հետևում էր նստում՝ ականջը բարձրախոսին հենած։ Երբեմն դա էլ չէր օգնում։ Որովհետև նրա հայրը շատ բարձր և սուր ձայն ուներ։ Բացի այդ՝ աշխատավայրում ամբողջ օրը գոռում էր։ Մարդկանց վրա էր գոռում։ Գոռալ կարողանում էր։
Հիշում է, թե ինչպես մի անգամ չէր կարողացել դիմանալ և միացրել էր փոշեկուլը, որը մայրը նրա սենյակի պահարանում էր դնում։ Օգնեց։ Հանկարծ խոհանոցում լռություն տիրեց։ Օղու շիշը ձեռքին՝ հայրը նրա սենյակ ներխուժեց և փոշեկուլի լարի գլխիկը վարդակի և մի կտոր սվաղի հետ միասին ցասումով դուրս քաշեց։ Վարդակը պատին ամրացնող պողպատե անկերով հարվածեց մոր գլխին, որը վազքով եկել էր հոր հետևից։
Այդ օրն առաջին անգամ փախան տնից։ Աննպատակ թափառում էին Ռոստոկի[2] փողոցներով, իսկ երբ ցրտեց, ամբողջ գիշեր տրամվայով երթևեկեցին։ Նրա հագին ֆլանելե գիշերազգեստ, սինթետիկ վերարկու և մորթե խավեզրով թաղիքե հողաթափեր էին, իսկ մոր հագին՝ մի փոքր մեծ կաշվե բաճկոն, բրդից գործված դեղնականաչ գլխարկ, որն արյունոտվել էր։ Մայրը գլուխը վիրակապելու չգնաց։ Ռոստոկի ոստիկանների կանայք, հատկապես Շտազիի[3] սպաների կանայք, չեն վիրակապում վերքերը։
Այդ գիշեր արդեն հստակ գիտեր, որ Նա սնոտիապաշտություն էր։
Հետո հաճախ էին մոր հետ գիշերային փողոցներ փախչում և գիշերային տրամվայներով երթևեկում։ Սիրելի ուղղություններն ունեին և գործողությունների պլան՝ գիշերվանից մինչև լուսաբաց։ Երբ մոխրագույն լուսաբացը սկսում էր ցրել գիշերվա խավարը, տուն էին վերադառնում։ Կամացուկ բացում էին դուռը, ոտքերի մատների վրա անցնում էին միջանցքով, աղջկա սենյակում արագ անկողին էին մտնում միասին և ամուր գրկում էին միմյանց։ Հայրը վաղուց արդեն հիմնականում գլուխը խոհանոցի սեղանին դրած էր քնում կամ ննջասենյակի մահճակալին՝ առանց հագուստն ու կոշիկները հանելու։
Մի անգամ տրամվայով մինչև քաղաքի մյուս ծայրն էին գնացել, ծառուղով զբոսնելով՝ ծովի մոտ էին հասել և այնտեղ դիմավորել լուսաբացը։ Նստել էին բետոնե ալեհերձ պատնեշի մնացորդների վրա՝ խճաքարերի կույտերի կողքին, որոնք շրջապատում էին ուռկաններ գործելու գործարանի հին շինությունը, որն իր խարխլված պատերի ավերակներով տարիներ շարունակ վախ էր ներշնչում։ Ժամանակին՝ մինչև նավաշինարանի կողքին կոմբինատի հայտնվելը, այդտեղ ձկնորսական նավահանգիստ էր։ Այդ վայրի մասին տրամվայի վարորդն էր պատմել նրանց, որը հաճախ էր նրանց հետ երթևեկում Ռոստոկով։ Նա կանգնեցրել էր տրամվայը ծովամերձ ծառուղու մոտ, թեև այդտեղ կանգառ չկար, և խոստացել էր սպասել նրանց։ Այդ գիշեր սովորականից ավելի ուշ էին տուն վերադարձել։ Երբ քնել էր՝ ինչպես միշտ մայրիկին փաթաթված, առաջին անգամ նրա հետ կատարվել էր այդ դեպքը: Հենց այդ գիշեր առաջին անգամ կարճ ժամանակով մահացել էր քնի մեջ։ Այդ ժամանակ ութ տարեկան էր։
Մաթիլդան գիտի, որ երբեք ոչ մի տղամարդու հետ գիշեր չի անցկացնելու։ Երբեք։
Այդ բառն արդեն ոչ մի ազդեցություն չունի նրա վրա։ Վաղուց արդեն հասկացել է, որ գրեթե բոլոր «երբեք»-ները կարելի է ինչ-որ կերպ շրջանցել։ Եթե այդպես չլիներ, դեռ մանուկ ժամանակ կմահանար, իսկ երեկ քսանչորս տարեկան էր դարձել։
Եվ հետո, ո՞վ է ասել, որ ցերեկները տղամարդկանց հետ ավելի լավ չի կարող անցնել, քան գիշերները։ Տանել չի կարողանում մայրամուտները, խավարը, իսկ տաք օրերից առաջ՝ Մեծ Արջին։ Ցերեկները միշտ ավելի գեղեցիկ են, քան գիշերները։ Գիշերները երբեք այդպիսին չեն լինի։
Երբեք։
Երբ մի քանի «երբեք»-ներ են կուտակվում, ևս մեկն արդեն ոչ մի տպավորություն չի գործում։
Բացառությամբ մեկի։
Միակ «երբեքը», որը չի կարող պատկերացնել։
Այն, որ Յակոբն այլևս երբեք երեկոյան չի կարողանա գալ նրա մոտ։
Յակոբը․ դա ամենակարևորն է։ Յակոբը նրա հետ է քնում, իսկ երբ Մաթիլդան արթնանում է, նստած է լինում նրա կողքին։
Յակոբը ասում է նրան, որպեսզի մյուս կողքին շուռ գա։ Հիշեցնում է, որ ափերը մարմնի երկայնքով դնի։ Յակոբը փակում է աչքերը, երբ նա հանում է կրծկալն ու կիսավարտիքը և գիշերաշապիկ կամ գիշերազգեստ է հագնում։
Յակոբը բացում և փակում է նրա ննջասենյակի պատուհանները։ Յակոբը հետևում է, որպեսզի նրա գիշերասեղանի վրայի լամպը միշտ միացված լինի։ Միշտ պահեստային լամպ կա նրա մոտ։
Բայց ամենակարևորն այն է, որ Յակոբը երբեք չի քնում։
Երբեք։
Իսկապես երբեք։
Դա նշանակում է, որ մինչև այս պահը նա երբեք չի քնել։ Արդեն տասնվեց տարի է, ինչ նա միշտ Մաթիլդայի կողքին է, երբ վերջինս քնում և արթնանում է։
Ամեն գիշեր։
Ութ տարեկան էր, երբ առաջին անգամ եկավ նրանց մոտ։
Եվ մնաց։
Իսկ այժմ քսանչորս տարեկան է։ Յակոբը ներկա է եղել ու շարունակում է լինել բոլոր ամենակարևոր իրադարձություններին։ Երբ պետք է առաջին անգամ գիմնազիա գնար և չէր կարողանում քնել։ Երբ հայրը լքեց նրանց։ Երբ պատի մյուս կողմում մոր առաջին գիշերն էր խորթ հոր հետ, որին ատում է, թեև նա այդքան բարի է և այդպես հոգ է տանում նրա մոր մասին։ Յակոբը նրա հետ էր նաև այն գիշեր, երբ քանդվեց Բեռլինի պատը, և այն գիշեր, երբ ծնվեց նրա արգանդակից քույրը, և նաև այն գիշեր, երբ նա Մադոննայի հետևից Դախաու[4] մեկնեց։
Այն գիշեր, երբ սկսվեց նրա առաջին դաշտանը, Յակոբը նույնպես ներկա էր։ Քնած ժամանակ էր դա եղել։ Յակոբն էր նկատել, որովհետև երբ Մաթիլդան քնած է, նա երբեք չի քնում։ Երբեք։ Մաթիլդան զարթնել էր, որովհետև խոնավություն և փորի ներքևում տարօրինակ բաբախյուն էր զգացել։ Եվ երբ հասկացել էր, թե ինչ էր պատահել, սկսել էր լացել։ Ամոթից։ Յակոբը գրկել էր նրան, այտը համբուրել և նրա անունն էր շշնջացել։
Հայրն էլ էր ժամանակին գրկում նրան և անունը շշնջում։ Վաղուց էր։ Երբ դեռ փոքրիկ աղջնակ էր։ Մի անգամ բակ իջան, հայրը նստեցրեց նրան մոր հին հեծանիվի բեռնախցիկի վրա և ման տվեց միկրոթաղամասի ծառուղիներով, որոնք ամբողջությամբ դարուփոսերով էին ծածկված։ Նա նստել էր բեռնախցիկի վրա՝ ամբողջ ուժով փաթաթվելով հոր գոտկատեղին։ Հերթական փոսով անցնելիս ոտքը մտավ հետևի անիվի ճաղերի արանքը։ Կրունկի վերևի մկաններն առանձնացան ոսկորից, սպիտակ գուլպան խոնավացավ և մինչև կոճն արյունոտվեց։ Ցավից գրեթե կորցրեց գիտակցությունը։ Երբ հայրը տեսավ, թե ինչ էր պատահել, միանգամից կանգ առավ, գրկեց նրան և նրա անունը շշնջալով՝ վազեց դեպի փոստի կողքին գտնվող այն շինությունը, որտեղ միշտ տաքսիներ էին կանգնած լինում։ Հիվանդանոցում մի քանի կար դրեցին ոտքին։ Կապույտ սպին, որն ամռանը կարմիր է դառնում, մինչև հիմա կա։ Սակայն այս ողջ պատմությունից, ճիշտն ասած, միակ բանը, որ մնացել էր նրա հիշողության մեջ, հոր դողացող ձայնն էր, որը նրան գիրկն առած՝ դեպի տաքսին էր տանում և շշնջում նրա անունը։
Եվ այն գիշեր, երբ առաջին անգամ սկսվեց նրա դաշտանը, Յակոբը նույնպես գրկեց նրան՝ շշուկով կրկնելով․ «Մաթի՜լդա»։ Հետո ննջասենյակի պահարանից նոր սավան հանեց։ Այնպե՜ս էր ամաչում։ Սարսափելի ամաչում էր։ Այնուհետև ամոթից լաց էր լինում վերմակի տակ։ Յակոբը տեսնում էր, որ նա լաց էր լինում։ Որովհետև ամեն ինչ գրի էր առնում։ Հատկապես սրտի կծկումները։ Որովհետև երբ լաց ես լինում, սիրտը կծկվում է և այլ կերպ է լայնանում։ Յակոբը դրամապանակի մեջ է պահում նրա էլեկտրակարդիոգրամմաները։ Նրա լուսանկարի կողքին։ Միշտ ամենանորերը։ Հալված անկյուններով թափանցիկ թաղանթի մեջ։ Որպեսզի կարդիոգրամմաները չմաշվեն։
Այդ գիշերը յուրահատուկ էր։ Մաթիլդան հիշում է, թե ինչպես մինչև լուսաբաց չէր քնել։ Ամոթին եկան փոխարինելու ոգևորությունը և անհամբերությունը։ Չէր կարողանում համբերել, թե երբ էր առավոտը գալու։ Յակոբը, իհարկե, գրի էր առնում, որ նա քնած չէր, բայց ոչ մի հույզ ցույց չէր տալիս։ Առավոտյան սովորականից շուտ վազեց դպրոց։ Հանդերձապահարանի մոտ կանգնել և սպասում էր Անիտային։ Ուզում էր որքան հնարավոր էր շուտ պատմել նրան։ Հիշում է, թե ինչքան անսովոր կերպով հպարտ էր և դրա պատճառն ուզում էր լավագույն ընկերուհուն պատմել։ Նրան թվում էր, թե այն, ինչ կատարվել էր այդ գիշեր, ինչ-որ սահմանագծի հաղթահարման էր նման։ Հասունության և մանկության միջև եղած սահմանի։ Թեև պատրաստ էր դրան (դեռ երրորդ դասարանում էին այդ ամենը մանրամասն կերպով քննարկել դպրոցում), այնպիսի զգացում ուներ, ասես դա ֆիզիոլոգիական բան չէր, որը զարգացման բնական ընթացքի մաս էր։ Նրա համար դա մեծամասամբ հուզական և փոքր ինչ առեղծվածային մի բան էր, և այն ժամանակ նա մտածում էր (թեպետ հիմա, երբ հետադարձ հայացք է գցում, ծիծաղում է ինքն իր վրա), որ դա ոչ մի ֆիզիոլոգիա էլ չէր, այլ կամքի դրսևորում, որի շնորհիվ նա սկսեց նորից և նորովի գոյություն ունենալ։ Իհարկե, այն ժամանակ՝ տասներեք տարեկանում, այնքան խելացի չէր, որպեսզի դա որպես կամքի դրսևորում որակեր, բայց այժմ գիտի, որ հենց այդ նկարագրությունն է ամենից լավ բնորոշում այն, ինչ այդ ժամանակ էր զգում։
Բացի այդ՝ թեև կարող է տարօրինակ թվալ, բայց այժմ նա ավելի լավ հիշում է, թե ինչ զգացմունքներ ուներ առաջին դաշտանի ժամանակ, քան առաջին համբույրի։ Գուցե պատճառն ամոթն էր, այն, որ Յակոբը այդ պահին նրա կողքին էր եղել։ Հիշում է նաև, որ առաջին ամիսներին անհամբեր սպասում էր այդ օրերին, որոնք շշմեցնող կանոնավորությամբ էին գալիս․ դրանք հասունության և կանացիության զգացում էին հաղորդում նրան, և այդ զգացման շնորհիվ նա ինքնահաստատվում էր։ Առաջին երեք կամ չորս ամիսներին նրան ամեն ինչ դուր էր գալիս այդ ամենամսյա արարողակարգում։ Նույնիսկ փորի ներքևում զգացվող ցավերը այնպես էր տանում, ասես ինքը ընտրյալ էր, քանի որ «նա՝ արդեն, իսկ դասարանի որոշ աղջիկներ՝ դեռ ոչ»։ Վերջերս Աննա Ֆրանկի օրագիրն էր վերընթերցում։
Եվ ամենևին էլ չզարմացավ, թե Աննա Ֆրանկն ինչպիսի հպարտությամբ էր նկարագրում դաշտանային իր առաջին օրերը։ Այնուհետև կանացիության այդ տեսանկյունի հիացմունքը, բնականաբար, անցավ, և եկան ճնշող և տանջալի ամսեկանները՝ գլխացավերով, լալկանությամբ, դեմքի վրայի բշտիկներով և կրծքերի ցավով։
Յակոբը նույնպես զգում էր, որ այդ գիշեր նա հաղթահարել էր սահմանը։ Հաջորդ օրը պաշտոնական այցով եկավ, բայց արդեն առավոտյան, այլ ոչ թե ինչպես միշտ երեկոյան։ Ծաղիկներ էր բերել։ Կոստյում էր հագել։ Ինչպես նաև ոչ այնքան նորաձև կաշվե նեղ փոխկապ էր կապել։ Զվարճալիորեն հանդիսավոր տեսք ուներ։ Այլ կերպ էր բուրում։ Երկնագույն անմոռուկների փունջ էր նվիրել նրան։ Որովհետև գարուն էր։ Ոչինչ չասաց, ուղղակի անմոռուկները ծաղկամանի մեջ դրեց, իսկ ծաղկամանը՝ պատուհանագոգին։ Եվ նրա ձեռքը համբուրեց։ Անշուշտ, նա զգացված էր։
Այն գիշերվանից և պատուհանագոգին դրված ծաղիկների օրվանից հետո երեկոյան ուրիշ ձևով էր սպասում Յակոբին։ Այժմ նույնիսկ չի կարող բացատրել դա, բայց հստակ գիտի, որ դեռ այն ժամանակ էր ուզում անուշաբույր, հարդարված և գեղեցիկ ներքնազգեստով քնել Յակոբի ներկայությամբ։
Յակոբն ամեն բան գիտի ոչ միայն նրա սրտի մասին, այլև արյան։ Գիտի, թե որքան թթվածին և ածխաթթու գազ կա դրա մեջ։ Որքան հեմոգլոբին և որքան կրեատինին։ Գիտի նաև, թե որքան ջերմություն կա։ Այդ պատճառով երբ նա սիրահարվի, Յակոբը կկարողանա դա նկատել, գրի առնել և նույնիսկ չափել։
Որովհետև նա երբեք իսկապես սիրահարված չի եղել։ Այն, ինչ ութ տարի առաջ զգացել էր Քրիստիանի հանդեպ, ամենևին էլ սիրահարվածություն չէր։ Թեև հենց այդ ժամանակ էր առաջին անգամ համբուրվել Քրիստիանի հետ։ Հուլիսի 28-ին՝ շաբաթ օրը։ Քրիստիանը դեռ մարտին էր նրան սիրահարվել։ Բոլոր ընկերուհիները գլխի էին ընկել։ Իսկ Մաթիլդան՝ ոչ։ Քրիստիանը շատ քնքուշ, նրբանկատ և զգայուն էր։ Չնայած նրան, որ նա մասնագիտական ուսումնարանում էր սովորում, իսկ Մաթիլդան՝ Ռոստոկի լավագույն գիմնազիայում։ Եվ իր սերն ապացուցելու համար որոշել էր ծխախոտը ձեռքի վրա հանգցնել։ Եվ իր ուսանողական քարտը նվիրել նրան։ Բայց մի անգամ Մաթիլդան նրան հարբած տեսավ, և այլևս չցանկացավ հանդիպել նրա հետ։ Քրիստիանը չէր կարողանում հաշտվել դրա հետ։ Գալիս էր։ Ժամեր շարունակ նրան սպասում էր տան մոտ։ Եվ գրում էր։ Մի անգամ նամակ էր ուղարկել, որի մեջ սիրտ էր նկարված, իսկ մեջտեղում կարմիր տառերով գրված էր «Մաթիլդա»։ Սրտի մի անկյունում մի փոքրիկ կտոր էր առանձնացրել և գրել «Ծնողներ», իսկ մյուս անկյունում Ռոստոկի ֆուտբոլային ակումբի անվանումը։ Երկու տարուց ավել գրում էր Մաթիլդային։ Վերջինս ոչ մի անգամ պատասխան նամակ չի գրել։
Իսկ ինքն այնքան էր ուզում սիրահարվել։ Եվ ընդմիշտ նրա հետ լինել ու ոչ մի նամակ չստանալ նրանից։ Որովհետև նամակներ չեն գրում, եթե երբեք չեն բաժանվում։
Եվ որպեսզի մի փոքր Յակոբի նման լիներ։
Նրան ճանաչելու օրվանից ի վեր միակ անգամը, երբ Յակոբը նորից կոստյում հագավ և փողկապ կապեց, Մադոննայի հետևից Դախաու գնալու օրն էր։ Շաբաթ էր։ Մաթիլդայի ծննդյան օրը։ Ամենակարևոր ծննդյան օրը․ տասնութ տարեկան էր դարձել։ Կարծես թե նույն բանն էր, ինչ ամեն տարի։ Նախաճաշ, ծաղիկներ, բարեմաղթանքներ մորից և խորթ հորից։ Առավոտյան շնորհավորանքներով մի քանի զանգեր։ Միայն հորից զանգ չկար։ Եվ այդ ժամանակ եկավ այն ավտոմեքենան։ Ուղիղ կեսօրին։ Դրա միջից դուրս եկավ Յակոբը։ Կոստյումով և այդ կաշվե նեղ փողկապով։ Մոտեցավ նրան, շնորհավորեց և ասաց, որ Մադոննայի համերգին է տանելու նրան։ Բեռլին։ Այդպես հեշտ։ Ասես Բեռլինը Ռոստոկում է՝ այգու հետևում։
Շատ էր ուզում մի օր համերգի գնալ։ Եվ շատ էր սիրում Մադոննային։ Եվ նա չէր կարողանում հավատալ, երբ Յակոբը, ասես ոչինչ չէր պատահել, միջանցքում կանգնեց նրա առաջ և ժպտալով ասաց․
-Դե՞։ Գնո՞ւմ ենք։
Մայրը և խորթ հայրը վաղուց գիտեին, բայց գաղտնի էին պահում։ Մաթիլդան չէր կարողանում զսպել արցունքները։
Յակոբը գիտեր, որ համերգից հետո ստիպված էին լինելու Բեռլինում գիշերել։ Երեք ամիս հիվանդանոցի դրամարկղի և Բեռլինի կլինիկայի հետ կազմակերպում էին սարքավորումների վարձույթը։ Ծննդյան տարեդարձից երկու օր առաջ՝ վաղ առավոտյան, նա մեկնել էր Բեռլին և հյուրանոցում տեղադրել դրանք։ Երեկոյան վերադարձել էր, և ամեն օրվա նման Մաթիլդայի ննջասենյակում էր։
Քառասուն հազար մարդ էր եկել համերգին։ Յակոբն իր կոստյումով և ծիծաղելի փողկապով կանգնել էր Մաթիլդայի կողքին և թռչկոտում էր, ինչպես նա՝ ամբողջ ամբոխի հետ զուգընթաց։ Ինչ-որ ժամանակ ձեռք ձեռքի էին տվել։ Իսկ երբ Մադոննան չորրորդ բիսի դուրս եկավ, շրջվեց դեպի Յակոբն ու համբուրեց նրա այտը։ Մինչև այդ երբեք այդքան երջանիկ չէր եղել, ինչպես այդ երեկո։
Հաջորդ օրը Մադոննայի հետևից Դախաու մեկնեցին։ Թեև գիտեր, որ լրագրերն ամեն բան չափազանցնում են, հուզվեց, երբ կարդաց․ «Մադոննան մեկնեց՝ այցելելու Դախաուն»։ Այն, որ նրանք Մադոննայի հետևից մեկնեցին, այդքան էլ այդպես չէր․ Մադոննան իր ուղղաթիռով թռավ, իսկ նրանք նույն օրը մեքենայով գնացին։ Դա Յակոբի միտքն էր։
Իհարկե, դպրոցում նրանց պատմել էին համակենտրոնացման ճամբարների մասին։ Ամեն անգամ լալիս էր Աննա Ֆրանկի օրագիրը վերընթերցելիս, որը նրան թաքուն տվել էր տատը՝ հոր մայրը։ Իսկ Պատի քանդումից հետո, դպրոցում ավելի հաճախ և ավելի մանրամասն էին խոսում ճամբարների մասին։ Նա կարդում էր դրանց մասին այն ամենը, ինչ հաջողվում էր գտնել, սակայն դրանց վերացականությունը թույլ էր տալիս համակերպվել այդ ամենին և չմտածել այն մասին, որ դա գերմանացիներն էին արել։ Իսկ Դախաուում ոչինչ վերացական չէր։ Արկերից ծակծված բարաքներ, պատերին քերծելով նկարված խաչեր և Դավթի աստղեր[5], ամեն քայլափոխի գունավոր ջահեր, ծաղիկներ կրակարանների կողքին և փոքրիկ բաց վագոնների վրա, ծաղիկներ գունավոր ժապավեններով հենց փշալարերի վրա կապված, խողովակներ և հազարավոր լուսանկարներ պատերին։ Խուզված գլուխներ, խիստ նիհար դեմքեր, փոս ընկած հսկայական ակնակապիճներ, տարիքն ու համարը ներքևի ձախ անկյունում։ Տասնվեց տարեկան, տասնյոթ տարեկան, հիսունչորս տարեկան, տասներկու տարեկան, տասնութ տարեկան․․․
Հիշում է՝ հենց որ Դախաուի դարպասներից ներս մտան, զգաց․ այնտեղ չէր կարելի խոսել, քանզի բոլոր այդ հոգիներն այնտեղ էին։ Ամբողջ ժամանակ դողում էր սարսափից և մեղքի զգացումից։ Նա։ Տասնութ տարեկան։ Յակոբը, ուշադրություն չդարձնելով նրա վախեցած և վախից գնալով լայնացող աչքերին, սկսեց պատմել բոլոր այդ երեխաների և պատանիների մասին, որոնց խեղդամահ էին արել Դախաուում։ Տարեթվեր և ամսաթվեր էր ասում նրան։ Իսկ վերջում ասաց, որ այդ խեղդված աղջիկների և տղաների հոգիները չեն ծերանում։ Հենց այդպես էլ ասաց։ Որ դրանք առաջվա պես երիտասարդ են, և որ այդ օրը երեկոյան բարաքների հետևում կամ կրակարանների մոտ հանդիպելու էին և ասելու միմյանց․ «Լսե՛ք, Մադոննան այսօր այստեղ է եղել, Մադո՜ննան․․․»։
Անունս Մաթիլդա է։
Յակոբն ամեն ինչ գիտի։ Աստղերի մասին, սենսորների, ապահովիչների, քիմիայի, աղջիկների հասունացման հոգեբանության։ Բայց ամենից շատ և ամենից լավ քնի մասին։ Թեև արդեն տասնվեց տարի է, ինչ ցերեկներն է քնում, քնի մասին գրեթե ամեն ինչ գիտի։ Նույնիսկ այն, որ Քունը Մահի հարազատ քույրն է։ Երբ ավելի փոքր էի, երբեմն պատմում էր ինձ դրա մասին։ Անջատում էր լույսը, մոմ էր վառում ու կարդում էր Օվիդիուսի՝ Քնի մասին բանաստեղծությունները՝ արտացոլված հայելու մեջ, որի հետևում Մահն է կանգած։ Այդ ես էի նրան խնդրել։ Յակոբն ինքը երբեք դա չէր անի։ Բայց արևմուտքից Ռոստոկ եկած հոգեբույժս կարծում էր, որ անհրաժեշտ էր «պարադոքսային առճակատման» ենթարկել ինձ։ Երբ դրա մասին ասացի Յակոբին, նա սարսափելի բարկացավ և սկսեց Հյուսիսային Գերմանիայի բարբառով հայհոյել։ Յակոբը սկսում է այդ բարբառով խոսել, երբ չի կարողանում իրեն վերահսկել։ Հաջորդ օրը նա աշխատանքի՝ ծերանոց, գնալու փոխարեն գնաց հոգեբույժի մոտ և չորս ժամ սպասեց ընդունարանում, որպեսզի ասեր նրան, որ նա «ծայրահեղ հիմար անձնավորություն է, պարծենկոտ, ինչպես սիրամարգը, և անամոթ, ինչպես գրեթե բոլոր արևմտյան անպատկառները, և բացի դրանից՝ անսահման դաժան»։ Հոգեբույժը լսեց նրան, հետո Յակոբը երկու ժամ մնաց նրա մոտ։ Մի փոքր փոխված վերադարձավ, իսկ մի քանի գիշեր հետո սկսեց Օվիդիուս կարդալ ինձ։ Ժամանակ առ ժամանակ համալսարանի գրադարան էր գնում և գերմանական հեքիաթներ էր վերցնում ինձ համար։ Դրանցում նույնպես Քունն ու Մահը քույրեր են։
Յակոբն ամեն օր ապահովիչներով լի գրպաններով էր գալիս ինձ մոտ։ Իսկ վերջերս նաև երկու բջջային հեռախոս է բերում հետը։
Միշտ երկուսը, որովհետև Յակոբը շատ կասկածամիտ է։
Իսկ նկուղում ագրեգատ է հավաքել։ Երկու ամիս շարունակ Յակոբն ինչ-որ մասեր էր բերում, գծագրեր էր կախել պատերին և ուշադիր նայում էր դրանց։ Անքուն գիշերվանից հետո մնում էր, փակվում էր նկուղում և ագրեգատն էր հավաքում։ «Կարող է կարիքը զգացվել», եթե էլեկտրաէներգիան երկու անգամ անջատեն։
Մի անգամ՝ միկրոթաղամասում, երկրորդ անգամ՝ մեր ագրեգատում։ Որովհետև քաղաքի իշխանությունը Յակոբի՝ երկու տարվա թախանձանքներից հետո համաձայնել էր, որպեսզի հատուկ ագրեգատ միացնեին մեզ։ Բայց միևնույն է, Յակոբը չի հավատում։ Ո՛չ քաղաքին, ո՛չ իր ագրեգատին։
Յակոբն ուղղակի ուզում է համոզված լինել, որ միասին ենք արթնանալու։
Երկուսս էլ։ Եվ որ Օվիդիուսի և գերմանացիների հեքիաթները, որոնք ժամանակին կարդում էր ինձ, ուղղակի հեքիաթներ են։ Քանի որ մենք միշտ միասին ենք արթնանում։
Հաճախ ընդհանրապես չենք քնում, տարբեր պատմություններ ենք պատմում միմյանց։ Երբեմն, եթե ես խնդրում եմ, Յակոբը պատմում է, թե ինչպես է անցել նրա օրը, ծերանոցի ծերուկների մասին է պատմում և մեր միկրոթաղամասի բազմահարկ շենքերի։ Յակոբն ասում է, որ նրանց համար, ովքեր բազմահարկ շենքերում են ապրում, շատ ավելի վատ է, չնայած որ երեք սենյականոց բնակարան ունեն, գունավոր հեռուստացույց, լվացքի մեքենա, սոցիալական աշխատակցուհի, որը գնումներ է կատարում, բարձրացող և իջնող էլեկտրական մահճակալներ և բռնաձողերով լոգասենյակներ։ Նրանք միայնակ են։ Անսահման միայնակ։ Նրանց լքել են աշատասեր երեխաները, որոնք այնքան զբաղված են իրենց աշխատանքով, որ թոռներ ծնելու և դաստիարակելու ժամանակ չունեն, որոնք երբեմն կկարողանային այցելել տատիկներին ու պապիկներին և ցրել նրանց միայնությունը։ Ծերանոցում թոռներ չկան, բայց միշտ կարելի է գոնե տասներեքերորդ պալատի ծերուկի հետ վիճել, և արդեն այնքան էլ քեզ միայնակ չես զգա։
Յակոբը երբեմն այնպիսի անհավանական բաներ է պատմում իր տատիկների ու պապիկների մասին։ Ասում է, որ ժամանակին Աստված հավանաբար սխալվել է և ժամանակի ընթացքին հակառակ ուղղությամբ է ամեն ինչ գործի գցել։ Ըստ նրա՝ մարդիկ պետք է մահից առաջ ծնվեն և ապրեն մինչև բեղմնավորում։ Այսինքն՝ հակառակ ուղղությամբ։ Քանի որ ըստ Յակոբի՝ մեռնելու գործընթացը կենսաբանական նույն ակտիվությունն ունի, ինչ կյանքը։ Դրա համար էլ տեսականորեն մարդիկ կարող էին մահից միլիվայրկյան առաջ ծնվել։ Հենց ամենասկզբից կենսական իմաստություն, փորձ և ժամանակի հետ վերացող հանգստություն և խոհեմություն կունենային։ Արդեն գործած կլինեին բոլոր սխալները, դավաճանություններն ու վրիպումները։ Արդեն կունենային բոլոր կնճիռները, սպիներն ու հիշողությունները, և հակառակ ուղղությամբ կապրեին։ Մաշկը ժամանակի հետ ավելի ու ավելի հարթ կդառնար, ամեն օր նրանց հարցասիրությունը կմեծանար, մազերն այդքան ճերմակ չէին լինի, աչքերն ավելի պայծառ կփայլեին, սիրտն ավելի ուժեղ և բաց կդառնար, որպեսզի նոր հարվածներ ստանար և նոր սերեր ունենար։ Իսկ ամենավերջում, որը միաժամանակ նաև սկիզբը կլիներ, ոչ թե վշտի, տառապանքների և հուսահատության մեջ կգնային այս աշխարհից, այլ բեղմնավորման էքստազի։ Այսինքն՝ սիրո։
Ահա այսպիսի անհավատալի պատմություններ է պատմում ինձ իմ Յակոբը, երբ չեմ ուզում քնել։
Յակոբին ամեն ինչ կարող եմ ասել։ Ամեն ինչից խոսում ենք։ Մի անգամ այնպիսի տրամադրություն ունեի, որ հորս և մորս մասին էինք խոսում։ Դա այն երեկո էր, երբ մայրս հայտնեց ինձ, որ արգանդակից քույր էի ունենալու։ Յակոբին ասացի, որ չէի պատկերացնում, թե ժամանակին ինչպես էր մայրս սիրուց խելագարվել այնպիսի տղամարդու հանդեպ, ինչպիսին հայրս էր։ Որ միգուցե սիրով էր զբաղվել նրա հետ գորգի վրա։ Կամ մարգագետնում։ Եվ որ հավերժ նրա հետ լինելու երդում էր տվել։ Եվ որ զբոսանքների ժամանակ միշտ ձեռք ձեռքի էին տվել։ Եվ որ այդ ամենից հետո հայրս կարողանում էր գոռգոռալ մորս վրա, և վերջինս կուչ եկած նստած էր լինում խոհանոցում՝ սառնարանի կողքին դրված այն փայտե աթոռակին։
Եվ այդ գիշեր Յակոբը պատմեց, թե ինչպես էր կաղ դարձել։
Յակոբը աստղաֆիզիկոս է։ Նա գիտի, թե ինչպես են ծագում աստղերը, ինչպես են դրանք ընդարձակվում, ինչպես են պայթում, ինչպես են գերնոր աստղերի կամ պուլսարների[6] վերածվում։ Գիտի նաև, թե ինչպես են դրանք մահանում, սեղմվում, փոքրանում ու գալակտիկայի համար վախենալու և վտանգավոր դառնում։ Յակոբն այդ բոլորը գիտի։ Կարող է փակել աչքերն ու թվարկել միգամածությունները, գլխավոր աստղերի անվանումներն ու կոդերը և լուսային տարիներով ասել հեռավորությունը մինչև ամենագեղեցիկ կամ ամենակարևոր աստղեր։ Եվ նա այնպես է պատմում դրանց մասին, որ շունչս կտրվում է։ Ընդ որում՝ այնպես է տարվում ու հուզվում, որ չի նկատում, թե ինչպես է այդ ծիծաղելի բարբառին անցնում։ Գերնոր աստղերն ու պուլսարները ստորին սաքսոնական բարբառով։
Յակոբը Ռոստոկի համալսարանում է զբաղվել աստղերի ուսումնասիրությամբ։ Բալթիկ ծովի վերևի բարձր ափին գտնվող աստղադիտարան էր գնում և գիշերները աստղադիտակով կամ ռադիոաստղադիտակով ուսումնասիրում էր երկինքը և հետո այդ դիտարկումների հիման վրա զեկույցներ էր կազմում և դեսերտացիա էր գրում։ Չէր կարողանում հաշտվել այն բանի հետ, որ նրան թույլ չէին տալիս մեկնել Արեսիբո[7]՝ աշխարհի ամենագլխավոր ռադիոաստղադիտակը տեսնելու, մեկնել ԱՄՆ՝ վեհաժողովի մասնակցելու, կամ գոնե Ֆրանսիա։ Չէր կարողանում նաև հաշտվել այն բանի հետ, որ համալսարանում չկար պատճենահանող սարք, և որ հինգշաբթի օրերին՝ սեմինարների ժամանակ, ավելի շատ աստղային զինվորների մասին հեռուստահաղորդման և գաղափարախոսության մասին էին խոսում, քան աստղագիտության։ Դրա համար էլ համաձայնեց, որպեսզի նրա գործընկերները ավետարանական միությունից աստղադիտարանում՝ սարքավորումների մեջ, փոքրիկ հաղորդիչ տեղադրեին և ժամանակ առ ժամանակ տեղի հեռուստատեսության հաղորդումները մի քանի վայրկյանով ընդհատեին անկախ ԳԴՀ-ի մասին պատմություններով։ Ահա այդպիսի ծիծաղելի, տափակ, միանգամայն անվնաս ընդդիմադրական երեխայություն։ Եվ ոչ ոք չպետք է իմանար, որ հաղորդիչը աստղադիտարանում էր։ Որովհետև հաղորդիչն այնպիսի ուժեղ ազդանշան էր ուղարկում, որ նրանք, ովքեր Շտազիում ռադիոալիքների ուղղության որոնմամբ էին զբաղվում, երբեք չէին կարողանա այդ ազդանշանը տարբերել աստղադիտարանի ազդանշանից։
Բայց տարբերեցին։ Դե իհա՛րկե։ Նոյեմբերի 21-ին։ Ապաշխարության օրը՝ ավետարանիչների ամենակարևոր տոներից մեկին։ Երեկոյան ժամը յոթից հետո ներխուժեցին աստղադիտարան։ Ծեծեցին յոթանասուն տարեկան կին պահակին։ Բոլորին ձեռնաշղթաներ հագցրին։ Վերցրին կրակմարիչը և ոչնչացրին այն ամենը, ինչ էկրան ուներ։ Մոնիտորները մեկը մյուսի հետևից պայթում էին, երբ կարմիր կրակմարիչների տակի մասով խփում էին դրանց։ Չափագրումների գրառումներով մագնիսային երիզների ընթերցման համար նախատեսված սարքավորումների միջից պոկում էին արկղիկները և ամանորյա օձերիզների[8] նման դուրս էին քաշում տվյալներով երիզները։ Գունավոր օձերիզների նման դուրս էին քաշում դեսերտացիաները, նախագծերը, սեմինարները, բազմաթիվ մարդկանց տարիների քրտնաջան աշխատանքն ու ապագան։
Այնուհետև բոլորին տեղափոխեցին ստորգետնյա բանտ, որը Ռատուշայի[9] կողքին էր՝ Ռոստոկի կենտրոնում։ Կին պահակին ազատ արձակեցին քառասունութ ժամ հետո, երբ նա վատ զգաց իրեն, և այսպես թե այնպես նրան պետք է հիվանդանոց տանեին։ Աստղադիտարանի տնօրենին՝ շաքարախտով հիվանդին, երեք օր հետո բաց թողեցին, երբ վերջացավ նրա մոտ եղած ինսուլինը։ Մյուսներին երկու շաբաթ պահեցին։ Առանց ձերբակալման հրամանագրի, առանց փաստաբանի հետ խոսելու թույլտվության, առանց կնոջը կամ մորը զանգելու իրավունքի։ Երկու շաբաթ։
Բաժնի պետն էր հարցաքննում Յակոբին։ Առավոտից հարբած, բայց ծայրաստիճան մանրախնդիր։ Իր աշխատանքին այնպես էր վերաբերվում, ինչպես ուրիշ ցանկացած մարդ, բայց այդ ուրիշ ցանկացած մարդը հաշվապահ էր կամ գետնի տակից ածուխ էր արդյունահանում։ Իսկ նա ծեծում էր կալանավորներին։ Սկզբում գոռում էր։ Խփում և աթոռից գցում էր կեղտոտ, ծխուկներից ծակծակված մոխրագույն լինոլեումին, և ոտքով էր խփում։ Երիկամներին։ Մեջքին և գլխին։ Ազդրերին։ Այն ժամանակ սարսափելի ցուրտ հոկտեմբեր էր։ Այդ օրը պետի հագին ձմեռային ծանր կոշիկներ էին, և Յակոբը հարվածներ ստացավ ազդրային մկաններին ու երիկամներին։ Ներքին արյունահոսությունը հաջողվեց կանգնեցնել, իսկ մկանի հետ այլևս ոչինչ հնարավոր չէր անել, ինչպես նրան հետո ասել էին վիրահատական բաժանմունքում։ Դրա համար էլ հիմա կաղում է, և եղանակի փոփոխության դեպքում «ամբողջ մարմինը, որտեղ ոսկորներ կան», սարսափելի ցավում է։ Երկու շաբաթ հետո նրանց բաց թողեցին։ Բոլորից խլեցին անցաթղթերը, աշխատանքից ազատեցին և հրամայեցին տուն գնալ, և ասացին, որ հետո «ավելի լավ կլիներ, որ միանգամից թոշակի անցնեին»։
Մինչև Պատի փլուզումը բաժնի պետն ամենասկզբից էլ հայրս էր եղել։ Այդ նա էր նոյեմբերի 21-ին ոտքերով հարվածել Յակոբին, ընդմիշտ հեռացրել նրան ռադիոաստղադիտակից և աստղերից, վերջնականապես վնասել ազդրի մկանն ու բիծ դրել նրա կենսագրության վրա, իսկ հետո հարբած եկել տուն ու խոհանոցում գոռգոռացել մորս վրա։
Եվ այդ ժամանակ «արատավորված» Յակոբը աշխատանքի ընդունվելու գնաց ծերանոցի դրամարկղ և Ռոստոկի սոցիալական խնամակալության տներ՝ անկողնային հիվանդներին խնամելու։ Միայն այնտեղ էին պատրաստ նրան աշխատանքի ընդունելու, և այն էլ միայն հատուկ երաշխավորությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, դիսերտացիան ավարտին չհասցրած կաղ ռադիոֆիզիկոսը գիշերանոթներ էր թափում։ Այդպես էլ հայտնվել էր ինձ մոտ։ Եվ արդեն տասնվեց տարի է գիշերները միասին ենք անցկացնում։
Մի՞թե դրա համար պետք է շնորհակալ լինեմ հորս՝ բաժնի պետին։
-Յակո՛բ, հո՞րս պետք է շնորհակալ լինեմ այն բանի համար, որ դու այստեղ ես։ Ասա՛,- հարցրի ես, երբ նա ավարտեց իր պատմությունը։ Նրա աչքերի մեջ էի նայում։
Թեքեց գլուխը՝ ձևացնելով, թե տատանագրիչներից որևէ մեկին էր նայում, և ինչ-որ անիմաստ ձևով պատասխանեց։
-Բանն այն է, Մաթի՛լդա, որ մենք այնպես ենք ստեղծված, որպեսզի վերակենդանանանք։ Ինչպես խոտը։ Վերաճում ենք նույնիսկ այն դեպքում, երբ բեռնատար է անցնում մեր վրայով։
Յակոբը երբեմն թեմայից դուրս բաներ է ասում։ Ընդ որում՝ շատ գեղեցիկ է խոսում։ Ինչպես այն ժամանակ, երբ մի անգամ՝ երեկոյան, նորից անդրադարձանք Դախաուի թեմային, նա հանկարծ սեղմեց ատամներն ու բռունցքները և ասաց․
-Գիտե՞ս ինչի մասին եմ երազում։ Գիտե՞ս ինչի, Մաթի՛լդա։ Այն մասին, որպեսզի օրերից մի օր նրանք կլոնավորեն Հիտլերին և դատեն։ Մի կլոնը Երուսաղեմի համար, մյուսը՝ Վարշավայի, երրորդը՝ Դախաուի։ Եվ որպեսզի այդ ժամանակ ես էլ լինեմ Դախաուում։ Դրա մասին եմ երազում։
Երեկոյան Յակոբն ինձ այդպիսի բաներ է պատմում։ Որովհետև մենք ամեն ինչի մասին էլ խոսում ենք։ Միայն դաշտանիս մասին չենք խոսել։ Բայց այդ ժամանակվանից սկսած Յակոբը ձեռքս չի բռնում, երբ քուն եմ մտնում։ Չէ՞ որ Յակոբն իմ սիրեցյալը չէ։
Այն մասին, որ Յակոբը հանդիպել էր նրա հոր հետ, Մաթիլդան միայն մի քանի տարի հետո իմացավ։ Դա այն գիշեր էր, երբ քանդվեց Պատը, և բոլորը զարմանքից Արևմտյան կողմն անցան՝ գոնե համոզվելու, որ հաստատ չէին կրակելու։ Կեսժամյա մասնակցություն Եվրոպայի և աշխարհի պատմությանը, հետո վերադարձ տուն՝ ի նշան հավատարմության։ Արևելյան դրամը փոխանակել արևմտյան դրամով, մի քիչ բանան գնել, ինչ-որ հեռուստաընկերության տեսախցիկին ձեռքով անել և վերադառնալ տուն՝ Արևելք։ Որովհետև իրականում նույնիսկ հիմա Արմուտքը ուրիշ երկիր է, և քեզ իսկապես տանն ես զգում միայն Արևելքում։
Նրա հայրը գիտեր, որ գործը կեսժամյա ազատությամբ և բանաններով չէր ավարտվելու։ Դրա համար էլ վախենում էր։ Սարսափում էր։ Այն պահից, ինչ հեռուստատեսությամբ տեսել էր, թե ինչպես էին «տրաբանտները»[10] «Չարլիի անցակետով»[11] և Բրանդենբուրգյան դարպասներով[12] անցնում մյուս կողմը, մարմնի բոլոր բջիջներով վախենում էր։ Այդ գիշեր նա հարբել էր ոչ թե այն պատճառով, որ հարբեցող էր, այլ վախից։ Եվ հարբած ժամանակ հին սովորության համաձայն և հին կարոտից ելնելով՝ ինչ-որ անհասկանալի պատճառներով ցանկացավ վերադառնալ խոհանոցի սառնարանին՝ կնոջ մոտ։ Եվ ամենևին էլ կարևոր չէր, որ արդեն վաղուց ո՛չ խոհանոցը, ո՛չ սառնարանը, ո՛չ էլ կինը նրանը չէին։ Զանգ տվեց։ Դուռը բացեց Յակոբը, որը մի փոքր շուտ էր եկել նրա տատանագրիչների և սենսորների մոտ։ Աքացիների պատճառով վնասված ազդրով և կաղալով՝ հասավ դռան մոտ, բացեց և ասաց․
-Խնդրե՛մ, նե՛րս եկեք ։
Եվ այդ սողունը՝ բաժնի պետը, ներս մտավ և առանց բառ ասելու սովորականի պես գնաց խոհանոց։ Նստեց սառնարանի կողքին դրված խախուտ աթոռին և սկսեց լաց լինել։ Եվ այդ ժամանակ Յակոբը հարցրեց նրան, թե արդյոք չէր ցանկանա թեյ խմել, որովհետև «դրսում սարսափելի ցուրտ էր», և թեյնիկը կրակին դրեց։
Անունս Մաթիլդա է։
Թեթևակի հիվանդ եմ։
Յակոբը հավատացնում է, որ չպետք է այդպես ասեմ։ Համարում է, որ «շնչառական ժամանակավոր դժվարություններ» ունեմ։ Եվ որ այդ դժվարությունները կանցնեն։
Արդեն տասնվեց տարի է, ինչ ունեմ, բայց Յակոբն ասում է, որ կանցնեն։ Արդեն տասնվեց տարի է, ինչ ասում է։ Եվ նույնիսկ հավատում է դրան։ Նա միշտ միայն այն է ասում, ինչին հավատում է։
Երբ քնած չեմ, շնչում եմ այնպես, ինչպես Յակոբը։ Իսկ երբ քնում եմ, օրգանիզմս «մոռանում է» շնչել։ Հավանաբար գենետիկորեն պայմանավորված այդպիսի տկարություն է, եթե օգտվենք Յակոբի տերմինաբանությունից։
Չեմ կարողանում քնել առանց սարքավորումների, որոնք ստիպում են թոքերիս շնչել։
Դրա համար խնամքով կտրել են փորս և էլեկտրոնային խթանիչ են ներկարել։ Փոքրիկ։ Փորիս դիպչելու դեպքում այն կարելի է զգալ։ Այն էլեկտրական իմպուլսներ է ուղարկում ստոծանու նյարդերին։ Դրա համար այն բարձրանում և իջնում է, նույնիսկ երբ ես քնած եմ։ Եթե Ունդինա չունեք, ձեզ խթանիչ հարկավոր չէ։ Բայց գեների համակցության հարցում բախտս չի բերել, և խթանիչն անհրաժեշտ է ինձ։
Խթանիչն անընդհատ պետք է հսկել։ Եվ կառավարել իմպուլսները։
Եվ ստուգել, թե ինչպես է այն գործում։ Դրա համար մարմնիս վրա տարբեր սենսորներ են ամրացված։ Մատներիս, դաստակներիս, կրծքիս տակ, ստոծանուս վրա, փորիս ներքևում։ Յակոբը հետևում է, որպեսզի սենսորները մոխրագույն չլինեն։ Եղունգի տարբեր լաքեր է առել և տարբեր գույներով ներկել իմ սենսորները։ Այնպես է ներկել, որպեսզի դրանք համապատասխանեն ներքնազգեստիս և գիշերաշապիկներիս գույներին։ Իմ սենսորները գունավոր են։ Երբեմն, երբ ցուրտ է, Յակոբը ձեռքերի մեջ շփում է դրանք կամ շնչում է դրանց վրա, որպեսզի տաքանան, և բերում է անկողին։ Բերում է միայն այն ժամանակ, հենց որ դրանք տաք և հարմարավետ են դառնում։ Եվ փակում է աչքերը, երբ կրծկալս եմ հանում կամ անդրավարտիքս եմ իջեցնում, և սենսորները սրտիս կամ որովայնիս եմ փակցնում։ Հետո հետևում է, որպեսզի այդ կանաչ, սև, կարմիր և դեղնականաչ սենսորները իմպուլսներ փոխանցեն։
Ես չեմ կարողանում գնացքում քնել, չեմ կարողանում հեռուստացույցի առաջ քնել։ Ոչ ոքի գրկում չեմ կարողանա քնել։ Առանց Յակոբի չեմ կարող։ Նույնիսկ իմ տղամարդու հետ չեմ կարող քնել, եթե Յակոբը հարևան սենյակում՝ էկրանների առաջ չլինի։ Որովհետև նա հսկում է այդ սարքավորումները։ Տասնվեց տարի։ Ամեն գիշեր։
Մի հավերժահարս անիծել է իր դավաճան սիրեցյալին։ Հավերժահարսը չէր կարողացել կուլ տալ սիրեցյալի դավաճանությունը։ Վերջինս ոչինչ չպետք է նկատեր, ուղղակի քնած ժամանակ դադարելու էր շնչել։ Դադարեց։ Մահացավ։ Հավերժահարսը լաց էր լինում։ Եվ ողջ կյանք լաց էր լինելու։
Այդ հավերժահարսի անունը Ունդինա էր։
Իմ հիվանդությունը Ունդինայի անեծքի համախտանիշ է կոչվում։
Գերմանիայում տարեկան միջինը հինգ մարդ իմանում է, որ Ունդինայի հիվանդությունն ունի։ Ես իմացա, երբ ութ տարեկան էի, այն օրվան հաջորդող օրը, երբ մորս փաթաթված՝ քիչ էր մնում, որ մահանայի քնի մեջ։
Երբեմն մոմեր ենք վառում ու երաժշտություն ենք լսում, և հուզվելով Յակոբը կատակով ասում է, որ նրա համար ես ասես արքայադուստր լինեմ։ Իսկ ես գիտեմ դա։ Ասես ապակե դագաղի մեջ պառկած արքայադուստր լինեմ։ Օրերից մի օր կգա իմ արքայազնը, կբացի կափարիչը և համբույրով կարթնացնի ինձ։ Եվ գիշերելու կմնա։ Բայց նույնիսկ այդ ժամանակ հարևան սենյակում՝ էկրանների առաջ նստած է լինելու Յակոբը։
Ի՛մ Յակոբը։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի
[1] Լեհ կաթոլիկ քահանա։
[2] Հյուսիսային Գերմանիայի Մեքլենբուրգ Պոմերանիա նահանգի ամենամեծ քաղաքը։
[3] Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Ազգային անվտանգության նախարարության ոչ պաշտոնական անվանում։
[4] Առաջին համակենտրոնացման ճամբարը ֆաշիստական Գերմանիայում։
[5] Դավթի աստղ՝ վեցթևանի աստղի տեսքով հին խորհրդանշան։ Համաձայն առասպելի` «Դավթի աստղ» անվանումը ծագել է այն պատճառով, որ պատկերված էր եղել Դավիթ թագավորի զինվորների վահաններին։ Խորհրդանշանի մյուս անվանումը «Սողոմոն թագավորի կնիք»-ն է։ Դավթի աստղը պատկերված է հրեա ժողովրդի հիմնական խորհրդանշաններից մեկն է և պատկերված է Իսրայելի պետական դրոշի վրա։
[6] Ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ, բաբախիչներ, իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուրներ։
[7] Աաստղադիտարան Պուերտո Ռիկոյում։
[8] Բարակ, գունավոր թղթաժապավեններ, որոնք հիմնականում դուրս են թափվում «պայթող» տուփիկի միջից, սերպանտին։
[9] 18- 19-րդ դարերում քաղաքային ինքնավարության մարմին Եվրոպայի մի քանի երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում:
[10] Արևելագերմանական մեքենաների մակնիշ, որը դարձել է ԳԴՀ-ի խորհրդանիշ։
[11] Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ֆրիդրիխշտրասսեի վրա գտնվող մի վայր, որն անցյալ դարի «սառը պատերազմի» ամենահայտնի խորհրդանիշներից է: Այն ամերիկյան զինված ուժերի «Չարլի» հսկիչ-անցագրային կետն է, որը կառուցվել է Բեռլինի խորհրդային հատվածի հետ սահմանի վրա:
[12] 1788 – 1791 թթ կառուցված ճարտարապետական հուշարձան Բեռլինի կենտրոնում։